ՀՈւՆԱՍՏԱՆ
Լութրաքին երկու մասից էր կազմված. մեկը՝ շատ չնչին թեքության վրա տեղավորված մի խղճուկ ու հինավուրց փոքրիկ գյուղակ էր, մյուսը՝ բոլորովին վերջերս կառուցված ամառացոնային, թե առողջարանային գոտի։ Անմիջապես ծովափին էր։ Գրեթե բոլոր շենքերը եռահարկ ապարանքներ էին, որոնք չունեին բակեր ու այգիներ։ Պարզապես մաքուր, մերկ մի շարք շենքեր ու վերջ: Կաին նաև կարճաբուն, պինդ ծառուտներ։ Քաղաքի շրջակայքում համատարած ձիթենիների տնտեսություններ էին և ուրիշ ոչինչ: Խոշոր եղջյուրավորներն իսպառ բացակայում էին՝ արոտավայրեր, հանդեր չունեն: Այդ առանձնաշենքերը կառուցված էին այդտեղ բխող հանքային ջրի տաք ավազանի շուրջ: Այդ ամենը հունական կառավարությունը տրամադրել էր որպես հայ որբերի հավաքատեղի, ժամանակավոր ապաստարան: Պիտի ասել, որ Հունաստանն էլ հարուստ չեր, սակայն իր չեղածից եղածը հատկացրեց հայ որբերի փրկության համար, ապաստանեց առանց որևէ դիվանագիտական կեղտի ու քաղաքական շահի: Մեր շնորհակալությունն
ինչպե՞ս արտահայտեմ, բառեր չեմ գտնում։
Սկսվեց մեր որբական կյանքի նոր զարթունքը։ Ուսումնական ծրագրից բացի կային անհրաժեշտ բոլոր խմբակները՝ նկարչության, քանդակագործության, երգի… Կազմակերպվում էին մարզական համախմբումներ, էքսկուրսիաններ: Մի խոսքով կյանքի կոչող եռ ու զեռ էր։
Ամեն առավոտ մինչև վերջին որբը պիտի շարված լիներ բակում։ Նախ առավոտյան մարզանքն էր, ապա նաև ամենօրյա ստուգումը։ Սնունդը ռեժիմով էր, բավարար քանակով: Առավոտները կակաոն պարտադիր էր:
Բաժանվում էինք ըստ խմբակների: Բոլորն ունեին իրենց մասնագետ ղեկավարները: Չեմ մոռանա այն երաժշտական երեկոնները, որոնք կայանում էին պարոն Լևոնի՝ ամբողջ էությամբ երաժիշտության այդ նվիրյալի ջանքերով։ Ինչքան ջանք էր թափում Կոմիտասի, կամ Կարամուրզայի խմբերգերը սովորեցնելու վրա… Ամեն մեկս մի արվեստի ճյուղով էր զբաղվում։ Ես հաճախում էի մարմարի փորագրության խմբակ: Աղջիկներն անբողջությամբ ձեռագործի ու տնարարության խմբերն էին հաճախում:
Այստեղ արդեն մեզ խառնվել էին դպրոցավարտ մեծահասակ որբեր: Նրանք հետևում էին համաշխարհային փիլիսոփայական, գրական, քաղաքական հոսնքներին: Ամերիկյան միսիայում վերին ղեկավարությունը հետևում էր այդ խմորումներին։ Դրա համար նա ուներ իրեն ենթակա հայ կադրեր՝ կամակատարներ: Աստիճանաբար մեծերն իրենց մեջ ընգրկեցին նաև մեզ՝ կրտսերներիս: Ազատ ժամերին կամ հանգստի պահերին հավաքվում էինք գյուղակի կողքին գտնվող ձիթենիների սաղարթների տակ: Հիշում եմ, որ Սողոմոնը՝ մեր խմբակի գաղափարակիրը, բարձրանում էր ժայռի կտորի վրա ու հայտարարում.
- Ունկնդրո՞ւմ եք ինձ, որպես ճեմարանի սաներ։ Ունկնդրեք, որ ես կարողանամ ներշնչվել մի որևէ փիլիսոփայի դերով, ասենք Դեմոսդենեսի, Ցիցիրոնի, Ժորեսի, Ֆոերբախի կամ Մարքսի…
Եվ սկսում էր… Այն ժամանակ նա ձեռք էր բերել Մարքսից, Էնգելսից, Հեգելից և ուրիշներից ինչ որ հատվածներ: Այնուհետև նյութը փոխանցվում էր մյուսներին։ Վազգեն-Մուշեղն ու Սողոմոնը իրար հակադիր կերպարներ էին, բայց երկուսն էլ ղեկավար ուժ էին, մեր կողմից հավասարապես սիրված: Մենք արդեն հասունացել էինք և ոչ այնքան գաղափարապես, որքան ֆիզիկապես։ Մի օր մեր տղաներից մեկն ասաց.
- Տղերք, հարսնացու ընտրելու անզուգագան ժամանակ է։ Մեր աղջիկները կարմրել մեզ են սպասում, այդ խնձորները մենք պետք է ուտենք, այնպես չէ՞…
Ինչ՞ անեինք, հնար չունեինք, փիլիսոփայությամբ ընտանիք չես կազմի… «Ծակ գրպան Սողոմոն» ասում էր Վազգենը։ Մենք իմացանք, որ կա սովետական Ռուսաստան, սովետական Հայաստան, որ… Թե այդ ի՞նչ խորհրդային կարգ էր, ոչ ոք կարգին չգիտեր։ Հետո պետք է գործը հասներ Լենինի, Շահումյանի, Մյասնիկյանի անուններին, թեզիսներին…
Այս բազմահազարանոց որբ աշխարհի տեր ու տիրականը մի ամերկուհի էր՝ միսիս…. ափսո՜ս, անունը մոռացել եմ։ Չափազանց դաժան կին էր։ Ամրապինդ «զամբիկ» էր։ Ամեն առավոտ մութնուլուսին նա պիտի իրեն գցեր ծովի թարմության ծփանքների մեջ։ Եղենակ չէր ճանաչում:
Լութրակի երիտասարդությունը, ինչ խոսք, նյութապես ավելի ուժեղ հիմք ուներ և չէր կարող չգայթակղվել, չհետապնդել մեր կոկոնի պես բացված աղջկներին։ Այդ հողի վրա մեր մեծ տղաներն արդեն բախումներ էին ունենում տեղացիների հետ։ Իրավիճակն այնքան սրվեց, որ կողմերի ղեկավարները մի քանի անգամ քննարկեցին ազգամիջյան հարաբերությունները ճիշտ կազմակերպելու հարցը։
Ահա այս բորբոքուն պայմաններում մեր անողոք ամերիկուհին չարակամ ու անթույլատրելի մի քայլ կատարեց: Մեր հասուն աղջիկներից մեկը, սիրային մեղանչում էր ունեցել, բայց իրեն պահել էր նրա առաջ շատ ըմբոստ: Կարգադրեց, որ հրապարակայնորեն պատժեն։ Մազերը խուզեցին ու շղթայով կապեցին հրապարակի սյունին, իսկ կրծքին պարսավագիր փակցրին։
Ըմբոստությունը դարձավ անխուսափելի։ Այն իսկույն ժայթկեց մեր տղաների մեջ. ազգի պատվի հարց էր: Նույն գիշերը նրանք մեր աղջկան ազատեցին, շղթաները կտրատեցին ծովը շպրտեցին, իսկ պարսավագիրը ամերկուհու լոգարանում տնկեցին։ Գլխավոր կազմակերպիչները փախան թաքնվեցին կողքի բլրակներում: Աղջիկներն իսկույն հանձն առան տղաներին սնունդ մատակարարելու գաղտնի գործը: Խռովությունը սկսեց տարածվել ամբողջ որբության մեջ, բոլորն էլ վրդովված էին: Հայ ուսուցիչների միջամտությունների շնորհիվ, մի շաբաթ հետո հաշտություն կնքվեց։ Տղաները վերադարձան, բայց շատ շուտով էլ լքեցին որբանոցը։ Գնացին Աթենքի կողմերը աշխատանք ճարելու:
Ամերիկուհին պիտի հաշվի առներ գոնե այն, որ դրանք նույն այն տղաներն էին, ովքեր ուժեղ հեղեղի ժամանակ, այն էլ գիշերը, լապտերների լույսի տակ անձնուրացորեն նետվել էին, փրկելու պահեստների ալյուրը, շաքարը, մյուս գույքը… Կորուստներ գրեթե չունեցանք առաջին հերթին հենց այդ երիտասարդների շնորհիվ: Դա իրոք գնհատելու արժանի արարք էր։ Ճիշտ է, այդ ամենը մերն էր, բայց այնուամենայնիվ:
Անմոռաց էր Կորնթոս կատարած էքսկուրսիան: Օրվա սնունդը վերցրած, մոտ 80 հոգանոց խմբով, առավոտ կանուխ շարժվեցինք, նախ դեպի Կորնթա ջրանցքի կամուրջը, որը Լյութրակի կամրջի հարավային մասում էր, ապա նաև մնացյալ քաղաքը։ Ուղղվեցինք դեպի Կորթնա նախաբերդ փոքրիկ քաղաքը։ Մեծ մասամբ մշակված արտեր էին և խաղողի այգիներ: Այդտեղ իմ ամենամոտ ընկերոջ՝ կիրասունցի Մասիսի երկու ոտքերն էլ բռնվեցին: Չկարողացավ ճանապարհը շարունակել: Ես մնացի կողքին: Բարեբախտաբար մեզ մի տեղացի ծերուկ պատահեց: Լսեց մեզ և իսկույն բուժումն առաջարկեց.
- Տեսնո՞ւմ եք, ծովի ափի տաք ավազը: Մի կերպ հասեք այնտեղ: Տղա ջան, դառնալով Մասիսին ասաց նա,- լա՜վ կթաղվես ավազի մեջ՝ մինչև կուրծքդ: Մի քանի անգամ բացվիր նորեն թաղվիր, այնքան, մինչև որ քեզ լավ զգաս, սկսես հանգիստ քայլել:
Հոգնած մի որբ էլ մեզ հետ էր, նրան խնդրեցի մնալ Մասիսի մոտ: Իսկույն հոժարվեց։ Ես մտադիր չէի ետ մնալ Կորթնոսի հնագույն բերդն ու ավերակները տեսելուց: Հասա խմբին։ Բերդի նախամուտքի մոտ մի վարար, զուլալ աղբյուր կար: Խմում էինք ու անցնում։ Նայեցինք, տեսանք թուրքերեն ինչ-որ բաներ կան գրված… Ապշեցինք…Մեր ապշածության վրա մոտեցավ տեղացի մի հույն.
- Տեսնո՞ւմ եք այդ տառերը… Թուրքն է գրել… Գրել է, որ սա իր սեփական երկրն է: Նույնությամբ պահում էնք այդ փորագրությունը, ձեռք չենք տալիս, որ ամեն անցնելիս հիշենք, թե ինչ կարող է պատահել մեր սրբազան Հելլադայի հետ, թեկուզ և հիմա այդ վտանգը կորել է, չքացել։ Գնացեք, տեսեք մեր Կորնթոսի, Սպարտայի փառավոր անցյալը:
Ջուր խմեց, երեսը լվաց ու թքեց փորագրված թուրքերեն բառերի վրա…
Ճանապարհը հենց գլխավոր փողոցն էր, թեք քարքրոտների վրա: Առջևում՝ ծովի ափին, բավական մեծ խաղողի այգիներ էին՝ լավ խնամված: Երկար մնալու ժամանակ չունեինք: Օրվա ուտելիքը տվին ավերակների մոտ։ Վերադարձանք նույն ճամփով։ Մասիսիսն արդեն ոտքի վրա էր, բոլորովին առողջ։ Երեկոյան կողմ հասանք Լութրակի:
Նույն գարնանը Լութրակիում գտնվող որբերիս մաս-մաս ցրեցին, տեղափոխեցին այլ վայրեր: Մենք ընկանք Սիրոս կղզին, մնացածը՝ նշանավոր Կորֆու կղզին: Սիրոսը փոքր, համեստ և աղքատիկ մի քաղաք էր: Սիրոս քաղաքի փոքր բերդի բլրի ետևում շինարարություն էր գնում՝ որբերն իրենց համար գաղթավայր են ստեղծում: Հսկայական շենք էր բարձրանում։ Շուրջը աշխատողների վրաններ ու ժամանակավոր կացարաններ էին: Տեղավորվել էինք վրաններում: Մեզ իսկույն բաժանեցին ըստ աշխատանքների՝ բանվոր, ծառայողներ, հսկիչներ, պահակներ, խոհարարային կենցաղային, սանիտարական աշխատողների: Ես ընկա պահակության մեջ:
Էջանիշներ