Կարճ, բայց, ըստ իս, շատ մեզ՝ հայերիս համար շատ բնութագրական մի պատմվածք:
-----------------------------------------
Նորիկի լղար կերպարանքը, թույլ շարժումները, նվազ ձայնը ցույց են տալիս, որ խեղճի դրությունը մտահոգիչ է, պետք է լուրջ քննել մարդու դրությունը, հնար մտածել: Մարդը հիվանդ է պարզապես:
Բայց չգիտես ինչու՝ մարդամեջ դուրս գալիս հենց մոտենում է մի խմբի, ձայն են տալիս.
— Նորի՛կ, ո՞նց ես, - և առանց պատասխան ստանալու՝ ավելացնում, - Ի՜նչ լավ կազդուրվել ես, Նորի՛կ ջան:
Ու ամեն կողմից, խոսք-խոսքի հետևից.
— Նորի՛կ, եկա՞ր: Հը, ի՞նչ կասես: Չէէէ, լավ ես, լավ:
— Ա՛յ տղա, տեսեք ինչ լավ լցվել է մեր Նորիկը:
— Նորի՞կը, հաա՜, շատ լավ է երևում աչքիս:
— Ջա՛նըմ, Նորիկն ինչ հիվանդ է որ...
— Նորիկի հիվանդությունը մի պատահական բան էր, անցավ-գնաց:
— Էլ մի ասա, գնաց ու էն էլ ոնց գնաց:
— Քեֆ արա, Նորո՛ ջան, ա՛յ ախպեր, լավ էլ լավ ես:
— Չէէէ՜ է, էլ շատ մի խոսի, որ արդեն լավ ես, է, գնա ու քեֆիդ ուզածով ման արի:
— Ճիշտ է ասում, գործերդ լավ են:
Բայց դե ի՞նչ գործերը լավ: Մարդը չոր տախտակ է դառել, փորը կպել է մեջքին: Մեռնում է:
Նորիկը լսում է նրանց, լսում, թույլ-թույլ հևում է ու երկար չկարողանալով փողոցում մնալ՝ դառնում է տուն, տնքում է, տնքում ու պառկում:
Հիմի էլ տանը: Բարեկամները թե.
— Նորի՛կ, պառկե՞լ ես:
— Մրսած ես մի քիչ: Վնաս չունի, քրտնես՝ կանցնի:
— Տո, իհարկե կանցնի, ի՞նչ բան է նրսածությունը: Հենց վաղը վեր կկենա:
— Ախպեր, Նորոյիս ի՞նչ է եղել, որ երկարացնում եք: Ի՞նչ մրսածություն, ի՞նչ բան՝ ուղղակի հոգնած է մարդը: Կհանգստանա, վաղը էլի վեր կկենա:
Սեղանը սարքում են, ու սկսվում է քեֆը:
— Նորիկը հենց այս րոպեիս էլ առողջ է:
Զուր է լսում էդ բժիշկներին:
— Ո՞վ է հիվանդ, Նորո՞ն: Տո, մերը չմեռնի Նորիկի: Տասն առողջ մարդ կմաշի:
— Բան ասիր: Ուրիշ տիպն է Նորիկը: Ա՛յ ջանըմըզըն, հլը վե՛ր կաց:
— Նորո՛, կենացդ:
— Նորի՛կ, մի էս տոլմից մի ափսե լցնեմ, լազաթիդ կեր:
— Խաշ կուզե՞ս, ախպե՛րս:
— Տո ինչի՞ չի ուտի: Հիվանդ հո չի: Բերեք:
Հիվանդ չէ. այսպես են եզրակացնում բարեկամները:
Նորիկս էլ ուրիշ տեսակ եզրակացրեց: Գիշերն ուղղակի մեռավ: Կարճ և ազդու: Կարծես ջգրու: Դե գնա:
Բարեկամներն իրար նայեցին: Պահո, բանն այսպես էր եղել: Տեսար Նորիկ, վայ Նորիկ: Այ տղա, էս ինչ բան էր: Էս ոնց եղավ:
Ոնց պիտի լիներ: Շատ պարզ: Մինչդեռ Նորիկի բարեկամները շարունակ զբաղված էին նրա առողջությունը վկայող խոսակցություներով, փոքրիկ բացիլները կատարում էին բնության գործը, օրենքը: Այն օրենքը, որ ասում է, թե՝ երբ թոքերի մեջ բացիլներ են ընկնում, երբ այդ թոքերը թույլ են, երբ միջոցներ են ձեռք առնում դիմադրելու ու չեն հաջողում, երբ չգիտեն, և չգիտեն, երբ չեն ուզում գիտենալ և օգնելու փոխարեն բոլորը զբաղված են գովելով ու սիրտ շահելով, բացիլները կատարում են իրենց պարտականությունը, և Նորիկը մեռնում է:
Ատելի՜ բացիլներ...
Ո՛չ: Ատելի շողոքորթություն:
Ահա տեսեք, Շորիկի դագաղը տանում են ուսներին դրած, տանում են, որ նրան ներփակեն: Ահա Նորիկի «բարեկամները» բերանբաց նայում են ու հարցնում.
— Էս ո՞ւմ դագաղն է:
— Նորիկինը:
— Նորիկի դագա՞ղը: Վահ, ինչ գեղեցիկ է:
— Լավ ամուր դագաղ է:
— Արժե, շատ լավն է: Բարո՛վ մաշի:
Դե գնա:
Ինչ անի Նորիկը. կյանքն այսպես է ծամածռում բերանը:
Էջանիշներ