Պատվելին նաև լրացուցիչ քաղաքականություն էր կիրառում. ժողովարանի աղոթքի ավարտից հետո, բաժանում էր նյութական օգնություն…. բոլոր ներկա եղողներին:
Մեր պարոն Ահարոնը նրա ամենաեռանդուն աջակիցն էր։ Նրան անվերապահորեն վստահում էին: Պահեստների, բաշխումների գործավարությամբ նա էր զբաղվում։ Նրա ընտանիքն ամեն ինչով ապահով էր:
Այնուամենայնիվ, երկու-երեք ամիս մենք ստիպված եղանք ապրել անկախ՝ առանց «պատվելու» օգնության, սակայն առանց առանձնակի դժվարությունների։ Դա նույնպես մեր վարդապետ-առաջնորդի խելամիտ միջոցառումների շնորհիվ։
Նախ՝ նա գումարեց քաղաքի ազդեցիկ հայերի համաժողով: Այդ հայերից շատերն իրենց գործարարությամբ, արդեն դառել էին ունեվոր և ազդեցիկ դեմքեր: Այդ նոր հայերը թեև նոր հոգեբանություն ունեին, սակայն նրանց միավորողը, միասնականության պատրանք ստեղծողը մեր որբանոցն էր։ Նրանք ջերմությամբ էին վերաբերվում մեր որբանոց-դպրոցին՝ ազգային-հոգևոր վերածնունդի միակ ակունքին: Սրբազան-առաջնորդի համար այնքան էլ դժվար չեղավ նրանցից միահամուռ աջակցության երաշխիքներ ստանալը։ Նրանք խոստացել էին աջակցել և իրենց խոստումներն իրագործեցին թև ու թիկունք դառնալով մեր որբանոցին:
Տրապիզոնի հայությունն ուներ նյութական օժանդակություն ցուցաբերելու բավական լայն հնարավորություններ։ Դրանք բազմազան էին։ Հիշատակեմ միայն մեկը՝ Վանքը: Վանքը Տրապիզոնի շրջակայքի ամենանշանավոր պտղառատ վայրն է: Վարդապետը, միջազգային իրավական նորմերը կիրառելու միջոցով կարողացել էր վերցնել այն բարբարոս, ավարառուներից՝ թուրք իշխանություններից: «Սուրբ խաչը» մեծ վանական համալիր էր, պատմական հուշարձան։ Ընդարձակ բերքառատ կալվածքներ ուներ: Ուր՞ էին նրա վանականները, բնակիչները…
Այս ճանապարհով բազմաթիվ շենքեր ու կալվացքներ մեր տրամադրության տակ անցան: Հայերին էին պատկանել՝ նորից անցան հայերի տրամադրության տակ։ Մենք՝ եղեռնից պրծած հատ ու կենտ որբերս, դիտվեցինք իբրև ժառանգորդ և մենք էլ պետք է տեր լինեինք հայոց թողած ժառանգությանը:
Պարոն Վարդանը, ինչպես ասացի, շատ երիտասարդ, շնորհաշատ ու նվիրյալ մարդ էր ու… անզուսպ: Ընտրելու, ընտանիք կազմելու ոչ ժամանակ, ոչ էլ հնարավորություն ուներ: Դասերից հետո նա մեզ հետ էր: Գիտեր ամեն մի որբի ընդունակությունն ու շնորքը: Ջոկել էր պարողների և երգիչների խմբերը: Նրա գլխավորությամբ մենք ելույթներ էինք ունենում ցանկացած մրցույթների ժամանակ՝ երգի, պարի, արտասանության, մարզական շնորհքի… Ունեցանք նաև «ոտնգնտակի»՝ ֆուտբոլի խումբ:
Շուտով մարզական ասպարեզում, պարոն Վարդանը ինձ առաջ քաշեց, որպես աչքի ընկնողի։ Մենակատարը ես էի ու շարքը կատարում էր ինձ հետևելով: Սովորաբար շարքի սկզբում ետ էի։ Հետո դառա երկրորդ, ապա նաև երրորդ։ Առաջինը միշտ Գրիգորն էր, որը և հասակով, և տարիքով մեծ էր: Նա մեր շնորհալի նկարիչն էր, պարոն Գուրգենի փոքր եղբայրը: Նկարիչ դառնալու հատուկ նպատակ ու ձիրք ուներ: Հետագայում այդ ուղղությամբ տանջվել էր: Ինչ եղավ չգիտեմ:
Այդ հակակրանքն այն աստիճանի խորացավ մեր մեջ, որ վարդապետը մտահոգվեց և սկսեց լրացուցիչ միջոցների դիմել։ Լրացուցիչ զրույցների ժամանակ նա բացատրում էր, որ մենք չպետք է հեռանանք մեր հայությունից, մեր պապենական հայաստանյան սուրբ հավատքից, որի համար բազմիցս նահատակվել է մեր հայ ժողովուրդը: Սակայն ուշ էր։ Մեր ղեկավարությունն ու ուսուցչությունն էլ էր սկսել հարել տարբեր հոսանքների: Ուսուցիչներից պարոն Գուրգենն ասում էր. «աշխարհում շատ հայեր կան, ես հազիվ կարող եմ լոկ իմ դարդի մասին մտածել»: Պարոն Հմայակի դիրքորոշումը ավելի շատ համընկնում էր Ռամկավարների բռնած դիրքին։ Նա էլ հարում էր Ռամկավար կուսակցությանը: Պարոն Վարդգեսն ու պարոն Վարդանը հոգեհարազատ կուսակցություն չունեին։ Ոմանք էլ Հնչակյանների ուղղության կողմնակիցներ էին: Ամեն ինչ խառնվել էր։ Դառը անցյալն անողոքորեն ցույց էր տալիս, որ սուտ ու փուչ էին բազմաթիվ արմատացած համոզմունքներ։ Նոր կռվաններ էինք փնտրում։ Գարեգին եպիսկոպոսը թեև չէր ընդունում և ոչ մի գաղափարախոսություն, սակայն նրա դիրքորոշումը ավելի շատ դաշնակցական էր։ Նա համոզված էր, որ «մեր հարցերի լուծողը մենք ենք, մեզ միայն օգնել է պետք»: Նրա և պարոն Վարդանի գործունեությունը սկսեցին հակասել միմյանց։ Սրա արդյունքում մենք ունեցանք, այսպես կոչված «Վարդանյան» ապստամբություն։ Պարոն Վարդանը մեզ հավաքել էր իր շուրջը, իբրև բռունցք: Դա մեզ հետ նրա ամենօրյա շփման արդյունքն էր: Անսպասելիորեն շշուկ անցավ, թե պարոն Վարդանին ազատում են: Քաղաքի թուրք ղեկավարությունն էլ էր ակնարկել այդ մասին, սակայն մեր միահամուռ դժգոհոությունը հաշվի առնելով, այդ գործը ձգձգեցին: Եվ ահա մի կիրակի, առավոտյան կողմ, պարոն Վարդանը եկավ, թե. «մնացեք բորով տղաներ, ինձ ազատում են, իրավունք չեն տալիս ձեզ հետ աշխատելու, գնում եմ»: Դարբասը փակ էր: Քեռի Համբարձումն էր պահակը: Պարոն Վարդանի դուրս գալուց անմիջապես հետո դարբասի դուռը կողպեց: Տղաները սկսեցին դուրս թռչել բակի փլուզված պատերի վրայով, դուրս պրծան ու գնացին միանալու պարոն Վարդանին: Կատարվեց անսպասելին. ոչ մեկը դպրոց-որբանոցում չմնաց, անգամ ամենավերջին փոքրիկը։ Դպրոց-որբանոցը դատարկվեց, միայն ես մնացի կարկամած կանգնած։ Տատանվում էի։ Մեկ թեքվում էի գնալու, մեկ էլ փոշմանում։ Ինքս ինձ հանդիմանում էի, բայց չգիտես ինչու մնում էի կանգնած։ Ախր ինչո՞ւ ես՝ պարոն Վարդանի ամենասիրելին, մնացել եմ կանգնած, ինչո՞ւ չեմ գնում… Մինչև հիմա էլ ինքս ինձ հանդիմանում եմ, չգիտեմ վախկոտությո՞ւն էր դա, թե՞ ուրիշ մի բան… Պրազապես զգում էի, որ պարտավոր եմ մնալ, որ չի կարելի լքել այն օջախը, որտեղ ծիլ տվել և աճում էր հայի վաղվա օրը։ Ներքին մի ձայն կարծես ասում էր. «չէ՛, մի՛ գնա, ո՞ւր ես թողնում որբանոց-դպրոցդ, մի՛ գնա։ Պառակտումն, ախր, ավերիչ է, ատելի է, նրանք ճիշտ են մտածում, բայց ճիշտ չե՛ն անում… Ես էլ կարող եմ գնալ, բայց չե՛մ գնա։ Ո՞վ է ծնողդ, բարեկամդ, հարազատդ…. սա է՝ որբանոց-դպրոցդ՝ Սահակ Մեսրոպյան վարժարանը: Պարոն Վարդանը ազգի նվիրյալ որդի է, մեր ամենամտերիմ ուսուցիչը, բայց եթե այնպես է ստացվել, որ նա պիտի գնա, ուրեմն թող գնա։
Եկան ու ի զարմանս իրենց որբերից մեն միայն ինձ գտան, չնայած բոլորն էլ գիտեին իմ ու պարոն Վարդանի կապվածության մասին: Նույն օրն էլ ես նստեցի ու իմ անվաժ, տարրական կիսագրագիտությամբ մի դումում գրեցի: Երանի կարողանայի վերհիշել, թե ինչ եմ գրել… Բովանդակությունը մոտավորապես եմ հիշում, առանց հույզ ու հուզմունքի, թեև այն ժամանակ արցունքներով եմ գրել: Մոտավորապես հետևյալն էր.
«Եղբարներ եկեք, վերադարձեք, հավաքվեք, մեր ժողովրդի ծոցը սա է։ Ցիր ու ցան մի եղեք։ Կներեք, որ ձեզ չեմ միացել, պարզապես ես ճիշտ չեմ համարում այդ պառակտիչ քայլը։ Ետ եկեք, ու՞ր պիտի գնաք, ինչքան ժամանակ պիտի թափառեք։ Ուղղեք ձեր սխալը վարդապետը կնդունի ձեզ։ Ես սպասում եմ ձեզ։»
Այդ օրվանից մեր դպրոցի մեջքը կոտրվեց: Երկու-երեք օրից բոլորին էլ գտան ետ բերին։ Պարոն Վարդանն ինքն էր նրանց համոզել ետ ուղարկել։ Պարոն Վարդանին մենք այլևս չտեսանք։ Դպրոցն այլևս իր նախկին կենսուրախությունը չապրեց:
Դպրոցում հավաքվել էր պատկռելի գրադարան։ Առավոտ կանուխ, մինչև մյուսների վեր կենալն ու ծով գնալը, գաղտնի վեր էինք կենում ու վազում գրադարան։ Մրցում էինք, թե ով պիտի մի գիրք ավել կարդա ու պատմի: Մեր ձեռքով նկարված հայ դասականների նկարները շարված էին միջանցքի պատերով մեկ: Դրանցից Աղայանն էր ու Շիրվազադեն իմ նկարածն էին: Բոլորն էլ ունեին իրենց հեղինակային կատարումները: Գրիգորը նկարել էր Շնորհալուն, Եղիշեին, Դուրյանին, Խրիմյանին, Պարոնյանին, Ղևոնդին, Սիամանթոին, Րաֆֆուն, Վարուժանին, Ծատուրյանին, Ավոն՝ Աբովյանին, Նորայր եղբարները՝ Թումանյանին, Իսահակյանին:
Ունեինք շերտափայտի վրա կատարված նուրբ գործեր, մոդելներ, այլ մանրակերտ աշխատանքներ և մենակյաց մի տնտեսվար՝ Համբարձում քեռին, որին հիշում եմ իր և ուսուցուչների համար սուրճ եփելիս: Նայում, հսկում ու երեմն էլ դրանցից ուղարկվում էր ազդեցիկ պաշտոնյաններին ու բարեգործներին՝ որպես իրենց հոգատարության արդյունք և հիշատակ…
Ստեղծեցինք նաև «պատի թերթ»։ Կարողացանք միայն մի քանի համար լույս ընծայել: Դրանցից մեկը, ի զարմանս մեզ, հասավ Ամերիկա՝ «Նիար իստ» ընկերության մեր բարերարներին: Դա մեր երախտագիտության մարմնացումն էր: Այդ համարում ես ունեի «Ծո Ներսո» վերնագրով մի փոքրիկ պատմվածք:
Մի երկու օր հետո պարոն Հմայակը դասամիջոցին ինձ կանչեց իր մոտ։ Պարոն Գուրգենն էլ էր այնտեղ:
- Ջիվան, դու Ռուբեն Որբերյանին, կամ Զարդարյանին կարդացե՞լ ես…
- Թերևս… Իսկ ինչ է եղե՞լ, - զարմացած հարցրի ես, - գրադարանում եղածներից շատերին եմ կարդացել։
- Չես՞ հիշեր քո գրածի նման պատմություն այդ գրքերում։
- Ես ի՞նչ իմանամ, չգիտեմ։
- Լավ-լավ, գնա, ապրես, շատ ապրես, «Ծո Ներսոն» քո գրածն է։
Հաջորդ համարում գրեցի «Զատկի հավկիթը» չափածո ոտանավորը: Այսպիսի նվիրվածությամբ բոլորս մասնակցում էինք դպրոցի ամեն մի միջոցառման:
Շուտով երկրի իրադրությունն սկսվեց փոխվել: Մինչ այդ քաղաքը լիքն էր օտարերկրյա զինվորականներով. անգլիական, ֆրանսիական, իտալական նավաստներ, բուլղարական և հունական վաշտեր: Անգլիական ուժերի մեջ տեսնում էինք հնդիկներ: Նրանք բոլորն էլ ազատ ման էին գալիս. տեր ու տիրականն էին: Չեմ մոռանում անգլիական ծովայինների «դրոշախոսությունները»՝ դրոշակներով ազդանշաններ տալը։ Պարոն Վարդանը մեզ հիմնովին սովորցրել էր և մենք հեշտությամբ հասկանում էինք այդ լեզուն։
Տրապիզոնի նավահանգստում մշտապես երկու խոշոր առևտրական նավեր էին լինում, իտալական դրոշով: Գիտեինք թե շաբթվա որ օրն են գնալու, որ օրն են գալու: Լինում էին նաև ֆրանսիական դրոշով: Այդպիսի կանոնավոր առևտրից բացի, բազմաթիվ փոքրիկ մակույկներ, մոտորանավեր, առագաստանավեր էին շարժվում ծովի վրա: Տրապիզոնի բնության բարիքները բեռնած տանում էին: Քաղաքն ասես խառնալեզու թռչնաշուկա լիներ:
Երկրորդ վայրը, ուր փոխադրվեց մեր որբանոցը, ինչպես ասել եմ մեր դպրոցի հարևանությամբ էր և նույնպես երբեմնի հարուստ հայի պատկանած երեք հարկանի ամայացած շենք: Սենյակներն անմիջականորեն միացած էին լայն միջանցքի հետ: Երկրորդ հարկում հիմնական ննջարանն էր։ Նոր շենքը նեղլիկ փողոցի վրա էր՝ գրեթե ամյացած ու մլաքներով լի, քուն ու հանգիստ չունեինք: Ինչ անում չէին անում մլաքների դեմն առնել չէին կարողանում:
Քաթ-քաթ-քաթ… գիշերապահը շրջում էր փողոցով ու խփում մահակը սալաքարերին։ Ուրեմն գիշերվա ժամը երեքն է: Քաթ-քաթից էինք իմանում, թե ժամը քանիսն է: Դպրոցի պատշգամբի սյուները մեզ համար չափող ձողերի դեր էին կատարում: Ամեն անգամ չափում էինք մեր հասակները… Նկատելի էր, թե ինչպես էինք ամսե-ամիս աճում, բարձրանում։ Տարին տարվա վրա տարբերությունն ահագին էր։
Որբանոցի մրգի ծառերով առատ պարտեզը, ինչպես և կից ավելի մեծ բակը հանձնված էր մշակության: Դպրոցի բակի ներքի մասում՝ ծաղկանոցի եզրին, հարևան տան պատն էր: Այդ պատի մեջ մի ցածրիկ պատուհան էր բացվում, մեր համեմատաբար ավելի բարձրադիր ծաղկանոցի վրա։ Շենքերը թեքությամբ իջնում էին դեպի ծով։
Էջանիշներ