Մի խելացի մարդ, իմ լավ ընկերը, մի առիթով ասաց, որ յուրաքանչյուր լավ գիրք երևի պետք է 10 - 15 տարին մեկ վերընթերցել: Վերջին երկու տարում հատկապես հաճախ եմ հետևել այդ խորհրդին, իսկ հերթական վերընթերցվող գիրքը Հյուգոյի հանրահայտ <93 > ն է: Վեպի գլուխներից մեկը նվիրված է Ռոբեսպյերի, Դանտոնի և Մարատի հանդիպանը: Հյուգոն նրանց մեծ մարդիկ է անվանում, սակայն ինձ մոտ մի պահ այնպիսի տպավորություն առաջացավ, որ նրանք սովորական ճիվաղներ են: Խոստովանում եմ` դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նրանք առաջարկում էին առավել անգութ լինել հեղափոխության հակառակորդների հետ` իբր թե մինչ այդ շատ խղճով էին:
Եվ այսպես, մեծ մարդիկ էին դրանք, թե սովորական ճիվաղներ, որոնք պատահականորեն վեր էին բարձրացել:
Գրելով այս երեք հեղափոխականների անունները բնավ նպատակ չունեմ սահմանափակել թեման միայն նրանցով: Կան նշանակալից դեմքեր, որոնց շրջանցելն ուղղակի անհնար է` օրինակ Ֆուշեն: