Ռիգոլետոն կամ բալլադ պաշտոնի մասին
ՙԱրմենիա՚ կորպորացիան ոչնչով չէր առանձնանում Մոսկվայի իր տասնյակ անվանակիցներից: Մայրաքաղաքի արվարձաններից մեկում ծաղկում էր ու բարգավաճում` համալրված հայ աշխատակիցներով: Իհարկե ոչ բոլորն էին հայեր: Կան պաշտոններ ու պարզապես սովորական հաստիքներ, որոնք հատկապես ռուսական ծագումով աշխատակիցներ են պահանջում: Այդպիսիք ՙԱրմենիայում՚ երկուսն էին: Պաշտոն ունեցողը փոխնախագահներից մեկն էր, կոչենք նրան Իվան Իվանիչ, իսկ սովորական հաստիք զբաղեցնողը` նախագահի քարտուղարուհին, Օքսանա անվանենք նրան, ինչն առավել հավանական կարող է լինել: Իսկ թե որն էր նրանց աշխատանքի յուրօրինակությունը, որ հատկապես ռուս էր պահանջվում, կարծում եմ պարզից էլ պարզ է:
Իվան Իվանիչի դերը հույժ կարևոր էր դառնում, երբ հարկ էր լինում լեզու գտնել տեղացի որևէ պաշտոնյայի հետ, ում աչքին բոլոր կովկասցիները հավասար էին, լինեին հյուսիսային թե հարավային ծագման, որոնց նա ատելու աստիճան արհամարհում էր և արհամարհելու աստիճան ատում, քանի որ բոլորն էլ հանցագործ հակումներ ունեցող ստոր խաբեբաներ էին: Հենց այստեղ էլ առաջ էր գալիս Իվան Իվանիչը, որը չնայած առանձնապես ծանրաբեռնված չէր ցերեկները, իսկ երեկոները հարբեցողությամբ զբաղվելու մեղքին էր ենթարկում առանց այն էլ օղու գոլորշիներից ապխտահար եղած իր բազմաչարչար մարմինը, սակայն երբեք չէր ուշանում աշխատանքից և ուղիղ ժամը իննին ներկայանում էր մաքուր սափրված դեմքով և անթերի արդուկված կոստյումով: Իվան Իվանիչը կովկասյան ազգերի յուրահատկություններից վատ գլուխ հանող պաշտոնյային ներկայանում էր ամեն գնով իր իրավունքները օրենքի ուժով պաշտպանելու պատրաստ ռուս մարդու ազնիվ հաստատակամությամբ, կորպորացիայի օրինական դաշտում աշխատելու տասնյակ ապացույցներ էր ներկայացնում, ամրագրում դրանք արտոնություններով ու բազմաթիվ այլ խայտաբղետ թղթերով, ինչպես և պաշտոնյային ծանոթացնում հայկական կոնյակին, որով և վերջնականապես գերում էր հավերժ մեղքի ծարավ նրա հոգին:
Օքսանայի աշխատանքը նույնպես յուրահատուկ բնույթ ուներ, սակայն այս դեպքում խոսքն ավելի շուտ արտաքին հատկությունների մասին էր, որոնք այնքան դժվար կլիներ գտնել նրա հայ սեռակիցների մեջ: Օքսանան բարձրահասակ էր (մոտ 186 սմ), ուներ զույգ երկնագույն խոշոր աչքեր, մետաքսանման սպիտակ մաշկ, բնական խարտյաշ մազեր, որոնց երբեմն բացարձակ սև ներկելու անարդարությանն էր ենթարկում, փարթամ կուրծք, որը կիսաբաց ցուցադրելու սովորությունը վաղուց արդեն մոլության էր վերածել, սլացիկ ոտքեր, որոնք վարպետորեն ավելի էին երկարանում բարձրակրունկ կոշիկների օգնությամբ և ի ցույց ամենքի ներկայանում իրենց ողջ հմայքով, գեղեցկությամբ ու անամոթությամբ: Իվան Իվանիչին բոլորն էին սիրում, իսկ ահա Օքսանային համակրում էր սոսկ ձեռնարկության արական հատվածը:
Քանի որ խոսք գնաց զգացմունքներից, հավելենք նաև, որ հրապարակի վրա միայն Իվան Իվանիչի ու Օքսանայի հանդեպ տածած կրքերը չէին: Ինչպես և ամենուր, ՙԱրմենիայում՚ նույնպես բոլորն աշխատում էին ի ցույց դնել իրենց մասնագիտական որակները, նկատվել նախագահի կողմից, պաշտոնի բարձրացում կամ դրամական պարգևատրություն ստանալ: Ընդ որում, թերևս ավելորդ է որ հեղինակը նշի` սահմանափակ ունակությունների տեր աշխատակիցները ավելի վարպետորեն էին ներկայացնում ունեցած-չունեցած արժանիքները, մինչդեռ իրենց գործը լավ իմացողները մեծամասամբ աշխատում էին գլուխները կախ և առանց ավելորդ աղմուկի: Ոմանք այստեղ բարեկամաբար էին տրամադրված միմյանց նկատմամբ, ոմանք նույնիսկ իսկական բարեկամներ էին: Սակայն էլ ավելի ոմանք դաժանորեն մրցակցում էին` ինչպես հմտորեն լարված մահացու թակարդներ, այնպես էլ գործի մեջ բազմիցս իրենց արդարացրած խարդավալից ծուղակներ օգտագործելով: Պետք է ասել, սակայն, որ ՙԱրմենիա՚ կորպորացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը պարկեշտ ու իմաստուն մարդ էր և կարողանում էր բարին զատել չարից ու մեծամասամբ նրա անձով էր պայմանավորված, որ կորպորացիայի անձնակազմը չափազանց չէր տարվում սնապարծ մոլություններով:
Բանսարկությունների ու պաշտոնների նկատմամբ անտարբեր մարդուն կարող է ծիծաղելի թվալ, թե ինչի էին ձգտում ձեռնարկության աշխատողները: Արժե± այդքան ջանք, եռանդ ու ժամանակ վատնել հեռանկարում պաշտոնի փոքրիկ առաջխաղացում ունենալով, որը գուցե առանց դրան էլ մի գեղեցիկ օր հենց այնպես տրվեր, և կամ աշխատավարձի հարյուր դոլարանոց հավելումի համար, որը ոչ մեկի գրպանն, իհարկե, չի ծակի, բայց առանց որի էլ կարելի է հիանալի ապրել: Բայց ինչպես ասում էր աբբա Ֆարիան կամ ավելի ճիշտ` նրա շուրթերով` մեծն Ալեքսանդր Դյուման, թագավորը խանգարում է իր հաջորդին, իսկ գրագիրը` ենթահաստիքային գրագրին:
Այդպես էր և այստեղ: Երիտասարդ դռնապանը երազում էր հիմնական աշխատանքի անցնել. դրանով նա խիստ պատկառելի կդարձներ իր անպաճույճ անձը, ինչը կենսականորեն անհրաժեշտ էր, որպեսզի ամուսնության առաջարկ անի մի գեղանի աղջկա, ում հայրը բավական լուրջ էր մոտենում իր ապագա փեսայի հասարակական դիրքին ու դրան ուղիղ համեմատական տարեկան եկամուտին: Հաշվապահը ցանկանում էր գլխավոր հաշվապահի տեղակալ դառնալ, գլխավոր հաշվապահի տեղակալը` գլխավոր հաշվապահ, իսկ այս վերջինի խարդավալից գլուխն ավելի հեռուն գնացող ծրագրեր էր մտմտում: Մի խոսքով, այստեղ էլ գրագիրները խանգարում էին ենթահաստիքային գրագիրներին, իսկ թագավորը փակում էր գահաժառանգի ճանապարհը: Եվ եթե առանձնապես ծավալվելու ցանկություն չունենք գրագիրների վերաբերյալ, ապա թագավորի ու նրա հաջորդի մասին թերևս մի փոքր մանրամասնենք:
Դավիթ Սարգսյանի մասին արդեն պատիվ ունեցանք խոսելու: Իսկ ահա հավակնորդին դեռ նոր ենք ներկայացնելու: Կադրուս Գասպարյան. այսպես էին կոչում այն մարդուն, ով թաքուն կրքոտ հայացքներ էր նետում նախագահական լուսաշող աթոռին, սակայն չէր համարձակվում հոգոց հանելուց այն կողմ անցնել: Իսկ ամենավատն այն էր, որ հարգարժան Կադրուսն այս հարցում անզոր էր բոլոր առումներով: Հենց Դավիթ Սարգսյանն էր, որ ընդառաջելով մի ընկերոջ խնդրանքին, Կադրուսին տարիներ առաջ հանել էր Հայաստանի մի խուլ գյուղից ու մարդամեջ մտցրել:
Գոմից պալատ, կամ ինչպես ռուսներն են հաջող մեկնաբանում` նավից պարահանդես: Դա պատկերացնել է պետք: Խոզի թրիքի գարշահոտի փոխարեն շնչել թանկարժեք օծանելիքի բուրմունք, գյուղական մեռյալ կյանքի տաղտկությունը փոխարինել աշխարհի ամենաաշխույժ քաղաքի եռուզեռին սեփական մասնակցությամբ, տգեղ ու անմատչելի գեղջկուհիների փոխարեն ձեռքի տակ ունենալ գեղեցիկ ու հասանելի պչրուհիներ, հագնել գուլպաներ, որոնք ոչ ծակ են և ոչ էլ կեղտոտ ոտքերին բնորոշ քրտնահոտ են արձակում, մաքուր վերնաշապիկ վայելել ու դրանցից մի քանիսն ունենալ, կյանքում առաջին անգամ անձնական օգտագործման փողկապի տեր լինել, բացահայտել շոգեբաղնիքի հրաշքներն ու գարեջրի փիլիսոփայական նշանակությունը, օղի խմել արտասահմանյան ծագում ունեցող շշից, որն ակցիզային դրոշմանիշ ունի, տրաքվելու չափ երշիկ ուտել ու գազավորված գույնզգույն խմիչքներ խմել վրայից, և վերջապես գրպանում ունենալ կանխիկ դրամ, որը մոլությունների չտրվելու դեպքում լիուլի հերիք է ապրելու համար: Մի±թե սա չէ իսկական երջանկությունը: Սա° է` կշտապեն պատասխանել հազարավոր կադրուսգասպարյաններ: Այդպես կպատասխաներ նաև ինքը`Կադրուս Գասպարյանը, բայց տասը տարի առաջ միայն: Իսկ հիմա փոխնախագահ էր, իր գյուղական ծագումը թյուրիմացություն էր համարում, որը, փառք Աստծո, արդարություն կա աշխարհում, ժամանակին ուղղվել էր: Ուղղվել էր, սակայն ժամանակը` գոյություն ունեցող փիլիսոփայություններից ամենախարդավանալիցը, իր հոսի մեջ մաշեցրել էր ու ծռել փոխնախագահի թարմատաշ գավազանը, որը ոչ վաղ անցյալում այնքան պայծառ շողում էր նախկին գյուղացու մտահորիզոնում:
Արդեն բացատրվեց, թե ինչու Կադրուս Գասպարյանը բարոյական իրավունք չուներ գահընկեց անելու Դավիթ Սարգսյանին: Սակայն հարցի բարոյական կողմի վերաբերյալ միշտ էլ կարելի է որևէ պատշաճ բացատրություն գտնել, իսկ ծայրահեղ դեպքում` թքել բոլոր բարոյական նորմերի վրա: Մեկ անգամ է մարդ ապրում, հանուն նախագահական աթոռի արժե և այդպիսի քայլի դիմել: Սակայն, ցավոք, բանն այն էր, որ տարաբախտ Կադրուսը չէր կարող նպատակին հասնել, եթե նույնիսկ իր ողջ էությամբ պայքարեր Դավիթ Սարգսյանի դեմ: Ինչ-որ պահի նա ցավով գիտակցեց, որ դա երազ է, իսկ երազները, ինչպես հայտնի է, երբեք չեն իրականանում: Այսպես ապրում էր նա` առանց կյանքից հաճույք ստանալու և սրտանց զզվելով աշխատանքից, որից բարձր ցատկելու բոլոր փորձերն ապակուն անօգնական զարկվող ճանճի բախտավիճակն էին հիշեցնում, երբ հանկարծ...
Լուրը հնչեց իբրև կայծակ անամպ երկնքում: Եվ թող օրհնված լինի այն ակնթարթը, երբ արարվեցին բոլոր դժբախտ պատահարները: Մոսկվայում դրանք բավական հաճախադեպ են, բայց եզակի բախտ է պետք, որպեսզի նման պատահարի զոհ դառնա այն մարդը, որը հատկապես խանգարում է ձեզ: Հայտնի չէ, պայմանավորված աստղերի հատուկ դասավորությամբ, թե նախանձ մարդկանց չար աչքով` Սարգսյանի մեքենայի արգելակային համակարգը հրաժարվեց գործել, ինչի հետևանքով այն բախվեց կանգառած ավտոբուսին ու սարսափելի խեղումներ պատճառեց կորպորացիայի ղեկավարին: Երբ նրան մեքենայից հանեցին, ավելի շուտ արնաշաղ մսագունդ էր հիշեցնում, ու եթե տեղ հասած ՙշտապ օգնության՚ անձնակազմը հիվանդանոցի փոխարեն դիարան տաներ նրան, ապա շատ սխալված չէր լինի: Ոտքերը փշրված էին, կողոսկրերը` կոտրված: Գլխին նկատելի էր մի սարսափելի վերք, որպիսին ռեժիսորները պատկերում են ռազմաշունչ ֆիլմերում, երբ որոշում են առավել տպավորիչ ներկայացնել կինոնկարի հերոսի մահը: Արյունն այնքան առատ էր մարմնի ու մեքենայի նստելատեղի վրա, որ կասկածի տակ էր դնում բժշկական հայտնի վարկածը: Մի±թե մարդու կենարար հեղուկն ընդամենը հինգ լիտր է: Նույնիսկ հիվանդանոցի տարեց բժիշկը` մի սառնարյուն ռուս մարդ ու ամենօրյա դիակների սովոր` Հիպոկրատի արժանի հետևորդ, սահմռկեց` տեսնելով պատգարակին փլված արնաշաղախ խյուսը: Ցանկանում էր անմիջապես եզրակացնել` ՙկյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ գանգոսկրի …… և այլն, և այլն՚, բայց վերջին պահին որոշեց մի քիչ էլ սպասել: Սիրտը շարունակում էր բաբախել, իսկ դա նշանակում էր, որ մարդը դեռևս պաշտոնապես մեռած չէ, այս վերջինն իր հերթին նշանակում էր, որ նրան անհրաժեշտ է օգնություն ցույց տալ:
Հիվանդանոցի ձեռներեց աշխատակիցները հագուստների միջից դուրս քաշեցին Սարգսյանի անձնագիրը, որի օգնությամբ պարզեցին մահամերձի արյան խումբը, իսկ բջջային հեռախոսով զանգահարեցին առաջին իսկ պատահած համարով, որպեսզի ինչ-որ կերպ լուր տան հարազատներին: Օքսանայի խոշոր երկնագուն աչքերը ապշանքից լայնացան, երբ տեսնելով սիրելի շեֆի հարգանք ներշնչող ու միայն մեկ թվով արտահայտված համարը` օտար մարդու ձայն առավ լսափողից: Իսկույն մտածեց, որ նրան ավազակներն են առևանգել. այդպիսի բաներ հաճախ էին կատարվում Մոսկվայում, սակայն քիչ-քիչ հասկացավ եղելությունը, ինչի հետևանքով համարյա կորցրեց գիտակցությունը և միայն երբ նախագահի օգնական Ռուզաննան (մի շատ լավ աղջիկ) նրա երսեին դատարկեց ծաղկամանի ամբողջ ջուրը, վերստին կենդանության նշաններ ցույց տվեց: Կորպորացիան խուճապի մատնվեց: Մինչ այդ Դավիթ Սարգսյանի դիրքներն այնքան անսասան էին եղել, իսկ առողջությունն` այնքան ամուր, որ նրան համարյա թե անմահ էին կարծում: Իսկ հիմա ձեռնարկությունը գլխատված էր, և ժամ առ ժամ սպասում էին վատթարագույնին: Բոլոր գործնական հանդիպումները չեղյալ հայտարարվեցին: Կորպորացիայի կեսից ավելին պաշարեց Շտապ օգնության հիվանդանոցը, որ ինչ-որ կերպ օգտակար լինեն, և նույնիսկ գլխավոր բժշկի ու միլիցիայի միջամտությունը չօգնեց ազատվել այդ համառ մարդկանցից: Դավիթ Սարգսյանը լավ ղեկավար էր եղել, անհրաժեշտության դեպքում ձեռք էր մեկնել բոլորին, ու բնավ զարմանալի չէր, որ մարդիկ ցանկանում էին երախտահատույց լինել: Ճիշտ է, նրանց մեջ կային նաև այնպիսիք, որ սոսկ ձևացնում էին, սակայն անպայման պետք է նշել` աշխատակիցների մեծ մասի զգացմունքները լիովին անկեղծ էին:
Կադրուս Գասպարյանը նույնպես այստեղ էր, արտաքուստ մտահոգ ու սրտացավ, սակայն նրա հիվանդանոցում գտնվելը լոկ մեկ բանով էր պայմանավորված: Կապրի± Դավիթ Սարգսյանը, թե ոչ. սա էր միայն հետաքրքրում նրան: Սկզբնական տեղեկատվությունը հուսադրող էր` հազիվ թե: Հիվանդի վիճակը կայուն էր, բայց` ծայրահեղ վատ, և բժիշկները դժվարությամբ էին կարողանում բացատրել սրտի համառ բաբախյունների պատճառը, որոնք հազիվ լսելի էին, բայց մարմնի մեջ կյանքի առկայության տարօրինակ փաստն էին արձանագրում: Հիմնվելով մի հեղինակավոր բժշկի կարծիքի վրա, ում ախտորոշումը բխում էր իր անմիջական շահերից, Կադրուսը որոշեց, որ այլևս անելիք չունի հիվանդանոցում ու պատճառաբանելով կորպորացիայի աշխատանքի դադարեցման անթույլատրելիությունը` վերադարձավ հիմնարկ:
Շարունակելի...
Էջանիշներ