Մոդերատորական. «Այս դժոխքում Էլ տեղ չկար (Թուրքերի մոտ շարունակությունը)» թեման միացվել է «Այս դժոխքում Էլ տեղ չկար» թեմային, որն էլ «Գրականություն» ընդհանուր բաժնից տեղափոխվել է «Ժամանակակից հայ գրականություն» ենթաբաժին:
Մոդերատորական. «Այս դժոխքում Էլ տեղ չկար (Թուրքերի մոտ շարունակությունը)» թեման միացվել է «Այս դժոխքում Էլ տեղ չկար» թեմային, որն էլ «Գրականություն» ընդհանուր բաժնից տեղափոխվել է «Ժամանակակից հայ գրականություն» ենթաբաժին:
ՈՐԲԱՆՈՑ
1918 թվին Տրապիզոնի որբանոցի «Սահակ-Մեսրոպյան» վարժարանը ոչ միայն վերապրելու, գոյատևելու հախառնություն էր ցեղասպան թրքությանը հակընդդեմ, այլև նոր աճի վերընթաց թռիչք, կյանքի, լույսի ու հույսի հաղթանակ ոխերմականի հանդեպ: Այդպիսին էր այն իր սկզբնավորման օրերից հենց:
Որբանոց-դպրոցի առաջնորդը՝ Գարեգին վարդապետը, ամեն րոպե հսկում էր բոլորիս ու ամեն ինչի վրա: Ինչ առարկայի, մասնագետի ու հարկավոր պիտույքի անհրաժեշտություն զգացվեր՝ պետք է անպայման նա ձեռք բերեր, ճարեր: Նրա նախաձեռնությամբ Տրապիզոնում ստեղծվեց որբանոցին օժանդակող հոգաբարձություն: Շատ բան էր արվում այդ հեղինակավոր անձանց միջոցով հանգանակված գումարներով:
Նրա բնակարանը, որը միաժամանակ նաև առաջնորդարան էր, գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ մի փոքրիկ մատուռում։ Ուներ իր համար նշանակված հատուկ պահակ-թիկնապահ: Դա մի հաղթանդամ, գեղեցկադեմ, անվախ և միժամանակ կիրթ ու բարեսիրտ տղամամարդ էր։ Ափսոս, անունը մոռացել եմ, ասենք՝ Սեդրակ… Անհնար է առանց հուզվելու հիշել նրա հոգատարությունը։ Նա հաճախակի հայտնվում էր որբանոցում և անձամբ ստուգում ամեն ինչ. համտես էր անում, ճաշերը, ստուգում էր ամաները, անկողինները, մեր մազերը և այլն: Գիշերները հայտնվում էր ստուգելու, թե որ որբն ինչպես է շնչում, ինչպես է առաղջությունը, արդյոք չի՞ բացվում, արդյոք ցնցումներ, անրջանքներ ու վախ չունի՞, արդյոք հոգատար ու պարտաճանա՞չ են գիշերապահ մայրիկները: Հազվադեպ էր պատահում, երբ որևէ մեկը հիվանդանար ու մենք բժիշկ չունենաինք:
Միսիան գլխավորողներից էին պարոն Հմայակը՝ թվաբանության դասատուն կովկասից, պարոն Վարդանը՝ մարմնամարզության ու երգի պարի դասատուն Բուլղարիայից, պարոն Վարդգեսը՝ պատմության և գործականի դասատուն, տիկին Մելինեն՝ նկարչության ու գեղագիտության, և տիկին Սիրանը՝ ասեղնագործության: Մեր դասարանի հետ սերտորեն կապված էին երկուսը, պարոն Գուրգենը՝ հայոց լեզվի և գրականության դասատուն, և պարոն Հմայակը՝ թվաբանություն ու «մի քիչ էլ տարրական ֆիզիկա»: Պարոն Գուրգենին վստահվեց նաև աշխարհագրության հետ մեր ծանոթությունը:
Անգլերենը սիրահոժարությամբ վերցրեց ինքը՝ միսիոներ Սթեփլթոնը։ Սթեփլթոնը վարժարանի միանձնյա տնօրենն էր: Մինչ այդ՝ նա եղել էր հայկական գրեթե բոլոր նահանգներում, ուսումնասիրել էր ամբողջ հայության կյանքն ու կենցաղը, մշակույթն ու պատմությունը: Խորությամբ գիտեր և խոսում էր արևմտահայերեն։ Գիտեր նաև թուրքերեն: Հաղթամարմին, կարմրամորթ, բարեկիրթ ու բարեհաճ մարդ էր։ Խիստ հագեցած էր ամերիկյան ազդեցության տարածման քաղաքանությամբ ու դիվանագիտությամբ։ Նա շարժվում էր՝ «սիրաշահիր, ենթարկիր և ծառայեցրու քեզ» սկզբունքով: Շնորհիվ այն հանգամանքին, որ նա ինքն էր մեզ անգլերեն լեզու դասավանդում, լավ ճանաչում էր մեր դասարանցիներից յուրաքանչյուրին իր յուրահատկություններով և ընդունակություններով հանդերձ։ Ըստ այդմ էլ հանձնարարություններ էր տալիս: Մեզ դասավանդում էր, իհարկե, իր իսկ պաշտոնավայր՝ հյուպատոսարանում, որը նաև իր ընտանիքի բնակարանն էր՝ հայի լքյալ դղյակ: Որոշյալ ժամերին, մեր դասարանը առանց բացառության գնում էր ողղակի իր բնակարանը՝ հյուպատոսարան: Նստում էինք լուռ ու քաղաքավարի: Գալիս բազմում էր ահագին աթոռին և հաճախ զվարճալի ներածականներով ու զուսպ ծիծաղով, սկսում էր գործնական զրույցը մեր մասին, մեր գավառների մասին, մեր ժողովրդի ու նրա դժբախտ դեպքերի մասին, թեև խուսափում էր ցեղասպանված իրողության ծնունդ՝ մեր վերքերը թարմացնելուց: Չեր խոսում թուրքերի մասին։ Հիշում եմ, լեզուների համեմատություններ էր կատարում, ի ցույց էր դնում գերմաներենի կոպտությունն անգլերենի համեմատությամբ նույնական բառերի օրինակներով. «ախթեն-ակսթեն»…. ու ծիծաղում էր:
Երբեմն էլ մեզ հրավիրում էր տան ետեևի մեծ պարտեզը. ի՜նչ մրգեր կային… Թուզը քաղում էր դնում բերանը, երկար ծամում ու նոր կուլ տալիս։ Մեզ էլ խրատում. «ինչ որ կուտեք՝ լավ ծամեք նոր կուլ տվեք. ստամոքսը չպիտի ծանրաբեռնել»: Անգլերենի փոքրիկ դասագրքերը ինքն էր տրամադրել և կարդալ-գրելն իր ներկայությամբ էինք կատարում: Ճանապարհ էր դնում նոր հանձնարարություններ տալով: Եթե ժամանակ էր ունենում՝ հյուրասիրում էր մեզ թեյով, մրգով, խմորեղենով… Մենք գոհ էինք նրանից: Նրա տանը միայն երկարահասակ նուրբ կինն էր լինում: Զարմանալի տխրադեմ, լռակյաց, խոնարհ, խուսափող: Ինձ թվում էր, թե նա իր տեսած-ապրած-ականատեսի վկայություններով այնքան էր սևակնել, որ իր արտաքինն էլ էր սևացել. միշտ սև սգավոր հագուստների մեջ էր: Միայն դուրս գալիս էր սպիտակ հագնում: Ցեղասպանության, ջարդերի, կոտորածների, հեղձումների, հրկիզումների, ավերանքների, կողոպուտ-թալանների ամենաաներևակայելի տեսարանները նրան հանգիստ չէին տալիս: Չէր կարողանում, մեզ մոտենալ. գուցե նաև լացն էր գալիս.… իրենք երեխա չունեին: Չեմ հիշում, որ նա որևէ բառ խոսած լինի մեզ հետ: Ինչպիսի սիրով ու հեզությամբ էր մեզ՝ որբերիս, թեյ մատուցում: Ինչ որ է.… ամբողջ ասելիքս սպառել չեմ կարող:
Որբանոց-դպրոցն անմիջապես ստեղծեց ֆիզկուլտուրա , երգի, պարի, երաժշտական (ջութակի) և թաթերական խմբեր: Դասերից հետո մեր դասարանը հաճախում էր ջութակի խմբի պարապունքին: Վարդապետը ճարել էր մի ռուս էմիգրանտ, որը հոյակապ մասնագետ լինելուց բացի, ազնիվ, բարեխիղճ, հոգատար և շատ համակրելի արտաքինով մարդ էր՝ նրբադեմ, կապուտաչյա, մի քիչ երկար, բայց ներդաշնակ հասակով: Շատ մելամաղձոտ էր, զգայուն մատների և լարերի տեր: Գնում էինք իր վարձած տունը, որը նույնպես հայի լքված տուն էր: Իսկույն սկսում էր պարապմունքը: Միշտ հետևում էր յորաքանչյուրիս մատների դիրքին, լսողությանը: Անմիջապես ջութակ ունեցանք:
Այնուամենայնիվ այդ լավ մարդու՝ ռուս էմիգրանտի տնտեսական դրությունը ողբերգական էր երևում: Տրապիզոնում այդ «ինտիլիգենտը» ոչ ոքի պետք չէր իր միակ ջութակով: Ընտանիքով ծանրաբեռնված՝ նա պիտի ապրուստ գտներ: Ջութակը պետք եկավ միայն մեր՝ որբերիս համար: Դրա համար էլ նա ավելի կապվեց մեզ հետ:
Ամենայուրահատուկ բնավորությունը թվաբանության ուսուցիչ-դաստիարակ, քննադատ պարոն Հմայակինն էր: Չափազանց շատ ծխող, չափից ավելի մենակյաց, շատ արագ զայրացող, ապշող, ընկալող, փոփոխվող, փիլիսոփայությամբ տարված մտքով, բանաստեղծություններ հորինող… Իր գրածները մեզ չէր կարդում: Մի երկու անգամ միայն կարողացանք կարդալ տանք և անմիջապես էլ անգիր արինք նրա երկու բանաստեղծութունները։ Դրանց բովանդակությունը վարակիչ անձնախոհական էր, տարաշխարհիկ, թախծալի… Ստորագրում էր Հմայակ Շեմս: Հետագայում հենց այդ անունով էլ մի քանի ստեղծագործություններ լույս աշխարհ եկան: Նրա դասերին խոսել, խանգարել, աղմկել հնարավոր չէր: Լուռ էինք. թվաբանությունը դժվար առարկա էր, ինքն էլ շատ խոսող չէր, կարճ ու քիչ էր բացատրում: Վարդապետի հետ այնքան էլ բաց սիրտ չէր: Այնքան մոլի էր ծխում, որ մատները մշտապես դեղին էին։ Պարոն Հմայակը նաև նուրբ դեղնակալած սրածայր մորուք էր թողնում, որը մատների դեղնության հետ իր մաշկին էլ էր դեղնութուն հաղորդում։ Զուրկ չէր նաև կոնծումներից: Գրպանում՝ չէ՛, բայց կացարանում շշերն անպակաս էին:
Հետագայում մտցվեց նաև թուրքերեն լեզվի պարտադիր ուսուցում, որի ուսուցիչն էր թուրքերեն կրթություն ստացած պարոն Գուրգեն «էֆենդին»:
Հաճախ իր գլխին եկածը պատմում էր նաև Փիրուզ մայրացուն. «Մեզ հասցրին Կամախ… Մինչ այդ Եփրատ խոր կիրճերում, ամեն ձորում, հանդում կանգնեցնում էին, ջոկոտում… Ո՞ւր էին տանում, ի՞նչ էին անում, ո՞վ էր ողջ մնում, ինչպե՞ս էին սպանում… Շատերին մեր աչքի առաջ էին կոտորում։ Կտրատում ստինքներն էին հանում… Ա՜խ, Շուշանիկիս աչքիս առաջ կես արին… Գյուղ էին գալիս ու ինչե՜ր էին անում… Հռհռում էին…
Ախ, ժողովուրդ, հայ ժողովուրդ
Շուշանիկս ո՞ւր է, ո՞ւր։
Որդուս տարան կերան,
Ախ, ժողովուրդ անօգնական,
Քո Աստվածը ո՞ւր է, ո՞ւր…
Ժայռերց, ափերից, կամրջներից խումբ–խումբ թափում էին, սպանում ու հետն էլ երգում.
Սվին, սվին, ջան սվին,
Խրվիր հայ կնոջ կոնքին,
Հանիր փորի երեխան,
Ծնունդ տվող արգանդն այն
Հոպա՝ դեպի մեծ գետը։
Հային սահմանված տեղը
Հոս է վերջին իր կետը…
Մաֆ-մահակը շլինքին՝
Մեր պարծանքն է հայի դին…»
Հետո, փորձելով մեզ քաջալերել, ասում էր. «հայ ժողովուրդը պետք է պատասխան գտնի. միայն լալով ու ոսոխից վրեժ չառնելով, չի լինի տղաներ: Միասնական հարված է պետք: Մեր անկազմակերպությունը, մեր ղեկավարների ապիկարությունից է: Հայրենիքը կորցնում է նա, ով իր ուժերի միահամառությունը կորցրել է: Թշնամին ուժեղ է այնտեղ, որտեղ դիմադրությունն է թույլ...
Ես՝ հայուհի, հղի վիճակումս կարիք ունեի պաշտպանության, ոչ թե թուրք սվինի, որը վիժեցրեց սրբությունս: Ես վազեցի մեծ մանչուկիս ետևից։ Նրան մորթեցին, Շուշանիկիս տարան… Ես ընկա, չգիտեմ ինչ եղա…»…
Հետո սկսում էր երգել։ Մենք՝ որբերս, Թագուհի խոհարարուհու, Հեղինե ու Մելինե դաստիրակչուհիների հետ ձայնակցում էինք նրան։
Շինարար (22.11.2010)
Շուտով մենք շողացինք, որպես քաղաքի լուսավորության խորհրդանիշ։ Վարդապետի և պարոն Վարդանի ղեկավարությամբ, տվեցինք մի այնպիսի մարզահրապարակային տոնահանդես, որին հանդիսական լինելու, առավել ևս պատվավոր հյուր դառնալը, պատվաբեր և գրեթե պարտադիր դառավ քաղաքի պաշտոնատար անձանց համար: Նման ծավալուն հանդիսություն կատարվեց նաև Վարդանանց տոնի կապակցությամբ՝ եկեղեցում: Քաղաքի եկեղեցին մեր դպրոցի շենքի վերևվումն էր, մեզնից ոչ հեռու՝ քաղաքի կենտրոնի հյուսիսային մասում։ Կարճ ժամանակում այդ ասպատակված եկեղեցին նույնպես վերականգնվեց և սկսեց ակտիվորեն գործել։
Այդ օրն այնպիսի մի շքեղ տոնակատարություն եղավ, որ նկարագրելն անգամ դժվար է… Մեզ միացել էին նաև հունական եկեղեցին, քաղաքի կաթոլիկությունը և պատվելի Սթեփլթոնի բողոքականությունը: Այդ ամենի մեջ կենտրոնական դեմքը՝ պատարագիչ-քարոզիչը, մեր սևաչ, սև, փափուկ, թավ մորուքով և սրբազան խաչով, սրբազանն էր՝ Գարեգին վարդապետը:
Այստեղ ես պիտի կանգ առնեմ մեր վարդապետ-առաջնորդի կերպարի, նրա անմնացորդ նվիրվածության վրա: Նա դիվանագետ, փորձված, բանիմաց, անհատականություն էր: Արտաքին կոպտության նշույլ անգամ չկար վրան։ Զարմանալի ներդաշնակություն էր՝ կազմվածքի, դիմագծերի լիակատար համաչափություն, մեղմություն: Մատերը մազոտ ու նուրբ էին։ Ուներ այնպիսի մանր ու գեղակերտ ձեռագիր, որ հավատդ չէր գալիս, թե սա ձեռագիր է: Նրա ամեն մի էջը՝ հաստված գործ էր… Տառերն այնպես էին ձուլված, որ ասես եթերային հյուսկ լիներ: Որքան կուզենայի, որ նրա ձեռագիրն իր տեղը գտներ մեր ազգային արվեստի թանգարանում: Ամենաանզուգականների մեջ, անգամ, այն իր պատվավոր տեղը կունենար:
Նա կազմակերպեց ևս մի տոն, որի մասին պետք է խոսեմ: Հստակորեն չեմ հիշում, թե ինչ տոն էր. համբարձմա՞ն,
նավասարդյա՞ն… կարծեմ մայիսյան օրեր էին… Սրբազանն անձամբ ինքն էր նախապատրաստել ամեն ինչ: Գրել էր այնպիսի մի ստեղծագործություն, որը մեր դասական նմուշների հետ է միայն համեմատելի: Ինքն էլ եղանակավորել էր այն… Այնպիսի վարակիչ երաժշտություն էր… Մինչև հիմա էլ միտս են առաջին քառյակն ու երաժշտությունը: Հիմա այդ դրանք ոսկե ֆոնդի նմուշներ կլինեին.
«Հայրիկ-մայրիկ չունենք, սակայն որբ չենք
Բարերարներ շատ ունենք մենք
Որոնց վեհ, ազնիվ անձն,
Գործերն օրհնյալ չենք մոռանա հավետ,
Չենք ուրանա աղոթքներով երախտագետ»։
Որքան սրտաբուխ ու բաղձալի երաժշտություն էր… Թեև գիտեմ, հիշում, երգում եմ ինձ համար, բայց ափսո՜ս, պիտի կորչի: Ուզում եմ երգեմ, բայց ավա՜ղ…. դուք դա չեք լսի դուք ինձ նման կարոտով:
Սրբազանը մեր խորոտիկ, աղջիկների համար առանձին որբանոց-քույրանոց էր ստեղծել: Հայերին պատկանող լքված շենքեր կային… վերցնում էինք, որը հարմար էր: Այդ շենքի որբանոցը դեպի «բոզթեփե» գնացող ճանապարհին էր՝ վերելքի վրա: Այդտեղով էինք գնում պատվելի Սթեփլթոնի տուն՝ «Ամերիկյան հյուպատոսարան», որն ասես իշխում էր այդ ծովահայաց կողմի վրա: Կենտրոնական փողոցի գրեթե բոլոր շենքերն էլ հայերին էին պատկանում: Ձախ կողմը թրքություն էր՝ համարյա շենք չկար:
Ահա այդ որբանոց-քույրանոցի հաճելի, մաքուր շենքում էլ կազմակերպված էր օրվա հանդիսությունը: Հետճաշյա ժամ էր: Ներկա էին կաթոլիկության ղեկավար շքախումբը, բողոքականների պատվիրակությունը՝ պատվելի Սթեփըլթընի գլխավորությամբ, ազդեցիկ թուրք պաշտոնեաներ, մեծատուն հայեր ու քաղաքի հայ հասարակությունն ամբողջությամբ: Ընդարձակ հանդիսավայրում տեղ ու դադար չկար։ Եվ մենք երգեցինք… Ի՜նչ ոգևորությամբ, ներքին ի՜նչ խոր ապրումներով կարկաչեցինք մեր մանուկ, բնական մաքուր կլկլոցներով… «Մեր հայրենիք» հիմնից հետո երգեցինք՝ մեր առաջնորդ-վարդապետի հեղինակած «որբերի հիմնը».
«Հայրիկ-մայրիկ չունենք , սակայն որբ չենք:
Բարերերարներ շատ ունենք մենք…»…
Մինչև ուշ երեկո, մեծ ու փոքր որբուկները բեմում՝ հոծ հասարակության առաջ, ներկայացնում էին իրենց բողբոջուն ծրագիրը՝ ասմունք, արտասանություն, երգ պար: Մինչև ուշ երեկո ոչ այդ այլազգ, այլախավ ու այլադավան, հասարակությունն էր ցրվում, ոչ էլ վերջանում էր մեր ծողկող ուժերի բաց ցուցադրությունը։ Տոնախմբություն էր դա, և հավաքվածները դեռ երկար ժամանկ կիսում էին իրենց տպավորություննեը այդ մեծ հանդեսից։
Գարեգին Հովսեփյանը՝ մեր վարդապետ-առաջնորդը, փայլեց իր կազմակերպչական տաղանդով ամբողջ քաղաքին ի զարմանս, քանզի այդ հանդեսը սրբազանի նաև դիվանագիտական նուրբ, խոր ու կիրթ գործունեության արդյունք էր։
Իր ճառում արձանագրելով հայ ազգի գոյության որբանոցային փաստը, նա իր երախտագիտություն էր հայտնում այս բազմազգ քաղաքի հանրությանը, եղեռնապուրծ հայության այս բեկորների՝ այս որբուկների հանդեպ հոգատարության համար։
Ահա մեր Գարեգին եպիսկոպոսի դիվանագիտության ևս մի նմուշ: Նա հաջողացրեց ստանալ Սթեփլթոնի բարեհաճությունը առանց նրա գաղափարական ներգործությանը ենթարկվելու։ Դա սովորաբար համարվում էր անհնար, մանվանդ, որ դրանից առաջ, նրանք արդեն բախվել էին, և ահա թե ինչու: Միսիոներությունն ուներ քաղաքականության. «եթե իմ շնորհիվ ես ապրում, գոյատևում, ապա քո ուղղեցույցը ես պիտի լինեմ, ոչ թե դու ինքդ»: Հարկավոր էր հայկական ոգու դաստիարակությունը թուլացնել, փոխարինելով բողոքական ամերիկյան ոգով։ Աստիճանաբար որբերին նախապատրաստել, ամերիկյան քաղաքականությանը զինվորագրելու, ընդհուպ ամերեկիյան քաղաքցիներ դառնալու բաղձանքով:
Նկատելով, որ մենք հանուն պատառի մերը չենք ուրանում, իր կողմը չենք թեքվում, պահանջեց, թե՝ եթե ուզում եք ուտել՝ պիտի հետևեք ինձ… Վարդապետին նա ուղղակի ասել էր.
Ձեր ապրուստը մենք ենք ապահովում, հետևաբար դուք մերն եք:
Չեղավ,- ասել էր մեր առաջնորդը,- մենք՝ մերն ենք, դուք՝ ձերը, մենք ապրում ենք մեր ազգի վերածնունդի համար, ուտելու համար չենք ապրում:
Այդ դեպքում ես վախենում եմ, որ ստիպված ենք լինելու կտրել ապրուստի մատակարարումը…. ի՞նչ կասեք։
Ոչինչ։ Շնորհակալ ենք մինչև հիմա ցուցաբերած Ձեր անգնահատելի օգնության համար։ Մնում է, որ հետայսու մեր ապրուստի մասին ինքներս մտածենք:
Թվում էր, թե այդ բախման հետևանքով ու ծանր կացության մեջ ընկնելն անխուսափելի է, սակայն վարդապետը «պատվելուն» հասկացնել էր տվել, թե ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչպես ինքը կարծում է։ Կար մի լուրջ հանգամանք, որի ճիշտ օգտագործումը սրբազանին հնարավորություն ընձեռնեց մեղմել «պատվելու» կոշտ դիրքորոշումը և փոխզիջումների գնալ. սրբազանը չվարանեց շպրտել «պատվելիի» երեսին, թե չպետք է մոռանալ, որ հայթայթվող առատ նյութական պաշարների առյուծի բաժինը ոչ թե բուն ամերիկացիների, այլ ամերիկահայ հասարակության նվիրատվությունն է, և դրանք նախատեսված են հենց հայ որբերի համար։ «Պատվելին» այն բաժանում է բոլորին անխտիր, անագամ ցեղասպան թուրքերին, և այդ հանգամանքը դժվար թե գոհացնի ամերիկահայ բարարարներին, և որ ինքն էլ ստիպված կլինի խոսել այդ մասին…
Մեր առաջնորդը պարզորոշ հասկացրեց «պատվելուն», որ մենք հայ ենք՝ մեր մշակույթով ու ոգով: Մեր ազգային կյանքի ու ժառանգության տերը մենք ենք, մի՛ խառնվեք մեր մշակույթի, հոգևոր ինքնության, մեր հայրենական-ազգապաշտպան գործերին: Կատարեցեք բարերարի Ձեր սրբազան դերը, որի համար մենք հավիտյանս երախտապարտ կլինենք Ձեզ։ Ձեզ համար նախատեսվածը՝ մեր աղոթքն է.
«Հայրիկ մայրիկ չունենք, սակայն որբեր չենք,
Բարերարներ շատ ունենք մենք…»…
Թեև սկզբում լարվածությանը հասավ ծայրագույն աստիճանի, սակայն աստիճանաբար բախումները վերածվեցին փոխզիջման։ Պատվելին իր դիրքորոշումը մեղմեց, զիջումներ արեց։ Իր հերթին վարդապետը թույլ տվեց, որ մենք, կազմզկերպված, ձևով ներկա լինենք ժողովարանի քարոզներին ու բողոքական տոներին: Աղոթում էինք փակ աչքերով: Նրանց ժողովարանում, նստարաններից ու բեմ-ամբիոնից բացի որևէ այլ զարդ, նկար կամ զգեստ լինել չէր կարող: Միայն աղոթագրքեր էին։ Նրանց մոտ միայն Ավետարաններ կային։ Երևի դրա համար է որ նրանց կոչվում են ավետարականներ: Աղոթքեներից հետո նվիրատվություններ էին հավաքում։ Ավելի հաճախ այդ գործը կին էր գլխավորում:
Պատվելին նաև լրացուցիչ քաղաքականություն էր կիրառում. ժողովարանի աղոթքի ավարտից հետո, բաժանում էր նյութական օգնություն…. բոլոր ներկա եղողներին:
Մեր պարոն Ահարոնը նրա ամենաեռանդուն աջակիցն էր։ Նրան անվերապահորեն վստահում էին: Պահեստների, բաշխումների գործավարությամբ նա էր զբաղվում։ Նրա ընտանիքն ամեն ինչով ապահով էր:
Այնուամենայնիվ, երկու-երեք ամիս մենք ստիպված եղանք ապրել անկախ՝ առանց «պատվելու» օգնության, սակայն առանց առանձնակի դժվարությունների։ Դա նույնպես մեր վարդապետ-առաջնորդի խելամիտ միջոցառումների շնորհիվ։
Նախ՝ նա գումարեց քաղաքի ազդեցիկ հայերի համաժողով: Այդ հայերից շատերն իրենց գործարարությամբ, արդեն դառել էին ունեվոր և ազդեցիկ դեմքեր: Այդ նոր հայերը թեև նոր հոգեբանություն ունեին, սակայն նրանց միավորողը, միասնականության պատրանք ստեղծողը մեր որբանոցն էր։ Նրանք ջերմությամբ էին վերաբերվում մեր որբանոց-դպրոցին՝ ազգային-հոգևոր վերածնունդի միակ ակունքին: Սրբազան-առաջնորդի համար այնքան էլ դժվար չեղավ նրանցից միահամուռ աջակցության երաշխիքներ ստանալը։ Նրանք խոստացել էին աջակցել և իրենց խոստումներն իրագործեցին թև ու թիկունք դառնալով մեր որբանոցին:
Տրապիզոնի հայությունն ուներ նյութական օժանդակություն ցուցաբերելու բավական լայն հնարավորություններ։ Դրանք բազմազան էին։ Հիշատակեմ միայն մեկը՝ Վանքը: Վանքը Տրապիզոնի շրջակայքի ամենանշանավոր պտղառատ վայրն է: Վարդապետը, միջազգային իրավական նորմերը կիրառելու միջոցով կարողացել էր վերցնել այն բարբարոս, ավարառուներից՝ թուրք իշխանություններից: «Սուրբ խաչը» մեծ վանական համալիր էր, պատմական հուշարձան։ Ընդարձակ բերքառատ կալվածքներ ուներ: Ուր՞ էին նրա վանականները, բնակիչները…
Այս ճանապարհով բազմաթիվ շենքեր ու կալվացքներ մեր տրամադրության տակ անցան: Հայերին էին պատկանել՝ նորից անցան հայերի տրամադրության տակ։ Մենք՝ եղեռնից պրծած հատ ու կենտ որբերս, դիտվեցինք իբրև ժառանգորդ և մենք էլ պետք է տեր լինեինք հայոց թողած ժառանգությանը:
Պարոն Վարդանը, ինչպես ասացի, շատ երիտասարդ, շնորհաշատ ու նվիրյալ մարդ էր ու… անզուսպ: Ընտրելու, ընտանիք կազմելու ոչ ժամանակ, ոչ էլ հնարավորություն ուներ: Դասերից հետո նա մեզ հետ էր: Գիտեր ամեն մի որբի ընդունակությունն ու շնորքը: Ջոկել էր պարողների և երգիչների խմբերը: Նրա գլխավորությամբ մենք ելույթներ էինք ունենում ցանկացած մրցույթների ժամանակ՝ երգի, պարի, արտասանության, մարզական շնորհքի… Ունեցանք նաև «ոտնգնտակի»՝ ֆուտբոլի խումբ:
Շուտով մարզական ասպարեզում, պարոն Վարդանը ինձ առաջ քաշեց, որպես աչքի ընկնողի։ Մենակատարը ես էի ու շարքը կատարում էր ինձ հետևելով: Սովորաբար շարքի սկզբում ետ էի։ Հետո դառա երկրորդ, ապա նաև երրորդ։ Առաջինը միշտ Գրիգորն էր, որը և հասակով, և տարիքով մեծ էր: Նա մեր շնորհալի նկարիչն էր, պարոն Գուրգենի փոքր եղբայրը: Նկարիչ դառնալու հատուկ նպատակ ու ձիրք ուներ: Հետագայում այդ ուղղությամբ տանջվել էր: Ինչ եղավ չգիտեմ:
Այդ հակակրանքն այն աստիճանի խորացավ մեր մեջ, որ վարդապետը մտահոգվեց և սկսեց լրացուցիչ միջոցների դիմել։ Լրացուցիչ զրույցների ժամանակ նա բացատրում էր, որ մենք չպետք է հեռանանք մեր հայությունից, մեր պապենական հայաստանյան սուրբ հավատքից, որի համար բազմիցս նահատակվել է մեր հայ ժողովուրդը: Սակայն ուշ էր։ Մեր ղեկավարությունն ու ուսուցչությունն էլ էր սկսել հարել տարբեր հոսանքների: Ուսուցիչներից պարոն Գուրգենն ասում էր. «աշխարհում շատ հայեր կան, ես հազիվ կարող եմ լոկ իմ դարդի մասին մտածել»: Պարոն Հմայակի դիրքորոշումը ավելի շատ համընկնում էր Ռամկավարների բռնած դիրքին։ Նա էլ հարում էր Ռամկավար կուսակցությանը: Պարոն Վարդգեսն ու պարոն Վարդանը հոգեհարազատ կուսակցություն չունեին։ Ոմանք էլ Հնչակյանների ուղղության կողմնակիցներ էին: Ամեն ինչ խառնվել էր։ Դառը անցյալն անողոքորեն ցույց էր տալիս, որ սուտ ու փուչ էին բազմաթիվ արմատացած համոզմունքներ։ Նոր կռվաններ էինք փնտրում։ Գարեգին եպիսկոպոսը թեև չէր ընդունում և ոչ մի գաղափարախոսություն, սակայն նրա դիրքորոշումը ավելի շատ դաշնակցական էր։ Նա համոզված էր, որ «մեր հարցերի լուծողը մենք ենք, մեզ միայն օգնել է պետք»: Նրա և պարոն Վարդանի գործունեությունը սկսեցին հակասել միմյանց։ Սրա արդյունքում մենք ունեցանք, այսպես կոչված «Վարդանյան» ապստամբություն։ Պարոն Վարդանը մեզ հավաքել էր իր շուրջը, իբրև բռունցք: Դա մեզ հետ նրա ամենօրյա շփման արդյունքն էր: Անսպասելիորեն շշուկ անցավ, թե պարոն Վարդանին ազատում են: Քաղաքի թուրք ղեկավարությունն էլ էր ակնարկել այդ մասին, սակայն մեր միահամուռ դժգոհոությունը հաշվի առնելով, այդ գործը ձգձգեցին: Եվ ահա մի կիրակի, առավոտյան կողմ, պարոն Վարդանը եկավ, թե. «մնացեք բորով տղաներ, ինձ ազատում են, իրավունք չեն տալիս ձեզ հետ աշխատելու, գնում եմ»: Դարբասը փակ էր: Քեռի Համբարձումն էր պահակը: Պարոն Վարդանի դուրս գալուց անմիջապես հետո դարբասի դուռը կողպեց: Տղաները սկսեցին դուրս թռչել բակի փլուզված պատերի վրայով, դուրս պրծան ու գնացին միանալու պարոն Վարդանին: Կատարվեց անսպասելին. ոչ մեկը դպրոց-որբանոցում չմնաց, անգամ ամենավերջին փոքրիկը։ Դպրոց-որբանոցը դատարկվեց, միայն ես մնացի կարկամած կանգնած։ Տատանվում էի։ Մեկ թեքվում էի գնալու, մեկ էլ փոշմանում։ Ինքս ինձ հանդիմանում էի, բայց չգիտես ինչու մնում էի կանգնած։ Ախր ինչո՞ւ ես՝ պարոն Վարդանի ամենասիրելին, մնացել եմ կանգնած, ինչո՞ւ չեմ գնում… Մինչև հիմա էլ ինքս ինձ հանդիմանում եմ, չգիտեմ վախկոտությո՞ւն էր դա, թե՞ ուրիշ մի բան… Պրազապես զգում էի, որ պարտավոր եմ մնալ, որ չի կարելի լքել այն օջախը, որտեղ ծիլ տվել և աճում էր հայի վաղվա օրը։ Ներքին մի ձայն կարծես ասում էր. «չէ՛, մի՛ գնա, ո՞ւր ես թողնում որբանոց-դպրոցդ, մի՛ գնա։ Պառակտումն, ախր, ավերիչ է, ատելի է, նրանք ճիշտ են մտածում, բայց ճիշտ չե՛ն անում… Ես էլ կարող եմ գնալ, բայց չե՛մ գնա։ Ո՞վ է ծնողդ, բարեկամդ, հարազատդ…. սա է՝ որբանոց-դպրոցդ՝ Սահակ Մեսրոպյան վարժարանը: Պարոն Վարդանը ազգի նվիրյալ որդի է, մեր ամենամտերիմ ուսուցիչը, բայց եթե այնպես է ստացվել, որ նա պիտի գնա, ուրեմն թող գնա։
Եկան ու ի զարմանս իրենց որբերից մեն միայն ինձ գտան, չնայած բոլորն էլ գիտեին իմ ու պարոն Վարդանի կապվածության մասին: Նույն օրն էլ ես նստեցի ու իմ անվաժ, տարրական կիսագրագիտությամբ մի դումում գրեցի: Երանի կարողանայի վերհիշել, թե ինչ եմ գրել… Բովանդակությունը մոտավորապես եմ հիշում, առանց հույզ ու հուզմունքի, թեև այն ժամանակ արցունքներով եմ գրել: Մոտավորապես հետևյալն էր.
«Եղբարներ եկեք, վերադարձեք, հավաքվեք, մեր ժողովրդի ծոցը սա է։ Ցիր ու ցան մի եղեք։ Կներեք, որ ձեզ չեմ միացել, պարզապես ես ճիշտ չեմ համարում այդ պառակտիչ քայլը։ Ետ եկեք, ու՞ր պիտի գնաք, ինչքան ժամանակ պիտի թափառեք։ Ուղղեք ձեր սխալը վարդապետը կնդունի ձեզ։ Ես սպասում եմ ձեզ։»
Այդ օրվանից մեր դպրոցի մեջքը կոտրվեց: Երկու-երեք օրից բոլորին էլ գտան ետ բերին։ Պարոն Վարդանն ինքն էր նրանց համոզել ետ ուղարկել։ Պարոն Վարդանին մենք այլևս չտեսանք։ Դպրոցն այլևս իր նախկին կենսուրախությունը չապրեց:
Դպրոցում հավաքվել էր պատկռելի գրադարան։ Առավոտ կանուխ, մինչև մյուսների վեր կենալն ու ծով գնալը, գաղտնի վեր էինք կենում ու վազում գրադարան։ Մրցում էինք, թե ով պիտի մի գիրք ավել կարդա ու պատմի: Մեր ձեռքով նկարված հայ դասականների նկարները շարված էին միջանցքի պատերով մեկ: Դրանցից Աղայանն էր ու Շիրվազադեն իմ նկարածն էին: Բոլորն էլ ունեին իրենց հեղինակային կատարումները: Գրիգորը նկարել էր Շնորհալուն, Եղիշեին, Դուրյանին, Խրիմյանին, Պարոնյանին, Ղևոնդին, Սիամանթոին, Րաֆֆուն, Վարուժանին, Ծատուրյանին, Ավոն՝ Աբովյանին, Նորայր եղբարները՝ Թումանյանին, Իսահակյանին:
Ունեինք շերտափայտի վրա կատարված նուրբ գործեր, մոդելներ, այլ մանրակերտ աշխատանքներ և մենակյաց մի տնտեսվար՝ Համբարձում քեռին, որին հիշում եմ իր և ուսուցուչների համար սուրճ եփելիս: Նայում, հսկում ու երեմն էլ դրանցից ուղարկվում էր ազդեցիկ պաշտոնյաններին ու բարեգործներին՝ որպես իրենց հոգատարության արդյունք և հիշատակ…
Ստեղծեցինք նաև «պատի թերթ»։ Կարողացանք միայն մի քանի համար լույս ընծայել: Դրանցից մեկը, ի զարմանս մեզ, հասավ Ամերիկա՝ «Նիար իստ» ընկերության մեր բարերարներին: Դա մեր երախտագիտության մարմնացումն էր: Այդ համարում ես ունեի «Ծո Ներսո» վերնագրով մի փոքրիկ պատմվածք:
Մի երկու օր հետո պարոն Հմայակը դասամիջոցին ինձ կանչեց իր մոտ։ Պարոն Գուրգենն էլ էր այնտեղ:
- Ջիվան, դու Ռուբեն Որբերյանին, կամ Զարդարյանին կարդացե՞լ ես…
- Թերևս… Իսկ ինչ է եղե՞լ, - զարմացած հարցրի ես, - գրադարանում եղածներից շատերին եմ կարդացել։
- Չես՞ հիշեր քո գրածի նման պատմություն այդ գրքերում։
- Ես ի՞նչ իմանամ, չգիտեմ։
- Լավ-լավ, գնա, ապրես, շատ ապրես, «Ծո Ներսոն» քո գրածն է։
Հաջորդ համարում գրեցի «Զատկի հավկիթը» չափածո ոտանավորը: Այսպիսի նվիրվածությամբ բոլորս մասնակցում էինք դպրոցի ամեն մի միջոցառման:
Շուտով երկրի իրադրությունն սկսվեց փոխվել: Մինչ այդ քաղաքը լիքն էր օտարերկրյա զինվորականներով. անգլիական, ֆրանսիական, իտալական նավաստներ, բուլղարական և հունական վաշտեր: Անգլիական ուժերի մեջ տեսնում էինք հնդիկներ: Նրանք բոլորն էլ ազատ ման էին գալիս. տեր ու տիրականն էին: Չեմ մոռանում անգլիական ծովայինների «դրոշախոսությունները»՝ դրոշակներով ազդանշաններ տալը։ Պարոն Վարդանը մեզ հիմնովին սովորցրել էր և մենք հեշտությամբ հասկանում էինք այդ լեզուն։
Տրապիզոնի նավահանգստում մշտապես երկու խոշոր առևտրական նավեր էին լինում, իտալական դրոշով: Գիտեինք թե շաբթվա որ օրն են գնալու, որ օրն են գալու: Լինում էին նաև ֆրանսիական դրոշով: Այդպիսի կանոնավոր առևտրից բացի, բազմաթիվ փոքրիկ մակույկներ, մոտորանավեր, առագաստանավեր էին շարժվում ծովի վրա: Տրապիզոնի բնության բարիքները բեռնած տանում էին: Քաղաքն ասես խառնալեզու թռչնաշուկա լիներ:
Երկրորդ վայրը, ուր փոխադրվեց մեր որբանոցը, ինչպես ասել եմ մեր դպրոցի հարևանությամբ էր և նույնպես երբեմնի հարուստ հայի պատկանած երեք հարկանի ամայացած շենք: Սենյակներն անմիջականորեն միացած էին լայն միջանցքի հետ: Երկրորդ հարկում հիմնական ննջարանն էր։ Նոր շենքը նեղլիկ փողոցի վրա էր՝ գրեթե ամյացած ու մլաքներով լի, քուն ու հանգիստ չունեինք: Ինչ անում չէին անում մլաքների դեմն առնել չէին կարողանում:
Քաթ-քաթ-քաթ… գիշերապահը շրջում էր փողոցով ու խփում մահակը սալաքարերին։ Ուրեմն գիշերվա ժամը երեքն է: Քաթ-քաթից էինք իմանում, թե ժամը քանիսն է: Դպրոցի պատշգամբի սյուները մեզ համար չափող ձողերի դեր էին կատարում: Ամեն անգամ չափում էինք մեր հասակները… Նկատելի էր, թե ինչպես էինք ամսե-ամիս աճում, բարձրանում։ Տարին տարվա վրա տարբերությունն ահագին էր։
Որբանոցի մրգի ծառերով առատ պարտեզը, ինչպես և կից ավելի մեծ բակը հանձնված էր մշակության: Դպրոցի բակի ներքի մասում՝ ծաղկանոցի եզրին, հարևան տան պատն էր: Այդ պատի մեջ մի ցածրիկ պատուհան էր բացվում, մեր համեմատաբար ավելի բարձրադիր ծաղկանոցի վրա։ Շենքերը թեքությամբ իջնում էին դեպի ծով։
Ահա այդ պատուհանից էլ մենք սկսեցինք հարաբերվել ցմահ անկողնուն գամված տնվոր հույնի հետ: Բարեկիրթ, զարգացած անձնավորություն էր։ Ամեն օր մենք նրան պետք է տեսնեինք, խոսեինք հետը, հաղորդեինք նորությունները: Հենց որ ուշանում էինք անհանգստանում, կանչում էր։ Այդ շփումը մի յուրահատուկ դպրոց էր մեր համար: Մեծահասակ մարդ էր, կիրթ, զարգացած, կյանքի մայրամուտին.... ինչ գիտեր՝ հաղորդում էր մեզ: Կարդում էր հույն դասական գրականության նմուշներ, պատմում հայ-հունական պատմական առնչություններից։ Բացատրում, որ հիմա խիստ անհրաժեշտ է ընդհանուր ոսոխի դեմ համախմբվելը…
Պատմում էր դեպքեր տեղացի հայերի ողբերգություններից, նրանց սխրանքներից, համագործությունից ու նաև…. փոխադարձ դավերից:
Այդ ընթացքում էր, որ հայերի կարճատև հաջողությունը թևավորեց բոլորին. ծովից-ծով Հայաստան: Ստորագրված է Սևրի համաձայնագիրը։ Վիլսոնը դարձել է հայերի աստղը: Ահարոնյանը, թողած իր ստեղծագործ, ժողովրդական, ազգային գրիչը, ոսկյա գրչով արձանագրեց պատմական փաստը:
«Ստորագրել եմ ծովից-ծով Հայաստան ունենալու, մեր դարավոր երազանքն իրականանալու մասին փաստաթուղթն ահա այս ոսկյա գրչով, որ պիտի հանձնեմ պատմության թանգարանին»: Ահա այսպիսի հրճվանքի մեջ էր Ահարոնյան–տիրացուն։
Դա այն շրջանն էր, երբ ի հայտ եկան բազմաթիվ ծպտված, դիմակափոխված հայ ընտանիքներ ու դարձ ապրեցին դեպի հարազատ ազգության ծոցը: Մեր որբանոցին կից նրբանցքից այն կողմ, գտնվում էր կաթոլիկների ներս ու դրսով հարուստ, սակայն միակ եկեղեցին: Դրա հովանու տակ ապահով ապրում էին բազմաթիվ հայ ընտանիքներ: Ինպիսի՜ թափով հանկարծ դուրս ժայթքեց նրանց ազգային ինքագիտակցությունը… Բոլորն էլ հիշեցին, որ իրենք՝ տատ ու պապով, հայր ու մայրով, թոռ ու զավակով, հայ են ու հայ:
Հայադարձություն բուռն պոռթկումներ սկսվեցին։ Քանի-քանի՜ ծպտված հայ ընտանիքներ հիշեցին, որ հայ են… Կաթոլիկ եկեղեցու ապահով հովանին լքելով դարձի էին գալիս։ Հետագայում նրանք նորից քողարկվեցին ու գնացին-կորան։
Ահա այդ օրերին էր, երբ ինձ հանձնարարվեց ստվերանկարել պրեզիդենտ Վիլսոնի մեծադիր նկարը: Քանի օր ու գիշեր, լայն կտավի վրա նկարել-ջնջել–սրբագրել եմ այն։ Վերջապես հաջողեցրի ավարտել: Ծննդյան տոներն էին: Ամբողջ դասարանով «հրեշտակի» շապիկներ հագած, մոմեր վերցրած և «բարերար Վիլսոնի» նկարը բռնած, առավոտ մութն ու լուսին, «Բոչ–թո» փողոցով բարձրացանք դեպի վեր՝ դեպի ամերիկյան հյուպատոսարան՝ դեպի պատվելի Սթեփլթոնի կացարանը։ Հասանք դարբասին և արշալույսից առաջ սկսեցինք երգել. «Ավետիս, Ավետիս. Քրիստոս ծնավ և հայտնվեցավ…»…. ափսո՜ս մոռացել եմ։
Տեր ու տիկին Սթեփլթոնները, որպես բարեպաշտ ժողովարանապետեր, քաղաքական քարոզիչներ, և ողորմասեր միսիոներներ, ծիսակարգին համապատասխան՝ տոնական հագուստով դիմավորեցին մեզ:
Որբանոցում գողություն էր կատարվում, սակայն գողը երկար ժամանակ չէր բռնվում: Վերջապես շուկայում սավան ու բարձի երես վաճառողի միջոցով գողը բռնվեց: Մեր որբանոցի սպիտակեղենը դրոշմված էր, սակայն վաճառողը տեղացի թուրք էր, և որբանոցի հետ կապ չուներ։ Ոստիկանությունում վախեցնելուց հետո նրան բերին որբանոց ու բոլոր տղաներին շարեցին։ Թուրքը շարքը զննելով առաջ շարժվեց ու արդյունքը երկար սպասել չտվեց: Ճանաչեց մեծ տղաներից մեկին՝ Միսակին։ Նա չէր սովորում, աշխատում էր: Նա սեռական կապի մեջ էր մի ջահել հարսի հետ, որ մեր որբանոցում էր աշխատում: Այդ աշխատակցուհին որբանոցից գողանում էր այն ամենը, ինչ հնարավոր էր վաճառել ու տալիս էր Միսակին, սա էլ տանում վաճառում էր: Երկուսն էլ էրզրումցի էին: Երկուսին էլ դուրս արեցին որբանոցից։
Մեր դասարանին հանձնարավեց որբանոցի շենքում շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ տանել: Բահ ու քլունգներով «զինված» փորփրում էինք միջնորմի երկարությամբ։ Հանկարծ հանկարծ Բաբերտցի Արմենակը բղավեց.
-Բա՜, էս ի՞նչ է։
Թափվեցինք վրան. «ի՞նչ է, ի՞նչ է…»… Թաքսոց էր՝ ոսկեղեն, գոհարներ, զմրուխտե զարդեղեն… Քլունգի, թե բահի վրա փաթաթված դուրս էր եկել: Սկսվեց աննկարագրելի մի իրարանցում. փախցնում լցնում էին գրպանները, ծոցերը… Մի քանիսին բաժին չհասավ, այդ թվում և ինձ: Գտած գանձերը թաքցնելու անհրաժեշտություն առաջացավ, սակայն ամեն ինչ արդեն իմացվել ու տարածվել էր: Թուրքական իշխանությունը, որն արդեն դիրքերն ուժեղացնում էր քաղաքում, պահանջեց վերադարձնել գտածը «օրինական տիրոջը»… Պարզ է, թե ում էր պատկանել այդ գանձը. նախկին տանտերը հարուստ հայ էր եղել… Երևի, հազիվ հասցրել են հավաքել թաքցնել պատի տակ… Ոչ մի զարդ, ոչ մի ոսկի չթողեցին, մեկիկ-մեկիկ հավաքեցին տարան։
Հիշեցի իմ պապ Տացուի թաքցրած ոսկիները…
Վարդապետը պիտի գնար Էջմիածին՝ եպիսկապոս օծվելու։ Նրան վաղուց արդեն սպասում էին, պարզապես ինքը հարմար ժամանակ չեր գտնում. մեկ որբանոց-դպրոցի հոգսերն էին շատ, մեկ ինքը պատրաստ չէր։ Հետագայում նաև դժվարացավ գնալը։ Հայստանից լավ լուրեր չէինք ստանում։ Համենայն դեպս նա որոշեց համարձակության դիմել և գնալ: Դա 1921 թվի աշնան էր: Մինչև իր գնալը, նա մեր դասարանին, որ ամենաաավագն էր, հրավիրվեց իր «բնակարան-առաջնորդարանը» միասին ճաշելու։ Դա պիտի մի յուրօրինակ օրհնանք լիներ և, հասկանալի էր, նաև առիթ` «Վարդանյան ըմբոստությունը» ևս մեկ անգամ վերլուծելու և գնհատական տալու, միաժամանակ հորդորելով դասեր քաղել անցյալից ու ավելի ծանրակշիռ դատել որևէ քայլ անելուց առաջ։
Այդպես էլ եղավ: Նրանից բացի ներկա էին պարոն Գուրգենն ու պարոն Հմայակը: Տխուր էր: Իր գնալ-գալու ժամկետն անորոշ էր և մեր ըմբոստության տհաճ պատմությունն անհանգստացնում էր նրան: Միջադեպը գնահատեց որպես անտեղի կրքերի բորբոքում, չկշռադատված քայլ, սայթաքում։ Իմ օրինակը շեշտեց, գովեց: Հանձնարարեց պարոն Գուրգենի ու պարոն Հմայակի գլխավորությամբ՝ ամրապնդել «Սահակ Մեսրոպյան» վարժարանի բարի համբավը, որպես հայության վերածունդի առհավատչյա։
Մեր հարցը, թե ինչու՞ պարոն Վարդանը դուրս շպրտվեց, ո՞ր մեղքի համար, մնաց անպատասխան:
Օրհնեց մեզ ու ճանապարհ դրեց։
Երկրի վիճակը սկսում էր փոխվել, բախտի անիվը թեքվում էր դեպի թրքության կողմը։ Դրա առաջին «պտուղներից» մեկն այն էր, որ դպրոցի առանձին շենքը վերցրին մեր ձեռքից։ Մենք արդեն գնում էինք աղջիկների որբանոց՝ միասնական դասի նստելու: Մինչ այդ աղջիկների որբանոցը փակ տարծք էր մեզ համար։ Միայն տոնակատարությունների ժամանակ, եկեղեցում էնք իրար հանդիպում: Աղջիկների ուղին դեպի ժողովարանն էր: Նրանց վրա, չգիտեմ ինչու, անգամ մեր առաջնորդի իրավունքն էր սահմանափակ: Որբուհիների թվաքանակը ավաղ չեմ հիշում, չեմ կարող ասել: Անուները շատից–քչից գիտեի։ Զեփյուռի անունն է մնացել մտքումս, Բերկրուհու… Հետագայում նրանք ամուսնացան Ասատուրի և Օնիկի հետ:
Օրերից մի օր, առավոտյան, կանոնավոր շարքով, պարոն Վարդգեսի ղեկավարությամբ գնում էինք աղջիկների հետ միասնական դասի: Մեկ էլ լսեցի կանչում են. «Խալիլ, Խալիլ…»։ Գլուխս թեքեցի ձայնի կողմը. նեղ փողոցի աջ մայթին կանգնած, թևերն ինձ երկարած՝ կանգնած է Շավչին, իմ մոր ետևից այնքան շրջող Շավչին՝ Ալի Օսմանի ավագ որդին: Գլուխս կախել, շվարել կանգնել եմ։ Իսկ Շավչին մոտեցել է պարոն Վարդգեսին. «Ղորբան օլում, մի րոպե թողեք գա, գրկեմ, համբուրեմ ու գնամ։ Հեռու Դերջանից միայն սրան տեսնելու համար եմ եկել, աչքովս տեսնելու համար…»։ Պարոն Վարդգեսը չառարկեց, մի բան էլ հորդորեց, թե. «մի վախենա, գնա թող տեսնի, մենք կսպասենք»։ Գնացի։ Համբուրեց, կարոտն առավ, մի քիչ փող տվեց…
-Լավ ես ըրել, մի ամաչիր, սովորիր՝ մարդ կդառնաս… Մավինի ժառանգն ու
Ռստակների կենդանացումը կըլլաս: Գյուղեն մինչև հոս եկա, որ քեզ աչքովս տեսնամ, գնամ Իսմաիլին ըսեմ…
-Դե գնա,- ասաց, երբ մի քիչ կարոտն առավ,- հայերը քեզ են սպասում։
Ես վազեցի մտա իմ շարքն ու այլևս ետ չնայեցի:
Իմ մասին իմանալով, մեր գյուղի հատ ու կենտ մնցած հայերը՝ Կարապետը, Գալուստը ու էլի մի քանիսը, հետզհետե հավաքվեցին Տրապիզոնում: Այդ օրերին Բաթումի կողմից հայ գաղթականներով լցված մի մեծ նավ էլ եկավ Տրապիզոն։ Նավի մեջ լուր ընկավ, որ Տրապիզոնում հայերի որբանոց կա։ Սկսեցին կանչել, փնտրել իրենց կորցրած հարազատ, բարեկամ, ազգական, համագյուղացիներին։ Շուրջ բոլորը ձայնարկություն էր. «Գալուստ, Կարապետ, Մարիամ, Ղազար…»… Այդ գոռում գոչումի մեջ ես փորձում էի մեր գյուղի տոհմանուններից որսալ՝ Ռստակներ, Մաղաքներ, Նիկողոսներ, Վարդաններ… Հանկարծ լսեցի. «Ջիվան, Դերջանցի Ջիվան կա՞…»…
Արձագանքեցի։ Ձայնս նավում լսել էին, սակայն ես այդ մասին իմացա հետագայում, երբ մեր գյուղացիներից մի քանիսը դասավորել իջել էին նավից, Տրապիզոնում մնալու համար: Նրանց մեջ էր նաև մեր տոհմի հարս՝ Սինան իր երեք երեխաներով՝ Յուղաբեր, Ոսկի և Հովսեփ։ Նա ինձ գտավ Տրապիզոնի որբանոցում: Շուտով մեր որբանոցում նա անցավ սպասուհու աշխատանքի և դրանով ապրեցրեց իր որբուկներին: Նավից շատերն էին իջել, Տրապիզոնի գաղութը գնալով մեծանում էր:
Տրապիզոնի շրջակայքում բերքի զգալի մասը պնդուկ էր: Լեռնալանջերը, ձորերը ծածկված էին պնդուկի անտառներով։ Տրապիզոնի թուզն ավելի համեղ է, մրգերը՝ շատ ավելի ընտիր։ Հատկապես ցիտրուսային մրգերը՝ նարինջ, կիտրոն… Առատ էր նաև տանձը, խնձորը, սև ըկույզը՝ «գարաեմիշը»: Դա խաղողի ողկույզների նման խոշորավուն սև հատիկներով, չափազանց համեղ ու ախորժալի միրգ է: Գաղթականներն ազատորեն օգտվում էին բնության ծոցում առկա այդ բոլոր բարիքներից:
Մի օր, աղջիկների որբանոցից վերադառնալիս, ես և Արմենակը շարքից ետ մնացինք, փողոցի անկյունի փլատակի կողքին երևացող թզենու վրա բարձրանալու համար: Մթնում էր։ Բարձրացանք ծառը։ Թուզը հասուն էր, դեղին ու սև: Հարևան այգու վրա կախված ճյուղը «ժպտում» էր գրավիչ առատությամբ: Ձգվեցինք դեպի այդ ճյուղն ու մեր ծանրությունից թզենին կոտրվեց ու մեզ գցեց հարևանի հողամասը: Հողամասում լոբու ճեխեր էին տնկված: Չվնասվեցինք, բայց վրա հասած տերը (թե տիրացած ոմն…) մեզ բռնեց վնասված լոբու ճեխերի մեջ: Տեսավ, որ հայ որբեր ենք, ոչինչ չասաց։ Քաշեց մեր ականջներն ու ճամփու դրեց հանդիմանալով:
Հանկարծակի սաստիկ կողացավ բռնեց, որն սկսեց պարբերաբար տանջել ինձ: Նոպաների մեջ տառապում էի, հատկապես երեկոները: Ցավից հատակն էի ճանկռում: Մայրիկները տաք ջեռոցներ էին դնում՝ հանգստանում էր, մի քիչ քնում էի: Միզել չէի կարողանում՝ ցավն ուղղակի սպանում էր։ Մոտ մի ամիս վիճակս չէր լավանում։ Ի վերջո պարոն Ահարոնն ինձ տարավ պատվելի Սթեփըլթնի տիկնոջ մոտ: Բանից պարզվեց, որ նա բժշկուհի է, սակայն չի աշխատում: Հարց ու փորձ արեց, շոշափեց, տնտղեց ցավող տեղը՝ աջ կողս, միզելու դժվարություններիս մասին իմացավ և կարգադրեց պարոն Ահարոնին.
- Սա մանչին երկու-երեք ամիս ճաշ ու հաց չեք տա։ Միայն միրգ տվեք և ամենից շատ՝ ձմերուկ,- ապա դառնալով ինձ ավելացրեց,- կգնաս կլողանաս ու մեջքդ կապած կպառկես։ Մեջքդ միշտ տաք կպահես:
Այդպես էլ եղավ: Ճաշի ժամանակ բոլորի առաջ ճաշ ու հաց էին դնում, իսկ իմ առաջ՝ մրգերի կույտը: Իսկույն զգացի բարելավումը։ Իսկ մի ամիս անց, սկսեցի հանգիստ միզել ու հանգիստ քնել: Հետագայում հասկացա, որ երիկամային քարերն են ինձ տանջել, բորբոքել օրգաներս: Համենայն դեպս, այդ հիվանդությունն ընդմիշտ բուժվեց, բայց կողիս բութ ցավը կմնա ցմահ:
Բոլորիս աչքերը ստուգում էին։ Ինչ-որ կապույտ քար էին քսում: Բոլորը հանգիստ տանում էին, ոնց որ սովորական բան, իսկ իմ աչքերը դրանից սարսափելի ցավում էին, չէին բացվում, ասես մեջը մի բուռ ավազ լցրած լինեին: Դու մի ասա «տրախոմա» կովող հիվանդություն էլ ունեի: Երկար բուժվեցի, սակայն հետքը մնաց: Ամերիկացիները դրան շատ խիստ էին հետևում: Այդ հիվանդությամբ տառապողի համար Ամերիկայի մուտքն անդրդվելիորեն փակ էր: Համարվում էր սուր վարակիչ հիվանդություն, անգամ ժառանգական:
Վերջին խմբագրող՝ rstak58: 22.11.2010, 22:55:
Վարդապետն ուշանում էր: Այդ ընթացքում մի նորեկ էլ հայտնվեց։ Մի երեկո, մութն ընկնելուց հետո, դարբասը կամացուկ թակում են։ Դռնապահ Համբարձում քեռին բաց է անում։ Թակողը կամացուկ ասում է. «քեռի, ես հայ որբ եմ, ինձ հետապնդում են, խնդրում եմ պատսպարեք ինձ, հազիվ եմ գտել որբանոցի տեղը»:
Համբարձում քեռին ներս է առնում, պահում է: Առավոտը մեզ շշուկով հայտնեցին նորահայտի մասին: Շորերը փոխելուց հետո նրան իսկույն, գցեցին մեր՝ ավագ որբերի մեջ։ Տարիքով նա մեզնից մեծ էր: Անմիջապես սկսեցինք հարցուփորձ անել, բայց օրը ցերեկով դա վտագավոր էր, ուրիշ հարմարություն էլ չկար: Խոստացավ պատմել երեկոյան: Հավաքվել էինք մի քանի հոգով՝ խելահասներով. բոլորի ներկայությունը ցանկալի չէր: Նա հուզված էր ու խոսելիս կակազում էր:
- Տղերք,- ասաց,- կամացուկ մի երգ երգեք, որ սկսեմ պատմել:
Մենք սկսեցինք մեղմորեն երգել պարոն Վարդանի սովորացրած Հայաստանի հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Անմիջապես սկսեց ձայնակցել և ապա կամաց-կամաց առաջնությունը վերցրեց իր վրա։ Հրաշալի ձայն ուներ: Քիչ անց, մեր երգի միջից, լսում էինք նրա պատմությունը։
- Հիմա ես երկու անուն ունեմ. Վազգեն և Մուշեղ,- սկսեց նա,- բայց երբ ասացի այս
մասին, մերոնք սկսեցին կասկածել։ Բայց ախր ինչո՞ւ են կասկածում, երբ դեռ չեմ հասցրել բացատրել դրա պատճառը։ Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ, իսկ դուք, խնդրում եմ, ասեք, որ չկասկածեն։
Այո, հարկավոր է ասել, որ կասկածանքներ կաին, մտածում էին, թե կարող է պատահի թուրքերը դիտավորյալ իրենց մարդուն գցած լինեն մեր մեջ: Սակայն մեր շատ բան տեսած սրտերը գուշակում էին, որ նա մերն է։
- Ոչ, հիմա չենք կասկածում, – չորս կողմից վրա տվինք մենք, - դու հայ ես, ոչ թե թշնամու լրտես:
Նա նայեց մեզ ու սկսեց շարունակել իր պատմությունը.
- Թուրքը հասավ Ղարս: Մենք Ղարսի որբանոցում էինք։ Չկարողացանք քաղաքից դուրս գալ ազատվել: Սկսեցին ջարդել, բնաջնջել: Մենք՝ երկու ընկերով, մտածում էինք ազատվելու մասին: Սկզբում մենք մեզ լալ ձևացրինք, սակայն հասկացանք, որ այդպես շատ արագ կարող ենք բռնվել: Լավագույն ելքը՝ թուրք ձևանալն էր։ Թուրքական շորեր հագանք, ֆես դրեցինք ու սողոսկեցինք թուրք չեթեների խմբի մեջ: Կարողացանք թուրքական անուններով՝ Էհմեդ և Շաքի, գրանցվել նրանց շարքերում: Էհմեդը ես էի, Շաքին՝ ընկերս: Քանի որ այդպես եղավ, որոշեցինք գտնվելով նրանց մեջ թաքուն գործել: Իմացանք, որ չեթեների խմբերը պետք է շրջեն ողջ Անատոլիան, պիտի ջարդեն ու գյավուրներից մաքրազարդեն երկիրը։ Առաջին հերթին պիտի կոտորեն այն հայերին, որ դեռ չեն թրքացել: Ընկերս՝ Մուշեղը, շատ կարդացած և բավականին լավ պատրաստված տղա էր: Ես լավ երգել գիտեի, փոքրուց սովորել էի երգել և հայերեն, և թուրքերեն: Հույս ունեինք ծովով ազատվելու դեպի Ռուսաստան: Մեր «չեթե-բաշին» Կարաբեքիրի միավորումներից էր։ Էրզրումի կողմերում մեր սև գործն անելուց՝ ոչնչացնելուց, բնաջնջելուց հետո, ողղություն վերցրինք դեպի Ալաշկերտ: Ուր էլ գնաինք, «չեթե-բաշին» «մոսիվարներից», «մյուդյուրներից», դեռևս բնակվող հայերի անուներն ու հասցեներն էր վերցնում։ Խստությամբ ստուգում էր, որ նրանց կարգադրության տակ եղած բոլոր բնակավայրերում ոչ մի հայ գյավուր չմնա, եղեռնից ազատված, խուսափած: Ուներ հատուկ հրաման, որ տեղերում օժանդակեն. գիշերելու տեղ ու սնունդ տրամադրելով: Մենք բաժանվում էինք գյուղերի վրա: Այ այստեղ արդեն մենք գաղտնի գործելու հնարավորություններ էինք գտնում: Լսում էինք դեռևս իրենց գյուղում ապրող հայերի մասին և մյուսներից ավելի շուտ հասնելով (իբրև թե շտապում ենք ջարդել, առևանգելու...) զգուշացնում, որ իրենց գլխի ճարը տեսնեն. փախուստով կամ թրքացած ձևանալով փրկվեն: Քիչ հայեր էին մնացել, եղածներն էլ թաքնվում էին համագյուղացի քրդերի մեջ:
Փոքր ինչ դադար առնելուց հետո, տեսնելով, որ կլանված լսում ենք Վազգեն-Մուշեղը շարունակեց իր դառն պատմությունը.
- Անհնար է մոռանալ Չորումի Չուխուրվա կոչված վայրում կատարված դեպքը: Այդ օրն ամենավտանգավորն էր: «Բորենիների» ոհմակը որոշել էր մեծ խրախճանք սարքել: Հատուկ ջոկն արդեն հավաքել էր բավական մեծ քանակով հայերի։ Հեշտությամբ հաջողության հասնելու հիմնական պատճառն այն էր եղել, որ սրանք գործել էին խորամանկորեն։ Հայերին թաքցնող փոքրաթիվ քուրդ համագյուղացիներին համոզել էին, թե իբր հայերի տեղաշարժ է կատարվում։ Ոչ մի հայ իր պապենական գյուղում չպիտի մնա, նրանց տեղափոխում են այլ վայր, որտեղ նա արմատներ ունենենալ չի կարող։ Այդպիսի հրահանգ իրոք որ, տրված էր չեթեներին: Բայց մենք հո գիտեինք, թե ինչն ինչոց է։ Սկսեցինք ծրագրել թե, ինչպես կիրառենք մեր փրկարար դերը: Որոշեցինք հասկացնել գլխների գալիքը, թեև նրանք զգում էին, գիտեին։ Անընդհատ շրջում էինք՝ հավաքվածների շուրջը, այնպիսի շարժումներ անում, որ նրանք ուշադիր հետևեն մեզ: Օրինակ, ես խոսում եմ, իսկ Մուշեղն, իբր թե ծաղրում ու հանդիմանում է, սակայն իրականում կրծքիս վրա խաչ է ցուցադրում: Վերջապես երկու աղջիկներ լսելի բարձրությամբ փսփսացին. «Ասոնք ինչ խտար հայու կնմանին»… «Քա սուս, ասանք գայլերի մեջ հայ կլլա՞, ասոնք ասկյար են»… Մենք վազեցինք չեթենների մոտ. «Թե ուզում եք, որ ձեզ ուրախացնենք՝ երգենք–նվագենք, սա երկու աղջիկներին տվեք, տանենք ան քոլերու տակ ու ետ բերենք»… «Կուզեք երեքին տարեք ու ետ մի բերեք, միայն շուտ եկեք» ասացին։ Մենք ետ եկանք գերիների խմբի մոտ ու թիկունքով դեպի չեթեները դառնալով, սկսեցինք խաչ հանել ու աղջիկներին ձեռքով կանչել։ Նրանք թեև սարսափած, սակայն ենթարկվեցին։ Սկսեցինք ձևացնել, թե զոռով քաշում ենք դեպի մոշի թփերը, իսկ ինքներս մեր իսկ թուրքերեն գոռոցի ու հայհոյանքի միջից, հայերեն շշուկով հանգստացնում ենք, թե մի վախեցեք, եկե´ք։ Աղջիկները և հասկանում են, և չեն հավատում։ Ավելի շուտ վախում էին, թե տանում ենք բռնաբարել, սպանելու։ Աղաչում, պաղատում էին… «Մի քիչ ալ, քիչմն ալ…» հայերեն շշուկով ասում էինք, ու մի կերպ քաշում դեպի մոշուտները: Մոշի թփերի ետևում Մուշեղն իսկույն անցավ հայերենի. «Դու հոս մնա, իսկ դու ետ վազիր ձերոնց մոտ, իբր մեր ձեռքից փախար։ Կամացուկ հայտնե ձերոնց, որ կանայք գնան չեթենների մոտ ու պաղատեն, որ թույլ տան մաքրվելու երթան, կեղտոտ են։ Եթե թույլ չտան, բոլորդ մեկտեղ՝ երեխա, կին, աղջիկ թևերնիտ դեպ երկինք կպարզեք ու «ալլահ-ալահ» կանչեք։ Թուրքերեն անեցքներ կթափեք… Անոնք կվախնան, թույլ կուտան։ Կգնաք ու ետ չեք գա. ամեն մեկդ մի կողմի փախեք, ով ազատվավ-ազատվավ…. մեկ է, պիտի գնդակահարեն… Ուրիշ բան անել չենք կրնա։ Մեր մասին հանկարծ, բան չխոսիք, ձերոնց ալ…»… Մեկին ուղղարկեցինք դեպի գյուղ, իսկ մյուսին ճամփեցինք, թե փախիր, ազատվիր։ Նա համբուրեց մեզ ու փախչելուց առաջ արցունքախառն ասաց. «Գոնե ձեր անուններն ըսեք, ձեր պատկերնին մատաղ, անբողջ կյանքում ձեր անուներն ու պատկերնին սրտումս կպահեմ»։ Ողբն ու արցունքն աչքերին վազում էր կուզեկուզ, ընկնել-ելնելով… Քիչ անց մենք ետ եկանք ու սկսեցինք դժգոհել. «Շատ կեղտոտ էին, մեկին ետ ուղարկեցինք, մեկին էլ գնդակահարեցինք: Մեր հաճույքը չստացանք։ Մենք էլ ենք ուզում քեֆ քաշել, թողեք գնան մաքրվեն, որ մեր քեֆը քոք ըլլա։ Եթե, իհարկե, չեք շտապում գնդակահարել»։ «Է՜, միշտ էլ կգնդակահարենք։ Ժամանակ չունե՞նք ինչ է, թող գնան մաքրվեն գան»… Թույլ տվեցին, որ փոքր խմբերով գնան։ Առաջին խումբն այդպես էլ վարվեց, սակայն…. մնացածներին մորթեցին։ Այսպես մենք հասանք մինչև Սվաչ-թուքաթ ավանը: Ավանում լսեցինք, որ «չեթեները» հայ կանանց ու աղջիկների մի մեծ խումբ հավաքել տարել են ջրաղացի ձորի կողմը։ Հասանք ձորը։ Տեսանք, որ «չեթեները» ատրաստվում են բռնված կին ու աղջիկներին բռնաբարել ու այնուհետև սպանելու… Ի՞նչ անենք։ Երկուսս էլ սարտաճմլիկ կանգնած մտածում էինք: Գոնե չսպանեն, բոլորն էլ ջահել են։ Փոքրիկ աղջիկներ էլ կան… Մի տասը հոգի կլինեին։ Հանկարծ Մուշեղն ասաց. «Դու սկսիր երգել, իսկ ես կփորձեմ համոզել այդ բորենիներին, որ նրանք լսեն քեզ, սկսեն պարել ուրախանալ ու սպանդ կատարելն ինձ հանձնեն: Ես կանանց կտանեմ ներքև ու իսկույն կհասկացնեմ, որ ամեն մեկը մի կողմ փախչի, թաքնվի»… Մեզ հաջողվեց ի կատար ածել մտածածը. կանայք անհետացան, չքացան խավարի մեջ։ Այս անգամ մեր «քողը» պատռվեց։ Մենք պոկվեցինք չեթեական ոհմակից ու ճամփա բռնեցինք դեպի հյուսիս-արևելքի սարերն ու անտառները: Հիմա մեր գլխավոր մտահոգությունը քողարկվելն էր: Համոզված էինք, որ մեզ արդեն փնտրում են։ Մեզ շատ հարմար էր թվում աշուղության քողը: Զգեստավորվեցինք աշուղների նման. ես դարձա երգիչ, Մուշեղը՝ սազ-քյամանչա նվագող: Վստահ էինք, որ ճիշտ դերերում ենք. և ապրուստ էինք հայթայթում, և մոտենում էինք մեր նպատակակետին: Պոնտոսյան լեռներին մոտեցանք Բաբերտի կողմից: Երգելով շրջում էինք Պոնտոսը: Պոնտոսի կենսախինդ, ինքնատիպ, համ ու հոտով հայությունը նույպես չկար: Դարավոր տերերից դատարկված բազում շեներ կաին, ամենուրեք ավերակներ էին: Հասանք Շիզա, փոքրիկ, ծովամերձ գյուղաքաղաք էր: Ազատ տներ, լքյալ դղյակներ, այգիներ… - որքան ուզես… Մի շաբաթ հանգստացանք այս ու այնտեղ: Ծրագրեցինք, թե ինչպես անցնենք դեպի ռուսը: Իմացանք, որ ուրբաթ օրերին հնարավոր է զբոսանքի նավակ գտնել: Այդպես էլ արինք: Գտանք մի բարեսիրտ, հայասեր լաչի։ Լաչ, որ հայհոյում, ատում էր թուրքերին: Կամաց-կամաց մտերմացանք հետն ու հայտնեցինք մեր նպատակը: Նա հանձն առավ, մեզ մոտեցնել Ճարոխին, բայց միայն մինչև գետաբերանը: Դրանից հետո հանձն չառավ: Մենք ինքներս պիտի տեսնեինք մեր գլխի ճարը. լողալով անցնենք մյուս կողմը: Ինքը մեզ բացատրեց ու ցույց տվեց ամեն ինչ։ Առանց որևէ վարձատրության: Մենք գիտեինք, որ մեզ հետապնդում են, որ մահվան ենք դատապարտված: Ինչ գնով էլ լինի Ճարոխը պետք է անցնեինք: Գիշերով չէինք կարող՝ դա հաստատ մահ էր: Որոշեցինք անցնել երեկոյան կողմ: Ամենադժվարը շորերի հարցն էր: Ինչ հնարավոր էր՝ փաթաթեցինք գլխներիս և.... սխալվեցինք: Հենց դա էլ մատնեց մեզ։ Նկատեցին։ Հասկացան, որ մենք փախչում ենք։ Կանգ առնելու կանչերին չարձագանքեցինք։ Սկսեցին կրակել: Որոշել էինք ետ չդառնալ, բայց կատարվեց ճակատագրականը. եղբայր-ընկերս՝ Մուշեղը, իմ հարազատը, վիրավորվեց գլխից ու սուզվեց Ճորոխի մեջ։ Ոչինչ անել չկարողացա։ Ջուրը, նրան տարավ դեպի սև ծով… Ես հարկադրված վերադարձա: Ասկյարները շրջապատեցին։ Վզիս զգացի հրացանի խզակոթը: Ինձ գցին սայլի վրա ու բերին Շիզա: Բերեցին բանտ: Դեպի այգի նայող մի փոքրիկ լուսամուտ կար։ Այդ կողմում էր սէր էսկերի պաշտոնատունը: Ինձ հետ միայն մեկը կար: Նա արդեն իսկ ներս գցելու ժամանակ հասկացել էր հայ լինելս: Մոտեցավ, թե. «Ինչացո՞ւ ես, ո՞վ ես, ո՞նց ես կենդանի մնացել»։ Պատմեցի։ Իմացավ ու քիչ անց ինքն էլ իր պատմությունը պատմեց: Ինքն էլ էր ասկյարությունից փախել: «Մեկ է, քեզ գնդակահարելու են, դու դվաճան հայ ես։ Ես ինքս քեզ կսպանեմ»։ «Ապրելն,- ասում եմ,- ինձ համար գրեթե անհնար է դարձել, բայց ինձ սպանելուց քեզ ի՞նչ օգուտ»։ «Բոլոր հայերի նման, դու էլ պիտի էն աշխարհ գնաս։ Պարզ չէ՞, որ քեզ գնդակահարելու են։ Իսկ եթե ես քեզ սպանեմ, ապա գուցե հաջողվի մեղքս քավել, արդարանալ»… Իսկույն հասկացա, որ այլևս փրկություն չունեմ, մահվան ճիրաններում եմ: Սկսեցի երգախառն զառացանքներ կատարել: Երգս փոքր ինչ զսպեց հարևանիս։ Թող տվեց, որ երգեմ։ Այստեղ արդեն բախս բերեց. երգս հասել էր բանտապետի ականջին։ Բանտապետը լավ տրամադրության մեջ էր։ Կանչեց մոտը, հարց ու փորձ արեց ու տարավ «սեր Էսկերի» մոտ։ Սկսեցի երգել: «Դու լավ երգել գիտես ալան, մենակ ափսոս, որ հայ ես»։ Ձայն չհանեցի։ «Մենք հեռագիր ենք ստացել, որ դու դավադիր փախստական հայ ես։ Գնդակահարելու ենք։ Անունդ ինչ է՞»… «Էհմեդ» ասում եմ… «Էհմեդ՞, չէ մի՝ Մեմեդ: Ուզո՞ւմ ես խալս թուրք դառնաս, այդ դեպքում միայն կազատվես»… «Էֆենդի Բին Բաշի,- ասում եմ,- հնարավորություն տվեք երգեմ մարդկանց համար, միևնույն չէ՞ թուրք, եմ թե հայ»: Բանտապետը պահանջեց, որ մի երկու լաչական պար, երգ երգեմ։ Երգեցի: Հետո, կարծելով, որ այդքանը բավարար չէ, վրա բերի. «Եթե նվագ լինի ավելի լավ կըլլա»։ Սակայն դրա կարիքն արդեն չէր զգացվում, շատ էին հավանել։ «Հապա ընկերդ ո՞ւր է» հարցրեց «էֆենդին»։ «Սպանվեց»։ «Թոփ էլի,- ասաց սեր Էսկերը,- դու կապրես ի փառս թուրքիայի, չեմ սպանի, կուղարկեմ Տրապիզոն»: Ապա դառնալով իր չաուշին ասաց. «Յուսուֆը փոշտուն տանելու է: Գրություն կտամ, կտաս իրեն։ Այս իսլամացած աշուղին թող տանի մեծ մեջիթի մեդրեսեն։ Այնտեղ իրենք ինչպես որ հարկն է կիսլամացնեն ու կդարձնեն իրենց աշխատող-գործակիցը: Միայն ընդունելու մասին պատասխանը թող բերի, որ մոտս պահեմ, որպես փաստաթուղթ»: Յուսուֆի հետ հասանք Տրապիզոն:
Երկար ժամանակ լռություն էր տիրում։ Նրա պատմությունը թարմացրեց մեր բոլորի վերքերը։ Այո, արդեն պարզ էր, որ Վազգենը մերն էր։ Նրա մասին հարկավոր էր լռել։
Մինչ Վազգենի որբանոցում հայտնվելը, որը մեզ համար դարձավ համարյա մեր պարոն Վարդանը, Տրապիզոն էր արշավել արյունառուշտ Թոփալ Օսմանը: Սա մի վայրագ, ավազակ չեթեցի պետ էր։ Իր հրամանատարության տակ ուներ, մի գումարտակից ավելի արյունախում բորենիների ոհմակ: Սա ինքն էր իրեն լիազորություններ շնորհել, հաշվետու չէր ոչ մի իշխանության: Մատակարարվում էր ինքնիշխան: Նրա արարքներին նայում էին մատների արանքով, քանզի նա զբաղվում էր հայերի թալանով, «մաքրազարդմամբ», որն ըստ էության պետական քաղաքականություն էր: Ես նրան անձամբ տեսել եմ։ Չեմ հիշում քաղաքի որ մասում էր, թիկնապահների ուղեկցությամբ թրև էր գալիս։ Նա կարճահասակ, ոչ երկար բեղերով, թրքական այտուռուցությամբ, խոլոռ աչքերով մի արարած էր: Մի ոտքից թեթև կաղում էր։ Ձեռքին զարդանուշի կարճ «բաչբան» էր: Ահա այդ «հռչակավոր» գազանը մտել էր Տրապիզոն: Նոր վայրագության համար քաղաքի ամենայուղալի պատառն, իհարկե, որբանոցն էր։ Թոփալ Օսմանի ախորժակից դա չէր վրիպել, սակայն տեղի իշխանությունը նրան այդպիսի հնարավորություն չտվեց. չափազանց շատ էին օտարերկրյա դիվանագիտական «աչքերը»: «Քո խյանչալը գավառների համար է,- ասել էին,- արշավիր գավառների վրայով, մաքրազարդիր Թուրքիան գյավուրներից, բայց այստեղ պետք է զգուշությամբ գործել»։ Եվ ճանապարհ դրեցին դեպի երկրի խորքերը: Նա իր ոհմակի հետ մոտ մի շաբաթ Տրապիզոնում բանակվեց: Մի ամբողջ շաբաթ մենք ահի մեջ ապրեցինք, քանզի այդ ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները շրջում էին թրքացած հայ մանուկների շքախմբով և Թոփալ Օսմանն, իհարկե, իրեն այդ հաճույքից չէր ուզում զրկել։ Հենց սա էր պատճառը, որ Վազգենի պատմությանը սկզբում կասկածանքով վերաբերվեցին։ Կարծում էին, որ նա այդ Թոփալ Օսմանի մարդն է, և նրան պատսպարելը կարող էր պատրվակ հանդիսանալ այդ գազանի անակնկալ այցի համար։ Հետագայում ես սկսեցի շփոթել. ո՞րն է Քյազիմը, ո՞րն է Թոփալ Օսմանը։ Նրանք շատ նման էին իրար:
Թոփալ Օսմանի հեռանալուց հետո պարզ դարձավ, որ Վազգենը մերն է՝ հայ որբ, որ չի ցանկանում թրքանալ։ Վազգենի անունը հետին թվագրությամբ գրանցվեց որբանոցի ցուցակում: Շատ արագ մերվեց և շուտով մեզ բաժանում էր միայն զանգը։ Նա շատ էր կակազում, շրթունքն էլ ճըզկես էր: Ամեն բաժանվելուց ասում էր. «ընկերոջս Մուշեղ անունը վերցրել եմ վրաս, ա՜խ իմ ազիզ ընկեր»: Շատ արագ նա մեր առաջնորդի դերը ստանձնեց։ Դասերից հետո նա էր մեր ղեկավարն ու դաստիարակը։ Նրա շնորհիվ մեր երգացանկն այնքան ընդլայնվեց, որ կարող էինք մի քանի ժամանոց համերգ տալ։ Մի քանիսը մինչև հիմա էլ հիշում եմ. «Անվախ ընկեր քայլենք շարք-շարք», «Իբրև արծիվ», «Դուք զոհ գնացիք», «Մարսելյոզ», «Գութանի երգը», «Աչերիդ եմ կարոտել», «Սև աչեր», «Նավաստու երգը», «Սև մութ ամպեր», «Ուլունք Շամիրամա», «Երբ ալեկոծ», «Ես Կուկույան Սարգիս անուն», «Մենք անկեղծ զինվոր էնք», «Սլացեք կռունկներ դեպի հայաստան»... Եվ այդպես անվերջ անսպառ…
Վազգեն-Մուշեղը մեզ համար դարձավ պարոն Վարդանին փոխարինող մի անձ։ Շատ զգույշ և ուշիմ տղա էր. ոչ մի օր նա ոտքը որբանոցից դուրս չդրեց:
Իսկ Գարեգին վարդապետը չկար ու չկար… Ոչ մի լուր չկար, գիտեինք միայն, որ ուշանում է: Պատվելի Սթեփըլթոնը նույնպես մտահոգության մեջ էր՝ գործերը լավ չէին. ժողովարանը մնացել էր բարձիթողի, ավետարանի աղոթքները թարգմանված թուրքերենով էր տարածվում… Էլ չէր ծիծաղում:
Վերջապես գարնան կողմ հայտնվեց մեր առաջնորդը՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը: Ոչ մի դիմավորում, կամ նման մի բան չեղավ։ Չիմացանք թե ե՞րբ, ինչպե՞ս վերադարձավ, ինչպե՞ս մտավ իր կացարանը: Ասես փետրահան մի թռչուն լիներ. մտել էր իր բույնն ու դուրս չէր գալիս: Օրեր անց երևաց։ Տխուր էր ու մռայլ: Թախիծն իշխում էր բոլորի վրա։ Անխոս էին նաև ուսուցիչները: Ստուգեց։ Ոչ մի բառ չասաց… Մենք հետո իմացանք, որ նա արդեն եպիսկոպոս է ձեռնադրվել, բայց հազիվ է պրծել վերահաս վտանգներից:
Որբանոցի կազմը հավաքեց դպրոցի ընդարձակ շքամուտքի տակ ու սկսեց պատմել դեպքերն ու բացատրել երևույթները։ Պատմում էր մի նոր եղեռնապատում: Նրա ասելով ստեղծվել էր մի նոր կարգ: Երևանի շուրջ մնացած մի բուռ հողն ու թշվառ, սովյալ ժողովրդի զանգվածն այժմ կոչվում էր Հայաստան: Հայաստանի ու հայ ազգի ողբերգությունը շարունակվում էր. եկեղեցին՝ հալածանքների մեջ, սով, հիվանդություններ, վարակ, անթաղ դիակներ, որբություն, թշվառություն…
Հայաստանի հայության վրա թուրքական յաթաղանի անմիջական վտանգը կախված չէր, և մեր ժողովրդին մնում էր միայն հաղթահարել սովն ու համաճարակը: «Հարկավոր է օգնենլ մեր տառապյալ, անհետացման շեմին կանգնած, ժողովրդին,- վարդապետի կոչն ամենից քիչ մեզ էր ուղղված, բայց մեզ ասվում էր, որ այլոք լսեն,- հարկավոր է օգնել ինչով որ կարող է։ Դավաճանություն, ազգուրացություն կլինի ձեռքերը ծալած նստելը։ Այստեղ մենք կուշտ ենք, իսկ այնտեղ սովյալների դիակներ են ամենուրեք… Մեր սննդի օրաբաժնի կեսը հարկավոր է ուղարկել մեր մայր ժողովրդին»: Մենք միահամուռ կերպով բացականչեցինք. «Կհավաքենք հենց վաղվանից»։ Սա էր մեր պատասխանը առաջնորդի օրհասական կոչին: Այդպես էլ արեցինք։ Օգնության այս կանչին արձագանքեց ամբողջ Տրապիզոնի հայությունը։ Երեք ամիս մեր օրաբաժնի կեսն ուղարկվում էր, բայց թե ո՞ւր էր գնում, ո՞վ էր տանում… Ո՜վ իմանա… Խառը ժամանակներ էին:
Իսկ ցեղասպանությունը շարունակվում էր: Աստիճանաբար մարում էր մեր խանդավառությունը: Լուր տարածվեց, թե Արևելյան ճակատի հաղթական զորավար Քյազիմ Կարաբեքիր փաշան պանծալի հաղթանակ է տարել և մոտակա օրերին փառքով մուտք է գործելու Տրապիզոն: Դա ոչ միայն մեր Սահակ Մեսրոպյան որբանոց- վարժարանի, այլև ամբողջ քաղաքի հայության համար կարող էր ճակատագրական լինել: Ոչ ոք չգիտեր, թե ինչ է սպասվում՝ ջա՞րդ, թե խնայում: Մեր Գարեգին եպիսկոպոսը ճարահատյալ անցավ դիվանագիտական հնարքների: Կարգադրեց նախապատրաստվել տոնահանդեսի: Գրիգորը պետք է նկարեր Քյամալի մեծադիր նկարը, իսկ Քյազիմի նկարը պետք է նկարեր կարծեմ Օլթին։ Սա ռուսահայ տղա էր, կարծեմ Օլթեցի էր ու այդ էր պատճառը, որ անվան փոխարեն նրան Օլթի էին կանչում:
Ամբողջ Տրապիզոնը ոտքի վրա էր. պատրաստվում էին հանդիսավոր դիմավորության: Հույն համյքը ներկայացված էր բարձրագույն հոգեվորականությամբ, հայ համայքը՝ գրեթե ամբողջությամբ։ Թուրքերն ու լաչերը Քյազիմ փաշային դիմավորում էին խանդավառ պարերով: Առավոտյան ծեգին, «Զայշափում», ուր մեր սայլերը գիշերել էին, իրարանցում սկսվեց. «փաշան գալիս էր»: Մենք քայլերգ էինք նախապատրաստել.
«Յաշա-յաշա, Քյազիմ փաշա,
Գյունաշ բայրաղ վերդըն բիզա...»...
Դիմավորման արարողությունը շքեղ էր։ Գոհ էր գոռոզ Քյազիմ փաշան, ասես ձիու վրա նստած մի տիկ լիներ, միայն թե այդ տիկը գլուխ ուներ։ Խոսում էր հատ-հատ, փոքր ինչ փնչացնելով։ Թվում էր, թե վրայի օծանելիքից անգամ արյան հոտ էր փչում: Նա իր շքախմբում 73 հոգանոց հավատափոխ մանկտի հայերի ջոկատ ուներ: Նրանք լավ խնամված, հագնված, ու սնված էին, բոլորն էլ՝ դաշյուններով: Դա նրա պարծանքն էր. ուզում էր ցույց տալ, թե ինչպես է ինքը պանթյուրքիզմը սերմանում անհավատների մեջ, ինչպես է գյավուր հայերին թրքացնում, իսլամացնում: Ի՞նչ էր որոշվելու Տրապիզոնի քաղաքապետարանի շենքում, ի՞նչ էր լինելու մեր որբանոցի հետ, ահա մեր եպիսկոպոս-առաջնորդի և ուսուցչության մտահոգությունը։ Լարված, մռայլ սպասման մեջ էին բոլորը։ Առաջնորդին հաջողվեց համոզել որ, նրա մանկտի ջոկատը այցելի, մեր որբանոց-դպրոց: Թույլ էր տվել մեծահոգությամբ: Նորից պիտի պատրաստություն տեսնեինք։ Ինչպե՞ս, ի՞նչ սրտով պիտի ընդունեինք նրանց, ինչպե՞ս պետք է խառնվենք, ընկերանանք, զրույց անենք, գովաբանենք իրենց հաղթական զորավարին, նրա ջոկատին, հոգու խերքում գիտենալով, որ նրանք հայերի զավակներ են: Մեր սրտին ցավ էր գալիս։
Ընդունելությունը մանրակրկիտ ծրագրված և կազմակերպված էր անթերի: Պատրաստվելու ժամանակ ամենից շատ Գրիգորն էր չարչարվում։ Նա պիտի նկարեր Քյամալի դիմանկարը։ Հատկապես շատ չարչարվեց Քյամալի ապակե աչքի վրա։ Շուք տալու հատուկ մատիտներ ունեինք, որի միջոցով փափուկ սև մատիտագիծը վերածվում էր փափուկ ստվերի: Քյամալը, ինչպես արդեն ասել եմ, արտաքինով հասակով և տկճորությամբ Թոփալ Օսմանի նման էր, միայն Թոփալ Օսմանն ավելի թխամաշկ էր:
Եկավ այցելության օրը։ Դարպասից ներս, բակի երկու կողով շարվել էինք, ծաղիկներով, Քյազիմի և Քյամալի նկարներով ու թուրքական դրոշներով: Նրանց դիմավորեցինք երգով.
«Բարի գալուստ, բախտակիցներ,
Մեծ հաղթողին դուք թիկունքներ,
Գալիք փառքերն են ձեզի վայել,
Բարեկամ ու ընկեր լինենք,
Հայեր լինենք, թուրքերի հետ
Մեր երկրում ապրենք հավետ…»…
Իսկույն խառնվեցինք միմյանց, սկսեցինք ծանոթանալ։ Կենսուրախ զրույցների հետ անցանք դպրոցում ստացած մեր հոգևոր աշխարհը ներկայացնելուն։ Այստեղ արդեն նրանցից շատերը պարզապես շշմեցին, ուրիշ ի՞նչ էր մնում նրանց… Մեր առավելությունը կատարյալ էր: Վերջում միտեղ, իրար խառնված լուսանկարվեցինք։ Այդ նկարը պետք է որ մնացած լինի մեկն ու մեկի մոտ: Սակայն դրանով մեր հանդիպումը չվերջացավ: Մեր ղեկավարությանը հաջողվեց հարաբերություններն ավելի խորացնել: Եվ ահա մի նոր «եղբայրություն» կոչվող միջոցառում կազմակերպվեց։ «Բոչ-Թեփեյի» հարթության վրա պիտի «ֆուտբոլ» խաղաինք։ Միջոցառումը կազմակերպվում էր ի պատիվ անբողջ Տրապիզոնի հասարակության, ի փառս Քյազիմ հաղթական զորավարի: Ամբողջ քաղաքը բարձրացել էր վերև, հով էր: Խաղացինք զվարճանլով ու երեխայական ավյունով։ Տեսարժան ժամանց ստացվեց: Ինչ խոսք հաղթանակը, մերն էր:
Քյազիմի տրապիզոնյան հաղթահանդեսի մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին երկրով մեկ և անգամ խանդի առիթ հանդիսացան։ Խոսք տարածվեց, որ Քյամալը խստիվ կարգադրել է Քյազիմին ներկայանալ իրեն և ենթարկվել: Սկզբում Քյազիմը չկամեցավ ենթարկվել, սակայն ի վերջո գնաց։ Հետագայում կարծեմ նրա ձեռքով, թե հրամանով սպանվեց:
Իսկ մեզ համար օրերը գնալով մթագնում, ավելի ու ավելի չարաբաստիկ էին դառնում։ Տրապիզոնում այլևս չէին երևում արտաքին պետություների որևէ տեսակի զինվորական շրջիկներ: Արտաքին աշխարհը կարծես վերացվել, չքվել էր: Ամառ էր։ Փողոցներում միայն թրքությունն էր շարժվում: Նրանց եռ ու զեռը գնալով աշխուժանում էր: Ծովի վրա անդորր էր, ոչ մի ռազմական նավի ներկայություն: Առհասարակ ոչ մի նավ չէր երևում: Մի առավոտ վեր կացանք թմբուկների ու զուռնաների ուժգին աղմուկից: Փողոցներում, այգիներում թրքությունը ցնծություն էր ապրում։ «Ի՞նչ է եղել, ի՞նչ բարի լուր է» հարցնում էինք անցորդներից։ Ասացին որ պատերազմում արմատական բեկում է տեղի ունեցել։ Օրվա կեսին ավելի ուժգին աղաղակներ լսվեցին. «Հաղթություն», «Յոխ օլսուն յունան», ասել է թե. «կորչեն Հույները»: Պատահել էր այն, որ հունական հաղթական ճակատը քար ու քանդ էր եղել Քյամալական զորքի աննախադեպ ճնշումից։ Թուրքական հորդան անցել էր հակահարձակման ու հասել մինչև Միջերկրականի ու Էգեյանի ափերը: Երեք ամսվա հունական առաջխաղացումը, որի արդյունքում հունական ուժերը հասել էին մինչև Անկարայամերձ բարձրունքները, երեք օրվա ընթացքում փլուզվել կործանվել էր: Այդ օրվանից Մուստաֆա Քյամալ փաշան դառավ սրբություն: Հիմա այնտեղ տիրում էր քեմալական ջարդը, կողոպուտը, հրդեհը… «Ոչ մի քրիստոնյայի ազատում ու խնայում չկա», «Բոլոր գյավուրների բնաջնջում, սրբում, վռնդում մինչև վերջինը», ահա քեմալական հորդայի կարգախոսները: Նորից Թուրքերն արյունահարբ վիճակում էին։ Ամենուրեք խրախճանք էր: Այլևս դուրս գալ, շարժվել հնարավոր չէր: Եթե տեսնեն, որ հայ ես կամ հույն, տեղն ու տեղը կխժռեն: Ապրում էինք վախի մեջ. ի՞նչ է լինելու սրա վերջ, ինչպե՞ս ենք պրծնելու։
Լողափում հայոց և հունաց քարը, քարը դատարկ էր։ Ափամերձ ժայռի կատարին բազմած հունական բազմագմբեթ եկեղեցին, հայոց հոյակերտ կենտրոնական եկեղեցու նման լռում էր: Բերդի ռազմական ավար ռուսական թնդանոթը հարմարացրել գործածում էին ծովում երևացող որևէ կասկածելի շարժման դեպքում:
Չուշացավ նաև հաջորդ աղետը. տեղաբնիկ հույները նույնպես ցեղասպանվեցին։ Տեղահանման ու ջարդի նոր ալիք էր սկսվելու։ Արդեն անթաքույց լկտիությամբ հայտարարում էին. «Թուրքիայում օտար ազգ չի լինելու, բոլորին կոտորելու ենք, ով չի ուզում կոտորվի, թող հաջորդ օրապտույտին թողնի թուրքիայի հողերը, կորչի գնա: Թուրքիան թուրքերինն է, ով մնում է թուրք է»։ Պարզ էր, որ մնալն ու թուրք գրվելն էլ չի փրկելու։ Մինչ այդ տեղի հայերն արդեն դես ու դեն էին ճողոպրել: Հույն հարևանությունը նույնպես վերացավ։ Քաղաքը դատարկվեց նաև հույներից: Մեր դպրոցի հարևան, ցածրիկ պատուհանի հաշմանդամ հույնն էլ չկար: Կարճ ժամանակ անց խլեցին մեր որբանոցի մեծ ու հարմարավետ շենքը։ Հայ ընտանիքի թաքցրած զարդեղենի նման, թուրք կողոպտիչ կառավարությունը մեր ձեռքից խլեց նաև շեքը։ Մեզ քշեցին այգուց վերև նեղլիկ նրբանցքի վրա գտնվող հայի լքյալ մի բնակարան, ուր արդեն սկսեցինք պահակությամբ ապրել: Գիշերները պահակ էինք կանգնում, որ թուրք խուժանը հանկարծակի չհարձակվեր մեր անպաշտպան նրբանցքի վրա:
Թեև դպրոցը մնում էր, սակայն մեր հետագա գոյության փաստն անգամ դարձել էր կասկածելի։ Նոր սպանդի զոհ չդառնալը դարձել էր գերխնդիր։ Ամեն ինչ մազից էր կախված։ Կուսակալն ու նրա խորհրդարանն էր մեր բախտը վճռելու։ Երկու անգամ քնարկեցին, թե մեզ հետ ինչպես վարվեն, ջարդե՞ն, թե՞ վռնդեն։ Մենք ահ ու սարսափի մեջ էինք ապրում: Գարեգին եպիսկոպոսն ու պատվելի Սսթեփլթոնն այլևս վեճ ու տարաձայություններ չունեին։ Նրանք հիմա միայն խորհրդակցում էին, թե ինչպես՞ փրկեն որբերին։ Բանակցում էին «բարեհաճ» ղեկավարների հետ, մի քանի օր ժամանակ էին խնդրում, որ կարողանան եվրոպական կամ ամերիկյան նավ ճարել ու հեռանալ Թուրքիայից: Ապաստան չկար և ոչ մի երկրում, բացի Հունաստանից, որտեղ կատարյալ քաոս էր: Ի՞նչ պայմաններով չգիտեմ, բայց ճարվեց իտլական մեծ նավը:
Առաջնորդի գլխավոր հոգսն այժմ որբանոցի արխիվը փրկելն էր: Կարողացավ կապուկների տեսքով հավաքել, խնամքով տեղավորել սնդուկներում ու հասցնել նավահանգիստ, բայց դուրս հանելու հավանականությունը չնչին էր, քանզի, թույլատվության վերջնական պայմաններն էին. նախ՝ նյութական ոչ մի արժեքի փոխադրում չի կարելի, երկրորդ՝ խիստ անհատական խուզարկություն և երրորդ՝ չպիտի լիներ ոչ մի կողմնակի անձնավորություն, միայն ստուգված, թույլատրված ցուցակով էին բաց թողնելու։ Ոչ մի գույք գործիք և այլն: Ծառացավ Վազգեն-Մուշեղի քողարկման հարցը: Նրան հաջողվեց անցնել թուրքական ստուգումը ցուցակներում հետին թվով արված գրանցման շնորհիվ:
Եվ այսպես 1923.թվի աշնանային ամպոտ, մռայլ ու անձրևոտ մի օր, մեկ առ մեկ ցուցակով ստուգվելուց հետո, մենք՝ Սահակ Մեսրոպյան վարժարանի սաներս, որբանոց-դպրոցի արխիվի հետ միասին տեղավորվեցինք իտալական մի մեծ նավի մեջ։ Մեզ ուղարկում էին Հունաստան, «Նյու Իսթ Չիլիֆ» ընկերության նյութական խնամատարության տակ:
Տրապիզոնի թուրք պաշտոնյաների ու զինվորականների մի ամբողջ ոհմակ նավամատույցում իր վերջին թալանին էր սպասում: Մեր առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, ուսուցչական ու աշխատանքային կազմը, ինչպես նաև գլուխներն ազատող բնակչության բավական մասը, իրենց օձիքները հազիվ ազատեցին: Թե ի՞նչ թույլ տվին դուրս հանել, ի՞նչ բռնագրավեցին, չեմ կարող ասել: Գիտեմ միայն, որ ոչ մի ոսկեղեն կամ այլ արժեքավոր բաներ չթողեցին, բոլորին էլ պարզապես թալանեցին: Գիտեմ նաև այն, որ արխիվը բեռնվեց նավի վրա: Վերջապես դժոխքից դուրս պրծանք: Նավը դուրս եկավ բաց ծով: Մինչև երեկո ծովը հանդարտ էր, սակայն կեսգիշերին սկսեց ալեկոծվել։ Նավն օրորվում էր խաղալիքի նման: Ես անտանելի վիճակի մեջ ընկա. սիրտս խառնոմ էր: Զարմանալի էր, բայց քչերն էին ինձ նման տառապում: Երիտասարդ նավաստիները, գիտենալով, թե ովքեր են նավի վրա, հեշտ ու հաջող «որսի» ակնկալիքով մոտենում էին արդեն հասունացած մեր որբուհիներին: Ամենից ցայտուն հիշում եմ Նվարդին։ Իտալացի նավաստիները ուզում էին նրան քաշել մի կողմ, սակայն նա ընդդիմացավ։ Իսկ նավաստիները փորձում էին գրեթե ուժով նրան տանել։ Մեր մեջ խոսեց արժանապատվությունը. սկսեցինք հսկել, որ Նվարդին չդիպչեն ու հանգիստ թողնեն։ Ես պառկած էի: Գործը հասավ տուրուդմփոցի: Նավաստիները զգալով մեր ասիական կատաղությունը տեղի տվեցին ու հեռացան:
Իսկ ես տեղս չեմ գտնում, ճոճքից սիրտս անընդհատ խառնում է։ Վերջապես հաջորդ կեսoրին ծովը խաղաղվեց: Օ՜հ, ինչ սքանչելի հայելի էր… Սամսոնի առևջից առավոտ վաղ էինք անցել։ Գտնվում էինք Զնսղուլ-դաղի մոտերքում: Ձկները նավի հետ արշավախաղի մեջ են: Մի քանի ժամից մտանք Պոլիս, Ոսկեղջյուր Պոլիս…
Սկսեցին Կանգնեցնել թուրքական պոստերի առաջ: Ներս էին մտնում նույն զզվելի թուրքերը… Մենք իրար ատում ենք. բացարձակ ճշմարտությունը սա է… Նավի մեջ եղած գաղթականության զգալի մասը իջավ Պոլիս, որպիսզի այդտեղից ուղևորվի այլ երկրներ: Նրանց մեջ էին նաև մեր տոհմի ժառանգներ՝ Կարապետն ու Գալուստը: Սինան իր երեք զավակներով եկավ մինչև Աթենք: Որբանոցի արխիվն իր հետ վերցնելով Պոլիս իջավ նաև մեր վաստակաշատ, բազմահմուտ հոգևոր առաջնորդը՝ անփոխարինելի ղեկավար Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը: Նրա հետ էր նրանից անբաժան Գուրգեն ուսուցիչը: Իջնելուց առաջ նրանք հավաքեցին մեզ հրաժեշտ տալու։ Մեզ համար դա համարյա ողբերգություն էր. ասես սգում էինք հարազատ ծնողի կորուստը: Հետո իմացա, որ իջնելու ժամանակ՝ արխիվը չեն կարողացել ափ հասցնել: Արխիվն ընկել էր ծովը։ Ինչպե՞ս է դա պատահել, ի՞նչ հանգամանքներում, չեմ կարող ասել։
Անցնում էինք Դարդանելի նեղուցով: Գիշեր էր։ Ափին, երկու կողմերից էլ պահակակետերի լույսերն են ցոլում: Նավը սահում է հանդարտ ու լուռ: Լուսաբացին արդեն Էգեյան ծովի հունական մասումն էինք: Ծովը գնալով խոժոռվում էր: Գիշերը հասանք Պիրեա նավահանգիստը: Այնտեղ մի գիշեր կանգնեցինք: Նավից շատ իջնողներ եղան։ Միայն մենք էինք մնացել, մեր որբական կազմով:
Վերջապես, արևոտ, ջերմ ու հիրավի հովվերգական մի առավոտ մեր առաջ բացվեց Սպարտայի չքնաղ ափը: Նավը դանդաղ մոտենում էր ափին։ Նավը բեռնաթափվելու է, մենք պիտի իջնեինք։ Զարմացած էինք այստեղի արևով ու ջերմությամբ. մարդիկ տակավին ծովում ազատ լողանում էին։ Տրապիզոնում խոր աշնանը լողալն անհնար էր:
Այդպիսի զգացումներով ոտք էինք դնում նոր երկրամասի վրա։ Այդ վայրը Պելեպոնեսի Լութրակին էր: Մեր ուսուցիչներն, ըստ երևույթին, իջել էին Աթենքում, այլևս չէինք տեսնում նրանց: Պարզվում էր, որ թուրքիայից բերված բոլոր որբերին «Նյու Իստ Չիլիֆը» հավաքում է Հունական Լութրակի քաղաքում, այնտեղից ուղարկում Կորֆու կղզի: Մենք մնացինք Լութրակում :
Եվ այսպես 1923.թվի աշնանային ամպոտ, մռայլ ու անձրևոտ մի օր, մեկ առ մեկ ցուցակով ստուգվելուց հետո, մենք՝ Սահակ Մեսրոպյան վարժարանի սաներս, որբանոց-դպրոցի արխիվի հետ միասին տեղավորվեցինք իտալական մի մեծ նավի մեջ։ Մեզ ուղարկում էին Հունաստան, «Նյու Իսթ Չիլիֆ» ընկերության նյութական խնամատարության տակ:
Տրապիզոնի թուրք պաշտոնյաների ու զինվորականների մի ամբողջ ոհմակ նավամատույցում իր վերջին թալանին էր սպասում: Մեր առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, ուսուցչական ու աշխատանքային կազմը, ինչպես նաև
գլուխներն ազատող բնակչության բավական մասը, իրենց օձիքները հազիվ ազատեցին: Թե ի՞նչ թույլ տվին դուրս հանել, ի՞նչ բռնագրավեցին, չեմ կարող ասել: Գիտեմ միայն, որ ոչ մի ոսկեղեն կամ այլ արժեքավոր բաներ չթողեցին, բոլորին էլ պարզապես թալանեցին: Գիտեմ նաև այն, որ արխիվը բեռնվեց նավի վրա: Վերջապես դժոխքից դուրս պրծանք: Նավը դուրս եկավ բաց ծով: Մինչև երեկո ծովը հանդարտ էր, սակայն կեսգիշերին սկսեց ալեկոծվել։ Նավն օրորվում էր խաղալիքի նման: Ես անտանելի վիճակի մեջ ընկա. սիրտս խառնոմ էր: Զարմանալի էր, բայց քչերն էին ինձ նման տառապում: Երիտասարդ նավաստիները, գիտենալով, թե ովքեր են նավի վրա, հեշտ ու հաջող «որսի» ակնկալիքով մոտենում էին արդեն հասունացած մեր որբուհիներին: Ամենից ցայտուն հիշում եմ Նվարդին։ Իտալացի նավաստիները ուզում էին նրան քաշել մի կողմ, սակայն նա ընդդիմացավ։ Իսկ նավաստիները փորձում էին գրեթե ուժով նրան տանել։ Մեր մեջ խոսեց արժանապատվությունը. սկսեցինք հսկել, որ Նվարդին չդիպչեն ու հանգիստ թողնեն։ Ես պառկած էի: Գործը հասավ տուրուդմփոցի: Նավաստիները զգալով մեր ասիական կատաղությունը տեղի տվեցին ու հեռացան:
Իսկ ես տեղս չեմ գտնում, ճոճքից սիրտս անընդհատ խառնում է։ Վերջապես հաջորդ կեսoրին ծովը խաղաղվեց: Օ՜հ, ինչ սքանչելի հայելի էր… Սամսոնի առևջից առավոտ վաղ էինք անցել։ Գտնվում էինք Զնսղուլ-դաղի մոտերքում: Ձկները նավի հետ արշավախաղի մեջ են: Մի քանի ժամից մտանք Պոլիս, Ոսկեղջյուր Պոլիս…
Սկսեցին Կանգնեցնել թուրքական պոստերի առաջ: Ներս էին մտնում նույն զզվելի թուրքերը… Մենք իրար ատում ենք. բացարձակ ճշմարտությունը սա է… Նավի մեջ եղած գաղթականության զգալի մասը իջավ Պոլիս, որպիսզի այդտեղից ուղևորվի այլ երկրներ: Նրանց մեջ էին նաև մեր տոհմի ժառանգներ՝ Կարապետն ու Գալուստը: Սինան իր երեք զավակներով եկավ մինչև Աթենք: Որբանոցի արխիվն իր հետ վերցնելով Պոլիս իջավ նաև մեր վաստակաշատ, բազմահմուտ հոգևոր առաջնորդը՝ անփոխարինելի ղեկավար Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը: Նրա հետ էր նրանից անբաժան Գուրգեն ուսուցիչը: Իջնելուց առաջ նրանք հավաքեցին մեզ հրաժեշտ տալու։ Մեզ համար դա համարյա ողբերգություն էր. ասես սգում էինք հարազատ ծնողի կորուստը: Հետո իմացա, որ իջնելու ժամանակ՝ արխիվը չեն կարողացել ափ հասցնել: Արխիվն ընկել էր ծովը։ Ինչպե՞ս է դա պատահել, ի՞նչ հանգամանքներում, չեմ կարող ասել։
Անցնում էինք Դարդանելի նեղուցով: Գիշեր էր։ Ափին, երկու կողմերից էլ պահակակետերի լույսերն են ցոլում: Նավը սահում է հանդարտ ու լուռ: Լուսաբացին արդեն Էգեյան ծովի հունական մասումն էինք: Ծովը գնալով խոժոռվում էր: Գիշերը հասանք Պիրեա նավահանգիստը: Այնտեղ մի գիշեր կանգնեցինք: Նավից շատ իջնողներ եղան։ Միայն մենք էինք մնացել, մեր որբական կազմով:
Վերջապես, արևոտ, ջերմ ու հիրավի հովվերգական մի առավոտ մեր առաջ բացվեց Սպարտայի չքնաղ ափը: Նավը դանդաղ մոտենում էր ափին։ Նավը բեռնաթափվելու է, մենք պիտի իջնեինք։ Զարմացած էինք այստեղի արևով ու ջերմությամբ. մարդիկ տակավին ծովում ազատ լողանում էին։ Տրապիզոնում խոր աշնանը լողալն անհնար էր:
Այդպիսի զգացումներով ոտք էինք դնում նոր երկրամասի վրա։ Այդ վայրը Պելեպոնեսի Լութրակին էր: Մեր ուսուցիչներն, ըստ երևույթին, իջել էին Աթենքում, այլևս չէինք տեսնում նրանց: Պարզվում էր, որ թուրքիայից բերված բոլոր որբերին «Նյու Իստ Չիլիֆը» հավաքում է Հունական Լութրակի քաղաքում, այնտեղից ուղարկում Կորֆու կղզի: Մենք մնացինք Լութրակում :
ՀՈւՆԱՍՏԱՆ
Լութրաքին երկու մասից էր կազմված. մեկը՝ շատ չնչին թեքության վրա տեղավորված մի խղճուկ ու հինավուրց փոքրիկ գյուղակ էր, մյուսը՝ բոլորովին վերջերս կառուցված ամառացոնային, թե առողջարանային գոտի։ Անմիջապես ծովափին էր։ Գրեթե բոլոր շենքերը եռահարկ ապարանքներ էին, որոնք չունեին բակեր ու այգիներ։ Պարզապես մաքուր, մերկ մի շարք շենքեր ու վերջ: Կաին նաև կարճաբուն, պինդ ծառուտներ։ Քաղաքի շրջակայքում համատարած ձիթենիների տնտեսություններ էին և ուրիշ ոչինչ: Խոշոր եղջյուրավորներն իսպառ բացակայում էին՝ արոտավայրեր, հանդեր չունեն: Այդ առանձնաշենքերը կառուցված էին այդտեղ բխող հանքային ջրի տաք ավազանի շուրջ: Այդ ամենը հունական կառավարությունը տրամադրել էր որպես հայ որբերի հավաքատեղի, ժամանակավոր ապաստարան: Պիտի ասել, որ Հունաստանն էլ հարուստ չեր, սակայն իր չեղածից եղածը հատկացրեց հայ որբերի փրկության համար, ապաստանեց առանց որևէ դիվանագիտական կեղտի ու քաղաքական շահի: Մեր շնորհակալությունն
ինչպե՞ս արտահայտեմ, բառեր չեմ գտնում։
Սկսվեց մեր որբական կյանքի նոր զարթունքը։ Ուսումնական ծրագրից բացի կային անհրաժեշտ բոլոր խմբակները՝ նկարչության, քանդակագործության, երգի… Կազմակերպվում էին մարզական համախմբումներ, էքսկուրսիաններ: Մի խոսքով կյանքի կոչող եռ ու զեռ էր։
Ամեն առավոտ մինչև վերջին որբը պիտի շարված լիներ բակում։ Նախ առավոտյան մարզանքն էր, ապա նաև ամենօրյա ստուգումը։ Սնունդը ռեժիմով էր, բավարար քանակով: Առավոտները կակաոն պարտադիր էր:
Բաժանվում էինք ըստ խմբակների: Բոլորն ունեին իրենց մասնագետ ղեկավարները: Չեմ մոռանա այն երաժշտական երեկոնները, որոնք կայանում էին պարոն Լևոնի՝ ամբողջ էությամբ երաժիշտության այդ նվիրյալի ջանքերով։ Ինչքան ջանք էր թափում Կոմիտասի, կամ Կարամուրզայի խմբերգերը սովորեցնելու վրա… Ամեն մեկս մի արվեստի ճյուղով էր զբաղվում։ Ես հաճախում էի մարմարի փորագրության խմբակ: Աղջիկներն անբողջությամբ ձեռագործի ու տնարարության խմբերն էին հաճախում:
Այստեղ արդեն մեզ խառնվել էին դպրոցավարտ մեծահասակ որբեր: Նրանք հետևում էին համաշխարհային փիլիսոփայական, գրական, քաղաքական հոսնքներին: Ամերիկյան միսիայում վերին ղեկավարությունը հետևում էր այդ խմորումներին։ Դրա համար նա ուներ իրեն ենթակա հայ կադրեր՝ կամակատարներ: Աստիճանաբար մեծերն իրենց մեջ ընգրկեցին նաև մեզ՝ կրտսերներիս: Ազատ ժամերին կամ հանգստի պահերին հավաքվում էինք գյուղակի կողքին գտնվող ձիթենիների սաղարթների տակ: Հիշում եմ, որ Սողոմոնը՝ մեր խմբակի գաղափարակիրը, բարձրանում էր ժայռի կտորի վրա ու հայտարարում.
- Ունկնդրո՞ւմ եք ինձ, որպես ճեմարանի սաներ։ Ունկնդրեք, որ ես կարողանամ ներշնչվել մի որևէ փիլիսոփայի դերով, ասենք Դեմոսդենեսի, Ցիցիրոնի, Ժորեսի, Ֆոերբախի կամ Մարքսի…
Եվ սկսում էր… Այն ժամանակ նա ձեռք էր բերել Մարքսից, Էնգելսից, Հեգելից և ուրիշներից ինչ որ հատվածներ: Այնուհետև նյութը փոխանցվում էր մյուսներին։ Վազգեն-Մուշեղն ու Սողոմոնը իրար հակադիր կերպարներ էին, բայց երկուսն էլ ղեկավար ուժ էին, մեր կողմից հավասարապես սիրված: Մենք արդեն հասունացել էինք և ոչ այնքան գաղափարապես, որքան ֆիզիկապես։ Մի օր մեր տղաներից մեկն ասաց.
- Տղերք, հարսնացու ընտրելու անզուգագան ժամանակ է։ Մեր աղջիկները կարմրել մեզ են սպասում, այդ խնձորները մենք պետք է ուտենք, այնպես չէ՞…
Ինչ՞ անեինք, հնար չունեինք, փիլիսոփայությամբ ընտանիք չես կազմի… «Ծակ գրպան Սողոմոն» ասում էր Վազգենը։ Մենք իմացանք, որ կա սովետական Ռուսաստան, սովետական Հայաստան, որ… Թե այդ ի՞նչ խորհրդային կարգ էր, ոչ ոք կարգին չգիտեր։ Հետո պետք է գործը հասներ Լենինի, Շահումյանի, Մյասնիկյանի անուններին, թեզիսներին…
Այս բազմահազարանոց որբ աշխարհի տեր ու տիրականը մի ամերկուհի էր՝ միսիս…. ափսո՜ս, անունը մոռացել եմ։ Չափազանց դաժան կին էր։ Ամրապինդ «զամբիկ» էր։ Ամեն առավոտ մութնուլուսին նա պիտի իրեն գցեր ծովի թարմության ծփանքների մեջ։ Եղենակ չէր ճանաչում:
Լութրակի երիտասարդությունը, ինչ խոսք, նյութապես ավելի ուժեղ հիմք ուներ և չէր կարող չգայթակղվել, չհետապնդել մեր կոկոնի պես բացված աղջկներին։ Այդ հողի վրա մեր մեծ տղաներն արդեն բախումներ էին ունենում տեղացիների հետ։ Իրավիճակն այնքան սրվեց, որ կողմերի ղեկավարները մի քանի անգամ քննարկեցին ազգամիջյան հարաբերությունները ճիշտ կազմակերպելու հարցը։
Ահա այս բորբոքուն պայմաններում մեր անողոք ամերիկուհին չարակամ ու անթույլատրելի մի քայլ կատարեց: Մեր հասուն աղջիկներից մեկը, սիրային մեղանչում էր ունեցել, բայց իրեն պահել էր նրա առաջ շատ ըմբոստ: Կարգադրեց, որ հրապարակայնորեն պատժեն։ Մազերը խուզեցին ու շղթայով կապեցին հրապարակի սյունին, իսկ կրծքին պարսավագիր փակցրին։
Ըմբոստությունը դարձավ անխուսափելի։ Այն իսկույն ժայթկեց մեր տղաների մեջ. ազգի պատվի հարց էր: Նույն գիշերը նրանք մեր աղջկան ազատեցին, շղթաները կտրատեցին ծովը շպրտեցին, իսկ պարսավագիրը ամերկուհու լոգարանում տնկեցին։ Գլխավոր կազմակերպիչները փախան թաքնվեցին կողքի բլրակներում: Աղջիկներն իսկույն հանձն առան տղաներին սնունդ մատակարարելու գաղտնի գործը: Խռովությունը սկսեց տարածվել ամբողջ որբության մեջ, բոլորն էլ վրդովված էին: Հայ ուսուցիչների միջամտությունների շնորհիվ, մի շաբաթ հետո հաշտություն կնքվեց։ Տղաները վերադարձան, բայց շատ շուտով էլ լքեցին որբանոցը։ Գնացին Աթենքի կողմերը աշխատանք ճարելու:
Ամերիկուհին պիտի հաշվի առներ գոնե այն, որ դրանք նույն այն տղաներն էին, ովքեր ուժեղ հեղեղի ժամանակ, այն էլ գիշերը, լապտերների լույսի տակ անձնուրացորեն նետվել էին, փրկելու պահեստների ալյուրը, շաքարը, մյուս գույքը… Կորուստներ գրեթե չունեցանք առաջին հերթին հենց այդ երիտասարդների շնորհիվ: Դա իրոք գնհատելու արժանի արարք էր։ Ճիշտ է, այդ ամենը մերն էր, բայց այնուամենայնիվ:
Անմոռաց էր Կորնթոս կատարած էքսկուրսիան: Օրվա սնունդը վերցրած, մոտ 80 հոգանոց խմբով, առավոտ կանուխ շարժվեցինք, նախ դեպի Կորնթա ջրանցքի կամուրջը, որը Լյութրակի կամրջի հարավային մասում էր, ապա նաև մնացյալ քաղաքը։ Ուղղվեցինք դեպի Կորթնա նախաբերդ փոքրիկ քաղաքը։ Մեծ մասամբ մշակված արտեր էին և խաղողի այգիներ: Այդտեղ իմ ամենամոտ ընկերոջ՝ կիրասունցի Մասիսի երկու ոտքերն էլ բռնվեցին: Չկարողացավ ճանապարհը շարունակել: Ես մնացի կողքին: Բարեբախտաբար մեզ մի տեղացի ծերուկ պատահեց: Լսեց մեզ և իսկույն բուժումն առաջարկեց.
- Տեսնո՞ւմ եք, ծովի ափի տաք ավազը: Մի կերպ հասեք այնտեղ: Տղա ջան, դառնալով Մասիսին ասաց նա,- լա՜վ կթաղվես ավազի մեջ՝ մինչև կուրծքդ: Մի քանի անգամ բացվիր նորեն թաղվիր, այնքան, մինչև որ քեզ լավ զգաս, սկսես հանգիստ քայլել:
Հոգնած մի որբ էլ մեզ հետ էր, նրան խնդրեցի մնալ Մասիսի մոտ: Իսկույն հոժարվեց։ Ես մտադիր չէի ետ մնալ Կորթնոսի հնագույն բերդն ու ավերակները տեսելուց: Հասա խմբին։ Բերդի նախամուտքի մոտ մի վարար, զուլալ աղբյուր կար: Խմում էինք ու անցնում։ Նայեցինք, տեսանք թուրքերեն ինչ-որ բաներ կան գրված… Ապշեցինք…Մեր ապշածության վրա մոտեցավ տեղացի մի հույն.
- Տեսնո՞ւմ եք այդ տառերը… Թուրքն է գրել… Գրել է, որ սա իր սեփական երկրն է: Նույնությամբ պահում էնք այդ փորագրությունը, ձեռք չենք տալիս, որ ամեն անցնելիս հիշենք, թե ինչ կարող է պատահել մեր սրբազան Հելլադայի հետ, թեկուզ և հիմա այդ վտանգը կորել է, չքացել։ Գնացեք, տեսեք մեր Կորնթոսի, Սպարտայի փառավոր անցյալը:
Ջուր խմեց, երեսը լվաց ու թքեց փորագրված թուրքերեն բառերի վրա…
Ճանապարհը հենց գլխավոր փողոցն էր, թեք քարքրոտների վրա: Առջևում՝ ծովի ափին, բավական մեծ խաղողի այգիներ էին՝ լավ խնամված: Երկար մնալու ժամանակ չունեինք: Օրվա ուտելիքը տվին ավերակների մոտ։ Վերադարձանք նույն ճամփով։ Մասիսիսն արդեն ոտքի վրա էր, բոլորովին առողջ։ Երեկոյան կողմ հասանք Լութրակի:
Նույն գարնանը Լութրակիում գտնվող որբերիս մաս-մաս ցրեցին, տեղափոխեցին այլ վայրեր: Մենք ընկանք Սիրոս կղզին, մնացածը՝ նշանավոր Կորֆու կղզին: Սիրոսը փոքր, համեստ և աղքատիկ մի քաղաք էր: Սիրոս քաղաքի փոքր բերդի բլրի ետևում շինարարություն էր գնում՝ որբերն իրենց համար գաղթավայր են ստեղծում: Հսկայական շենք էր բարձրանում։ Շուրջը աշխատողների վրաններ ու ժամանակավոր կացարաններ էին: Տեղավորվել էինք վրաններում: Մեզ իսկույն բաժանեցին ըստ աշխատանքների՝ բանվոր, ծառայողներ, հսկիչներ, պահակներ, խոհարարային կենցաղային, սանիտարական աշխատողների: Ես ընկա պահակության մեջ:
Քաղաքում կրքերը եռում էին. արական սեռի ներկայացուցիչների թվաքանակը շատ փոքր էր: Ասում էին, թե ազատագրական կռիվներում տված հսկայական քանակով զոհերի պատճառով աղջիկները մնացել են առանց արուների: Եվ իրոք. անցնում էիր փողոցով և ամեն կողմից կանայք ծիկրակում, կանչող հայացքներ էին նետում, դուռ ու լուսամուտից ազդանշաններ էին տալիս, կանչում:
Տները երկու հարկանի էին, իրար կից։ Ծովափին` քաղաքի կենտրոնական հրապարակում ինչ-որ հերոսի մեծադիր մարմարյա արձանն էր, շուրջը ծաղկանոցներով, պար ու երգի հրապարակներով զբոսայգին: Երեկոյան, երբ որբերն արդեն ի վաճիկի չէին (և թույլ էլ չէր տրվում) դուրս գալ, սկսվում էր մինչև լույս տևող քաղաքի բուռն գիշերային կյանքը։ Երթևեկությունը խիստ սահմանափակվում էր։ Այնուամենայնիվ մենք երբեմն հաջողացնում էինք մասնակից լինել։
Ցերեկները երբ մարդիկ տանը չէին, ավագ որբերը, որոնք արդեն հասունացել ու սեռական կյանքի կարիք ունեին, ավելի ազատ էին գործում. գնում էին արդեն ծանոթ տները։ Ինչ խոսք, և որբերն էին գեղեցիկ և «ջիգի-ջիգի» կանչող կանայք՝ ճաշակով, մաքուր, մատչելի…
Աշխատողներին չգիտեմ, բայց մեզ վարձատրություն չէին տալիս, սակայն ուտելիքից ու հագուստից գոհ էինք: Պատահում էր, որ ցերեկային դռնապահ էինք դառնում, թեև մերը ավելի շատ գիշերային, ընդհանուր ճամբարային պահակություն էր: Ճամբարի տարածքը բաժանված էր մի քանի պահակային հատվածի վրա: Իմը՝ հյուսիս արևմտյան հատվածն էր: Ազատ ժամերիս կարդում կամ «թուղթ էի մրոտում»:
Պիտի ասեմ, որ Տրապիզոնից հետս բերել էի այն ջութակը, որը մեր ռուս ուսուցիչը ինձ տվեց, որպես իր լավագույն աշակերտի։ Պարապել, նվագելու ոչ մի հանրավորություն չէի ունեցել, սակայն ջութակը միշտ հետս էր: Մի օր էլ հիմնական կացարանից հետս բերեցի կախեցի վրանում: Ընկերս զվարճանալու ժամանակ վայր գցեց և ջութակս կոտրվեց։ Ոչ նա կարողացավ նորն առնել, ոչ էլ ես: Մեր պահակապետը խոհուն, գիտուն մարդ էր, անչափ զարգացած, ես կասեի՝ «մտավորական»։ Գիշերները գալիս էր մոտս և աստղագիտություն ուսուցանում, մեկ առ մեկ բացատրում ու ցույց էր տալիս համաստեղությունները:
Մի օր ջութակս ջարդող ավագ ընկերս, որ նույնպես պահակ էր, ինձ քարշ տվեց քաղաք: Իմ առարկությանը, նա միայն մի պատասխան ուներ. «դու մինակ աշե…»… Այդքանը ես ընդունեցի, գնացինք: Հենց առաջին փողոցում, մեզ տեսնելով՝ կանչեցին «ջիգի-ջիգի»: Ընկերս դուռը համարձակորեն բաց արեց ու ինձ էլ իր ետևից քաշ տալով մտավ ներս: Բարցրացավ երկրորդ հարկի փայլուն աստիճաններով, որի վերևում երկու երեք աղջիկներ սպասում էին մեզ: Նա բարձրացավ ու գրկեց նրանցից մեկին, իսկ ես, դուրս փախա, երբ նրանցից ամենափոքրը, թևերը բացած ուզում էր քաշել ինձ իր գիրկը։ Տակավին դեռ փոքր էի և սեռային կիրքը ինձ չէր խեղդում, ինչպես Քերոբին: Ես հանգիստ սրտով եկա մեր վրանը: Մի օր էլ, երեկոյան զբոսանքի էինք դուրս եկել նույն ընկերոջս հետ: Լուսավողող հրապարակում՝ նվագ, երգ ու պար, պաղպաղակ, քաղցրենիք, այլ վայելքներ… Դրամ չունեինք, ոչնչի չէինք կարող մասնակցել։ Ամոթալի իրավիճակում հայտնվեցինք:
Աշնանն ականատես եղանք մի համժողովրդական ցույցի, որն ուղեկցվում էր «Զիթե Փլաստիրաս» բացականչություններով, նվագով ու տոնախմբությամբ: Փլաստիրասն այն զորավարն էր, որն ի մի բերելով հունական բոլոր ուժերը կանգնեցրել էր ասպատակող քեմալական հորդաներին։ Հզոր պատնշ էր ստեղծել ու հակահարված տվել Անդիանապոլից Սալոնիկ տանող ճանապարհին: Մենք էլ մասնակցեցինք։ Ամբողջ ուժով բղավում էինք՝ «մահ թուրքիզմին», «դեպի Իզմիր», «դեպի Կիլիկիա»…
Հավանաբար 1924-25 թվերն էին։ Ես ընկա Մակեդոնիա ուղարկվող խմբի մեջ: Սաստիկ ալեկոծության ժամանակ անցանք Սալոնիկի կողքով լողացինք դեպի հյուսիս: Քիչ անց անցնում էնք ժայռերի գլխին թառած հայտնի ճգնավայրերի ու մենաստանների դիմացով: Մոտեցանք Խալկիթայի նեղուցին։ Գիշերն արդեն Գավալայի մատույցում էնք: Առավոտ կանուխ հասանք Գավալա ու սկսեցինք նավի բեռնաթափումը: Դուրս եկանք ափ։ Գովական քաղաք էր, հունական մակեդոնիայի ամենակենտրոնական քաղաքը: Հանգիստ, փոքր ծովախորշով քաղաք էր։ Կարճ ու երկար սալապատ փողոցներով, երկհարկանի փոքրիկ տներով ու խանութներով: Փողոցն ազատ էր իրար գլխի «թառած» շինություններից: Միայն հատ ու կենտ պահեստներ ու հիմնարկներ կային, որ զբաղացնում էին առափնյա տարածությունները:
Հավաքված կանգնած էինք, սպասում ենք կարգադրությունների, մեկ էլ աղմուկ աղաղակ բարձրացավ։ Վազում հավաքվում էին ինչ-որ էշի ու տիրոջ շուրջ։ Ես էլ վազեցի։ Մոտենալիս լսեցի՝ «ծո, խփե՛ք, թուրք է»…
Մարդը խնդրում է աղաչում էր, որ չխփեն, որ ինքը տեղացի է, որ խաղաղ գյուղացի է՝ բազմազավակ ընտանիքի հայր… Իսկ մերոնք խփում ու գոռում էին.
«Բա մեր հայրերն ո՞ւր են, մեր հայրերը բազմազավակ չէի՞ն, մեր գյուղերն ո՞ւր են, ըսե, թուրք…»… Ես վազեցի, մտա արանքները, որ չթողնեմ. «
Մեղք է, ծո, մի՛ խփեք, մենակ մարդ է, գյուղացի…»… Չգիտեմ ինչու էի խղճում, անգամ լաց էի լինում… Տացուիս էի հիշում, որ ասում էր. «
Մարդ ըլլա, թոռնիկս, գազան մի ըլլար»… Քաղաքի «փոլիսներից» վրա հասած ոստիկաններն, ազատեցին այդ մարդուն:
Օրը տաքացավ: Ուտելիք տվին և կարգադրեցին խճուղիով շարժվել դեպի արևմուտք, Տրամա քաղաքի կողմը: Շրջակայքը բաժանվում է Մակեդոնիայի դաշտից մի չոր ցածրիկ լեռնապարով: Այդ լեռնապարն անցանք հաջորդ առավոտ զով եղանակին: Մեր հետիոտն շարքերն, այնքան երկարեցին, որ հնարավոր չէր որոշել՝ սկիզբը ո՞րտեղ է, վերջը՝ որտեղ: Արևը բարձրացել հրե գունդ էր դարձել, ահավոր շոգ էր, քայլելիս թմրում էինք: Ես շարժվում էի առաջին շարքերում, երբ հանկարծ ուժգին մի հարված ստացա ու ընկա… Վրայիցս «ֆուրգոն» անցավ ու ձիեր… Կարճ տևեց, սրընթաց էր գնում։ Սմբակներն ինձ չկոխորտեցին, անիվները չդիպան: Դուրս եկա ֆուրգոնի տակից ողջ-առողջ… Վեր կացա, ինձ թափ տվի, տնտղեցի ինքզինքս՝ իրոք ողջ-առողջ էի, ոչ մի տեղս չէր վնասվել, միայն աջ ոտս էր մի քիչ ցավում: Մինչև ես ինքզինքս կստուգեի, ընկերներս պաշարել էին ֆուրգոնավարին ու տուր թե կտաս… Անմիջապես բղավեցի. «
Բան մի ըրեք, թողեք, ինձ բան չի եղավ, անվնաս եմ»…
«Ծո, շան որդի, աչքերդ փա՞կ էիր քշում,- չէին հանգստանում մերոնք,- ճամփադ առաջդ է, ինչո՞ւ որբի վրա քշեցիր»… «Չտեսա, չտեսա, շեղվեցի, ձին քաշեց, խնդրում եմ մի խփեք, աղաչում եմ» արդարանում էր ֆուրգոնավարը։ «
Թողեք թող երթա այդ սրիկան, ինձի բան չեղավ»… Թողեցին… Ուշ երեկոյան, հասանք Էդիրնեչիկ:
Առավոտ նկատեցինք, որ կային մի քանի մեծ շենքեր, հավանաբար զորանոցներ էին: Հենց դրանց մեջ էլ սկսեցին մեզ տեղավորել: Լավից վատից տեղավորվեցինք կողք կողքի շարված երկաթյա մահճակալների վրա։ Ստացանք նոր շորեր։ Լավ էինք սնվում: Այստեղ առաջին անգամ մենք տեսանք «Կարագյոզ» տիկնիկային խաղը։ Հատուկ խումբ էր եկել մեզ՝ որբերիս համար այդ ներկայացումը ցույց տալու: Գավալայից Էդիրնելիք տանող ճանապարհին առաջին անգամ նկատեցի, հենափայտով քայլող մի տղայի, որի ձեռքին գրքեր կային։ Նախկինում նրան չէի տեսել։ Ոտքը կոտրած էր։ Իմացա, որ անունը Համբարձում էր: Խնդրեցի, որ ինձ էլ տա կարդամ։ Սկսեցի նրանից գրքեր վերցնել, իսկ հետո նաև ուրիշ տեղերից էլ էի ճարում կարդում: Ինչ-որ ձեռագիր թերթիկներ էինք կարդում: Շուտով լսեցինք, որ մեզ, որպես հասուն աշխատունակ մարդկանց ցրելու են գյուղերի վրա: Փոքրիկներին պահելու էին: Աստիճանաբար մեր որբանոցը սկսեցին փոխադրել, մոտակայքում գտնվող Չաբալչա զորանոցային կենտրոնը: Մի օր էլ սկսեցին ջոկել, խմբավորել, որ ուղարկեն գյուղերը: Մենք 13 հոգանոց խմբով ընկանք Քսանթա գյուղը, որը Տրամա-Գակալու խճուղու վրա էր տեղակայված: Մեզ հետ էր որբանոցի հատուկ ներկայացուցիչը: Մենք տեղ հասանք առավոտ կանուխ, այն ժամանակ, երբ գյուղացիները դեռ տակավին գյուղում էին: Մեզ շարեցին։ Ամբողջ գյուղը լուրն իմացավ: Գյուղացիները շտապեցին գալ աշխատող ձեռք ընտրելու: Նրանց մոտ ամառային աշխատանքների ամենաեռուն ժամանակն էր: Պայմանը հետևյալն էր. պիտի մի փոր հացի դիմաց աշխատեինք, սակայն մեր հանդեպ հոգատար պիտի լինեին և ապահովեին զգեստներով։ Ուրիշ ոչինչ: Մենք իրավունք չունեինք ինքնագլուխ «չորբաշիի» տունը թողնելու, և պիտի կապի մեջ լինեինք որբանոցի ղեկավարության հետ, նրանք պիտի գային ստուգման… Մի բան, որ երբեք չէր լինելու ու չեղավ:
Ընտրության ժամանակ նայում էին ոչ միայն ֆիզիկական տվյալներին, այլև արտաքին տեսքին… Ո՜վ իմանա, ուրիշ ի՞նչ մտադրություններ ուներ այս կամ այն մարդը։ Մեկն ասում էր «սրան ինձ տվեք», մյուսը՝ «ես սրան եմ ուզում»… Մեկն ինձ ցույց տվեց։ Ներկայացուցիչն հանձնեց նրան: Միջինից փոքր ինչ բարձրահասակ, բարեկազմ մարդ էր: Առավ ինձ ու տարավ գյուղի եկեղեցուց մի քիչ վերև գտնվող իրենց տուն: Մի հարկանի, մի փոքր թեքություն ունեցող փոքրիկ բակով, երկու սենյականոց տուն էր՝ կահավորանքից զուրկ: Հղի կին ուներ: Այդ տանը ես ոչ ծիծաղ տեսա, ոչ էլ բարեհաճություն: Լուռ ու մունջ էի։ Անընդհատ տհաճ լռություն էր տիրում, այնքան, որ ճանճն անգամ չէր համարձակվում բզզալ: Իրենց սենյակից մի աստիճան ներքևում մի կտրված անկյուն կար: Այդ անկյունում փայտի տախտակների վրա մի քանի չուլ ու մուլ էր գցված։ Դա էր իմ անկողինը: Կինը մի պատառ բան էր տալիս, ուտում ու պառկում էի: Գիշերվա ժամը 3-4 կողմերը կինը կանչում է «ըրղատո, ուլան»… Վեր էի թռչում։ Կինը ետ էր շրջվում ու ես շտապով շորերս շուլուլում էի վրաս: Մի սուրճ էին տալիս մի պատառիկ հացով։ Ուտելուց հետո ձին վերցնում ու երեքով էլ բռնում էինք ծխախոտի արտի ճամփան: Բավական հեռու էր: Մթնով էինք գնում, ամեն մեկիս ձեռին մի լապտեր կար: Մարդն ինձ քիչ-քիչ սովորեցնում էր, թե ինչպես պիտի ծխախոտի քաղի հետ գործ ունենալ: Ջանք չէի խնայում, բայց անվարժ էի աշխատում։ Քաղածներս դիզում, լավ դասավորում էինք զույգ քթոցների մեջ, բարձում ձիուն ու գնում էինք տուն: Օրվա քաղածը նույն օրն պետք է շարվեր։ Բացի դա պիտի հասցնեի տան գործերը՝ ձիուն նայելը, խոտը, ջուրը և այլն: Պետք է ասեմ, որ Էֆիմն ինձ չէր շահագործում, ես ավելի շուտ նրա օգնականն էի, քանզի նա առաջին հերթին ամեն ինչ իր վրա էր վերցնում: Կինը դժգոհ էր, սակայն մենք միմյանցից գոհ էինք, հատկապես Էֆիմը:
Որոշ ժամանակ հետո, նա ինձ տարավ քաղաք: Կիրակի էր։ Տրաման շատ հաճելի գյուղաքաղաք էր, գեղեցիկ սարալանջերի վրա փռված: Մտնում էինք փոքրիկ, հողահարկ խանութներ։ Իր ծանոթի կտորեղենի փոքր խանութում ինձ հարցրեց.
- Ո՞րն ես ուզում, կտոր ես ուզում թե՞ պատրաստի կոստյում, որ գույնն ես հավանում, մի քաշվիր, ցույց տուր որ մեկն ուզում ես…
- Շնորհակալություն Էֆիմ քեռի,- ջերմ հայացքով նայեցի այդ իսկական մարդուն և շոյեցի թևը։ Նա հասկացավ, որ ես շատ եմ քաշվում և ինքը ցույց տվեց վաճառողին.
- Այ, այս սուրճի գույնի կոստյումը տուր:
Առավ։ Մենք այդ նույն օրը վերադարձանք տուն: Նա իսկապես լավ մարդ էր, լավ մարդու ժառանգ:
Արդեն ասացի, որ մենք 13 որբերով ապրում էինք այդ գյուղում: Գյուղը բավականին մեծ էր, բանուկ ճամփի մոտ տեղաբաշխված: Դաշտերւոմ համատարած ծխախոտ էր աճում՝ նրբատերև, լավորակ: Գյուղի եկամուտը խարսխված էր դրա վրա: Հումքը պատրաստում էին ու հանձնում ամերիկյան գնորդ ընկերության գործակալներին: Կային նաև ուրիշ ընկերություններ: Հավանաբար դա շատ ձեռնատու էր, քանի որ գյուղացիները բավական լավ էին ապրում: Գյուղից դուրս, խճուղղուց բավականին ձախ, մեծ սալաքարի տակից հսկայական հորդումով, զուլալ, համով ակներ էին լույս աշխարհ գալիս: Ամեն կիրակի մենք այնտեղ էինք լինում: Լվացք էինք անում, լողանում, «բուխանկա» հաց էինք ուտում շաքարավազով ու հաճախ էլ խոշոր ձմերուկներով: Քսանթա գյուղում մենք որբացած հայերի կուռ խումբ էինք՝ 13 եղբայրներ: Չնայած տարբեր հեռավորության վրա գտնվող տներում էինք, մեկ մեկուց բաժան, սակայն ազատ ժամանակներս հավաքում էինք միմյանց շուրջ: Ունեինք մեր խաղակազմը, հատկապես ֆուտբոլի: Թե որտեղի՞ց էինք գնդակ ճարել՝ չեմ հիշում: Խաղում էինք գյուղի կենտրոնում։ Ոչ ոք չէր համարձակվում ծուռ աչքով մեզ նայել, խանգարել՝ վրա էինք տալիս խմբովի, այն էլ կրակոտ կերպով:
Գյուղի կենցաղն առաջադեմ էր՝ աշխատանքի ժամանակ լավ աշխատում էին, հանգստի ժամանակ հանգստանում՝ երգ ու պար, ուրախ ժամանց… Երեկոները մաքուր թեթև հագնված դուրս էին գալիս բացօթյա զբոսանքի: Եղանակները մեղմ էին:
Գյուղի կենտրոնում մեծ եկեղեցի կար: Իմ տնեցիները, ինչպես և ամբողջ գյուղը, ամեն կիրակի բարեպաշտորեն գնում էին ժամերգության: Մինչև պատարագը չվերջանար բան չէին ուտի: Մարդ ու կին անխափան հետևում էին այս կարգին: Ինձ մի քանի անգամ ակնարկեցին, որ եկեղեցի չեմ գնում, թեև դա նաև նրանց ձեռնտու էր, քանզի ես տանը նայում, և դեռ մի բան էլ աշխատում էի։ Ամենածանրն այն էր, որ ես պետք է սոված մնայի մինչև պատարագից նրանց վերադարձը: Իմ մեջ դժգոհությունն սկսեց խլրտալ: Ինքս ինձ լռելյան հարց էի տալիս. «հանուն ինչի՞ ես պիտի նրանց սպասեմ»: Այդ օրերին չգիտեմ թե ինչո՞ւ, կինն ինձնից ամաչում էր:
Մի առավոտ երբ իրենք էլ հակառակի նման ուշ եկան չդիմացա, հենց ներս մտան ասացի.
-Սրանից հետո իմ նախաճաշը տվեք, հետո նոր գնացեք ձեր եկեղեցին:
-Չես՞ կորող համբերել,- ասաց կինը,- առանց աղոթքի մեղք է… Դու էլ մեզ հետ արի։
-Ինչու չես ինքդ վերցնում ուտում,- Էֆիմի ձայնից երևում էր, որ իրեն մի քիչ մեղավոր է զգում,- եթե պատարագի ավարտին չես համբերում, ապա ինքդ վերցրու կեր…
-Ի՞նչ եկեղեցի, ի՞նչ Աստված… նա մեզ մոռացել է, մենք չունենք, ե՞րբ, որտե՞ղ է մեզ պաշտպանել… Դուք իմ հացը տվեք, գնացեք ձեր Աստծո մոտ:
Պատասխանելու բան չունեին, ի՞նչ ասեին՝ սիրտս այրված մոխրացած որբ էի: Հաջորդ կիրակի օրվանից սկսած իմ պահանջը կատարեցին…
Ես արդեն կարգին աշխատող ուժ էի: Զգում էի, որ ինքնուրույն կարող եմ գոյությունս պահել: Ես ծրագրում էի ինքնուրույն ապրել: Մի օր էլ գնացի եկեղեցու բակն ու այլևս չվերադառցա, ոչ էլ լուր տվի: Մութն ու լուսին կանչում էի՝ «ըրզատոս»… «Էդո իմե»… անմիջապես պատասխանում ու առաջ էինք նետվում: Այսպես դարձա ազատ բանվոր ծխախոտաքաղ: Ինձ հետ մեր տղաներից մի երկուսն էլ նույն քայլը կատարեցին: Տեղյակ էինք, որ մեր տղաներից մեկը, որը հաճախ էր հիվանդանում, շատ նեղն է, չորբաշին նրան օր ու արև չի տալիս: Հավաքվեցինք ու կարելի է ասել, գրոհեցինք այդ տան վրա, հաշիվ պահանջեցինք։ Վախեցան, խոստացան որ վերաբերմունքը կփոխեն։ Դրանից հետո միայն հեռացանք: Բայց նա լուրջ հիվանդացավ: Մենք նրան տարանք, հասցրինք Չաթալջայի որբանոց: Ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին:
Աշխատեցի մի շարք չորբաշիների մոտ։ Կարճ էր տևում՝ մեկի մոտ՝ մի շաբաթ, մյուսի մոտ՝ մի քանի օր, և այլն: Լուր էր գալիս, որ ինձ Էֆիմն ինձ կանչում է բայց, չգնացի: Վերջում կանչում էր, թե թող գոնե գա իր պառկելու շորերը տանի, կոստյումը տանի…. չգնացի: Ես նրանից դժգոհ չէի, սակայն գերադասում էի ինքնուրույն լինելը: Մի օր մեր հիվանդ ընկերոջ չորբաշին ակնարկեց, թե իբր ես ուզում եմ դժգոհություն սերմանել չորաշիների դեմ:
Այդ օրերին մենք՝ ազատ տղաներս, որոշեցինք գնալ Գավալա՝ աշխատանք որոնելու: Ճամփա ընկանք ոտքով: Ճանապարհի կեսին հանկարծակի բռնվեցի դողերեցքով, սկսեցի ջերմել: Մի կերպ ինձ հասցրին աղբյուրին, որ գտնվում էր Գավալայից Քսաթա տանող ճամփի կեսին: Ծառեր էլ կային: Տղաները մտածում էին, թե ոնց ինձ Գավալա հասցնեն: Մեկ -մեկ այդ կողմ գնացող ֆուրգոներ էին լինում, բայց որպես կանոն չէին կանգնում։ Շատ խնդրելուց հետո, վերջապես մեկը համաձայնվեց, խղճաց: Ես նստեցի, բայց մնացածները պիտի քայլեին: Երեկոյան կողմը հասանք քաղաք: Ամերիկյան ընկերություն ներկայացա հիվանդ վիճակում ու թեև նրանք իրավունք ունեին չընդառաջելու պատճառաբանելով, թե ինքնագլուխ հեռացել եմ «չորբաշու» մոտից, սակայն որպես անապաստան հիվանդի, ընդունեցին և ուղարկեցին իրենց հիվանդանոցը:
Հաջորդ օրն իսկ, ամեն ինչ արեցի դուրս գրվելու համար՝ չէի ուզում բեռ դառնալ, բայց ավելի շատ չէի ուզում բացատրել, թե ինչու եմ ինքնագլուխ հեռացել «չորբաշուս» մոտից։ Դուրս գրվեցի, բայց դեռ տկար եմ, չեմ ամրացել, չեմ բուժվել:
Բռնեցի Գավալա տանող ճանապարհը: Ինչքան կարողացա քայլեցի, մեկ գնում էի, մեկ՝ նստում։ Հոգնեցի։ Պառկեցի ու նիրհի մեջ ընկա… Արթնանցա։ Գիշերվա, ո՞ր ժամն է, որտե՞ղ եմ գտնվում՝ չեմ հասկանում: Նորից նստեցի… Արթնանցա, աչքերս բացեցի ու զգացի, որ ինձ ավելի լավ եմ զգում։ Հիվանդանոցից վերցրած օրաբաժին ուտելիք ունեի, կերա, ջուր խմեցի ու ճամփա ընկա։
Հաջորդ առավոտյան գտա տղաներին։ Մի քանի օրից արդեն լրիվ կազդուրված էի, ու մենք արդեն խելք–խելքի էինք տալիս, թե ո՞ւր գնանք։ Որոշեցինք գնալ Տրամայի կողմի գյուղերը, մի լավ տեղ ճարել ու սկսել աշխատել, ապրելը:
Մի քանի օրից արդեն շրջում էինք գյուղե-գյուղ։ Հարց ու փորձ էին անում ու սկսում քննարկել.
- Աշխատանք են ուզում, տեսնես ո՞վ կունենա…
- Ովքե՞ր էք։
- Հայ որբեր ենք, ուզում ենք աշխատանք գտնել։
- Չկա, ափսոս, մեր գյուղում աշխատանք չկա…
Հաջորդ գյուղում էլ գրեթե նույն զրույցն է։ Մի քիչ փող ունեինք, առաջարկում էինք մի քիչ ուտելու բան տալ, սակայն հաճախ դա էլ չէր ստացվում: Մի երկու տեղ առանց փողի, մի քանի պատառ բան տվին: Մի կերպ հասանք Տրամա, սկայն այստեղ էլ անելու բան չկար։ Բռնեցինք Սերեզի ճանապարհը: Այդ փոքրիկ քաղաքը ավելի հեռու էր, քան Գավալան: Այնուամենայնիվ գնացինք: Որքա՞ն քարշ եկանք՝ Միայն Աստված գիտե… Ամեն տեղ գիտեին, ճանաչում էին հայ որբերին՝ «արման օրֆան»-ներին, ճանաչում էին վշտի, կսկծի դիմագծերից, աչքերի մեջ մշուշված վրեժի ծխից: Երևի դրա համար մի քանի տեղ մեզ վերցրին ֆուրգոնի վրա: Երեկոյան հասանք Սերեզ:
Պետք է ասել, որ ամբողջ Մակեդոնիան, ինչպես և ամբողջ Հունաստանը, ողողված էր հայ որբերով: Արդեն սկսել էին հայ որբուհիներին ցրել տեղական ընտանիքների վրա… Սա յաթաղանի մի այլ տեսակ էր՝ վիժեցվում էր հայի ներկա ու գալիք ծնունդը…
Այդ ժամանակ ես լուր ստացա, որ իմ տոհմից Սինա մայրիկը Աթենքում է ապրում։ Իմացա նաև, որ ինձ է փնտրում: Առաջարկեցի գնալ Աթենք։ Ընկերներիցս մեկը համաձայնվեց: Հաղթահարեցինք տանջալից ճամփի այս հատվածը նույնպես: Աթենք հասանք մթնով։ Երկաթգծի կայարանում, որ քաղաքի հյուսիս արևմուտքում էր, վագոնների մեջ ծվարած մի կերպ գիշերեցինք: Առավոտյան մեր առաջին գործը հայոց եկեղեցու տեղը իմանալն եղավ: Ո՞վ ենք, որտեղի՞ց՝ հարցնող չկա, ոչ ոքի պետքը չենք…
Սկսեցինք հարց ու փորձ անել. «Հայ որբեր ենք, ո՞ւր դիմենք…», «Մակեդոնիաից կուգանք, ո՞ւր դիմենք», «Բարեկամ ունենք, բայց տեղը չգիտենք, ի՞նչ անենք»… Հասանք եկեղեցի։ Այստեղ մեզ հարցրին.
- Ո՞ր գաղթակայանում է, չգիտե՞ք։
- Գաղթակայանն ի՞նչ է, ի՞նչ ասել է՝ գաղթակայան։
- Դե՜…. Գոկինիայո՞ւմ է, Ֆիքսո՞ւմ է, Սինկարիո՞ւմ է…
- Չգիտեմ,- ասում եմ,- միայն գիտեմ անուն, ազգանունը՝ Արիստակեսյան Սինան։ Նա մեր տոհմի հարս է, երեխաներ ունի…. մեկի անունը Յուղաբեր է…
- Իսկ գաղթակայանը՞, որո՞ւմ է…
- Չգիտեմ,- ասացի արդեն հուսահատ։
- Գևորգ փնտրե ցուցակի մեջ,- սպիտակ հոնքերով տարիքավորը մատնացույց է անում, մատյանները:
- Ուր կլլա, ախբար, ասանք փնտրելով չի լմննա, պիտի տեղն իմացվի…
Այդ պահին մեկը ներս մտավ նամակ հարցնելու: Ցուցակներ նայելուց հոգնած Գևորգը նայեց ներս մտածին.
- Ահա, ասիկա Ֆիքսեցի է, ծո դու Արիստակեսյան Սինան կնկա կճանչնաս, աղջկա անունը Յուղաբեր է…
- Հա, կճանչնամ, մեր վրանի մոտն է, աղքատ կին է…
Իմ հարցը լուծված էր։ Դառնալով ընկերոջս սպիտակահոնք պարոնը հարցրեց.
- Իսկ դուն, ո՞վ ունես…
- Ես ոչ ոք չունեմ, չգիտեմ,- պատսխանեց ընկերս։
- Որտեղացի՞ ես։
- Կեսարիայից։
- Գևորգ, Սինկութիում Սեբաստացիներ կան, այդպես չէ՞…
- Մալաթացիներ ալ կան պարոն Հերենց,- աշխուժացավ Գևորգը։
- Դե ուղարկեք հոն, մի բան կանեն… Հիմա չե՞նք կարող շոր-մորից, կոշիկից ճարել… Աս որբերին հագցնեք երթան…
Ճարեցին։ Մենք հագանք ու բաժանվեցինք հավետ… Այս էլ որերրո՞րդ անգամ, որերրո՞րդ ընկերս էր, որի հետ դժբախտ ճակատագրի բերումով մերվում, եղբայրանում ու նույն դաժան ճակատագրի բերումով բաժանվում էինք…
Ինձ ուղեկցողն իրոք չէր սխալվել, Տրապիզոնից հետո ես նորից գտա Սինանին։ Տղան՝ Հովսեփը, բավական մեծացել էր: Արդեն կարողանում էր կոշիկ փայլեցնող աշխատել: Արկղ, խոզանակներ, ներկեր ճարեց ու ընկավ փողոցները՝ կոշիկ փայլեցնելու գործով: Մեր վրանին կից ապրում էր մեր որբերից Ասատուրի նորակազմ ընտանիքը։ Նա ամուսնացել էր մեր որբուհի Զեփյուռի հետ:
Ես էլ անմիջապես փորձեցի աշխատանք ճարել: Միակ իրական աշխատանքը, որ կարող էի անել սևագործ բանվորությունն էր, այն էլ այն շինարարական հրապարակներում, ուր մասնավորները սկսել էին տներ սարքել: Մոտիկ էր, հենց մեր դիմաց, Ակրոպոլից վեր բարձրացող թեքությունների վրա, այն ժամանակ դեռ ամայի տարածություներում: Ամբողջ օրը դես ու դեն էի վազում, սակայն ինձ չէին վերցնում՝ շատ մատղաշ էի։ «Չես կարող, գնա» ասելով ճամփու էին դնում:
Երբեմն ստացվում էր. օրավարձով էլ աշխատեցի, շաբաթավարձով էլ։ Շուտով վարժվեցի շինարար-բանվորի աշխատանքին, հունի մեջ մտա, բայց դա հուսալի ապրուստ չէր: Որոշեցի կրծքին կախվող առևտրի տախտակ՝«խոնջու» ճարել, վրան մանր-մունր բաներ շարել ու ման գալ, ծախել: Դա էլ չստացվեց: Դժվար օրեր սկսվեցին։ Ձմեռ էր։ Մի օր էլ մեր պարոն Ահարոնի կին Սիրանի քույրը՝ Համեստը եկավ թե՝ «Ամերիկայից աղջիկ ուզող մարդ է եկել, բերեք ձեր Յուղաբերին ցույց տանք։ Եթե հավանեց հետը կտանի, գոնե նա կբախտավորվի: Ճիշտ է տարիքը մի քիչ մեծ է, բայց ոչինչ, տեսքով էլ ջահել է»: Սակայն մինչ այդ, Ամերիկա գնացող ուրիշ մեկն էլ եղավ, որ մինչ այդ աշխատում էր առաջնորդարանում։ Նա Յուղաբերին տարավ իր հետ, բայց նախքան տանելն այդ մարդն, ինձ տարավ Աթենքի հայոց առաջնորդի մոտ։ Այնտեղ նա առաջնորդին ասաց որ ինքը գնում է Ամերիկա և ինձ ցույց տալով խնդրեց. «այս փոքրիկ գրագետ տղան եթե հավանում եք, տեր սրբազան, թող մնա իմ տեղը, դառնա եկեղեցու ցրիչը»: Սրբազանը մի քանի հարց տվեց ու հավանությամբ ընդունեց ինձ: Ես փոխարինեցի մեր փեսային ու դառա ցրիչ:
Սա մի նոր էջ էր իմ կյանքում։ Ամեն ամիս աշխատավարձս բերում էի տուն։ Ապրում էինք, որպես մի ընտանիք։ Ինձ սկսեց հետաքրքրել քաղաքական և մշակութային կյանքը։ Մենք՝ Տրապիզոնի տղաներս, համախմբվեցինք և առաջին հերթին ստեղծեցինք «Քնար» գեղարվեստական ակումբը։ Կանոններ ու ծրագրեր մշակեցինք: Հայ գաղութի կյանքը սկսեց եռալ։ Համայնքային կազմակերպչական կյանքն էլ էր հունի մեջ մտնում: Ակտիվորեն գործում էին կուսակցությունները։ Առաջատար դիրքերում հնչակյաններն ու դաշնակցականներն էին: Մենք համախմբվել էինք մեր «Հաղթանակ» թերթի շուրջ, որն ուներ մի Զեյթունյան խմբագիր և մի գրաշար Գավրոշ: Տպարանը միշտ պարտքի տակ էր: Գավրոշը գերի էր ընկել Իզմիրում, հույն բանակի ողբերգության օրերին: Նրան չէին սպանել, որովհետև նա ընտիր օղի, «րախի» էր քաշել։ Հույն գերիների փոխանակման ժամանակ նա հնարամոտերեն ազատվել էր ու ընկել Աթենք:
«Հաղթանակը» «Խորհրդային Հայաստան»-ամետ դիրքորոշում ուներ, սատարում էր «ՀՕԿ»-ին և միջազգային աշխատավորական շարժմանը: Թերթի էջերում հաճախ տպվում էին Հակոբ Հակոբյանի հեղափոխական բանվորական ոտանավորը: Կուսակցությունը հեղափոխական, կոմունիստական շարժման հենարանն էր, այդ պատճառով էլ մեծ զգուշությամբ էր շարժվում և ամենատարածվածն էր գաղթականության մեջ։
Ինչպես արդեն ասացի, ես աշխատում էի գաղութի վարչությունում, որպես փոստային ցրիչ։ Իմ ամենօրյա ճանապարհն անցնում էր Ակրոպոլիսի հարվային հարթ և բաց թիկունքով: Հետո թեքվում էի ներքև դեպի Ֆիքս՝ չոր, հարթ տափարակը: Մի ժամից ավելի ճանապարհ էր։ Հունահայ սփյուռքի միակ հուսալի հասցեն հանդիսացող հայ եկեղեցու պատերին ամեն օր ցուցակներ, նամակներ և այլ հայտարարություններ փակցնողն ու փոփոխողը ես էի։ Աշխատանքս կատարում էի ամբողջ նվիրվածությամբ: Ջանք ու եռանդ չէի խնայում, փորձում էի օգտակար լինել բոլորին: Մի օր եկեղեցու բակը մտավ մի նորեկ երիտասարդ հայ։ Տխուր, տրտում… Մոտեցա.
- Որտեղի՞ց կուգաս, ի՞նչ կուզես, մի քաշվիր, ասա։
- Հոս հայոց եկեղեցին է, անպես չէ՞։
- Հա, գաղթվարչությունն էլ հոս է, աս դուռն էլ գրասենյակն է: Նամակների ցուցակը նայե՞մ, նամակ կունենաս:
- Չէ, ես մենակ եմ, ինձ շպրտել են հոս՝ Հունաստան ու հիմա չգիտեմ ո՞ւր երթամ…
- Եկուր, եկուր ներս, աս պարոններին պատմե…
Քիչ անց նա պատմում էր. «Անունս Ռաֆ է, Ամերիկայեն ինձ նավ նստեցրին ու քշեցին, արտաքսեցին…»։ Նա լավ գյուտարար էր եղել, բայց տեղի պաշտոնյաները հետապնդել և որպես խեղճ ու անպաշտպան օտարական հափշտակել էին նրա գյուտերը։ «Իմ ձեռագրերը տարին ու ալ չտվին ինձ։ Որպեսզի իմ պահանջներից ազատվեն, ինձ հոգեկան հիվանդ համարեցին և ուղարկեցին փակ հիվանդանոց-բանտ: Երբ անտեղեն դուրս եկա, նորեն գացի իմ աշխատած հիմնարկը, ձերագրերս պահանջեցի: Ես փող ունեի, նյութականի կարիք չունեի: Դրամս դրել էի հարվային ամերիկայի արգետինական բանկ: Չի թողեցին գնամ հոն: Նավ նստեցրին ու արտաքսեցին։ Չգիտեի ուր կհասնեմ, նավն ո՞ւր կերթա։ Նավը եկավ Հունաստան։ Ինձ իջեցրեցին Պիրեա… Ես եկա հոս, որովհետև տեղ չունեմ, ծանոթ չունեմ»:
Մի քիչ հարց ու փորձ անելուց հետո ինձ կանչեցին, թե՝ «Աս երիտասարդին տար հետդ Ֆիքս»: Ես ուրախությամբ ընկերացա նրան և առաջնորդեցի դեպի Ֆիքս: Ճանապարհին մենք իսկույն մտերմացանք նաև հոգեպես: Տեղ հասանք արդեն մթնով: Հավաքեցի իմ մտերիմ ընկերներին ու շրջապատեցինք մեր նորեկ եղբորը՝ Ռաֆին: Պարզվեց, որ Ռաֆը սովորական ժամանցի հետ գլուխ չուներ, լուռ մնաց։ Մենք ուտելիք ու պառկելու փալաս-փուլուս բերեցինք: Նա սկսեց դժգոհել, թե ինչի ենք իր պատճառով նեղություն քաշում: Հաջորդ օրն ավելի քիչ ժամանակ հատկացրեց մեզ: Բացատրեց, որ ինքը պետք է միշտ մենակ լինի, որ կարողանա մտածել իր նոր գյուտերի մասին:
Շուտով հաջողվեց նրան տեղավորել աշխատանքի։ Ֆիքսից քիչ ներքև նորաբաց ավտովերանորոգման արհեստանոցում էր աշխատելու։ Մեր ընկեր՝ «Արամ Կայծակն» էր միջնորդել: Չանցած մի շաբաթ, Ռաֆն իր աշխատանքը դրեց հասարակ գյուտի նորության վրա: Ինչու անվադողի վրա աշխատանք թափի միաժամանակ կռացած այն բռնելով: Բարձրադիր հարմարություն ստեղծեց, ամրացրեց այնպես, որ ինքը կանգնած, ազատ աշխատի… Նյութականը լավացնելու համար թափուկներից գրենական պիտույքներ էր սարքում: Միակ մարդը, որին նա ժամանակ էր հատկացնում և որի հետ ուզում էր զրուցել, ես էի: Ճաշարան էր գնում, իր բաժակ-գդալով, աթոռներին չէր նստում, միշտ կանգնած էր ուտում: Իմ միամիտ հարցին, թե ինչու չի գնում Հայաստան, ունակություններն այնտեղ գործի դնելու, պատասխանում էր. «Ես, մեկ է, նորեն պիտի երթամ հյուսիսային Ամերիկա: Տեխնիկան կատարելագործելու երկիրը հոն է: Ամեն ինչի կհասնեմ ու հետո նոր կերթամ հայրենիքիս, օգուտ տալու: Հոս երկար չեմ մնա: Թղթերս ուղարկել եմ բանկ, փողերս կստանամ կերթամ հարավային Ամերիկա, այնտեղեն հեշտ կանցնեմ Միացյալ Նահանգներ: Ես իմ նպատակին պիտի հասնեմ… Ան բանտում, ուր ինձ ուղարկել էին, մտավոր, գյուտարար մարդիկ շատ կային, բոլորն էլ օտար ազգի։ Մանավանդ հրեաներն էին շատ: Անոնց աշխատություններն էլ յուրացրել էին… Հոն խելոք մարդկանց դժոխք էր: Բայց ես քեզ կսեմ. շուտով կերթամ։ Հիմա քեզ ինձ հետ տանել չեմ կարող: Ինքս կերթամ, կհասնեմ տեղ ու քեզ անպայման հոն կտանեմ: Դուն պիտի առաջ երթաս, հոս կկորչես:
Իսկապես գնաց։ Այդ գնալն էր, որ գնաց։ Ի՞նչ եղավ այդ տարoրինակ հայի հետ, ո՜վ իմանա: Հաջողության մեջ լինելու դեպքում, նա ինձ տված խոստումը չէ՛ր մոռանա, հաստա՛տ եմ ասում:
Գործիս բերմամբ ես գրություններ էի տանում պաշտոնական վայրերը։ Հանդիպում էի մեծահարուստների, բարձրաստիճան անձանց, մեծամեծ գործիչների, մտնում վերնախավի բնակարանները, մոտիկից տեսնում էի նրանց վարք ու բարքը… Սկսեցի Մարքս, Էնգելս կարդալ։ Դժվար էր ճարվում: Ես ձգվում էի դեպի արդարություն ու պայքար հանուն դրա:
Այստեղ ես բախվեցի տարoրինակ բանի. մեր կոմունիստ գաղափարական առաջնորդներն սկսեցին պնդել, որ եթե կոմունիստ ես, ազգայինդ պիտի մոռանաս, ազգայինի հետ պիտի գործ չունենաս: Անցյալիդ կորուստները, անցյալիդ զոհերը պիտի մոռանաս: Ես այս բանի հետ համաձայն չլինելով միացա ՀՕԿ-ին, հնչակյանների հետ էի։ Ռամկավարներին լուրջ չէի ընդունում, իսկ դաշնակցականներին համարում էի «բանդիտներ»: Հիշում եմ հնչակյանների պարագլուխ Սարգիս Գյուլյանի Ֆիքսում ունեցած ելույթը. «…սակայն բոլշևիկները պետք է ընդունեն և մարքսիզմի զուլալությամբ հասկանան մեր ժողովուրդի տարաբախտ գոյավիճակը: Հեղափոխության դրոշը մեզ համար սուրբ է և այդ կարմիր սրբազնությանը մենք, ազգերի աշխատավորության դատաստանով պետք է հասցնենք ու ծածանենք Կարինի, Վանի մեր եղեռնած ժողովուրդի ազատագրված հողերի, վերածնված շեների վրա…»: Միամիտ, խաբված մարդու ելույթ…
Ես բոլորի հետ ծափահարեցի, խանդավառվեցի… Այո, հափշտակել են, խոշտանգել են… Մնում է վերականգնել արդարությունն ու ժողովուրդը կկառուցի կոմունիստական արդար գալիքը։ Ո՞ր Մարքսն է սրան հակառակ…
Աշուն էր։ Համայնքային ընտրություներ էին կայանալու։ Կուսակցությունների միջև սուր պայքար էր ծավալվել, կարծես ապրել մեռնելու խնդիր լիներ: Նախօրոք պարզ էր, որ դաշնակցականները ջախջախիչ պարտույթյան են կրելու, մանավանդ Ֆիքսում: Դաշնակցությունն սաես քնից սթափվեց. ինչպե՞ս թե կենտրոնական, տիրապետող կուսակցությունը մենք լինենք ու պարտվե՞նք… Գործի դրեցին «ծանր հրետանին»՝ կենտրոնից «խմբեր» էին մեկնում գաղթակայաններ և այնտեղ հակառակորդների նկատմամաբ կազմակեպում ահաբեկչական ակտեր, փողոցային սանձարձակություններ: Կարո Սասունին ահաբեկում էր Աթենքում, Սալոնիկում՝ Սամվելի խումբն էր ահ ու սարսափ տարածում։ Բանը հասնում էր դանակ, ատրճանակ օգտագործելուն…
Կենտրոնական ժողովն էր։ Պետք է համայնքի նոր վարչություն և ղեկավար ընտրվեր: Դաշնակների խումբը դրսում դարանված էր, սպասում էին հրահանգի: Ներխուժեցին, ջարդեցին ջահերը, կրակեցին Սուքիասյանի վրա, կտրեցին եպիսկոպոս Մազլումյանի մորուքը, մահակով խփեցին Լևոնի գլխին: Ոստիկանությունը չկար… Որոշեցին նոր նիստը գումարել կենտրոնական «հոթելում» որ, գունե այնտեղ չկարողանան խայտառակություներ սարքել: Էլի բան չստացվեց: Ատենապետությունն իրենց պետք է պատկաներ, վարչությունը պիտի գործեր դաշնակցության կամքով…
Զորավար Թորգոմն ու Արամ Կայծակը հունական սպայության ներկայացուցիչներ էին, հերոսներ: Կառավարությունը նրանց ցմահ կենսավճար էր նշանակել: Զորավար Թորգոմը արևելքում պատմական պատգամի մունետիկն էր եղել. «Կարինում հռչակում ենք անկախ, հայկական կառավարություն…»… Բայց Թիֆլիսը, մենշեվիզմը, դավերը քնած չէին… Թորգոմը չեզոքացվեց։ Անդրանիկի նման և Թորգոմն էլ հազիվ ճողոպրեց: Մաքուր ֆրանսերենի գիտությամբ հմուտ ռազմագետ էր: Ամեն մի խոսքն ասես ռազմական կարգադրություն լիներ. «…դուք թմրեցնում եք հայկազյան ցեղի մարտունակ ոգին, որ ընկճվել չգիտի թշնամու առաջ, արյունարբու ոսոխի դեմ խոնարհվել չգիտի: Ձեր գրասենյակների հետ ես լեզու չեմ գտնի…», վիճում էր գրեթե ամենուր… Եվ իրոք. դադարեց շփում ունենալ կուսակցական գրասենյակների հետ։ Ինչպես հայտնվում, այդպես էլ անհետանում էր։ Վերին աստիճանի կոկիկ արտաքինով, միշտ զինվորական հմազգեստով, սակայն թշվառ ու ամենքից լքված հերոս էր: Գնալով սմքում ու փոփոխվում էր նրա արտաքինը:
Այդ օրերին սկսվեցին հունական քաղաքական ցնցումները։ Իսկական տուրուդմփոց սկսվեց։ Իշխանափոխության գործընթացը եռում էր։ Մեկ իշխանությունը թագավորական՝ «Վասիլևյան» էր, մեկ՝ հանրապետական, հետո նորից թագավորական… Հայրենիքի փրկության կռիվներ, արյանահեղություն: Թագավորը նախորոք փախուստի էր դիմել, իբր գնացել է արտասահման: Ես լարված հետաքրքրությամբ հետևում էի Աթենքում տեղի ունեցող փողոցային բախումներին: Աստիճանաբար հանրապետականները զորքն իրենց ձեռքն առան։ Մնում էր կարևոր կետերն ու թագավորական պալատը գրավելը։ Մի գիշերվա մեջ, ծանր արյունահեղությամբ գրավեցին նաև պալատը։
1926 թիվն էր: Ֆիքսի գաղթակայանը աստիճանաբար միանում էր ապրում: Հայ գաղթակայանների կյանքը կայունանում էր։ Այս ու այն երկիր գնացողը գնում էր։ Մանավանդ շատ էին գնում հարավային Ամերիկա՝ Արգենտինա… Մնացածները սկսեցին մշտաբնակության հոգսերը հոգալ։ Ֆիքսում, Գոքինիայում, և մյուս վրանային գաղթակայաններում սկիզբ առան աղյուսե հիմնարկեքների շարանները։ Սկսեցին բացվել խանութներ, սրճարաններ, ճաշարաններ, կրպակներ, արհեստանոցներ… Մեր Մասիսն էլ կրպակ բացեց։ Երվանդը իր եղբոր՝ Նորայրի հետ խանութ հիմնեց։ Ասատուրը սարքեց իր բանվորական տունը։ Մեր ճարպիկ փորձառու վարորդ Հայկը աղյուսապատ դարձրեց իր բնակարանը, սպիտակ ներկեց… Օնիկը գնաց Ամերիկա։ Ղևոնդն ու իր մայրը իրենց համար հիմնական աշխատանք ու բնակարան գտան։ Ահարոնը ճաշարան էր բացել։ Մեր «Արշին մալ-ալան» օպերետային խումբը հաջողացրեց, անցավ Հարավային Ամերիկա։ Մինչ այդ, արդեն խոսակցություն կար, թե Հայաստան ներգաղթ պիտի սկսվի: Դանուշ Շահվերդյանը եկել էր Հունաստան՝ Աթենք: Ես այդ մասին իմացա սովետական հյուպատոսարանում աշխատող Թագվորից, որը մեզ հետ կապ էր պաշտպանում, որպես գաղութի կյանքին քաջածանոթ մարդիկ։ Այդ օրերին Դանուշ Շահվերդյանին հյուրասիրեցին «Նոր օր» խմբագրությունում: Ինձ հաջողվեց լինել այնտեղ: Այդ երկրահասակ բարեկիրթ մարդը մոտեցավ մեզ, սկսեց պատմել, կարմիր բանակի մարտիկների մասին: Նա կարմիր բանակը ներկայացնում էր, որպես բարձրակարգ, ազատարար, դյուցազնական բանակ: Պարզ էր, որ նա այս օտար աշխարհում հենարան էր ակնկալում, թեկուզ մազաչափ: Մենք անմիջապես դառանք այդ հենարանը: Առաջարկեցինք հանդես գալ բանախոսությամբ և ականատեսի աչքերով պատմել նոր աշխարհի մասին: Սակայն դաշնակցությունը քնած կատու չէր, ճանկերը հանեց և գործը հասավ ներքին օրգաներին:
Ակումբները սկսեցին գրադարանավորվել: Այդ ակումբներից մեկում մի օր լսեցինք մի լքված, հիվանդ, ֆիդայու մասին: Վերցրի մի ընկերոջ ու միասին գնացինք դաշնակների այդ անփառունակ ակումբը: Խոր անկյունում ընկած մի կույր էր, չուլերի մեջ կծկված, աչքերը դռանը հառած: Զգաց, որ մոտեցել ենք իրեն.
- Լավ չեմ տարբերում, դուք հա՞յ եք…
- Այո հայ հերոս, քաջ ֆիդային, այս ինչ օրն ես ընկել։
- Մահամերձ եմ, օրերս հաշված են… Ես թոքախտ եմ, թոք չի մնացել, շնչառություն չունեմ: Գոնե մի ջուր տվող լիներ… Ես հայդուկ եմ եղել, տուն-տեղ, ընտանիք թողել եմ, ընկել հայոց լեռները: Մենք գյուղեր ենք պաշտպանել, մենք Սասուն, Վասպուրական, Զեյթունում առյուծի պես ենք մռնչացել… Ո՞ր մի խմբապետի աչքի լույսը չեմ եղել: Ե՞րբ է ձեռքս դողացել մեր ժողովուրդի դահիճների գլխին… Հիմա ի՞նչ եմ դառել, էս ո՞ւր եմ հասել:
Գնացինք հաց, մածուն, կաթ բերինք, ամանով ջուր բերինք, դրինք կողքին: Մտածեցինք շորերը մաքրել տալ, բայց ոչ ոք չհամաձայնվեց… Այդպես էլ մնաց… Աչքիս առաջ են մնացել նրա փառահեղ բեղերը… Շուտով հանգավ: Դաշնակցակաները, տարել գցել էին մի փոս ու վերջ:
Աթենքում էր ապրում նաև մեր Տրապիզոնի որբանոցի փոքրիկ Ջիվանիկը։ Խորհրդակցեցինք իրար հետ ու վճռեցինք, որ պիտի արհեստ սովորենք ու անկախ ապրենք: Ես դիմում տվի ու դուրս եկա վարչությունից:
Ջիվանիկի հետ, ընկանք փողոցից փողոց: Մեր ծրագիրը հետևյալն էր. երկու-երեք ամիս ձրի կաշխատենք, որից հետո քիչ-քիչ աշխատավարձ կուզենք, ըստ մեր տված օգուտի: Աթենքում շատ տարածված էր մարմարագործությունը: Այդ գործի մեջ մտնելով կարելի էր հասնել քանդակագործության։ Ինչքան բացօդյա արհեստանոցներ կային՝ մոտեցանք, ու… մերժվեցինք: Անցանք ավելի կոնկրետին. ինչ ահեստ լինում է՝ թող լինի, միայն արհեստ լինի: Ժամանակն անցնում էր, բայց մեր գործն առաջ չէր գնում: Ջիվանիկը ծանոթի միջոցով տեղավորվեց սևագործ աշխատանքի, ես մնացի: Բարձր խավի շատ ծանոթներ ունեի, ինձ ճանաչում էին: Գիտեի նաև մեր հայրենակից, Բաբերտցի Դարբինյանին՝ ճանաչված բժիշկ ակնաբուժին: Նա չշփվող մարդ էր, Ռամկավարների վերնախավից։ Իրենց ներքին կյանքի ողբերգական վիճակին ես լավ ծանոթ էի: Նա իր անաշխատունակ տիկնոջ, փափկասուն տղայի ու աղջկա միակ կերակրողն էր։ Դրամի կարիք իհարկե չուներ, սակայն զավակների ապագայի հետ կապված մտահոգությունները նրան հանգիստ չէին տալիս։
Ես մոտեցա նրան ու հայտնեցի խնդրանքս. հնարավոր միջնորդություն գործի տեղավորվելու համար, ինչ գծով էլ լինի:
- Է՜հ, Ջիվան ջան հիմա ամեն ինչ դժվար է: Աշխատանք կուզես, որ հալալ աշխատես ու արդար ապրես, բայց ան ալ չկա: Կուզե՞ս արհեստ սովորել։
- Այո, այո, միայն արհեստ, որ ես իմ գլխի տերը դառնամ։
- Օտար օվկիանոսում մենք մի կաթիլ ենք, ի՞նչ անենք… Լավ ես անում, պետք է ապրել։ Քանի որ արհեստի միտք ունես…. կուզեյնայիր ատամնատեխնիկ դառնալ…
- Օ՜հ, եթե լիներ…
- Աթենքից դուրս, ոչ շատ հեռու մի ամառանոց կա։ Այնտեղ իմ ծանոթ ճարտարապետ Վահանն է ապրում: Նրա եղբայրն՝ ատամնաբույժ-ատամնատեխնիկ է: Մի գրություն կտամ, գնա։
Մի քիչ ուրախացա, վերցրի գրությունն ու ճամփա ընկա: Շուտով հասա այդ ամառանոցը: Աստիճանների առաջ սպասեցի, մինչև եկավ: Մոտեցա, գրությունը տվի իրեն: Հարց ու փորձ արեց: Անմիջապես զգացի նրա հայասիրությունը:
- Ափսո՜ս, մնացած սերունդն ալ ասպես պիտի կորչե: Ի՞նչ անեմ, որ քեզ օգնած լինեմ: Իմ եղբայրը բոլորովին իր գործի տերը չէ, անհուսալի այլասերվածն է խաբեբա անպետք է: Կասեմ, բայց ինչ օգուտ, իզուր ժամանակ կվատնես:
- Ես մինչև երեք ամիս կարող եմ ինձ պահել, այն պայմանով, որ դրանից հետո փող ստանամ, վարձատրվեմ:
Եկավ նաև փոքր եղբայրը։ Մեծ եղբայրը՝ Վահանը նրան բացատրեց և պահանջեց, որ ինձ սովորեցնի։ Թե ի՞նչ մտածեց, ի՞նչ հաշվեց՝ չգիտեմ, բայց իսկույն համաձայնվեց։ Ըստ երևույթին, ոչինչ էլ չմտածեց: Տարավ իր թքամանի մոտ, մի քանի գործիք ցույց տվեց, մաքրելու ձևերը բացատրեց, բացատրեց, թե հաճախորդներին ինչպես պետք է ընդունեմ, եթե ինքն այստեղ չլինի: Քնելուս տեղը ցույց տվեց։ Միջանցքի դռան ետևն էր:
Հենց առաջին օրվանից, թողեց ու գնաց: Մի երկուսն եկան, թե՝ «ո՞ւր է բժիշկը, այս էլ քանի անգամ գալիս եմ՝ չկա: Էն մյուսը, թե՝ «կանխիկ փողը վերցրել է, ու գործը չի վերջացնում»: Հջորդ օրը, գրեթե նույնն էր: Նոր հաճախորդի վրա մի քիչ աշխատեց ու հայդա՜, էլ չկա: Գիշերն ուշ ժամերին էր գալիս: Մի երկու օրից ես լրիվ հիասթափվեցի:
Մի օր էլ մեծ եղբայրը՝ Վահանը չթողեց, որ գիշերը քնեմ: Նա իր շենքի վերևի հարկը կիսել էր երկու մասի. փոքր մասը հատկացրել էր եղբորը, իսկ մեծում ինքն էր ապրում: Միջանցքի արանքում մի դուռ էր, որի մյուս կողմում ես էի քնում: Ինչքան էլ կամաց շարժվեր՝ լսվում էր: Երեկոյան իմ քուրչերի մեջ փաթաթված հազիվ էի քնել, մեկ էլ լսում եմ քաշքշոց, պաչպչոցի ձայներ են գալիս: Դա էլ Վահանի գիշերային կյանքն էր… Առավոտ իգական սեռի ներկաայցուցիչները պատրաստում էին սեղանը, Վահանի հաշվին ուտում, խմում ու հայդա… Ինչ որ է. մի շաբաթ չանցած դիմեցի Վահանին ասելով, որ իր եղբոր մոտ ոչինչ հնարավոր չէ սովորել:
- Այդպես էլ գիտեի,- ասաց նա,- ուզո՞ւմ ես ներքևի անտառի մոտ մի հույն ատամնաբուժ էլ կա, գրություն տամ գնա նրա մոտ։ Եթե տեղ ունենա՝ կընդունի, լավ աշխատող է: Հենց հիմա էլ գնա, տեսնենք դրանի՞ց ինչ դուրս կգա:
Ես գնացի։ Արդեն ուշ երեկո էր, գիշերը մնացի անտառում: Առավոտը վեր կացա գնացի տեղը գտա։ Բան դուրս չեկավ։ Վերադարձա Վահանի մոտ, ամեն ինչ պատմեցի ու ասացի, որ իրենց մոտից վերջնականապես դուրս եմ գալիս: Դուրս գալուց, առաջ ասաց.
- Ջիվան, ահա քեզ մի քանի դրախմի, էլի բան է: Դու լավ տղա ես, ինչպե՞ս անեմ, որ օգնեմ։ Կուզե՞ս դերձակություն սովորել։
- Ինչո՞ւ չեմ ուզեր,- ասացի ես,- ինչ ուզում է՝ լինի, միայն արհեստ ըլլա…
- Դե կեցիր, ես Յանիի հետ խոսեմ, թերևս մի բան անի։ Իմ այս շենքի ներքևի հարկը նրան վարձով եմ տվել, տեսե՞լ ես, հոն նրա դերձականոցն է: Սպասի, ես նրան դուրս կանչեմ, խոսեմ հետը:
Յանին ինձ չափեց, ձևեց, ապա ասաց.
- Մինչև վաղը մտածեմ, հետո կասեմ:
- Վաղը կուգամ,- ասացի ու գնացի Օդոսով մեկ թափառելու: Գիշերն անց կացրի իմ դռան ետևի անկյունում։ Առավոտը գնացի։ Իմ ետևից եկավ նաև Վահանը: Նա մոտեցավ Յաննիին.
- Յանի, եթե որևէ վատ արարք թույլ տա, ես եմ պատասխանատու։ Երաշխավորում եմ, ինչպես փոքր եղբորս: Այդ կողմից վստահ եղիր, լավ տղա է։ Միայն այնպես արա, որ դերձակությունը լավ սովորի, հացի տեր դառնա:
- Լավ, թող մնա աշխատի…
Վահանն ավելի պարզորոշ դարձրեց իմ մնալու պայմաններն ու դառնալով Յաննիին ավելացրեց.
- Այդքան աղջիկների հետ, մեկ է, քեզ գոնե մի տղա հարկավոր է:
Յաննին ինձ տարավ ներս։ Աղջիկներն իրենց կեծուն հայացքներն ինձ հառեցին: Ուրախացան։ Համենայն դեպս լուսավոր ժպիտ անցավ նրանց դեմքի վրայով: Նրանցից ամենամեծն ինձ հարցրեց.
- «Տի՞ ին է օնոմիա (անունդ ի՞նչ է)։
- Ջիվան։
- Ջովա՞ն։
- Էգհի, Ջի՛-վան (չէ՛, Ջի՛-վան)։
Այսպես մենք ծանոթացանք։ Չորս քույր էին։ Աշխատում էին ճարպիկ Յանիի մոտ։ Յանին իմ միջամատն իսկույն կապեց ու ձեռքս տվեց կտոր, թել և ասեղ.
- Մի շաբաթ պետք է անընդհատ խրես-հանես, շուտ-շուտ, այ էսպես։
Աղջիկները ծիծաղում են: Ինձ ուրիշ բան չի հետաքրքրում, իրոք, մի շաբաթ անվերջ խրում–հանում էի։ Մատս, ոնց որ կոտրված լիներ: Մի շաբաթ հետո մատս բաց արեց, ձեռքս կտոր տվեց ու կարի ձևեր առաջարկեց։
Գիշերը մնում էի խանութում, և՛ հսկում էի, և՛ մաքրում աղբը թափում… Առավոտ կանուխ արդուկները վառում, բորբոքում էի մինչև կեծանան ու պատրաստ լինեն արդուկելու: Իմ քնելու տեղը խանութի ետևի մասում էր:
Յանին խորամանկ էր: Նա ուզում է ինձ շուտ պիտանի դարձնել, որ երկար ժամանակ անվարձ շահագործի: Շուտով իմացա, որ նա մի մտերիմ հայ ընկեր ունի, կոշկակար է: Գտա, ծանոթացա հետը։ Նա դարձավ նաև իմ մտերիմը։ Հակոբ էր անունը: Նա ինձ շատ բան սովորեցրեց արհեստավորների կյանքից: Շուտով պարզվեց, որ իսկապես, Յանին ուզում էր ինձ անվարձ օգտագործել։ Նա շատ արագ ինձ սովորեցրեց, որ կարողանամ աշխատել ու իրեն օգուտ տալ, բայց նաև ոչ այնքան, որ կարողանամ ինքնուրույն աշխատել։
Հակոբը հարբեցող, անընտանիք մարդ էր։ Ես նրան սկսեցի հասկացնել, բողոքել, որ Յանին իր խոստումը չի պահում, այսքան աշխատում եմ, սակայն ոչ մի «լեփտա» չի տալիս, իսկ իմ վերջին դրախմիներն արդեն սպառվում են, ես սոված եմ մնում։ Նա խոսք էր տալիս, որ ամեն ինչ կհասկացնի Յանիին։ Բան դուրս չեկավ։ Մի քանի անգամ Հակոբն ինձ օգնեց: Հետաքրքիր մարդ էր, երևում էր, որ դաժան փորձությունների միջով է անցել։ Նրա պատմությունը ես չհասցրի իմանալ, բայց հասցրի իրեն պատմել Արմենակի պատմությունը:
Արմենակը լուսանկարիչ էր և ամեն օր իր գործիքը դնում էր մեր եկեղեցու կողքին գտնվող փոքր պուրակի վերին անկյունի մոտ, միևնույն նստարանի կողքին: Ընդմիջմանը գնում էի նրա մոտ։ Մի անգամ, երբ ես ննջել էի նստարանին, լուսանկարել էր։ Երբ զարթնեցի տվեց ինձ: Ափսոս, հիմա այդ լուսանկարը չեմ գտնում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ