Հիշողություններ մարդասպանության մասին / Memories of Murder


Հարավային Կորեա, 2003
Ռեժիսոր՝ Բոնգ Ջուն-հո
Դերերում՝ Սոնգ Կանգ-հո, Կիմ Սանգ-կյունգ և ուրիշներ
Ժանրը՝ դրամա, դետեկտիվ
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.1
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 88%

«Հրեշը» ֆիլմի ռեժիսոր Բոնգ Ջուն-հոյի հերթական գլուխգործոց ֆիլմը, որը Oldboy-ի ու The Chaser-ի հետ միասին դարձավ իմ տեսած լավագույն կորեական ֆիլմերից մեկը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 80-ական թվականներին Հվ. Կորեայի մի փոքրիկ գյուղաքաղաքում: Երկու դետեկտիվ՝ մեկը տեղացի, մյուսը՝ Սեուլցի, ուսումնասիրում են սերիական մարդասպանությունների շարան: Սպանությունները միշտ տեղի են ունենում անձրևոտ գիշերներին, զոհերը՝ գեղեցիկ երիտասարդ աղջիկներ են, որոնց մարդասպանը բռնաբարում է և դաժանաբար սպանում ու առանց հետքեր թողնելու անհետանում: Դետեկտիվները աշխատելու տարբեր ոճեր ունեն, ինչի պատճառով շատ հաճախ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ են մտնում:

Ֆիլմի դանդաղ տեմպերով զարգացումը ի վերջո հանգեցնում է անսպասելի ու ազդեցիկ ֆինալին, ֆիլմի յուրաքանչյուր կադրում ականատես ենք դառնում հերոսների կերպարների զարգացմանը ու փոփոխմանը, ի վերջո վատ դետեկտիվը դառնում է լավը ու մարդկային, իսկ լավ դետեկտիվը դառնում է հրեշ...

Մի խոսքով չափից դուրս լարված սցենար, խելացի հնարքներ, արտակարգ դերասանական խաղ ու խորը ու շատ տխուր պատմություն, որի հիմքում ընկած են իրական դեպքեր... Դիտեք, չեք փոշմանի: