User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից

    Ողջույն բոլորին
    Մի քանի օր առաջ անելանելի վիճակում էի հայտնվել: Մտածեցի ում հետ էլ կարող եմ կիսվել, եթե ոչ ակումբակիցների, որոնք բոլորից լավ ինձ կհասկանան: Իսկ թե ինչ էր եղել հիմա կասեմ: Կորցրել էի իմ ֆլեշկան, որն առանձնապես մի բան չէ Բայց հենց դրա վրա էր գտնվում իմ նոր, դեռևս չվերջացրած վեպը, որի վրա մի տարուց ավելի աշխատել էի: 2 մեքենա էի տեխնիկական զննում անցկացնում, 1.000 անգամ ձեռքս գրպանս էի տարել ու զանազան թղթեր ու դրամ հանել ու դրել տեղը: Ինչ հիմնարկությունում որ եղել էի գնացի ու ստուգեցի, բոլորը պատրաստակամորեն փորձեցին օգնել, բայց ֆլեշկան չկար ու չկար: Համակարգիչի միջից էլ մաքրել էի թարսի պես 2 ժամ ապարդյուն փնտրելուց հետո զանգեցի մի լավ ընկերոջ ու ասացի - Դու ավելի լավ ես ճանաչում ինձ, քան ես ինքս, ըստ քեզ որտեղ կորցրած կլինեմ: - ի դեպ արդեն մեկ անգամ մեքենայիս բանալին գտել էր այդ մարդը նույն իրավիճակում Հիմա էլ խորհուրդ տվեց, մեքենայի նստարանի տակ նայել: Երեք անգամ նայեցի չկար: Հանկարծ ուշադրությունս գրավեց մի սարք, որից լարեր էին գնում չգիտես թե որտեղ: Սա ինչ է, մտածեցի և ուշադիր նայեցի: Հենց էդ սարքի մոտ էլ ընկած էր ֆլեշկան Գառ եմ խոստացել, որպես մաղարիչ, բայց մտածում եմ որ քիչ է:


    Ձեր ընթերցմանն եմ ներկայացնում մի գլուխ, որը ոչ ամենալավն է վեպի մեջ, ոչ էլ ամենավատը: Խմբագրված և սրբագրված չէ, տառասխալները խնդրում եմ որպես դիտողություն չներկայացնել: Կխնդրեի նաև կարծիքներ հայտնել ըստ էության: Քննադատություն անելը մարդու պարտքը չէ






    Գարնանային զով երեկո էր: Համարյա ամբողջ օրը հորդ անձրև էր տեղացել և չնայած այն բանին, որ երբեմն ամպերի տակից ծիկրակել էր արևը` գետինը չորացնելու նրա բոլոր երկչոտ փորձերն ապարդյուն էին անցել: Խաչբերդ գյուղը կարկատնավոր թիկնոց հագած թափառաշրջիկի էր նման, որը անձրևից պատսպարվելու տեղ չէր գտել և այդ պատճառով ոտքից գլուխ թրջվել էր: Ամենուր տեսանելի էին բնության ամենաջրառատ տարերքի հետքերը: Տանիքներից կաթկթում էր, տեղ տեղ ջրափոսեր էին առաջացել, իսկ որոշ հատվածներում ցեխն այնքան մածուցիկ էր ու կպչուն, որ ճանապարհը հավասարապես անանցանելի էր թե մարդկանց և թե անասունների համար: Այդպիսի օրերին գյուղի բնակիչները սակավ էին տանից դուրս գալիս և եթե չլիներ անասուններին կերակրելու հոգսը, նրանք կգերադասեին ոտքերը լայն մեկնած պառկել թախտին կամ հատակին, չոր խոտի վրա, ծուլորեն ննջել ու անհոգ կերպով հորանջել` մտքում գոհ լինելով այն բանից, որ բնությունը չնախատեսված մեկ հանգստյան օր նվիրեց:

    Այդպիսի անեղանակ օրերը իրենց անցկացվելու ձևն ունեին: Երեկոն իջնելուն պես երեք չորս ընտանիքներ հավաքվում էին մեկի տանը կամ ամբարում, որտեղ որևէ ճարտասան` սովորաբար անգրագետ, բայց փայլուն հիշողության տեր, ժողովրդական ասքեր ու հինավուրց հեքիաթներ էր պատմում: Պատմությունները որպես կանոն երկար էին և հաճախ անհրաժեշտություն էր առաջանում հետաձգել այն հաջորդ անգամվան:
    Ռուբենի ընտանիքը չէր մասնակցում այդպիսի հավաքույթների: Ինքը տանտերը, հաճախ էր բացակայում տանից, որպես կանոն հետը տանում էր Ստեփաննոսին և Գաբրիելին, իսկ Բեաթրիսը մնում էր տանը, աղոթում նրանց բարեհաջող վերադարձի համար ու տան տնտեսությունը վարում: Այս անգամ սակայն Բեաթրիսը մենակ չէր: Ռուբենը Կոռոմոզոլ էր մեկնել, բայց Ստեփաննոսին հետը չէր տարել: Առավոտյան մի աննշան պատրվակով բարկացավ վրան, ասաց որ իշխանի մոտից վերադառնալուն պես կվռնդի ու գնաց: Իհարկե ոչ մի խանգարող բան չկար, որ նախքան իշխանի մոտ գնալը կարգավորեր իր ու Ստեփաննոսի հարաբերությունները: Զինազկիր ծառայի պայմանագրի խզումն իր տերերի հետ հաշվարկի ու գրագրության հետ որևէ կերպ կապված չէր, սակայն փաստն այն էր, որ այս անգամ Ստեփաննոսը իրեն քաշեց փշոտ ու տատասկոտ իր երկար լեզուն և բոցաշունչ ելույթով հերթական հրաժարականը չներկայացրեց:


    Բնավ չէր կարելի ասել, թե տանը աշխույժ եռուզեռ էր: Բեաթրիսը տան առօրյայով էր զբաղված, իսկ Ստեփաննոսը մի անկյունում նստած սամարղանդյան դեղնավուն թղթի վրա ինչ որ բան էր խզմզում: Տանտիրուհու պնդմամբ դրանք սատանայական նշաններ էին, իսկ այդպիսի կարծիքի Բեաթրիսը եկել էր այն բանից հետո, երբ տան այսպես կոչված ծառան, հրաժարվել էր ցույց տալ շարադրվածքի բովանդակությունը և բազմաթիվ խորամանկ հնարքներ էր գործի դրել այդ նպատակով: Ընդ որում Ստեփաննոսն այնքան խորասուզված էր եղել իր գործի մեջ, որ չլսելու էր տվել անասունների կերակրելուն վերաբերվող Բեաթրիսի բոլոր հրամայական կոչերը, իսկ թղթի վրա կախարդական հմայիչ նշաններ անելու ընթացքում նրա երեսին հաճախ երանելի ժպիտ կամ կարոտալից արցունքներ էին երևացել: Երեկոյան կողմ, երբ անձրևն արդեն դադարել էր, իսկ Ռուբենն ու Գաբրիելը դեռևս չէին վերադարձել, մի տարօրինակ զուգադիպությամբ Բեաթրիսն ու Ստեփաննոսը միառժամանակ ավարտեցին իրենց անձնական աշխատանքը: Տանտիկինը մի կողմ դրեց ավելը, իսկ ծառան խնամքով թաքցրեց գրենական պիտույքները:


    - Անձրևը կտրվեց, տիրուհի,- տեղում ձգվելով ասաց Ստեփաննոսը,- բայց պատասխանի չարժանացավ:


    Պատերազմում զինակիր, իսկ խաղաղ ժամանակներում տան ծառա Ստեփաննոսը հորանջեց, ապա տրորեց հոգնատանջ աչքերը և մի մարդու տարակուսանքով, որ խորը քնից արթնանալուն պես իրեն Լուսնի վրա է հայտնաբերել ասաց:


    - Ռուբենն ու Գաբրիելը դեռ չկան, հավանաբար Կոռոմոզոլում կգիշերեն: Այսպիսի եղանակին շանն էլ դուրս չեն թողնի: Գիտեմ, թե ինչպես է իշխանը հոգ տանում իր զորականներին: Հարազատ եղբորից չի տարբերում նրանց: Հիմա տերերը որսի թարմ միս են ճաշակում ու վրայից արյան պես ալ կարմիր գինի են խմում:


    - Ախ դու բարեհաճում ես տերերին հիշել.- կրակի հանդիպած ականի պես պայթեց տանտիկինը:- Երեք անգամ Ասլան շունը հաչեց, բայց դու քո սատանայական գրերից ակնթարթ իսկ չկտրվեցիր, որպեսզի տեսնես, թե ով է: Գուցե տերերն էին վերադարձել, գուցե թուրքերն ու իշխան Օշին էին կողոպտում մեր գյուղը, գուցե աշխարհի վերջն էր եկել…


    - Աշխարհի վերջը շան հաչոցով չի ավետվում, տիրուհի,- զարմանալի անվրդովությամբ ու բնավ չթաքցնելով այն թողտվական ու ներողամտական ժպիտը, որպեսզին կարելի է ցուցաբերել լոկ աստվածային գործերից անտեղյակ կնոջ նկատմամբ, առարկեց Ստեփաննոսը:- Իսկ Ասլան շան հաչոցները լավ եմ տարբերում: Թշնամու տեսնելուն պես նա կկտրեր կապն ու հարձակման կանցներ, գողերի ու պատահական անցորդների դեպքում կհաչեր բարձր ու անընդմեջ, հարևաններին` որոնց ճանաչում է, ողջույն - հաչոց կուղղեր, բայց և ներս չէր թողնի մինչև մեր գալը… Իսկ Ասլանի այսօրվա երեք ելույթները պայմանավորված են սոսկ այն բանով, որ շունը է, պետք է հաչի, որպեսզի հաչելը չմոռանա…


    - Ինչպես որ դու ես շաղակրատում, որպեսզի շաղակրատելը չմոռանաս: Դե ինչ, իսկը տեղին է դա, քանի որ այսօրվա ընթացքում խուլ ու մունջ ճգնավորի պես գամված էիր տան մի անկյունի, որի վրա կարելի է կարծել, թե սիրահարված ես:


    - Իզուր ես ինձ նախատում տիրուհի,- հոգոց հանեց Ստեփաննոսը,- Ծեր մարդ եմ ես: Ամբողջ օրը Սուրբ գիրքն եմ կարդացել ու աղոթել հոգուս փրկության համար: Բազմաթիվ են իմ մեղքերը, իսկ ապաշխարհելու համար քիչ ժամանակ է մնացել:


    - Բարեպաշտ գործ է, խոսք չունեմ, Սուրբ երրորդությունը քեզ օգնական,- հեգնեց տիրուհին,- իսկ թղթի վրա հավանաբար հատ հատ գրի էիր առնում մեղքերդ, որպեսզի հանկարծ նրանցից մեկը չմոռանաս ու մոռոցված յուրաքանչյուրի պատճառով քավարանում տասը ավելորդ տարի չանցկացնես:


    Ստեփաննոսը գողացված հավը բերանի մեջ բռնված աղվեսի պես անակընկալի եկավ, բայց արագ տիրապետեց իրեն և ջանաց մտածել այնպիսի պատասխաններ, որոնք մեկընդմիշտ կազատեին նրան տանտիրուհու համառ հետապնդումներից:


    - Ես ընդամենը մանկական հիշողությունների էի տրվել,- անխռով ասաց նա,- Մտքումս վերականգնում էի Անի քաղաքի շինությունները, ապա ջանում հանձնել դրանք թղթին:


    - Մի թե,- կեղծ զարմանք արտահայտեց տանտիրուհին, որին շատ լավ հայտնի էին Ստեփաննոսի խորամանկությունները:- Իսկ այս անգամ Անի քաղաքի որ շինությունն էր արժանացել քո լուսապայծառ հիշողության ու թղթին հանձնվելու պատվին:


    - Աբուլ Մամրանի մզկիթը,- արագ պատասխանեց Ստեփաննոսը և վերջնականապես համբերությունից հանեց տանտիրուհուն, որի դիրքերն ընդամենը մեկ վայրկյան առաջ այդքան անսասան էին և ամուր:


    - Սրբապիղծ հեթանոս, պիղծ և նենգավոր մարդ,- բացականչեց Բեաթրիսը,- չհամարձակվես իմ տանը, սուրբ խաչելության և տիրամոր նկարի առաջ այդպիսի խոսքեր արտասանել: Քո սատանայական ներկայությունն է պատճառը, որ մեր ընտանիքի գլխին այսպիսի դժբախտություններ եկան: Որդիս նույնիսկ եկեղեցու գրկում մոլորության մեջ ընկավ: Մի կողմից նա ցանկանում է նվիրվել քրիստոնեական սուրբ վարդապետությանը, իսկ մյուս կողմից մերժել է մի չքնաղ աղջկա սերը, որի հետ նշանված է…



    Տանտիրուհին սկսեց հեկեկալ: Ստեփաննոսը սրտանց խղճաց նրան, բայց չկորցրեց ոգու արիությունը:


    - Գաբրիելի պարագայում ամեն բան լավ կլինի, տիրուհի: Գիտենայիր, թե որքան խելառություններ եմ արել նրա տարիքում: Սարկավագ եղածս տարիներին ինքս էլ մի անգամ ցանկացա կուսակրոն քահանա ձեռնադրվել, բայց մի աղջկա սերը, որի աչքերի մեջ նայելու համար այս տարիքիս էլ կհրաժարվեի երկրային ու երկնային բոլոր հրաշքներից, ձեռք քաշեցի այդ մտքից: Աստծո մատը հավանաբար խառն էր այստեղ: Ես ամեն գնով նպատակադրվել էի ամենայն հայոց կաթողիկոսի աստիճանի հասնել, իսկ այդ երանելի բարձունքում գտնվող մարդկանց թիվն այսօր առանց այն էլ չորս անգամ գերազանցում է բավարար եղածը: Մեր տղան ուշքի կգա: Մի փոքր ժամանակ է ուղղակի անհրաժեշտ, որպեսզի բնությունը, այլ կերպ ասած երկրի վրա հաստատած աստծո օրենքները կատարեն իրենց գործը: Որքագն կարող է մարդը մեկ ոտքի վրա քայլել, երբ երկու առողջ ոտքեր ունի: Որքան ժամանակ է մարդ ընդունակ անոթի նստել, երբ շրջապատված է աստծո կողմից օրհնված բազմաթիվ ուտեստեղենով… ի դեպ, քաղցած եմ Բեաթրիս: Կերակրիր ինձ, քո տան հավատարիմ ծառային, ով բազմաթիվ տարիներ ոտքերիդ առաջ է դրել իր անմահ հոգին և ջերմ սիրտը:


    - Ում է պետք քո անարյուն, չորացած սիրտը և մեղսագործ հոգին, որից հավասար սոսկումով կհրաժարվեն ինչպես դրախտն ու դժոխքը, այնպես էլ քավարանը: Քանի անգամ, երբ Աբուլ Մամրանի մզկիթը պատկերելու սրբապիղծ գործին էիր նվիրել աստծո կողմից սխալմամբ քո տնօրինությանը հանձնած ժամանակը, ձայն տվեցի որպեսզի մաքրես անասունների տակն ու խոտ գցես առաջները, կուտ շաղ տաս հավերին ու կերակրես Ասլան շանը, որից տասն անգամ ավելի օգուտ կա, քան քեզանից:

    շարունակելի

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.11.2010), Freeman (26.01.2011), Lion (18.11.2010), Արևածագ (18.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Սարսափելի է այդպիսի խոսքեր լսել մի սուրբ և առաքինի կնոջ շուրթերից,- վարպետորեն ձևացրած սոսկումով պատասխանեց Ստեփաննոսը, որը Բեաթրիսի օգնությամբ ստամոքսի բողոքները փարատելու խանդավառ նպատակներ էր հետապնդում:- Ծերացել եմ ես տիրուհի, ոչ աչքս է լավ տեսնում, ոչ ականջս լսում: Բայց մի թե նույնիսկ ծերացած ու անպիտան շանը չեն կերակրում, երբ տարիների հավատարիմ ծառայությամբ բեռնված այլևս անկարող է պաշտպանել տունը ու հսկել այն: Ծեր եմ ես տիրուհի ու պահանջներս էլ ըստ տարիքիս համեստ են,- տեսնելով, որ Բեաթրիսը ոտքի կանգնեց շարունակեց Ստեփաննոսը,- մի աման մածուն, որի բրդելու հոգսը ինձ վրա եմ վերցնում` հայտնի բան է, թե որքան ժամանակ կարող է խլել տասը բուրումնավետ լավաշների մասնատումը մանր կտորների, ինչպես նաև մի փոքր թավա ձվածեղ, կխնդրեի այս անգամ ձվերն ընտրելու ընթացքում համեստություն դրսևորել և դրանց քանակը չանցկացնել քսան թվից: Յուղը ըստ նախատեսված քանակի, սակայն ձվածեղը եփվելուն պես ցանկալի է վրան բարակ շերտերով կարագ հրամցնել` այն համեղացնելու նպատակով, իսկ ամենասկզբում, երբ դեռ ձվերը ջարդված չեն, յուղը դաղելու գործողությունը զուգակցել պանիրը նրա մեջ տապակելու գործընթացին: Ես իհարկե դեմ չէի լինի որևէ հավ կամ ճուտ ևս ճաշակել` զուտ բերանի համը փոխելու համար, մանավանդ թռչնի միսը օգտակար է ծերացած օրգանիզմին, բայց քանի որ տերերը բացակայում են,- արագ եզրափակեց Ստեփաննոսը տեսնելով անհամբերության ու բարկության այն երանգները, որոնք վերջին նախադասությունը ձևակերպվելու ընթացքում գծագրվեցին տանտիրուհու բարի ու, մինչ այդ, համբերատար դեմքին,- իր լկտիությամբ մի անթույլատրելի արարմունք կլիներ ընթրիքի այդօրինակ ճոխացումը:


    Ընդամենը քառորդ ժամ անց Ստեփաննոսի պատվերը պատրաստ էր: Բեաթրիսը նույնիսկ ավելին էր արել` սեղանին դնելով մեկ մեծ գավաթ գինի (միևնույն է Ստեփաննոսը ինքն էր թախանձագին կեղծավորությամբ կորզելու այն) և առավոտյան մորթված հավի մի ոտքը: Այսպիսով Ստեփաննոսը ոլորեց բեղերը, իրար շփեց ձեռքերը, առանձնակի եռանդով գովեց Բեաթրիսին, որպես բարեպաշտ քրիստոնյա չմոռացավ նաև աստծուն, որին կարճ ու բովանդակալից աղոթք հղեց` որով էլ ձևակերպեց իր շնորհակալությունը: Սակայն Ասլան շան հերթական հաչոցը ընդհատեց Ստեփաննոսի դեռևս չսկսված ընթրիքը: Այս անգամ տան հավատարիմ պահապանը շնային հաչոցների իր հարուստ բառամթերքից ընտրեց այնպիսինները, որոնք տերերի բնորոշմամբ ընդունվում էին որպես ողջույն - հաչոցներ` ուղղված ծանոթներին կամ հարևաններին: Ստեփաննոսն ու Բեաթրիսը դուրս եկան տանից: Ասլան շունը շարունակում էր մտերմաբար հաչել ու մռլտալ, իսկ ցանկապատից այն կողմ նշմարվում էր ձիավորի մի պատկառելի կերպարանք, որը ոչ Ռուբենին էր պատկանում, ոչ Գաբրիելին:


    Կարելի է ասել, որ տանտերերն անակընկալի եկան: Ստեփաննոսը աննկատելի գունատվեց, իսկ Բեաթրիսը ամոթից կաս կարմիր կտրեց: Հյուրը չէր շտապում ցանկապատից ներս մտնել, և ոչ էլ ողջունեց տանտերերին, ինչը մեկ այլ դեպքում ծայրահեղ վիրավորական կարելի էր համարել: Սակայն տանտերերը զարմանալի խոնարհությամբ կուլ տվեցին այդ վիրավորանքը և գլխահակ կանգնած չգիտեին, թե ինչ ասել: Մխիթարն էր դա, Ռուբենի վաղեմի ընկերը, որի դստեր հետ նշանված էր Գաբրիելը: Դա քառասունութ տարեկան մի մարմնեղ զորական էր, որի մռայլ նոթերը ամենաճարտարախոս հռետորից ավելի պերճախոս էին:


    - Իմ տեր Ռուբենը տանը չէ, պատվարժան Մխիթար,- ինչքան կարելի է հարգալից ձայնով ասաց Ստեփաննոսը, որպեսզի ինչ որ կերպ խախտի այն լռությունը, որը հյուրի չարագույժ դեմքի հետ միավորված կազմում էր այն փոթորկալից ու վտանգավոր խառնուրդը, որի հետևանքներից կարող էին տուժել ինչպես Ռուբենն ու Գաբրիելը, այնպես էլ Ստեփաննոսն ինքը:


    - Ռամիկների հետ խոսելու սովորություն չունեմ,- ցածրաձայն, սեղմված ատամների միջից նետեց քաջ զորական Մխիթարը, որն ինքն էլ, եթե պատերազմական գործողությունները նեղություն չէին տալիս Կիլիկիայի լեռնային իշխանությանը, մի սովորական ռամիկ էր, որ հող էր մշակում և անասուն պահում:


    Ստեփաննոսն այնքան ողջախոհություն ունեցավ, որպեսզի չպատասխանի և կախեց գլուխը:


    - Մեր որդի Գաբրիելը մտքով իսկ չի անցկացրել հրաժարվել Աշխենի հետ ամուսնությունից,- շփոթված կմկմաց Բեաթրիսը, որը հստակ գիտակցում էր, որ սուտ է խոսում, բայց մեղանչում էր աստծո առաջ հանուն իր որդու,- վատ մարդիկ չարախոսել են իմ որդուն, մենք սրբորեն կպահենք մեր խոսքը…


    Բեաթրիսը շփոթված լռեց: Մխիթարի հայացքն էլ ավելի դաժան ու միջնաթափանց ծակող դարձավ: Նույնիսկ Ասլան շունը զգաց դա ու սպասողական դիրք բռնեց բարեկամորեն մռլտալ – կաղկանձելու և վայրագորեն հաչալու միջև:


    - Կանանց հետ նույնպես սովորություն չունեմ խոսելու,- նույն ցացրաձայն սահմռկելի ձայնով ասաց Մխիթարը և գետնին գամելով Ստեփաննոսի ու Բեաթրիսի հայացքները ավելացրեց: - Այ եթե քո պատվարժան ամուսինը, իմ նախկին ընկերը, կամ փսլնքոտ տղադ, որին խաբեությամբ հաջողվել էր բարենպաստ տպավորություն թողնել ինձ վրա ու իմ դստեր ձեռքը ստանալու թույլտվություն ստանալ, այստեղ լինեին, բանն ուրիշ կերպ կլիներ: Երդվում եմ Քրիստոսի արյունով, բանն ուրիշ կերպ կլիներ: Հուսով եմ նրանց կփոխանցեք ահա այս իրը, որը ամիսներ ի վեր պղտորեց իմ աղջկա սիրտը ու սրբապղծեց իմ օջախը: Հուսով եմ նաև, որ ոչ մի մանրուք չեք թաքցնի այսօրվա տեսարանից:


    Այս ասելով Մխիթարը ձեռքի վճռական շարժումով ցեխի մեջ նետեց մի ոսկյա մատանի, որը Գաբրիելն էր դրել Աշխենի մատին որպես սուրբ միության նշան:


    - Գոհ եղեք աստծուց,- արհամարաբար շարունակեց Մխիթարը,- գոհ եղեք աստծուց, որ ինձ հետ գործ ունեցաք, այլ ոչ որդուս, ով երդվել էր ձեր անամոթ լակոտի արյունով մաքրել այս անպատվությունը:


    Այս ասելով Մխիթարն այնպիսի ուժով խթանեց ձին ու քաշեց սանձը, որ վերջինս օձից խայթվածի պես շուռ տվեց գլուխը և ցեխի մի պատկառելի չափաբաժին օդի մեջ ցրիվ տալով, որից Ստեփաննոսի ու Բեաթրիսի շորերին ու դեմքին էլ որոշ ցայտեր հասան, կորավ գիշերվա խավարի մեջ:


    Ստեփաննոսն ու Բեաթրիսը որևէ խոսք չփոխանակեցին այդ օրը: Տիրուհին իր սենյակ գնաց, իսկ ծառան նստեց սեղանի առաջ, որտեղ սառած ձվածեղն իր տխուր բուրմունքն էր արձակում, իսկ տապակած հավի ոտքն ու մեծ գավաթ գինին, անիմաստ դարձած ընթրիքի դաժան խորհուրդն էին բացահայտում:


    Բեաթրիսն ամբողջ գիշեր չքնեց: Առավոտ կանուխ, աքաղաղի առաջին կանչի հետ նա գտավ ծառային նույն դիրքով նստած: Կարագով ու պանրով համեղացված ձվածեղն ու հավի տխրահռչակ ոտքն իրենց տեղերում էին: Գինով լի գավաթն էր միայն կիսով չափ դատարկված: Ինքը Ստեփաննոսը չէր դիմացել քնի ծանրաքաշ հետապնդումներին և առավոտյան կողմ նիրհել էր:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.11.2010), Freeman (26.01.2011), Lion (18.11.2010), Արևածագ (18.11.2010), Դեկադա (18.11.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շնչով կարդացվեց: Գեղեցիկ էր շարադրված:
    Հետաքրքիր կլինի վեպն ամբողջությամբ կարդալ:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (18.11.2010)

  7. #4
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջույն Արմեն,
    Իմ տիրապետության տակ է գտնվում ձեր Տիգրան Մեծ վեպը` «Բավիղ» ՍՊԸ-ի տպագրությամբ: Սա դեռ ոչ վերջնական տարբերակն է, թե՞ առանց ձեր իմացության գիրքն արդեն տպագրվել է:

  8. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջույն, Տեսիլք
    Տիգրան Մեծ վեպը Բավիղում տպագրվել է իմ պատվերով: Վերջնական տարբերակ է:

  9. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Way - ին
    Առայժմ կարող ես կարդալ իմ Տիգրան Մեծ վեպը: Իսկ այս մյուսը պատրաստ կլինի ավելի ուշ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.11.2010)

  11. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի Իմ կարծիքով լավ եք գրում - պարզ, լավ իմաստով գյուղական, հասարակ ոճ է, որը ես սիրում եմ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.11.2010), Malxas (18.11.2010), Դեկադա (19.11.2010)

  13. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոստանդին Ռուբինյանի, Կոստանդին Կարկառեցու, Թորոս Եդեսացու և խաչակիրների մասին:

    Թորոս Եդեսացու դեմ դավադրությանը, ինչպես և ասում էի, մասնակցել է Կոստանդին Կարկառեցին, այլ ոչ թե Կոստանդին Ռուբինյանը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (28.11.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ գլուխ պատմավեպիս, որը դեռ գրվում է

    1. Կիրակոս երեցի մահը (ծեր զինվորականի օրագիրը)


    Գարնանը լրացավ վաթսուներկու տարիս:

    Այսպիսի պատկառելի հասակի հասած մարդը գրեթե միշտ հետադարձ հայացք է գցում անցած տարիներին, տարվում երբեմնի հիշողություններով, գլուխը տարուբերելով մտաբերում թե ինչ քաջն էր ու հնարամիտ, երբ քսան տարեկան էր, հիշում իր կազմած բազմաթիվ ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրը, եթե չլինեին անհեթեթ դիպվածներն ու ցավալի պատահականությունները, զգալի բարելավումներ ու կայծակնային առաջխաղացումներ պետք է ապահովեին մտքերի տիրոջը: Այնուհետև հպանցիկ անդրադառնում է անհոգ մանկությանն ու հուզավառ պատանեկությանը, սրտի հաճելի նվաղումով անցնում երազի պես քնքուշ և անմոռանալի առաջին սիրուն ու նաև հանկարծակի, նույնիսկ անկախ իր իսկ սեփական կամքից` ենթագիտակցության ամենախորը շերտերում զգում այնպիսի մի տհաճ ու զազրելի բան, որը իրեն ու Աստծուն են լոկ հայտնի: Այսպիսի խանդավառ, իրարամերժ ու խորհրդավոր զգացմունքներով տարված մարդը երբեմն մտածում է նաև մեղքի մասին: Ոմանք ավելի հաճախ, մյուսները համեմատաբար հազվադեպ, սակայն միևնույն է, մարդ երբևէ անդրադառնում է մեղքին, կշռում խիղճը միայն իրեն տեսանելի կշեռքի վրա, օձի թույնով խայթվածի ինքնազգացողությամբ շուրջբոլորը տնտղում, կայծակի հրեղեն շանթով նետահարվածի հոգով շրջապատը ուսումնասիրում, հարցնում ու պատասխանում, պատասխանում ու հարցնում, վերջում նաև գտնում այն միակ պատճառը, որը ստիպել էր մեղք գործել, իսկ այնուհետև մեղավոր զգալ: Մի զարմացեք, դա իրոք այդպես է: Նույնիսկ գողն ու մարդասպանն են իրենց մտքերում գտնում այն արդարացումները, որոնք ստիպել էին նրանց կատարել վերը նշված զարհուրելի գործողությունները:

    Ինչպես հայտնի է` մեղքը երկու տարատեսակների է բաժանված` գիտակցված և անգիտակից և, ինչպես ասում է քրիստոնեական վարդապետությունը, հենց գիտակցված մեղքն է այն արատավոր երևույթը, որը կատարելուց հետո մարդը պարտավոր է զղջալ և ապաշխարհել: Դժվարանում եմ ասել, թե երբ եմ առաջին անգամ մեղք գործել, սակայն ինձ բառիս բուն իմաստով մեղավոր զգացել եմ ութ տարեկանում: Այդ պահին մարմինս սառը քրտինքով էր պատված, ես պարզ ու հստակ գիտակցում էի, որ ամենաաններելի մեղքն եմ գործում, բայց այնուամենայնիվ գնացի դրան: Դժվար է ասել, թե որ զգացմունքը գերակշռող եղավ: Գուցե Սատանան պահի քմահաճույքով պահանջ զգաց զվարճանալ ու այդ նպատակի համար իմ անպաշտպան անձն ընտրեց, գուցե Նախախնամությունը ցանկացավ փոքր մեղքի միջոցով էլ ավելի մեծ մեղքը լույս աշխարհ հանել, իսկ գուցե դա զուտ մանկական հետաքրքրասիրություն էր:

    Սկսում եմ ամենասկզբից:

    Անի քաղաքում մեծ աշխուժություն էր տիրում: Սպասում էինք հույների հարձակմանը և չնայած սպարապետ Վահրամ Պահլավունու հավաստումներին, որ ինքը քաղաքից դուրս վճռական ճակատամարտ կտա ու կհաղթի, բոլորը եռանդով զինվում էին: Պետրոս կաթողիկոսը կարծես հաշտվել էր սպարապետի հետ և տվել իր նախնական համաձայնությունը արքայազն Գագիկին որպես հայոց թագավոր թագադրելու, այնպես որ քաղաքում արտաքուստ ամեն ինչ խաղաղ էր և մարդիկ էլ կարծես միահամուռ ու վճռական էին հույների դեմ պատերազմելու իրենց որոշման մեջ: Մենք` մանուկներս նույնպես պատրաստվում էինք այդ պատերազմին և կրկնապատկելով պարսատիկով քար նետելու պարապմունքները հաստատապես որոշել էինք հույների գլխին քարերի կարկուտ տեղալ: Համընդհանուր հուզմունքն ու ոգևորությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ դադարել էինք փողոցային կռիվները քաղաքի մյուս ՙավազակախմբերի հետ՚ ու միավորվել սրբազան գաղափարի շուրջը: Ինչպես որ շներն են քաղաքը իրար մեջ բաժանում, երբ իսկական տերերը խորը քնի մեջ են ընկղմնվում իրենց փափուկ անկողիններում, այնպես էլ մենք` երեխաներս էինք բաժանել քաղաքային պարիսպները, որպեսզի ինչպես հարկն է դիմավորենք թշնամիներին: Ամբողջ օրը մագլցում էինք պարիսպն ի վեր և այդ նպատակի համար պարաններ էինք հյուսել զանազան քրջերից, իսկ հնարամիտ Գնելը նույնիսկ մի կեռիկ էր թռցրեկ դարբնոցից ու քրջապարանների հետ զուգակցելով պարսպաճանկ սարք պատրաստել: Ոչ ոք անտարբեր չէր Անի քաղաքում և նույնիսկ մուսուլմաններն էին հատուկ պատգամախոսի միջոցով իրենց համերաշխությունն ու պայքարելու հաստատակամությունը հայտնել պիղծ հույների դեմ պայքարում, ում նրանք ամենաարատավորն էին համարում բոլոր ժողովուրդների մեջ: Վահրամ Պահլավունին բանավոր համաձայնագրեր էր կնքում Անի քաղաքի բոլոր վաճառականների, խանութպանների, արհեստանոցի տերերի ու պարզապես ունևոր մարդկանց հետ, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր պաշարները: Պատանի արքայազն Գագիկը սպարապետի հետ շրջում էր ժողովրդի մեջ ու առայժմ ակտիվ մասնակցություն չէր ունենում պետության կառավարմանը: Սակայն արքայազնը նույնիսկ իր տասնհինգ տարիների մեջ էր լրջախոհ ու խելացի մարդու տպավորություն թողնում և շատ նման իր իր պապին, լուսահոգի Գագիկ թագավորին, ով հնազանդույթան մեջ էր պահում, ինչպես հայկական բոլոր պետությունները, այնպես էլ Ափխազաց ու Վրաց երկրները: Վահրամ Պահլավունին կարճ ժամանակում երեսուն հազար զինվոր էր հավաքագրել, որը նրա կարծիքով բավարար էր հույներին ցույց տալու իրենց ով լինելը: Գրիգոր Մագիստրոսը և կաթողիկոս Պետրոսը դիվանագիտական առաքելություններ էին կատարում և այլընտրանքային ճանապարհներ էին փնտրում այն դեպքի համար, եթե մոտակա պատերազմի ժամանակ նեղը ընկնեին: Քանի որ քաղաքում դրությունը ծայրաստիճան խառն էր, և ջուլհակագործ Արիստակեսը, և պարոն Խաչատուրը, և տեր Հովսեփը, և ութ դյուցազուն դարբինները, համեմատաբար մատների արանքով էին նայում Սարգսի, Վազգենի, Գարեգինի և Գնելի բացակայություններին, իսկ նրանք էլ առիթից օգտվելով կորչում էին լույսը բացվելուն պես ու վերադառնում, երբ վաղուց մութն ընկել էր: Ամբողջ ժամանակ ընկերներիս կողքին էի լինում, անվախորեն մրցակցում պարիսպ մագլցելու և պարսատիկով քար նետելու մեջ, պարսպի գլխին կանգնած հոխորտում երևակայական թշնամուն ու ձեռքիս տակ ընկած ձվաչափ քարով կոտրում բավական լկտի մի հույն զինվորի գլուխը, որը չափից ավելի էր բարձրացել պարիսպն ի վեր: Բայց մի օր այնպես պատահեց, որ ոչ թե ընկերներիս հետ էի, այլ տեր Հովսեփի: Բարեպաշտ քահանան ինչպես միշտ խորը ընկղմված էր գործերի մեջ, կնունքից թաղման էր վազում, հարսանիքից խոստովանության, և իր կյանքի ամեն ակնթարթը նվիրաբերելով մարդկանց օգտակար լինելուն, ինքն այդ պահին օգնության կարիք ուներ: Թաղման արարողություն էր կատարում ու հանկարծ լուր ստացվեց, որ պետք է մահամերձի մոտ խոստովանության գնալ: Հապաղել չէր կարելի, բայց թաղումը կիսատ թողնելն էլ չէր լինի, այդ պատճառով տեր Հովսեփն ինձ ուղարկեց մահամերձի տուն հավաստելու, որ շուտով կգա, իսկ ես վազեցի կատարելու նրա հրամանը:

    Մահամերձին Կիրակոս էին կոչում: Դա վաթսունին մոտ մի նախկին երեց էր, նիհարավուն ոսկրոտ դեմքով, կեռ տգեղ քթով, գունաթափ աչքերով, թուլությունից ծամածռված կամազուրկ բերանով ու դեմքի մի սահմռկելի գույնով, որի վրա տեսանելի էր մահվան դրոշմը: Չգիտեմ, թե ինչով էր բացատրվում այդ, բայց իր կյանքի այդ ամենակարևոր պահին նա լիովին միայնակ էր մնացել և ոչ ոքի չկար, որ սփոփիչ կես խոսք ասեր կամ գեթ մեկ գավաթ ջուր տար: Կիրակոս երեցը շնչում էր ծանր, բայց համաչափ: Ինձ տեսնելով նա փորձ արեց բարձրանալ ու նստել անկողնու մեջ:

    - Տեր Հովսեփ քահանան շուտով կգա,- գլուխ տալով ասացի ես,- նա արդեն ճանապարհին է, ինքս առաջ վազեցի, որպեսզի լուր հասցնեմ:

    - Ես գիտեի որ նա կգա,- միայն մեռնողներին հատուկ անհամբերությամբ ասաց Կիրակոս երեցը,- ոչ ոք չեկավ, բայց տեր Հովսեփը կգա:

    - Նա պատվիրեց իր անունից Աստծո լույսը մաղթել…

    - Աստծո լույս,- հեգնանքով ընդհատեց ինձ նախկին երեցը, որը թվում էր բավական աշխուժացել էր իմ գալուց հետո,- ինձ միայն Դժոխքի կրակներ են երևում, որոնց մեջ այնքան ցանկանում եմ այրվել:

    Ես սարսափով մի քայլ ետ գնացի: Մահամերձը նկատեց դա:

    - Մի վախեցիր, փոքրիկ,- մեղմ ասաց նա ու փոքր դադար տալուց հետո շարունակեց,- քո առաջ ամենաստոր ու վատաբարո մարդն է, որը երբևէ ապրել է աշխարհում, բայց քեզ վնաս չեմ տա: Իսկ այն, որ բոլորովին միայնակ եմ մնացել մահվան մահճում, արդարացի է ու սոսկ նախակարապետն է այն արժանի պատժի, որը կստանամ մահվանից հետո, դանդաղ ու տանջալից այրվելով դժոխքի մարմանդ կրակների վրա:

    Մտածեցի որ խելագարվել է: Կիրակոս երեցը դա հասկացավ:

    - Թերևս շտապեցի ասելով թե ամենաստոր ու վատաբարո մարդն եմ: Մեկ մարդ ինձանից ավելի ստոր է ու վատաբարո: Կուզե±ս ասեմ անունը:

    Ես շարունակում էի վախվորված լռություն պահպանել: Մահամերձը նայում էր տարօրինակ հայացքով: Ասես մի նպատակ ուներ և ցանկանում էր դրան հասնելու համար ինձ որպես գործիք օգտագործել: Շուտով իմ ենթադրությունները արդարացան:

    - Լսիր փոքրիկ,- ասաց նախկին երեցը,- ինչպես է անունդ:

    - Ստեփանե,- մեքենաբար պատասխանեցի ես:

    - Ստեփանե,- դանդաղ կրկնեց նախկին երեցը և դեմքի այնպիսի խարդավալից արտահայտություն ընդունեց, որ սկսեցի համարյա չկասկածել, թե ամենաստոր ու վատաբարո մարդն է կանգնած իմ առաջ: - Ստեփանե, դու լավ տղա ես երևում: Մի փոքրիկ ծառայություն կմատուցե±ս ինձ: Մեռնող մարդու վերջին կամքը կկատարե±ս… Մի շտապիր մերժել, իմ լավ Ստեփանե, ծառայությունն ավելի շուտ ինձ համար չէ: Ես լոկ ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ իմանան, թե Կիրակոս երեցից առավել ով է խարդախ, ստոր ու հայրենիքի դավաճան: Տեր Հովսեփը ինձ հակառակ աշխարհիս ամենալավ մարդն է: Շատ է հեզաբարո, ներողամիտ ու բարի այդ աստվածահաճո քահանան, այնպես որ առանձնապես հույս չունեմ նրա վրա: Տեր Հովսեփը խոնարհ կլսի ինձ, լուռ կտանջվի իմ փոխարեն, իսկ վերջում կների ինձ էլ, այն մյուսին էլ ու դեռ երկար ժամանակ կաղոթի մեր հոգիների փրկության համար` այն հոգիների, որոնք դժոխք գնալուն էլ են անարժան, քանզի նույնիսկ Սատանան զարմանքից կսարսափի, անսպասելիությունից կսահմռկի ու նախանձից կպայթի տեսնելով այդ այլասերված հոգիները, իսկ այնուհետև փիլիսոփայորեն կտարուբերի գլուխը` հայտնաբերելով որ մարդիկ, որոնց Աստված ստեղծել է իր պատկերով, ինչքան են Դժոխքի սպասավորներից առաջ անցել մտքի թռիչքով ու գործողությունների սլացիկությամբ, և իրենց մեջ ներառելով վիշապի կատաղությունն ու սարդի անգթությունը, թարախապալար ախտ դարձած մոլեգնում են աշխարհիս երեսին…

    Կիրակոսը երեսը լռեց և սկսեց շնչել արագ ու տագնապալից: Խոսելը գնալով դժվարանում էր նրա համար և ժամանակ էր հարկավոր, որպեսզի հանգստանա և ուժ հավաքի:

    - Սպասում ենք, իսկ նա չկա,- վերջապես ասաց նա,- Քեզ պես երեխա չէ, որ Անի քաղաքի մի ծայրից մյուսը թռչի երկու րոպեում: Կարող է ուշանալ ու չհասցնել, կարող է բոլորովին չգալ, որը հավանաբար ամենաճիշտը կլինի, իսկ այդ դեպքում չի լսվի մահամերձի խոստովանությունն ու չի կատարվի նրա վերջին կամքը: Ես քեզ կպատմեմ բաներ, որոնց իմաստը գուցե մինչև վերջ չհասկանաս, զավակս, բայց հասակ առնելուն պես ամեն ինչ պարզ կդառնա քեզ և դու պարտավոր կլինես այնպես անել, որ Անի քաղաքի յուրաքանչյուր բնակիչ իմանա… Ոտնաձայներ եմ լսում փոքրիկ,- Կիրակոս երեցի դեմքը նորից խարդավալից ու վճռական դարձավ, իսկ մեկ ակնթարթ անց նաև աղերսական,- Տեր Հովսեփը հեզաբարո է, ներողամիտ ու բարի,- աչքերի հուզված ու անհամբեր շարժումով շարունակեց մահամերձը,- մտիր վարագույրի ետևն ու այլևս ոչ մի ծպտուն…

    Կիրակոս երեցը այլևս չասաց, թե դա մեռողի վերջին կամքն է, բայց նրա հայացքը Գրիգոր Նարեկացու խոսքերից ավելի պերճախոս էր և այդ պատճառող ես շտապեցի կատարել նրա խնդրանք հրամանը: Արդեն վարագույրի ետևում էի, երբ ներս մտնողի ոտնաձայներ ու հևասպառ շնչառություն լսեցի:

    - Աստծո լույսը թող անպակաս լինի քո գլխից, եղբայրս,- շունչը հազիվ առած ողջունեց ներս մտած մարդը և ես հանձինս այդ ամենաբարի ձայնի ճանաչեցի տեր Հովսեփին:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (11.04.2011), Lion (12.04.2011), Moonwalker (11.04.2011)

  17. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Եղբայր Հովսեփ,- բացականչեց Կիրակոս երեցը,- ես գիտեի որ դու կգաս: Ոչ ոք չեկավ, բայց դու եկար ու դեռ Աստծո լույս ես մաղթում ինձ…

    - Թող բոլոր մահկանացուներից անպակաս լինի Հայր Աստծո լույսը և թող Հիսուսն իր արդար արյամբ լվանա մեր բոլորի մեղսավոր սրտերը…

    - Գուցե և լվանա: Հավանաբար կլվանա,- հեգնանքով ու համարյա ծաղրալից արձագանքեց Կիրակոս երեցը, որն ինչպես և իմ գալուց անմիջապես հետո, աշխուժացել էր: Հավանաբար երկար էր նա միայնակ տանջվել մահճում, եթե յուրաքանչյուր մարդու հայտնվելն այդպես արագ ու արդյունավետ վերականգնում էր նրա կենսական ուժերը: - Գուցե և լվանա,- մտազբաղ կրկնեց մահամերձը,- սակայն Նրա արյունն էլ չի օգնի, եթե կրծքավանդակի այն մասում, որտեղ ենթադրաբար պետք է սիրտ լիներ, թույնով ու մաղձով լի մի տոպրակ է կախված: Չի կարող օգնել, տեր Հովսեփ, չի բավարարի արյունը, եթե Հիսուս Քրիստոսը նույնիսկ տասը անգամ խաչվելու գա այս մեղսավոր աշխարհ…

    - Մի լարվիր եղբայր,- մեղմ ասած տեր Հովսեփը,- աշխատիր հանգստանալ ու բացել սիրտդ մեր միակ Տիրոջ առաջ: Անսահման է Տիրոջ բարությունը, և եթե կյանքի ընթացքում ունեցել ես մեղքեր, բոլոր մարդիկ են մեղավոր ծնված իսկ պահից, խոստովանիր ու ազատիր հոգիդ դրանց ծանրությունից, իմ լավ եղբայր:

    - Հուդային անհրաժեշտ չէ խոստովանել, տեր Հովսեփ,- նույն ծաղրալից տոնով շարունակեց Կիրակոս երեցը:- Ես տեսնում եմ, թե ինչպես ես ջանում փրկել իմ հոգին Աստծո թագավորության համար, սակայն անչափ երախտապարտ կլինեի, եթե ինձ մատուցեիր կանեփի մի ամենահասարակ պարան, մոտավորապես նույն նրանից, որի օգնությամբ իմ ավագ եղբայր Հուդան Դժոխք ուղևորվեց:

    - Պետք չէ այդպես ասել, եղբայրս: Ծանր հիվանդությունը մոլորության մեջ է գցել քեզ: Դու ինքդ էլ Աստծո տան սպասավոր ես և ինձանից լավ գիտես, որ նույնիսկ ամենամեղսավոր մարդը, որը միայն չարիքներ է գործել ու ամբողջ ուժերը վատնել, որպեսզի դառնացնի մյուսների կյանքը, անմիջապես ներում է ստանում, եթե սրտանց զղջում է Տիրոջ առաջ:

    - Ինձ եղբայր մի անվանիր, տեր Հովսեփ: Այս ապականված հոգևորականության մեջ մի աղտոտիր այն եզակի մաքուրը, որը դեռ ինչ որ հրաշքով շարունակում է գոյություն ունենալ…

    - Աստված իր բոլոր զավակներին է հավասարապես սիրում: Իսկ ես, երբ քեզ եղբայր եմ անվանում, իսկապես իմ եղբորն եմ տեսնում քո մեջ, որին անսահմանորեն սիրում եմ:

    - Մի տանջիր ինձ այդպիսի խոսքերով, տեր Հովսեփ,- Կիրակոս երեցի ինքնավստահ ու ծաղրալից ձայնը վայրկյանապես չքացավ,- եթե ուզում ես մահվանից առաջ գեթ մեկ կաթիլ հանգստություն պատճառել ինձ, երեսիս նետիր իմ բոլոր ստորություններն ու դավաճանությունները…

    - Վկա է Աստված,- նույն մեղմ ձայնով շարունակեց տեր Հովսեփը,- Ահա նստած եմ քո առաջ, նայում եմ աչքերիդ մեջ և դու նրանց անկեղծ արտահայտությունից կարող միանգամից հասկանալ, որ իմ անձը բարձր չեմ դասում քոնից, և եթե չլիներ քո հոգու գրգռված ու անբնական վիճակը, ապա գուցե հակառակը պնդեի…

    - Անխելք մարդ, ախր դու ոչինչ չգիտես…

    - Ես հենց դրա համար եմ այստեղ, եղբայրս: Որպեսզի բաց անես սիրտդ Աստծո առաջ ու իսպառ մաքրազերծվես քեզ տանջող մեղքերից:

    Լռություն տիրեց: Կիրակոս երեցին հավանաբար անհրաժեշտ էր, որպեսզի հանգստանա ու շունչ առնի: Փոքր ինչ բացելով վարագույրն ու ծիկրակելով ես տեսա, որ դա իսկապես այդպես է: Մի քանի րոպեում շնչառությունը կարգավորելուց հետո Կիրակոս երեսը նորից սկսեց խոսել: Նրա ձայնը խուլ էր ու հազիվ լսելի, բայց շատ ավելի ազդու և տպավորիչ, քան մինչ այդ, երբ ձայնալարերի ամբողջ ուժգնությամբ պախարակում էր իրեն էլ, այն մեկ ուրիշին էլ:

    - Հիմա ես կպատմեմ բաներ,- ասաց նա, որոնք տհաճ կլինեն քո լսողությանը: Սակայն խոստացիր որ կլինես համբերատար ու կլսես ինձ սկզբից մինչև վերջ:

    Տեր Հովսեփը լուռ գլխով արեց, իսկ Կիրակոս երեցի աչքերը հաղթական փայլատակեցին:

    - Հիմա ես հանգիստ եմ,- ասաց նա,- քո լուռ համաձայնությունն ավելին է, քան մեկ ուրիշի ամենապերճախոս երդումը:

    Նորից լռություն տիրեց, բայց ոչ տևական: Կիրակոս երեցը ժողովում էր մտքերը:

    - Դու հավանաբար լավ ես հիշում լուսահոգի Գագիկ թագավորին,- սկսեց իր պատմությունը մահամերձը: - Դա մի զորեղ տիրակալ էր, ով իրավամբ կրում էր թագավոր Հայոց և թագավոր Վրաց տիտղոսները: Այսրկովկասի բոլոր պետությունները դողում էին նրա առաջ:

    - Դա մեծ թագավոր էր ու բարեպաշտ քրիստոնյա,- համաձայնեց տեր Հովսեփը,- Շարունակիր, եղբայրս: Վստահ եմ, որ միայն դա չէիր ցանկանում ասել:

    - Սակայն մեկ թերություն այդ թագավորն այնուամենայնիվ ուներ,- խորամանկորեն թափ տալով մատը շարունակեց Կիրակոս երեցը: - Գագիկ թագավորը հավանաբար կարծում էր թե անմահ է, կամ առնվազն շատ երկար կապրի ու բնավ հոգ չէր տարել այն մասին, թե իրենից հետո ում է թողնելու Անիի թագավորությունը:

    - Չեմ կարող համաձայնել,- գլուխը տարուներեց տեր Հովսեփը,- Անիի թագավորությունը թագաժառանգ ուներ` Հովհաննես Սմբատը` Գագիկ Բագրատունու որդին, ով տակավին վերջերս իր մահկանացուն կնքեց… Սակայն ինչ կարևոր են դրանք այս պահին եղբայր: Բաց արա սիրտդ Աստծո առաջ…

    - Թույլ տուր ուրեմն պատմեմ ինչպես ինքս եմ ցանկանում: Հավատացնում եմ, որ սա մահամերձի շատախոսություն չէ և իմ շուրթերից դուրս եկած յուրաքանչյուր բառ իմ խոստովանության անկապտելի մասն է:

    - Շատ լավ, եղբայրս, պատմիր ինչպես ինքդ հարմար կգտնես:

    Կիրակոս երեցը ևս մի անգամ շունչ առավ ու շարունակեց:

    - Հովհաննես Սմբատը թանձրամարմին էր, տգեղ ու երկչոտ,- շարունակեց նա,- իսկ Աշոտը գեղեցկադեմ, քաջակորով ու պատերազմասեր: Սակայն մեկ բանում նրանք շատ նման էին իրար: Երկուսն էլ անչափ ուժգնորեն ցանկանում էին թագավորել Գագիկ թագավորի գահին: Օրենքը Հովհաննես Սմբատի կողմն էր, բայց Աշոտն այլ կարծիք ուներ այս խնդրի վերաբերյալ և համոզված էր, որ բնությունը հենց իրեն է օժտել այն բոլոր հատկություններով, որոնք անհրաժեշտ են թագակիր անձին:

    - Աստված նրանց դատավոր,- խոսակցությունը որևէ կերպ աջակցելու համար ասաց Տեր Հովսեփը: Կիրակոս երեցը շարունակեց:

    - Հովհաննես Սմբատի վիճակը արագորեն տագնապալի դարձավ: Մի կողմից հունաց կայսրն էր եռանդուն գործողություններ ծավալել նրա թագավորության հյուսիս արևմուտքում, մյուս կողմից իր եղբայր Աշոտն էր զանազան նեղություններ պատճառումը, որպեսզի միահեծան թագավորի: Իր նպատակին հասնելու համար արքայազն Աշոտը ոչ մի միջոցի առաջ կանգ չառավ` նախ բանսարկությունների մեջ մտավ Վասպուրականի Սենեքերիմ թագավորի հետ, իսկ այնուհետև աջակցություն ստացավ նաև Բաղդադի խալիֆից ու մորեխի երամի պես ամայացրեց Անիի շրջակայքը: Այդպիսի իրադրության մեջ Անիի թագավորի շահերը պաշտպանեց կաթողիկոս Պետրոսը ու ապավինեց հունաց օգնությանը, իսկ ահա Հովհաննես Սմբատն իր միակ փրկությունը տեսնում էր Անիի անառիկ պարիսպների ներսում: Շուտով վրաց թագավոր Գուրգենը ևս Հովհաննես Սմբատի կողմն անցավ ու երդվեց, որ կձերբակալի Աշոտին ու ավագ եղբորը կհանձնի: Սակայն երբ բանը պատերազմի հասավ, իրադրությունը այլ պատկեր ստացավ: Քաջարի Աշոտը կոտորեց վրաց զորքը, իսկ պարծենկոտ Գուրգենին սեփական ձեռքով ծանր վիրավորեց: Անի քաղաքը ծանր դրության մեջ հայտնվեց: Թվում էր եկել է Հովհաննես Սմբատի վերջը, սակայն Կարսի Աբաս և Ափխազաց Գևորգ թագավորները ևս օգնության եկան ու ստիպեցին Աշոտին ետ քաշել զորքը: Հաշտություն կնքվեց, որի դրույթները ծանր էին Հովհաննես Սմբատի համար: Պետության մեծագույն մասը Աշոտին անցավ, իսկ Հովհաննես Սմբատին մնաց միայն Անին իր շրջակայքով, որը ևս Աշոտին պետք է անցներ ավագ ողբոր մահվանից հետո: Չանդրադառնամ այլևս Աշոտի մնացյալ չարագործություններին: Հիշո±ւմ ես թե ինչպես նրա սադրանքի արդյունքում Ափխազաց թագավորն ավերվեց Անի քաղաքը, կաթողիկոսարանը ու նույնիսկ պղծեց խաչերը…

    - Բարձրյալը թող ների նրա մեղքերը,- տեր Հովսեփը նորից կարճ արտահայտվեց, քանի որ տեսնում էր թե ինչպես է Կիրակոս երեցի վիճակը վայրկյան առ վայրկյան վատթարանում և մտավախություն ուներ, թե նա չի հասցնի խոստովանել ու հավիտյանս կկործանի իր անմահ հոգին:

    - Ես առավել հակիրճ պատմեցի եղբայրների հակամարտության այս հատվածը, այնինչ ամենահմուտ գրողի բազմաթիվ հատորներ հարկ կլինեին ներկայացնելու այն ամբողջ թույնն ու մաղձը, որ գոյություն ունեին նրանց միջև: Աշոտի վարքագիծը դավաճանական Էր իր հայրենիքի հանդեպ և բոլորովին զարմանալի չէ, որ նա կորցրեց իր հեղինակությունը` ինչպես հայ իշխանների, այնպես էլ շրջակա պետությունների թագավորների աչքում:

    - Ավաղ դա այդպես է եղբայրս:

    - Իսկ հիմա անդրադառնանք մյուս եղբորը,- չարախինդ շեշտով շարունակեց մեռնող հոգևորականը,- լուսահոգի Հովհաննես Սմբատին, ով պետական գործերով զբաղվել չէր սիրում, պատերազմելուց պարզապես զարհուրում էր, սակայն թագավոր լինել ցանկանում էր: Լինելով անզոր իր կռվարար եղբոր դիմաց, նա սկզբում բավարարվում էր կատաղությունից եղունգները կրծոտելով, իսկ հետո սկսեց ականջ դնել իր մերձավորներին, մասնավորապես Պետրոս կաթողիկոսին, և վրեժի ցասումը սրտում մի պայմանագիր կնքեց հունաց հետ` ըստ որի Անիի Բագրատունյաց թագավորությունը իր մահից հետո Բյուզանդիային կտակեց: Դու լավ հիշում ես, իմ լավ եղբայր Հովսեփ, թե հատկապես ով գլուխ բերեց այդ խճճված գործը: Դա ամենայն հայոց սրբազանն էր, ով ընդունակ էր այնպես կատարել կրոնական ծիսակատարությունները, որ նույնիսկ նրա հակառակորդներն էին հիանում, իսկ լինելով խիստ ուսյալ, Վարդանանց պատերազմին այնպիսի ձոն էր կերտել, որ թերևս հենց միայն դրանով հավերժանար ու սրբանար, եթե մահվան մահճում գտնվող ոմն ոջլոտ երեցի խիղճը հանկարծակի չսկսեր նրան տանջել…

    - Եղբայրս,- խիստ նրբանկատ կերպով Կիրակոսին փորձեց ընդհատել տեր Հովսեփը,- Աստծո ճանապարհները անքննելի են: Միայն այն, որ արքայազն Աշոտը իր եղբորից մի քանի ամիս առաջ կնքեց մահկանացուն ու այդպես էլ չտիրացավ Գագիկ թագավորի գահին, իմ խոսքերի վառ ապացույցն են: Աստված թող դատավոր լինի Հովհաննես Սմբատին էլ իր եղբորն էլ: Անին հույներին կտակելու պայմանագրի դիմաց մենք ունենք թագավորությունը արքայազն Աշոտին հանձնելու պայմանագիրը` կնքված շրջակա բոլոր պետությունների համաձայնությամբ և նույնիսկ ինձ, աշխարհիկ հարցերից խիստ հեռու համեստ հոգևորականիս է պարզ, որ Աշոտի կենդանի չլինելու պարագայում գահը անցնում է նրա որդուն` պատանի Գագիկին, որի Անիի թագավոր օծվելը սոսկ շաբաթների կամ օրերի հարց է: Սրբազանն արդեն տվել է իր համաձայնությունը, այնպես որ քո մեղադրանքները նրա հասցեին անարդարացի են, եղբայրս…

    Թվում էր Կիրակոս երեցը կսկսի փրփուրը բերանին հակառակն ապացուցել, բայց մահվան կնիքով իմաստավորված նրա աչքերը լռեցրին հոգում մոլեգնող անկառավարելի ցասումը և լինելով նույքան արտահայտիչ, որքան և ուժգին, ստիպեցին լռել նաև տեր Հովսեփին:

    - Հիրավի սուրբ մարդ,- վերջապես ասաց Կիրակոս երեցը: - Որքան մոռացկոտ է ու ներողամիտ քո հիշողությունը, երբ խոսքը վերաբերվում է ուրիշների մեղքերին: Զարհուրում եմ այդ մտքից, այդ պատճառով հակիրճ կլինեմ և քո զգայուն հոգին չեմ շղարշի այն չարամիտ պատմություններով, որոնք այս կամ այն կերպ կապված են կաթողիկոս Պետրոսի բանսարկու գործունեությանը, չեմ հիշեցնի, թե նա քանի անգամ է աքսորվել իշխանությունների կողմից, և քանի անգամ է ընդվզել հասարակ ժողովուրդը, որպեսզի Սատանայի այդ արծաթասեր ծառային…

    - Եղբայր Կիրակոս,- խստորեն կտրեց տեր Հովսեփը և խռովված ոտքի կանգնեց:

    Կիրակոս երեցը չշարունակեց: Դա կարող էր զարմանալի թվալ, քանի որ իր ձեռքում ուներ ամենահզոր մի զենք` մահամերձ էր, և կարող էր չվախենալ ոչ միայն հեզաբարո տեր Հովսեփից, այլ նույնիսկ աշխարհի հզորներից: Սակայն այլ աշխարհ ուղևորվողի նպատակը ակնհայտորեն այլ էր և նա ցանկություն չուներ չափից ավելի խորանալ մի նյութի մեջ, որը այս կամ այն չափով հայտնի էր մարդկանց բամբասանքների ու խոսակցությունների միջոցով: Մի քանի վայրկյան կանխամտածված լռելով և տեր Հովսեփի աչքերի մեջ սրտանց զղջում նկատելով, Կիրակոս երեցը հանկարծ սկսեց խոսել լիովին այլ բանի մասին:

    - Եղբայր Հովսեփ,- ասաց նա,- դու հավանաբար գիտես, որ հունաց կայսրերից շատերը հայեր են եղել:

    - Հարկավ գիտեմ: Սակայն չէի ցանկանա շեշտել նրանց հայկական ծագումը, քանզի գտնվելով կայսերական գահին, նրանք ամենամեծ ջանքեր են գործադրել ժխտելու այդ և մեկ մազաչափ ավելի հունասեր և մեկ մազաչափ ավելի հայատյաց են եղել, քան Կոնստանտնապոլսում իշխող մյուս կայսրերը…

    - Դա իրոք այդպես է եղել, տեր Հովսեփ, այդ հարցում չեմ վիճի: Սակայն ինչ կարող ես ասել Կոստանդին Իններորդ կայսրի մասին:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (11.04.2011), Lion (12.04.2011), Moonwalker (11.04.2011)

  19. #11
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Համարյա ոչ մի բան,- երկու երեք վայրկյան մտածելուց հետո պատասխանեց մեղքերի խոստովանություն լսելու եկած հոգևորականը:- Թերևս միայն այն, որ նա նույնպես ազգությամբ հայ է եղել և համեմատաբար կարճ է թագավորել: Ինձ ստուգապես հայտնի է նաև, որ նրա տիրակալության օրոք դու Կոստանդնուպոլսում ես ապրելիս եղել, եղբայր: Այնպես որ պետք է ինձանից ավելի լավ իմանաս նրա մասին:

    - Ես ոչ միայն գիտեմ, այլև հիմա բարձրաձայն կասեմ նրա մասին,- Կիրակոս երեցի ձայնը հնչեց այպես շեշտակի և ազդու, որ տեր Հովսեփը զարմանքով նրան նայեց, իսկ ես փշաքաղվեցի վարագույրի ետևում ու շարունակեցի ծիկրակել:
    - Գտնվելով մահվան ճիրաններում,- շարունակեց Կիրակոս երեցը,- ծերունի կայսրը մտաբերել էր, որ ինքը հայ է և ցանկացել էր գեթ մեկ անգամ օգտակար լինել իր ազգին:

    Մահամերձը չէր խոսում հանդիսավոր ձայնով և բառեր արտաբերելիս այլևս այս կամ այն կերպով չէր շեշտադրում, բայց նրա խոսքերի ուժն այնուամենայնիվ այնքան զորեղ էր, որ տեր Հովսեփը անսպասելիությունից ոտքի կանգնեց, իսկ ես մոռանալով ամեն մի զգուշության մասին, համարյա դուրս եկա վարագույրի ետևից: Բարեբախտաբար զրուցակիցները չափազանց կլանված էին և չնկատեցին ինձ:

    - Մահվան գրկում գտնվող հայ կայսրը իր մոտ կանչեց ինձ:

    Կիրակոս երեցը արտասանում էր կարճ նախադասություններ և ամեն անգամ քսան երեսուն վայրկյան դադար էր առնում: Հիմա եմ հասկանում, որ նա դա անում էր ինձ համար, որպեսզի իմ մանկական անկատար ուղեղը հնարավորություն ունենա ընկալելու լսածը:

    - Կոնստանտին Իններորդ կայսրը թղթի մի դեղնավուն փաթեթ հանձնեց ինձ:

    Ես տեսա թե ինչպես տեր Հովսեփի ազնիվ դեմքը գունատվեց, իսկ ռունգերը սկսեցին հուզմունքից դողդողալ:

    - Դա Անիի թագավորությունը Բյուզանդիային հանձնելու Հովհաննես Սմբատի կտակն էր:

    - Ամենակարող Աստված…- հուզված բացականչեց տեր Հովսեփը: Կիրակոս երեցը շարունակեց:

    - ՙՏար այս ու հանձնիր քո թագավորին՚, ասաց Կոստանդին Իններորդ ազգությամբ հայ բյուզանդիոց կայսրը և հոգին Աստծուն ավանդեց:

    Տեր Հովսեփը, որ չիմանալով ինչ անել, նստել էր, նորից վեր թռավ տեղից, իսկ մահամերձը այնաստիճան այլակերպվեց, որ թվում է կյանքի մայրամուտին խելքը թռցրեց:

    - Ոչ ոք չեկավ, բայց դու եկար, եղբայր Հովսեփ,- խելագարի պես աչքերը լայնացրեց Կիրակոս երեցը և քահանայի ոտքերն ընկավ,- տուր ինձ ուրեմն այն կանեփի պարանը, որի օգնությամբ իմ եղբայր Հուդան դժոխքի ճամփան բռնեց:

    Մահամերձը սկսեց անկառավարելի շարժումներ կատարել և վայր ընկավ մահճակալից: Տեր Հովսեփը փորձեց օգնել նրան, բայց ապարդյուն: Նախկին եկեղեցականի մարմինը ուժգին դողերոցքի մեջ էր, իսկ լեզուն, ճիշտ է, կապ էր ընկնում ահավոր հեկեկոցների մեջ, բայց ընդհանուր առմամբ մնում էր հասկանալի:

    - Ահա այս ձեռքերի մեջ էր գտնվում Հովհաննես Սմբատի կտակը,- շարունակեց Կիրակոս երեցը ու այնպիսի զարհուրանքով նայեց ափերի մեջ, ասես իր իսկ կողմից սպանած մարդու արյունով էր այն ներկված,- իսկ ես, Աստծո ընտրյալս, չգիտակցեցի ինձ վրա իջած շնորհը և գերադասեցի Սատանային ծառայել… Իզուր չի Սուրբ Գրքի մեջ ասված` կտրիր ձեռքդ, եթե այն գայթակղության մեջ է գցում քեզ: Ինչու Աստված չկտրեց իմ անարժան ձեռքերը, ինչու ինձ կայծակնահար չարեց հենց տեղում, ինչու բարի Տերը թույլ տվեց, որպեսզի Սատանայի ճանկն ընկնեմ, դավաճանեմ հայրենիքս ու կործանեմ իմ անմահ հոգին…

    - Հանգստացիր եղբայր իմ, պառկիր մահճակալի վրա:

    - Ես երդվել էի կտակը ետ վերադարձնել թագավորին, բայց Անի հասնելուն պես Պետրոս Կաթողիկոսի մոտ գնացի,- Կիրակոս երեցը վերջին ուժերով ավարտեց պատմությունը և երեխայի պես սկսվեց լալ: Մահամերձի հեկեկոցները և աչքերից հեղեղի պես հորդացող արցունքները անվայել էին նույնիսկ կյանքին հրաժեշտ տվող մարդուն, սակայն Կիրակոս երեցը ոչ թե կյանքին էր հրաժեշտ տալիս, այլ իր հոգու կորուստն էր ողբում, որը նրա խորին համոզմամբ մի քանի րոպե անց ոչնչանալու էր դժոխքի կրակների մեջ, և այդ պատճառով ամենաանկեղծն էր անկեղծների մեջ:

    - Սրբազանը գովաբանեց իմ խելամտությունը,- շարունակեց նա,- ասաց, որ եկեղեցուն հավատարիմ լինելը վեր է ամեն բանից և որ այն ըստ արժանավույն կգնահատվի հետմահու կյանքում: Ասես ուզենալով ապացուցել, որ Աստծո փոխանորդը երկրի վրա պակաս շռայլ չէ իր ծառաների նկատմամբ, քան Բարձրյալն իրեն հավատացողների, կամ ցանկանալով ապահովագրել իմ հետագա հավատարմությունը ևս, Պետրոս կաթողիկոսը պահարանից մի ծանր ոսկեկար դրամապանակ դուրս բերեց ու մի հայացքով, որը միառժամանակ արտահայտում էր խորամանկություն, անտարբերություն, ամբարտավանություն և հոգու խորքում թաքնված մի աննկատ գոհունակություն, անփութորեն ինձ հանձնեց: Այսպիսով ես ապահովել էի տեղը Դրախտում` այն դեպքում, երբ ժամանակը գար այլ կացության անցնելու, ինչպես նաև Անի քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը դարձել: Ահա այդ դրամապանակը, եղբայր Հովսեփ: Դեռ ոչ մի ոսկեդրամ չեմ ծախսել: Ասենք ոսկիներ չեն սրանք, այլ արծաթե տետրադրահմներ, որոնք իբր թե մի քանի հարյուրն են, սակայն ամեն անգամ հաշվելիս երեսունն են ստացվում: Չես հավատո±ւմ: Վերցրու և ինքդ հաշվիր…

    Ես համարյա ամբողջովին դուրս էի եկել վարագույրի ետևից և հստակ տեսա, թե ինչպես մահամերձը խելակորույս ժպիտը դեմքին դուրս թափեց դրամապանակի ամբողջ ոսկին, որոնք գլորվելով շաղ եկան` մասամբ հատակին, մասամբ անկողնու ծալքերում և մահամերձի կրծքին: Մինչ տեր Հովսեփը ջանում էր հանգստացնել նրան, նախկին հոգևորականը շարունակում էր դեպի ավարտ տանել իր անսովոր պատմությունը:

    - Իսկ ինչո±ւ չես հարցնում, թե ինչ եղավ կտակի հետ, եղբայրս,- չարախնդալով ասաց նա,- արդեն գլխի ե±ս ընկնո±ւմ: Ո±չ: Այդ դեպքում սիրով կասեմ: Պետրոս կաթողիկոսը համբերատար սպասեց մի քանի տարիներ, իսկ հետո մի հարմար պահի կտակը Միքայել Չորրորդ կայսրին վաճառեց: Ինչպես հասկանում ես դա այն փաստաթուղթն է, որն այժմ հույները թափ են տալիս մեր գլխավերևում և հրաժարվում ճանաչել արքայազն Գագիկի իրավունքները գահի նկատմամբ…

    Կիրակոս երեցի խոսքն ընդհատվեց: Օդն արդեն չէր հերիքում նրան և գիտակցությունն էլ երևի մթագնել էր, որովհետև խոսում էր անկապ, հաճախ անիմաստ ու իրարից անկախ մտքեր արտահայտում: Մահամերձը մեկ գորովանքով տեր Հովսեփին էր նայում ու սրտառուչ շեշտով հիշեցնում` ոչ ոք չեկավ, բայց նա եկավ, այնուհետև հիշում Դժոխքի կրակները, որոնց մեջ քիչ անց պատրաստվում էր կրել իր պատիժը և կանեփի պարան խնդրում, որպեսզի Հուդային արժանի մահով ճանապարհվի այնտեղ: Որոշ ժամանակ նրա գիտակցությունը տեղն էր գալիս և այդ ժամանակ տեր Հովսեփը փորձում էր հավատ և Աստծո սերը ներշնչել նրան, բայց նախկին հոգևորականը տխուր ժպտում էր և անհույս տարուբերում գլուխը: Մահամերձը շուտով այնքան թուլացավ, որ աչքերը հազիվ կիսաբաց էր պահում, իսկ նրա մտքերն այլևս ոչինչ չէին արտահայտում և նույնիսկ դժվար էր առանձին բառեր որսալ նրա կիսախելագար բարբաջանքից: Եկավ մի պահ, երբ արդեն պարզ դարձավ, որ նա այլևս գիտակցության չի գա, սակայն հենց այդ ժամանակ էր, որ նա հստակ բաց արեց աչքերը և ձեռքերն առաջ պարզելով գոչեց, որ լույս է տեսնում:

    - Հիսուս Քրիստոս,- բացականչեց Կիրակոս երեցը և այնպիսի անարատ դեմք ընդունեց, ասես դա մարդու այն կերպարն էր, որին Աստված էր ստեղծել իր պատկերով,- Տեր Հիսուս Քրիստոս,- կրկնեց նա,- ինքդ եկար անարժանիս ետևից: Ներիր ուրեմն մեղքերս ու ընդունիր հոգիս…
    Կիրակոս երեցը, որն այդ պահին կիսականգնած էր, անսպասելիորեն փլվեց անկողնու վրա ու շունչը փչեց: Տեր Հովսեփը աղոթք կարդաց նրա հոգու փրկության և շուտով դուրս գնաց` առանց նկատելու ոտքի տակ տրորելով այն ոսկե դրամները, որոնք Հուդայի երեսուն արծաթադրամներ էին երևում Կիրակոս երեցի աչքին և այդքան առատորեն թափված էին հատակին:

    Հռոմեացի կայսրերից մեկը, կարծեմ Վեսպասիանոսը, ասել է, որ փողը վատ հոտ չի ունենում: Իսկ Կիրակոս երեցի ոսկին ուներ այդ հատկությունը ու նույնիսկ հեռու տարածության վրա գարշ հոտ էր արձակում: Հիսուս Քրիստոսի արյունով եմ երդվում, որ այն ավելի գարշահոտ էր քան Անիի աղբանոցը, քանզի ձեռք էր բերված հայրենիքի դավաճանության գնով:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lem (11.04.2011), Lion (12.04.2011), Moonwalker (11.04.2011)

  21. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, իրոք դուրս եկավ, ապրես Իհարկե, ողջ այդ պատմությունն ինձ համար նորույթ չէր, բայց նույնիսկ այդ վիճակում էլ վրաս ազդեց - պատկերացնում եմ, թե ինչ ուժեղ տպավորություն կթողնի այն այս ամենը առաջին անգամ կարդացող մարդու վրա: Շարունակում եմ մնալ կարծիքիս, որ դու մեր ժամանակակից հայ պատմավեպի մեջ նոր խոսք ես ասում - կուզեմ քեզ գերազանցել, ընկերաբար, բայց, ափսոս, ինչ ափսոս, հեչ ժամանակ չեմ գտնում շարունակելու գործս: Ամեն անգամ քո պատմավեպերը կարդալիս ինձ խոսք եմ տալիս շարունակել գրել, բայց դրա համար կենտրոնանալ է պետք, մուսա, իսկ ես... հոգնած տուն ես գնում ու - վերջ Բայց դե լավ է, որ ամեն դեպքում իմ մեջ ամեն անգամ արթնանում է այդ ձգտումը - ըստ նախնական-մոտավոր հաշվարկների պատմավեպիս մոտ 10 տոկոսը (մոտ 300 տպագիր էջ) արդեն պատրաստ է...

    Մի փոքրիկ պատմական դիտարկում, որը երևի թե օգտակար կլինի վեպիդ.


    Շուտով վրաց թագավոր Գուրգենը ևս Հովհաննես Սմբատի կողմն անցավ ու երդվեց, որ կձերբակալի Աշոտին ու ավագ եղբորը կհանձնի: Սակայն երբ բանը պատերազմի հասավ, իրադրությունը այլ պատկեր ստացավ: Քաջարի Աշոտը կոտորեց վրաց զորքը, իսկ պարծենկոտ Գուրգենին սեփական ձեռքով ծանր վիրավորեց: Անի քաղաքը ծանր դրության մեջ հայտնվեց: Թվում էր եկել է Հովհաննես Սմբատի վերջը, սակայն Կարսի Աբաս և Ափխազաց Գևորգ թագավորները ևս օգնության եկան ու ստիպեցին Աշոտին ետ քաշել զորքը:
    Այս ժամանակաշրջանում Քարթլիի թագավորության արքան էր Գեորգի I-ը (1014-1027), որը սկզբում մասնակցում էր այս իրադարձություններին ոչ թե անձամբ, այլ իր դեսպանի միջոցով: Ըստ Մատթեոս Ուռհայեցու "...Եւ յանժամ մի ոմն իշխան ի զօրաց թագաւորին Վրաց՝ ի դեսպանութիւն եկեալ առ Յովհաննէս արքայ. վասն զի մայրն Յովհաննիսի եւ Աշոտոյ դուստր էր Վրաց թագաւորին Գէորգէ՝ Կատրամիդէս թագուհին...": Համաձայն Արիստակես Լաստիվրեցու կրկին որպես միջնորդ հանդես է եկել Գեորգի I-ը, թեև այս դեպքում նա այնուհանդերձ ժամանում է հակամարտող կողմերի մոտ. կարելի է կարծել, որ Գեորգին Անի է ժամանել իր պոռոտախոս դեսպանի անփառունակ վախճանից հետո:

    Ինչ վերաբերվում է. "Ափխազաց Գևորգ" թագավորին, ապա այստեղ ևս թյուրիմացություն կա: Գուրգեն I-ի հայր Բագրատ I-ի անձնական ունիայի արդյունքում Աբխազական թագավորությունն ու Քարթլիի իշխանությունը միացվել էին դեռևս 978 թ-ին, իսկ 980 թ-ին հռչակվել էր Քարթլիի թագավորությունը: Այսպիսով Բագրատին ժառանգած Գուրգեն I-ը, որպես Քարթլիի թագավորության արքա, տիրում էր Քարթլիին և Աբխազիային: Այս պայմաններում որևէ "Աբխազիայի արքա Գևորգ"-ի (??!!) մասին խոսք լինել իսկ չի կարող:

    Կարծում եմ, որ տեղեկատվությունը վերցրել ես Մատթեոս Ուռհայեցու մոտից, որի մոտ, սակայն, ասվում է. "Յայնմ ժամանակի նստաւ Աբաս ի Կարս թագաւորական իշխանութեամբ՝ հրամանաւ ազգապետին իւրոյ Գագկայ Հայոց արքային, եւ Գուրգէն՝ յԱղուանից աշխարհն, վասն զի յազգէ Հայոց թագաւորացն էին եւ կային ի հնազանդութիւն տանն Շիրակայ". Իմ կարծիքով սխալ է և "Աբխազաց արքա"-ն, և "Գևորգ"-ը: Կարծում եմ, որ խոսքը կարող է վերաբերվել միայն և միայն Կախեթիի իշխանության իշխան Գուրգեն Մեծ Դոնուրիին (1010-1039): Դեռևս միայն ձևականորեն լինելով կամ նույնիսկ ընդհանրապես էլ չլինելով Քարթլիի թագավորության կազմի մեջ` Կախեթիի իշխանությունը Գուրգեն Մեծի օրոք զգալի հեղինակություն ուներ և տիրում էր նաև պատմական Աղվանքի հյուսիսային որոշ շրջանների, ինչով էլ կարող է բացատրվել նրա լինելը. "յԱղուանից աշխարհ"-ից:

    Հուսեվ եմ օգտակար եղա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն լավ խոսքերի համար: Քո տված ինֆորմացիան ինչպես միշտ պետքական է, եթե ճասենք, որ անգին է: Այնպիսի մանրամասնություններ ես մեջբերում, որ դժվար, թե ուրիշ որևէ այլ տեղ գտնես:
    Շուտ ավարտիր քո վեպը: Եթե շատ ցանկանաս կարող ես ժամանակ գտնել: Ինչքան հասկացա 3.000 էջ պետք է կազմի վերջնական: Եթե ինձ լսես մասերի կբաժանես: 300 էջը բավական է կամ բավականին մոտ է տպագրելու համար: Վերջնական տեսքի բեր, տուր մի լավ խմբագրի ու տպագրիր: Երբ աշխատանքիդ արդյունքը տեսնես ավելի շատ ժամանակ կգտնես ստեղծագործելու:

  23. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն լավ խոսքերի համար: Քո տված ինֆորմացիան ինչպես միշտ պետքական է, եթե ճասենք, որ անգին է: Այնպիսի մանրամասնություններ ես մեջբերում, որ դժվար, թե ուրիշ որևէ այլ տեղ գտնես:
    Ուրախ եմ - իրոք, այդ ժամանակվա "վրացական" պահերը շատ խուճուճ են ու վատ ուսումնասիրված: Ընդ որում շատ բան միտումնավոր է արված, որ պատմությունը վրացիների օգտին գրվի - սա գալիս է դեռ ստալինյան ժամանակներից ու մինչև այժմ էլ չի ուղղվում...

    Շուտ ավարտիր քո վեպը: Եթե շատ ցանկանաս կարող ես ժամանակ գտնել: Ինչքան հասկացա 3.000 էջ պետք է կազմի վերջնական: Եթե ինձ լսես մասերի կբաժանես: 300 էջը բավական է կամ բավականին մոտ է տպագրելու համար: Վերջնական տեսքի բեր, տուր մի լավ խմբագրի ու տպագրիր: Երբ աշխատանքիդ արդյունքը տեսնես ավելի շատ ժամանակ կգտնես ստեղծագործելու:
    Մերսի, պտի գրեմ Ես էլ եմ այդ մտքին գալիս, որ պետք է մասերի բաժանել - երևի 3 մասի կբաժանեմ: Ի դեպ, շատ կուզենայի այստեղ տպել արդեն գրածս մասերն ու կարծիքներ ստանայի, բայց... մի կողմից վախենում եմ գրագողության զոհ դառնամ, մյուս կողմից էլ չգիտեմ, թե երբ կկարողանամ ավարտել գործս ու այն վերջնական տեսքի բերել: Այստեղ տպելով կարծես պարտավորվում եմ գրել, իսկ պարտավորված գրելը լավ բան չէ...

    Եթե մասերի առումով նայենք, երևի, ամենակոպիտ պռագնոզով, առաջին մասի կեսը արդեն գրված է, մնացած կեսի ու մյուս մասերի կմախքն էլ, այսինքն այն, թե ինչը ոնց պետք է լինի, ուղեղումս է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն, չեմ կարծում, թե վեպդ այստեղ տեղադրելով կկարողանաս կողմնորոշիչ կարծիք ստանալ: Ակումբում շատ լավ գրականասերներ կան, էլ ավելի լավ քննադատներ, բայց կան նաև այնպիսինները, որ շատ էլ չեն հասկանում, բայց իրենց պարտքն են համարում խելացի դեմքով վատ քննադատական ու թունավոր խոսքեր ասել, ինչը կարող է թևաոափ անել հեղինակին: Սա քո դեպքում ավելի զգայուն կարող է լինել, քանի որ քո վեպն առայժմ անավարտ է:
    Իմ խորհուրդը քեզ: Մի լավ խմբագիր ճարիր ու համագործակցիր նրա հետ: Նորմալ խորհուրդներ էլ կտա, գրածդ էլ կկարգավորի: Եթե լավ խմբագիր է, նրա հետ աշխատելիս կսովորես ավելի լավ գրել:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.04.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  4. Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.03.2011, 10:35
  5. Արձակ. Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 07.11.2010, 09:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •