Պիտի ասեմ, որ Չիֆթլիկն ուներ երեք Զիա: Մեկն Իսմաիլի արդեն ձեզ ծանոթ Զիան էր, մյուսը՝ աղա Զիան, իսկ երրորդը՝ Զիա բեկը։
Արևմտյան ձորի վրա իշխում էր մի ոչ մեծ ժայռ: Այդ ժայռի վրա էր գրեթե ողջ Չիֆթլիկը զավթած Զիա աղայի ամառանոցը։ Եվ բնակելի տուն ուներ, և գոմ, և ախոռներ, և մարագ, պահեստներ… Ինքը չեր երևում, ապրում էր Անկարայում: Հարուստ առևտրական էր, խանութների տեր: Նրան ասում էին աղա Զիա: Այդ աղա Զիան, որպես օմանցի թուրք իրավունք ուներ տիրանալու այն ամենին, ինչ կցանկանար: Ահա թե ինչու էր այդ Զիան հարստության տեր։ Իհարկե չէր վաստակել՝ թալանել ու բռնագրավել էր և…. հիմնականում հայերից:
Չիֆթլիկում կար նաև երրորդ Զիան։ Դա Զիա բեկն էր՝ ասպետ-ավազակը։ Ոչ ոք նրան չէր ատում, թեև այդ «ոչ ոք»-ները չէին էլ երևում, որովհետև առհասարակ բնակչության հազվադեպ էիր հանդիպում: Ես անբողջ ժամանակ միայն երկու հոգու եմ հանդիպել: Երբեմն Զիա բեկի բնակավայրը մտնում էր մի կողմնակի մարդ, որի հետ էլ նա գիշերով անհետանում էր։ Շաբաթներ անց նա նորից իջևանում էր իր տանը։ Հաճելի ժամանցի սիրահար էր. զավակ, ունեցվածք…. այդպիսի բաներ նրա տանը չկար: Այս Զիա բեկը ասպետ էր թե իր արտաքինով, թե բարությամբ…
Իրեն տեսել եմ մոտիկից։ Նա շոյեց ինձ ու տվեց իր ձեռքի մեծ խնձորն ասելով. ---Էյ, օյ օղլում, դելիզոնչի յաշա» (լավ կաց, որդիս, քաջ երիտասարդ դարձիր)
Ես ավելի շուտ վախից փշաքաղվեցի քան գովասանք զգացի։
Գուցե այն պատճառով, որ լսել էի ավազակ բառը… Նրա ծագումն ու ազգությունն անհայտ էր: Գործում էր թուրքի անվամբ ու իրավունքով: Նրա զբաղմունքն ավազակությունն էր: Ոչ մի իշխանության չէր ենթարկվում: Անկարայի Զիա աղան նրան սիրաշահել էր, գրավել իր կողմը և կնքել բանավոր համաձայնություն, ըստ որի Զիա բեկը լիիրավ տերն ու հովանավորն էր Չիֆթլիկի իր հողին գույքին ու կայքին: Զիա աղան Չիֆթլիկի տերն էր, իսկ ավազակ Զիա բեկը տիրոջ տերն էր: Ուներ ֆայտոն, որից գրեթե չէր օգտվում։ Ինձ թվում է, որ նրան պատահողներն ավելի շատ օգտվում էին, քան փորձանքի մեջ ընկնում: Սա ասվում էր հասարակ ժողովրդի մեջ: Թե ինչպե՞ս էր կարողանում ավազակ լինելով հանդերձ հանգիստ, անգամ շքեղ կյանք վարել՝ դժվար է բացատրել, բայց, որ առանց կողոպուտի և արյունի էր ապրում՝ երաշխավորում եմ:
Մի օր մեր հարսների երկու եղբայրները մեր հասակակից տղաներից մեկին սովորեցրին, որ նա ինձ թակի: Ասացին, թե պիտի մահակի կռիվ անենք: Այդ մի լակոտը վախենում էր ինձնից: Որպիսզի նա չվախենա, սկզբում մահակս ձեռքիցս վերցրին, նոր միայն ստիպեցին հարձակվել վրաս:
-Մահակս տվեք, որ կռվեմ,- թաքցրին, չտվին։
Տղան հասցրեց ինձ խփել իր հաստ մահակով: Ես կատաղեցի, հարձակվեցի վրան, բայց նա փախավ: Մահակը խլեցի ու ընկա ետևից, որ կարողանամ ոխս հանել, բայց նա փախավ: Նեղացել էի, մինչև երեկո տուն չգնացի: Նախքան տուն գնալը երկու եղբայրներն սկսեցին ինձ համոզել, որ տանը չբողոքեմ: Համոզվեցի, սակայն ոխը սրտումս մնաց: Էլ այդ լակոտին չեմ հիշում:
Աշնանային կարճ օրեր էին: Աղաներս որոշել են ձմեռվա վառելափայտը բերել: Առավոտ շուտ սայլերով գնացինք: Շատ չանցած անտառում էինք: Որոշեցին, որ ձորի խորքից ենք բերելու: Ճանապարհ չկար՝ ծառերի արանքներով էինք իջնում: Բարձրանալու մասին ոչ ոք չէր մտածում: Ջոկեցինք մի հսկա հաստաբուն ծառ ու գործի անցանք: Կացնով էլ կտրում էինք։ Վերջը ծառը տապալվեց։ Մեկ էլ էն տեսանք, որ օրը մթնում է: Թաց, հաստ ճյուղերից կտրեցինք, որ գալներս իզուր չանցնի, բայց մի քիչ գնալուց հետո պարզ դարձավ, որ եզների ուժը չի պատում։ Հա ուժ տվինք, հրեցինք, փայտի մի մասը թափեցինք, բայց գործն առաջ չէր գնում… Մութը կոխեց, իսկ մենք դեռ անտառի մեջ էինք: Ոչ ոք բացակայել չի կարող, որ գնա լուր տա մեր ուշանալու մասին: Ձյունախառ անձրև սկսեց: Այդ ժամանակ միայն, գլխի ընկան, որ նախ հարկավոր էր անտառի եզրի ծառերից կտրել կուտակված, և հետո էլ թեթև փայտը բարձել: Արդեն վաղուց մթնել էր։ Մեկ էլ խավարի մեջ ձիու դոփյուն լսվեց:
- Վայ մեզ,- ձայնեց մերոնցից մեկը,-ավազակներ են:
Սսկվել են, համրացել, ասես ձուլվել են սայլերի հետ: Առաջին ձայնը խավարից լսվեց: Մեմեդը ձայնը ճանաչեց.
- Վայ, Զիա բեկն է: Զիա բեկ ապրես, Զիա բեկ աստված քեզ ուժ ու ղվաթ տա:
- Մի վախեցեք ես եմ,- լսվեց մթան մեջից,- ձերոնք լաց են լինում, ասում են իբր գողերը հարձակվել են ձեզ վրա։ Ինչու եք այսքան ուշացել: Լավ դուք եկեք, իսկ ես գնամ ասեմ, որ չանհանգստանան:
Այս ասելուց հետո նա սուրաց դեպի ետ: Ձմեռվա փայտ նախապատրաստելը սրանով ավարտվեց։
Իսմաիլի որդի Զիան մի խելոք բան էր մտածել. գետի անտեր մնացած ջրաղացներից գոնե մեկն աշխատացնել: Դա կարող էր լինել հարստանալու լավ աղբյուր: Միակ դժվարությունն այն էր, որ նա այդ գործը չգիտեր: Իմացող մարդ էլ չկար: Մնում էր գործն սկսել ընթացքում սովորելու հույսով:
-Ինչքան չլինի հայերի մեջ եմ մնացել, մի կերպ գլուխ կհանեմ չէ Խալո,- ասում էր նա: Զիան սկսեց գիշեր-ցերեկ ապրել ջրաղացում: Դա ինձ համար փորձանք դարձավ. ամեն երեկո տան գործերն ավարտելուց հետո, պիտի ուտելիք հասցնել ջրաղաց։ Դուրս էի գալիս մթնաշաղին: Մի ժամ գնալս էր, մի ժամ գալս։ Մի կես ժամ էլ մնում էի ջրաղացում։ Վերադառնում էի գիշերվա մթին: Ճանապարհը ձյունածածկ էր, գրեթե անանցանելի: Վախկոտ չէի, սակայն գայլերն ազատ շրջում էին և ահը միշտ սրտումս էր:
Մի օր Յորղոն՝ իմ հույն բախտակիցը, որ ծառայում էր երկու Զիաներին՝ աղային և բեկին, ասաց.
-Խալո, դու խանումներին ասա, թող թույլ տան ինձ մոտ՝ ախոռում քնես։ Համ տեղը տաք է, համ էլ ընկերով կլինենք:
Թույլատրություն ստացա և մենք զույգ ստրուկ եղբայրներ՝ հույն ու հայ, իրարից գրեթե անբաժան էինք: Նա ինձնից տարիքով էր: Շատ հեքիաթներ ու լեգենդներ գիտեր: Յորղոն լավ խորհրդատու էր: Նա վայելում էր երկու Զիաների վստահությունը: Մի օր էլ, եկավ, թե՝
-Խալո, ձորի բերնի կողմի մառանում փեթակներ կան, այս տարվա մեղր մնացել է մեջը։ Մեղուներն արդեն քնած են, արի մի քիչ գողանանք,
Հայտնեց իր մշակած պլանը.
-Մառանի մի պատուհանը ճաղերով է, քո գլուխը կմտնի, իսկ որտեղով մարդու գլուխը մտնում է՝ մարմին էլ կմտնի: Ես քեզ կօգնեմ կմտնես, փեթակի բերանը կբացես, թևդ կկոխես մեջն ու մի երկու անգամ շուռ կտաս։ Թևիդ վրա ինչքան էլ հավաքվի՝ բավական է ։
Գնացինք, փորձեցինք՝ գլուխս մտնում էր:
-Բայց տես հա՜,- զգուշացրեց Յորղոն,- այնքան մաքուր պիտի անես, որ հետք չմնա, թե չե գարնանը Զիա աղան որ գլխի ընկավ՝ ձեռքից չէնք պրծնի:
Հաջորդ օրը մեր մտածածն իրագործեցինք։ Հետագայում էլ հետևանքներ չեղան՝ հանգիստ վայելեցինք:
Մի օր փայտը շալակած բերելիս որոշեցի հանգստանալ, սառը զուլալ ջուր ունեցող զույգ ծորակների առաջ: Լվացվում էի, մեկ էլ հայացքս բարցրացրի, տեսնեմ երկու փերիներ գլխիս վերև կանգնած ինձ են նայում: Աչքերիս չէի հավատում, ուզում էի ինչ-որ բան ասել, բայց լեզուս չէր պտտվում… Նրանցից մեկը թաշկինակը տվեց, ՝ --Սրբվի», իսկ մյուսը, ՝
-Վրաս արցունք կա, հայ տղա կրնա՞ս մաքրել… Ես պոռթկացի.
-Գնացեք, թողեք մեծանամ…կմկմացի ես
Նրանք չքացան մի քանի քայլ ներքևում գտնվող Զիա բեկի տան պատերի մեջ: Թաշկինակը մնաց մոտս… Ո՞վ էիր դու, Զիա բեկ, որտեղից էիր այդ հայ եղնիկներին ջոկոտել…
Այդ ամռանը մենք արդեն հարստություն էինք դիզում. եզները կային, ձին կար, արտերը կաին, գութան էլ եղավ: Ջրաղացն աշխատում էր…
Շաբանենց Իսմաիլի հետ սայլով գնացինք Անկարա, այս ու այն բերելու: Մեզ հետ ուրիշներ էլ կային: Պետք էր անցնել նաև Զիա աղայի մոտ՝ ըստ պատշաճի նրան պատվելու… Ճանապարհին ավազակների հանդիպելու վտանգ կար (հատկապես Անկարայի ճանապարհին), մեզնից առաջ նման դեպքեր կատարվել էին, սակայն մենք նման բանի չհանդիպեցինք: Առավոտյան ինչ որ տներ տեսանք։ Քիչ հետո տեսանք բացատից քաղաք մտնող մի նեղ արահետ: Դրա միջով ձգվող երկաթե գծերի վրայով, շխկշխկացող, փնչացող մի մեքենա էր շարժվում, ետևից մի քանի վագոն քաշելով։ Դա տեսածս առաջին գնացքն էր:
Սայլերը կանգնեցրինք, եզներին խոտ տվինք ու գնացինք դեպի կենտրոն: Խանութները, շուկաները…. կենտրոնական փողոցներում էին: Ականջիս մեջ դեռ հնչում է առաջին անգամ Անկարայի փողոցում լսած՝
Ադի-բուդի՜, ադի-բուդի՜» կանչը… «Տեսնես էդ ի՞նչ համով բան է, երանի առնողին» անցավ մտքովս։ Երեկոյան կողմ բռնեցինք տունդարձի ճամփան։ Իմ տեսած Անկարան չոր ու կիսակործան քաղաք էր: Երկու օրից ողջ-առաղջ տեղ հասանք:
Որոշ ժամանակ անց, ստացա իմ առաջին լուրջ հանձնարարությունը. ձին պետք է տանեի Անկարա։ Մեմեդը գնացել և այնտեղից ապսպրել էր, որ ձին իմ միջոցով ուղարկեն: Առավոտը նստեցի ձին ու հայդա՜: Ճանապարհին այնքան ոգևորվեցի, սկսեցի ձին բաց թողնել: Ձին սկսեց սլանալ դեպի ձորը։ Փորձեցի սանձը ձգել, բայց ձին չենթարկվեց, սլանում էր դեպի կործանում: Ձորի բերանին տրտինգ տվեց, գցեց ինձ ու փախավ։ Ես սկսեցի տնտղել ինքզինքս. ոչինչ չեմ կոտրել։ Կամաց-կամաց խելքի եմ գալիս։ Առաջին բանը, որ մտածեցի, ձիուն գտնելն էր։ Ի՞նչ պատասխան պիտի տամ: Սկզբում որոշեցի ոտով գնալ ու մի սուտ հորինել, թե ինչպե՞ս գողերը ձին խլեցին, բայց հետո փոշմանցի. «նման ստորություն չեմ անի»: Բայց ո՞ւր գնամ, ի՞նչ երեսով տուն… Ետճաշին հասա գյուղ ու մտածում էի. տո՞ւն գնամ, թե՞ նախրի մոտ: Մտածեցի, որ ձին նախրին սովոր է, կարող է պատահի եկած լինի, բայց չգիտեմ նախիրն այդ օրն ո՞ւր են տարել։ Ընկա հանդերը։ Բարձրունքի վրա մեր անասուներն երևացին: Հեռվից նայեցի՝ ձին չկա, նախրի հետ չի։ Լաց եղա: Հարկադրված մոտեցա, ։
-Ձին հետ չի՞ եկել—հարցնում եմ։
-Չէ չի եկել։ Պատմեցի սկսեցին ծիծաղել։ Վերջապես խղճացին,
-Քո բախտից, եկել, խառնվել է անասուներին։
Երեկոյան տուն դարձա թեթև սրտով. գոնե չեմ պատժվի։
Մի առավոտ էլ արտակարգ նորություն իմացանք. Յորղոն մի ընտրովի երիվար է նստել ու փախել է: Լուր բերողը Զիա բեկն է, ինքն է ստուգել: Ժամանակ չէր կարցրել, նստել էր ձին ու հետքերով գնացել: Սպասում էինք հետևանքներին: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց. մի շաբաթ հետո ավազակ Զիա բեկը վերադարձավ գողացված ձին իր նժույգի գավակից կապած: Բոլորը համոզված էին, որ Յորղոն սպանված է, սակայն, ի զարմանս մեզ, պարզվեց, որ Յորղոն կենդանի է: Զիան նրան բաց էր թողել… Իրոք, որ ասպետ ավազակ էր:
…………………………………………………………………………………………………………………………
Էջանիշներ