Ձերբակալվել է WikiLeaks–ի համակիրը
Հոլանդիայի իրավապահները Հաագայում ձերբակալել են 16–ամյա մի տղայի, որը մեղադրվում է հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հոլանդիայի իշխանություններն անչափահասին, որի անունը չի նշվում, մեղադրում են MasterCard վճարային համակարգի և առցանց վճարումների ամերիկյան PayPal համակարգի դեմ հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ։
Նշենք, որ WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունից հետո նրա համակիրների կողմից ստեղծվել է Anonymous անունը կրող կիբեր բանակ, որի անդամների թիվն արդեն գերազանցել է 5 հազարը։ Այս խմբի անդամները հաքերային հարձակումներ են իրականացնում այն կազմակերպությունների կայքերի դեմ, որոնք որևէ կերպ փորձում են խոչընդոտել WikiLeaks–ի գործունեությունը։
«Հաքտիվիստները» (քաղաքական ենթատեքստով հաքերային գործունեությամբ զբաղվողներ) պնդում են, որ պայքարում են խոսքի ազատության համար։ Նրանցից մեկը՝ 22–ամյա մի ծրագրավորող, The Daily Telegraph պարբերականին հայտնել էր, որ «արշավն ավարտված չէ, այն մինչև հիմա չի թուլացել, և ավելի մեծ թվով մարդիկ միանում են դրան. սա տեղեկատվական պատերազմ է, և մենք փորձում ենք համացանցը հասանելի պահել բոլորի համար»։
Նշենք, որ հաքերները հաջորդը նախատեսել էին գրոհել Amazon–ը, որը հրաժարվել էր հոսթինգ տրամադրել WikiLeaks–ին, սակայն հետո Twitter–ում խոստովանել էին, որ Amazon–ը անհասանելի է իրենց համար։
Հնարավոր է, որ հարվածի տակ հայտնվի Twitter–ը, քանի որ այս ցանցից անհետացել է Anonymous խմբի հաշվառման գրանցումը։
http://www.tert.am/am/news/2010/12/10/wikileaksarrest/
Էջանիշներ