User Tag List

Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Այս դժոխքում Էլ տեղ չկար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այս դժոխքում Էլ տեղ չկար

    ԲԱՐՑՐ ՀԱՅՔԻ ԴԵՐջԱՆՑՈՒ
    Ջահ ջինանի կտակարան կենսագրականը
    Որ կոչվի պատառիկն Ազգին յուրյան

    Պետք Է հիշեի,թե չե՞, եթե ծնվել եմ ինչու՞ համար եմ ծնվել։ Եթե ապրել եմ որտեղ՞, ինչ եմ եղել։ Առանց այս հարցերի անձնավորման,որ քաշել ենք,կատարել ենք մարդ Էակների տարբերությունն անասուն գոյակներից չի տարանջատվի։ Իմ աշխարհ գալն իսկի կարևոր Էլ չԷր, կարող Էի գալ, կարող Էի չգալ՝շատ ենթադրականների նման։ Կարևորն այն Է, որ մնացել եմ՝ անցածի այս կտակները գալիքների տեսողության, հասկացողության ճշգրիտ մարմնացումը դարձնելու համար։
    Ծննունդս չեմ հիշում՝ բնականաբար։Նախորդներիս հիշում եմ , նրանք չհասցրին ինձ փոխանցել ծննդյան տոմարը՝իրենց հիշողությունը։ Երկուսն Էլ բզկտվեցին…ես նրանց ճվենները տեսա եկեղեցու բակում և ձորերում, որոնց ժամ Էինք ասում՝և՝ ծնող և հարազատներ…։ Մորս եմ հիշում, հորս մահվան՝ յոթի ՞, քառասունքի՞, թե տարվա՞ կրակի օջախ ծխի մնացորդը՝ մեր ախոռի դռան առաջ … հավանաբար
    Մեր ախոռի պատի տակ հորս հոգեհացի կրակն էր մոխրանում: Ինչո՞ւ էի շուտ վեր կացել, ի՞նչ էր պատահել՝ չէի հասկանում։ Պապս հետս էր։ Նա տխուր էր: Կրակարանի քարերը սևացել էին ծխից: Ինչո՞ւ էի դրանց նայում, մոխիրը խառնում՝ չգիտեմ: Պապիս՝ Տացուիս աչքերին արտասուք էր… Սա է իմ առաջին հիշողությունը: Պապիս հարցրել եմ, թե ի՞նչ կրակ է եղել, ինչո՞ւ է մեր պատի տակ վառվել… Պապս` Գևորգը, որ գյուղի տիրացուն էր և որին ես Տացու եմ ասել (երևի «տիրացու»-ն այսպես է ձևափոխվել իմ մանուկ շուրթերին), լռել է վշտակուլ: Չեմ հիշում, ի՞նչ է ասել, հետո եմ ամեն ինչ հասկացել: Դրանից հետո այդ մասին էլ չեմ հարցրել: Գերեզմանոցում ինձ ցույց են տվել հորս գերեզմանաքարը։ Դրանից հետո տեղը միշտ հիշել եմ: Գյուղի գերեզմանոցը մեր տոհմային թաղի՝ Ռստակների տների ներքևում էր, բլրի փոքր, հարթ ստորոտի վրա: Ծայրին աղբյուրն էր, որի ջուրը, չգիտեմ ինչու, այնքան էլ չէին հավանում: Աղբյուրի շրթին մեր Փիլոենց տունն էր, ապա նաև մյուսներինը։ Մեր տները շարված էին ճամփի երկայնքով, որը թեքվում էր դեպի ներքև՝ հարավ, մինչև գյուղապռունկը հանդիսացող մեր տունն ու կալը։ Մեր կալի տակով, անցնում էր գյուղի մեծ ճանապարհը, որը ձգվում էր մինչև ժամի բակը՝ գյուղի հրապարակը: Ճանապարհի մեր կողմում ամբողջությամբ հայի տներ էին՝ տոհմ առ տոհմ, իսկ արևմտյան կողմում՝ քրդերի ցաք ու ցրիվ հյուղակներ: Գյուղը շատ փոքրիկ էր: Սահմանները չորս կողմից էլ փակ էին: Հավանաբար հնում, խնձորուտների առկայությամբ պայմանավորված, գյուղն անվանվել է Խնձորիկ: Հետագայում թուրքական վարչարարությունը՝ «ձ»-ն «զ»-ի է վերածել («ձ»-չունեն), ձևափոխել ու անվանել է Խնզրի: Մեր ժամանակներում գրվում ու կոչվում էր Խնզրի: Սակայն Թուրքիայում եղել է նաև Խնզր անվամբ ապստամբ, ըմբոստ, վայրաբարո մի ցեղախումբ: Մեր ժամանակներում այդ անվանումը գործածվում էր բացասաբար: Մեկին հայհոյելու համար ասում էին՝ «Խնզր օղլի խնզր»: Դերջանի սահմանային, վերջին գյուղն էր, այն կողմում արդեն Բաբերտի սարերն էին:
    Ալի Օսման աղայի տնախումբը հայերի թաղի սահմանագծին էր, գետահայաց թեքության վրա: Ալի Օսման աղա անվանումը թունդ թուրք է հիշեցնում, այնինչ նա քուրդ էր, որը թուրքի արտոնություններ էր ստացել և գյուղի նորաթուխ ղեկավարն էր: Նա կարող էր ցանկացած հողակտորի վրա թաթ դնել, իսկ դրա փոխարեն պարտավոր էր ամեն ինչով ապացուցել իր թրքացումը, օտարացումը քրդությունից: Նաև, եթե ոչ հաճախ, ապա մերթ ընդ մերթ պարտավոր էր լինել գյուղի «մյուդյուրլիկը»՝ ենթաշրջանային զինկետի ղեկավարը: Մզկիթ չունեինք, քանի-որ թուրք բնակիչների թվաքանակը շատ քիչ էր:
    Ալի Օսմանը թեև այս վերջին պարտականությունը ստանձնել էր, սակայն դրան գրեթե ատելությամբ էր վերաբերվում, համարյա չէր կատարում: Նա բոլորովին չէր չարաշահում իրեն տրված վարձագնորդի արտոնությունները, սանձարկություն չէր անում: Նրա հանգուցյալ եղբայր Թոռունը, մեր գյուղի հայերի վրա կատարված ավազակային մի հարձակման ժամանակ, մասնակցել էր պաշտպանությանը և հենց այդ ժամանակ էլ վիրավորվել ու զոհվել, սակայն գյուղը փրկել էր կողոպուտից ու ջարդից: Ալի Օսմանը մնացել էր վերջին եղբայրը։ Ուզեր, թե չուզեր՝ պիտի թրքանար՝ մեծ ընտանիքի նահապետ էր: Դա ճակատագրով էր կանխորոշված: Նա ուներ երկու տղա, որոնք հորեղբորն էին նման՝ հավատարիմ հարևան էին:
    Թոռունի կինը՝ Խանումը, մնացել էր Ալի Օսմանի մեծ տղայի՝ Շավչիի համար և՛ կին, և՛ մայր։ Այդ Խանումը նաև երկու ջահել, սիրուն աղջիկների մայր էր: Աղջիկներին պահում էին Ալի Օսմանի փոքր տղայի՝ Հայդարի համար, որպես զույգ հարսնացուներ: Հայդար դու Հայդար, երբեք չէր մոտենում այդ հեշտագին գործարքին: Խեղճ աղջիկները հասունացել սիրո կարոտից վառվում էին, իսկ Հայդարը երգեր էր երգում, ուրիշ կանանց էր երազում:
    Հայրս՝ Հովակիմը, ինչպես ասացի, երիտասարդ հասակում էր մահացել և մայրս մնացել էր, որպես տան այրի։ Մայրս Գառնփեթակ գյուղի տերտերի թոռն է եղել։ Պապս շատ է զբաղվել հորս ամուսնության հարցով, բայց երկար ժամանակ չի կարողացել ընտրություն անել։ Հետո Գառնփեթակ հարս գնացած իր մեծ աղջկա միջոցով գտել է մորս ու հարս բերել։ Սակայն, ավաղ, մորս բախտից, հայրս տառապել է ինչ-որ երիկամային հիվանդությամբ։ Պապս նրան բուժելու համար տարել, հասցրել է մինչև Մարղվան, սակայն ապարդյուն։ Անկողնային հիվանդ է դարձել ու վախճանվել՝ ջահել կնոջն ու զավակներին թողած։
    Մորս անվանել են Բահար (պարսկերեն՝ գարուն)։ Նա պայծառ աչքերով, արտակարգ գեղեցիկ կին էր, գրաճանաչ էր և բազմաշնորհք։ Նրան հաճախ կրկնանուն էին տալիս՝ Գոհար։
    Հորեղբայրներիցս՝ Սեդրակը փոքրն էր, նրան անընդհատ կանչում էին, որ «ասկյար» տանեն։ Անվերջ դես դեն էր փախչում։ Տանը նրա աշխատանքն ու ներկայությունը տանը ես գրեթե չեմ հիշում։ Նրա կինը՝ Յաղութը (Յուղաբերը), երեք, թե չորս զավակ ուներ։ Ես երկու քույր էլ եմ ունեցել, բայց չգիտեմ ինչ պատճառով նույնպես մահացել են։ Ես մնացել էի վաղամեռիկ հորս միակ շավիղը։
    Ոչ մի բանի պակասություն չունեինք, աղքատության մեջ չէինք: Պապս իր որդիներով ստեղծել էր բարեկեցիկ կյանք: Նա հնարավորություն ուներ և՚ հովիվ, և՚ մշակ վարձելու. նայած թե ինչ էր պետք. ըստ տարվա պահանջի: Դա մասամբ լուծում էր գյուղի չքավորության օրվա հացի խնդիրը։ Պապիս մոտ աշխատողները միշտ օրհնում էին նրան:
    Մեր գյուղում միրգ չկար: Դերջանը գերազանցապես ցորենի երկիր է: Մեր գյուղը հող չուներ ոչ այգուն, ոչ էլ բանջարանոցին հատկացնելու համար։ Ոչ էլ դրանց համար առանձնացնելու ջուր: Ամենուր արտ էր ու արոտ: Գյուղի վերին ծայրում, Մեծ լեռան ստորոտից սկսած, խնձորենու և տանձենու անմշակ տարածություններ կային: Դրանք վայրի տեսակներ էին և, ինքնստինքյան, պատկանում էին Ալի Օսման աղային, քանզի Մեծ լեռան ամբողջ հյուսիս-արևմտյան լանջը Ալի Օսման աղայի հայեցողության տակ էր։ Թեև պիտի ասեմ, որ այդ այգիներից օգտվել կարելի էր:
    - Տացու, Ալի Օսման աղան թուրք՞ է։
    - Չէ ձագս, անիկա թուրք տաճիկ չէ, թրքացումն ընդունել է, որ գյուղի աղան ըլլալու իրավունք ունենա։ Դե մեզ էլ մի պաշտպան աղա է հարկավոր։ Այ անոր եղբայր Թոռունը մեզ պաշտպնեց քրդերի հարձակում թալանից։ Այն ժամանակ դու չկայիր։
    - Բա քուրդ ավազակները, ո՞ր կողմեն կուգան։
    - Ամեն կողմեն… Տաճիկ կառավարությունն անոնց կզինե ու կսե գնացեք հայերին կողոպտեք…- ու սկսեց տխուր երգել.
    «Կոտորոծն անգութ, հայերը թող լան,
    Ավերակ դարձավ շքեղ Ադանա
    Ասես հեքիաթային աշխարհ լիներ. տղամարդկանց ձմեռային հնարանքներ, նվագներ, խաղեր, ձմեռային երկար գիշերների անասապահություն, ճաշեր, ծեսեր… Ձմռան ձյունի մեջ, երեկոյան կողմը, աղվեսները հասնում էին գյուղի առաջ և չարաճճի խաղային տեսարաններ էին սարքում: Ո՞վ պիտի կրակեր. հայը հրացան ունենալու իրավունք չուներ։ Շավչին ու Թեմուրն ունեին, բայց ինչո՞ւ պիտի կրակեին՝ թող խաղ անեն՝ երեխաներն ուրախանան, շները վրա տան: Մեկ էլ լսում ես. «գիշերը գայլերը մտել են գյուղ ու Մարտիրոս ափոյենց շանը տարել են»: Գայլերին դիմադրելու համար շների վզներին «սեպասեսներ» էին անցկացնում, սակայն դա էլ չէր փրկում: Շունն ինքը պիտի քաջ լինի, հերոս լինի, որ գայլին դիմադրի: Երեկոյան հեքիաթներ էինք լսում Լուսկեն ափոյենց մեծ օդայում։ Հոգուս խորքում միշտ գայլին թուրքի էի նմանեցնում…
    Ախ, ի՜նչ գարուններ էին, երգի, հերկի, արտի, կանաչ-կարկաչ գարուններ….
    Գարնանը, երբ երկար ձմեռվանից հետո առաջին անգամ բաց օդի էինք հանում և գոմեշները փռնչում, մոզիները տրճկում կամ ցուլերը փրփրում էին՝ ճակատներին հավկիթն էին խփում…
    Մի գարուն մեր և Ալի Օսմանի գոմեշներին բերին Չերքիզենց տան կողքի բաց արտի մեջ գոտեմարտելու… Երկուսի աչքերն էլ փակել էին և բացեցին միայն այն ժամանակ, երբ իրար դեմ հանեցին։ Նրանք նախ սկսեցին գետինը փորել ու կամաց-կամաց իրար էին մոտենում։ Հետո եղավ առաջին բախումը… Այնուհետև ծնկի էին չոքում վիզները կեռ կռում, կոտոշներով աջ ու ձախ թրատում։ Գոտեմարտը երկար տևեց։ Ուզեցին բաժանել, բայց ո՜վ կհամարձակվեր մոտենալ… Վերջապես հեռացրին իրարից, բայց լրիվ բաժանելն անհնար եղավ։ Գոմեշներից մեկը սկսեց դանդաղել, ապա ցանկացավ մարտից խույս տալ։ Մյուս գոմեշը դիմադրության չհանդիպելով սկսեց ավելի կատաղի վրա տալ։ Պարտվող գոմեշն սկսեց փախչել, բայց չկարողացավ ազատվել. ախոյանը սկսեց հետապնդել այնքան, մինչև փախչողը հոգնեց ու վայր ընկավ։ Հաղթող գոմեշը վրա հասավ ու այնքան խփեց մինչև հակառակորդին սատկեցրեց։ Անսահման ոխակալ անասուներ են։
    Գարունը մեզ համար բացվում էր Զատկի տոնի հետ։ Բոլոր ծեսերը կատարում էինք, տոները՝ նշում. «Տրնդասին» (Տիառնընդառաչ) աղբյուրի մեջ ոսկե աստղը տեսնելը, «Խաչը ջուր գցելը» (Խաչվերաց տոնը) հատուկ նվիրվածությամբ էր կատարվում։ Յոթ շաբաթ սպասում էինք երդիկից կախված սոխի փետուրների վերջանալուն։ Մինչև վերջանալն ինքն արդեն ծլում էր։ Մեծ պասը, ախ այդ մեծ պասը… Անընդհատ սպասում էինք, թե երբ պիտի վերջանար։ Վերջանում էր և մեզ համար գարունը բացվում էր։
    Ծոմից դուրս գալը, թաթախունքը մի ամբողջ արարողություն էր։ Զատկին սկսում էինք կարմիր, կանաչ ձվեր կռվեցնել։
    Նշում էինք թե՝ եկեղեցական, թե՝ ավանդական տոները։ Այդ տարին եղանք «ծուռ ծառերի» համադերջանյան ուխտավորությանը… Վարդավառի՞, թե Արամազդի տոնն էր։ Բոլոր գյուղերից վտակների նման հոսում էին այնտեղ։ Իրոք որ ծառերը ծուռտիկ-մուռտիկ էին։ Առավոտ շուտ գնացինք։ Պետք է Ղարաղուլաղի հովիտն անցնեինք այն կողմը։ Ամեն գյուղ իր մշտական իջևանատեղն ուներ։ Անգամ ծանոթ քրդերն էին գալիս՝ «քիրվա» (եղբայր) էին կնքվում։ Ի՜նչ երգեր, շուրջպարե՜ր… Ինչքան ջահել բախտ փնտրողներ կային՝ այնտեղ էին հավաքվում իրենց բախտը գտնելու… Շատ դեպքերում տեղն ուտեղը խնամիանում էին։ Վանք կար անտառի խորքում։ Ծուռտիկ ծառերից թալիսմններ էին կապում։ Լարախաղացներ կային, գուսաներ, խաղեր էին կազմակերպում։ Երկու գիշերը ո՞նց էր անցնում՝ ոչ ոք չէր զգում։ Ափսոս, ամեն ինչ չէ, որ հիշում եմ։ Երգերի ու պարերի նմուշներն էլ չեմ հիշում։
    Այդ ամառն արևի լրիվ խավարում տեղի ունեցավ։ Շատ լավ հիշում եմ՝ կալ էինք անում։ Հանկարծ ամեն ինչ կանգնեցրվեց։ Մեզ հավաքեցին մի տեղ և մեջտեղ հանեցին սուրբ գիրքը։ Եկեղեցու զանգը սկսեց հնչել (մեր գյուղում զանգի փոխարեն մեծ պղնձյա թակոցով կոչնակ էին գործածում)։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.11.2010), Interdenominational (14.11.2010), ՆանՍ (16.11.2010), Շինարար (14.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •