Սայլերի ճռնչի տակ ամեն մեկն իր մտածմունքով տարված գնում էինք: Մերթ ընդ մերթ հայացքս թեքում էի դեպի աջակողմյա անտառային ծածկույթները: Ղազարն այնտեղ է։ Ո՞ր մեկում՝ հաստատ չգիտեմ: Կողքներիս Ալիս գետն է, բայց չի երևում, ձայնը չի հասնում: Ալիսը մնում է աջում, մենք շարժվում ենք դեպի ձախ։ Ապրելու տնակներ չէին նկատվում, ավեվածություն էր: Առավոտյան կանուխ դուրս էինք գալիս ու ով էր իմանում, ո՞ւր պիտի հասնեիք: Ձորակը սկսում էր հոնիներով, վերջանում՝ հոնիներով: Հոնի լավ ժամանակն էր՝ մեծ, թթվաշ… Զարմանում էի թե, ինչո՞ւ չեն ուտում:
Ալիսի աջ ափին, հյուղակի մոտ հանդիպեցի մի ծեր մարդու։ Նայեց ինձ ու թե.
- Տղա, դու ո՞վ ես… Սրանք «մուհաճիտներ» են, գիտեմ: Ռուսի կողմի հայ երկրից եք եկել, այդպես չէ՞ …
- Աթա,- ասացի,- դու բարի մարդ ես երևում, ինչ ասես՝ կլսեմ, կանեմ:
- Ես էլ այն կողմերից եմ եկել այստեղ: Այս բոստանը համարիր քոնն է, ինչքան լավ վարունգներ, սեխեր կան կարող ես քաղել։ Ես հիմա ինքս քեզ համար կբերեմ։ Հանգիստ կեր յավրում, եզները կարածեն, չեն հեռանա՝ խոտը շատ է: Շոգ է ու փոշի, կպառկեն ու կորոճան: Ահա, որն ուզում ես կեր, մնացածը հետդ տար։ Անունդ ի՞նչ է։
- Խալիլ, Խալո…
- Չէ՛, քո իսկական անունն ասա…
- Անո՞ւնս,- վախից համարյա թե լաց էի լինում…
- Չեղավ,- ասաց,- լաց մի լինի… Ես ասորի եմ, մեն մենակ այստեղ ընկած…. երկար պատմություն է… Ասկյար էի։ Եղել եմ Վանի, Էրզրումի կողմերում, ամեն ինչ իմ աչքերով եմ տեսել։ Լաց մի լինի, ես գիտեմ դու որբուկ ես։ Լավ է, որ կենդանի ես մնացել: Ես «Բոչղունի» հետ փախա: Ազատել էի մի հայ կնոջ, երեխայի հետ: Կինը չդիմացավ, մահացավ: Երեխուն թողեց իմ ողորմածությանը: Ասի տանեմ մեր տուն: Մեր երկիրն արդեն վերցրել էին «խոֆիլիզները»՝ չկարողացա գնալ: Նորեն հանդիպեցի քշված հայերի: Մեկին ինձ կնության վերցրի և մնացի այն կողմերում: Ապրում էինք սուսուփուս, բայց ավազակները գիշերով մտան, կնոջս ու աղջկանս տարան: Հիմա, այս հասակիս մնացել եմ մեն մենակ: Ուզո՞ւմ ես քեզ պահեմ ինձ մոտ… Վախենում եմ, գիտեն, որ թուրք չեմ: Ես էլ արդեն ծեր եմ, էսօր կամ, վաղը՝ չկամ…
Ինձ կանչեցին։ Մենք հրաժեշտ տվինք իրար ու բաժանվեցինք:
Չոր ու ցամաք Չայանում էինք: Մերոնք չէին հավանում, միտք չունեին հիմնական բնակիչ դառնալու: Չայանից մի քիչ հյուսիս, լայն հողառատ հարթություն էր, սակայն անջրդի: Ոչ աղբյուր կար, ոչ ուժեղ առվակ: Մի պստիկ աղբյուր էր։ Վերևում մի ձագարաձև գյուղակ: Այդ ջրի շնորհիվ առջևի լայն տարածությունն ամբողջությամբ խաղողի առատ այգեստանի էր վերածված, բայց ավելին այդ պստիկ ջրից սպասելն անիմաստ կլիներ:
Հիմնական դաշտի ընկերս մեր գյուղացի խուլ քուրդ ծերուկն էր։ Թե ինչո՞ւ էր գյուղը թողել ու ընկել այս թափառումների մեջ, անհասկանալի էր: Ես այդպես էլ նրանից ոչ մի բառ չլսեցի: Հիմա էլ տատամսում եմ. գուցե դա այն «առաքյալ» քո՞ւրդն էր, այն, որ մեզ յաթաղանից փրկեց։ Բայց մի՞թե մարդ իր փրկիչին չի հիշի…
Հենց արեգակը դուրս էր գալիս սարի գագաթը, այդ խուլ, քուրդ ծերուկը թևերը պարզած, ափերը բացած, ջերմեռանդությամբ աղոթում էր ամենազոր Արեգակին: Նայում էի ու չէի շշմում, հուզվում էի: Մարդը աղոթում էր…
Ինչպես էր պատահել, մի քանի լաճերով այդ օրը միասին ընկանք անասուների հետևն ու մտանք այդ կողմերում անտեր մնացած խաղողի այգիներից մեկը։ Ողկույզները լիարժեք չէին, բայց այնքան քաղցր էին, որ ասես պատրաստի չամիչ էր: Հեղեղատի ամբողջ երկարությամբ բնական արգելքով ցանկապատված մծակված այգի էլ կար: Տարածքին մերձ տեղում պահակի դիտանոցն էր, որը չէինք նկատել: Հսկայական այգի էր, վազերի կանաչ ծով։ Խաղողի ողկուզներն ասես դեղին ժպիտներ լինեին: Անասուներին ջրեցինք, մենք էլ խմեցինք և իջանք ներքև, դեպի հանդը: Բայց այդ օրն ուզեցինք ավելին վայելել. էլ համբերելու բան չէր: Վիճակ գցեցինք, որ տեսնենք ո՞վ պիտի գնա։ Երեք հոգուս վիճակվեց գնալ: Կեսoր էր, անտանելի տոթ։ Մտածեցինք, որ պահակը քնած կլինի կամ թմրած: Ձորակով սողացինք դեպի վեր։ Հեշտությամբ մտանք։ Ամեն մեկն իրեն դուր եկած ողկույզերը պոկեց ու լցրեց «չանթաները»: Լուռ դուրս սողացինք ու հանգիստ իջանք դեպի մեզ սպասող տղաները: Ժայռից վեր բարցրացանք ու փռեցինք խոտերի վրա։ Սկսեցինք ուտել։ Մեկ էլ տեսանք պահակն իր մահակով կանգնած է մեր գլխավերևում… Վախից քարացած, արձանացած, կանգած էինք։ Սպասում էինք մեր պատժին։
- Բոլորը լցրեք «չանթաների» մեջ,- մատնացուց արեց մեր «չանթաները»։
- Ո՞ր,- վախվորած հարցրինք պահակին…
- Ձեր ա՜յ այդ «չանթաների» մեջ և ընկեք առաջ… Հա՜, հալա մի շարքով չոքեք։ Ամեն մեկդ, շատ չէ, բայց մեկական մահակ վաստակել եք…
Մենք փոքր ինչ հանգստացանք. մի-մի ուռուցքով պրծնում էինք… Սակայն իմ «չանթան» մնալու էր… «
-Քո աղան կամ ծնողը կգա՝ կվերցնի:
Ուշ երեկո էր, բայց գյուղ չէի իջնում։ Սպասում էի, որ լրիվ մթնի ու տնեցիք չնկատեն «չանթայի» բացակայությունը, սակայն մտածածս չստացվեց, նկատեցին: Փորձեցի խուսափողական պատասխաններ տալ. «
- Մոռացել եմ, կբերեմ, այնինչ տեղն է…»… Օգուտ չեղավ, ինձ լավ էին ճանաչում։
- Այ տղա, ասա ո՞վ է վերցրել, ո՞ւմ մոտ է, կգնամ կբերեմ,- վստահացրեց Իսմայիլ պապը: Ես սիրտ առա և ամեն ինչ պարզ հստակ պատմեցի։
-Պահակն ասել է թող աղատ գա վերցնի։
- Լավ, լավ, ես կգնամ կխնդրեմ՝ կտա, էլ մի ամաչի:
Գնաց բերեց, մեջն էլ լիքը լցված խաղող… Հարսների աչքը լույս…
Այդ օրերին մեր երկու քույր հարսների ծնողական ընտանիքից լուր եկավ, թե՝ թողեք Չայանն ու քոչեք, եկեք Չիֆթլիկ, Անկարայի նահանգ։ Որքան հիշում եմ Մեմեդն ու Զիան ավելի վաղ գնացել էին այդ վայրերը: Շաբանենց Իսմայիլի ընտանիքը պատրաստվեց շարունակել ճամապարհը դեպի արևմուտք՝ Անկարայի կողմը: Ճանապարհ ընկանք։ Ափսոս, ամեն ինչ հնարավոր չէ պատկերել, վերարտադրել: Չեմ մոռացել «Դե իջեն»: Հայերեն «Գայլագետ» է կոչվում: Գարնանային հեղեղի ժամանակ էր: Առավոտյան կանուխ սայլերը լծած գնում էինք։ Ամենուրեք իրենց ճամփին ամենինչ քար ու քանդ անող մեծ հեղեղների հետքեր էին: Բոլորն էլ ուղղված դեպի իր իսկ գժությունից հոգնած, դադարած գետը: Գետ հո չէր, իսկը շիկացած հեղուկ… Հոսում էր դեպի հյուսիս՝ խառնվելու Ալիսին: Մենք շատ զգույշ էինք քայլում. ճամփաները քանդված էին, ոտներիս տակ սլկուն ցեխ էր: Վերջապես հասանք Չիֆթլիկ…
Բեռնաթափվեցինք առավոտ կանուխ։ Ազատ տներ շատ կային, ընտրիր որն ուզում ես: Ընտրեցին ձորաբերանի տունն իր բոլոր անհրաժեշտ շինություններով՝ մարագով, ցախանոցով, թոնրատնով: Հաջորդ օրը միայն նկատեցի տեղի բնության անկրկնելի գեղեկությունը։ Ասես երազային երկիր լիներ. անդորր, մաքրություն և սքանչելի բնություն։
Իմ գործն ավելացավ։ Անասուները պահելուն զուգընթաց, շալակով ամեն օր փայտ պիտի կրեի: Իմ վզին էր նաև մյուս՝ հարսների ծնող ընտանիքի բեռը: Ինչ, որ մեզ համար էի անում, անելու էի նաև նրանց համար: Նրանք ունեին ինձնից մեծ երկու տղա։ Նրանք մեկը մյուսից ծույլ էին և բացի այդ, եթե ես կայի, ապա ինչու նրանց նեղացնեին: Սրանք ծնողներից ավելի անխիղճ էին: «Խալիլը թող անի՝ դրա համար ենք պահում, պաշտպանում»… Դրա համար էլ ես տանը գրեթե չէի լինում, մշտապես անասուների հետ էի՝ ախոռում, մարագում, հանդերում: Իմ տունը Չիֆթլիկն էր։ Գիշերում էի ուր պատահի, միայն թե դրանց աշխատանքները չկատարեմ: Իմը անասուներն էին և իմ շունը… Ընկեր չունեի, ընտանիք չկար: Ընդհամենը 4-5 տուն կար, որոնցից երկուսը մենք էինք։