Արդեն ասացի, որ մենք 13 որբերով ապրում էինք այդ գյուղում: Գյուղը բավականին մեծ էր, բանուկ ճամփի մոտ տեղաբաշխված: Դաշտերւոմ համատարած ծխախոտ էր աճում՝ նրբատերև, լավորակ: Գյուղի եկամուտը խարսխված էր դրա վրա: Հումքը պատրաստում էին ու հանձնում ամերիկյան գնորդ ընկերության գործակալներին: Կային նաև ուրիշ ընկերություններ: Հավանաբար դա շատ ձեռնատու էր, քանի որ գյուղացիները բավական լավ էին ապրում: Գյուղից դուրս, խճուղղուց բավականին ձախ, մեծ սալաքարի տակից հսկայական հորդումով, զուլալ, համով ակներ էին լույս աշխարհ գալիս: Ամեն կիրակի մենք այնտեղ էինք լինում: Լվացք էինք անում, լողանում, «բուխանկա» հաց էինք ուտում շաքարավազով ու հաճախ էլ խոշոր ձմերուկներով: Քսանթա գյուղում մենք որբացած հայերի կուռ խումբ էինք՝ 13 եղբայրներ: Չնայած տարբեր հեռավորության վրա գտնվող տներում էինք, մեկ մեկուց բաժան, սակայն ազատ ժամանակներս հավաքում էինք միմյանց շուրջ: Ունեինք մեր խաղակազմը, հատկապես ֆուտբոլի: Թե որտեղի՞ց էինք գնդակ ճարել՝ չեմ հիշում: Խաղում էինք գյուղի կենտրոնում։ Ոչ ոք չէր համարձակվում ծուռ աչքով մեզ նայել, խանգարել՝ վրա էինք տալիս խմբովի, այն էլ կրակոտ կերպով:
Գյուղի կենցաղն առաջադեմ էր՝ աշխատանքի ժամանակ լավ աշխատում էին, հանգստի ժամանակ հանգստանում՝ երգ ու պար, ուրախ ժամանց… Երեկոները մաքուր թեթև հագնված դուրս էին գալիս բացօթյա զբոսանքի: Եղանակները մեղմ էին:
Գյուղի կենտրոնում մեծ եկեղեցի կար: Իմ տնեցիները, ինչպես և ամբողջ գյուղը, ամեն կիրակի բարեպաշտորեն գնում էին ժամերգության: Մինչև պատարագը չվերջանար բան չէին ուտի: Մարդ ու կին անխափան հետևում էին այս կարգին: Ինձ մի քանի անգամ ակնարկեցին, որ եկեղեցի չեմ գնում, թեև դա նաև նրանց ձեռնտու էր, քանզի ես տանը նայում, և դեռ մի բան էլ աշխատում էի։ Ամենածանրն այն էր, որ ես պետք է սոված մնայի մինչև պատարագից նրանց վերադարձը: Իմ մեջ դժգոհությունն սկսեց խլրտալ: Ինքս ինձ լռելյան հարց էի տալիս. «հանուն ինչի՞ ես պիտի նրանց սպասեմ»: Այդ օրերին չգիտեմ թե ինչո՞ւ, կինն ինձնից ամաչում էր:
Մի առավոտ երբ իրենք էլ հակառակի նման ուշ եկան չդիմացա, հենց ներս մտան ասացի.
-Սրանից հետո իմ նախաճաշը տվեք, հետո նոր գնացեք ձեր եկեղեցին:
-Չես՞ կորող համբերել,- ասաց կինը,- առանց աղոթքի մեղք է… Դու էլ մեզ հետ արի։
-Ինչու չես ինքդ վերցնում ուտում,- Էֆիմի ձայնից երևում էր, որ իրեն մի քիչ մեղավոր է զգում,- եթե պատարագի ավարտին չես համբերում, ապա ինքդ վերցրու կեր…
-Ի՞նչ եկեղեցի, ի՞նչ Աստված… նա մեզ մոռացել է, մենք չունենք, ե՞րբ, որտե՞ղ է մեզ պաշտպանել… Դուք իմ հացը տվեք, գնացեք ձեր Աստծո մոտ:
Պատասխանելու բան չունեին, ի՞նչ ասեին՝ սիրտս այրված մոխրացած որբ էի: Հաջորդ կիրակի օրվանից սկսած իմ պահանջը կատարեցին…
Ես արդեն կարգին աշխատող ուժ էի: Զգում էի, որ ինքնուրույն կարող եմ գոյությունս պահել: Ես ծրագրում էի ինքնուրույն ապրել: Մի օր էլ գնացի եկեղեցու բակն ու այլևս չվերադառցա, ոչ էլ լուր տվի: Մութն ու լուսին կանչում էի՝ «ըրզատոս»… «Էդո իմե»… անմիջապես պատասխանում ու առաջ էինք նետվում: Այսպես դարձա ազատ բանվոր ծխախոտաքաղ: Ինձ հետ մեր տղաներից մի երկուսն էլ նույն քայլը կատարեցին: Տեղյակ էինք, որ մեր տղաներից մեկը, որը հաճախ էր հիվանդանում, շատ նեղն է, չորբաշին նրան օր ու արև չի տալիս: Հավաքվեցինք ու կարելի է ասել, գրոհեցինք այդ տան վրա, հաշիվ պահանջեցինք։ Վախեցան, խոստացան որ վերաբերմունքը կփոխեն։ Դրանից հետո միայն հեռացանք: Բայց նա լուրջ հիվանդացավ: Մենք նրան տարանք, հասցրինք Չաթալջայի որբանոց: Ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին:
Աշխատեցի մի շարք չորբաշիների մոտ։ Կարճ էր տևում՝ մեկի մոտ՝ մի շաբաթ, մյուսի մոտ՝ մի քանի օր, և այլն: Լուր էր գալիս, որ ինձ Էֆիմն ինձ կանչում է բայց, չգնացի: Վերջում կանչում էր, թե թող գոնե գա իր պառկելու շորերը տանի, կոստյումը տանի…. չգնացի: Ես նրանից դժգոհ չէի, սակայն գերադասում էի ինքնուրույն լինելը: Մի օր մեր հիվանդ ընկերոջ չորբաշին ակնարկեց, թե իբր ես ուզում եմ դժգոհություն սերմանել չորաշիների դեմ:
Այդ օրերին մենք՝ ազատ տղաներս, որոշեցինք գնալ Գավալա՝ աշխատանք որոնելու: Ճամփա ընկանք ոտքով: Ճանապարհի կեսին հանկարծակի բռնվեցի դողերեցքով, սկսեցի ջերմել: Մի կերպ ինձ հասցրին աղբյուրին, որ գտնվում էր Գավալայից Քսաթա տանող ճամփի կեսին: Ծառեր էլ կային: Տղաները մտածում էին, թե ոնց ինձ Գավալա հասցնեն: Մեկ -մեկ այդ կողմ գնացող ֆուրգոներ էին լինում, բայց որպես կանոն չէին կանգնում։ Շատ խնդրելուց հետո, վերջապես մեկը համաձայնվեց, խղճաց: Ես նստեցի, բայց մնացածները պիտի քայլեին: Երեկոյան կողմը հասանք քաղաք: Ամերիկյան ընկերություն ներկայացա հիվանդ վիճակում ու թեև նրանք իրավունք ունեին չընդառաջելու պատճառաբանելով, թե ինքնագլուխ հեռացել եմ «չորբաշու» մոտից, սակայն որպես անապաստան հիվանդի, ընդունեցին և ուղարկեցին իրենց հիվանդանոցը: