(սա ծանոթներիցս մեկն էր գտել էս քանի օրը. անկեղծ ասած, ես կորցրել էի ու չեմ էլ հիշում որտեղից ա քոփի արել. սա ինքնակեսնագրական ա մի քիչ, բայց օրագրի մեջ չի տեղավորվում, դրա համար էստեղ եմ տեղադրում...ինքս նորից վերընթերցելիս անբացատրելի զգացումներ ունեցա...ես վաղուց էս ոճով ոչինչ չեմ կարողանում գրել)
Նախաբան /ոչինչ չասող/
Երբևէ մտածել ե՞ք, որ ինչպես կուրսային կամ դիպլոմային աշխատանքները, այնպես էլ կյանքը մի օր պիտի նախաբան ունենա: Եվ այդ, այսպես կոչված, նախաբանի համար բոլորովին պարտադիր չի լինի սկսել սկզբից: Ես նկատի ունեմ այն սկիզբը, որ բոլորի մոտ նույնն է, բայց այդ էլ թերևս բացարձակ ճշմարտություն չէ: Ես նկատի ունեմ ծնունդը:
Իմ սկիզբն ամենեևին էլ ծնունդը չէ, որովհետև այն օրը, երբ ես իսկապես ծնվեցի` որպես մարդ, որպես անհատ, ոչ թե գոյ, այդ օրը ուրիշները հաստատ սկիզբ չէին անվանի: Դա առաջին ճիչ չէր կամ էլ լույս աշխարհ գալու ճիգ: Այդ օրը ես իսկապես ծնվեցի, միայն թե օրը չեմ հիշում, միայն թե հաստատ գիտեմ, որ դա 1989-ի հուլիսի 9-ը չէր: Եվ այնպես, ինչպես մենք չգիտենք, թե երբ ենք մեռնելու, այդպես էլ մենք չպետք է իմանայինք մեր ծննդյան օրը: Հենց դա կլիներ հավերժության զգացումը, որը մենք իրականում կորցնում ենք այն պահից սկսած, երբ մեր, այսպես կոչված, սկիզբը ունենում է դրոշմ, ամսաթիվ կամ էլ...որովհետև ճիշտ է, որ այն, ինչ ունի սկիզբ, պետք է նաև ունենա ավարտ: Իսկ եթե մենք ապրում ենք մի հավիտենական շարունակություն...մենք ամեն ինչ կիսատ ենք թողնում:
Ես մտադիր եմ ավարտել այն, ինչ սկսում եմ:
...
Քայլ առաջին. /ափսոս, որ սայլակին գամված մարդը երբեմն չի գիտակցում, որ ինքը բոլորիցս լավ ու արագ է քայլում, որովհետև ունի դրա կարիքը և այդ ուզում է բոլորիցս շատ: Իսկ մեր երևակայության մեջ մենք առավել, քան իրական ենք:/
...
Թե ով է ինձ սովորեցրել քայլել, հաստատ չգիտեմ, բայց ամենակարևորն այն է, որ սովորեցնեին, թե ոչ, ես դա մի օր կիմանայի: Ինքս էլ կուզենայի մի իսկական , նատուրալ դիպլոմային աշխատանք գրել ավելի կարևոր մի բանի մասին, քան այն ինչ սկսում է կարևորվել իր նյութական արժեքի բարձրացմանը զուգընթաց: Եվ չնայած դրան, ես գիտեմ, որ ինձ էլ չէին հասկանա ու իմ արվեստը տրորելուց բացի, կտրորեին նաև ինձ ոչ թե այն պատճառով, որ կկարողանային, այլ որովհետև այլ բան չեն կարող:
Վերջերս հյուսիսային պողոտայում հանդիպեցի Կ. Անդրեասյանին / պատկերացնում եմ, թե էս մարդն ինչքան չուզող ունի/ ու շատ ուրախացա. գործս կանգնել էր: ՀԻշեցրեց, որ քայլում եմ: Հիշեցրեց տեղի մասին: Միշտ պիտի կարողանալ հասկանալ` որտեղ ես: Տեղ, ոչ /մի /տեղ... Ինչքան քննարկել, բան չենք հասկացել, բայց մի բան հստակ է. մենք հենց այնտեղ ենք, ուր ենք և չկանք: Տեղի մասին մտքերով տարված էի, երբ ինձ հեռաձայնեց ընկերներիցս մեկն ու հարցրեց.
-Ծով, ու՞ր ես
-Տանը...
Մնացածն արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ ոչ մի տեղում գտնվելու իմ ցանկությունը մի րոպեում փոշիացավ: Ես էի...տանը...բայց դա էլ երկար չտևեց:
...
Քայլ երկրորդ. /Այնտեղ, ուր բռունցքները մեկ են դառնում և տխրությունը կարողանում են համատեղել ուրախության հետ, իսկ հաղթանակները տոնում են պարտությունների կենացը խմելով:/
...
Հյուսային պողոտա. ահա այն ավերակը, ուր թագավորում է իմ ժողովուրդը: Հենց այս պողոտայով մի քանի անգամ ես փրկել եմ իմ ազատությունը: Այն ժամանակ, երբ թիկունքից մեզ վրա նշան են բռնում կարմիր բերետավորները, մենք սկսում ենք գնալ, ուր որ քայլերը տանում են, կամ այնտեղից սկսած, որտեղ նրանք մի իսկական պատ են կազմում ու գլորում են մեզ առաջ: Դա իհարկե այնքան էլ առաջ-ը չէ; Դժվար է ասել: Դա գուցե ետընթաց է: Բայց մենք շատ դանդաղ ու հպարտ քայլերով «փախչում ենք» նրանցից, ովքեր իրենք լինելով ստրուկ դրված են ստրուկների մեղքերի զոհասեղանի վրա:Վերամբարձ է ասված: Ես կարող եմ ավելի պարզ: Մենք փախչում ենք այն խղճից, որի սեփական խայթն արդեն սովորական մի ներարկում է:
Իսկ ինչու է երբեմն այնպես պատահում, որ ստիպված ենք լինում փախչել:
Այսպես. մեկը, ով ունի իր վերադասի «դաբռոն» գալիս և ասում է. «Ստեղ մի կանգնի ու դավայ ստուց, շուշուտ...»
...
Եվ արժե՞ արդյոք խոսել որևէ ճարտարեպատական հուշարձանի մասին, երբ քո քաղաքի ճիշտ կենտրոնում ձգվում է մի այդպիսի պողոտա: Երկու կողմում անճաշակ կոշիկի կրնկի նմանվող անհասկանալի շենքեր են, որոնք գուցե և մի քիչ տանելի լինեին, եթե մեր քաղաքը այդքան փոքրիկ չլիներ, իսկ Ազատության հրապարակը ամոթից գետինը չմտներ իր կողակիցների պատճառով: Կամ գուցե սիրտս այդքան չցավեր, եթե այդ ամբողջը կառուցված լիներ ոչ թե /ի դեպ կիսաշեն/ մարդկային իրավունքները, արժանապատվությունը, ազատությունը արմատախիլ անելու հետևանքով, այլ գոնե միայն իմ նյարդերի հաշվին:
Տեղը շատ կարևոր է, ազատության տեղն առավելևս: Երբևէ պետք չէ հավատալ այն ծեծված ու ծամծմած խոսքերին, թե ազատ լինելու համար անպայման թռիչք է պետք, իսկ թռչելու համար` թևեր, որ առավել շատ հանդիպում են երգերում կամ հեքիաթներում: Ազատությունը միայն թռիչքը չէ, դա նաև դադարն է: Երբ դու ազատ ես այնքանով, որ կանգնած ես այնտեղ, որտեղ ուզում ես:
Ես չէի ուզենա անդադար խոսել իրավունքների մասին, բայց միշտ էլ մարդն ամենաշատը խոսում է այն մասին, ինչ խախտված է, ինչ խանգարում է, ինչ հալածում է:
Հյուսիսային պողոտայում տները բավականին թանկ են: Դրանց գները պետք է, որ մի քանի անգամ թանկացած լինեին, որովհետև այլևս այն ազատության պողոտա է, որովհետև երբ մեկ երկու հոգի խոսում են պայծառ ապագայի մասին, նրանց կողմնացույցի սլաքը թեքվում է դեպի այն հատվածը, ուր կանգնած են գոնե իրար մասին մտածող, գոնե իրար մասին հոգ տանող մարդիկ: Իսկ նրանք այնքան էլ միմյանց չգիտեն, այսինքն նրանց համար մանրամասները կարևոր չեն: Նրանք միմյանց հետ կենսագրություն են կերտում...զրոյից: Եվ, ի դեպ, նրանք ըստ հայտնի ասացվածքի ոչ հագուստով դիմավորում են, ոչ էլ խելքով ճանապարհում: Նրանք քարոզում են ինչ-որ տեղ նաև հանդուրժողականություն: Ահա թե ինչու նրանք շատ տարբեր են:
«Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնության անդամ ես դարձա գրեթե մայիսի մեկին: Այդ ժամանակ դեռ համոզված չէի, որ ուզում եմ որևէ խմբի մեջ ինտեգրվել և փորձում էի ուսումնասիրել համախոհներիս: Աստիճանաբար մենք մտերմացանք ու սկսեցինք համատեղ ծրագրեր իրականցնել մեզ հուզող հարցերի մասին մեր երկրի վերին, միջին, չնչին և այլ ատյաններին հաղորդակից դարձնելով դրանց: Շատ է պատահել, որ մեր իրավունքների համար պայքարելու պատճառով ծեծ ուտենք: Բայց հետաքրքիրն այն է, որ ազատութունը որպես վեհ արժեք մեզ անդառնալիորեն կապել է իրար: Եվ ամեն անգամ, երբ փորձում են կոտրել մեր ձեռքերը, մենք նկատում ենք, որ ավելի վճռական ու ուժեղ ենք դառնում: Գնալով մեր շարքերը համալրվում են: Երևի ավելի ու ավելի են շատանում ոչ անտարբերները:
Գուցե մենք իրար այդպես էլ չգտնեինք, եթե չլինեին փետրվարյան հանրահավաքները նախագահական ընտրություններից հետո: Եթե չլիներ ութօրյա նստացույցը, երբ մարդիկ միակամ արդարություն էին պահանջում: Եթե այդ պահանջի համար իշխանական անողոք մեքենան գործի չդրվեր ու դրան չհաջորդեր մարտի մեկի ջարդը:
Եթե դրանով էլ ամեն ինչ չավարտվեր ու հյուսային պողոտայում չսկսվեին քաղաքական զբոսանքները: Գուցե ես չունենայի այս ընկերներին, սակայն, ես հիմա էլ ամեն ինչ կտայի, որ այդ մարտի մեկը, որ խլեց տաս հոգու կյանք, տեղի չունենար:
Եվ, սակայն, միշտ էլ ամեն իրադարձություն իր հետևից թողնում է հետք: Այդ հետքը սկզբում անթիվ անհամար արցունքներն էին, հետո հաստատակամությունն ու վճռականությունը, որ չենք հնազանդվելու մեզ կապկպող ռեժիմին և պայքարելու ենք հանուն ամենավեհ արժեքի` ազատության: Թքած, թե ինչքան ժամանակ կպահանջվի, կարևորը, որ պահանջողը ժամանակը չէ:
Հենց այս պարզ պատճառով էլ, ես գերադասում եմ ավազի ժամացույցները, որովհետև ուզածս պահին, կարող եմ շրջել ու նորից սկսել: Մինչդեռ սլաքները ետ տալը թեպետ էլի ինքնախաբեության տարբերակ է, բայց դրա պատճառով ավելի հեշտ է ուշանալը որևէ ժամադրությունից:
ՄԻ քանի քայլ ետ. /Այն ժամանակը, երբ առավել քան անկեղծ արտացոլում է իմ հոգեվիճակը: /
Ես որոշեցի սկսել ինձանից`իմ եսից: Այն ժամանակ, երբ օդը սկսեց չհերիքել, ես սկսեցի փնտրել իմ հեռացող առագաստը: Իմ ալիքների խորքից, ես փորձեցի ինձ հասցնել ափ: Դա նույնն է, որ ես առաջին անգամ լողալ սովորեցի, երբ խեղդվում էի:
Եվ ինձ համար հիմա ինձ խեղդող ծովն ավելի թանկ է, քան ցամաքը, որովհետև ցամաքում ես երբեք լողալ չէի սովորի:
...
Մեկ տարի առաջ կիսատ թողած մտքերս ես նորից վերագտնում եմ ու փորձում շարունակել: Դրանցից մի քանիսն արդեն պատռված թղթեր են, բայց դրանք հին լինել չեն կարող, որովհետև նորից ծնվել են իմ մեջ:
Այն, որ գրված էր դեռ այս ամենից առաջ, նորից իմ մեջ ապրող խնդիր է: Եվ ես չեմ կարող այդ խնդիրների մասին խոսել նոր ձևով, քանզի ոչինչ չի փոխվել: Թերևս ավելի հաստատ կարող եմ ասել, որ ետ նայելը վատ բան չէ:
«Կանգնեցի երկուսի միջև. մեկը մեկից բարձր էր գոռում...զվարճալի տեսարան էր...լռեցին, հայացքով միմյանց թունավորեցին, ու գնաց ամեն մեկն իր ճամփով:
«Ի՞նչ եղավ»,–մտածեցի ու քայլեցի մտքերիս հետ: Պարապմունքին էլ ողջ ժամանակ մտքերով ուրիշ մի տեղ էի: Դասը սերտած էր փաստորեն, մեխանիկորեն պատասխանեցի, իսկ խոսելուց հետո իմացածս անտարբեր ջուրը գցեցի:
Նորից, մտքերիս ուսերին թիկնած՝ որպես հսկա մի բեռ, քայլում էի մարդկանց միջով:
«Ես այս մոլորակից չեմ»,–մտածեցի:
Կարծում եմ՝ պարզապես կորցրել եմ հիշողությունս...
Այն ամենը ինչ կա...մի տեսակ շոշափել չի լինում...իսկ ես օդը շոյել եմ, երբ դեռ շնչում էի...
...
Կյանքը լավ նկար է, եթե շրջանակի մեջ չդնես…
«ՀԻմա ի՞նչ է ուզածդ»,- հարցնում է իմ ներսից ինչ-որ մեկը: Չգիտեմ, որովհետև շատ բան եմ ուզում: Հետո մեկ առ մեկ փորձում եմ թվարկել ցանկություններս, բայց մինչև վերջ չեմ հասնում, երբ հասկանում եմ, որ դրանք անընդմեջ թվարկելիս ամենաշատն եմ ժամանակ կորցնում:
Ես կգամ քո ետևից , կանցնեմ բոլոր փորձությունների միջով ու իմ մեջ եղած ողջ ուժով կհովանավորեմ քո իրականացման ուղու անվտանգությունը: Ճանապարհիս հազար ու մի դեմքեր են, ինձնից փախչող կամ աչքերիս մեջ խրված հայացքներ, ու ես կիսատ եմ թողնում ցանկությունս և փորձում մաքրել տեսողությունս: Ժամանակը գնաց իմ կանգառի պահին, ու ես ուշանում եմ, երբ պայքարի եմ դուրս գալիս շնչավոր արգելքների դեմ ուզածիս հասնելու համար:
Ահա թե ինչ…մի կողմ եմ դնում բոլոր նյութական ու հոգևոր ցանկություններս ու տարօրինակ է, հանկարծ ուզում եմ այն, ինչ ունեմ…մի շունչ…
Ուզում եմ ազատ շունչ` անկախ ու լիաթոք:
Ուզում եմ շնչիս վրա չկանգնեն, որ ես կարողանամ ազատ քայլել: Ուզում եմ ուզածիս հասնելու համար պարզած ձեռքերով չխեղդել ու չխեղդվել…
Հասկացի'ր, վերջապես խնդրում եմ, քեզ համար նախատեսված մի բուռ օդը ես էլ կարող եմ իմ ձեռքերով քեզ տալ, եթե երկուսս էլ գիտակցենք, որ խաղաղ շնչելու համար պիտի մեր շուրջը մեր մեջ եղած սիրով թթվածին արարենք:
Ժամանակները խառնվել են իրար: Խոհերումս անցյալի, ներկայի ու ապագայի իրարանցում է:
Ցանկություններս կատարելու համար գործի են դրված բոլոր զգայարաններս…
Ես վստահում եմ նրանցից վեցերորդին…
Ինձ ընդառաջ եկողը մի փոքրիկ է, որ իր առաջին քայլերն է անում…
Նա նկարում է կյանքը ու շունչ է տալիս մեզ այդքան գունատ թվացող նկարին…
Նկարը շրջանակ չունի…
…
Ես ուզում եմ շնչել…/ահա ցանկություններիս նախերգանքը/
Հետո նոր միայն.
Մեքենա…
Ինքնաթիռ…
Տիեզերանավ…
Հ.Գ. Ամբողջ խնդիրն այն է, որ չնայած մեր քաղաքում տևական շինարարություն է, մեքենաները և ծխողները շատացել են, օդը մազերիս չափ աղտոտվում է, բայց ինձ ընդամենը հարկավոր է կարողանալ շնչել ու արտաշնչել թեկուզ այդ կեղտոտ օդը, բայց գոնե իմ բաժինը:
Անդրադարձ. Ոչինչ էլ չի անցել: Քաղաքականությունը մեր կյանքն է, մեր առօրյան, ինչ-որ մեկի նոր շրջազգեստը և մյուսի ծակ գուլպան: Եվ ինչպես ասում էր ընկերներիցս մեկը, համենայնդեպս ես քաղաքական գործիչ եմ համաստեղությամբ, արվեստաբան /գուցե/ մասնագիտությամբ և գրող էությամբ:>>
Հիպոթեզ. Հետաքրքիր է ետ դառնալը /դա, ի դեպ վերադառնալու հետ ոչ մի կապ չունի/ :Երբ ինքդ քեզ նորից դիտում ես կողքից ու զգում ես, որ քո կարիքը դեռ շատ ունես: Երբ զգում ես, որ երբեք անտարբեր չես ապրել: Երբ զգում ես, որ իրականում քո երկրում առկա խնդիրներին հաղորդակից լինելը և արձագանքելը, բնավ չի նշանակում լինել ազգագրագետ, քաղաքագետ և այլն: Դա ընդամենը նշանակում է լինել քո երկրից, քո հայրենիքից: Եվ խնդիրը ոչ քե ազգայինն է, այլ մարդկայինը: Երբ քաղաքական ասպեկտները ոչ թե թովում են սոսկ իրենց բովանադակությամբ, այլ հետևանքով: Երբ առավել կարևորվում են հետքերը և ոչ թե քայլերը: Երբ քայլելուց առաջ դու նույնչափ մտածում ես, որքան խոսելուց առաջ:
Էջանիշներ