Վերջին մի քանի օրը ֆեյսբուքում ակտիվորեն մի խումբ է գործում, որը փորձում է իրազեկել քաղաքացիներին եւ կազմակերպված ձևով կասեցնել մի խայտառակ օրենսդրական փոփոխության, որով ծրագրվում է սահմանափակել հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի /այսպես կոչված յուրաքանչյուր տեսակի ժամանակավոր անաշխատունակության դեպքերի/ նպաստները:
Ըստ որոշ տվյալների, վաղը, ժամը 18.30-ին բողոքի ցույց է լինելու Բաղրամյան փողոցի վրա:
Առաջարկում ենք http://www.president.am/president/letter/arm/ նամակ լրացնել նախագահի կայքում՝ կոչ անելով չստորագրել առաջարկած օրենսդրական փոփոխությունը:
Ահա նամակի տեքստը եւ բացատրությունները.
ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանին
Դիմում
Սույն նամակ-դիմումով ձեզ են դիմում Հայաստանում ապրող ներկա և ապագա մայրեր, ովքեր պատրաստվում են ապահովել մեր հասարակության առողջ աճը՝ զավակներ պարգևելով Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն երրորդ ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի արդյունքում մենք` ներկա և ապագա մայրերս, վտանգված ենք համարում մեր և մեր երեխաների ապագան, խնդրում ենք ձեզ անհապաղ քայլեր ձեռնարկել, նման վտանգավոր ռազմավարությունից զերծ մնալու համար. ռազմավարություն, որը սպառնում է մեր երկրի բնակչության թվաքանակի հետագա աճին, ռազմավարություն, որը խոստանում է նպաստել երկրից արտագաղթողների թվի աճին:
Նշենք, որ նախագծով սահմանվում է հղիության և հետծննդյան, ինչպես նաև հիվանդության և խնամքի /այսպես կոչված յուրաքանչյուր տեսակի ժամանակավոր անաշխատունակության դեպքերի/ նպաստների սահմանափակում: Այս նամակով կցանկանայինք առավելագույնս Ձեր ուշադրությունը հրավիրել վերոնշյալ առաջին նպաստին, չնայած որ բոլորն էլ ուղղակիորեն անդրադառնում են մեր ազգաբնակչության բարեկեցության և առողջության վրա:
Այսպես, եթե մինչ օրս հղիության և հետծննդյան նպաստը սահմանվում էր կնոջ փաստացի աշխատավարձի չափով /140 օր հաշվարկված վերջին երեք ամիսներին ստացված աշխատավարձի միջինով/, ապա այս օրինագիծը առաջարկում է սահմանափակել այդ նպաստը առավելագույնս 150.000 ՀՀ դրամի չափով: Նման փոփոխությունը օրենսդրական դաշտում դիտարկում ենք որպես մեր սահմանադրական իրավունքի խախտում, քանի որ ոտնահարվում են ՀՀ Սահմանդրության 34, 35, 36 և 48-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները` այն է` յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք և պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար: Սահմանադրությունը արձանագրում է, որ ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է, իսկ մայրության հետ կապված յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնված երեխայի խնամքի իրավունք: Այդ կանանց այն մասը, որ իրենց ժամանակի և առողջության հաշվին ջանքեր են գործադրել կրթություն ստանալ, մասնագիտանալ և աճել, դա արել են իրենց և իրենց ընտանիքների բարեկեցության համար և ներկայումս արդար չեն համարում իրենց և իրենց երեխաներին հասանելիք նպաստների նմանատիպ սահմանափակումը: Մեզ համար անըմբռնելի է այս որոշման “սովետական հոգին” երբ պետության կողմից սահմանվում է տոտալիտար հավասարացում, և բարձր վարձատրվող կանանց իրավունքների այսչափ ոտնահարում:
Մենք գնտում ենք, որ նմանատիպ փոփոխությունները կարող են միայն բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետության համար, ելնելով ստորև բերված փաստարկներից.
Ծնելիության կտրուկ անկում: Այս նախագիծը կստիպի 150.000ՀՀ դրամից ավել աշխատավարձ ստացող յուրաքանչյուր մոր այլընտրանքի առջև կանգնել` պահպանել նորմալ կենսակե՞րպ, թե՞ զավակ ունենալ, և վերջինիս մատնել շատ պայմանական գոյության թե՛ խնամքի միջոցների, տնային պայմանների և թե՛ որակյալ բուժ օգնության առումով /այսպիսի տենդենց է նկատվում եվրոպական երկրներում, որտեղ մայրերի տարիքը գնալով մեծանում է, իսկ երեխաների քանակը կտրուկ նվազում/: Եթե սրան ավելացնենք ներկայումս երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների խնդիրը, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը ստիպված է բնակարան վարձակալել կամ, լավագույն դեպքում, հիպոտեքային վարկ մարել, որը հաշվարկվել է իրենց փաստացի ստացվող աշխատավարձից: Այս ընտանիքների համար առաջարկվող օրենսդրական փոփոխությունը ուղղակիորեն բացառում է զավակ ունենալու միտքը:
Աշխատավարձերի ստվերայնության ավելացում: Մեզ համար գաղնտիք չէ, որ բազմաթիվ հիմնարկներ գրանցում և հարկեր են վճարում իրականությանը չհամապատասխանող եկամուտներից, այն է` աշխատակիցները ստանում են չգրանցված եկամուտներ: Վերջերս գիտակից, այլընտրանք ունեցող և լուրջ մասնագետ հանդիսացող երիտասարդության մեջ, դիտարկվում է հստակ տենդենց գարծատուից պահանջել լիովին գրանցել իրենց տրվող եկամուտները: Սա արվում է երկու պատճառով` պետության դիմաց պարտքի գիտակցում, մյուսը` անձնական նպաստներից օգտվելու հնարավորություն: Սա վերաբերվում է հատկապես երիտասարդ կանանց, որոնք զավակներ ունենալու մտադրություն ունեն, ինչը, սակայն, սույն օրինագծով վտանգված է: Այսպիսով, երբ պետությունը դադարում է հոգ տանել քաղաքացու մասին, պետական պարտքի հանդեպ վերաբերմունքը նույն ճակատագրին է արժանանում:
Միջինից բարձր վարձատրվող մասնագետների կտրուկ արտահոսք երկրից: ՀՀ-ում 150.000 ՀՀ դրամից ավել ստացող երիտասարդները հիմնականում հանդիսանում են բավականին որակյալ մասնագետներ և նրանց մեծամասնությունը տիրապետում է օտար լեզուների: Քանի որ այս օրինագիծը անմիջականորեն ազդում է իրենց կենսամակարդակի վրա, այն ուղղակիորեն կխթանի այդ մասնագետների արտագաղթը դեպի ավելի արդար աշխատանքային և կենսական պայմաններ առաջարկող օտար երկրներ: Հատկապես, երբ ներկայումս բոլորիս ուշադրությանն են արժանանում հարևան և բարեկամ երկրներում հետզհետե ծնելիության աճին նպաստող միջոցառումների կտրուկ զարգացումները, տպավորություն է ստեղծվում, թե մեր պետությունը կարիք չունի ոչ բնական աճի, ոչ աճող և խոստումնալից երիտասարդ մասնագետների:
Վերը թվարկված բացասական երևույթները հաշվի առնելով,այնուամենայնիվ, ցանկանում ենք հավատալ , որ օրինագծի բուն նպատակը չի եղել այդ տենդենցների արթնացումը, այլ, ինչպես բազմիցս նշվել է մամուլում` սա մի փորձ էր կանխել գործատուների կողմից չարաշահումների դեպքերը: Միանգամայն համաձայն լինելով այդ մոտեցմանը, սիրով կողջունենք անմիջապես այդ չարաշահումները կանխող մտահղացումները և փոփոխությունները, որոնք չեն հանգեցնի և ոչ մի սոցիալական խմբի` այս դեպքում մոր և մանկան կենսամակարդակի էական վատթարացմանը: Գտնում ենք, որ սրանում է կայանում մեր օրենսդիր մարմնի ուղղակի պարտականությունը և մեզ իրավունք ենք վերապահում պահանջել այն իրականացնել չոտնահարելով մեր` ՀՀ ներկա և ապագա մայրերի իրավունքները:
Քանի որ ներկայումս այս օրինագծի ընդունմանը կարող եք խանգարել միայն Դուք՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքից և չստորագրելով այն, խնդրում ենք հաշվի առնել մեր մտահոգությունը և իրականացնել ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով ամրագրված պետական գերակա նպատակներից մեկի` ընտանիքի, մայրության եւ մանկության հովանավորությունը:
Էջանիշներ