Մենք սովի չէինք ենթարկվել, որոշակի պաշար ունեինք և խնայողաբար ծախսելով Մի քանի ամիս անց մոտենում էինք մեր գյուղին: Իրոք. ոչ՝ հայ, ոչ՝ ռուս, նորից ամեն ինչ թուրքին է վերադարձվել, թուրքին է պատկանում:
Մեր գյուղ հասանք ուշ աշնանը: Ապրուստի հոգս հոգալը ծայրաստիճան դժվարացել էր: Պիտի տաժանակրորեն աշխատեինք։ Մեմեդը անխոխոնջ աշխատող էր և որպիսզի ժամանակ չկորցնենք, մեր օրապահիկը հետը բերում էր: Հիշում եմ, դա մի փոքր խորունկ աման էր, հաճախ փլավի բաժինով: Միասին էինք ուտում: Դա ինձ համար ավելի շուտ սովածանալ էր, քան թե ուտել, որովհետև ամեն մի պատառը հաշվի մեջ էր: Անխնա աշխատցնում էր՝ իրեն հավասար, հաճախ թվում է ուժերիցս վեր էր արածներս: Մեր մեջ, խոսք ու զրույց չէր լինում: Ինքն էլ գիտեր, որ անտանելի քաղցն ինձ անընդհատ տանջում է, իսկ աշխատանքը ճզմում: Բացի ինձնից, բոլորը զղջում էին վերադառնալու համար: Զիայի ձեռքերը մնացել էին ծոցում, Իսմաիլը մռայլ էր: Ճիշտ է երբեմն Մեմեդին հիշեցնում էր. «բավական է չարչարվես…. այս տղան ալ մեղք է, շատ ես հոգնեցնում, հալից ընկնում է, մի օրվա համար չէ»: Ես նրանց գտած, պահած տղան էի և միակ չարաշահվող գործիքը։ Մեհմեդը ոչ մեկի հետ չէր խոսում: Այդպես էլ ժառանգ չունեցավ: Իսմաիլը այլ հույս չուներ, միայն ես էի, ես էի նշմարվում այդ տան գալիք փեսացուն։
Ես քնում էի բուխարիկի մոխիրների մոտ, տաք էր: Որոշ ժամանակ տեղափոխեցին տան մի կողքի վրա։ Այնտեղ գտնվում էր այն չարաբաստիկ լավաշի սնդուկը: Այդ սնդուկն ինձ գլխահան արեց։ Սկսեցի կամաց-կամաց բարոյապես սայթաքել, և մի գիշեր ձեռքս մտավ սնդուկի մեջ: Մի լավաշ դուրս քաշեցի և գլուխս շորի տակ խոթած, գրեթե առանց ծամելու սկսեցի կուլ տալ: Ես դարձա տան գիշերվա գողը: Անտարակույս դա նկատվեց ու ես տեղափախվեցի։
Այդ ձմեռ Կարապետն ինձ մի երկու անգամ գաղտնի կանչեց իր մոտ ու մեծ-մեծ խնձորներ տվեց: Նա դրանք գողացել էր դարմանի միջից, ուր Ալի Օսմանը պահել էր թարմ մնալու համար: Դժվար ժամանակներ էին:
Հենց այդ դժվար ժամանակ էլ, մերոնք բռնվեցին քոսով: Մնացել էի ես: Անզգույշ էի, չէի հասկանում. հետները մի ամանից հաց էի ուտում, շփվում էի… Մի օր էլ մի բարի պառավ քուրդ ասաց.
-Օղուլ, ձերոնք քոս են բռնել, դա վատ, վարակիչ հիվանդություն է, նրանցից հեռու մնա. մեղք ես, անտեր ես… Ես քեզ բան ասեմ, դու արա: Քո մեզն ամեն օր խմիր, մեզդ չի թողնի, որ վարակվես… մեղք ես, գնա արա ասածս»:
Ամբողջ ցերեկը փակվում էի մարագում անասունների հետ։ Այնուհետև տան համար, ինչպես նաև երկու քույր հարսների տան համար, ջուր էի կրում։ Հարսների ընտանիքը բնակվում էր Մաղաքենց լքված տանը՝ մեզնից բավական վերև՝ գյուղամիջին: Այնտեղ ես խոտ էի մանրացնում և հետևելով պառավ քրդի խորհրդին, մեզս խմում: Ես չբռնվեցի քոսով:
Մի օր ես և գյուղից մի ուրիշ տղա, մոտիկ լանջերում արածացնում էինք եզներին ու մի քանի կով: Ցերեկը ես պետք է իջնեի գյուղ, իմ բաժին սովակոտրուկն։ Ճանապարհին տեսա ինչ-որ բան են հողով ծածկել։ Բերանը կապված էր: Ստամոքսս թելադրեց անելիքս՝ քաշեցի հանեցի: Մի փոքր պարկ էր, մեջը երկու գունդ կարագ, մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր։ Սկսեցի փոքր գնդից ագահաբար ուտել: Հաց չկար, միայն մի տոպրակ ալյուր էր։ «Դե ալյուրն էլ հաց է» ասում եմ ինքս ինձ, ալյուրը լցնում բերանս ու կարագը վրայից ուտում: Քիչ հետո սկսեցի ավելի հանգիստ մտածել. «բավական է, մնացածը թող մնա», սակայն ի՞նչ անեմ, ո՞ւր պահեմ: Իսկույն հիշեցի մեր Զարիկին: Զարիկը մեր մյուս պապի թոռներից էր: Քուրդ Սադըչը, որ ջարդից հետո մեր օդայում էր վերաբնակվել, ողջ մնացասծների միջից ջոկել և իր համար կնության էր առել մեր Զարիկին: Ինքը մի պառավ քուրդ կին էլ ուներ, բայց նրանից ժառանգներ չուներ։ Զարուհին արդեն երկու երեխա ուներ:
Որոշեցի անսուների մոտ լինել սովորականի նման, չուշանալ, որ հարցեր չառաջանան: Վազելով գնացի ու ետ եկա։ Երեկոյան այնքան պտտվեցի մինչև հաջողվեց Զարիկին հանդիպել։ Կանչեցի ու ամեն ինչ պատմեցի։
- Որտե՞ղ ես թաքցրել,- հարցրեց Զարիկը։ Տեղն ասացի։
- Լավ,- ասաց,- հասկացա, դու գնա գործիդ, ես կգտնեմ, կբերեմ: Կանցնես այս կողմերով՝ կկանչեմ, քիչ-քիչ կտամ:
Այդպես էլ եղավ: Հետո իմացա, որ գիշերով երկու գող մտել էին մի թշվառ այրի կնոջ տուն և եղած չեղածը հավաքել տարել էին:
Գյուղում հատ ու կենտ հայ կանայք էին մնացել, նրանք ովքեր ընկել էին քրդի տուն։ Զարիկից բացի, մերոնցից Մարիամն էլ էր գյուղում։ Այդ շուն քյաչալ չերքեզն էր նրան խլել։ Նա խելագարվեց, հանդերն ընկավ ու «Արշա՜կ, Արշա՜կ, Արշա՜կ…» կանչելով կորավ: Ես հեռվից հետևում էի Մարիամին։ Մի անգամ վազեցի ետևից։ Նա փախավ գոռալով. «Հեռո՜ւ, հեռո՛ւ ինձանից»… Դա նրանից լսած վերջին բառերն էին:
Գյուղ գալուց հետո ներսումս ցավն ու կարոտը սաստկանում էր։ Մեր հանդերն էի գնում, մեր արտերն էի գնում, մեր ջրերից էի խմում, Մեծ լեռնն էի բարձրանում։ Աղբյուրներից մեկը ցամաքել էր: Գուցե ներսումս եռացող վրեժի աղբյուրն էլ այդպես ցամաքի, բայց ոչ…