User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 66 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Այս դժոխքում Էլ տեղ չկար

  1. #61
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ դարձյալ տեղափոխեցին։ Այս անգամ տարան միչև Դանուբի պռունկը: Դենն էլ տեղ չկար՝ Բուլղարիան էր: Մեր ճամբարը Գալաֆաթ քաղաքի հյուսիս-արևելյան մասում էր: Մեր ճամբարը Դանուբի ապառաժոտ կիրճի վերևում էր տեղադրված: Կրկնակի փշալարերով օղակված տախտակյա հյուղակների շարան էր: Բոլոր անկյուներում գիշերային լուարձակներով «կահավորված» պահակետեր էին կանգնեցված, խաչձև անկյուններին գնդացիրներ էին տեղադրված:
    «Գերիներն իրավազուրկ են» և «փախչողներին՝ գնդակահարություն» պաստառները փակցված էին մուտքի ճակատին։
    Մեր նոր պարետը Պապովիչ անունով մեկն էր, սա կարելի էր կարդալ ամեն մի բարաքի ճակատին: Նորից տեղավորեցին 3 հարկանի չոր նառերի վրա։ Ինչ ունեինք՝ նրանով էլ պիտի ծածկվեինք, սակայն շատ չանցած մեզ ներքնակներ հատկացրեցին:
    Պապովիչը շուտով ցույց տվեց իր ֆաշիստամետությունը՝ խիստ էր, հետո ավելի խստացավ: Մեր մեջ տարվող ագիտացիան չէր թուլանում, պարբերաբար մեզ քարոզում էին, որ պայքարում են «հրեական բոլշևիզմի» դեմ՝ չմոռանալով կիրառել պատժամիջոցներ:
    Մեր «սպայական» ճամբարը, որի իսկական անունը «Խազանովիչյան» պետք է լիներ, դրսևորեց իր բարձր գիտակցությունը՝ իսկական ընդհատակյա դիմադրություն կազմակերպվեց։ Տոկոնության դասկան օրինակներ կային։ Կար ներքին ու արտաքին ցանց, որը գլխավորում էին անկոտրում մարդիկ։ Գլխավորողներին ոչ ոք չգիտեր, նրանք ծպտված էին գործում և սոսկ իրազեկում էին ստորադասներին։
    Մեր դասակը գործում էր ինքնուրույն, բայց հաղորդակցվում էր անմիջապես կենտրոնի հետ: Ամենօրյա, շփումները պարտադիր էին: Սիմոնյանը մեկ այստեղ էր, մեկ՝ այնտեղ, խառնվացքով շուտ լեզու գտնող մարդ էր, բոլորի հետ լեզու էր գտնում ու լուրեր էր բերում-տանում։ Նա մեր կապավորն էր: Նույնը կարելի է ասել Անդրանիկի ու Խաժակի մասին, սակայն նրանք այդքան էլ ակտիվորեն չէին գործում։ Մեր կողքին էր հայտնվել Ցոլակը, այստեղ՝ այս նոր ճամբարում նա միացել էր մեր դասակին։ Նա կապավոր չէր, նա «կենտրոնի» ներկայացուցիչն էր։ Մեր հարաբերությունները ավելի սերտացան:
    Մենք ունեինք մեր «ձայնասփյուռը»՝ Տիգրան էր անունը, բարձրաձայն ասմունքոում էր երգեր երգում, դերեր կատարում, նմանակում։ Հեշությամբ երևացող, աչքի ընկնող անձնավորություն էր, «արտիստությունն» իր մենաշնորհն էր, նա դրանով էր իր ժողովրդի զավակը և այդքանն իրեն բավական էր: Կարելի է երկար խոսել Բաբկենի, կապիտան Խորենի և մնացածների մասին, սակայն դառնանք ճամբարի կյանքին։
    Ճամբարը սկսեց լիարժեքորեն շնչել այն օրից, երբ հնարավորություն ստեղծվեց շփվել արտաքին աշխարհի շարքային գերիների հետ։ Սրանք աշխատում էին գյուղերում և այլ «օբեկտներում» ազատ կալանավորի կարգավիճակով: Նրանց միջոցով հնարավոր եղավ ոչ միայն արտաքին աշխարհի անց ու դարձին տեղյակ լինել, այլև նյութական միջոցներ հայթայթել։ Սկսեցինք թղթի, մատիտի, բրիչ ու բահի երես տեսնել։ Հատկապես արժեքավոր էին ռադիոմասերն ու քարտեզները։ Արդյունքն այն եղավ, որ մենք բոլոր դասակներում ունեցանք գաղտնի ռադիո և քարտեզներ: Սկսեցինք գաղտնի թերթ հրատարակել ծաղրանկարներով: Կապը ուժեղացավ: Շուտով ունեցանք նաև գրական, թատերական և քաղաքական հավաքների գաղտնի ցանցեր։ Սա արվում էր «սանթիլների» հենց քթի տակ. նրանք արդեն անտարբեր էին:
    Մեր Տիգրանն ու Զարզանդն արդեն ծանոթ «սանթիլներ» ունեին, նրանք արդեն խոսում ու երգում էին ռոմիներեն։ Սկսեցինք փշալարերի տակով ստորգետնյա ուղիներ փորել… Դա այնքան էր գաղտնի, որ իրենք փախչողներն էլ մինչև վերջին պահը չէին իմանում դրա գոյության մասին: Պարետ Պապովիչն իր կատաղութունը նրանց վրա էր թափում։ Գրեթե բոլոր փախչողները բռնվում էին:
    Այդտեղ մեզ խառնեցին նաև Հասի ճակատամարտում գերի ընկածներին: Նրանցից տեղեկացնք կատարված հսկայական փոփոխութունների մասին, հատկապես բանակի կազմի, տեխնիկայի և թիկունքի վերաբերյալ: Առաջին անգամ աստղերով ուսադիրներ ու տարբերանշաններ տեսանք: Իմացանք երկրորդ ճակատի ու ամերիկյան օգնության մասին: Իսկ մինչ այդ ոչ միայն քարոզչությունն էր ուժեղանում, այլև պատիժները։ Բանն այնտեղ հասավ, որ Անտոնեսկին, իր կրոնական ու աշխարհական շքախմբով եկավ շոշափելու՝ թե արդյո՞ք մենք սովետական մարդ ենք մնացել:
    Իսկ Աշա Պապովիչը անդադար մտածում էր, թե ինչպես ճամբարում եղած բոլշեվիզմը արնխեղդ անի։ Ամեն օր նա գալիս էր մի նոր բան մոգոնած։ Ուներ «սիգուրացիա» կոչվող գաղտնի բաժինը, կազմում էր ցուցակներ՝ բոլշևիկների ,հրեաների… Ամեն առավոտ բոլորը պիտի հրապարակում շարված լինեին, պիտի օրը սկսեինք աղոթքից։ Ամենից առաջ պետք է աղոթք անեինք «տիրոջը»: Շարվելը շարվում, բայց շատերս չէինք խաչակնքում, դրա համր էլ շուտով մեզ հետևող սանթիլ նշանակվեց:
    Մի շաբաթ անց այս միջոցառումը հնացավ, բթացավ, նոր բան էր հարկավոր: Վլասովականներին բաց թողեց մեր մեջ: Հատուկ «յասիներ» նշանակեց ըստ դասակների: Մեր դասակի «յասինը» հայտնի «սպիտակ արջն» էր՝ վլասովականների պարագլուխներից առաջինը։ Կային նաև ուրիշ մատնիչներ ու հացկատակներ։ Այս ամենի հետ՝ վայրագության հասնող քարոզչություն էր տարվում. «Մարքսը հրեա է, նա խաբել է մարդկանց… Իրենք հայրենիք չունեն, դրա համար էլ համաձայնություն են քարոզում… Անհայրենիք, բարոյական կերպարից զուրկ մանրեներ են… Հիտլեր գերմարդը վերջ է տալիս մարդկության այդ թշնամիներին…»…
    Օրումեջ նույն բանն էր. «Բեռլինից հատուկ դասախոս է եկել, պատմաբան պրոֆեսոր է, իսկական դասախոսություն է կարդալու, ձերը կեղծ է եղել,սուտ է եղել, ձեզ խաբել են»… Քշում էին մի ընդհանուր սրահ ու սկսվում էր…
    Մի օր դասախոսության ժամանակ ընդհատակյա դիմադրության անդամներից մեկը գոչեց.
    -Ընկերներ, Ստալանի գերիներ, մի լսեք այս հիտլերյան խելագարին։
    Այս խոսքերի հետ՝ տուր թե կտաս՝ ինչ ձեռքներն ընկավ թռավ դեպի դասախոսը։ Սա փախավ։ Վերադարձավ սանթիլներով, բայց դահլիճում մի երկու հոգուց բացի ոչ ոք չկար: Հրահանգեց ամեն ազգի կրոնավորներ բերել՝ պիտի ազգային ոգին հակադրեին կոմունիստական գաղափարին: Մեր քահանան խելոք էր.
    -Դուք հայ եք, որդիներս, այստեղ տարբեր ազգեր կան, չեմ ասում ռուսին խփեք, պարզապես գոյատևեք, կենդանի մնացեք……
    Իր վերջին խոսքն ասաց ու թողեց գնաց…
    Աշան բեմահարթակ կառուցել տվեց: Առավոտը մեզ հանում էին ու ստիպում կարմիր բանակի դասավորությամբ՝ ազգային զորասյուներով, շարային քայլով անցնել բեմահարթակի առջևով ու գոչել «կեցցե Հիտլերը»… Անցնում էինք լռությամբ, լավագույն դեպքում ինչ-որ անհասկանալի բան էինք մրթմրթում: Մի օր իր կողքին կանգնեցրեց մեր Խազանովիչին, որ ենթարկվենք՝ մեր գնդապետն էր, գիտեր, որ հարգված մարդ է։ Անցնում ենք և ահա , լսում ենք շատ բարձրակոչ
    - Զդարովո տավարիշ պալկովնիկ Խազանովիչ
    -Բոլոր դասակների շարասյունները իրար ետևից---- կատաղում է նոպայի մեջ է ընկնում, քիչ է մնում խելագարվի Աշան --բղավում- գոռում է Խազանովիչի վրադրել ցրել անմիջապես---
    Հայերին նորից օժանդակ օգնություն էր եկել: Այս անգամ տեսակցել չթույլատրվեց: Միայն ներկայացուցիչների միջոցով պիտի ամեն ինչ մեզ հասցնեին: Համաձայնվեցինք, որ կապիտան Խորենն ու Հայկազյան Ցոլակը գնան։ Բերեցին։ Նորից պայքար սկսվեց. կեսը գտնում էր, որ հարևաններին և հիվանդներին պիտի բաժին հանվի, մյուս կեսը՝ ոչ։ Այս անգամ ուժեղ բախումներ եղան, քանի որ մի թևում Հրայր Բախալբաշյանի ու Բագրատի «Մաքուր ազգ» հոսանքն էր, որն ըստ էության «դաշնակցական» գաղափարների էր հարում։ Նրանք ասում էին. «ուրիշների հետ մենք գործ չունենք, մենք՝ հայ ենք»… Փաստորեն մեր մեջ քաղաքկան պայքար էր ընթանում։ Նրանք զանազան զրպարտությունների էին դիմում: Օրինակ. իմ մասին տարածում էին, թե իմ մեջ ազգային հոգի չկա, որ ես եղել եմ թրքացած որբ, որ կինս ռուս է, որ միշտ հետևել եմ ազգամերժ ուսմունքների և այլն: Այսպես անխիղճորեն ու տմարդի վարկաբեկելը նրանց համար դարձել էր աշխատանքի մեթոդ:
    Երբ սկսում էի խոսել, ասում էին. «մի լսեք նրան, նա մաքուր հայ չէ…», և նման բաներ։ Մարդակեր Հիտլերի գովքով զբաղված մարդկանց հետ վիճելն ավելորդ էր:
    Բագրատն անընդհատ տեղից-տեղ էր շրջում, բացատրություններ տալիս, բայց կոլեկտիվի մեջ լինել չեր սիրում: Լղարիկ, ոսկրոտ մարդ էր՝ նեղ ճակատով: Հրայրը, հակառակը՝ լայնաթիկունք, թավամազ, թավ ձայնով, խոշոր աչքերի ու ունքերի տեր մարդ էր: Խուզարկու հայացք ուներ: Եղել էր Լենինականի ինչ-որ կոմբինատի գլխավոր հաշվապահը: Հիտլերի հզորության ջատագով, անսքող դաշնակցական էր:
    Այդ օրերին մենք՝ հայերով որոշել էինք փոխադարձաբար միմյանց պատմել մեր կյանքը։ Պարտավոր էինք պատմել ամեն ինչ, մարամասնորեն, ընդհուպ միչև սեռական ու անձնական կյանքը։ Հիշում եմ՝ որ իմը մոտովրապես մի շաբաթ տևեց: Այնպես, որ միմյանց ներսն ու դուրսը լավ գիտեինք: Հրայրը եղել էր անկուսակցական, Բագրատը՝ խորհրդային ապարատի կուսակցական կորիզի մեջ՝ հիմնարկի ծառայող: Երբ «սոխ ու սխտորի»՝ ազգերի մասին խոսակցություն էր սկսվում, Խաժակը, որ լավ լեզու ուներ, իր տարերքի մեջ էր մտնում՝ նմանակում էր, ձեռ առնում… Միջին հասակի, լղարիկ, բանիմաց, կենսուրախ ու անհոգ երիտասարդ էր: Շատ էր մազոտ և իսկապես…. խաժ աչքեր ուներ: Հատկապես չափն անցնում էր հրեությանը վարկաբեկելիս… Ես մեկ-մեկ ընդդիմանում էի՝
    -ինչի՞ համար, որ մեղքի… Լուսավորվածությա՞ն, ճարպկությա՞ն, ջանասիրությա՞ն, խելոքության ու ձեռներեցությա՞ն…
    Ինձ հակաճառում էին.
    -Բա ինչո՞ւ են հարուստ, ինչո՞ւ նրանց մեջ թշվառ բանվորներ չկան, ինչո՞ւ են բոլորին շահագործում, ինչո՞ւ են ամեն տեղ ղեկավար դեր, բարձր դիրք, ունեն… Իսկ Հիտլերն ուզում է այդ տզրուկների վերջը տալ…
    Դե արի ու էշը ցեխից հանի…
    -Հրայր, Բագրատ,- ասում էինք,- չէ՞ որ Հիտլերը հայությանն էլ է ուտելու, որպես ոչ լիարժեք ցեղի, իսկ դուք հանճարեղ գերմարդ եք համարում, այդ խելագար ֆանատեկոսին: Մի՞թե Ձեր հայությունը կհանդուրժի դա։ Միայն մարքսիստ մարդը կարող է այդ ֆաշիստ ցավագարին ոչնչացնել
    Վերջին խմբագրող՝ rstak58: 01.12.2010, 22:40:

  2. #62
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բախալբաշյանն իր նառի երկրորդ հարկի անկյունից դուրս չէր շարժվում: Պետք է ասել, որ նա լավ գիտեր մարդորսի կանոնները՝ կարողանում էր ջոկել, հավաքագրել իր ապագա կադրերին ու կողմնակիցներին: Դրանք քիչ չէին։ Դրանով նա հպարտանում էր, գոհ էր իր արած աշխատանքից։ Բագրատն իրեն լսողներին դաստիարակում էր ազգային ոգով, իսկ մնացյալ տեսությունները խեղաթյուրում էր։ Տարբերություն չկար Հրայրի և նացիոնալ-սոցիալիս բարբոսների, գաղափարների մեջ։ Մի օր հարցրի.


    - Բա՝ ինչու՞ չեք գնում ճակատ, որ սովետը պարտվի, չէ՞ որ հավաքագրում տանում են, որպես հատուկ ազգային միավորումներ։
    - Մենք ուրիշի համար չենք կռվի, առանց այդ էլ շատ ենք կռվել, շատ ենք արյուն թափել մեզ լափող գայլերի համար: Ա՜յ, երբ հայաստանի ճակատը բացվի՝ կազմ ու պատրաստ այնտեղ կլինենք»:
    - Չէ՛, Հրայր, վայ թե Հայաստանի ճակատ չտեսնես՝ եթե սովետի ճակատը քայքայվի փլուզվի:
    - Չէ՛, մեկ է, նա խոստացել է հայերին օգնել, որ կորցրածը ետ բերենք…
    - Հրայր,- ասում էինք,- լավ մտածեք ձեր դիրքորոշումների մասին, կենաց-մահու կռիվներ են, չարի հետ դեմ առ դեմ ենք կանգնած…
    - Է՜, Հրայր, Հրայր, ջուրը չտեսած բոբկանում ես,- եզրափակում էր Ցոլակ Հայկազյանը:
    Ընդհանուր առմամբ մեր միջև շփում չկար, միայն նմանօրինակ բախումներ էին տեղի ունենում:
    Մի օր Աշանը ցանկացավ հայերին հակադրել ամբողջ ճամբարին: Բոլորին շարեցին, ապա մեզ՝ հայերիս, առանձնացրեցին ու շարեցին բոլորի աչքի առաջ: Պահնորդների պետը կարդաց Աշայի հատուկ հրամանագիրը, որում մոտավորապես հետևյալն էր ասվում.
    -Դուք՝ հայերդ՝ հին, ընտրյալ ցեղ էք։ Դուք այստեղ էլ աչքի եք ընկնում ձեռքի շնորքով և կարգապահությամբ։ Ձեր Ազատն ու Կոմիտասը ձեռքի աշխատանքի հրաշալի նմուշներ են ներկայացրել մեզ: Դրանք անյքան լավն են, որ իմ տանն եմ պահում: Ահա թե ինչու որոշել եմ, որ այսուհետ մեր ճաշարանի ամբողջ գործը, որ մինչև հիմա ռուսներն էին անում, ձեզ հանձնել…
    Քար լռություն էր։ Հետո փնթփնթոցներ լսվեցին։ Չնայած մեր ներքին տարաձայնությունների առկայությանը՝ մենք չգնացինք, մնացինք կանգնած: Մեր տոկունությամբ իրնք՝ ռուսներն էլ էին հպարտանում։ Այս դեպքից հետո Ճամբարն վելի միաբանվեց։
    Ճամբարի ընդհատակում խիստ գաղտնի աշխատանքներ էին գնում, մասնակցություն էր պահանջվում։ Գաղտնի ռադիո էինք տեղադրելու, «թերթ» պիտի հրատարակեինք, տարբեր պարագաներ ձեռք բերեինք, վլասովականներին պիտի դուրս քշեինք և վերջապես դրսի աշխարհի՝ ռումինական կոմունիստների հետ պիտի կապ հաստատեինք։ Հայկական դասակը լավ համարում ուներ թե կազմակերպչական, թե՝ նյութական միջոցներ հայթայթելու գործում, բայց դասակի ներսում կրքերն արդեն բորբոքված էին, բախումներն՝ անպակաս: Այդ նույն ժամանակ արտոնություններ էր տրված վլասովականներին, նրանք կատարում էին վերադիրների պարտականություններ:
    Աշան ճամբարի ներսում ռազմական «մանյովրներ» էր կատարում: «Բարաքների» շուրջն, ուժեղացրած հսկողություն էր սահմանված։ Այդ «մանյովրներից» մեկի ժամանակ գնդակոծվեց մեր «բարաքը»: Ճիշտ է կարգադրություն կար ներսում փակված մնալ և չտեղաշարժվել, սակայն այդ գազազած օրվա կեսին գնդակը ծակեց «բարաքի» պատի տախտակը և խոցեց Սոկրատին։ Այդ անմեղ, սուսիկ-փուսիկ հայ գերին այդպես պառկած էլ անշնչացավ: Թաղմանը թույլ տրվեց մասնակցել ամբողջ ճամբարին։ Գարնան կողմերն էր, խոնավ, ցուրտ եղանակ էր…
    Սողոմոնը քրքրեց նրա պահուստի տոպրակները. ինչ մանրուք ասես՝ կար, հիշատակ էր պահել, տուն պիտի հասցներ… Հասակով մարդ էր՝ խոշորակազմ: Կապիտան Խորենը խաչակնքեց ու հողաթմբի վրա խաչ տեղադրեց: Դա Գալաֆաթ քաղաքի մոտ էր, Դանուբի ափին: Խաժակը բազմիցս ասում էր.
    -Ես ու չեչոտ Սոկրատը հրաշքով փրկվեցինք, միասին էինք։ Մեր վրայով տանկերը անցան…
    Արդեն ասացի, որ կարողանում էինք ընդհատակյա գործնեություն ծավալել։ Թուղթ մատիտ ունենալ չէր թույլատրվում, խստիվ արգելված էր, սակայն ճարում էինք։ Ես ամբողջ ժամանակս վատնում էի այդ պատառիկների վրա՝ գրելիք շատ կար. ապրում էինք «ֆրոնտի» առաջ խաղացումներով: Գաղտնի քարտեզներ ունեինք և որոշակի ռեժիմով ռադիոհաղորդումներ էինք ստանում և ամեն օր կատարում էինք ճակատի բոլոր շարժումները: Բացի այդ ներքին հոգեկան ու գաղափարական ապրումներս անսպառ էին և իրար կրնկակոխ էին անում, ես հա խզբզում էի: Հնարավորություն չունեի մաքրագրելու: Մի ամբողջ տոպրակ լցրել էի գրվացքներով։
    Խաժակը նույնպես գրչի հետ լավ էր՝ մինչև պատերազմը, կարծեմ, ինչ-որ բան էր լույս ընծայել: Մի երկու անգամ գիշերային գաղտնի հավաքների ժամանակ ընթերցել ենք մեր գրվածքներից: Ես կարդացի իմ չմշակված պոեմը՝ նվիրված հայության վերածննդին, որտեղ կենտրոնական հերոսը Շահումյանն էր, իսկ Խաժակը կարդաց իր «Արգինայի ձորը» պոեմը, ուր գլխավոր հերոսը Ղուկասյանն էր: Լենինի ծննդյան օրն էլ նշեցինք՝ ելույթներ ունեցանք… Իհարկե, մատնեցին…. «ագենտուրան» քնած չէր՝ անմիջապես հայտնել էին Աշայի «ապարատին»:
    Միայն ես ու Խաժակը չէ, որ աչքի էինք ընկնում՝ Տիգրանը արտասանում էր, Մալոյան Մուկուչը՝ երգում… Բա Զարզանդի կատակ երգերը… Եթե իմ տոպրակի խզմզած պատառիկները մնային, ապա հիմա ես կարող էի «Գալիֆաթի» ճամբարի «բնակիչների»՝ սովետական գերի սպաների լիարժեք նկարագրերը տալ։
    Կիևի ազատագրման նվիրված պոեմական փորձ էի կատարել, հիացած էի Վատուտին զորավարով: Անտարակույս այս ամենն արվեստի գործ լինելուց հեռու էր, սակայն արժեքավոր էր նրանով, որ պատմական իրադարձությունների մեջ ականատեսի ու մասնակցի կողմից էր գրառված:
    Աշան տեղակացավ և այնպես փրփրեց, որ սկսեց ոչ միայն ֆիզիկական աշխատանքով տանջել, այլև հոգեբանորեն: Սկզբում ճամբարի դարպասի դիմաց ինչ-որ փոսեր էր փորել տալիս: Շարքային գերիները ձրի աշխատուժ էին, կարելի էր ամեն տեղ օգտագործել: Նրանցից մի քնիսը մեր ճամբարին կից էին աշխատում։ Սրանք շարքային բանակայիններ էին, որոնց թույլ չէր տրվում մեզ հետ շփվել։ Իրավունք չունեին անգամ փշալարերին մոտենալ: Աշան նրանց աշխատացնում էր մոտ մի ամիս: Թե
    ի՞նչ աշխատանք էին անում՝ որոշակի ոչինչ չգիտեինք։ Աստիճանաբար հաջողվեց իմանալ, որ այդ գետնափորերը, մեզ համար են պատրաստվում: Ինչ էր մտքինը՝ չգիտեինք… Գուշակում էինք, որ Աշան պատրաստվում էր իր ամենախիստ պատժին: Մի օր էլ, մութնուլուսին, հանկարծակի կարգադրություն եղավ «շարվել»։ Մի քանի րոպեից, դասկները շարված էին։ Դարբասի առաջ սկսեցին մեկ առ մեկ խստորեն խուզարկել ու անց կացնել այն կողմն, ուր փոսերն էին։ Միակ բանը, որ թույլ էին տալիս վերցնել՝ գդալն ու «կոտիլոկն» էր: Տագնապի մեջ էինք՝ ոչինչ չէինք հասկանում: Տոպրակս լիքն էր «հոգեպահուստով»: Ի՞նչ անեի։ Որոշեցի թաքցնել, բայց հարմար տեղ չգտա։ Եղածը տեղում շտապ ծածկոտեցի ու մտա շարքի մեջ։ Խռովքի մեջ էի՝ ոչ նստել գիտեի, ոչ՝ կանգնել: Մեզ խառնիխուռն լցրեցին փորված փոսերի մեջ ու դռնակը փակեցին։ Միայն մի երդիկանման անցք էր բաց, այն էլ, որ չհեղձվենք: Շուտով ծուխ տարածվեց՝ խուզարկում ու գտածն այրում են… Գետանցքը փորող մարդկանց բռնեցին…Ամեն ինչ բացահայտվել էր՝ ռադիոն էին գտել, թերթերը, թղթերը… Գրված ցանկացած թուղթ վառում էին։ Հուշերս, տողերս…. ամբողջ էությունս, գերության ժամանակ ունեցած ապրումներս վառվում էին… Խելագարվում էի…
    Նոր կարգադրություն եղավ. «ամեն դասակից երկու հոգի գնա «սանթիլներին» օգնի»… Ես հրաժարվեցի՝ թղթերթս վառվում էին… Եվ երկու հոգի գնացին իրենցը փրկելու հույսով, մեկը կարծեմ Մալոյան Մուկուչն էր:

  3. #63
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեղեկացանք, որ ամեն ինչ հավաքել տարել են, բան չի մնացել: Հանգիստս պրծավ, նինջս մղձավանջ դարձավ՝ քնի մեջ ինձ այրում էին, վազում էի բոցերի մեջ, իսկ թղթերս թռչում էին դեսուդեն ու չէի կարողանում բռնել։ Դա երկար տարիներ տևեց, մինչև օրս էլ հետս է:
    Գետնափորերում մեզ մի շաբաթ պահեցին, իսկը խեղդելու խորշեր էին: Գարշահոտությունից խեղդվում էինք՝ միակ օդանցքը երդիկն էր: Ճարպիկները բարձրանում էին իրար վրա, որպեսզի օդ շնչեն: Մի շաբաթ անց բաց թողեցին։ Դուրս եկանք մաքուր օդ։ Ետ տարան մեր տեղերը: Առաջին իսկ հնարավորությունն օգտագործեցի և նետվեցի դեպի մոխրակույտերը՝ ոչինչ չէր մնացել, չվառվածները նորից հավաքել գցել էին կրակի մեջ: Լացն օգուտ չուներ, գժվելն առավել ևս: Պրպետեցի տափիկիս մեջ, քրքրեցի մեջն ու դուրսը, մի քանի անվնաս մնացած պատառիկներ գտա, մի երկուսն էլ տոպրակի հատակին էին մնացել:
    Ճամբարի պետ Աշա Պապովիչի բռնությունները հանգեցրին հացադուլի, սա կատարյալ ընդվզում էր, խուլ ապստամբություն։ Ընդհատակի ղեկավարության կողմից կոնկրետ պայքարի ծրագիր առաջադրվեց՝ հացադուլ հայտարարել հետևյալ պահանջներով.
    կալանքից ազատել գնդապետ Խազանովիչին և բաց թողնել բանտարկված գերիներին.
    զինել մեզ, որ ֆաշիստների հարձակման դեպքում ինքնապաշտպանության դիմենք.
    վլասովականներին դուրս հանել մեր սպայական ճամբարից, որպես հակասովետական դավճանների.
    ճաշարանում վլասովականներ չպահել և մամալիկի կամ հացի նորման ավելացնել.
    ճամբարի տարածքում մարտական վարժություններ չկատարել.
    հիվանդներին խնամելը վստահել մեր բժիշկներին.
    պաշտպանել բաղնիք կամ Դանուբ տանելու ռեժիմը.
    ստեղծել միասնական ղեկավարություն ճամբարի պաշտպանությունն ապահովելու համար:
    Հացադուլն սկսվեց լուսադեմին։ Նախօրոք պայմաները փակցվեցին ճամբարի կենտրոնում, հատուկ ցիցի վրա: «Ճաշաթեյը» բերին դրին մուտքի առաջ, մնաց մինջև ճաշ: Ճաշը բերեցին, սա նույնպես մնաց մուտքի առաջ։ Այդպես եղավ նաև երեկոյան և հաջորդ օրերը: Հատուկ ուժ կար, որ մեր միջի թուլամորթներին ու անզուսպներին սանձում էր: Շատերը չէին դիմանում, տրտնջում էին, վախենում էին սովահար լինել: Աշայի կողմից ուժեղ ճնշում սկսվեց։ «Ով ուզում է բոլոր բաժինները վերցնել,- ասում էր նա,- թող առաջ գա», կամ «ով ուզում է միրգ ուտել՝ թող մոտենա ճաշին»… Սակայն այս անգամ մենք լավ էինք նախապատրաստվել՝ կասեցվում էր առաջանալու ամեն մի քայլ: Ուրիշ սպաներ եկան, աշխատեցին համոզել, որ սնունդն ընդունենք, որ իրենք մեզ համար պատասխանատու են, որ մեր պայմանները կատարելու իրավունք իրենք չունեն… Մենք անկոտրում մնացինք։ Հարկադրված դուրս բերին Խազանովիչին, իբր որ մեզ համոզի վերջ տալ հացադուլին: Հեռվից նրան տեսանք։ Եկավ, կանգնեց ճամբարի հոծ բազմության առջև։ Նույն հպարտ Խազանովիչն էր:
    -Ընկերներ, սնունդ ընդունելո՞ւ ենք, թե …ո՛չ, կանչեց նա։ Վերջին որոտաձայն շեշտը հուշում էր, որ պիտի «ոչ» ասվեր։ Ամբողջ ճամբարը, բացի մի քանի նվացողներից միաբերան գոչեց.
    Ո´չ, ո´չ։
    Նրանք հասկացան բանն ինչումն է, Խազանովիչին ետ տարան, սակայն մեկ օր հետո բաց թողին և… զինվելուց բացի, կատարեցին մնացած մեր պահանջները՝ վլասովականներն անհայտացան, նորման ավելացվեց, մեզ սկսեցին տանել Դանուբ: Խազանովիչի հրամանատարության տակ, դասակներով շարված իջանք գետափ։ Այն կողմում Բուլղարիան էր։ Ափին պահակակետեր կային, մարդիկ հազիվ էին նշմարվում: Զինված «սանթիլների» ուժեղ հսկողության տակ էինք: Ծանր գնդացիրը ձիակառքի վրա դրված մեզ հսկում էր: Գետի մեջտղում սահմանային գոտին էր, կարգադրված էր այն չանցնել, հեռացողներիը գնդակահարվելու էին։ Գնդացիրը մշտական մարտական պատրաստության մեջ էր, ափի բարձրունքի վրա: Դանուբի ջրերից չէի վախենում, ես Տրապիզոնի լողորդ էի, ինձ վախեցնում էր գնդացիրը… Թարմացած, վարադարձանք։
    Շուտով լուր տարածվեց, որ Անտանեսկուն իր շքախմբով գալու է իր աչքով տեսնի, թե սա ինչ անկոտրում բոլշևիկների ճամբար է: Եկավ մի երկու ժամով: Մեզ դուրս թափեցին: Անտանեսկուն թիկնապահ համհարզների ուղեկցությամբ անցավ մեր ազգային ստորաբաժանումների առջևով: Այդ ճղճիմ դիկտատորը միջահասակ, բարալիկ մարդ էր, վառ շարժուձև ուներ: Հայացքը սառն էր, անցնում էր առանց ավելորդ արտահայտությունների, ասես իրոք եկել էր միայն իր խոսքի տերը լինելու պատճառով՝ նայելու թե մենք ինչ կերպի մարդիկ ենք, ի՞նչ արտակարգ կողմեր ունենք: Մեկ-մեկ գլուխը թեքում էր կողքինին լսելու կամ մի բան ասելու, բայց դա անում էր առանց ցուցադրական շարժումների: Զգացվում էր որ, իր այս այցը հպանցիկ է կատարվում, մի տեսակ հարկադրանքով։
    Անտոնեսկուի այցը ոչ մի հետևանք չունեցավ: Ճամբարի առօրյան նույնն էր: Ինչպես ասացի, Յասի կռիվներից հետո նոր գերիներ էին մեզ միացրել, վլասովականները «մաքրվել էին»… Մեր դասակի ներսում էլ էր ամեն ինչ գրեթե նույնը՝ «Հրայրի անկյունը» գործում էր, մեր բախումները շարունակվում… Կամաց կամաց ավելի պարզ դարձավ, թե ով ում հետ է: Մեր խմբում կապիտան Խորենն էր, Բաբկենը, Ցոլակը, Աշոտ Սուքիասյանը, Մալոյան Մուկուչը, Սիմոնյանը, Զալիբեկը, Արտուշը, Սոսը, Բիկը, Բեգլարյանը, փոքր Աշոտը և, իհարկե, Անդոն, Սողոմոնը, Գանջուլյանն ու նաև ուրիշներ: Բագրատը մնում էր Բագրատ, Հրայրը՝ Հրայր՝ Բախալբաշ-դաշնակցական:
    Մենք արդեն գիտեինք բանակում կատարված փոփոխությունների մասին, տեսել էինք վերականգնված ուսադիրները, տարբերանշանները… Յասի գերիներից մի քանիսը դրանք պահել էին իրենց մոտ: Այժմ մեր առաջ խնդիր էր դրված՝ ուժեղացնել կապերը դրսի հետ: Գետնուղի էր փորվում դեպի պահակատան զինանոցը՝ ինքնապաշտպանության կազմակերպումը օրակարգի ամենասուր հարցն էր։ Զինվելու մեր պահանջը մերժվում էր: Աշան շարունակում էր հետևել մեզ, հսկել։ Թեև էլ առաջվա սանձարձակ ֆաշիստամիտը չէր, սակայն խստությունը չէր պակասում։ Աշխատում էր իր ձեռնարկած գործողություններին օրինական հիմքեր տալ: Ռազմական ինչ-որ կազմ էր ստելծել իր գրասենյակին կից: Այնտեղ հարցաքնություններ էր կատարում, վճիռներ կայացնում: Այդ «տրիբունալում» ես էլ եղա, ինձ էլ բախտ վիճակվեց:
    Մի օր առավոտյան Սիմոնյանին կանչեցին տարան։ Երեկոյան կողմը բաց թողին, ետ եկավ ճամբար։ Երբ ներս մտավ, մենք սպասողական վիճակում էինք: Նա գլխահակ հայտնեց. «Ջիվանին են պահանջում»: Տղաները կատարվածը կռահելով վրա տվին. «հը, վախկոտ, չդիմացա՞ր»… Սիմոնյանը լուռ էր, իրեն մեղավոր էր զգում: Եկան իմ ետևից:
    Սկզբում տարան «սիգուրացիա», պահակատանը կից էր: Երկու օր պահեցին բանտային ռեժիմով՝ օրական մի անգամ օրապահիկ էին տալիս ու մի քանի անգամ կանչում հարցաքննության։ Դրանց հիմնական նպատակը կազմակերպության և դրա գլխավորող ուժերի բացահայտումն էր: Այդ նպատակի համար ես «շատ անպետք մարդ» դուրս եկա՝ ոչինչ չգիտեի, շատ «անտեղյակ» էի: Համառությունս հասցրեց այնտեղ, որ ուղարկեցին «տրիբունալ»: Երկար փայտյա միջանցքով հասանք դռանը: Կարգադրվեց կանգնել միջանցքում, դեմքով դեպի տախտակե պատը: Կանգնեցի բավական երկար ժամանակ։ Վերջապես ներս կանչեցին: Մի մեծ սեղան էր աթոռաշարքով սեղմված: Այնտեղ նստած էին երեք հոգի՝ մեկը Պապովիչն էր՝ Աշան, մյուս երկուսը ինչ-որ բարձրաստիճան զինվորականներ։
    Մինչև նրանց մոտ տանելը ինձ մոտեցնեն հակառակ կողմում դրված քննիչ սպայի փոքր սեղանին, որ արձանագրեն ցուցմունքներս և լրացնեն անուն ազգանունս: Անդրդվելի և անկոտրում տեսքով մոտեցա սեղանին: Դրանով գրասեղանի հակառակ կողմում կանգնած խոժոռ քննիչին կարծես ուզում էի ասել, թե քոնը՝ պաշտոնականի կատարում է, իմը՝ մարդկայինի: Սեղանի առջև մի գամփռ-սանթիլ էր կանգնած՝ լախտը ձեռքին: Սա հենց սկզբից սկսեց լախտով «խոսել», սակայն այս «լեզուն» իմ մեջ վեհերոտություն չառաջացրեց: Սկսեցին հարցաքննել.
    - Մենք իմացել ենք, որ գերիներին ստիպել ես, թե պիտի միջոցներ հանգանակեն ընդհատակյա գործնեություն ծավալելու համար, ո՞վ է ռադիո, գործիքներ, զենք ճարել, ով է թերթ հրատարակողը…
    - Ես ինչպե՞ս կարող էի ուրիշներին ստիպել։ Գերին ի՞նչ ունի որ հանգանակություն անի:
    - Դու չե՞ս բաժին հավաքել հիվանդանոցի համար։ Կոմունի՞ստ ես, խոստովանի՛ր ամեն ինչ՝ ո՞վ է գնել ձեր թերթի թղթերը, ռադիոյի մասերը, գետնուղի փորելու գործիքները, ո՞վ է կապված դրսի հետ…
    Ես լռում էի, մեջս վախ չկար։
    - Զե՞նք եք ուզում,- շարունակում էր հարցաքննող սպան,- ասա ովքե՞ր են այս ամենի թիկունքում կանգնած։
    - Այդ ամենի մասին ձեզնից եմ լսում, պարոն «օփիցեր»։ Սնունդ հավաքել եմ, մեր ընկերները հիվանդ էին, նրանց մի քիչ ավելի լավ սնվել էր պետք, որ կարողանան ոտքի ելնել։ Ով ցանկացել է՝ մի պատառ զոհաբերել է։ Ձեզնից էլ կարող էի գալ և խնդրել մի բաժին ողորմալ հյուծված, հիվանդ գերիների համար։ Մի՞թե դա հանցանք է համարվում։ Ինչո՞վ կարող էի ստիպել ուրիշներին:
    - Երևում է դու ոչ մի բան հանձն առնելու միտք չունես։ Գաղտնի հավաքներ, տարեդարձեր էլ չե՞ք նշել, պառկեցրեք՝ քսան հարված։ Այս բառերի հետ «գամփռ» սանթիլի լախտը սկսեց խոսել՝ շրա՜խկ, շրա՜խկ։ Շութերիցս հոգոցախառն տնքոց պոկվեց։ Սկսեցին ծեծել։ Հանկարծ լսեցի Աշայի նյարդային ձայնը.
    -Դադարեցնել։ Ծեծը դադարեց։
    - Ինչ է, ոչինչ չի՞ ասում։
    - Համառում է պարոն փոխգնդապետ։
    - Ի՞նչ ազգ ես։
    - Հայ եմ։
    - Հա՞յ։ Դուք ի՞նչ կապ ունեք ռուսների հետ, ինչո՞ւ իրարից չեք բաժանվում,- ապա դարձավ սանթիլին,- ծեծը թողեք, տարեք խիստ կարցեր։
    Վերջին խմբագրող՝ rstak58: 01.12.2010, 22:44:

  4. #64
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քսան հարվածը, որ ավելի սարսափելի էր, չեղյալ համարվեց: Այդ զարմանալի փոփոխությունը միայն մի պատճառ ուներ՝ կինը հայուհի էր: Բարեկազմ, մեծ աչքերով, ցորնամորթ տիկին էր։ Այդ նա էր գեղարվեստական փորագրումների պատվեր տվել Ազատին ու Կոմիտասին։ Նմուշներ տարավ իր տան համար:
    Սանթիլներն ինձ տարան կարցեր։ Այն մեր ճամբարից դուրս էր, փշալարերով բաժանված: Նեղլիկ միջանցքանման տարածություն էր, որի երկու կողմում դեմ առ դեմ մարմնաչափ պահարաններ էին շարված, մարդաբոյ տուփիկներ: Գերիները դրանց անունը «սաբաչի յաշիկ» (շնատուփ) էին դրել: Նեղլիկ դռնից պիտի մտնեիր ու ասես դագաղի մեջ էիր հայտնվում: Նստելու հնար չկար։ Դռնակի մեջտեղում մի երեսաչափ անցք կար, որտեղից միայն պահակին էիր տեսնում։ Ժամապահները անընդհատ գնում-գալիս են, բայց ոչ մի բառ խոսելու հնար չկա, ոչ իրենց, ոչ էլ հարևանիդ հետ:
    Երրորդ օրը մեզ հսկող «սանթիլը» ետ ու առաջ անելիս ձեռքի տոպրակից ինչ-որ բան հանեց ու հերթականությամբ սկսեց շպրտել անցքերից ներս: Ոտքերիս արանքում բռնեցի տեսնեմ հաց է։ Աչքերիս չէի հավատում, գցեցի բերանս: Իրոք հացի կտոր էր: Իսկ նա դեպի մեզ չի նայում, ուղիղ գնում-գալիս է, ասես հասկացնելով, թե՝ ձայն մի հանեք, ես ոչինչ չգիտեմ ու չեմ ուզում իմանալ։
    Միակ իրավունքը որ ունեինք՝ զուգարան գնալն էր: Ջրի ծորակը զուգարանի ճանապարհին էր։ Մի օր իմ այդ իրավունքից օգտվելու ժամանակ «սանթիլը», որ կանգնած էր ծորակի մոտ, հասկացավ, որ իմ հիմնական նպատակը ջրի ծորակից օգտվելն է, և երբ ես հավասարվեցի ծորակին, նա ոչ թե հետևց, որ չխմեմ, այլ ընդհակառակը, թիկունք դարձրեց ու սկսեց կամաց-կամաց գնալ: Նետվեցի դեպի ծորակն ու սկսեցի ագահությամբ խմել՝ թույլատրությունն ակնհայտ էր: Բուն մտնելիս առանց ինձ նայելու ժպտաց…. մեք իրար հասկացանք:
    15 օր պահելուց հետո նորից ձերբակալված Խազանովիչին բաց էին թողել, հետո նաև ինձ ազատեցին։ Գնացի միացա դասակի ընկերներիս: Սիմոնյանին ներեցի՝ մարդը չէր դիմացել, ասել էր անունս, բայց մերն էր… Ի՞նչ անենք՝ հարցաքննությանը ամեն մարդ չէ, որ դիմանում էր։
    Կապիտան Խորենը Բուխարեստի՞, թե՞ քաղաքի հիվանդանոց գնալու թույլատրություն էր ստացել: Ստուգումով էին դուրս թողնում: Այնուամենայնիվ նա ուզում էր ընկերներին օգտակար լինել: Ամեն մեկը մի բան էր տալիս, որ հանի ճամբարից։ Իմ գրվածքներից էլ փաթաթեց ազդրերի վրա ու վրայից շորեր հագավ, ծածկեց ստուգեց ինքն իրեն և վերջ: Խորենը հաջողությամբ գնաց: Էդ գնալն էր, որ գնաց, էլ չեմ տեսել…
    Օրեր հետո, Բաբկենն ինձ մոտեցավ, թե՝ հետդ զրույց ունեմ։
    -Ես լրջորեն մտադրվել եմ հիվանդ ձևանալ,- ասաց,- չբուժվող հիվանդ։ Մինինգիտի մասին բրոշյուր եմ ձեռք բերել, ուսումնասիրել եմ բոլոր ախտանշանները: Այնպես կանեմ, որ ինձ տանեն ճամբարի հիվանդանոց։ Այնտեղից ուզում եմ ընկնել կետրոնական հիվանդանոց կամ Բուխարեստ և կապվել տեղական կազմակերպության կենտրոնի հետ:
    Ի պատիվ Բաբկենի պիտի ասել. որ կարողացավ կենսագործել իր ծրագիրը: Արտաշը, որ ճամբարի հիվանդանոցում էր աշխատում, այդ գործում իր մասնակցությունն ունեցավ: Ես էլ քոր ունեի աճուկներիս վրա: Գրեցի, սակայն համապատասխան դեղամիջոցներ ստացա: Օգնեցին։
    Այդ ընթացքում ճակատի գիծը եկել հասել էր Դանուբին։ Անտանեսկուն Հիտլերի կանչին չէր ներկայացել: Բուխարեստը հանձնեց: Մեր համար օրախնդիր էր զինվելու հարցը: Ինքնապաշտպանություն էր հարկավոր, Աշան դա չէր անելու: Օրը երկու անգամ, անպաշտպան մնացած Ռումինիան սիստեմատիկորեն օդային գրոհների էր ենթարկվում։ Հատկապես շատ էր ռմբակոծվում Բլոեշտը՝ նավթարդյունաբերական այս խոշոր կենտրոնը: Հեռվից լսվում էինք այդ օդային հարվածների ձայնը։ Գլխարկներ էինք գցում վերև, անկորուստ վերադարձ ցանկանում: Մի օր տեսանք, որ օդային մարտում հանդիպել են «մեսերշմիթն» ու անգլիական «հետախուզիչը»: «Մեսերշմիթը» հարկադրված եղավ փախչել, մտավ քաղաքի, ծառերի, փողոցների մեջ, բախվեց ու շան սատակ եղավ:
    Աշան չէր համարձակվում զինել մեզ:
    -Զենքը մեր դեմ կգործադրեք,- ասում էր նա,-
    -Մինչդեռ մենք պարտավոր ենք թվաքանակով ձեզ հանձնել ձերոնց, ձեր բարձրագույն հրամանատարության լիազորներին: Մենք ձեզ կպաշտպանենք…
    Այդ օրը, որոշ դասակներ ըստ հերթի բաղնիս էին գնացել: Ճամբարում տագնապային դրություն էր: Հաստատ տեղակացել էինք, որ գերմանացիները Դանուբի իրենց նավատորմով հեռանալու են դեպի Հունգարիա: Դե Դանուբն էլ մեր կողքին էր, հեռու չէր: Գիտեինք նաև որ ֆաշիստները մեր ճամբարի տեղը լավ գիտեն և կարող են թեկուզ կես ժամով մտնել ճամբար ու արնաբաղնիք սարքել։ Լարված վիճակում էինք։ Մեր ղեկավարությունն Աշայի հետ անընդհատ բանակցությունների մեջ էր: Աշայի պահակախումբը նույպես դիրքավորված էր, նրանց համար նույպես գերմանացին արդեն «Հիտլեր կապուտով» էր ընկալվում:
    Ահա այդ ամպամած օրը, առաջին մարտական ռումբը պայթեց ճամբարի տարածքում։ Բարեբախտաբար ոչ մի վնաս չպատճառեց, ընկավ բաց տարածության վրա գտնվող բաղնիքի կողմը: Դա եղավ մեր ազատագրման նախնակետը: Երկաթներով ու փայտերով զինված սկսեցինք ջարդոտել փշալարերն ու լքել ճամբարի տարածքը։ Մի պահ այնպես եղավ, որ մեր մի մասը թեքվեց դեպի զորանոց, սակայն այնտեղ պահակությունն ամբողջ կազմով զինված՝ Աշայի հրամաններն էր կատարում: Գերմանացիների երեք կրակահերթն էլ շեղ ստացվեցին, ոչ մի զոհ չեղավ, միայն բաղնիքում եղած մարդիկ հասցրին շորերը գրկած դուրս փախչել ու միանալ մեզ:
    Ճամբարը լքելու պահից մենք անցանք մեր ճամբարային ղեկավարության ենթարկության տակ: Պետք է ասել, որ փշալարերը փշրելիս «սանթիլների» գոռգոռոցների վրա ոչ ոք ուշ չէր դարձնում, մեզ համար դրանք արդեն ոչ մի նշանակություն չունեին: Նրանք չհամարձակվեցին ուժի դիմել, ու հիմա նրանք ստիպված եղան խառնվել մեր հոսանքին և մեզ հետ շարժվել որպես պահակախումբ։ Որոշ տարածություն անցնելուց հետո նրանք էլ պետք չեկան և մենք այլևս «սանթիլներ» չտեսանք ամբողջ ճանապարհի ընթացքում:
    Մեր բռնած ուղղությունը պարզ էր. մենք շարժվում էինք մերոնց կողմը։ Օգոստոսյան տաք օրեր էին: Գյուղերի միջով, խճուղու երկարությամբ տասնյակ կիլոմետրերով ձգված, անկազմակերպ, փոշոտված ու հոգնած քայլում էինք դեպի վերջնական ազատություն: Մեր շղթայի ոչ սկիզբն էր երևում ոչ վերջը: Ամբողջ ճանապարհը բռնված էր նախկին գերիների ուրախացած, ցրիվ եկած ամբոխով, կամ նրանց առանձին կուտակումներով: Մտնում են գյուղերը, ով՝ ինչ ունի փոխանակում է կատարում, զրուցի է բռնվում, խմելու մասին է մտածում: Այդ դաշտերում աղբյուրներ չկան, որոշակի տարածությունների վրա ջրհորներ կային՝ անհրաժեշտ ամեն ինչով ապահովված՝ ջուր քաշելու դույլ, հանգստանալու տեղ… Ճանապարհին մեր առաջին հանդիպումը եղավ գնչուների հավաքի հետ: Նրանք բանվորագրվել էին կտավատի կալվացքում։ Աշխատանքը կատարվում էր համարյա բացօդյա: Դե գնչուհիների հետ միշտ էլ հաճելի է, անմիջական են: Հեռվում աղբյուր կար, ջրի գնացող գնչուհիների հետ ընկերանում էինք ու… Մինչև մութն ընկնելը հավաքատեղ չհասանք, սակայն Էլ ինչի մասին պիտի մտահոգվեինք, ով կարող էր մեզ անհանգստացնել: Ցանկացած տեղում կարող էինք գիշերել: Ցոլակի ու մի քանի ուրիշ տղաների հետ այդպես էլ արինք: Առավոտ կանուխ հասանք ընդհանուր հավաքատեղ։ Այդ ուղղության վրա գտնվող առաջին հավաքակետը, մեր առաջ ընկած Կրոյովա կենտրոնական քաղաքն էր: Այստեղ արդեն ավելի կազմակերպված դարձանք, կարմիր բանակի զորամասի վերածվեցինք։ Հրամանատարությունը ստանձնեց Խազանովիչը։ Այլևս օտարի հսկողություն չկար: Աշան սանթիլների իր խմբով ենթակա էր նրան։ Սա ևս սպասողական վիճակում էր,չգիտեր ինչպես վարվի մեզ պիտի մերոնց հանձներ, բայց արդեն ինքն էր մերոնց ենթակայության տակ և բացի այդ էլ երևի վախենում էր գերվելուց… Ահա թե ինչու մի օր էլ Աշան իր մարդկանցով ճղեց գնաց։
    Մեզ տեղավորեցին Կրայովա քաղաքի արևմուտքում գտնվող բարաքներում։ Այստեղ ապրել էին էսէսականները: Մեր՝ ազատված գերիներս մոտենալու լուրն առնելով հապճեպ փախել էին: Դա նկատվում էր իրենց թողածից։ Մեր շտաբում արդեն աշխույժ աշխատանք էր գնում՝ հաշվառում, դիմավորման պատրաստություն… Ի՞նչ պետք է զեկուցվի, որտե՞ղ պետք է դիմավորվի, ի՞նչ ձևով արդարանալ… Հարցերը նոր էին առաջանում: Ի վերջո, որոշվեց հրամկազմի մի քանի ներկայացուցիչներով ընդառաջ գնալ և հանդիպել ֆրոնտի ներկայացուցիչների հետ։ Հետագայում այդ էլ չստացվեց, դատարկ հետ վերադարձան։ Ո՞վ էր նրանց ընդունողը, լսողը… Գնացե՛ք, կորե՛ք…
    Համենայն դեպս, մենք կարծում էինք, որ հաշիվ տալու ոչինչ չունեինք… Ես ինքս պատրաստ էի հաշիվ պահանջել, ոչ թե հաշվի տակ ընկնել: Կարծում էինք, թե կարևորն այն է, թե ինչպես ենք մեզ պահել հայրենիքի հանդեպ գերության մեջ։ Կարծեմ «հականերից» ոմանց հաջողվել էր փախչել: Գիտեմ, որ մեր հայ «խելոքներից» ոչ մեկը չփորձեց փախուստի դիմել։ Մինչ այդ մենք ազատ ման էինք գալիս քաղաքում: Լինում էինք վարսավիրի մոտ, գնում էինք մաքուր, ավազոտ գետի մեջ լողանալու: Ով փող ուներ, միրգ էր գնում և…. սպասում էինք…
    Ոչ երկնքում, ոչ ցամաքում այլևս կռվի հոտ չկար: Քաղաքը լրիվ մաքրված, դատարկված էր դիմադրողներից, ոչ գերմանացի կար, ոչ ռումինացի: Ժողովուրդն իր գործին էր, կարծես ասում էր՝ գնացողը գնա, եկողն էլ գա: Անտանեսկու անունը չկար: Շատ շուտով հրապարակ իջավ Գիորգիո Դեժի անունը, որպես Ռումինյայի կոմունիստական կուսակցության ղեկավարի: Կրոյավա քաղաքի կենտրոնական մասում աշխուժացել էր կոմունիստների քաղաքային կազմակերպությունը։ Փակցվում էին նոր լոզունգներ, հակաֆաշիստական ժապավեններ, կարմիր հաղթողներին պատշաճ դիմավորելու պատրաստություն էր տեսնվում։ Քաղաքը պատրաստ էր կարմիր բանակի խաղաղ մուտքին։
    Մի առավոտ իմանալով, որ մերոնք ուր որ է մտնելու են քաղաք, շարվեցինք խճուղու երկարությամբ: Այնտեղ բոլոր խճուղիներն ու փողոցները ծառազուրկ էին: Շարվել էնք դասակ առ դասակ, վաշտ առ վաշտ, ողջ գնդով: Շարքերի սկզբում կանգնած էին հրամանատարները: Ահա և առաջին տանկը՝ կարմիր դրոշով։ Երեք մարտրկներ նստած էին վրան տարբեր դիրքով։ Դեռ մեզ չհասած մեր շարքերի ողջույն ու «հուռա՜ն» պայթեց… Մեր հրամանատարությունը կանգնած էր խճուղու աջ եզրին, պատիվ տալու դիրքով, սակայն անցավ առաջինը, երկրորդը, երրորդը…. հինգը, վեցը…. ոչ մեկը դեպի մեր կողմը չնայեց, մեր ուղղությամբ՝ ոչ մի շարժում, խուլ անտարբերությամբ կտրում անցնում էին մեր բոցավառ հայացքները… Պարզ էր՝ «Մենք գերիներ չունենք»… Մենք դիտվում էինք, առնվազն որպես դասալիքներ, եթե ոչ դավաճաններ:
    Հետո, երբ ետ եկանք մեր բարաքները եկան հատուկ բաժնի աշխատողներն ու սկսեցին քրքրել ցուցակները: Սկսեցին զտել՝ հարցուփորձ, հարցաքննություններ, վկայություններ, «մոտերիալներ»…. ո՞վ է մաքուր, ո՞վ Է կեղտոտ, ո՞վ է ծախվել թշնամուն, ո՞վ է ծառայել… Մենք հանձնվել էինք Երկրորդ ուկրաինական ֆրոնտի քաղաշխատանքի գաղտնի բաժնին՝ «դեզինֆեկցիայի» ենթարկվելու:
    Ես չգիտեմ ի՞նչ էին ստուգում, ի՞նչ էին անում…. այդ ընթացքում ոչ կանչվել եմ, ոչ վկայել։ Մոտ մի շաբաթ հետո մի շարք այլ ընկերների հետ իմ անունն էլ կարդացին… ճանապարհին իմացանք, որ գնում ենք ֆրոնտ: Տանելու էին Կարպատներ, սակայն դեռ այնտեղ տեղ չհասած, ետ տվեցին, հայտնի դարձավ, որ գնում ենք Բեսարաբիա:
    Այնտեղ հանդիպեցինք ճամբարային ուրիշ ընկերների: Շուտով այնտեղից գնացք նստեցինք ու մեկնեցինք ճակատամերձ քաղաքներից մեկը՝ Արա-դե-մարե: Գնում էինք բաց գնացքով։ Շաբաթից ավել տևեց, քանի որ երկաթգծերը ծանրաբեռնված էին լիքն էին գնացքների շարաններով: Օրերով սպասում էինք որ ճանապարհը բացվի: Առաջին հերթին բաց էին թողնում ռազմական տեխնիկայով, մթերքով բարձված գնացքները, ապա հերթականությամբ, ըստ կարևորության: Այս կարգը լավ էր պաշտպանվում՝ ճակատի մատակարարումը հստակ էր գործում:
    Ահա այդպիսի մի օր հանկարծ անունս լսեցի։ Շուռ եկա, տեսա կողքից դանդաղ սահող բաց գնացքի վրայից ինձ էր կանչում Հովակիմյանը: Նա, ինչպես հիշատակել եմ, զանգեզուրյան բեռնատար վաշտի շբաբի պետն էր։ Նա չհամբերեց, թռավ մեր վագոնի մեջ։ Մենք միասին մի ամբողջ օր ուղեվորվեցինք: Նա դաշտային հիվանդանոցից էր գալիս, արդեն երկրորդ անգամ վիրավորվել ու բուժվել էր։ Վերադառնում էր ճակատ։ Մեր վերջին հանդիպումն էր ու բաժանումը։ Նա այլևս չվերադարձավ:

  5. #65
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասանք Արա-դե-մարի։ Այնտեղի մեր զորանոցներն աստիճանաբար լցվեցին, կոմպլեկտավորվեցինք: Արդեն մեր բանակի համազգեստներ էինք հագել, բայց առանց տարբերանշաների, դրանցից մեզ զրկել էին: Արա-դե-մարիում մեր կողքին ապրում էին նաև ոչ նախկին գերի զորամասեր: Այնտեղ հանդիպեցի ղափանցի Հրաչիկ Նուրուջանյանին: Նա երկար ժամանակ աշխատել էր «Սովետսկայա Արմենիայի» թղթակից: Առաջին անգամ նրանից մանրամասն իմացա Ղափանի, և ընդհանրապես թիկունքի մասին։
    Ամեն օր մարզումներ ու պարպունքներ էինք անում: «Ավտոմատներին» էինք ծանոթանում, նորագույն նռնակներին, ռազմական տեխնիկային: Շատից–քչից ուսումնասիրում էինք մարտերի վարման տակտիտական նոր տարբերակները, կարմիր բանակ ներմուծված այլ նորությունները: Ճիշտն ասած առանձնապես ծանրաբեռնվածություն չկար, եղած նորություններն էլ անմիջապես յուրացրինք: Սպասում էինք ճակատ գնալուն: Այստեղ թույլ տվեցին, որ նամակներ գրենք։ Ես գրեցի հորեղբորս տղային՝ Մարտիրոսին։ Խնդրեցի տղայիս՝ Գարունի մասին տեղեկություններ հաղորդել:
    Վերջապես հրաման ստացվեց, որ նռնակներով ու «ավտոմատներով» զինված պատրաստ լինենք մասնակցելու Բուդապեշտի համար մղվող մարտերին։ Մեկնելու էինք հաջորդ գիշերը: Սկսեցինք նախապատրաստվել, մաքրվել, կարգի բերել ինքնաձիգները, փամփուշտներ ու նռնակներ ստանալ:
    Երեկոյան կողմը լցվեցինք մեքենաների մեջ ու մինջև լույս գնացինք: Հասանք Բուդապեշտի արևելյան արվարձանը: Լռություն էր, միայն հատուկենտ հեռավոր որոտներ էին լսվում։ Բոլորովին լուսացավ։ Քաղաքի մեջ էինք։ Կիսավեր շենքերն էին, կիսափլորակ, համարյա բոլորն էլ «վիրավոր»: Մի քանի հարց ու փորձից հետո զգուշությամբ հասանք Դանուբի գետափնյա փողոցներին: Ամեն կերպ քողարկվում էինք։ Ամեն ինչ կատարվում էր շատ արագ: Անցանք կիսաքանդ եղած, կարկատված մի մեծ կամրջի ու անկորուստ մյուս ափն անցանք: Պեշտումն էինք՝ ձախ ափում: Այստեղ ազատ բարձրունքներ կային, ժայռոտ ձորակներով: Մինջև երեկո տեղից- տեղ շարժվելով հազիվ բարձրացանք:
    Լենինականցիները իմ ետևից էին գալիս: Լսեցի, որ Արսենը, կապիտան է, ետ է մնում։ Նա ճարտարապետ էր, նույնպես լենինականցի: Կանգնեցի։
    - Արսեն,- ասում եմ,- հոգյակ, ինչո՞ւ չես կարողանում գալ, ետ մնալ չի կարելի։
    - Ջիվան, հավկուրություն ունեմ, ի՞նչ անեմ գիշերները չեմ տեսնում։
    - Ինչպե՞ս թե, բա ինչո՞ւ չես ասել։
    - Չեն հավատա…
    - Արսեն, ինձնից չհեռանաս, չբաժանվես, ձեռքդ տուր։
    Սկսեցինք իջնել։ Ճանապարհով չէինք գնում, կտրուկ շավիղներով էինք իջնում: Իջանք քաղաքի արևմտյան մասի վրա: Լուսավորություն չկար, չէինք կարողանում կողմնորոշվել, միայն կրակոցներ են լսվում, սակայն չես իմանում, ո՞րն է մերը, ո՞րն է նրանցը: Խավարի մեջ շենքից շենք ենք սողում։ Հասանք կրակի գծին։ Մի մեծ բարձրահարկ շենք էր։ Այն կողմում, փողոցի եզրին, արդեն նրանք էին: Շենքի նկուղում մեզ մի քիչ հանգիստ տվին: Շատ խոր նկուղ էր: Մոմ ու նավթ ճարեցին։ Ամեն մարդ իր համար մի բան ճարեց բերեց փռեց տակին, որ մի քիչ ննջի:
    Ամեն մեկն ինքն իր հետ էր, նախապատրաստվում էինք մարտի մտնելուն: Սուքիասը գրպաններից հանել էր կապոցներն ու ջոկում էր։ Արսենը կողքին էր: Ես նրա համար էլ, ինձ համար էլ աթոռ էի ճարել: Նստած ննջում էի: Արսենը «ավտոմատն» էր մաքրում, բացում-փակում էր, հետո էլ սկսեց գրպանների մանրուքը ջոկոտել։ Անխոս էր, գլուխը կախ: Ես էլ նստած ննջում էի: Հանկարծ տղաները սկսեցին դես ու դեն փախչել։ Պարզվեց, որ չպայթած մի հսկա արկ էր գտնվել, առնվազն 60-70 սմ հաստությամբ։ Ոմանք դուրս փախան: «Արա, կպայթի, փախեք…»… Խուճապ առաջացավ։ «Տղերք, ո՞վ կհամարձակվի դուրս տանել, ախր ուրիշ տեղ չունենք գնալու, սրա հետ էլ մնալ չենք կարող»։ Ոչ ոք ձայն չհանեց: Նայեցի արկի լռությանը, բետոնի պատռված երախին… «Յա՜ բախտ» ասի ու կամաց մոտեցա: Չորս կողմից սկսեցին կանչել. «զգույշ, զգույշ»… Ես այդ մահաբեր հսկային աստիճանաբար շարժեցի ու հետո մինգամից վերցրի ուժեղ թևերիս։ Փափուկ քայլվացքով դուրս եկա գետնահարկից։ Զգուշությամբ հասա բակի ամենաբարձր կետին ու իջեցրի։ Ոչ մի ձայն… Կարծես հիպնոսացրած լինեի: Ետ ծլկեցի: Բոլորն ուրախացել էին, ինձ էին գովում։
    Արսենը դեռ ինքնաձիգն էր մաքրում ու իր համար թոնթոնում: Նստելս ու ննջելս մեկ եղավ: Մեկ էլ ականջիս տակ՝ թրա՜խկ… Վեր թռա. «Այս ի՞նչ էր»… Նայցի տեսա Արսենն արնաշաղախ ընկած է։ «Արսեն, Արսեն,- ձայնեցի,- ի՞նչ եղավ, տղեք վեր կացեք…»… Բոլորն արդեն ոտքի վրա էին… Արսենը բաց մատներով ձեռքը դրեց սրտի վրա։ Շորերի ու մատների արանքով արյունը չռռում էր… «Ուշ է» հազիվ արտաբերեց ու անշնչացավ։ Կուրծքն էի սեղմում, մատներս արյան մեջ էին: Պառկեցրի գետնին։ «Տղերք,- գոռացի,-հտեևք, ես մեր բժշկին գտնեմ»։ Դուրս թռա, մութ գիշեր էր, խավարում կրակոցներ էին միայն:
    -Բիգ, Բիգ-- կանչելով դես ու դեն էի վազում։
    Բիգը մեր հայ բժիշկն էր ռուսական կրթությամբ։
    Նա հայտնվեց
    - Ես էլ ձեզ եմ ման գալիս .ինչ է պատահելձեզ եմ ման գալիս։
    - Բիգ,- ասացի,- կապիտան Արսենը մահանում է, շուտ արա»։ Վազեցինք, սակայն Արսենն արդեն մեռած էր: Հանգել էր:
    Արսենի գրպանից հանեցի ժամացույցը, իրերը, փաստաթղթերը և գնացի դեպի մեր դիմացի մեծ շենքի կողմը։ Այնտեղ խրամատավորված էին մեր լենինականցի տղաները՝ Աշոտը, Մուկուչը, Ազատը, Անդոն, մյուսները… Գիտեի, որ այնտեղ կլինեն: Անցնելն անհնար էր՝ բաց տարածություն էր՝ ուժեղ կրակի տակ: Կրակում էին «ավտոմատներից», ականանետներից ու գնդացիրներից: Այս կողմից կանչեցի, չլսեցին։ Հարմար պահ գտա ու թռա իրենց կողմը:
    -Արսենը մահացավ, օգնեք մի կերպ թաղենք:
    Սկզբում չհամարձակվեցին կրակի տակով այն կողմն անցնել։ Շատ նեղսրտեցի, բայց ինչ կարող էի անել, կյանքը՝ քաղցր է… Ժամացույցն ու փաստաթղթերը որպես հարևան ու համաքաղաքացի, իրենց հանձնեցի ու ետ թռա: Ետ եկա տեսնեմ սապոգներն ու շինելն արդեն չկան, վրան չեն… Ինչ-որ շոր ճարեցի, փռեցի վրան ու նորից վազեցի դեպի մեր տղաները: Ինչքա՜ն շնորհակալ էի, երբ նկատեցի, որ նրանք արդեն պատրաստ են կազմակերպել թաղելու գործը: Որոշեցինք նույն շենքի մոտ, հենց իմ տարած արկի կողքին փոս փորել։ Դժվարությամբ փորվեց։ Թաղեցինք։ Մինչ այդ, վրացի տղաները մի կտոր «Ֆաներայի» վրա արդեն գրել էին.
    <Կապիտան Արսեն պագիբ զա րոդինու 1945 ֆեվրալ»։
    Մեզ մաս-մաս նետեցին փողոցային թեժ մարտերի մեջ: Իրադրությունն, այնպիսին էր, որ դուրս եկողը 10-15 րոպե հետո վիրավորվում կամ սպանվում էր: «Շտուրմավիկի պերյոդ» կարգադրությունից հետո դուրս էինք գալիս ու դեմ առ դեմ և կրակելով առաջանում ու դիրքավորվում։ Միայն մեր կազմով էինք առաջ շարժվում, զոհեր տալիս։ Թշնամին ընկրկում էր։ Մենք քաջալերվում էինք, նռնակների օգնությանը դիմելով առաջ գնում: Մեր հրետանին անընդհատ կրակում էր: Շենքերը փուլ էին գալիս: Տեսնում էինք, որ հիտլերականները փախուստի են դիմում, բայց նորից նոր բներում էին ամրանում, հաջորդ շենքերում: Սպասում էինք որոշակի կարգադրությունների, համալրման, սակայն բանից պարզվեց, որ մենք անմիջական հրամանատարություն չունենք, որպես «շտրաֆնիկներ», «շտատնի» հրամանատարը մեզ քշում է գրոհի ու ինքը մնում իր կետում՝ «նախկին գերիներ են ընկնողը, թող ընկնի, մնացողը՝ մնա»… Դա շատ վատ ազդեցություն ունեցավ մեր վրա: Բայց թե պատերազմ է, պետք է թշնամուն ոչնչացնեինք:
    Մենք ամբողջությամբ նախկին հրամկազմայիններն էինք: Կրակոտ տղաները կային, բոլորիս հավանությամբ հրամանատարությունը վերցրին իրենց վրա: Սեփական հրամանատարություն ունեցանք։ Սկսեցինք խորանալ քաղաքում։ Մի թաղ անցանք, սակայն թիկունք չկա, կրակային միջոցներ չկան։ Կարճ դադար տվինք, հավաքվեցինք մի շենքի տակ: Կապվեցինք «շտատնիի» հետ: Վերջինս կարգադրեց աջ կողմով շարժվել դեպի կամուրջը, մաքրել շենքերն ու փողոցը և երկաթգծի կամրջի տակով դուրս գալ քաղաքի հաջորդ զանգվածը: Մենք սոսկացինք՝ ախր կամրջի տակով չի կարելի՝ ուղիղ նշանառության տակ էր, այն էլ խաչաձև կրակի: Կամուրջը փուլ եկած էր, ռմբակոծվել էր, միայն կմախքն էր երևում: Նորից կապվեցինք «շտատնիի» հետ.
    -Թույլ տվեք գծի վրայով նետվել այն կողմը:
    -Հրամանն անքննարկելի է, չենթարկվելու դեպքում՝ գնդակահարություն… «Շտրաֆնիկներին» առանց դատ ու դատաստան
    : Ենթարկվեցինք, նետվեցինք առաջ, մոտեցանք քանդված կամրջին… Դեռ իրար գլխի չհավաքված ընկանք խաչաձև կրակի տակ… Հաշված րոպեների ընթացքում դասակից բան չմնաց… Մի քանիսիս հաջողվեց ետ փախչել: Նկատեցի թեք ընկած լայն ռելսը։ Ինձ գցեցի այնտեղ ու հասակովս մեկ երկարեցի կպա նրա ակոսին: Երկու հոգու էլ հաջողվեց նույնն անել։ Վիրավորներին հաշվել հնարավոր չէր։ Ինձ մոտեցող մեկին փորձեցի քաշել իմ մոտ՝ անհնար էր՝ գնդացրային սոսկալի կրակի տակ էինք։ Միայն հասցրեց «վախ» կանչել ու այդպես էլ մեռավ կամրջի տակ: Ես հայհոյում էի…
    Հակառակորդի կրակակետերը լռեցին: Հավանաբար, ինչ որ կողմից մերոնք վրա էին տվել ու լռեցրել: Ստուգեցինք կրակակետերը լռում էին։ Իսկույն պատրաստվեցինք ետ գալ ելակետ: Հաջողվեց, անվնաս տեղ հասանք: Ելակետում ոչ ոք չկար: Մեզ մնում էր, միավոր գտնել: Մի երկու տեղ եղանք: Ամենուր վիրավորներ էին ու առաջին օգնություն ցուցաբերող բուժքույրեր: Վիրակապում էին, մաքրում…
    Հարկավոր էր միանալ մերոնց: Ճանապարհ ընկա։ Մերոնք արդեն խորացել էին հաջորդ զանգվածի խորքերը, երկաթգիծն անցել էին խորքից՝ աջ թևից և մխրճվում էին թաղի խորքերը։ Թշնամուն հետապնդում էինք քայլ առ քայլ, շենք առ շենք: Ճանապարհին հանդիպեցի լենինականցի Անդրանիկին, հարց ու փորձ արի։ Նա թեթև վիրավորվել էր, վիրակապված ետ էր գնում: Իմացա, թե զորամասը որ ուղղությամբ է գրոհում և շարժվեցի նրանց ուղղությամբ։ Առջևս դարձյալ ծառացավ երկաթգծի թումբը: Երկու-երեք հոգով հավաքվեցինք: Հարկավոր էր մեկ-մեկ արագ բարձրանալ թումբն ու գլորվել այն կողմը։ Նետվեցի առաջ։ Բարձրանալս ու այն կողմը գլորվելս մեկ եղավ, բայց ոտքս քերծեցի և շատ ուժեղ ցավ հասցրի։ Կրակոցներ լսվեցին։ Հետիս ընկերները մնացին այն կողմը… Չգիտեմ ինչ եղան:
    Շատ շուտով միացա ինչ-որ զորամասի: Այս զորամասում էլ «շտրաֆնիկներից» բաղկացած մի վաշտ կար։ Ես այդ վաշտի կազմում էի։ Հրամանատարը մերոնցից էր, բայց ինձ անծանոթ էր: Գործողությունների ընթացքում շատ շուտով ինձ ճանաչեց։ Առաջին գիծն ու գերմանացիներին շենքերից դուրս շպրտելը, մեզ էր հանձնված, ասես մեր տված զոհերը հաշիվ չհամարվեին: Ուժեղ կրակի տակ էինք: Հրետանային հարվածներից մեզ պատսպարող շենքերն էին քանդվում։ Արկը խփեց հենց մեր կողքին կանգնած շենքին։ Շենքը փուլ եկավ, մնաց միայն այն պատշգամբը, որի տակ մենք էինք պատսպարված:
    Երեկոյան մի քիչ դադար առանք, բան-ման կերանք ու շարունակեցինք գիշերային հարձակումը: Խավարի գիշեր էր: Մեր դեմ հսկա շենքերի մի ստվար պատնեշ էր: Հարկավոր էր հետախուզել, թույլ ճեղք գտնել հարձակման համար: Կանչեց իր ընտրած 4-5 շարքային հրամանատարների, որոնց մեջ նաև ինձ ու հետախուզելու ուղղություններ ցույց տվեց։ Ինձ բաժին ընկավ ձախ թևը: Պետք է պարզեի, թե ինչքան են ամրացել ֆաշիստները: Ինձ մի շարքային օգնական տվեց: Օգնականիս ասացի, որ թել կամ ճիպոտ ճարի ու մի ծայրն ինձ տա, իսկ մյուս ծայրը ինքը բռնի, որ իրար չկորցնենք: Ոչինչ չճարեց։ Մթնշաղին տեսել էինք, որ դիմացի պատը պետք է որ շատ մոտիկ լինի: Ոտքերս քարերի կույտի առան: «Լավ է,- մտածեցի,- ետ գալիս սրանով կողմնորոշվեմ»: Փսփսոցով փորձեցի ձայն տալ օգնականիս, բայց պատասխան չկար։ Մենակ էի մնացել։ «Ինչ արած, մենակ էլ իմ հանձնարարությունը կկատարեմ» մտածեցի ու փորձեցի կողմնորոշվել։ Ճիշտ կողմնորոշվեցի։ Հասա պատնեշին ու շփոթվեցի՝ հարթ պատ էր, երևի բետոնից: Ականջս ռադիոի նման հպեցի պատին՝ ձայն-ծպտուն չկար: Լարված, լսում ու սպասում էի՝ ոչ մի ձայն կամ մարդկային գոյության հետք, ասես մի ժամ առաջ այստեղ չէր, որ թեժ մարտեր էին ընթանում։ Թույլ ձայներ լսեցի. աջ կողմից էր։ Սկսեցի զգուշությամբ առաջանալ այդ ուղղությամբ։ Հանկարծ ոչ թե ինչ-որ թեթև շշուկ այլ ուղղակի ձայն լսեցի: «Երևի այստեղ կուտակվում են,- մտածեցի,- բայց տեսնես մերոնք են, թե՞ սրանք»: Քիչ էլ մոտկացա՝ ռուսերեն էին խոսում: Վազեցի ձայների կողմն ու խառվեցի խմբին: Այս ջոկատի հրամանատարը մեր Գալաֆաթի տղաներից մեկն էր՝ Բալաշովը։ Սկսեցինք առաջ շարժվել։ Մենք էինք որոշում շարժման ուղղությունն ու մեր դասավորությունը։ Կեսգիշերին մի ընդարձակ շենքում որոշեցինք հանգստանալ և մի քիչ ննջել: Մենք ինքներս էինք ուտելիք ճարելու: Այդ շենքը նկուղ տանող երկար աստիճաններ ուներ։ Հենց այդ աստիճանների վրա էլ փռվեցինք և սկսեցինք ճարած մթերքը խժռել, ոմանք միանգամից քնեցին։

  6. #66
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս դադարը երկար չտևեց, առավոտ ծեգին նորից լսվեց. «դավայ, ստավայտե ռեբյատա, պառա»… Շարժվելու ուղղություն տրվեց։ Սկսեցինք առաջ շարժվել: Թաղամասը թեքությունների վրա էր, խիտ ու խոշոր շենքերով։ Դեմ առանք մի խումբ շենքերի, որտեղ ուժեղ դիմադրություն կար: Բաժանվեցինք մասերի։ Հրամանատարությունը յուրաքանչյուր միավորի համար առանձին խնդիր առաջադրեց: Մեզ բաժին ընկավ երկրորդ հարկը գրավելը: Հարկավոր էր առաջին հարկից զգուշանալ: Միացանք առաջին հարկը գրոհող տղաների հետ: Ավտոմատային համազարկ տվինք, նռնակներ գցեցինք ու սկսեցինք գրոհել: Պաշտպանվողները սկսեցին պատուհաններից ու մյուս դռներից դուրս թռչել: Սակայն մեր խնդիրը երկրորդ հարկն էր: Առաջին հարկի պաշտպանների հետ, երկրորդ հարկում դիրքավորվածներն էլ էին փախել: Մի քանի թեթև վիրավորներ ունեինք, առաջին օգնություն ցուցաբերեցինք ու նորից սկսեցինք առաջանալ։ Մոտեցանք շատ մեծ շենքի, որը բերնե-բերան լիքն էր՝ տեղի բնակիչներ էին: Տղաներից, ոմանք խուժեցին կանանց մեջ: Այստեղ պետք է նորից գիշերեինք: Ընտրեցինք բաց վայր և մաքրված շենքեր: Թիկունքից՝ հիմնական զորամասերից կտրվել էինք: Գիշերը կրակ վառեցինք տաքացանք: Առավոտյան պարզ դարցավ, որ մենք պետք է մեր ունեցած ուժերով ու միջոցներով հասնենք բլրալանջին: Դրանից այն կողմ՝ վերջին ուժեղ պաշտպանությունն էր:
    Առավոտյան նորից դասակ առ դասակ առաջադրանք տրվեց։ Մենք ընկանք ձախ թևը: Դիմադրությունը թույլ էր, հեշտությամբ էինք առաջ շարժվում: Ընկանք սարալանջին փռված միահարկ առանձնատների մեջ։ Այստեղ էլ առաջին անգամ օտար զորամասերի հանդիպեցինք: Հունգարական զորամաս էր։ Սրանց հրամանատարին խորհրդի կարգով ասացի, որ շարժվեն մեր ձախ թևով, այնպես, որ չպաշարվենք, չանցնեն մեր թիկունքը: Խորհուրդս ընդունեց որպես հրաման:
    Մենք առաջնում էինք համարյա դիմադրության չհանդիպելով։ Ես հանկարծ հասկացա, որ մեր այս վերելքը հաջողությամբ է ընթանում միայն այն պատճառով, որ հակառակորդը չի հասցնում մի տեղ կուտակվել, պաշտպանությունն ամրացնել։ Ուրեմն պետք էր առիթն օգտագործել՝ արագ առաջ շարժվել և թույլ չտալ, որ հակառակորդը շունչ քաշի: Նետվեցինք դիմացի լավ դիրք ունեցող տունը: Թեթև գնդացիր կար մոտներս: 4-5 հոգով հասանք այդ շենքին և գրավեցինք հնթացս կրակոցներով և հուռաններով։ Անվնաս հասանք: Զգացի, որ այս խումբը ես եմ գլխավորելու: Զննեցի շուրջբոլորն ու հասկացա, որ հիմնական հարձակման գծից կտրվել ենք: Անմիջապես կապավոր ուղարկեցի, որ մերոնք ազատ առաջ շարժվեն, ճակատն ազատ է:
    Բավական սպասեցինք: Քիչ անց տեղեկացանք, որ մեր աջ թևը դատարկվել է… Ձախում էլ հունգարացիները չեն երևում: Մենք էլ դեպի աջ շարժվեցինք, բայց վախենում էի, որ թշնամին նկատի այդ ու մտնի թիկունք: Շուտով հանդիպեցինք մեր աջ թևին։ Նրանք էլ էին դեպի աջ գնում: Մոտեցա հրամատարներին, հայտնեցի, որ մեր ձախ կողմում ոչ-ոք չկա, թևը բացվում է: Նրանք պատասխանեցին, որ այդ կողմից հակառակորդը լրիվ քաշվել և կուտակվում է մեր աջ կողմում գտնվող բարձունքներում: Ճանապարհին մեծ պահեստ հիշեցնող մի շենք տեսանք, նետվեցինք դեպի դուռը, բայց ներսում զինված մարդ չգտանք, միայն կուչ եկած ծերուկներ, կանայք ու երեխաներ էին։
    Մեզ ընդունեցին, որպես ազատարարների: Սրանք Եվրոպայի տարբեր երկրներից բերված կիսագերի բանվորներ էին։ Մեզ տեսնելով ուրախացան, սկսեցին ազատ շունչ քաշել։ Փոխանակումներ և անգամ նվիրատվություններ ծայր առան։ Մեր հրամանատարությունը հատուկ մարդիկ նշանակեց, որ սրանց ապահով հասցնեն թիկունք:
    Նորից վերադասավորվեցինք: Դարձյալ առաջ էինք գնում։ Արագ էինք շարժվում։ Գնում էինք այնքան, մինչև որ հանդիպեինք ուժեղ դիմադրության: Հենց դիմադրության էինք հանդիպում՝ կատաղի կռիվ էր սկսվում, բայց հասկանում էինք, որ չի կարելի թույլ տալ, որ լուրջ պաշտպանություն կազմակեպեն։
    Թիկունքից կտրվեցինք, սակայն արագացրինք թշնամու նահանջը։ Որտեղ և ինչպե՞ս ենք այդ օրը գիշերել չեմ հիշում: Առավոտյան ես յոթ-ութ հոգու հետ դարձյալ ընկա ձախ թևը: Ընդարձակ ճակատ գոյացավ, միմյանցից անջատվել էինք։ Կապավորների միջոցով սկսեցինք ճշտել մեր տեղերը: Մեր խմբում վրացիներն էին, մի քանի ռուս և ուկրաինացի։
    Սկսեցինք հետախուզել շրջապատը: Բնակիչների չէինք հանդիպում: Գետնափորի դռնակ տեսանք: Մի քանի կրակոցից հետո, անսպասելիորեն այնտեղից մարդիկ դուրս եկան՝ ձեռքերը բարձրացրած: Գերմանական կապավորների ջոկատ էր։ Մեջերը մի հրամանատար էլ կար:
    - «Come, come, come», կանչեցինք։
    Հիշեցի նրանք ինչպես էին մեզ 1942 թվին Կերչի նեղուցի մոտ կանչում: Խելոք էին՝ դուրս եկան ու անխոս հանձնվեցին: Վրացի տղաներն սկսեցին սրանց կողոպտել։ Սիրտս խառնեց: Կողոպտելու բան էլ չկար՝ զինվորն ի՞նչ պիտի ունենար… Այնուամենայնիվ գրպանները, գլխարկներն ու կոշիկները տնտղվեցին… Այդ ժամանակ ինձ համար անսպասելիորեն մի բան կատարվեց: Ես կատարվածից զզվելով մեն-մենակ քաշվել էի մի կողմի վրա: Մեկ էլ տեսնեմ նրանց հրամանատարը բոլորից խույս տալով, թեքվեց ու շտապ մոտեցավ դեպի ինձ։ Ոչ ոք չհամարձակվեց կանխել նրան: Նա ատրճանակը, գրպանի վառիչն ու լապտերը բերեց ու երկարեցրեց ինձ… Ես սարսռացի… Դա մի յուրատեսակ շնորհակալություն էր մարդկային վերաբերմունքիս համար։ Հիշեցի այն զինվորին որ ժամացույցս տեսավ, բայց չխլեց…
    - «No, no, no, not I don't want»…
    անգլերենի ամբողջ պաշարս սպառելով կտրուկ ետ քաշվեցի: Նա հասկացավ և ինձ մեկնեց միայն ատրճանակը… Ես դա ընդունեցի…
    Այժմ հարկավոր էր սրանց ողջ-առողջ ուղարկել թիկունք' շտաբ: Ցանկացողներ շատ կային, սկսեցին իրար հրմշտել.
    «Ես տանեմ, ես տանեմ»…
    - Թող մի սլավոն և մի վրացի տանեն,- ասացի ես հաստատ իմանալով, որ հակառակ դեպքում այդ ճարպիկները պիտի չարաշահեն մեր բոլորի վաստակի արդյունքը և ամեն ինչ վերագրեն իրենց:
    Այդպես էլ արին, իսկ մենք շարունակեցինք կրնկակոխ հետապնդել վերադիրքավորվող թշնամուն: Մենք տեղ-տեղ արդեն հասել էինք բլուրների գագաթներին: Թեքվեցինք մյուս լանջն անցնելու, սակայն կատաղի դիմադրության հանդիպեցինք։ Հակառակորդը դիմադրում էր վերջին ճիգով, այստեղ նրանց ամրակետն էր, վերջին հենարանը: Ուժեղացրել էին բոլոր կրակային միջոցները… Հարկավոր էր վճռական և գլխավորը արագ խփել: Սակայն մեր հիմնական ուժերը դեռ ետևում՝ բլուրների ստորոտում էին: Մեզ հարկավոր էր կանգ առնել, մինչև նրանք հասնեն: Մյուս կողմից, սակայն, ուշացումը հնարավորություն կտար թշնամուն դիրքերն ամրապնդելւ: Մեր բախտը բերում էր միայն նրանում, որ թշնամին հակագրոհ կամ թևանցում չէր ձեռնարկում: Անձամբ ես դրանից էի վախենում: Դրա համար էլ աշխատում էի կրակգծի թևերն ամրացնել։
    Այդ օրն էի ձախ թևի ծայրամասում և ինքս ինձ համար խնդիր էի դրել՝ ապահովել ձախ թևի պաշտպանությունը: Ինձ ընկերակցում էր ինձնից մշտապես անբաժան մի ուկրաինացի, որի հետ հասցրել էինք ընկերանալ։ Կռիվը սաստկանում էր, կատաղի դիմադրության էինք հանդիպել: Ականանետային կրակի տակ էինք, բացի այդ պատշգամբներց էլ էին կրակում: Մենք երկուսով թռանք հաջորդ տան նկուղը: Որոշեցինք կրակել գետնահարկի պատուհանից ներս: Հազիվ կարողացա մի կրակահերթ բաց թողնել, մեկ էլ աջ ոտս թռավ վերև… Ուկրաինացին բռնեց ինձ, ու անմիջապես նստեցրեց պատի տակ: Վիրավորվել էի: Ուկրաինացին անհայտացավ։ Մեկ էլ դիմացից մեր Սիմոնյանը վազեց դեպի ինձ (այն Սիմոնյանը, որ Գալաֆաթի ճամբարում չէր դիմացել ճնշմանն ու բացահայտել էր իմ գործունեությունը):
    -Ջիվան,- գոռոց,- վիրավորվե՞լ ես…. ոտքի՞ց է…. թող «սապոկներդ» հանեմ տեսնեմ, գնդակը ծակել անցե՞լ է, թե՞ մնացել է մեջը… Չի անցել. լավ ես պրծել…
    Կոշիկս արյունով լցված էր։ Ինչքան կարող էր կապոտեց ու գնաց սանիտար ճարելու: Մնացի մենակ: Շարժվել չէի կարողանում, արնահոսությունն ուժեղանում էր: Ոտքս անշարժ էի պահում՝ քիչ դեպի վերև: Բոլոր կողմերից էլ կատաղի կռիվ էր գնում: Գերմանական ականանետներն արդեն շատ էին նեղում: Մեր ուժերն իրարից կտրված էին, հրետանային կրակ բացելու հնար էլ չկար։ Հարձակվել էր պետք՝ անցել էին պաշտպանության: Ես, արնահոսող որքով, անհույս ընկած էի։ Ոտքս ասես իմը չլինի, սկսեց ուռչել ու սոսկալի ցավել: Ոչինչ անել չեմ կարողանում: Արդեն մի տեսակ թմրել, շշմել էի, մեկ էլ տեսնեմ, մեկը սողում է դեպի ինձ։ Ես կիսափուլ ծածկի տակ էի: Այդ մարդը բանակային չէր։ Ձեռքերին կապոցներ կային։ Սողաց հասավ ինձ ու գործի անցավ՝ ոտքիս արյունոտած վիրակապերը քանդեց դեն շպրտեց ու սկսեց արագ-արագ մաքրել, յոդ քսել և ամուր վիրակապել։ Երբ համարյա թե վերջացնում էր վիրակապելը, շառաչյուն լսվեց և…. մեր գլխավերևի ծածկի վրա ական ընկավ ու այդ ծածկ կոչեցյալը փուլ եկավ ուղիղ մինչև այնտեղը, որտեղ մենք էինք պատսպարված… Մնացինք ծեփերի և հողի տակ: Հարվածը չկրկնվեց: Այդ մարդն ինքն իրեն թափ տվեց, ապա մաքրեց նաև իմ վրայի հողը: Ձեռնալեզվով հանգստացրեց ինձ…
    Ես սկսեցի խնդրել նրան, որ իսկույն հեռանա.
    - Go awey,- նորից հիշեցի եղած անգլերենի պաշարս և ժեստերով ցույց եմ տալիս, որ գնա, սկսեցի հրել, թե՝ գնա՜, մահ է, ինձ թող, գնա՜,- Go awey…
    Չգնաց։ Վերջացրեց վիրակապելն ու նոր միայն թողեց գնաց։ Արնահոսությունս դադարեց։ Բարի ոգի, տեսնես որտեղե՞ղ ես, ո՞ղջ ես արդյոք, ունեցա՞ր ադյոք երջանիկ օրեր, ես ինչպե՞ս մոռանամ քեզ… Ականջիս մեջ մնաց քո միակ արտաբերած խոսքը.
    «I am doctor… Give me your adress, Please»…
    Որոշ ժամանակ անց, կրակոցները մեղմացան և անսպասելիորեն ինձ մոտ հայտնվեց Կարոն (Գալաֆաթի մեր գերի հայերից էր գյուղապետ Էր, թե՞ անասնաբուժ), տեսավ վիճակս ու խոստացավ փոխադրամիջոցի մասին մտածել: Ասի ավելորդ բեռերը վերցրու տար։ Հարկաոր չԷ թող մնա մոտդ։Այդպս Էլ գնաց։Նրանից իմացա, որ Սիմոնյանը ու կապիտան Խորենն ընկել են ռմբակոծության տակ և զոհվել…Դժբախտից դժբախտ,այս օրենքը միշտ գործում Է։ Գնաց։ Էլի մենակ մնացի, այլևս ոչ Կարոն երևաց, ոչ էլ որևէ մեկը: Մնացել էի մենակ ընկած: Ինձ օգնություն էր հարկավոր, որ գոնե մերոնց հասնեի: Ճարահատ մարդը գերուժ Է դառնում,անհնարինը հնարավոր դարձնում։Որոշեցի սողալով գնալ դես ու դեն նայել, կանչել, տեսնենք ինչ կստացվի։Ձեռքով փնտրում եմ եմ ատրճանակ գլխարկս, իրերս, ատրճանակս չկա քանդրտում եմ թափված հողերը չկա ու չկա։ Միթե՞ Կարոն տարավ, անցնում Է մտքովս,բայց չեմ հավատում կասկածիս։Կարողանում եմ ամբողջ մարմին ձգել,հետո փշրված ոտս։

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •