User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Այս դժոխքում Էլ տեղ չկար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՐԲԱՆՈՑ

    1918 թվին Տրապիզոնի որբանոցի «Սահակ-Մեսրոպյան» վարժարանը ոչ միայն վերապրելու, գոյատևելու հախառնություն էր ցեղասպան թրքությանը հակընդդեմ, այլև նոր աճի վերընթաց թռիչք, կյանքի, լույսի ու հույսի հաղթանակ ոխերմականի հանդեպ: Այդպիսին էր այն իր սկզբնավորման օրերից հենց:
    Որբանոց-դպրոցի առաջնորդը՝ Գարեգին վարդապետը, ամեն րոպե հսկում էր բոլորիս ու ամեն ինչի վրա: Ինչ առարկայի, մասնագետի ու հարկավոր պիտույքի անհրաժեշտություն զգացվեր՝ պետք է անպայման նա ձեռք բերեր, ճարեր: Նրա նախաձեռնությամբ Տրապիզոնում ստեղծվեց որբանոցին օժանդակող հոգաբարձություն: Շատ բան էր արվում այդ հեղինակավոր անձանց միջոցով հանգանակված գումարներով:
    Նրա բնակարանը, որը միաժամանակ նաև առաջնորդարան էր, գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ մի փոքրիկ մատուռում։ Ուներ իր համար նշանակված հատուկ պահակ-թիկնապահ: Դա մի հաղթանդամ, գեղեցկադեմ, անվախ և միժամանակ կիրթ ու բարեսիրտ տղամամարդ էր։ Ափսոս, անունը մոռացել եմ, ասենք՝ Սեդրակ… Անհնար է առանց հուզվելու հիշել նրա հոգատարությունը։ Նա հաճախակի հայտնվում էր որբանոցում և անձամբ ստուգում ամեն ինչ. համտես էր անում, ճաշերը, ստուգում էր ամաները, անկողինները, մեր մազերը և այլն: Գիշերները հայտնվում էր ստուգելու, թե որ որբն ինչպես է շնչում, ինչպես է առաղջությունը, արդյոք չի՞ բացվում, արդյոք ցնցումներ, անրջանքներ ու վախ չունի՞, արդյոք հոգատար ու պարտաճանա՞չ են գիշերապահ մայրիկները: Հազվադեպ էր պատահում, երբ որևէ մեկը հիվանդանար ու մենք բժիշկ չունենաինք:
    Միսիան գլխավորողներից էին պարոն Հմայակը՝ թվաբանության դասատուն կովկասից, պարոն Վարդանը՝ մարմնամարզության ու երգի պարի դասատուն Բուլղարիայից, պարոն Վարդգեսը՝ պատմության և գործականի դասատուն, տիկին Մելինեն՝ նկարչության ու գեղագիտության, և տիկին Սիրանը՝ ասեղնագործության: Մեր դասարանի հետ սերտորեն կապված էին երկուսը, պարոն Գուրգենը՝ հայոց լեզվի և գրականության դասատուն, և պարոն Հմայակը՝ թվաբանություն ու «մի քիչ էլ տարրական ֆիզիկա»: Պարոն Գուրգենին վստահվեց նաև աշխարհագրության հետ մեր ծանոթությունը:
    Անգլերենը սիրահոժարությամբ վերցրեց ինքը՝ միսիոներ Սթեփլթոնը։ Սթեփլթոնը վարժարանի միանձնյա տնօրենն էր: Մինչ այդ՝ նա եղել էր հայկական գրեթե բոլոր նահանգներում, ուսումնասիրել էր ամբողջ հայության կյանքն ու կենցաղը, մշակույթն ու պատմությունը: Խորությամբ գիտեր և խոսում էր արևմտահայերեն։ Գիտեր նաև թուրքերեն: Հաղթամարմին, կարմրամորթ, բարեկիրթ ու բարեհաճ մարդ էր։ Խիստ հագեցած էր ամերիկյան ազդեցության տարածման քաղաքանությամբ ու դիվանագիտությամբ։ Նա շարժվում էր՝ «սիրաշահիր, ենթարկիր և ծառայեցրու քեզ» սկզբունքով: Շնորհիվ այն հանգամանքին, որ նա ինքն էր մեզ անգլերեն լեզու դասավանդում, լավ ճանաչում էր մեր դասարանցիներից յուրաքանչյուրին իր յուրահատկություններով և ընդունակություններով հանդերձ։ Ըստ այդմ էլ հանձնարարություններ էր տալիս: Մեզ դասավանդում էր, իհարկե, իր իսկ պաշտոնավայր՝ հյուպատոսարանում, որը նաև իր ընտանիքի բնակարանն էր՝ հայի լքյալ դղյակ: Որոշյալ ժամերին, մեր դասարանը առանց բացառության գնում էր ողղակի իր բնակարանը՝ հյուպատոսարան: Նստում էինք լուռ ու քաղաքավարի: Գալիս բազմում էր ահագին աթոռին և հաճախ զվարճալի ներածականներով ու զուսպ ծիծաղով, սկսում էր գործնական զրույցը մեր մասին, մեր գավառների մասին, մեր ժողովրդի ու նրա դժբախտ դեպքերի մասին, թեև խուսափում էր ցեղասպանված իրողության ծնունդ՝ մեր վերքերը թարմացնելուց: Չեր խոսում թուրքերի մասին։ Հիշում եմ, լեզուների համեմատություններ էր կատարում, ի ցույց էր դնում գերմաներենի կոպտությունն անգլերենի համեմատությամբ նույնական բառերի օրինակներով. «ախթեն-ակսթեն»…. ու ծիծաղում էր:
    Երբեմն էլ մեզ հրավիրում էր տան ետեևի մեծ պարտեզը. ի՜նչ մրգեր կային… Թուզը քաղում էր դնում բերանը, երկար ծամում ու նոր կուլ տալիս։ Մեզ էլ խրատում. «ինչ որ կուտեք՝ լավ ծամեք նոր կուլ տվեք. ստամոքսը չպիտի ծանրաբեռնել»: Անգլերենի փոքրիկ դասագրքերը ինքն էր տրամադրել և կարդալ-գրելն իր ներկայությամբ էինք կատարում: Ճանապարհ էր դնում նոր հանձնարարություններ տալով: Եթե ժամանակ էր ունենում՝ հյուրասիրում էր մեզ թեյով, մրգով, խմորեղենով… Մենք գոհ էինք նրանից: Նրա տանը միայն երկարահասակ նուրբ կինն էր լինում: Զարմանալի տխրադեմ, լռակյաց, խոնարհ, խուսափող: Ինձ թվում էր, թե նա իր տեսած-ապրած-ականատեսի վկայություններով այնքան էր սևակնել, որ իր արտաքինն էլ էր սևացել. միշտ սև սգավոր հագուստների մեջ էր: Միայն դուրս գալիս էր սպիտակ հագնում: Ցեղասպանության, ջարդերի, կոտորածների, հեղձումների, հրկիզումների, ավերանքների, կողոպուտ-թալանների ամենաաներևակայելի տեսարանները նրան հանգիստ չէին տալիս: Չէր կարողանում, մեզ մոտենալ. գուցե նաև լացն էր գալիս.… իրենք երեխա չունեին: Չեմ հիշում, որ նա որևէ բառ խոսած լինի մեզ հետ: Ինչպիսի սիրով ու հեզությամբ էր մեզ՝ որբերիս, թեյ մատուցում: Ինչ որ է.… ամբողջ ասելիքս սպառել չեմ կարող:
    Որբանոց-դպրոցն անմիջապես ստեղծեց ֆիզկուլտուրա , երգի, պարի, երաժշտական (ջութակի) և թաթերական խմբեր: Դասերից հետո մեր դասարանը հաճախում էր ջութակի խմբի պարապունքին: Վարդապետը ճարել էր մի ռուս էմիգրանտ, որը հոյակապ մասնագետ լինելուց բացի, ազնիվ, բարեխիղճ, հոգատար և շատ համակրելի արտաքինով մարդ էր՝ նրբադեմ, կապուտաչյա, մի քիչ երկար, բայց ներդաշնակ հասակով: Շատ մելամաղձոտ էր, զգայուն մատների և լարերի տեր: Գնում էինք իր վարձած տունը, որը նույնպես հայի լքված տուն էր: Իսկույն սկսում էր պարապմունքը: Միշտ հետևում էր յորաքանչյուրիս մատների դիրքին, լսողությանը: Անմիջապես ջութակ ունեցանք:
    Այնուամենայնիվ այդ լավ մարդու՝ ռուս էմիգրանտի տնտեսական դրությունը ողբերգական էր երևում: Տրապիզոնում այդ «ինտիլիգենտը» ոչ ոքի պետք չէր իր միակ ջութակով: Ընտանիքով ծանրաբեռնված՝ նա պիտի ապրուստ գտներ: Ջութակը պետք եկավ միայն մեր՝ որբերիս համար: Դրա համար էլ նա ավելի կապվեց մեզ հետ:
    Ամենայուրահատուկ բնավորությունը թվաբանության ուսուցիչ-դաստիարակ, քննադատ պարոն Հմայակինն էր: Չափազանց շատ ծխող, չափից ավելի մենակյաց, շատ արագ զայրացող, ապշող, ընկալող, փոփոխվող, փիլիսոփայությամբ տարված մտքով, բանաստեղծություններ հորինող… Իր գրածները մեզ չէր կարդում: Մի երկու անգամ միայն կարողացանք կարդալ տանք և անմիջապես էլ անգիր արինք նրա երկու բանաստեղծութունները։ Դրանց բովանդակությունը վարակիչ անձնախոհական էր, տարաշխարհիկ, թախծալի… Ստորագրում էր Հմայակ Շեմս: Հետագայում հենց այդ անունով էլ մի քանի ստեղծագործություններ լույս աշխարհ եկան: Նրա դասերին խոսել, խանգարել, աղմկել հնարավոր չէր: Լուռ էինք. թվաբանությունը դժվար առարկա էր, ինքն էլ շատ խոսող չէր, կարճ ու քիչ էր բացատրում: Վարդապետի հետ այնքան էլ բաց սիրտ չէր: Այնքան մոլի էր ծխում, որ մատները մշտապես դեղին էին։ Պարոն Հմայակը նաև նուրբ դեղնակալած սրածայր մորուք էր թողնում, որը մատների դեղնության հետ իր մաշկին էլ էր դեղնութուն հաղորդում։ Զուրկ չէր նաև կոնծումներից: Գրպանում՝ չէ՛, բայց կացարանում շշերն անպակաս էին:
    Հետագայում մտցվեց նաև թուրքերեն լեզվի պարտադիր ուսուցում, որի ուսուցիչն էր թուրքերեն կրթություն ստացած պարոն Գուրգեն «էֆենդին»:

    Հաճախ իր գլխին եկածը պատմում էր նաև Փիրուզ մայրացուն. «Մեզ հասցրին Կամախ… Մինչ այդ Եփրատ խոր կիրճերում, ամեն ձորում, հանդում կանգնեցնում էին, ջոկոտում… Ո՞ւր էին տանում, ի՞նչ էին անում, ո՞վ էր ողջ մնում, ինչպե՞ս էին սպանում… Շատերին մեր աչքի առաջ էին կոտորում։ Կտրատում ստինքներն էին հանում… Ա՜խ, Շուշանիկիս աչքիս առաջ կես արին… Գյուղ էին գալիս ու ինչե՜ր էին անում… Հռհռում էին…
    Ախ, ժողովուրդ, հայ ժողովուրդ
    Շուշանիկս ո՞ւր է, ո՞ւր։
    Որդուս տարան կերան,
    Ախ, ժողովուրդ անօգնական,
    Քո Աստվածը ո՞ւր է, ո՞ւր…
    Ժայռերց, ափերից, կամրջներից խումբ–խումբ թափում էին, սպանում ու հետն էլ երգում.
    Սվին, սվին, ջան սվին,
    Խրվիր հայ կնոջ կոնքին,
    Հանիր փորի երեխան,
    Ծնունդ տվող արգանդն այն
    Հոպա՝ դեպի մեծ գետը։
    Հային սահմանված տեղը
    Հոս է վերջին իր կետը…
    Մաֆ-մահակը շլինքին՝
    Մեր պարծանքն է հայի դին…»
    Հետո, փորձելով մեզ քաջալերել, ասում էր. «հայ ժողովուրդը պետք է պատասխան գտնի. միայն լալով ու ոսոխից վրեժ չառնելով, չի լինի տղաներ: Միասնական հարված է պետք: Մեր անկազմակերպությունը, մեր ղեկավարների ապիկարությունից է: Հայրենիքը կորցնում է նա, ով իր ուժերի միահամառությունը կորցրել է: Թշնամին ուժեղ է այնտեղ, որտեղ դիմադրությունն է թույլ...
    Ես՝ հայուհի, հղի վիճակումս կարիք ունեի պաշտպանության, ոչ թե թուրք սվինի, որը վիժեցրեց սրբությունս: Ես վազեցի մեծ մանչուկիս ետևից։ Նրան մորթեցին, Շուշանիկիս տարան… Ես ընկա, չգիտեմ ինչ եղա…»…
    Հետո սկսում էր երգել։ Մենք՝ որբերս, Թագուհի խոհարարուհու, Հեղինե ու Մելինե դաստիրակչուհիների հետ ձայնակցում էինք նրան։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •