Լևոնը տունդարձի ճամփին չնկատեց ,թե ոնց մի քանի անգամ սառույցի վրա ընկավ ու անտարբեր բարձրացավ…
Հոգսերը խառնվել էին մտքերին, ու հոգոց էր հանում ամեն քայլի հետ…
Գնում էր տուն, ուր սպասում էին մայրը, կինը և փոքրիկ Մանեն…
Ժամը վեցին մոտ էր, կամ էլ ձմեռվա վաղահաս գիշերներից մեկը…
Մի քանի օր էր, ինչ տանը լույս չկար…
Մոմը հալվում էր,հալվում, հեգնում, թե գիտե՞ք ես էլ լույս եմ, ինչու՞ էք ինձ նեղն ընկնելիս հիշում…
Ծորում էր,հալվում ու մարում…իսկ դրանից ավել նեղն ընկնելիս արդեն մոմին էլ չէին հիշում…
Վառարանն իր աղոտ լույսը շռայլում էր շուրջը կուչ եկած հարազատներին…
Մանեն բոլորից լավ գիտեր, թե մթության մեջ ինչպես են շարժվում, որ հանկարծ չբախվեն ինչ-որ բանի…
Եվ քայլելը տան մեջ այնքան էլ դժվար չէր, որովհետև տան աղքատիկ կահկարասին ապահովում էր բավարար ազատ տարածություն։
.............................................................................................
Տատիկը տաքացրեց Մանեի անկողինը, ու Մանեն քնեց։ Տատիկն էլ քնեց։
Խեղճ կինն արդեն վաղուց երազներ չէր տեսնում, ու նույնն էր, թ ե աչքերը բացեր կամ փակեր…նույն մթությունն էր, նույն մռայլ «երազը»…
Լևոնն ու Աննան զրուցում էին մինչև ուշ գիշեր…
Առավոտյան, երբ օրը նորից նոր շունչ էր առնում, նույն ճանապարհն էր ձգվում՝ հույսով օծված, բայց տատանվող մի ճամփա։ Ոտքերի տակ դողացող խաչմերուկներ, սառույցի պես պաղ հայացքներ, անտարբեր լռություն ու խենթացնող մտքերի անիմաստ շարան…
Հոգսերի բեռի տակ ծանրացած հացի պատառիկ, որ կուլ չէր գնում մտատանջությունից…
Առավոտը լույս էր, և միայն դա էր ուրախացնում։ Լույս, որի համար վճարել պետք չէր…լույս, որը գնալով խավարում էր ու հանգչում՝ նույն վարագույրն իջեցնելով Լևոնի,Աննայի,Մանեի ու տատիկի աչքերին, հիշեցնելով ուրախ ներկայացման ավարտը…
«Կիսատ ուրախության» թատրոն, միայն լույսին ծափահարող աչքեր…
Էջանիշներ