Լինելով քրեական իրավունքից և քրեական դատավարական իրավունքից (անհամեստություն չանեմ ) քչից-շատից տեղեկացված անձնավորություն և ունենալով մեկ տարուց ավելի իրավաբանական պրակտիկա, ինչպես նաև հետևելով ակումբի թեմաներին, գրառումներին՝ կարծում եմ, որ այս թեմայի անհրաժեշտությունն ակումբում ոչ պակաս կարևոր է:
Ակումբում իրավունքների, իրավահարաբերությունների, օրենքների, իրավաբանական խորհուրդների մասին կան շատ թեմաներ: Բայց այս թեման էականորեն տարբերվում է մյուսներից: Այս թեմայում ես կկենտրոնանամ մեզ՝ որպես ՀՀ քաղաքացիների համար առավել կարևոր իրավական հարցերի, խնդիրների շուրջ:
Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ ակումբում կան շատ անձինք, ովքեր թեժ քննարկումներ են կատարում տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական թեմաներում, և ես մի ոչ շատ զարմանալի փաստ եմ պարզել: Այսօր ՀՀ պետական տարբեր ուժային կառույցների առանձին աշխատակիցների (ակումբում ավելի շատ շոշափվում է ոստիկանությունը) կողմից օրական կատարվում են տարաբնույթ օրինախախտումներ և ծառայողական պարտականություններից չբխող գործողություններ (անգործություններ): Շատ ակումբականներ քննարկում, քննադատում, ինչ որ ճիշտ է՝ ոմանք «գյուտեր» են անում՝ տարրական գաղափար չունենալով օրենքներից, կամ copy-paste մեթոդով մեջբերում տարբեր օրենքների հոդվածներ՝ փորձելով յուրովի՝ հիմնվելով սեփական տրամաբանական ունակությունների վրա, մեկնաբանել համապատասխան իրավանորմը:
Այս թեման կլինի «դեղ» օրենքը չիմացողների կամ թերի իմացողների համար:
Բացի այդ, որ նույնպես կարևոր է, կներկայացնեմ խորհուրդներ՝ տարբեր իրավիճակների հետ կապված (հիմնականում ոստիկանության կամ ոստիկանության աշխատակիցների հետ, դատավարական ընթացքի հետ, սեփական իրավունքների տեղեկացվածության և բազմաթիվ այլ խնդիրների), կմեկնաբանեմ ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի որոշ նորմեր: Կտամ մի շարք քրեադատավարական տերմինների ճիշտ բացատրություններ, ինչի խնդիրը ևս առկա է ոչ միայն ակումբցիների, այլ նաև հայ հասարակության և ԶԼՄ-ների շրջանում: Հնարավոր է՝ նախաբանս լրիվ չէ թեմայի համար, կլինեն քննարկման ենթակա շատ ավելի հարցեր:
Թեմայիս նպատակը. մեր հասարակությունը ծայրահեղ սակավ է տեղեկացված օրենքներից, սեփական և այլոց իրավունքներից, ինչը ոչ հազվադեպ առիթ է տալիս տարբեր կամայականությունների: Բացի այդ անձը (ՀՀ քաղաքացին) որևէ արարք թույլ տալիս շատ հաճախ տարրական պատկերացում չի ունենում իր արարքի իրավաչափ կամ ոչ իրավաչափ բնույթի մասին: Կան նմանատիպ շատ այլ հարցեր: Ուստի, այս թեման բացելով՝ նպատակ եմ հետապնդում (չեմ վարանում արտահայտվել) ՀՀ գիտակից ու կիրթ զանգվածին՝ ի դեմս ակումբցիների, և, ինչու չէ, վերջիններիս միջոցով՝ նրանց ծանոթների, հարազատների, բարեկամների և այլոց օգնել գտնել վերոնշյալ խնդիրների լուծման բանալին, մեկ խոսքով՝ մեկ փոքրիկ լումա ներդնել ՀՀ հասարակությունում իրավագիտակցության մակարդակի բարձրացման լուրջ խնդրում:
Գիտությունն ինքնին օբյեկտիվ երևույթ է, մեկնաբանություններս կլինեն օբյեկտիվ, սակայն կտամ նաև սուբյեկտիվ վերաբերմունքս որոշ խնդիրների վերաբերյալ: Կաշխատեմ սպառիչ պատասխանել բոլորիդ հարցերին:
Միակ խնդրանքս. այս թեմայում չեմ ցանկանում, որ լինեն անիմաստ, վիճաբանական բնույթի կամ թեմայիս սկզբունքներին հակասող քննարկումներ:
Էջանիշներ