http://grig-arian.com/
Վտարանդիներ
Հոսանքը ծնված հեռու լեռներում, անցնելով
տարբեր տարածքներ և արգելքներ, վերջապես
հասավ ավազներին անապատի:
Փորձեց հոսանքը և անապատը կտրել:
Սակայն ավազներով վազելիս հայտնաբերեց, որ
ջրերը նրա անհետացան:
Նույն պահին անապատից եկող խորհրդավոր ձայնը շշնջաց...
Քամին կարողանում է կտրել անապատը,
Նույնը կարող է և հոսանքը.
Շարժվելով սովորական ճանապարհով, չես անցնի երբեք՝
կանհետանաս կամ կճահճանաս...
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱԶՆԵՐԻ
(սուֆիական այլաբանություն)
ՈՎ ԷԼ ԼԻՆԵՍ
(էկզիստենցիալական իրականություն)
Ով էլ լինես, թո'ղ տունդ, սենյակդ
հարազատ: Ծաղիկներդ, այգին :
Տե'ս, տունդ կառույց է եզրին,
Ով էլ լինես:
Ռայներ Մարիա Ռիլկե
Մոտիկ անկյունում, գունավոր բարկ գոտիների արանքում, տխուր, անշուք, նորից մահանում էր Տոլստոյը: Ափսո՜ս, հազար ափսո՜ս, Ջիդուին հարկավոր էր շնորհակալական խոսք ու մահարձանի էսքիզն ուղարկել, որ հեռվից հեռու, հուշեց ամեն հարցի պատասխան՝ դարանատեղը...
Փակված խրուշչովյան փոքրիկ բնակարանի ողորմելի սենյակում, և պառկած էլ ավելի ողորմելի ու քնձռոտ հատակին, գլանակ փաթաթելով, ապարդյուն ջանքեր թափեցի գոնե մեկ վայրկյան կենտրոնանալ, հետագա զզվելի, աշխատանք ճարելու և սովից չմեռնելու նպատակով, սրտխառնուք առաջացնող գործողություններս կարգավորելու համար:
Հարևան սենյակի տաջիկախառը խախոլները միացրին ռուսական զզվելի փոփսան, ձայնը հասցրին առաստաղ, ստացան վերևում ապրող, սեփական ստվերից ահաբեկվող կանթորի, երգեցողության հետ առնչություն չունեցող, ուղեղ ծակող անվերջանալի նոտան ու անառարկելիորեն կուտակեցին մեջս անսպառ, երանելի մի ցանկություն, անսպասելի ներխուժել նրանց գոմն ու բոլորին ըստ հասակի ու տարիքի դեմ տալ պատին, մամաները ..նելու նպատակով:
-Եթե միջակ երաժիշտը գլուխ չի ծակում իր անորակ նվագով ու համերգասրահ գնալով լսում է աստվածային երաժշտություն,- գոմի պատին քացի տալով գոռացի ես,- եթե տաղանդազուրկ բանաստեղծը չի բռնանում իր հորինվածքով ու աստվածանում է ՆԱՐԵԿ կարդալով, եթե միջակ նկարիչը չի քաշում անհեթեթ գծեր ու ժամերով քարանում է Իորանիմ Բոսխի առջև, ուրեմն աստծո ամեն մի արարած իր տաղանդն ունի...
Մի ժամից, երբ ալկոհոլ կոչվող դենատուրատը կսկսի նրանց մեջ խաղալ իր ողջ ուժգնությամբ ու գեղեցկությամբ, խախոլ կոչվածները կսկսեն միմյանց անխնա բռնցքահարել, տեղի, անտեղի, մոռացած, անտեսած միասին ապրած տարիներն ու մտերմությունները, իսկ առավոտ կանուխ, ով ում տակից կամ վրայից, իրար վրա փխսած, միզած և ոչ միայն, ալկոհոլի, բանվորական երկաթաբռունցքների հասցրած ծանր հարվածներից ուռած, կապտած ու կորեական կտրվածք ընդունած աչքերով, զուգարան-լոգարանի հերթը ճշգրիտ, սրբորեն պահապանելուց հետո, վազելու են աշխատանքի մինչև հաջորդ ճորտառոճիկն ու նույնը նորից, սպիրալաձև հերթականությամբ:
Բանաստեղծ...Հոգեկան ծանր ցավեր ու տանջանքներ
վերապրող մի դժբախտ, որի ողբն ու
հառաչանքները փոխակերպվում են հրաշալի երաժշտության:
Նրա բախտը նման է մարդկանց բախտին, որոնց
ողջակիզում էին դանդաղ կրակին՝ Ֆալարիսի պղնձե ցուլի
մեջ. Զոհերի ողբը չէր կարող հուզել բռնապետին, քանզի
նրանց հառաչանքները քաղցր երաժշտությամբ էին
հնչում նրա ականջին:
Եվ մարդիկ խմբված
բանաստեղծի շուրջ, կրկնում են
«Երգիր, էլի երգիր », այլ կերպ ասած,- թող քո հոգին բզկտվի
ցավերից, միայն թե, հոգուդ հառաչանքը դեռևս
հուզի, շոյի մեզ իր չքնաղ հարմոնիայով:
ՍյորենԿիերկեգոր
Չեմ կարծում որ ճշմարիտ են բոլոր նրանք ովքեր մնացին ու հայհոյում են, նրանք ովքեր հայհոյում են հանգրվանած, հեռու ու մոտիկ, խաղաղ ու տաք երկրներից, և նրանք ովքեր չփախան ու խորը հետույքներում գրանցված դամ են պահում, և անկասկած նրանք՝ հանապազօրյա երշիկը ժամերով ծամող, մեդիտացիայի գիրկն ընկած և ոչինչ չհիշող վելֆերիստները, ճշմարտության և ազատության ետևից ընկած փակուղիներում խլվլացող ինտելեկտուալները, օրթոպետիկ մատրացներին քնող գործունյաները, լաչակ-խեջաբները գլխներին կապած, ուղղափառված, իսլամացված, բոդխիսատված ու չգիտեմինչացված օրթոդոքսները...
Ազատություն... Ազատություն... զիբիլի ու քաքաջրի մեջ խլվլոցն ենք ազատությոն համարում:
Վանդակում գտնվողի համար կա միայն մեկ երազանք... վանդակից դուրս պրծնել ու հարկավոր չէ անընդհատ գլուխ քլունգել միևնույն հարցադրումով... թե, երբ, երբ...
Հիմա, հենց հիմա ...
Վատ չէ կարծես...
Մի վտանգ կա միայն: Վանդակից դուրս պրծնել ու հայտնվել ինչ որ մեկի հետույքում խորը թաղված, այնքան խորը, որ ազատամտության հարցադրումներն ինքնստինքյան ավելորդ դառնան, քանզի տաք հետույքից դուրս պրծնելիս անմիջապես անջատվում ես խողովակների մատակարարումից, զրկվելով գազից ու մնացած խողովակաամփոփ բարիքներից:
Հարմար... շատ հարմար... ուրիշի կղկղանքների մեջ քուջուջ անել համարելով դա դիվանագիտության, առանձնահատուկ մտածելակերպի հաղթանակ: Իսկ ձեր բացառիկ խելքն ու անիլազաընդունակ ուղեղը հաշվի առել է այն փաստը, որ մի գեղեցիկ օր, հետույքապատկան օրգանիզմում կարող է նյութափոխանակման խաղտում սկսվել ու զապոռից անմիջապես հետո, խցանի նման աղմուկով դուրս պրծնելով, նորից սկսեք միմյանց խոշտանգել ու հոշոտել, որովհետև բոլոր նորմալ երկրներն ապրում են դեմոգրաֆիկ ճգնաժամ իսկ մեր ընդունակությունները բացահայտվում են, երբ մնում ենք մի քանի հոգի, մեր հիվանդ երևակայությունն արգելակողները բարեհաջող արտաքսված, իսկ մենք թաղված ենք մեկ այլ հետույքում:
-Ա՜խ Գրիգ-Արյան, Գրիգ-Արյան,- փողոցն անցնելիս դիմեց մոտակա, զզվելի նկուղներում արտադրած նպարեղեններով լիքը խանութի՝ ուր մեկ մեկ մտնում եմ գնումների, ամեն անգամ թքելով, երդվելով, այլևս ոտք չդնել, գրուզչիկ հայրենակիցս:
Ալարկոտությանս, մեկ էլ մոտիկ գտնվելու պատճառով, հայրենակիցս այդ կեղտոտ խանութում, երբեմն ինձ հանդիպում, և դա պատճառ է ապարդյուն փորձերի, ցանկությունների, ապուշ դատողություններով ու կղկղանքով լիքը պարկի տարրողությունը անընդհատ վրաս դատարկելու համար:
-Ա՜խ Գրիգ-Արյան, Գրիգ-Արյան,- ամեն անգամ քեզ հանդիպելուց, ինձ մեղավոր ու նվաստացած եմ զգում, հայրենիքս լքելու և կամավոր անտրտունջ էշի փալանը վրաս քաշելու պատճառով: Դուդուկ այլևս չեմ նվագում, այն գրպանումս անձնագրի, պրապիսկի տեղ ա, որովհետև կեղտոտ ականջները մաքրած ու կլանված դուդուկով, բոլորն անխտիր բարյացակամ են նրա հնչյունների նկատմամբ, իսկ ես էլ առաջվանը չեմ, սիստեմատիկ չնվագելուց պռոշս թուլացել և անհայտ է նույնիսկ, երբևէ կվերականգնվի թե ոչ:
-Հայրենիքում, սազանդարներն էլ հարգի չեն, հարսանիքները վերացան,- հարցրի ես:
-Օ՜յ... չգիտեմ, չգիտեմ,- տագնապահար պատասխանեց նա,- քանի փողոցն ազատ է ոստիկաններից ու սկիներից, փախնեմ, գլուխս տուն հասցնեմ,- և կորավ տեսադաշտիցս:
Թե ասա, այ անասուններ, ինչ եք լցվել ուրիշի երկիրը, առավոտ կանուխ, առույգ, մակլավիցը ձեռքներիդ, քթի տակ «Հեյ ջան Երևան» շվշվացնելով ու մռմռալով, վազում նրանց համար էշություն անում, որ ձեր պռոշները թուլանան, փողոցն անցնելիս, ոչ միայն նայիր աջ, նայիր ձախ անեք, այլ լսողությունն ու հոտառությունը սրած՝ վարժեցրած շների նման, մերձակայքի յուրաքանչյուր գործողություն հսկողության տակ պահած, վայրկենական որոշումներ ընդունեք, ագահությունից ու փողի տենչից, գլուխն ու մարդկությունը կորցրած ոստիկանների գործած սարդոստայնում չհայտնվելու համար:
Դա նաև ձէզ է վերաբերվում տաջիկախախոլա և չգիտեմինչախառը գաստորբայտերներ, նստեք ձեր երկրում ու սսկվեք, դժվարությունից չեն փախչում, դժվարությունն հաղթահարում են, մի պահ նստեք, իրար խոշտանգեք, կերեք, ատեք, զրպարտեք, թող ձեր հետուքները մռմռան անընդհատ նույն տեղում լինելու դիսկոմֆորտությունից, թող ձեր մկանները սովորեն նստակյաց կյանքին, թող ձեր երեսները պադոշ դառնան անընդհատ թուքումուր կրելուց, կարողացեք թիկունք կանգնել սեփական ճշմարտությանն ու առաջին տագնապից մի փախեք հարդարված, ուրիշի երկիր, փախուստի ձեր աղմուկով խլացնելով մտածողներին արտաքսելու երևույթը, դառնալով ցածրորակ թշվառներ ու ստրկացած չուռկաներ:
Իհարկե կարող եք հակաճառել:
Կարող եք ասել, որ պլացդարմ եք ձեր ժողովրդի բարօրությանը, դուք այստեղ աշխատում, վաստակում, մեծ մասը մսխում խաղային ավտոմատներում, էժանագին կաֆեներում, մոլդավուհի հաստավոռ շտուկատուրների հետ լեզգինկա պարելիս (մարդ եք չէ, լիբիդո հասկացողություն կա վերջապես) մնացածն ուղարկում տուն, որ այնտեղ սովից չմեռնեն, իսկ ես թշնամու ջրաղացին ջուր լցնող ու նացիզմի գաղափարախոսն եմ:
Եթե նացիզմի գաղափարախոսությունն է աշխարհով մեկ փռվածներին վերադարձնել տուն, ուրեմն ես նացիզմի գաղափարախոսն եմ, այո:
Ազգայնամոլությամբ վարակված ամբոխի համար, նացիզմի գաղափարախոսություն, դա յուրաքանչյուր անմեղ արտահայտություն է, իսկ նորմալ ջերմաստիճանով քաղաքացիական հասարակարգի համար, եթե նման քաղաքացիական հասարակարգ, ընդհանրապես գոյություն ունի, նույնիսկ Հաուսհովերն իր բովանդակությամբ գաղափարախոս չէ ու մի տաքացեք այնքան, որ տողերիս արանքում գտնեք այն, ինչ ամենևին էլ չկա:
Բարի: Շատ բարի:
Գրիգ-Արյան:
Իսկ դու, դու, ինչու ես այստեղ:
Պատասխանում եմ:
Ես այստեղ եմ, որ ձեզ ասեմ, մեկ առ մեկ, նայելով բոլորիդ, հայացքս չթաքցնելով ու չփախչելով...
Եվ ասում եմ...
Հե՜յ... դուք, վտարանդիներ, լսում եք...
Ահա այդպես, շարքով և վարգով... Ռադնեեեեեեեեեեեեերդ քաշեք ձեր երկիր:
Ասածներս զայրացնելով, խտտեց որոշ մեռած զգացողություններ, ձեր ստրկացած հոգիներում:
Կարող եք ընկնել հետևիցս...
Հետապնդել...
Հալածել...
Պատվիրել...
Բայց մի պահ հանդարտվեք ու ինձ լսեք:
Ես բանաստեղծ եմ...
Բանաստեղծ:
Հեռու, հեռու պահեք, ձեր լպրծուն ձեռքերը բանաստեղծներից...
Նրանք ասում են...
Որովհետև չասել, չեն կարող...
(շարունակելի)
Վտարանդիներ
Էդուարդ Գրիգորյան
2003-2004 թթ.
Մոսկվա
Էջանիշներ