Մենք արդեն լույս ունենք…

Լևոնը տունդարձի ճամփին չնկատեց ,թե ոնց մի քանի անգամ սառույցի վրա ընկավ ու անտարբեր բարձրացավ…
Հոգսերը խառնվել էին մտքերին, ու հոգոց էր հանում ամեն քայլի հետ…
Գնում էր տուն, ուր սպասում էին մայրը, կինը և փոքրիկ Մանեն…
Ժամը վեցին մոտ էր, կամ էլ ձմեռվա վաղահաս գիշերներից մեկը…
Մի քանի օր էր, ինչ տանը լույս չկար…
Մոմը հալվում էր,հալվում, հեգնում, թե գիտե՞ք ես էլ լույս եմ, ինչու՞ էք ինձ նեղն ընկնելիս հիշում…
Ծորում էր,հալվում ու մարում…իսկ դրանից ավել նեղն ընկնելիս արդեն մոմին էլ չէին հիշում…
Վառարանն իր աղոտ լույսը շռայլում էր շուրջը կուչ եկած հարազատներին…
Մանեն բոլորից լավ գիտեր, թե մթության մեջ ինչպես են շարժվում, որ հանկարծ չբախվեն ինչ-որ բանի…
Եվ քայլելը տան մեջ այնքան էլ դժվար չէր, որովհետև տան աղքատիկ կահկարասին ապահովում էր բավարար ազատ տարածություն։
Փոքրիկը առանց վախենալու վազեց դուռը բացելու՝ համոզված լինելով, որ հայրն է։ Բացի այդ, դուռը բացելուն պես, պիտի լույս տեսներ, քանի որ հարևանը միշտ էլ գիշերը մուտքի լույսը վառ էր թողնում։ Լևոնը համբուրեց դստերը, և մուտքից հազիվ ետ բերեց նրան…լուսավոր միակ անկյունից։
—Եկար
—Եկա
—Դե, ի՞նչ կա…ոչինչ չգտա՞ր…
—Ո՞վ իրավունք ուներ այդպես միանգամից մեզ առանց գործ թողնել
—Լսել եմ այդ…շա՜տ…ոչինչ չգտա՞ր
—Չգտա
—Ի՜նչ հիմարն եմ ես…ների՛ր…Այնպես եմ վրա տվել…մրսած ես, հանի՛ր վերարկուդ։ Հիմա մի բան բերեմ ուտելու…
Լևոնն աչքերը լցրեց կնոջ հուսահատ ձայնից, և ուրախացավ, որ մթության մեջ այդ արցունքները դուստրը չտեսավ…

—Չէ, այսպես չի լինի, ես պիտի աշխատեմ, գուցե մի բան գտնեմ, ինձ էլ է հարկավոր փնտրել։ Տղամարդկանց համար միշտ ավելի դժվար է աշխատանք գտնելը, որովհետև Ձեզ հեշտ են մերժում։
—Պահը հարմար չէ, սիրելի՛ս…ախր, ամեն ինչ չափազանց արագ ու անարդար եղավ։ Գործը փակվեց ու մի քանի ընտանիք մնացին բախտի քմահաճույքին։
—Բայց դե մենք բախտից էլ քմահաճ գտնվեցինք…Երեք անգամ Արտեմից պարտքով փող վերցրիր, հետո՞…
Նրա կինն էլ հիմա երևի ամբողջ օրը կռիվ է անում…թե այս չունեմ, այն չունեմ, դու ուրիշին ես փող տալիս…
—Արտեմն իմ զինակից ընկերն է, միասին մեծացանք,հետո կռվեցինք, պատերազմով անցանք…Տղեքի հետ մեր հաղթանակն էինք կերտում…։ Չէ…նա ինձ կհասկանա, կսպասի։ Ինչքան էլ առանց լույսի մնանք, մեկ է Արտեմի պարտքը տալու եմ։
—Հիշում եմ, էն ժամանակ էլ լույս չունեինք…բայց դե ուրիշ օրեր էին, այնքան կորուստներ տվեցինք ու այնքան սպասումից սառած աչքեր տեսանք, որ լույսն էլ, թե տային , աչքներիս չէր երևա…Մեր հաղթանակն էիք կերտում…կերտեցիք էլի…հիմա էլ չնչին բաները անգամ այդ խաղաղության նման հեռու են թվում, որ խավարը պատռես, էլի չես հանգտանա… ուզում էիք արժանի լինել էս հողին…հիմա էլ հողից բաժին են հանում անարժաններին… ախր հարցը էս լույսը չի, չէ՞…
—ՉԷ…էն ժամանակ խաղաղության լույսին էինք ձգտում, հասանք էլի…
—Ալյուրն էլ վերջացավ։ Էսօր Հասմիկը մի տոպրակ տվել է, բայց դե էլի անհարմար եմ զգում. մենակ կին է, մեզ շատ է օգնում, բայց մեկ է անհարմար է…
—Ես ամեն ինչ կանեմ, կտեսնես…լավ օրեր էլ եղել են, չէ՞…հիմա նեղն ենք ընկել, հետո ի՞նչ…
Բա ես կթողնե՞մ իմ բալեն լույսին կարոտ մնա…
—Լույսը հեչ…ասա…չթողնես հանկարծ, որ հացին կարոտ մնա…
—Գիտե՞ս, թե ժամանակին ինչքան եմ հասել շատերին…
—Գիտեմ…ու՞ր են…
—Դե չգիտեմ…բայց հո պարտավոր չեն։ Ամեն մարդ իր տան հոգսն է քաշում…
—Վաղը միասին դուրս կգանք, ես էլ փնտրեմ, գուցե ստացվի… դե այդքան մի՛ աքլորացիր։ Հենց որ մի քիչ դզվենք, կդադարեմ աշխատել, եթե ուզես…եթե գտնեմ մի բան…
—Լավ։

—Բա՛լ, դու ինչ է քնել չե՞ս ուզում…,
—Չէ, մա՛…մինչև տատիկը չտաքացնի անկողինս ես ինչպե՞ս քնեմ։ Տատիկն էլ քնել չի ուզում…
—Տես է…աղվեսի՛կ…տատիկը նստած տեղը քնում է. այդ դու ես, հա՞ համոզել, որ մի քիչ երկար նստի…
—Դե, հայրի՛կ, զրուցում ենք էլի…Ամեն մարդ իր հոգսն ունի, չէ՞…
Ես էլ եմ չէ՞ մարդ…սա իմ տունն էլ է, չէ՞…
—Դու մի հոգս ունես։ Դու պիտի ժպտաս…ուրիշ ոչինչ քեզ չպետք է հուզի…դու պիտի խաղաս…
—Հիմա՞…մթության հետ, մայրի՛կ…շատ եմ խաղացել …ձանձրալի է…

Տատիկը տաքացրեց Մանեի անկողինը, ու Մանեն քնեց։ Տատիկն էլ քնեց։
Խեղճ կինն արդեն վաղուց երազներ չէր տեսնում, ու նույնն էր, թ ե աչքերը բացեր կամ փակեր…նույն մթությունն էր, նույն մռայլ «երազը»…
Լևոնն ու Աննան զրուցում էին մինչև ուշ գիշեր…
Առավոտյան, երբ օրը նորից նոր շունչ էր առնում, նույն ճանապարհն էր ձգվում՝ հույսով օծված, բայց տատանվող մի ճամփա։ Ոտքերի տակ դողացող խաչմերուկներ, սառույցի պես պաղ հայացքներ, անտարբեր լռություն ու խենթացնող մտքերի անիմաստ շարան…
Հոգսերի բեռի տակ ծանրացած հացի պատառիկ, որ կուլ չէր գնում մտատանջությունից…
Առավոտը լույս էր, և միայն դա էր ուրախացնում։ Լույս, որի համար վճարել պետք չէր…լույս, որը գնալով խավարում էր ու հանգչում՝ նույն վարագույրն իջեցնելով Լևոնի,Աննայի,Մանեի ու տատիկի աչքերին, հիշեցնելով ուրախ ներկայացման ավարտը…
«Կիսատ ուրախության» թատրոն, միայն լույսին ծափահարող աչքեր…

Աննան շատ փնտրեց…Կարծում էր, որ ինչպես ամուսնուն, այնպես էլ իրեն հարկավոր էր մի քանի շաբաթ գոնե հատկացնել որոնումներին և հետո նոր միայն փոքր ինչ հուսահատվել։ Ամուսնու լավատեսությունը, որ միայն իրենց սփոփելու համար էր,Աննան չուներ։ Միայն աղոթում էր Աստծուն, որ ընտանիքի անդամները գոնե առողջ լինեն , և թող որ ամենամեծ կարիքը «մթությունը» մնա։
Նա փնտրեց, հոգնեց շատ, բայց դե բախտ էր, թե ինչ…եթե նույնիսկ բախտ չէր, ինչ որ բան ժպտաց նրան…
Մի հայտարարություն կարդաց, որ ինչ-որ մեկը դայակ է փնտրում.«…բարձրագույն կրթությամբ, բարետես արտաքինով երիտասարդ կին, որը փորձ ունի երեխաների հետ…»
Հայտարարությունը փոքր-ինչ ծիծաղելի էր, բայց դե Աննան ուրախացավ, որովհետև ինքը համապատասխանում էր այդ «պաշտոնին»…
Ահա թե ինչ…
Փոքրիկը, որի դայակը պետք է լիներ Աննան, հինգ տարեկան էր՝ Մանեից երեք տարով փոքր…
Նրա ծնողները պատրաստվում էին ճանապարհորդության, իսկ տանը՝ փոքրիկի հետ մնալու էր միայն վերջինիս տատիկը, որը, սակայն, փոքր-ինչ վատառողջ էր և օգնության կարիք ուներ…
Աննան աշխատելու էր հաջորդ օրվանից, դե իսկ աշխատանքի դիմաց շատ հարմար աշխատավարձ սահմանվեց։

Աննան հաղթանակած տուն էր վերադառնում։ Շտապում էր շատ, թե երբ պիտի հայտնի այդքան սպասված ուրախ լուրը։ Գոնե կօգնի ամուսնուն, պարտքերը կտան, ոտքի կկանգնեն…
Շենքի մուտքի մոտ սպասում էր նրան Հասմիկը…
—Ինչու՞ ես էս ցրտին էստեղ կանգնել, հո բան չի՞ պատահել…
—Առավոտյան լավ վիճեցին Արտեմն ու Լևոնը…
—Հա, գիտեմ…դե կանցնի, պարտքի պատճառով է…աշխատանք եմ գտել, Հա՛ս ջան, հավատում եմ, ոտքի կկանգնենք, գնամ մերոնց ուրախացնեմ…
Եվ Աննան սկսեց արագ բարձրանալ աստիճաններով…Հասմիկն էլ նրա հետ…
—Լևոնը…
—Եկե՞լ է, չգիտե՞ս…արդեն եկե՞լ է…Ինչու ենք մենք վերջին հարկում ապրում…էլ չեմ համբերում…
—Երեք ժամ առաջ…
—Երեք ժամ է, ինչ տանն է…դե ոչինչ, շատ չեմ ուշացել…
—Երեք ժամ առաջ նա…
Համիկը չզպեց արցունքները…
Աննան կանգ առավ…քարացավ տեղում…
—Հա՛ս…խոսի՛ր, խոսի՛ր…նա ի՞նչ,ի՞նչ…
—Հենց մուտքի մոտ…
—Թուլացել եմ, խոսիր, ա՛յ կնիկ, հիմա կընկնեմ…
—Սրտի կատված ունեցավ ու… ու մեռավ…
—Ոչ—ոչ…ոչ… Նման բան չի կարող լինել…դա անարդար է…
Աննան գոռում էր…իրեն կորցրած դաղվում էր մուտքի պատերին.Հասմիկը անուժ լալիս էր…

Մի քանի ժամ էլ, ու հսկա բազմություն հավաքվեց…
Ոչ ոք իր օգնությունը չէր առաջարկում…ամեն մեկն օգնում էր առանց պարզելու, թե ինչ է պետք , քանզի նման դեպքերում հարցնելն ավելորդ էր…
Մանեին ոչ ոք չէր էլ պատրաստվում անհաղորդ պահել այս ամենին, քանի որ փոքրիկն առաջինն էր տեսել մեռած հայրիկին…
Բոլորը լուռ վազվզում էին…
Ընկերները, հարազատները, հարևանները, հեռու ու մոտ բարեկամները, նույնիսկ մարդիկ, որոնց հետքերն էին կորցրել…և ինչպե՞ս էր լուրն այդքան արագ տարածվել…
Լևոնի գրպանում 20 հազար դրամ էին գտել…Արտեմի պարտքն էր, որից վերջինս կտրականապես հրաժարվեց, և շատ վիրավորվեց, երբ Հասմիկը մեկնեց նրան փողը…

Երեք մարդ՝ մեկ հոգսի տեր մի տուն, այժմ արդեն՝ մեկ ցավի տեր մի տուն…

Մեկ շաբաթ անց Աննան առաջին անգամ գնաց աշխատանքի…
Դուռը բացելուն պես նետեցին երեսին.
—Դուք արդեն իսկ ազատված եք աշխատանքից. մեզ անպատասխանատու մարդիկ պետք չեն…
—Ներեցե՛ք…ամուսինս մահացավ,—հազիվ խոսեց Աննան…
—Աստվա՛ծ իմ, խեղճ կին… ցավում եմ…
…և նրան նույն «բախտը» էլի ժպտաց…եթե բախտը չէր, չգիտեմ թե ինչն էր, բայց չկորցրեց աշխատանքը անգամ երբ երեխայի ծնողները ճանապարհորդությունից վերադարձան…

Մանեն շատ էր լալիս, հրաշքի էր սպասում…ու իրիկնաժամին հայրիկը տուն չէր գալիս։
Բայց մի օր որոշեց, որ պիտի ուժ գտնի իր մեջ ու քայլեր ձեռնարկի մայրիկին օգնելու համար…
Մի տուն ու մի հոգս…նա երկար, երկար մտածեց…
Օրերով ծրագրեր հորինեց… ու մի երեկո,երբ մայրիկը դեռ տուն չէր եկել, վերցրեց թուղթ ու գրիչ ու ճարահատ մի նամակ գրեց…

«Հայրի՛կ ջան, քեզ շատ եմ կարոտել…տատիկը հիվանդ է, մայրիկը շատ տխուր է…գիտե՞ս, մենք արդեն լույս ունենք, բայց ուրախանալ չենք կարողանում…»

08.01.07