Աշոտի հիշատակին՝ շիրմաքարի փոխարեն:
Դրսում քամին օրորում էր ակացիայի ճյուղերը: Շերտավարագույրի ճեղքերից ներս սողոսկած ստվերները ծեփվել էին հիվանդասենյակի պատին ու սսկվել: Սալիկապատ հատակից տհաճ սառնություն էր փչում: Մեկուսարանի ապակեպատ միջնորմի հետևում, գրասեղանի առաջ նստած բուժքուրն ինչ- որ թղթեր էր լրացնում ու երբեմն հայացքը բարձրացնում մահճակալին պառկած միակ հիվանդի ուղղությամբ:
Նրան առավոտյան բերեցին վերակենդանացման բաժանմունք: Շտապ խորհրդակցության ժամանակ եզրակացրել էին . «Կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքներ ու մարմնական վնասվածքներ», այնուհետև հիվանդաթերթիկում լրացրել բոլորի մանրամասն նկարագրությունները: Ողջ օրն անգիտակից վիճակում էր եղել:
Ավիկը քսաներեք տարեկան էր: Ցրտի զգացումն առաջինն էր, որ մատների ծայրերից մտնելով՝ հիվանդատես եկավ: Սթափվեց. «Դեռ կենդանի եմ»:
Ութերորդ հարկն էին հասել: Ոտքը սահել էր եզրապատի ամրանները կապելիս: Մտքում մի վայրկյանում փշրվող ապակու հազարավոր կտորտանքն ու զնգոցն էին մնացել: Մեկ էլ ներքևում կանգնած ավտոների ցաքուցրիվ շարքերը: Դրանից հետո դատարկություն էր:
Կոկորդը չորացել էր: Գլխավերևին հսկայական լապտերների փունջն էր՝ երկաթե օղակի մեջ: Իրենց անկուշտ- հարցական հայացքով նայում էին վրան ու կարծես ասեին. «Երկա՞ր ես պառկելու»: Ուզեց ձեռքը բարձրացնել, բայց թիկունքից մի թրատող ցավ անսպասելիորեն ճեղքեց իրեն՝ մինչև գոտիկը: Գլխում անտանելի ժխոր սկսվեց: Միանգամից ղողանջում էին գյուղի եկեղեցու զանգը՝ ավետյաց ուրախության զնգոցով, դպրոցի զանգը՝ զիլ ու անհանգիստ: Բանակի տագնապի շչակն ու էլի՝ հազա՜ր- հազա՜ր, երբևէ չտեսած, չլսա'ծ զանգեր: Հեռվում կանաչավուն մի ամպ էր հայտնվել ու դանդաղ լողալով մոտենում էր իրեն:
Մի րոպե աչքերի առաջ պատկերացավ իրենց թաղամիջի առուն: Հիշեց՝ ոնց էր կարճավիզ ռետինե սապոկներով մտել գարնան ձնհալքի ջուրն ու ետուառաջ վազում: Չփչփոցից հագի շորերը թրջվել էին, սապոկների մեջ լիքը ջուր էր լցվել: Մայրը նորածին քրոջը կուրծք էր տալիս, ժամանակ չուներ, որ դուրս գար՝ իրեն տուն կանչեր: Բայց ոտքերն այնքան էին սառել, որ առանց մոր կանչին սպասելու տուն գնաց: Թողեց կոշիկները դռան հետևում, կատվի նման սողաց վառարանի կողքը: Մայրը քնացրեց քրոջն ու երբ ներսի սենյակից դուրս եկավ, տեսավ իր վիճակը, գունատվեց: Արագ- արագ հանեց ,փոխեց թաց շորերն ու երկար ժամանակ ոտքերն էր շփում ափերով, որ տաքացնի: Հանդիմանանքի խոսքերը կարծես իրեն չվերաբերվեին: Ախր մայրը ոչ մի անգամ չէր վազվզել գարնան առվով: Ամռան առուն սակավ է, ջուրը՝ քիչ, նույնիսկ ճաներիդ չի հասնում: Գարնանամուտի ջրաշատ առվում չփչփացնելուց լավ բան չկա:
Այն օրը, երբ մայրը գորովանքով ոտնաթաթերն էր շփում, եթե մեկն ասեր՝ ի՞նչ կլինի երկու տարի հետո, հաստատ քարով պիտի տար, գլուխը ծակեր: Բայց երկու տարի անց իր քար վերցնելու իրավունքը կորավ: Մայրը լքեց իրենց ու գնաց սիրեկանի հետ: Մի կտոր գուրգուրանքի կարոտ թողեց, վիզը ՝ ծուռ ու խեղճ, թաղի երեխեքի ու գյուղի մեջ: Գնաց: Էդպես էլ չհասկացավ՝ ինքն այնքան էր սիրում նրան, մայրն էլ ՝ իրեն: Ո՞նց կարեցավ մի օտար տղամարդու պատճառով անտեր թողնել իրենց, խորթ մոր դատարկ սուփրայի հույսին, կիսաքաղց ու հալածական:
Որոշեց հանձնվել: Մանավանդ արդեն աչքերին էր իջել ամպի կապտականաչ թմբիրը: Քանի գնում, կանաչն ավելի էր շատանում, իսկ զանգերի ղողանջը՝ թուլանում էր: Կապտականաչն ընդարձակվեց, լցվեց վրան ամեն կողմից, բայց դրա մեջ արդեն հատակից փչող սառնությունը չկար, այլ մի փափուկ, քաշող ջերմություն էր սփռվում, կարծես մեկն այնտեղից նայում էր աներևույթ հայացքով: Այն գրեթե ամառվան երկնքի պարզությունն ուներ ու անտեսանելի թևերով փարվում էր իրեն: Հասկացավ. Մայրը եկել է իրեն տեսակցության: Հեզ խոնարհությամբ Ավիկն սպասեց, որ ամպը գիրկն առնի իր որբուկին:
Հերթապահ բուժքույրն անհանգիստ ոտքի ելավ, նայեց հիվանդի կողմն ու վազելով գնաց: Երկու րոպե հետո մի քանի ճերմակ խալաթավորներ ներս մտան, երկարահասակ բժիշկներից մեկը կրծքին դրեց հարթուկանման գործիքն ու մի քանի անգամ սեղմեց: Պետք չէր:
Ինքը վերևից նայում էր նրանց ու զարմանում էր՝ ինչի՞ համար է իրարանցումը. Առաջին անգամ խորթ մոր հետ ապրած քաղցած տարիներից հետո, բանակի ծեծի ու խոնավ բլինդաժներից հետո, ծանոթ – անծանոթ տղերքի արհամարհանքից , մոր հասցեին արած կեղտոտ հիշոցներից ու ծաղրից հետո, առաջին անգամ ինքը այնքան խաղաղված ու երջանիկ էր: Կարծես նորից մարտի էն արևոտ օրն էր հետ եկել, երբ վազվզում էր թաղամիջի առվով ու սապոկները լիքը ջուր էր լցվել: Բայց այս անգամ ոտքերը չէին մրսում:
Թույլ տվեց, որ լազուրը ամեն կողմից փաթաթվի իրեն ու ճամփա ընկան:
2010
Էջանիշներ