User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Այս դժոխքում Էլ տեղ չկար

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այս դժոխքում Էլ տեղ չկար

    ԲԱՐՑՐ ՀԱՅՔԻ ԴԵՐջԱՆՑՈՒ
    Ջահ ջինանի կտակարան կենսագրականը
    Որ կոչվի պատառիկն Ազգին յուրյան

    Պետք Է հիշեի,թե չե՞, եթե ծնվել եմ ինչու՞ համար եմ ծնվել։ Եթե ապրել եմ որտեղ՞, ինչ եմ եղել։ Առանց այս հարցերի անձնավորման,որ քաշել ենք,կատարել ենք մարդ Էակների տարբերությունն անասուն գոյակներից չի տարանջատվի։ Իմ աշխարհ գալն իսկի կարևոր Էլ չԷր, կարող Էի գալ, կարող Էի չգալ՝շատ ենթադրականների նման։ Կարևորն այն Է, որ մնացել եմ՝ անցածի այս կտակները գալիքների տեսողության, հասկացողության ճշգրիտ մարմնացումը դարձնելու համար։
    Ծննունդս չեմ հիշում՝ բնականաբար։Նախորդներիս հիշում եմ , նրանք չհասցրին ինձ փոխանցել ծննդյան տոմարը՝իրենց հիշողությունը։ Երկուսն Էլ բզկտվեցին…ես նրանց ճվենները տեսա եկեղեցու բակում և ձորերում, որոնց ժամ Էինք ասում՝և՝ ծնող և հարազատներ…։ Մորս եմ հիշում, հորս մահվան՝ յոթի ՞, քառասունքի՞, թե տարվա՞ կրակի օջախ ծխի մնացորդը՝ մեր ախոռի դռան առաջ … հավանաբար
    Մեր ախոռի պատի տակ հորս հոգեհացի կրակն էր մոխրանում: Ինչո՞ւ էի շուտ վեր կացել, ի՞նչ էր պատահել՝ չէի հասկանում։ Պապս հետս էր։ Նա տխուր էր: Կրակարանի քարերը սևացել էին ծխից: Ինչո՞ւ էի դրանց նայում, մոխիրը խառնում՝ չգիտեմ: Պապիս՝ Տացուիս աչքերին արտասուք էր… Սա է իմ առաջին հիշողությունը: Պապիս հարցրել եմ, թե ի՞նչ կրակ է եղել, ինչո՞ւ է մեր պատի տակ վառվել… Պապս` Գևորգը, որ գյուղի տիրացուն էր և որին ես Տացու եմ ասել (երևի «տիրացու»-ն այսպես է ձևափոխվել իմ մանուկ շուրթերին), լռել է վշտակուլ: Չեմ հիշում, ի՞նչ է ասել, հետո եմ ամեն ինչ հասկացել: Դրանից հետո այդ մասին էլ չեմ հարցրել: Գերեզմանոցում ինձ ցույց են տվել հորս գերեզմանաքարը։ Դրանից հետո տեղը միշտ հիշել եմ: Գյուղի գերեզմանոցը մեր տոհմային թաղի՝ Ռստակների տների ներքևում էր, բլրի փոքր, հարթ ստորոտի վրա: Ծայրին աղբյուրն էր, որի ջուրը, չգիտեմ ինչու, այնքան էլ չէին հավանում: Աղբյուրի շրթին մեր Փիլոենց տունն էր, ապա նաև մյուսներինը։ Մեր տները շարված էին ճամփի երկայնքով, որը թեքվում էր դեպի ներքև՝ հարավ, մինչև գյուղապռունկը հանդիսացող մեր տունն ու կալը։ Մեր կալի տակով, անցնում էր գյուղի մեծ ճանապարհը, որը ձգվում էր մինչև ժամի բակը՝ գյուղի հրապարակը: Ճանապարհի մեր կողմում ամբողջությամբ հայի տներ էին՝ տոհմ առ տոհմ, իսկ արևմտյան կողմում՝ քրդերի ցաք ու ցրիվ հյուղակներ: Գյուղը շատ փոքրիկ էր: Սահմանները չորս կողմից էլ փակ էին: Հավանաբար հնում, խնձորուտների առկայությամբ պայմանավորված, գյուղն անվանվել է Խնձորիկ: Հետագայում թուրքական վարչարարությունը՝ «ձ»-ն «զ»-ի է վերածել («ձ»-չունեն), ձևափոխել ու անվանել է Խնզրի: Մեր ժամանակներում գրվում ու կոչվում էր Խնզրի: Սակայն Թուրքիայում եղել է նաև Խնզր անվամբ ապստամբ, ըմբոստ, վայրաբարո մի ցեղախումբ: Մեր ժամանակներում այդ անվանումը գործածվում էր բացասաբար: Մեկին հայհոյելու համար ասում էին՝ «Խնզր օղլի խնզր»: Դերջանի սահմանային, վերջին գյուղն էր, այն կողմում արդեն Բաբերտի սարերն էին:
    Ալի Օսման աղայի տնախումբը հայերի թաղի սահմանագծին էր, գետահայաց թեքության վրա: Ալի Օսման աղա անվանումը թունդ թուրք է հիշեցնում, այնինչ նա քուրդ էր, որը թուրքի արտոնություններ էր ստացել և գյուղի նորաթուխ ղեկավարն էր: Նա կարող էր ցանկացած հողակտորի վրա թաթ դնել, իսկ դրա փոխարեն պարտավոր էր ամեն ինչով ապացուցել իր թրքացումը, օտարացումը քրդությունից: Նաև, եթե ոչ հաճախ, ապա մերթ ընդ մերթ պարտավոր էր լինել գյուղի «մյուդյուրլիկը»՝ ենթաշրջանային զինկետի ղեկավարը: Մզկիթ չունեինք, քանի-որ թուրք բնակիչների թվաքանակը շատ քիչ էր:
    Ալի Օսմանը թեև այս վերջին պարտականությունը ստանձնել էր, սակայն դրան գրեթե ատելությամբ էր վերաբերվում, համարյա չէր կատարում: Նա բոլորովին չէր չարաշահում իրեն տրված վարձագնորդի արտոնությունները, սանձարկություն չէր անում: Նրա հանգուցյալ եղբայր Թոռունը, մեր գյուղի հայերի վրա կատարված ավազակային մի հարձակման ժամանակ, մասնակցել էր պաշտպանությանը և հենց այդ ժամանակ էլ վիրավորվել ու զոհվել, սակայն գյուղը փրկել էր կողոպուտից ու ջարդից: Ալի Օսմանը մնացել էր վերջին եղբայրը։ Ուզեր, թե չուզեր՝ պիտի թրքանար՝ մեծ ընտանիքի նահապետ էր: Դա ճակատագրով էր կանխորոշված: Նա ուներ երկու տղա, որոնք հորեղբորն էին նման՝ հավատարիմ հարևան էին:
    Թոռունի կինը՝ Խանումը, մնացել էր Ալի Օսմանի մեծ տղայի՝ Շավչիի համար և՛ կին, և՛ մայր։ Այդ Խանումը նաև երկու ջահել, սիրուն աղջիկների մայր էր: Աղջիկներին պահում էին Ալի Օսմանի փոքր տղայի՝ Հայդարի համար, որպես զույգ հարսնացուներ: Հայդար դու Հայդար, երբեք չէր մոտենում այդ հեշտագին գործարքին: Խեղճ աղջիկները հասունացել սիրո կարոտից վառվում էին, իսկ Հայդարը երգեր էր երգում, ուրիշ կանանց էր երազում:
    Հայրս՝ Հովակիմը, ինչպես ասացի, երիտասարդ հասակում էր մահացել և մայրս մնացել էր, որպես տան այրի։ Մայրս Գառնփեթակ գյուղի տերտերի թոռն է եղել։ Պապս շատ է զբաղվել հորս ամուսնության հարցով, բայց երկար ժամանակ չի կարողացել ընտրություն անել։ Հետո Գառնփեթակ հարս գնացած իր մեծ աղջկա միջոցով գտել է մորս ու հարս բերել։ Սակայն, ավաղ, մորս բախտից, հայրս տառապել է ինչ-որ երիկամային հիվանդությամբ։ Պապս նրան բուժելու համար տարել, հասցրել է մինչև Մարղվան, սակայն ապարդյուն։ Անկողնային հիվանդ է դարձել ու վախճանվել՝ ջահել կնոջն ու զավակներին թողած։
    Մորս անվանել են Բահար (պարսկերեն՝ գարուն)։ Նա պայծառ աչքերով, արտակարգ գեղեցիկ կին էր, գրաճանաչ էր և բազմաշնորհք։ Նրան հաճախ կրկնանուն էին տալիս՝ Գոհար։
    Հորեղբայրներիցս՝ Սեդրակը փոքրն էր, նրան անընդհատ կանչում էին, որ «ասկյար» տանեն։ Անվերջ դես դեն էր փախչում։ Տանը նրա աշխատանքն ու ներկայությունը տանը ես գրեթե չեմ հիշում։ Նրա կինը՝ Յաղութը (Յուղաբերը), երեք, թե չորս զավակ ուներ։ Ես երկու քույր էլ եմ ունեցել, բայց չգիտեմ ինչ պատճառով նույնպես մահացել են։ Ես մնացել էի վաղամեռիկ հորս միակ շավիղը։
    Ոչ մի բանի պակասություն չունեինք, աղքատության մեջ չէինք: Պապս իր որդիներով ստեղծել էր բարեկեցիկ կյանք: Նա հնարավորություն ուներ և՚ հովիվ, և՚ մշակ վարձելու. նայած թե ինչ էր պետք. ըստ տարվա պահանջի: Դա մասամբ լուծում էր գյուղի չքավորության օրվա հացի խնդիրը։ Պապիս մոտ աշխատողները միշտ օրհնում էին նրան:
    Մեր գյուղում միրգ չկար: Դերջանը գերազանցապես ցորենի երկիր է: Մեր գյուղը հող չուներ ոչ այգուն, ոչ էլ բանջարանոցին հատկացնելու համար։ Ոչ էլ դրանց համար առանձնացնելու ջուր: Ամենուր արտ էր ու արոտ: Գյուղի վերին ծայրում, Մեծ լեռան ստորոտից սկսած, խնձորենու և տանձենու անմշակ տարածություններ կային: Դրանք վայրի տեսակներ էին և, ինքնստինքյան, պատկանում էին Ալի Օսման աղային, քանզի Մեծ լեռան ամբողջ հյուսիս-արևմտյան լանջը Ալի Օսման աղայի հայեցողության տակ էր։ Թեև պիտի ասեմ, որ այդ այգիներից օգտվել կարելի էր:
    - Տացու, Ալի Օսման աղան թուրք՞ է։
    - Չէ ձագս, անիկա թուրք տաճիկ չէ, թրքացումն ընդունել է, որ գյուղի աղան ըլլալու իրավունք ունենա։ Դե մեզ էլ մի պաշտպան աղա է հարկավոր։ Այ անոր եղբայր Թոռունը մեզ պաշտպնեց քրդերի հարձակում թալանից։ Այն ժամանակ դու չկայիր։
    - Բա քուրդ ավազակները, ո՞ր կողմեն կուգան։
    - Ամեն կողմեն… Տաճիկ կառավարությունն անոնց կզինե ու կսե գնացեք հայերին կողոպտեք…- ու սկսեց տխուր երգել.
    «Կոտորոծն անգութ, հայերը թող լան,
    Ավերակ դարձավ շքեղ Ադանա
    Ասես հեքիաթային աշխարհ լիներ. տղամարդկանց ձմեռային հնարանքներ, նվագներ, խաղեր, ձմեռային երկար գիշերների անասապահություն, ճաշեր, ծեսեր… Ձմռան ձյունի մեջ, երեկոյան կողմը, աղվեսները հասնում էին գյուղի առաջ և չարաճճի խաղային տեսարաններ էին սարքում: Ո՞վ պիտի կրակեր. հայը հրացան ունենալու իրավունք չուներ։ Շավչին ու Թեմուրն ունեին, բայց ինչո՞ւ պիտի կրակեին՝ թող խաղ անեն՝ երեխաներն ուրախանան, շները վրա տան: Մեկ էլ լսում ես. «գիշերը գայլերը մտել են գյուղ ու Մարտիրոս ափոյենց շանը տարել են»: Գայլերին դիմադրելու համար շների վզներին «սեպասեսներ» էին անցկացնում, սակայն դա էլ չէր փրկում: Շունն ինքը պիտի քաջ լինի, հերոս լինի, որ գայլին դիմադրի: Երեկոյան հեքիաթներ էինք լսում Լուսկեն ափոյենց մեծ օդայում։ Հոգուս խորքում միշտ գայլին թուրքի էի նմանեցնում…
    Ախ, ի՜նչ գարուններ էին, երգի, հերկի, արտի, կանաչ-կարկաչ գարուններ….
    Գարնանը, երբ երկար ձմեռվանից հետո առաջին անգամ բաց օդի էինք հանում և գոմեշները փռնչում, մոզիները տրճկում կամ ցուլերը փրփրում էին՝ ճակատներին հավկիթն էին խփում…
    Մի գարուն մեր և Ալի Օսմանի գոմեշներին բերին Չերքիզենց տան կողքի բաց արտի մեջ գոտեմարտելու… Երկուսի աչքերն էլ փակել էին և բացեցին միայն այն ժամանակ, երբ իրար դեմ հանեցին։ Նրանք նախ սկսեցին գետինը փորել ու կամաց-կամաց իրար էին մոտենում։ Հետո եղավ առաջին բախումը… Այնուհետև ծնկի էին չոքում վիզները կեռ կռում, կոտոշներով աջ ու ձախ թրատում։ Գոտեմարտը երկար տևեց։ Ուզեցին բաժանել, բայց ո՜վ կհամարձակվեր մոտենալ… Վերջապես հեռացրին իրարից, բայց լրիվ բաժանելն անհնար եղավ։ Գոմեշներից մեկը սկսեց դանդաղել, ապա ցանկացավ մարտից խույս տալ։ Մյուս գոմեշը դիմադրության չհանդիպելով սկսեց ավելի կատաղի վրա տալ։ Պարտվող գոմեշն սկսեց փախչել, բայց չկարողացավ ազատվել. ախոյանը սկսեց հետապնդել այնքան, մինչև փախչողը հոգնեց ու վայր ընկավ։ Հաղթող գոմեշը վրա հասավ ու այնքան խփեց մինչև հակառակորդին սատկեցրեց։ Անսահման ոխակալ անասուներ են։
    Գարունը մեզ համար բացվում էր Զատկի տոնի հետ։ Բոլոր ծեսերը կատարում էինք, տոները՝ նշում. «Տրնդասին» (Տիառնընդառաչ) աղբյուրի մեջ ոսկե աստղը տեսնելը, «Խաչը ջուր գցելը» (Խաչվերաց տոնը) հատուկ նվիրվածությամբ էր կատարվում։ Յոթ շաբաթ սպասում էինք երդիկից կախված սոխի փետուրների վերջանալուն։ Մինչև վերջանալն ինքն արդեն ծլում էր։ Մեծ պասը, ախ այդ մեծ պասը… Անընդհատ սպասում էինք, թե երբ պիտի վերջանար։ Վերջանում էր և մեզ համար գարունը բացվում էր։
    Ծոմից դուրս գալը, թաթախունքը մի ամբողջ արարողություն էր։ Զատկին սկսում էինք կարմիր, կանաչ ձվեր կռվեցնել։
    Նշում էինք թե՝ եկեղեցական, թե՝ ավանդական տոները։ Այդ տարին եղանք «ծուռ ծառերի» համադերջանյան ուխտավորությանը… Վարդավառի՞, թե Արամազդի տոնն էր։ Բոլոր գյուղերից վտակների նման հոսում էին այնտեղ։ Իրոք որ ծառերը ծուռտիկ-մուռտիկ էին։ Առավոտ շուտ գնացինք։ Պետք է Ղարաղուլաղի հովիտն անցնեինք այն կողմը։ Ամեն գյուղ իր մշտական իջևանատեղն ուներ։ Անգամ ծանոթ քրդերն էին գալիս՝ «քիրվա» (եղբայր) էին կնքվում։ Ի՜նչ երգեր, շուրջպարե՜ր… Ինչքան ջահել բախտ փնտրողներ կային՝ այնտեղ էին հավաքվում իրենց բախտը գտնելու… Շատ դեպքերում տեղն ուտեղը խնամիանում էին։ Վանք կար անտառի խորքում։ Ծուռտիկ ծառերից թալիսմններ էին կապում։ Լարախաղացներ կային, գուսաներ, խաղեր էին կազմակերպում։ Երկու գիշերը ո՞նց էր անցնում՝ ոչ ոք չէր զգում։ Ափսոս, ամեն ինչ չէ, որ հիշում եմ։ Երգերի ու պարերի նմուշներն էլ չեմ հիշում։
    Այդ ամառն արևի լրիվ խավարում տեղի ունեցավ։ Շատ լավ հիշում եմ՝ կալ էինք անում։ Հանկարծ ամեն ինչ կանգնեցրվեց։ Մեզ հավաքեցին մի տեղ և մեջտեղ հանեցին սուրբ գիրքը։ Եկեղեցու զանգը սկսեց հնչել (մեր գյուղում զանգի փոխարեն մեծ պղնձյա թակոցով կոչնակ էին գործածում)։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.11.2010), Interdenominational (14.11.2010), ՆանՍ (16.11.2010), Շինարար (14.11.2010)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյուղում գործում էր գրաճանաչության դասարան, Խաչատուր վարժապետի գլխավորությամբ։ Խաչատուր վարժապետը մեր գյուղի ամենախաթուն, ամենահեղինակավոր կնոջ՝ Ոսկո «հոքուրի» մեծ տղան էր։ Փոքրը Անդրանիկն էր՝ տան տնտեսական աշխատանքների միակ կատարողը։ Նրանց հայրը չգիտեմ ինչու չկար, շուտ էր վախճանվել։
    Տացուս որոշել էր Նազար հորեղբորս տղաներին՝ Թորգոմին ու Մադաթին էլ ինձ հետ դպրոց ուղարկել, որ նրանք էլ տառաճանաչ դառնան։ Այդ աշնանը մեզ հանձնեցին Խաչատուր վարժապետին։ Տեղ հասնելու համար, պիտի ժամի առջևից անցնող ընդհանուր ճանապարհը կտրեինք և անցնեինք Ալի օսմանենց տան ետևի մասով։ ԱլիՕսմանենց տան աջ կողմում՝ գյուղի կենտրոնական մասում էլ գտնվում էր Ոսկո հորքուրենց տունը։ Դպրոց հաճախել սկսելուց որոշ ժամանակ անց ձյուն եկավ։ Թորգոմն ու Մադադը սկսեցին լաց լինել, դես-դեն փախչել՝ չէին ուզում դպրոց գնալ։ Ես ուզում էի, իմ սրտովն էր։ Այդպես էլ անկանոն հաճախումների պատճառով նրանք դպրոցից դուրս մնացին։
    Մենք՝ ամենափոքրիկներս, մի քանի հոգի էինք։ Հետներս բերած «դմբիկների» (փոքրիկ բարձերի) վրա նստում էինք ըստ հասակի։ Ամեն մեկուս ձեռքում մի խաչակազմ դասագիրք կար։ Ամեն մեկն ուներ քարե գրիչ եվ քարե տախտակ։ Գրում էինք ջնջում ու նորից գրում։ Կարևորն այբուբենի պանակն էր։ Դա ուղղանկյուն՝ փոքր գրքի չափսի, հղկված, շրջերիզով տախտակ էր, որի վրա հերթականությամբ խոշոր չափի տառերով գրված էր Ա, Բ, Գ… (Այբ, Բեն, Գիմ…) ու այսպես մինչեվ Ֆ։ Պետք է սկզբից մինչեվ վերջ եվ վերջից մինչեվ սկիզբ ասեինք։
    Խաչատուր վարժապետի գործը գրել կարդալ սովորացնելն էր։ Դրանից դենը կարող էիր գնալ իսկական վարժարան։ Մեր դասագրքում ոտանավորներ կային, պատմա-կրոնական բովանդակությամբ գրականության պատառիկներ և Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերող նկարներ։ Խաչատուր վարժապետը բոլորի կողմից հարգված մարդ էր։ Կողքին ուներ «կանոնի ճիպոտ»։ Որպես պատիժ ամենից շատ գործածում էր «արագիլ» (մի ոտի վրա) կանգնելը եվ ափ դաղելը։ Երբ որևէ մեկը ծուլացած էր լինում, կամ դպրոցից փախչում էր, բարկացած մոտենում էր.
    - Ծո՜, ինչու չես ուզեր սովորել, ինչու կփախչես, չես գար վարժարան, ծո՜, անխելք հորթուկ, բա՛ց ըրե ափդ…
    Աշխատում էր նաև սիրաշահել, որովհետև շատերն էին փախչում։ Ջղայնությունը չեմ հիշում։ Նստում էր վերևի բուխարիկի մոտ, ժամանակ առ ժամանակ սուրճ էր եփում, մեզ ընդմիջում տալիս ու խմում էր։
    Դպրոց հաճախելուս տարի՞ն էր, թե հաջորդ տարին՝ լավ չեմ հիշում, ամբողջ գյուղին ոգևորելու և մերոնց ուրախացնելու համար, Տացուիս «էկյանը» (քրոջ որդին) ցանկացավ ուսմանս արդյունքը ցուցադրել։ Տացուիս հետ պայմանավորվել էին, որ Զատիկի տոնին եկեղեցու ծիսական «Ընթերցվածքը» ես կարդամ։ Դրա համար Տացուս պետք է «ուրախության պարգև» (ոսկի) տար եկեղեցուն։ Մեծ-մեծ տառերով գրված, երկար, կլորված մագաղաթ էր։ Աստիճանաբար պետք է բաց անեի ու բարձր կարդայի։ Եկեղեցական եղանակով։ Դանիել մարգարեից էր։
    Եկավ կարդալուս օրը՝ «խավարման գիշերը»։ Ինձ հագցրին մաքուր, նախշերով եկեղեցական շապիկը և խորան բարձրացրին։ Հասակս չէր հասնում գրքակալին… Հատուկ աթոռ պատրաստեցին, կանգնեցրին աթոռին, կողքերս երկու տիրացուներ մոմեր էին բռնել գրքակալի թուղթը լուսավորելու համար։ Կարդացի փայլուն կերպով… Ինչ հիացմունք, ուրախություն… - հենց եկեղեցու մեջ։ Պապս ինձ համբուրելով չէր կշտանում։ Այդ օրվանից գյուղի գրագետ տղան ես հռչակվեցի։

    Գյուղում ունեինք միակ մի տկարամիտ խենթ Մինաս անունով։ Ջահել էր, ամրակազմ։ Ինչո՞ւ էր խենթացել՝ չեմ կարող ասել։ Ամառ-ձմեռ հագին մի երկար աբա էր։ Սնվում էր մարդկանց տվածով։ Մեկ էլ տեսար, թե ի՞նչի դրդմամբ՝ նույնպես չգիտեմ, աբան վեր էր քաշում, դառնում էր Ալի Օսմանից տան կողմն ու ձեռքն առնանդամին տանելով ու սկսում բոռալ.
    - Ալի Օսմա՜ն, ասիկա ուտես, խրեմ մորուքիդ մեջ, խրեմ բերանդ…
    Կողքին եղողները փորձում էին սաստել.
    - Մինաս սուս մնա, սատկես դու…- քաշում քաշքշում էին։ Հետո նա սկսում էր լաց լինել։ Դա ի՞նչ էր՝ մինչև օրս էլ չհասկացա։ Գիշերները քնում էր կալերում։ Չէր էլ հիվանդանում…

    Տացուս համաձայնվեց, որ ջահել մայրս ամուսնանա ու թողնի մեր տունը՝ բնության օրենք էր, հասարակության պահանջ… Բայց իր Ջիվանին ինչպե՞ս թողներ։ Սկզբում որոշում են մեր ցեղից դուրս չհանել՝ Աբոլոենց Միսակը մնացել էր ամուրի… Ամուսնացնել նրանց և… Բոլոր հարցերը կլուծվեին։
    - Չէ,- ասել էր Տացուս,- ադիկա արատ կըլլա Գոհարիս համար…
    Շատերը եկան՝ ոչ մեկին չհավանեց. «մի քիչ էլ սպասենք» ասել էր… Եվ ահա հեռավոր Չխնըզ գյուղից եռանդուն խնամխոսական գործունեություն սկսվեց. պապս համաձայնվել էր, գտել էր լավագույն տարբերակը։ Մանուկ աղան, որ Չխնըզ գյուղի ամենաազդեցիկ դեմքն էր, ուներ երկու տղա։ Մեծի՝ Մինասի կինը մահացել էր։ Մանուկ աղան հարուստ, պատկառելի հեղինակություն ունեցող դեմք էր, անգամ թուրք պաշտոնյաներն էին նրան ակնածանքով վերաբերվում։ Մինասը երեխաներ չուներ։ Բայց ինչպե՞ս պետք է մորս տանեին… իմ ներկայությամբ չէին կարող։ Պայմանավորվել էին գյուղում բոլորովին չերևալ։ Մեր տուն եկել են գիշերով, երբ ես քնած եմ եղել…
    Մայրս ուշ երեկոյան պառկեցրեց ինձ, ինքն էլ հետս պառկեց ու ես մուշ-մուշ քնեցի… Առավոտյան աչքերս բացեցի՝ մայրս չկար, տատս էր գլխավերևս.
    - Նանի ո՞ւր ես,- ասես ինչ-որ չարագուշակ բան կանխազգալով կանչեցի ես։ Ինձ գրկեցին։
    - Արտ է գնացել, մի լար,- բայց իրենք լացում էին…
    - Չէ՛, սուտ կըսեք… ո՞ր արտն է գնացել, ես էլ եմ հոն գնում,- ու վազեցի։ Բռնեցին։
    - Ո՞ւր երթանք, ձգուկս,- Տացուս գրկում, շոյում է ինձ։
    - Որ՞ արտն է, հոն տարեք։
    - Սուրբ ծառերի արտն երթանք,-ասց Տացուս։ Գնացինք՝ չկա ու չկա։ Լացս չէր կտրվում։ Տացուս գրկած ինձ տարել էր գյուղ՝ լացի մեջ էի քնել։
    Թե ինչպե՞ս եմ վարժվել մորս բացակայությանը չեմ հիշում։
    Գյուղում նորից սուգ էր. եկել մեր ձին են տանում, Թորոսենց տունն են վառում, ասում են «հրացան ես պահել»: «Մյուդյուրն» ինքն է եկել, մեր օդայումն է։ Տացուս փորձում է լեզու գտնել, մեղմել, փրկել իրավիճակը.
    - Ուրեմն հայը իրավունք չունի ձի պահելու, «մյուդյուր» էֆենդի:
    - Նո՞ր ես գլխի ընկնում, ծո «մավին» (տիրացու): Կյավուրը որ ձիուն նստի, գլուխն էլ փառապանծ օսմանցու առաջ հողին կդնի՞, հը՞: Ալլահ կա, կարգ կա: Մեր Ղուրանը ստրուկ է պահանջում, ձեր աստվածը պետք է ստրկանա։ Այլապես ինչու՞ ենք մտել ձեր երկիրն ու մեր իշխանությունն անսահմանորեն տարածել, հը՞։ Դո՛ւ ասա, հայ «մավին», կյավուր հայի խելքը վերջումն է, չէ՞…. իսկ վերջը չկա՜, չկա՜:
    Տացուս ինձ ասում է՝
    -ղայֆեի (սուրճի) բաժակը դու տար»։«ողջունի՛ր --Տանում եմ։
    «թեմելլեծ» եմ
    -ձին իմն է, ես որբ եմ, բաշխիր ինձ»: Կրկնում եմ տացուիս խոսքերը։ Տացուս թարգմանչի դերումն է: Ձիու վրա թրիք են քսում, որ գեշանա, լղարի, քոսոտվի, միայն թե թուրքին «կեր» չդառնա, հայի նման թշվառ երևա… Հայը իրավունք չունի ձի նստելու, ձի պահելու… Թշվա՜ռ հայ, թշվառակա՜ն Հայաստան… Որոշ ժամանակ անց Տացուս ձին ծախեց:
    Եկավ մորս մոտ գնալու օրը։ ճանապարհ ընկանք։ Առավոտ շուտ հրաժեշտ տվինք մերոնց և պապ ու թոռ անցանք գետակի աջ ափի ճամփան, «Ծորակ» աղբյուրի մոտից թեքվեցինք դեպի վերելքը։ Արևն արդեն բարձրացել էր, երբ հասանք բարձրունքի գագաթը։ Այսրտեղից գյուղն արդեն չէր երևալու։ Գնում էինք առանց ձի նստելու (շատ էր բարձված չէր կարող բարձրանալ)։
    Շուտով Թորորուս (Թոլուս) գյուղի առաջին տները երևացին։ Քուրդ տղաները քար էին գցում, բայց ո՞ւմ վրա… Հայ չէր երևում։ Տներ կային, որոնցից միայն տխուր ծուխ էր բարձրանում։ Գյուղամիջում «հյուրընկալվում» էին օսմանցի փաթթոցավորները։ Գյուղն անցանք առանց հայերին մի ժպիտ տալու, ոչ էլ նրանք մեզ ժպտացին։ Ներքևով դուրս եկանք։ Տացուս ինքն իրեն ասաց.
    «Եկանք Թորուս՝ հայն ավերակ,
    Չկա մեզի ճար ու ճարակ…»…
    Ապա ինձ դառնալով ասաց.
    -Ներքևի դուրաններով գնալը լավ չէ, թուրքեր կան, վերևով գնանաք։
    Գնացինք մի ակի մոտ նստեցինք։ Մի քիչ հանգստացանք ու շարժվեցինք։ Իջանք Փրիզ գյուղի կողմը։ Հեռվում նշմարվեց Սև ջրի հովիտի կանաչ գորգը։ Հովիտն ասես ափի մեջ լիներ. կանաչ հովիտը սև երիզով ճեղքում էր լայն գետը։ Տացուս սկսեց ինձ մեկ-մեկ ցույց տալ շրջակայքի գյուղերը.
    - Աշե՛, Դվնեկը վերևում է, Կոթերը՝ ներքևում։ Կոթերով կանցնենք, կտեսնես ինչ գյուղ է…
    Հասանք Փիրիզ։ Դեռ տեղ չհասած, մեզ դիմավորող՝ Տացուիս ինչ-որ բարեկամ երեցը սկսեց ողբալ ու կոծել.
    - Վախ-վախ, Գևորգ տիրացու, երեկ բին-բաշին մեզ կողոպտել է,- ասաց, որ գյուղից դուրս պետք է գանք, այստեղ մուսուլմաններ պետք է ապրեն, կյավուր հայը պետք է ոչնչանա։ Թոռնիկիդ հե՞տ ես եկել։ Աչքիս վրա, Գևորգ տիրացու, ո՞ւմ տանը քեզ հյուրասիրեմ…
    Տացուս գիշերը չքնեց՝ նրանք անվերջ զրուցում էին։ Ես քնեցի։ Առավոտ շուտ ճանապարհ ընկանք։ Գնում էինք Մայր Եփրատի ակունք՝ Սև ջրի աջ ափով, գնում էինք դեպի Կոթերի կամուրջը։ Գետն անցնելու ծանծաղուտներ չկային։ Մոտակայքում գետն անցնելու միակ տեղը՝ Կոթերի կամուրջն էր։ Հասանք մի զուլալ աղբյուրի։ Դրա մոտ չէր կարելի չնստել։ Կուշտ կերանք ու սառնորակ ջրից խմեցինք։ Գետի ձախ կողմում մեծ տափարակ սարահարթ էր։ Հեռվում տիրապետող դիրքի վրա երևում էր Բագառիճը։ Այդ հնավուրց բնակավայրը իրեն տեսնող ամեն հայի մեջ կարծես արմատներ է գցում։
    Կեսօրն անց հասանք Կոթերի կամրջին։ Ասես երկարաձիգ յոթ կամարաձև աչքերի շարան լիներ։ Գետի աջ ափին Կուռ բերդի ավերակներն էին։ Հսկայական ժայռաբեկորները փլուզված, իրար վրա կիտված հասնում էին մինչև կամուրջը։
    - Աս քանդվածն ինչ բան է, պապիկ, ինչու են քանդել։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.11.2010), Interdenominational (14.11.2010), Շինարար (14.11.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ժամանակին Հայոց ամենաանառիկ բերդն է եղել՝ Դերջքն… Կոթեր…
    Տացուս ինքն իրեն էր պատասխանում։ Ելանք կամրջի վրա։ Ապահովության համար երկու կողմերից պատնեշված էր։ Կամուրջը սալարկված էր, կոր մեջք ուներ։ Բարձրակետում պապս ձին կանգնացրեց, ձեռքի ճիպոտը բարձրացրեց և ցույց տվեց ինչ-որ երկաթյա բարակ լարեր։
    - Ադիկա ի՞նչ է, - բացականչեցի ես։
    - Աս թելերով քաղաքեն քաղաք կխոսեն։ Տես սյուները շարքով, հավասար կերթան Բագառիճի կողմը։ Ասանկ լարերը կերթան մինչև Կարին, Երզնկա, Բաբերդ, Սեբաստիա, Տրապիզոն… Կերթան կհասնեն մինչև Պոլիս։
    - Ադ թելերը լեզո՞ւ ունեն։
    Չպատասխանեց։ Քիչ անց հասանք կամրջի մյուս ծայրին։ Պապս նորից դարձավ ինձ.
    - Եկուր իջնենք կամրջի այս կողմը, հոն սուրբ գրքեր կան, մոմեր կվառեն, աղոթք կընեն։ Այս կամուրջը սուրբ է։ Երեք-չորս հարյուր տարի առաջ բարեպաշտ մի դշխուհի է կառուցել տվել։ Իր մատանու նման է կառուցել։ Կոչվել է դուստր-մայրիկ։ Ո՞վ է եղել՝ չեմ կարող ըսել։ Մամախաթունն ալ շատ հեռու չէ։ Ասկե հետո մենք պիտի Մամախաթունի ջուրն էլ անցնենք ան կողմը։ Ոտով պիտի անցնենք՝ հոն կամուրջ չկա։
    Իսկապես, երբ հսասնք այն տեղը ուր պիտի գետն անցնեինք տեսա, որ կամուրջ չկա։ Մեզնից առաջ մի մարդ ու կին մինչև մեջքները «սոթված» անցնում էին։ Իսկ մենք ձի ունեինք, ուրեմն հանգիստ կանցնեինք։ Ջուրը բարեհաջող անցանք։ Տացուս մինչև մեջքը «սոթված», սանձը բռնած մտավ ջուրը, իսկ ես ամուր կպել էի ձիու թամբին։
    Ձախ կողմում Խունլար գյուղն էր։ Մեծ գյուղ էր։ Պապս սկսեց բացատրել.
    - Է՜, ան բարձր կատարը գյուղի վրա կախված հրաշք լեռ է։ Հոն միշտ քամի է։ Հոնեն թևավոր ձին թե նետվի՝ ուղիղ կիջնի գետի աջ ափը։
    Ընկանք չոր արահետների, ձորակների, ցածր ու բարձր բլրակների մեջ։ Անջրդի վայրեր էին։ Հեռվում, այդ բլրակնորի մեջ երևում էին գյուղերի առանձին խմբավորումներ։ Խարկուփը, Հողեկը, Ղատղուլին… Հերթականությունը լավ չեմ հիշում։ Հողեկում չթողեցին առաջ գնանք.
    - Գևորգ տիրացու, մեզնից չես պրծնի մինչև թոռնիկիդ հետ մեր տանը հաց չկիսես։ Չխնըզը մոտիկ է, հոս է, կհասնես։ Մանուկ աղան քիչմն ալ թող սպասի…
    - Հարազատներս, երեխան անհամբեր էր է, բայց չմնալ չեմ կարող։
    Ապա դարձավ ինձ.
    - Ձագուկս, քիչ մը հանգստանանք, ձին ալ հոգնած է։ Քիչ մը հանգստանանք, որ արագ երթանք…
    Ի՞նչ ազգականներ էին՝ չեմ հիշում։ Հանգստացանք, հաց կերանք։ Ո՜նց հիացան, երբ իրենց բերած աթոռի վրայից նետվեցի ձիու վրա։ Տացուս մի կուշտ ծիծաղեց, ինքն էլ նստեց, գրկեց ինձ ու խթանեց ձիուն։
    Մայրամուտ էր երբ, հասանք բլրի գագաթին։ Այստեղից մորս գյուղը բացվեց մեր առաջ։ Մանուկ աղայի տունը, գյուղի սկիզբին էր։ Հրապարականման բակում Երեխաներ և ուրիշ սպասողներ կային։ Նրանց կենտրոնում մորս բացված թևերն էին։ Ինձ ուղղակի խլեց ձիու վրայից, ցած բերեց ու բարուրեց իր կարոտի բոցերով։ Անհնդատ համբուրում էր, գրկից բաց թողնում, նայում ու նորեն գրկում։ Նա ինձ տարավ լողացրեց, կերցրեց, պառկեցրեց ու ինքն էլ պառկեց կողքիս։ Էլ բան չիմացա… Մեկ էլ առավոտն արթնացա իր գրկում։
    - Մեծացել ես, հասակ ես նետել… Արևիդ մատաղ,- արցունքախառն ասաց նա,-զավակս, հոգիս…
    Ես սեղմվել էի նրան, չէի պոկվում։ Աչքերս էր համբուրում…
    - Մա, աս քո տո՞ւնն է, աս ո՞ւմ գյուղն է, ասիկ ի՞նչ է, ո՞վ է պատի վրա…
    - Նկար է, կեցիր վերցնեմ,- ու թաքցրեց ինչ-որ տղամարդու նկար,- Տացուի գյուղում չկա, բայց հոս կա։ Հոս Մանուկ աղայի տունն է։
    - Ադ ի՞նչ մարդ է։
    Մայրս մեղավոր փղձկաց ու արցունքն ասես գաղտնի սրբելով ասաց.
    - Հոգյակս, քաղաքում ասանք բան կա. մարդու նկարը հանում են։ Մեծնաս՝ դուն ալ կնկարվես։ Հագիր, հագիր երթանք դուրս, որ երեխեքի հետ բակում խաղաս։
    Տանը ինձնից մեծ ու փոքր շատ երեխաներ կային։ Երկրորդ-երորդ օրը ես խառնվեցի նրանց։
    -Դուն այս կողմը կերթաս, դուն՝ այ հանդը, դու՝ սայլերը, դու՝ գութանը, դու՝ կալը, գործիքը, ջրաղացը, թոնիրը…։ Ամեն առավոտ կանուխ լսվում էր Մանուկ աղայի ձայնը
    Ինձ համար նորություններ շատ կային։ Նրանք շատ անասուներ ունեին, մեզնից շատ։ Մի ամբողջ գոմ ձիեր, քուռակներ ու էշեր։ Մի ախոռ կովեր, մոզիներ արջառներ։ Հորթերն առանձին էին։ Ոչխարներ, այծեր, գառներ, ուլեր…
    Ինձ տարան «ձիթունք» (ձեթ հանելու արհեստանոց)։ Գոմեշը դանդաղ պտտացնում էր մեծ քարե անիվը։ Ձագարաձև պարունակի մեջ անընդհատ կտավատ էին լցնում։ Մեջտեղից ձեթը սուզվում էր տակի ամանների մեջ։ Կլոր տարին աշխատում էր։ «Գարունն ու ամառը մի քիչ կանգնեցնում ենք, մաքրում»- բացատրեցին մեծերը։
    Մորս նոր ամուսին Մինասին ես մոտիկից չեմ տեսել։ Հիշում եմ, որ հեռվից ցույց են տվել։ Նա խելամտորեն իրեն ինձնից հեռու էր պահում։ Երևի որոշել էին, որ ժամանակավորապես ինձնից իրեն հեռու պահի, մինչև ես սրտակցեմ իր հետ։ Քանի ես այնտեղ եմ եղել, նա մորս սենյակ մուտք չի գործել։
    Մի օր ինձ կանչեցին Մանուկ աղայի հյուրասենյակ։ Ուշ երեկո էր, Մանուկ աղայից ու Տացուիցս բացի ուրիշ մարդ չկար։ Երկու պապիկները խոհուն դեմքերով նստած էին։ Գնացի նստեցի Տացուիս գիրկը։ Տխուր էր, ոչ մի բառ չխոսեց։ Մանուկ աղան նայեց Տացուիս.
    - Ինչպե՞ս սկսենք, Գևորգ աղա։
    - Ես քեզ եմ թողնում, հետո չասես, թե ազդեցի վրան…
    - Չգիտեմ, թե մորը դարդից ո՞նց դուրս գանք…
    - Մայրս ի՞նչ դարդ ունի,- մեջ ընկա ես։
    - Կրակ ես է՜,- ժպտաց Մանուկ աղան,- արի մի քեզ գրկեմ։ Մի ոտանավոր ըսե։
    - Սուրբ խաչն ըսե,- հիշեցրեց Տացուս։
    - Ադիկա լավը չէ, ձին ըսեմ,- ոգևորվեցի ես ու սկսեցի արտասանել։ Պապիկների դեմքերը շարունակում էին մտախոհ մնալ։ Երբ վեջացրի Մանուկ աղան նայեց ինձ.
    - Մենք շատ ձի ունենք, տեսե՞լ ես, չես ուզեր հոս մնալ, որին կուզես՝ կհեծնես, ես ալ քո տացուի նման պապիկ եմ, մայրիկդ ալ հոս է… Եկուր գիրկս։
    - Հոս մեր տունը չէ՛,- ավելի ու ավելի ամուր գրկում եմ Տացուիս վիզը, - մայրս հո՞ս է մնալու, մեզի հետ ետ չի՞ դառնալու։
    - Չէ՛, ձագուկս, մայրդ հոս է մնալու,-ասաց Տացուս,- դու ո՞րը կուզես՝ հո՞ս մնաս, թե՞ երթանք տուն…
    - Ես… Ես… մայրիկս չի՞ գար… Հոս մեր տունը չէ՛, մեր գյուղը չէ՛… - աչքերիս մեջ պապիկները սկսեցին լող տալ, կոկորդս սեղմվեց, այտերս թրջվեցին։ Անձայն էի լալիս։
    - Գևորգ տիրացու, աս թոռնիկդ մաքուր արյուն ունի, ռստակների արյուն… Բնական ծաղիկ է, պարտեզի չէ, տեղը չի փոխի… Ափսոս է, ձեռք չտանք։ Թող մեծանա, Ռստակների շավիղն ըլլա։
    Ես ամուր գրկել էի Տացուիս։ Գլուխս բարձրացրի տեսա երկու պապիկների աչքերում էլ արցունքներ կան։ Կանչեցին մորս ու ինձ հանձնեցին նրան։ Ես անուշ քնեցի մայրիկիս հետ։
    Բաժանվելը չեմ հիշում։ Ոչ էլ վերադարձի ճանապարհն է տպավորվել մեջս։ Միայն հիշում եմ, որ երեկոյան կողմ, երբ արդեն իջնում էինք Թորոսներ լեռան կողմից երևաց մեր գյուղը։ Այնքան մոտիկ էր ու ամեն ինչ այնքան պարզ էր երևում, որ ասես ափիդ մեջ լիներ։ Երևացին մեր տները. բոլորը դրսում կանգնած սպասում էին։ Հենց որ մեզ տեսան՝ ընդառաջ վազեցին…
    Գյուղի կյանքը ընթանում էր սովորական հունով։ Սեդրակ հորեղբորս ասկյար էին տարել։ Նազար հորեղբորս համար պապս անընդհատ ոսկի էր տալիս, որ չտանեն. տան միակ աշխատողն էր, տարիքը մեծ էր, շատ երխաների ծնող… Մեր տոհմից Արշակ, Աշոտ և Վարդան հորեղբայրներիս տարել էին։ Աշոտը մեկ-մեկ երևում էր գյուղում, չգիտեմ թե ինչպես էր հաջողացնում։ Գյուղի գրեթե բոլոր հասուն տղամարդկանց տարել էին։
    Քուրդ Բաքոն գլուխ խուզելու մեքենա էր ձեռք բերել և երեխաների գլուխն էր խուզում։ Ատամ էլ էին քաշում, բայց չեմ հիշում ովքեր։ Մեզ՝ երեխաներս, արդեն թույլ էին տալիս ինքնուրույն հանդերը գնալ։ Կարող էինք գնալ մինչև «Ավետխանի» և «Ուրուրի քար» լեռան ստորոտում գտնվող մեծ ակից գոյացող «գյոլը»։ Այնտեղ գոմեշներ ու ոչխարներ էին լողացնում։
    Ո՜ւր էր, թե կարողանայի չնայելով ծերությանս, վերքերիս բեռը շալակած ետ գնայի, մեր գյուղը… Ամեն մի քարը, թուփը, ծեղը կլիզեի, մեկիկ-մեկիկ մանրիկ համբույրներ կտայի… «Այդ ես եմ, - կասեի, - Տացուիս թոռնիկ Ջիվանը: Ներեցեք, ներեցեք, - կասեի, - ուշացել եմ, և էլ մանկիկ չեմ»… «Ո՜ւ, - կսուլեին նրանք չորս կողմից, - ու՞ր ես դու, վա՜յ-ժառանգ, ու՞մ ես թողել մեզ, ով պիտի լծին նստած «հորովել» կանչի»…
    Մի առավոտ գյուղում սառը լռություն տիրեց։ Գյուղն ասես կարկտաբեր ամպ լիներ։ Բոլորը քաշվել էին իրենց տները, իսկ դրսից դհուլի ձայն էր գալիս… Արևը նոր էր ելել, ճառագայթները դեռ նոր հասնում էին ժամի կատարի մեծ խաչին, աշխուժ աշխատանքի ժամ էր… Մանրերով դուրս թափվեցինք. «ի՞նչ է ադիկա», «ի՞նչ է պատահել, ադ ի՞նչ կընե դհոլչի Եղիան», «ինչո՞ւ կպարե ու լաց կըլլա…»… Նա խենթի նման պտտվում, անհասկանալի շարժումներ էր անում։ Դհոլին խփում ու պտտվում էր։ Եղանակ չկար։ Մեն մենակ էր, գյուղի կենտրոնում՝ ժամի հրապարակի վրա խենթացածի պես լալիս, դհոլին խփում ու պարում էր… Եղիայի գլխին օսմանական փաթթոց կար… Հագին ճերմակ պորտեգոտ էր, մեծ կանաչ գույնի գոտին էլ վրայից կապած…
    Գիշերը մտել էին նրա տունն ու դաշյուների սպառնալիքի տակ ստիպել էին մատը դնել իսլամ ընդունելու և թուրք դառնալու մասին թղթի տակ։ Եթե չաներ՝ ընտանիքով մորթվելու էր։
    -Դու իսլամի հարսանիքներին թուրքերին ուրախացնում ես,- իրավունք չունես գյավուր մնալու»։ ասել էին նրան,-
    Նրանք այլևս իրավունք չունեին հայերեն խոսել, հայերի մեջ լինել, հայի զգեստ հագնել… Ամեն ինչ հասկացանք։ Մեծերի նման մենք էլ քաշվեցինք մեր տները։ Դրսից դեռ լսվում էր խենթացած Եղիայի գոռոցը.
    - Յա՜, ալլահ, ալլահ… «Մուհամեդ, ռասուլուլահ»…
    Կողքին հավաքված թուրքերն ու քրդերը հռհռում էին։ Եղիան լաց էր լինում։
    Մի քանի օր անց գյուղը նորից ողբ ու կոծի մեջ էր. «զաբդիաները» մտել են գյուղն ու Մաղաքենց Մաթոս ափուն՝ այդ խեղճ հալևորին թակում, սպանում են.
    - Տղայիդ տեղն ասա, «էշեկ-թափուր» (ասկյար) ենք տանելու, ինչո՞ւ գյուղում չի, փախե՞լ է հայրենիքին ծառայելուց: Տուն-տեղդ հիմա կվառենք ու քեզ էլ մեջը կգցենք։ Գազը պատրաստ է, - գոռում, խփում են ու չոր խոտը լցնում տունը, որ կրակ տան… Լուսկեն պապիկը՝ Տացուիս կրտսեր եղբայրը, վազում է, հասնում, արծաթ է ցույց տալիս, համոզում, թե «Մաթոսը ոչինչ չունի, արտերը, տնտեսությունը մնացել են երեսին»: Ոչխարով, հավով, աքլորով մի կերպ մեղմացնում է և երաշխավորում, որ ծերունի Մաթոսի տղան՝ Միսաքը, «ղուրբիթ խզարճի է» (լավ սղոց քաշուղի հայերի լիազորն էր։ «Մյուդյուրլիկը» բռնի կարգով նրա վրա էր բարդել այդ պատասխանատվությանը, որ որևէ հակակառավարական կամ կասկածելի բան պատահի, գլխովը պատասխան տա:
    - Մեզ մոտ խզար քաշելու բան չկա՞, ի՞նչ է, - բեղերը սղալելով գոռաց թուրքը,- էնքան հայի քանդված տներ կա՜ն, այ, է՜ն ա՝ գերաններն ավերակների մեջ դիզված են…
    - Հա՛, չաուշ էֆենդի, կկանչեմ, կուգա կքաշի, - պաղատում է Մաթոսը՝ մի բուռ ոսկոր դառած: Շրա՜խկ.
    - Ես յուզբաշի եմ, կյավուր, ոչ թե չաուշ, սովորիր տարբերել:
    - Յուզ-բին-բաշի էֆենդի, սոված կլինեք, «բույուրան» դեպի «խժանքը» (քեֆը)… Հրամցնում է նրանց Լուսկեն պապիկը ու գործը վերջանում է նրանով, որ տարան նրա կրտսեր տղային՝ Ծատուրին: Այդ տանելն էր, որ տարան, էլ ոչ մի հետք։ Սակայն կա ճակատագիր… Ինչ որ է, Լուսկեն պապիկի մատի դրոշմը վերցրին, որ երկու ամսից խզարչի Միսաքը Ղարաղուլաղում լինի:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.11.2010), Interdenominational (14.11.2010), Շինարար (14.11.2010)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿՈՏՈՐԱԾ ԵՎ ԳԱՂԹ

    Կարող եք մտնել այստեղից ինձ հետ
    Դեպի խոր դժոխք՝ ցեղասպանություն
    Որի մուտքն Է թուրք՝ ընթերցողն անգետ
    Ներսը խժդուժի նախճ թրքության

    Ընթերցող անգետ պիտի տեսնես հար
    Բնաջնջումի գալարումները՝ ելքը անհնար
    Մտեք նզովյալ խավարն այս կյանքի հային յաթաաղան
    Եվ մի սոսկացեք Ձեր իսկ ոհմակից այս թուրք մարդկության

    Վրեժով կարդա՛ տես ժանիքի պես խրված է այստեղ
    Դունչնը բորենի՝ շրջում է, հախրում դիակներն անմեղ
    Դռներն են գամված է պատմության հանդեպ նահատակության
    Հայի Սպանդն է կանգնել կոկորդին աշխարհի համայն:

    Արմակիզվում Է հայը Հայի աշխահում
    Սույլ սուրբ բոցերին գեհենն Է եռում
    Վրեժ հուր վրեժ հաույցի ատյա
    Անեցք սև անեցք թուքի սև անվան



    Մադաթ, եղբայրս, ես հենց գիտեմ, թե դեռ այնտեղ եմ՝ Ուղտ սարի գոգին՝ մեր՝ ծուռ ծառների մոտի «Ավետխան» արտում… Հիշո՞ւմ ես…
    Այդ օրը մեր գյուղի սովորական օրերի նման մի օր էր։ Նազար հորողբայրս մեր «Ավետխանի» արտն էր հերկում։ Թորգոմը հորեղբորս էր օգնում՝ նստած էր եզների լծին.
    Հո՜, հո՜ Խենդուկ եզ, լուծդ քաշե, որ հայրիկը խորունկ հերկե…
    Ես ու Մադաթը թարմ ակոսներից «քյախմուդ» էինք հավաքում ու սայրակ փախցնում… Մեր հավաքած քյախմուդը տանում էինք լվանում և ուտում։ Թորգոմին ու «հոպարիս» (հորեղբորս) էլ էինք բաժին հանում։ Ստեպ-ստեպ, հորեղբայրս մաճը թողնում կռանում էր ու ականջը դնում հողին.
    - Չէ՜, չկա՜, կուշանա՜…
    - Ինչը՞, ինչը՞ կուշանա հոպար,- հարցրի ես։
    - Ռսի թնդանոթի ձենը կուշանա, Էրզրումը պիտի գրավի ու հոս գա…
    - Ե՞րբ պիտի գա…
    - Չգիտե՜մ։ Օ՜հ, Աստվա՜ծ, բաց արա մեր ազատության օրը… Գործը մնաց, ձայնիր Թորգոմ ջան, ձայնիդ մատաղ, ձայնդ թող ցորեն դառնա, ձայնիր…
    - Հո՜, հո՜,-
    Թորգոմը ձայնեց ։ Հորեղբայրս սկսեց երգել.
    Հո՜, հո՜, վար, ուժ, վար արա,
    Ծունկդ հոգուց արդար ա,
    Կերթաս, կուգաս, եզո՜ ջան,
    Ակոս բանաս, եզո ջան։
    Հերկիդ ցորեն ծփծփա,
    Հայի հացին ծով արա,
    Օտար ճանկը թող մթնի
    Լույսերի մեջ քո ճակտի։
    Մշակ լինենք ու բանենք,
    Լավաշ օրհնանքն արարենք, Հո՜, հո՜ արա, եզո՜ ջան…
    -Մադադ, ես գիտեմ ան ուղտ սարի գոգին ՝մեր ծառների արտն է« մորս այդ արտում եմ փնտրել» Տես ծառերը կերևան:
    Ես եմ ասաում
    - Մադաթ,- ասացի,- ան չոր կռնակեն մարդ մը կիջնե, տեսնա՞ս կը…
    Մադաթը նայեց, նայեց ու ձայնեց.
    - Հայրիկ. հայրիկ Ուղտ լեռի մեջքեն մարդ մը կիջնե…. ասկե կուգա…
    - Մա՞րդ… Դարվա՞ր կուգա… իրիկուն է՝ հազիվ գյուղ հասնի…
    Ախ, Մադաթ, այդ մարդը գա՜ր, գա՜ր ու չհասներ մեզ ու երեկոն այդ չվեջանար… Հորեղբայրս ձայնեց.
    - Թորգոմ, շուտ ցուր խլսենք, երթանք… օրը մութ է աչքիս… հո՜ ըրե, գառնուկս… հո՜…
    Իսկ Մադաթն անընդհատ նայում էր այն մարդուն։
    - Նայե, Ուղտ լեռան քթից իջնող կենտ մարդը հասել է մեր արտի վերև ու ճամփի վրա կեցել է, նայե, ձեռքերն է թափահարում…
    - Ծո՜, հե՜յ…. «Քիմ օղլուսեն էրմենի» (Էշ հայ էրմենի», ում համար ես հերկում, ցանում… Այս ճամփան չի՞ գնար Խնզրի…
    - Հա, կերթա, կերթա,- պատասխանեց հորեղբայրս,- հո՜, կանգնե Թորգոմ։
    - Ծո, այս գիշեր պիտի թափվեն ձեր գյուղը… Ծո հայերին կկոտորեն, բոլորիդ՝ մեծին, մանրին պիտի ջնջեն…. Ծո, թող տուր, գնա գյուղ, գյուղ հասիր, այդ մանչերին փրկեցեք…
    Հորեղբորս ձեռքից մաճն ընկավ։ Փլվեց ակոսի մեջ…
    - Ի՞նչ կըսես, մարդ աստծո, այդ ի՞նչ կգուժես… Ո՞վ ես դուն… Բարի՞, թե՞ չար ուրվական ես… Աչքի՞ս կերևաս… Անհետացի՛ր, ուրու…
    - Ես ուրու չեմ, շշմած հայ, ես քուրդ եմ։ Այս լեռան ձորից այն կողմ արյան հեղեղ է…. հոնեն կշտապեմ… Գուժ, սև գուժ կբերեմ… Ողջ Բայբուրդ գավառը քշել, կոտորում են, բնաջնջում են հայերիդ… Գնա գյուղ, շուտ հայտնիր: Սա գիշեր կոտորելու են բոլորիդ, մեկին սաղ չեն թողնելու, բոլորիդ, ամենքին…
    - Թորգոմ, գառնուկս, ես կերթամ գյուղ,- վախվորած կանչեց հորեղբայրս,- դու թե կրնաս եզներին ազատի, չես կրնա՝ թող տուր, տղաներին բեր… Կերթամ կը գյուղ… Կերթամ կը գյուղ…
    Ցնցված, խելագարված, ընկնել-ելնելով, հարայ տալով վազեց դեպի գյուղ: Շուտով մեր աչքի տեսողությունից ծածկվեց… Էդ ծածկվելն էր, որ ծածկվեց…. մինչև օրս ու հավերժ… Մենք չկարողացանք եզներին ազատել, Թորգոմը մնաց թևաթափ։ Նա իր խոշոր աչքերով ման էր գալիս այդ բոթը գուժող մարդուն… Չկար։ Ասես ուրվական լիներ, ավերակների մեջ սուզվեց, կորավ: Հանկարծ մենք երեքս էլ սկսեցինք լացակումաց բղավել.
    - Քուրդ մարդ, քուրդ մարդ, որտե՞ղ ես, ո՞ւր ես…
    Լռություն, լռություն էր, թռչուններն էլ չկային, լռություն էր… Մադաթը նայեց Թորգոմին.
    - Թորգոմ, եզները մնացին… Մաճն ալ ընկավ հերկի մեջ, մեղք են…
    Սուս ըրե: Ճիպոտն ալ հոն է, քերուկն ալ… Երթանք գյուղ, երթանք գյուղ,- կրկնում էր Թորգոմն ու մենք նրա հետևից կրնկակոխ վազում էինք դեպի գյուղ: Ոչ քուրդը կար, ոչ էլ՝ հորեղբայրս: Հասանք գյուղի առջևի «կոնդը»: Գյուղը սևացել էր՝ անասուն, մարդ…. խառնվել էին իրար։ Գյուղը դարձել էր բառաչի, հառաչի մի կույտ… Թորգոմը լացը դրեց, մենք էլ հետը։ Հասանք մեր տներին։ Գյուղի առաջին տները մերն էին։ Գրկեցին, շոյեցին, բաց թողեցին… Տացուն քարացել էր… Հավաքվել էին նրա շուրջ… Ալեկոծված նայում էին դես ու դեն ու լռում… Մեկը մյուսի խոսքին էր սպասում… Ի՞նչ անեն… Կանայք հեկեկում, ուշակորույս էին լինում… Տղամարդիկ հոգոցախառը երկրորդում էին միմյանց.
    Սարերի բոլոր ճամփաներն ու բոլոր կողմերը բռնել են, հիմա կթափվեն գյուղ… Ինչ՞ պիտի ընենք:
    Թուրք խուժանը զինված խյանչալներով, զորքով, զամբդիաներով, մյուդութի գլխավորությամբ պիտի կոտորեն մեզ…. սա գիշեր…
    Մութը կոխում էր։ Անասուներն իրար էին հրմշտում, ախոռների դռներն էին քանդում, ել ու մուտ էին անում՝ տիրություն անող չկար, խառնված էին։ Մայում, բառաչում էին, իրար հարու էին տալիս… Գառնուկներին, հորթերին տեր չկար: Ոչ մի բան որոշել հնարավոր չէր: Մութը խավար դառավ… Ոչ ոք ի վիճակի չէր ինչ-որ բան անելու. ճար չուներ։ Ամեն մեկը մնաց իր Սևին…
    Ինչպես եղավ՝ չգիտեմ, բայց Նազար հորեղբայրոս կնոջ՝ Արմազան մամայի հետ ես, Թորգոմը, Մադաթը, փոքրիկ Սարգիսն ու իր գրկի երեխան ընկանք Ալի Օսման աղայի թոնրատունը: Տացուն աղերսել էր որ, գոնե երեխաներին պատսպարի։ Սկզբից վախեցել, մերժել է, ապա քիչ հետո համաձայնության լուր է ուղարկել շատ անվստահելի ու երկյուղալի խոստումով, թե ազատելու երաշխավորություն տալ անկարող է, քանզի կառավարության հրամանով՝ հային փրկողը դավաճան է իսլամին և ենթակա է մահապատժի: Այնուամենայնիվ գոնե մի գիշեր պատսպարելու պապիս պաղատանքին ընդառաջել էր, քանի որ իր տղաներն ու մանավանդ պատվասեր Հայդարն էլ են նույնը խնդրել ու պնդել։
    Լսել էի, որ այդ օրերին մի բանիմաց, գործարար քուրդ մոտիկ մտերմությամբ խոսել է պապիս հետ, նրան բացելով մի գաղտնիք, որ գուցե Տացուիս անհավանական է թվացել։ Նա ասել է, որ հայերին բնաջնջելու են և առաջարկել է ունեցվածքից տնից տեղից հրաժարվել, այն հատկացնել իրեն կամ մի ուրիշ քրդի և տոհմ ու ցեղով փրկվել վերահաս զուլումից: Որ եթե Տացուս այդ անի, ապա ինքը կառաջնորդի մեր տոհմին, կտեղափոխի Դերսիմում։ Թուրքն այնտեղ անելիք չունի, այնտեղ քրդական անկախություն է: Այնուամենայնիվ այս պարզ երկընտանքում Տացուս մայր հողից պոկվել, անջատվել չէր կարողացել… Մանավանդ, որ անհավատալի բան է թվացել. հնարավո՞ր է, որ մարդուն իր հայրենիքում իսպառ բնաջնջեն։ Այդպիսի անասելի հրեշությո՞ւն… Աշխա՜րհ կա, մարդի՜կ կան, պետությո՜ւն կա, ազգե՜ր կան….
    Ալի Օսման աղայի տանն էինք: Ուշ երեկո էր։ Մենք՝ փոքրերս, քնել էինք: Արթնացրին։ Սկզբում չէինք հասկանում, թե ինչո՞ւ։ Արմազան մամայի կողքին Ալի Օսմանի եղբոր կինն էր՝ Խաթունը… Նա շտապեցնում էր, ու ինչ-որ բան փսփսում…
    -Շուտ, շուտ, արագ ելեք…
    Արմազան մայրիկի դեմքը արցունքների մեջ կորել էր, լացը խեղդում էր նրան… Մենք ծպտուն չէինք հանում, պապանձվել էինք՝ օտարի տանն ենք… Մեզ դուրս քշեցին։ Դրսում խավար էր՝ լուսին չկար։ Ձայներ էինք լսում, պայթուններ, կրակոցներ… Ավելին չգիտեինք, լաց էինք լինում, բայց անձայն։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…. բան չէինք հասկանում… Արմազան մամայի փեշից էինք բռնել։ Նրան հրում էին, արագացնում… Հասանք թոնրատան կոտին: Այտեղ մեծ անցք էր բացված… Այդ անցքից մեզ հրեցին այն կողմը, հետո Արմազան մամային էլ մտցրին ու անցքը փակեցին… Ինչ-որ կույտի մեջ ընկանք։ Խավար էր, ոչինչ չէինք տեսնում: Այնտեղ դժոխք էր, ու անգամ այդ դժոխքում էլ տեղ չկար՝ լեփ-լեցուն էր։ Մի ամբողջ գյուղի մանուկ, մայր, կին, պառավ…. ողջը լցված էին այդ մարագը… Այդ մարագը Եղիայենց լքված մարագն էր… Մենք վախենում էինք դրա տանիքը բարձրանալ՝ հողի կույտ էր: Ջահել հարսներին ասացին, որ փոքր ինչ մեծ երեխեքին փրկելու համար, հարկավոր է ծծկեր, չհասկացող մանկիկներին խեղդել… Խեղդում էին ու.… սուսուփուս ուշաթափվում…
    Վերևում՝ տանիքի վրա, վազվզում էին. գոռոցներ, բառաչներ, մայումներ… Գյուղով մեկ ցրված տավարը էին քշում, կողոպտում էին… Արյուն հոտ է գալիս։ Անընդհատ հրացանի տնքոցներ ու գոռում-գոչյուն էր լսվում… Ջարդ էր, սպանդ… Ողբալ չէինք կարող՝ կլսեին…
    Կանանցից մեկը սկսեց ողբալ.
    Մեզ կիտել են հոս, պիտի այրեն…
    Հանկարծ խենթածածի, գժվածի գոռոց է լսվում… Պիտի իսկապես այրեին, բայց Ալի Օսման աղան խնդրել է չանել, որովհետև իր տան կից պատն էր մարագը։ Անգամ զենքով դիմադրել է… Լուրն իմանալուց հետո կանայք մրմնջացին. «օրհնված ըլլա»… Սեղմվեցի չգիտեմ ում… Ահն ու վախն անհետացել էին, միայն դողն էր մնացել… Դեռ մի քանի կենդանի ծծկեր կար։ Սկսեցին լացել։
    - Մեռցրու, մի թող լա,- կողքից շշնջում են մյուսները,- մեր տեղը կիմացնեն…
    Դեռ ականջիս մեջ են կանանց անեծք շշնջացող ձայները.
    -Թո՜ւրք՝ աշխարհի կրակը գլխիդ թափվի, թո՜ւրք՝ երախիդ մեջ թող դժոխքը պարի։ Աստվա՜ծ, սատկես դու տեղումդ, կայծակի բաժին դառնաս…
    Ծո’, ի՞նչ աստվա~ծ, ալլահն է պլլվել մեր երկրին. հայերին է կոտորում. Լուսանալո՞ւ է, թե վերջնականապես խավար աշխարհ էինք ընկած, քնա՞ծ էինք ,թե՞ արթուն, հեղձվո՞ւմ էինք, թե՞ շնչում… Չգիտեինք … Էլ ի վիճակի չէինք անգամ որևէ բան մտածել։ Երևի այդ էր պատճառը, որ չիմացա, թե ո՞ր օրը, օրվա ո՞ր պահին, ի՞նչ ձևով մեզ այդ կենդանի գերեզմանից հանել, տարել լցրել էին Ոսկի հորքուրենց՝ Խաչատուր վարժապետի, գյուղի կենտրոնում գտնվող խոշոր թոնրատունը: Միայն հիշում եմ, որ տեղափոխման ընթացքում տեսանք խենթ Մինասի արդեն մի քանի օրվա դիակը, դհոլչի Եղիայի ընտանիքի մորթված դիակները, այլ սոսկումնալի տեսարներ:
    - Մանուկը, Մանուկը, Ման… ու աչքերս փակում եմ հեկեկալո

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.11.2010), Interdenominational (14.11.2010), Շինարար (14.11.2010)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քնո՞ւմ էինք, թե՞ մեռնում-հարություն առնում…. չգիտեմ… Ասես քնի միջից գիտակցությանս հասան ինչ-որ մեկի խոսքերը. «Արմազան, գնա բեր, թող մեր գրկին մեռնի…»… Թե ինչպե՞ս էր Արմազանը կարողացել օղակները ճեղքել և մեռնող Մանուկին քուրդ հովվի օգնությամբ բերել մեզ մոտ հասցնել՝ չեմ կարող ասել, չեմ հասցրել տեսնել… Տեսել եմ այն ժամանակ, երբ Մանուկը՝ ջարդված, փշրված ոսկորներով, ուշակորույս թավալվում էր իր իսկ արյան մեջ: Մանուկենց՝ գյուղի մեծ տղաներին, հավաքել տարել էին ձորի ժայռերի մեջ մորթոտել, ջարդել ու գլորել էին փոսերը: Մանուկին սկզբում թիկունքից դանակահարել էին, հետո երկաթներով քրքրել ու գցել էին ցած։ Մյուսներին՝ մորթոտված թափել են նրա վրա… Մանուկն այնուամենայնիվ չէր մեռել։ Գիշերը աչքերը բացել էր ու իրեն գտել դիակների տակ… Հիշողության նշույլ էր եկել վրան։ Ճիգ էր արել, վեր կացել, վերքերը շորերով փակել և քարշ եկել դեպի գյուղ։ Հասել էր իրենց հարևան քուրդ հովվի դռանը: Մարտիրոս պապիկենց հարևան քուրդ հովիվը գիշերը դռան ճանկռոց էր լսել, զգույշ բաց էր արել ու դռան արանքով տեսել, որ շեմին ընկած է արյան մեջ կորած Մանուկը: Խաբար էր ուղարկել, որ գան տանեն։ Բերել էին ու մեր աչքի առաջ արյան մեջ ընկած թավալ էր տալիս։ Մինչև հիմա էլ Մանուկի տեսքն աչքիս առաջ է… Ես ինչպե՞ս այդ ամենը մոռանամ, Մադաթ…
    Երրորդ օրն արդեն պարզ էր, որ մորթելու էին բոլորին, տուն առ տուն, տոհմ առ տոհմ… Կանոնավոր կերպով՝ ցուցակով բնաջնջում էին… Թաքնվելու հնար արդեն չկար, գյուղն ամուր օղակի մեջ էր։ Այդ առավոտ մեր գերդաստանի վերջին օրն էր, հերթը մերն էր՝ պիտի մորթվեինք… Մենք վերջին մանուկներն էինք: Եկան, որ երեքիս էլ տանեն։ Ցուցակում կարդացին. «Թորգոմ, Մադաթ, Ջիվան»… Զմո տատիկը փաթաթվել էր ոտքներիս. «ուր՞ կտանեք, ամա՜ն, ախր փոքրիկ են, ինձի տարեք»… Արմազան մայրիկը լիզում էր դաշույնները…. գժվել էր…
    -Հիմա չպիտի մեռցնենք,- պատասխանում է ասկյարը,
    - Մավինը կուզե տեսնել, տանենք ցույց կտանք ու կբերենք…
    Ես ու Մադաթը լավ չէինք ըմբռնում, շտապում էնք դուրս գալ այդ այդ սուգ ու շիվանի միջից, այդ կենդանի գերազմանից։ Թորգոմը ետ էր մնում, բայց նրան քաշեցին ու մեզ հետ տարան: Պարզվեց, որ Տացուս մյուս ծերուկների հետ տակավին դեռ չի սպանված: Հավաքել էին Ղրբիճենց տանը։ Այնտեղից տանելու էին մորթելու: Այնտեղ էլ պապս ուզեցել էր իմանալ, թե արդյոք մենք դեռ կենդանի ենք: Աղաչել, պաղատել էր, գրպանում մնացած ոսկիները տվել էր հսկող ասկյարին, որ թողնի մի անգամ էլ թոռներին տեսնի։ Տուփով կիլոներով ոսկին շտապ կարգով թաղել էր մեր տան սահմաններում։ Չհասցրեց որևէ մեկին տեղն ասել։ Հիմա էլ ես չեմ ուզում ասել, եթե չեն գտել՝ թող հավիտյանս չգտնվի:
    Մենք լացելով մեկս մեկի ետևից գնում էինք։ Այդ զինված ասկյարը մեզ տարավ Ղրբիճենց «չերքեզ» տանիքի վրա կանգնեցրեց: Մեկ էլ տեսնենք ներքևից դուրս բերին դեռ կենդանի մնացած պապիկներին…. Պապս մեզ որ տեսավ, աչքերում աղոտ հույսի նշույլ գծագրվեց, շրթունքներն ու ձեռքերը սկսեցին դողալ։ Նա այլևս մարդու կազմվածք չուներ, գունդուկծիկ էր դառել: Մենք տանիքի վերևում էինք, ինքը՝ ներքևում: Պապս շուռ եկավ՝ չէր կարողանում մեզ նայել։ Պատից բռնեց, որ չնկնի: Հետո շրջվեց, մոտեցավ ու շշնջաց. «Պառկեք, ձեռներդ երկարեք վար, կախեք՝ համբուրեմ»։ Ինչքան էլ կախեցինք՝ չհասավ. բարձր էր: Շտապով մի քար դրեց ոտի տակ և հազիվ կարողացավ բռնել մեր ձեռքերը։ Մեկ-մեկ բռնեց, շոշափեց… Պապս ափիս մեջ մի բան դրեց: Ասկյարը կարծեց ոսկի է, մոտեցավ, որ ստուգի։
    - Մի պզտիկ դանակ է,- թախանձեց Տացուս,- աղաչում եմ մի վերցրու. թող մնա մոտը՝ Երզնկայի «զմելին» է Ջիվանիկս,- ու փուլ եկավ։
    - Ինքը մնալո՞ւ է, որ դանակն էլ մնա… Հայդա՜, շարժվի՛ր…
    Ու քաշեցին խառնեցին մնացածների հետ: Մեզ թույլ տվին, որ մենք նրանց ետևից նայենք։ Լալիս էինք։ Ասկյարների հսկողությամբ անց կացրին գետակի գերանե կամրջի այն կողմը։ Այն կողմում հորդ աղբյուր կար։ Մեկիկ-մեկիկ մոտեցան ջրի ծորակին ու մի-մի բուռ ջուր շրթներով տվին, որպես հայրենիքին տված վերջին հրաժեշտ…
    Տացուս իր ծերունի իմաստունների երամով անցավ դարիվերն ու վերջնականպես անհետացավ ձորում… Մենք ողբալով ետ էինք գնում, և շուտով ընկանք նույն ողբավայրը՝ շիվան, արցունք, արյուն… Քիչ անց կարկուտ եկավ… Լուր եկավ, որ Թորոսներ լեռան մոտ մորթել են մեր պապիկներին:
    Միայն մի տարի հետո ինձ հաջողվեց ծերունիների նահատակման տեղը գտնել, ոսկորները հավաքել, ցողել արցունքներովս… Գտա նրանց արյունոտ շորերի պատառներն ու այդ բոլորն անփոփեցի քարերի տակ։ Մի փոքրիկ, գրեթե աննշմար գերեզման սարքեցի, որ թուրքի աչքը չտեսնի ու նորից չքանդեն:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.11.2010), Interdenominational (14.11.2010), Շինարար (14.11.2010)

  11. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ ետ բերին։ Ողբավայրը նոսրացել էր. կույս աղջիկներին ու սիրուն հարսերին տարել էին… Մնացել էին պառավներն ու աչքից դուրս մնացածները… Մանուկը դեռ արյան մեջ գալարվում էր: Քանի օր էր սնվում էինք լոկ մեր արցունքներով ու սուգով: Ուտելու մասին ոչ ոք չէր մտածում: Ծծկերներներ համարյա չկաին՝ հեղձամահ էին արվել: Կային հղի կանայք: Չեմ հիշում, կարկուտից հետո՞ էր, թե՞ հաջորդ օրը՝ ցուցակներում հերթը հասավ մեզ: Նախապես ստուգում էին, թե այդ գերդաստանում քանի՞ շունչ կա, տեղո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե կասկած էր առաջանում, որ որևէ մեկը կարող է պրծած լինի ման էին գալիս, հանձնարարում էին մորթող ջարդարարներին որոնել-գտնել դիակը, վայրը ցույց տալ, համոզվում էին, որ իրոք մորթվել են: Հատուկ հանձնաժողովը զեկուց էր ուղարկում «մյուդյուրին», «ղամախամին», «վալիին» և այլն:
    Այդ օրն անվանական կարգով կարդացին, հավաքեցին, ջոկոտեցին ամենափոքրերին… Մեկ-մեկ ստուգում էին «ֆստանները»՝ աղջկան ու տղային ջոկում էին մերկացրած: Կարդում ու հաշվառում էին անուն առ անուն: Շարեցին թոնրատնից դեպի դուրս գնացող երկար միջանցքում։ Երկու կողմով խիտ կանգնած էին հանձնաժողովի անդամներն ու ջարդարարները։ Հանձնաժողովականներից մեկը սկսեց ստուգել ըստ ցուցակի.
    «Վարդանենց օղլիներ՝ 1, 2, 3, 4, 5, 6… ճիշտ է,
    Գբոենց օղլիներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7… ճիշտ է,
    Մաղաքենց օղլիներ՝ 1, 2, 3, 4, 5… ճիշտ է,
    Հոտաղենց լաճեր՝ 1, 2, 3, 4, 5… ճիշտ է,
    Թորոսենց լաճեր՝ 1, 2, 3, 4, 5, 6… ճիշտ է,
    Ռստակենց լաճեր՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8… ճիշտ է»…
    Մյուսներին չեմ հիշում… Սրանք վերջին մասունքներն էին, ամենափոքրիկ ծիլերը, չհաշված ծծկերներին, որ արդեն չկային…. բացի Խումլարցի Արմազանի գրկի մեռած ծծկերց… Նա երևի գժվել էր՝ մեռած մանկիկին գրկից բաց չէր թողնում…
    Ահը Թորգոմի սրտում էր՝ ետ-ետ էր քաշվում… Մենք արդեն դադարել էինք վախենալուց, լալուց, ասես կատարվողը մեզ հետ ոչ մի կապ չուներ։ Նույնիսկ մի տեսակ սպասում էինք, որ գնանք, ազատվենք այս զոհարանի ահ ու չարից… Գնում էինք ասես քնի մեջ… Լսվեց ինչ-որ ճռինչ ու ինչ-որ մեկի ձայնը
    . «փեք էի, էֆենդիմ»…
    Այդ պահին, շարք կանգնածների արանքով մեկը մտավ ետևի պատի կողմից, ինչ որ բան փսփսաց կանգնածի ականջին և ուժեղ, շտապով ու թաքուն քաշեց ինձ դեպի պատի կողմը, որը դրսի դարբասից արդեն հեռու չէր: Համաձայնվող ասկյարը իմ ետևից թողեց նաև Թորգոմին ու Մադաթին՝ հրելով մեր ետևից: Այդ մարդը, երևի չերևացող տեղերով մեզ տարավ դեպի դուրս։ Կարծեմ գնացինք Խաչատուր վարժապետի դպրտան կողմով, որտեղ մենք սովորում էինք։ Նա մեզ արագ-արագ քշում էր դեպի քրդերի խրճիթները: Այդ շտապողականության մեջ հանկարծ տեսանք Ոսկանին՝ մեր Կարապետի խաղընկերոջը…. վիզը՝ միչև կոկորդը կտրած, վերքը լրիվ բաց, գլուխն ամբողջությամբ կրծքին ընկած, բայց դեռ լրիվ չմեռած… Դեռ փորձում էր սողալ երկու ձեռքերով պատերը շոշափելով, մահվան դողը՝ ոտքերում… Անհավատալի, անհնարին պատկեր…
    Մեր փրկիչը փակեց մեր աչքերը, քաշեց շուռ տվեց մեզ ու արագ հասցրեց իր խրճիթը: Մտանք ներս։ Ծխահոտ էր: Հաստ երկար գերանների խրձեր էին շարված։ Առաստաղը մրից սևացած, խղճուկ մի խրճիթ էր, դռան կողմը մի քիչ առանձնացրած: Մարդ չկար, չէր երևում, միայն մութ անկյունում նստած մի արարած կար՝ կնոջ նման:
    - Փրկեցի,- ասաց մեր փրկիչը,- խնամիր, հաց տուր ուտեն, մեղք են:
    Ուրիշ ոչինչ, այլևս նրա ձայնը չլսեցինք՝ լուռ ծխում էր: Մենք կուչ եկանք սյունի մոտ՝ խոնավ տափի վրա: Կիսախավարին ընտելանալուց հետո միայն կարողացանք զննել մեր ազատարարին: Զարմանալի էր, որ կողոպուտ չի բերել իր տունը։ Այս մարդը կով, եզ, անկողին, ալյուր, ցորեն, յուղ, ձի, ոչխար չի՞ ուզում… Ինչու՞ է մնացել աղքատ ու թշվառ, զարմանալի է, մնացածները միայն դրանով են զբաղված… Մի՞թե հայ մանկիկին ձեռք մեկնող կա այս աշխարհում: Այդ մարդը մեր գյուղացի քուրդ էր՝ չերևացող, անժառանգ…
    «Ավետխանում» մեզ լուր տվող այն քրդին ինչքա՜ն էր նման… Նա ուրու չէր, նա քուրդ էր: Սակայն ինչո՞ւ փրկեց մեզ… Այդպես էլ մնաց հավերժական գաղտնիք… Մինչև օրս էլ չգիտեմ… Անունն էլ չեմ հիշում:
    Շատ շուտով մեր գյուղի բարեկեցիկ քրդերը եկան մեզ տարան իրենց զավակ, կամ աշխատող դարձնելու։ Մեզ փրկելու դրդապատճառն ավելի հանելուկային դարձավ. չէ՞ որ անգամ այդ նպատակից ելնելով, մենք իրեն պետք չէինք… Եթե քեզ պետք չէինք, ապա ինչո՞ւ մեզ ազատեցիր յաթաղանից, մարդ Աստծո… Անունդ էլ չասացիր: Ես ինչպե՞ս մեծարեմ քեզ, ի՞նչ բառերով արտահայտեմ երախտագիտությունս։ Դու աչքիս առաջ ես ամբողջ կյանքումս…
    Չգիտեմ կոտորածի որերորդ օրն էր, Հայդարն ինձ գտավ… Այն եմ հիշում, որ նա իմ ձեռքից բռնած տարավ մեր տների կողմը…. Առաջինը մեր տանը մոտեցանք։ Դռները ջարդված, շեմին ընկած էին։ Կատվի ձագերն ու շան լակոտները անտեր վազվզում էին, գառնուկները՝ մայում, ուլիկներն ու հորթերը մեզ էին նայում։ Բակում շրջված տիկեր ու կոտրած պտուկներ էին՝ յուղ, կաթ, մածուն, լավաշ…. Ողջը թալանված էր։
    Շրջեցինք լրիվ թաղը, ապա նա ինձ ետ տարավ անփորձանք, բայց ո՞ւմ հանձնեց՝ չեմ հիշում, միայն հիշում եմ, որ բաց թողնելիս կամաց և զգույշ հարցրեց.
    - Տացուիդ պահած ոսկիները տեղը գիտե՞ս։
    - Չէ,- ասացի բոլորովին անտարբեր,- չգիտեմ…
    Եղեռնական ո՞ր պահին, որտե՞ղ էր՝ չեմ հիշում, բայց աղոտ հիշում եմ, որ կանգել էինք հոգեվարքող Զմո տատիկի մոտ… Անգամ չեմ հիշում՝ գիշե՞ր էր, թե՞ ցերեկ… Գիտեմ, որ խավար էր շուրջը: Մեռնելուց առաջ Զմո մամիկը դիմեց Արմազան մամային. «Արմազան, հարս, շորերիս մեջ մի քանի ոսկի կա, երեխաներին թուխս եղիր։ Ջիվանիս ոչ մեկից չջոկես, քոնն է… Աստված ջան, խնայիր թոռներիս… էս ինչ զուլում էր… Հոն կբողոքեմ, կաղոթեմ ձեզ համար… Աստված, փրկյա հայն ի չարյաց… Տեր, ողորմյա…. Ամեն»… ու հոգին ավանդեց…

    Հետո այն եմ հիշում, որ ես Շաբանենց տանն եմ… Ո՞ւմ մոտ էին Թորգոմն ու Մադաթը՝ չեմ հիշում: Գիտեմ, որ իմ նման, նրանց էլ էին քրդերը վերցրել, անգամ տունն եմ հիշում եմ: Գետակի աղբյուրից ջուր բերելիս, մի քանի անգամ անցել եմ նրանց դռներով: Նրանք ինձ մատնացույց են արել, ասել են «Բահարի» որբը՝ Մավինի թոռնիկը, սիրուն տղա է: Թե իչպե՞ս էին վերցրել ինձ մեր փրկիչից, չեմ կարող ասել: Վերցնողը՝ Շաբանենց Իսմայիլը ծեր, կարճլիկ մարդ էր, ասող-խոսող, բարի… Որքանով է գնահատականս համապատասխանում իրականությանը՝ չեմ կարող ասել. ես վատ բան չեմ տեսել։
    Մնացածները ի՞նչ էին եղել՝ չգիտեի, տեղյակ չէի… Հետագայում ականջիս հասան հետևյալ լրացուցիչ տեղեկությունները. կանանց քշել էին Թորոսներ սարի կողմը, մոտիկ լանջերի ու ձորերի մեջ… Հայտարարվել էր «ավար». ով որին կկամենա թող վերցնի և ինչպես կուզի թող վարվի հետը։ Այդպես 10-15 օր ու գիշեր մնացել էին սարերում, մերկ ու խոշտանգված… Ով կենդանի էր մնացել, քարշ գալով հազիվ հասել էր գյուղ: Շատերը կիսակենդան վիճակում են եղել… Արդեն ամառ էր և կարելի էր նրանց մի փոր հացով օգտագործել։ Գյուղի քրդերն այդպես էլ արին:
    Ծատուրն էլ էր փրկվել։ Նրա պատմությունը որոշ չափով գրել եմ։ Ահա մյուս մեր գյուղացների մասին ունեցածս տեղեկությունները: Մի քանի տղաների՝ Կարապետին, Գալուստին և էլի չեմ հիշում թե ում, տարել են «մյուդյուրլուկ», որպես բանող ուժ։ Այնտեղից հանձնել էին Ղարաղուլալի Բաշ աղային, որն իր մոտ մի տարի աշխատցրել է նրանց։
    Լսեցի Նազար հորեբորս մահվան մանրամասնությունները. Խոտունի կոչվող գոմերի մոտ, գետակի կողքի ժայռերի մեջ թաքնված է եղել։ Օրեր են անցել։ Սովահար ու ուժասպառ փորձել է ուտելու բան հայթայթել։ Տեսել է, որ մի անցորդ պատրաստվում է ջուրն անցնելու։ Թաքստոցից կանչել է թե՝ մի հանիր ոտերդ, ես գամ շալակեմ անց կացնեմ, իսկ դու ինձ մի քիչ ուտելու բան տուր, սովից մեռնում եմ… Այդ մարդը հեծնում է հորեղբորս ու քշում ջրի մյուս ափը, ապա կարգադրում, որ նստի հաց ուտի։ Հետո քաշում է դաշյունն ու հացի փոխարեն փրթում է հորեղբորս...
    Սեդրակ հորեղբորս մասին լսեցինք, որ երևացել է գոմերի արտերում, սակայն հետագայում ի՞նչ է եղել՝ անհայտ մնաց։ Լուր բերեցին, որ Մարտիրոս պապիկին գտել են գյուղի վերևում, արտերի մոտ, գլուխը ճխլած… Խումլարցի Արմազան մաման ծծկերին սեղմել, հեղձելուց հետո, գետակն անցնելիս մանուկին թաղել էր ջրի մեջ: Ինքն է պատմել այդ ամենը:
    Երկար ման եմ եկել Խաչատուր վարժապետի զոհավելու վայրը։ Չեմ գտել։ Նրան խոտերի միջից են գտել և նույն խոտերի մեջ էլ դաշունահարել. գլուխը շպրտել են մի ձորակ, մարմինը մի ուրիշ… Դա եղել է Մեծ լեռան թավուտների ճմոտ փոսերում: Փնտրել եմ բոլոր այն ճմոտ փոսերում, ուր մոտիկ ձորակներ ու ձորեր կային: Չեմ գտել… Նա խնդրել է, որ թույլ տան Աստծուն աղոթի ու հետո նոր մորթեն…
    Աշոտ հորեղբորս սպանել են լեռնալանջին՝ մեր արտի մոտ… Նրան մի քանի հոգու հետ պահակի հսկողության տակ փակել են քուրդ Թիմուրի տանը: Աշոտ հորեղբորս մոտ թաքցրած ատրճանակ է եղել։ Առավոտյան դուռը բացելիս, հանկարծակի կրակ է բացել։ Մարդասպաները փախել են։ Փախել են նաև կալանված հայերը: Այնուամենայնիվ նրանց մեկ-մեկ բռնել ու սպանել են: Աշոտ հորեղբոր սպանության մանրամասները հետո իմացա: Սոված ուժասպառված ընկած է եղել։ Տեսել է, որ գյուղի քուրդ տղաներն անասուներին բաց թողած, նստել հաց են ուտում։ Սողացել է նրանց մոտ, մի կտոր հաց աղերսելու… Քուրդ տղաները նրան մազոտ սատանի տեղ են դրել, ու վախից սկսել են քարերով հալածել։ Սպանել, քաշ էին տվել: Հետագայում ինձ բախտ վիճակվեց նրա արյան հետքերը տեսնել սարալանջին:
    Թորգոմն ու Մադաթն իրենց մոր՝ փոքր Արմազանի հետ, ծվարել էին գյուղի քրդերի տներում։ Մեր տոհմում երկու Արմազան կար՝ մեծ ու փոքր։ Մեծը Մանուկի մայրն էր։ Մանուկը բուսական դեղորայքով քիչ քիչ ամոքվում էր վերքերը բախտի բերմամբ սրտին չէին հասել:
    Այդ ընթացքում Ալի Օսման աղայի տղա Շավչին ձին նստած, հրացանը ուսին գցած սկսել էր ման գալ իմ մորը: Նա եղել էր Դերջանի բոլոր սպանդարաններում, հասել էր մինչև Կոթերի կամուրջը, սակայն վերադարձել էր ձեռնունայն: Նա միշտ երազել էր մորս իրեն կին առնել, ու հիմա որոշել էր անպայման գտնել նրան։ Ենթադրություն եղավ, որ մայրս Կոթերի կամրջից իր նորածին երեխայի հետ գցվել է Սև ջուրը։ Նաև ասում էին, որ ինչ-որ մի քուրդ բեյ տարել է դեպի Երզնկա…
    Հատ ուկենտ ողջ մնացածներիս անունները մահմեդականացրին, թլպատեցին բոլոր արու ժառանգներին: Ինձ չթլփաթեցին, համարեցին «ալլահա» կամ «փեխամբեր սյուլաթի». իմ մաշկը երբեք չի ծածկել գլխիկը, այն բաց վիճակում է, ի ծնե կտրելու բան չկա… Վերանվանեցին խալիֆական Խալիլ անունով: Եվ ահա ես այլևս Ջիվանը չեմ, ազգս հայրենիքս ուրացած թուրք Խալիլն եմ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.11.2010), Interdenominational (14.11.2010), Շինարար (14.11.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես մեկը նկատեց, ինձ տարե՜լ ա, դեռ մինչև վերջ չեմ կարդացել, բայց հաստատ կկարդամ, մի քիչ ներակայացրու նաև, խնդրում եմ, ստեղծագործությունը
    Հ.Գ. Լավն ա

  14. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում կարդալու ընթացքում, բայց կարդացի մի շնչով:

  15. #9
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    rstak58: Չգիտեմ նույնիսկ, նման ստեղծագործություններին ավելորդություն կլինի՞ «comment» անելը, կամ նույնիսկ՝ հենց «ստեղծագործություն» անվանելը, չգիտեմ:

    Կարդացի: Հոգեցունց էր… մի քիչ էլ հայացա: Դառնացա: Ողբացի:

    Շնորհակալություն

  16. #10
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ չեմ կարող չասել:
    «Եվ ահա ես այլևս Ջիվանը չեմ, ազգս հայրենիքս ուրացած թուրք Խալիլն եմ»
    Սպանեցին Ջիվանի ամբողջ ազգ ու տակին և գիտի, թե ով ինչ մահով է մահացել և իրեն թուրք է անվանում:

  17. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ չեմ կարող չասել:
    «Եվ ահա ես այլևս Ջիվանը չեմ, ազգս հայրենիքս ուրացած թուրք Խալիլն եմ»
    Սպանեցին Ջիվանի ամբողջ ազգ ու տակին և գիտի, թե ով ինչ մահով է մահացել և իրեն թուրք է անվանում:
    Ու հենց այդտեղ ու դրանով ամբողջանում է ստեղծագործությունը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (15.11.2010)

  19. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես եմ պապիկ, պապիկ տացու
    Կենդանի եմ ոչ անանցու
    Կմախքներն եմ Ձեր փայփայում
    Թոռնիկ ձեռքով հողին հանձնում
    Սա մեր հողն Է ուխտում եմ ես
    Մեր Հայաստան արևին տես
    Չի կարող նա հատել կյանքը
    Քո հայության՝ Ջիվանիկիդ հայ ժառանգը
    Ուխտավոր եմ Ձեր առաջ արդ
    Պիտի գնամ պիտի ապրեմ հավետ անպարտ
    Օ՜հ մնացեք թափառ ուրու
    Դերջան աշարհ հայն հանդերու
    Չքնեք դուք հավիտյանս եղեք անհաս
    Մինչև չգանք վրեժակոխ հատուցմանը
    Օրհնանքը տանք մասունք մաս մաս
    Նահատակված ողջ ժողովուրդ հայության

    Շաբանենք ուրախ են. տղա են ունենում… Արտեր են վերցնում, էլի ուրիշ բաներ… Զիան Իսմայիլի տղան էր։ Իսմայիլի հարսները գյուղի քրդերի ամենասիրուն հարսներն էին։ Հարազատ քույրեր էին։ Իմ տարիքի մի թոռնուհի ուներ՝ Լեյլին: Իմ վրա հեռակա հաշվարկ ուներ ծերուկ Իսմայիլը: Զիան բարի, խղճի տեր մարդ էր։ Թե եղեռնական այն օրերին ի՞նչ մասնակցություն էր ունեցել չեմ կարող ասել, բայց մարդկայնություն ուներ։ Իսմայիլի փոքր տղան ասկյար էր դառել ու կորել էր, չկար: Նրա կինը, որն էրված սպասում էր ամուսնուն, կրտսեր քույրն էր՝ Զուլֆիան, մեծ քույրը՝ Զեյնաբը, Զիայի կինն էր։ Ինձ աշխատցնում են ուժերիս ներածին չափ։ *
    Հասկացա, որ ամեն ինչ վերջացած է, որ անհոգ անցյալն այլևս ավարտված երազ էր։ Իրականությունն այն էր, որ ես Շաբանենց Իսմայիլի համագյուղացի Ռստակներից մազապուրծ կենդանի մնացած մի շիվ եմ, որ պետք է շնչեմ ու գոյատևեմ հանուն իմ տոհմի հարատևման։ Թեկուզ առայժմ քուրդ կամ թրքացած, թեկուզ ստրուկի նման, բայց պիտի ապրեմ։ Իմ բախտից, սրանք ինձ էլ իմ ցեղն էլ լավ ճանաչում էին և պատկառանքով ու երախտապարտությամբ էին լցված իմ տոհմի հանդեպ։ Իրենց տանը ուրիշ արական սեռի երեխա չունեին: Միայն Լեյլին էր։ Իսկակապես «Լեյլի» էր՝ բարետես, սևուկ, ներդաշնակ։ Ես դա շա՜տ ուշ նկատեցի, երբ ինքն արդեն հեռու էր…
    Տան տերն ղեկավարը ծերուկ Իսմայիլն էր: Զիան, դաշտային աշխատանքների հետ գլուխ չուներ, լծի տակ չէր ուզում մտնել: Բեռն իմ մանուկ ուսերին էր ընկնում. ջուր կրի, ախոռը մաքրի, անասուններին ջրի, մաքրի… Այսպես էր ձմեռը, իսկ գարնանը նաև դրսի գործերն էին ինձ վրա։ Ամառն ինչպես անցավ չիմացա…
    Այսպես միչև մենք ուշքի եկանք ռուսը հայի հետ Սարիղամիշն անցել էր այս կողմերը, մոտենում էր Էրզրումին: Թուրքերը եռանդազրկվել էին, քրդերը մտքի մեջ էին ընկել: Թալանածն աչքներին չէին երևում: Ոտները «նալում» էին ճամփա ելնելու… Բայց դեպի ո՞ւր՝ հայրենիք չունեն…
    Ես թափառում էի ինձ արդեն հարազատ դարձած անասունների հետ։ Ձոր առ ձոր, լանջ առ լանջ փնտրում գտնում էի մերոնց աճյունները, հավաքում ու թաղում էի։ Բարձրացա մեր գյուղի բոլոր լեռների կատարները։ Ամենուրեք ոսկորներ, ոսկորներ, արյունլվա մասունքներ: Թորոս լեռան թամբին գտա ծերունիների նահատակման վայրը։ Տացուիս ոսկորներն էի ուզում ճանաչել… Գտածս բոլոր ոսկսրները դառան Տացուիս ոսկորները: Համախմբեցի դարձրի քարաթմբերի տակ ծածկված դամբարան։ Ուրուրներն էին հետքերը ցույց տալիս՝ պտույտ էին գործում նահատակության վայրերում… Ես քար էի գցում, որ վար չիջնեն, բաց երկնքում սավառնեն…
    Ոչ ոք չէր նկատում եկե՞լ եմ, թե՞ չէ՝ անասունների հետ էի գիշերում։ Առավոտը նորից դուրս էի գալիս դեպի մեր արտերը, որ արդեն արոտավայրեր էին դարձել։ Չէի նայում մեր տների կողմը, չէի կարողանում՝ սիրտս փուլ էր գալիս:
    Աշուն էր։ Մի տեսակ անսովոր ու տխուր էր՝ կալ ու կամ չէր լինում՝ իրենք չունեին… Իրենք ժամանակ չունեցան «զբաղված էին»… Ռուսը բնագծերի մոտ էր: Դե ռուսից ինչո՞ւ պիտի վախենային, ռուսից չէին վախենում, հայն էր հետնները՝ այդ էր վախենալուն: «Բողղունը» նահանջում էր։ «Բողղունը» նահանջելով եկավ հասավ մեր լեռան ծայրին գտնվող Խիճի գյուղը: Հիշում եմ մի օր երեկոյան կողմը քրդերն իրար անցան: Ալի Օսմանի կարգադրությամբ դիմեցին զենքի ու պաշտպանական դիրքեր բռնեցին: Թորոսների կողմից մի գումարտակ հասել էր մեր գյուղի «քթին»: Նրանց հրամանատարը պահանջել էր՝ ընդունել իրենց գյուղում գիշերելու: Իսկ գյուղը վախենում էր թալանից, անխուսափելի կողոպուտից ու առևանգումից: Կարճ բանակցություններ վարեցին: Շուտով եկան համաձայնության, որ գյուղը հայթայթի նրանց պահանջած պարենամթերքը, իսկ «Բողղուն» գյուղից անցնի ու շարունակի իր փախուստը: Էրզրումի անկումից հետո թուրքական զորքը փախչում էր, ռազմաճակատը լրիվ քայքայված էր: Չուշացավ նաև բնակիչների փախուստը։ Ալի Օսման աղան պատրաստվում էր քոչել: Մյուս քրդերն էլ էին մտածում՝ գնա՞ն, թե՞ չգնան… Ոմանք որոշեցին գնալ, ոմանք էլ մնալ: Գնացողների մեջ հայտնվեց նաև իմ աղան:
    Հայերի կենդանի մնացած կանայք ուրախ ու հանգիստ էին. նրանց ազատությունն էր գալիս: Որոշել էին բարձրանալ մեծ լեռան լանջն ու այնտեղ ցրված կենան ձորակների մեջ, մինչև Ռուսի գալը։ Փախչող թուրքերից էին վախենում: Նրանց մտահոգությունը նաև այն էր, թե ինչպես ազատեն մեզ մեր որդեգիրներից։ Նրանք ուզում են հայի այդ մի քանի արու հետնորդներիս իրենց հետ տանել: Սայլերը կապել ամրացրել էին, սպասում էին Ալի Օսման աղայի շարժմանը: Մերը երկու սայլ էր կարծեմ, ոչ ավելին։ Եզների թվից եմ հիշում: Սայլերը յուղված էին, բոլոր պաշարները վերցրված: Զիան տխուր էր, Իսմայիլը նույնպես. մնաս բարով Խնզրի՝ գյուղ… Իսկ ես չգիտեմ ինչ անեմ, ապրումների մեջ եմ… Ինչո՞ւ են գնում, ո՞ւր են գնում, ո՞վ է մնում, ո՞վ է գալու… Գյուղի քիչ մասն է գնում, մեծ մասը մնում է: Ոչ մի հարազատ հայ չեմ տեսնում: Այն եմ հիշում, որ հանկարծ Թորգոմն ու Մադաթն իմ կողքին հայտնվեցին: Ով բերեց՝ չգիտեմ: Իրար հետ չէինք

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Interdenominational (17.11.2010), Շինարար (17.11.2010)

  21. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իջնում ենք դեպի Բաբերտի գավառին պատկանող լանջերը: Հայ չկա, քուրդ են՝ քրդերեն են խոսում: Բեռնաթափվեցինք՝ ձորակի աղբյուրի տարածքում: Քուրդ բնակչությունը զարմանքով սկսեց մեզ դիտել: Այստեղից սկսվեցինք կոչվել «մուհադիր»: Աղան կանչեց ինձ, բացատրեց ոնց գնամ մի գիրկ չոր խոտ բերեմ ձիու համար: Իսկույն թռա, որ գնամ բերեմ։ Հսկայական ազատ դեզեր կային… Մոտեցա, ուզեցի կռանալ, որ մի խուրձ գրկեմ, մեկ էլ ինչ տեսնեմ. երկու-երեք գամփռ վերևի տան կողմից արշավում են դեպի ինձ: Լեղաճաք վիճակում սուր ծղրտացի… Բախտս հետս էր՝ տեսնեմ մի երիտասարդ վերևից գոռում է.
    - Նստիր, նստիր, չոքիր»… «Հոշ, հոշ, հոշ»… Ձեռքի փայտը գցում է շների ուղղությամբ ու նետվում նրանց վրա, որ ինձ կարողանա ազատել… Ես գրեթե ուշաթափ վիճակում նստած եի։ Հասավ ինձ, ու սկսեց մեղմությամբ հանդիմանել.
    - Քեզ ո՞վ ուղղարկեց, հիմար տղա… Չե՞ն իմանում, որ շներ կան։ Որ չհասնեի ի՞նչ կլիներ քո հալը: Ո՞վ են ձերոնք, թող ասեին՝ ինչքան որ պետք էր տանեին»: Խոտը տվեց գիրկս ու ճանապարհեց։ Շոյեց, որ լաց չլինեմ, գիտեր, որ սաստիկ վախեցած եմ։ Գունաթափ տեղ հասա: Զիան նկատեց։ Կմկմալով ամեն ինչ պատմեցի… Նեղացավ հոր վրա:
    Հաջորդ օրը հասանք Ճորոխ ճյուղավոր գետին։ Այդ կանաչավուն գետակի հողածառային հունի մեջ ես կուղբեր նկատեցի: Ոչ ոք նրանց նիստ ու կացը չի վրդովվել, դրա համար էլ զարմանքով պիշ-պիշ նայում էին մեզ առանց թաքնվելու։ Քար էի գցում, որ թաքնվեին:
    Լուրեր են հասնում, որ Մոսկովը մոտենում է։
    Որ հասնեն դուք մեզի կրնաք պահել, չէ՞, Խալիլ,- հետս թաքուն կատակում էին երկու քույրերը,- սիրուն տղա ես», մի քիչ մոտիկից հետս զբաղվելու համար կրկնում էին նրանք: «Մի՞թե ատանք բան կըլա», անցնում է մտքիցս ու լուռ ծիծաղելով վազում անասուններին հավաքելու: Ալի Օսմանի գլխավորած մեր «Բարխանան» իջևանեց գետափին: Գիշերում էինք բաց երկնքի տակ, իրենք՝ սայլերի ծածկերի տակ, ես՝ անասուների հետ: Մինչև այդ օրը չգիտեի, թե մերոնք՝ Թորգոմն ու Մադաթը ի՞նչ եղան, ինչո՞ւ չեն երևում… Այդ օրն էլ մյուս օրերի պես քնել էի եզների կողքին: Արդեն բավականին մութ էր, որ Իսմյիլը ինձ վեր կացրեց։ Հանձնարարեց եզները տանել մոտկայքում արածացնելու մինչև լուսանա: Եզների հետևից գնալիս տեսա նաև Թորգոմին ու Մադաթին: Երեքով քնաթաթախ տարանք եզներն արածացնելու։ Թորգոմը եզները կամաց-կամաց քշում էր ավելի ու ավելի հեռու: Ես ու Մադաթն ուզում էինք նստել ու քնել. երբ որ կանչեն՝ եզներին կտանենք: Մեկ էլ Թորգոմը կամացուկ ձայնով ասաց.
    Մադաթ, Ջիվան, լսեք ինչ կըսեմ. ես պիտի փախչեմ, հիմա ռուսը եկած կլինի գյուղ։ Դուք չեք կրնա վազել, ճամփին ասկյարներ կան, կբռնեն, կմորթեն։ Ծատուրի հետ կգաք, նա այստեղ է, կփախցնի ձեզ, կբերի…
    … Ասելն ու փախչելը մեկ եղավ: Մենք լացելով վազեցինք ետևից։ Արդեն լուսանում էր: Նա սկսեց քարերով վռնդել մեզ ու լացակումաց համոզել.
    Մի գաք, ռուսի հետ կուգամ ձեզ կգտնեմ, միասին մեզ կտեսնեն, կբռնեն, կսպանեն»: Մենք լաց էինք լինում ու ետևից վազում… Ոչինչ չէինք ուզում լսել հասկանալ… Նա այլևս կանգ չառավ, սլացավ գնաց... Մենք դեռ երկար ժամանակ վազում էինք, մինչև որ ես ուշակորույս լացիս մեջ հոգնեցի ու ընկա քնեցի։ Մեկ էլ լսում եմ.
    Վեր կաց, վեր կաց…», սարսափի մեջ բացում եմ աչքերս. Իսմայիլ պապիկն է.
    - Մի վախի,- ասում է,- բան չեմ անի։ Անոնք վատ տղաներ էին, դու խելոք ես, անոնց կբռնեն, կմորթեն… Եկուր գնանք, դու մեր բարի տղան ես, Խալիլ, մի փախչիր, կկորչես, եկուր գնանք:
    Նա ինձ փաղաքշում էր, խրատում… Հասկանո՞ւմ էր արդյոք, որ իր ասածները չէի լսում, միայն լացում էի. ես ինչու չեմ գնացել, Մադաթը ինչպե՞ս է գնացել: Նա ինձնից առաջ էր վազում, Թորգոմի քարկոծման տակ բառաչելով վազում էր….
    Գնացինք եզները, լծեցինք ու ճամփա ընկանք։ «Բարխանային» ասանք կեսօրին: Եզներին տարա մոտիկ ցաքուտներում արածացնելու: Եզներին ցաքուտներում երկար պահեցի, այնքան, որ ուրիշներն արդեն լծում էին, իսկ ես դեռ արածեցնում էի։ Ապրումներս հասան գագաթնակետին. «Ո՞ւր է Ծատուրը, ես նրան որտե՞ղ գտնեմ… Չէ՜, պիտի փախչեմ… Ո՞ւր եմ գնում այս օտարների հետ… Հիմա՞ փախչեմ, բայց ո՞ւր…»… Նայում եմ չորս կողմս. «մտնեմ այս թփի տա՞կ…»… Եզներին քշում եմ, որ գնան մյուս անասունների հետքերով։ «Թող իրենք երթան կորչեն… Ռուսը եկել է, մերոնք հիմա գյուղում են, ազատ են… Կերթամ, կերթամ…»… Այս ամենը ծովի նման ալեկոծվում է հոգումս։ Անգամ վերջնականապես որոշում եմ, թե ինչպես պիտի մտնեմ քոլերի մեջ, որտեղ պիտի տափեմ… «Հո՜, հո՜…». սկսեցի քարկոծել եզներին, որ գնան… Նրանք առանց ինձ քայլ չէին անում։ Հեռացա որ թաքնվեմ, բայց եզները ետևիցս գալիս ու նայում էին ինձ։ Կարկամեցի. ախր տեղս կմատնեն… «Ի՞նչ անեմ, ո՞ւր է Ծատուրը… Չէ՜, այպես չեղա՜վ՝ կհասկանան, որ փախչում եմ, ի՞նչ կանեն՝ անհայտ է…»… Վազում եմ դեպի եզները։ Նորից կարկամում եմ. «փախչել է պետք, ո՞ւր եմ գնում…», «չէ՜, չի՛ ստացվի…»… Անորոշությունը հսկայական է, ուժերիցս վեր է բռնածս գործը: Կամ ու կացի մեջ ընկած քայլում էի, մեկ էլ տեսնեմ արդեն մոտեցել եմ սայլերին: Ուշացել էի։ Մյուսները գնացել էին, միայն Իսմաիլենք էին մնացել: Սպասում էին ինձ։ Տեսան, որ գալիս եմ՝ հանգիստ սրտով սկսեցին լծել սայլերը:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Interdenominational (17.11.2010), Շինարար (17.11.2010)

  23. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անընդհատ գնում ենք։ Օրերը շաբաթներ են դառնում: Ծատուրը չկա ու չկա… Հետո իմացա, որ նա էլ էր փախել: Ամենուրեք լսում էինք, որ ռուսն արդեն մոտ է, որ տակավին գալիս է մեր ետևից: Հիշում եմ մեզ հետ չվելու պատրաստվող գյուղերի խառնակությունը. ինչ, որ կողոպտել էին՝ պիտի թողնեին… Անասուներ էին մորթում, ծառեր էին կտրտում…
    -Այս հողը մերը չի եղել, ու չի լինելու,- ասում ու փնթփնթում էին Օսմանի հասցեին,- «բիզըմ էվելըմզ դէ Շամ, ախրըթեմզ Շամ (այս հայրենիքը մերը չէ, ու մերը երբեք էլ չպիտի դառնա, մեր սկիզբն էլ, վախճանն էլ Շամն է…
    -Մեզ չի մնում՝ թող գյավուրին էլ չմնա……
    Մրգի լավ ժամանակն էր, ինձ ուղարկում էին միրգ հավաքելու:
    Սայլերի ետևից անասուները քշելով ու խաղալով գնում էի։ Մահակը կախում էի ուսիցս ու պատկերացնում, որ հրացան է, սա՝ մայրս է, սա՝ Թորգոմն է, սա՝ Մադադն է, սա՝ հորեղբայրս է… Այսպես գնում էի խաղալով, մերոնց ու մեր գյուղը հիշելով։ Մտքիս մեջ երգում էի, որ հանկարծ չմոռանամ իմ հայ լինելը, իմ անունը… Հիշեմ… Բայց գնում էի նրանց հետ, գնում էի դեպի Շամ…
    Մի օր, ինչ-որ սարի լանջին մեր եզներն էի արածացնում։ Մեկ էլ տեսնեմ կողքիս Մանուկն է՝ լաթերը վրայից հանած. արևի տակ մեջքն էր ջերմացնում… Քորում, ու քորից չի կշտանում։ Մի մաքուր շեղբեկ տվեց ու թիկունքը ցույց տալով ասաց.
    -Ջիվանիկ վերցրու, երևացող մանրիկ ոսկորները զգույշությամբ հանի»… Թիկունքն ասես ծակոտկեն ցանց լիներ։ Ինչքան կարողացա՝ մաքրեցի։ Անընդհատ ասում էր.
    -Վայ, ցավում է, քոր կուգա… Հո որդ, բան չկա՞… Արևը լավ է՝ տաքացնում ու օգնում է առաղջանալուն։»…
    Չիմացա, թե ո՞ւմ տանն էր մնում, ո՞նց է հանդիպել ինձ: Մի երկու օր հետո նորից հանդիպեցինք: Մաքրում էի։ Զրուցում էինք։
    -Ծատուրը փախել է։ Իրենից հետո ես պիտի գնայի ու քեզ էլ հետս պիտի տանեի,- ասաց ու մեղավոր ձայնով ավելացրեց,- չկարողացա…»… Դրանից հետո Մանուկին այլևս չտեսա:

    Եվ մենք գնում ենք երեք որբուկներ
    Ինչպես ջրերես փրփուր այլակներ
    Արդյոք ուր՞ դեպի փուշ՞ու մահ՞թե կյանք՞
    Օրերում այս սև ու լիքը փորձանք
    Ով ճակատագիր հեյ ինչ՞ ես պահել դու մեզի համար
    Թող փրկանքի բախտը բացվի մահից Էլ դժվար
    Եվ մենք գնում ենք երեք որբուկներ
    Ինչպես ջրերես ձրձուր այլակներ

    Կատարվեց մի տարօրինակ բան. քոչի մեջ աղմուկ ընկավ, թե ռուսը մեր առաջը կտրում է։ Իրարով անցան։ Սուտ դուրս եկավ, սակայն լսվեցին
    -Այրոպլան, այրոպլան» բացականչությունները։
    -Սայլերից հեռացե՛ք, սայլերից հեռացե՛ք,- գոռալով բացատրում էին ճանապարհի երկայնքով փռված քոչվորներին,-
    -Ալամանինը չէ, Ինգլիզինն է, կամ Մոսկովինը՝ կկրակե, բոմբա կնետե: Հրացան ունեցողները սկսեցին կրակել դեպի երկինք: Սավառնակը քոչին չմոտեցավ, ծածկվեց սարերի ետևում:
    Քոչերը հաճախ խառնվում էին իրար, բաժանվում էին, բազմանում ու նորից նոսրանում : Աստիճանաբար, տարբեր ուղղություներով շարժվում էին դեպի Անատոլիայի խորքերը: Ես տակավին ոչնչով չէի հետաքրքրվում՝ ուշքս հիշողությունների մեջ էր, մեր գյուղում: Իջևանել ենք մի տեղ, ուր և՛ չոր է, և՛ շոգ… Ասացին վերևում ինչ-որ լիճ կա՝ չորս կողմը ցեխ, որի մեջ լիքը տզրուկ՝ «սյուլիկ» կա։ Հավաքում, բերում էին մարմնի վրայի հիվանդությունների բուժման համար: Կեղտոտ արյունը ծծել էին տալիս ու շպրտում: Ես այդ լճում չեմ եղել: Մի քանի օր մնացինք այդ չորության մեջ: Որոշվեց գնալ Ալբիստանի ուղղությամբ: Այդ արանքում մենք հասանք մի հարթավայր, որի ճամփեզրին որոշ չափով կոկված ու կանգնեցված էր մի հսկա ժայռատախտակ: Բոլորը գնում էին շոշափում, ենթադրություններ անում.
    Հոս իր սահմանի քարն է խփել Մոսկովը…» -Ասիկա եղել է այս ինչ թվի ռուս Մոսկովի հասած սահմանը»,
    Արձանագրություններ կային թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց այդ քարաժայռը մինչև հիմա աչքիս առաջ է:
    Բարձրանում էինք «Չիման դաղը»՝ Կանաչկե լեռը։ Ո՞ր գավառում էր գտնվում՝ չգիտեմ: Հիվանդացել էի, տաքության մեջ վառվում էի, օրվա մեծ մասը զառանցքների մեջ էի: Պառկեցնում էին սայլի մի անկյունում, վրաս շոր գցում: Երկու քույրերը դժգոհում էին
    -Անտեր, անտիրական մեռնելու է, մենք խնամողը չենք… Միշտ մորն է կանչում… Ո՜նց էլ հիշում է»…. Դես ու դենից լսում էի
    --Դիր ծառի տակ թող հանգիստ մեռնի, մեկ է՝ ապրող չէ, մի տանջիր ոչ քեզ, ոչ իրան - Բայց Զիան ոչ ոքի չլսեց։
    Իսմայիլը խղճում էր, բայց ոչինչ անել չէր կարող։ Աչքս բացեցի, տեսա սայլի վրա եմ։ Զիան էր խնամում. ջուր էր քսում ճակատիս, շրթունքներիս, մի քանի կում տվեց խմեցի։ Սայլը շատ է լնկլնկում, չեմ կարողանում աչքերս փակել, մարմինս կոտրատվում է: Զիան, ի զարմանս իր ընտանիքի, շալակեց ինձ: Փաթաթվեցի վզին։ Քիչ-քիչ հանգստանում ու Զիայի մեջքի շորերն եմ համբուրում։ Ես մինչև գերեզման հասնելս Զիայի բարությունը չեմ մոռանա:
    Աշնանը հասանք Ալբիաստանի գավառը: Չգիտեմ ինչո՞ւ, բայց մերոնք չհետևեցին Ալի Օսմանին: Ալի Օսմանենք գնացին Կեսարիայի կողմը։ Մեր Կարապետն ու Գալուստը նրանց մոտ էին: Մենք գնացինք դեպի մոտակա բարձր լեռները: Այդ կողմերում լքված, ամայի շեները շատ էին: Դրանցից մեկում ջոկեցինք հարմար, բոլորովին պատրաստի բնակարաններ և բնակություն հաստատեցինք: Թե ո՞ւմ տան, ո՞ւմ հողի վրա…. ինչ իմանաս… Թուրքիայում այդպիսի բաներ չէին հարցնում՝ տիրացիր և վերջ:
    Մեր գյուղի Նիկողոսների երկու հարազատ եղբայրներ մեզ հետ գաղթած քրդերի մոտ էին։ Ես բոլորովին տեղյակ չէի: Մի օր երեկոյան կանայք ինձ հայտնեցին, թե՝ Խալիլ, Նիկողոսենց տղաները երկուսն էլ ծանր հիվանդ են, մեղք են, գնա մի անգամ տես, որ կարոտով չմեռնեն: Ես տխրեցի, չգիտեի էլ, թե որ տանն են ապրում… Հաջորդ օրն իմացա, որ փոքրը մահացել է։ Շուտով մեծն էլ մահացավ ու չհասցրի տեսնել:
    Վայ իմ մեղքին վայ իմ պարտքին
    Ախ ես ինչու՞ չգնացի
    Նրանց մահվան այդ բաց աչքին
    Որ նայեյին տառապնքի
    Խոր երազի մանուկ աչքով իմ հայության
    Հոգեվարքի մի բուռ ջուրը
    Իմ ձեռքերով լույսը վրան
    Շաչ եմ դառնում շառաչյուն զարկ
    Որ պիտի գա անպայման կա հատույցն այդ բարկ
    Սրտի ճառագ ուր հանձնառատ դուք եք դառել
    Քանզի հուշի հավերժությամբ ինձ եք փարվել
    Վերջին խմբագրող՝ rstak58: 17.11.2010, 00:19:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Interdenominational (17.11.2010), Շինարար (17.11.2010)

  25. #15
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    rstak58: Փաստորեն, եթե ճիշտ հասկացա դեպքերի զարգացման ընթացքից՝ վե՞պ եք պատրաստվում հրապարակել…/մասնատված/

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •