Երկար ժամանակ համառորեն համոզում էի ինձ, որ ակումբում առանձին օրագիր պետք չի պահել: Մտքին եկածի համար «Անկապը..» կա: Բայց հաճախ այնպիսի բաներ են գալիս մտքիս, որ փոխկապակցված են ու «Անկապում» ընդհանուր ներքին տրամաբանությունը կորում է:
Էլ չեմ ասում, որ բարեկամներիցս մեկը բոլոր առիթներով ասում է. «Մի' գրիր, ուզում եմ, որ այնպես ապրես, որ գրելու ցանկություն չունենաս...»: Կուզենայի լսել իրեն, բայց արդեն չի ստացվում:
Օրագիրը դժվար է գեղարվեստական ստեղծագործություն համարել, դա երևի հենց էն «ոսկի միջինն է», որ և' գրելուն, և' չգրելուն է վերաբերում: Գրելուն վերաբերում է այնքանով, որ որոշակի տպավորություններդ համենայն դեպս հրապարակային ես դարձնում, իսկ չի վերաբերվում նրանով, որ ջանքեր չես թափելու հերոսներ ստեղծելու վրա:
Արդեն այնպես է ստացվել, որ ամեն քայլափոխի՝ անկողնուս կողքին, խոհանոցում, հարթուկի սեղանի տակ, թերթակալի մեջ, կոմպի կողքին, ամենու'ր միշտ մի քանի թերթ սպիտակ թուղթ ու գրիչ կա: Ինչպես մոլի ծխողների տանը ամենուրեք մոխրամաններ կան, մեր տանն էլ այդ թուղթ ու գրիչներն են: Բայց դա չի նշանակում, թե ամեն օր մի բան գրում եմ անպայման: Դա նշանակում է, որ այնքան ծույլ եմ, որ նույնիսկ ամենասիրուն գաղափարները գրի առնելու համար մի քանի քայլ ավելի չեմ ուզում գցել: Գաղափարներս էլ հազարամյակի փիլիսոփայական մտքի շտեմարանի զարդը դառնալու հավակնություն չունեն, դրանք ընդհամենը կասկածներ են: Որովհետև արդեն ո'չ մի բան հաստատ չգիտեմ:
Գնացինք:
Էջանիշներ