Նախագահականի եւ քաղաքապետարանի դիմակայությունը, որն առաջացավ Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ այս կամ այն տեղը զբաղեցնելու համար վեճի հետեւանքով, փոքր-ինչ հիշեցնում է Երվանդ Օտյանի «Թաղականին կինը» վիպակը, որտեղ, ինչպես հիշում եք, սյուժեի սկզբնական հանգույցը հիմնված է համանման դեպքի վրա, երբ թաղապետի կնոջը եկեղեցում «ոչ պատվավոր» տեղ էին նստեցրել: Ցանկացած նոմենկլատուրայի համար (ոչ միայն հայկական) սկզբունքային հարց է, թե ով որտեղ կնստի, ով ում հետեւից կկանգնի եւ ում հետ ինչպես վերադասը կբարեւի: (Ի դեպ, ժամանակին այդ ամենը մոտիկից տեսնելով՝ ես շատ արագ հասկացա, որ պետական ծառայությունը, մեղմ ասած, իմ տարերքը չէ):
Ինչ մնում է խնդրո առարկա միջադեպին, ապա դատելով նրանից, որ բոլոր լրատվամիջոցները, անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից, ներկայացնում էին կատարվածը միայն նախագահականի մատուցմամբ, այս կառույցը շատ ավելի ակտիվ է տեղեկատվական դաշտում, քան քաղաքապետարանը: Բոլոր դեպքերում գերադասելի կլիներ, որ խնդիրը լուծվեր իրավական, ոչ թե «ապարատային» ճանապարով: Այսինքն՝ քաղաքացի Արամ Կանդայանը ոստիկանություն հայտարարություն տար առ այն, որ քաղաքացի Գագիկ Բեգլարյանն իրեն բռնության է ենթարկել, եւ իրավապահները պարզեին վերջինիս պատասխանատվության չափը: Այն, որ ենթադրյալ տուժողը նման հայտարարությամբ հանդես չի եկել, խնդիրը մեխանիկաբար տեղափոխել է պալատական խարդավանքների դաշտ, որտեղ եւ ստացել է իր լուծումը: Դա Հայաստանում առավել արդյունավետ ճանապարհն է:
Միակ հարցը, որն այստեղ ինձ հուզում է, հետեւյալն է. ոչ ոք՝ լինի նա նախագահ, քաղաքապետ, «պրոտոկոլի շեֆ», թե հավաքարար, իրավունք չունի ոչ մեկի վրա ձեռք բարձրացնելու: Այս դեպքում սկզբունքը, կարծես թե, կիրառվել է: Գագիկ Բեգլարյանը, որն, ի դեպ, իմ կարծիքով, լավ էր աշխատում քաղաքապետի պաշտոնում, հրաժարական տվեց: Բայց Էջմիածնի քաղաքապետը, որը նույնպես վերջերս մարդ է ծեծել, հրաժարական չի տվել: Իր պաշտոնում է մնացել Սյունիքի մարզպետը, որի եղբոր տղաները, իրենց ուսով դիպչելու համար, մարդ են մորթել: Որովհետեւ այս դեպքերում տուժողները «արարողակարգից» չէին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էջանիշներ