User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Այս դժոխքում Էլ տեղ չկար

  1. #16
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարուն էր։ Արդեն երկրորդ անգամ հիվանդության ճիրաններում էի: Զառանցելիս հայերեն եմ խոսել: Չուլերի մեջ կծկված պառկած էի քուրսու մոտ, հողի վրա… Որպես վերմակ ծառայող քուրջը վերև էի քաշում՝ ոտերս էին բացվում, ներքև էի քաշում՝ ուսերս էին բացվում։ Կուչ էի եկել առանց կենդանության նշաններ ցույց տալու։ Լսեցի կանանցից մեկի ձայնը. «քա մեղք է, գոնե մի խավիծ անենք տանք, որ աչքը կուշտ գնա, մեր ճամփին անեծք չմնա»։ Ինչպե՞ս եմ կազդուրվել՝ չեմ հիշում: Դարձյալ եզների հետ էի
    Այստեղ աշուն, ձմեռ անվանումները պայմանական էին, որովհետև երկու դեպքում էլ ես անասուները դրսում էի արածացնում: Հանդերում ջուր չէր ճարվում, ձնհալի հավաքներն էինք օգտագործում: Բարձրանում էի մինչև գագաթների ձյունը, որոնցից հոսում էր ջինջ ու սառը հեղուկը։ Զեյնաբը՝ Իսմայիլ աղայի փոքր հարսը, կրքից այրվում էր՝ արու էր ուզում։ Մի օր ձեռքիցս բռնեց, սեղմեց… Վախենում էի… Մի օր էլ ինձ կանչեց ու թաքուն պատվիրեց.
    -Հայդարը պետք է սարում լինի, քեզ պիտի տեսնի։ Կասես, որ իրեն կարոտով սպասում եմ, թող լուր ուղարկի, թե որտեղ հանդիպենք: Մարդու բան չսես հա՜»… Ու պինդ համբուրեց:
    -Չեմ ասի -Ճիշտն ասած ես էլ էի ուզում Հայդարին տեսնել: Այդ պատվերն ինչպես եմ կատարել չեմ հիշում, ոչ էլ Հայդարին տեսնելն եմ հիշում, բայց այդպես էլ եղավ. որտեղից որտեղ հոտառությամբ իրար գտան…
    Այդ կրտսեր թմբլիկը գիշեր ցերեկ վառվում էր Հայդարի համար: Բոլորն էլ զգում էին, որ մի բան կա…. իմ եզներն անգամ զգում էին… Մի օր հարևանների մեջ լուր տարածվեց, որ Մեմեդը գալիս է։ Կենդանի է, գտել է մեր հետքն ու գալիս է…
    Մեմեդը Իսմայիլի փոքր տղան էր… Զինվոր էր գնացել ու անհետ կորել, երեք-չորս տարի էր լուր չկար: Ու հանկարծ Մեմեդը հայտնվել, ընտանիքի հետքը գտել, գալիս էր… Չէինք շարժվում, մինչև հարց ու փորձով գա հասնի: Երեկոյան եզները բերելիս տեսա, որ Մեմեդը եկել էր։ Հավաքվել էին շուրջը: Հաջորդ առավոտ Մեմեդը դուրս չեկավ։ Թմբլիկն էլ չկար: Նախքան իմ շարժվելը երևացին։ Թմբլիկի աչքերն արցունքոտ էին, Մեմեդը մռայլ էր։ Զիան ու Իսմայիլը լուռ էին։ Մեծ քույրը խոնջիկ մունջիկ էր գալիս, որ մի քիչ մռայլությունը ցրի։ Հարևանները ծիկրկում են… Պարզ է. Մեմեդն ամեն ինչ իմացել է… Թմբլիկը վախենում էր, որ Մեմեդը հաշվեհարդար կտեսնի:
    Մեմեդը համաձայնվել էր գնալ «Կյուրինի սկիզիպի» կողմերը: Իսմայիլի դեմքին ժպիտ երևաց։ Մենք շարժվեցինք. երկար ճանապարհ պիտի կտրեինք։ Մեմեդն ինձ հետ շատ արագ կապվեց: Նա իմ մեջ տեսավ իր գալիք ժառանգին: Հավանաբար Չորումի մոտերքում մեզ միացան նաև մի քանի այլ «որոնողներ»։ Նրանք ովքեր վերջնականապես բնակվելու տեղ էին փնտրում: Շարժվեցինք։
    Մթնշաղ էր: Մանրերը քնել են: Հանկարծ ձիերի դոփյուն լսվեց։ Սրարշավ վարգող ձիերի դոփյուն էր։ Երեք հեծյալներ եկան կանգնեցին քոչից քիչ հեռու, ճամփի եզրին։ Իսկույն իրարով անցան. «ովքե՞ր են…», «հարց ու փորձ արեք…», «զգույշ եղեք…», «զենք ունեցողը՝ վերցնի…»… Քոչից ձայն տվեցին.
    - Հե՜յ, ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում…
    - Հանգի՛ստ,- լսվեց պատասխանը,- մենք «մութասարիֆի» զինյալներն ենք, Չորումում լուր է տարածվել, որ ձեզ մոտ դասալիքներ՝ հայրենիքի դավաճան ավազակներ կան։ Մենք հայրենիքի համար տուն տեղ թողել ենք, իսկ դուք դասալիքնե՞ր եք թաքցնում։ Սրիկա ղաչաղներ։ Հիմա ձեզ բոլորիդ կքշենք Չորում։
    - Մենք նման մարդիկ չունենք մեր մեջ,- պատասխանեցին մերոնք։
    - Հիմա կստուգենք, կիմանանք,- ասին ու երկուսը ձիերը քշին քոչերի մեջ, իսկ մեկը մնաց ճամփեզրին: Սկսեցին խուզարկել և արագությամբ հայտնվեցին ամենաբարեկեցիկ «քուղեկի» առաջ, որտեղ հրաշալի գորգեր կային փռված։ Բացի փռվածները գտան նաև մի այլ՝ գլանաձև փաթաթված գորգ: Կարգադրեցին պառկածները վեր կենան, որ իրենք ստուգեն։ Հանկարծ հրացանների կրակոցներ լսվեցին, խառնաշփոթ առաջացավ, տագնապ, ու մինչ մարդիկ կհասկանաին, թե ինչն ինչոց է, նրանք գորգերը վերցրած թռան ձիերի վրա ու սլացան դեպի երրորդ ձիավորը։ Այդ ամբողջ ներկայացումը ես իմ աչքով եմ տեսել։
    - Խաբեցին, տղերք կրակե՛ք, նստեք ձիերը, հասե՛ք…
    Բայց արդեն ուշ էր. նրանք արդեն կորչում էին ձորաբերնի անտառի մթության մեջ: Էլ ո՞վ կհանդգներ ընկնել այդպիսի վտանգի մեջ: Բոլորին զգուշացրին, որ ետ կանգնեն հետապնդելու մտքից։ Ոչինչ անել հնարավոր չէր, իզուր զոհեր կտաին: Քիչ հետո քոչը հանգիստ խռմփում էր:
    Մեմեդն ամենից հոգատարն էր իմ հանդեպ: Նա սկսեց լվանալ իմ քրջերը, կարկատել։ Առավոտներն ինձնից շուտ էր վեր կենում ու կարագ, կաթի սեր, ինչ էլ որ լիներ, առաջին հերթին իմ բաժինն էր պատրաստում, կապում դնում էր «տավարջուրչիս» մեջ։ Ցույց էր տալիս, թե ո՞ւր տանեմ անասուններին, բացատրոմ էր ինչ անեմ: Այդ չխոսկան մարդը, որ ոչ մեկի հետ գրեթե խոսք չէր փոխանակում, ինձ հետ քաղցր զրույց էր անում: Խտրականությունը հասավ այն աստիճանի, որ կանայք սկսեցին բացահայտ մրթմրթալ. «մեզ թողած՝ գյավուրի լակոտին է կերցնում: Մեկ է նա մեզ տղա չի լինելու: Իզուր է հույսեր փայփայում»: Այդ փնթփնթոցներին նա ուշադրություն չէր դարձնում:
    Մի օր էլ ինձ հայտնեցին, թե՝ ձեր Ղազարը (թուրքերի դրած անունը չեմ հիշում) ամեն հաց ուտելիս լաց է լինում, արի հանդիպի, գուցե քե՞զ ասի, թե ինչո՞ւ է լացում: Հանդիպեցի: Նայեց, մոտեցավ ձեռքս բռնեց, փաթաթվեց… Աչքերն արցունքի աղբյուր էին… Իմ հասակակիցն էր՝ Աշոտ հորեղբորս տղան Աբոլո պապիկենց ճյուղով: Ես իր գլխի վրա էի արցունք թափում, նա՝ իմ թևերին… Սկզբում լուռ էինք, չէինք կարողանում խոսել։ Հետո ես հարցրի.
    - Երբ հաց կուտան ուտելու՝ ինչո՞ւ կուլաս… Միշտ կերակուրի վրա կուլաս, ինչո՞ւ… Գալուստը որտե՞ղ է, գիտե՞ս…
    - Չգիտեմ Ջիվան, հոգիս, ես մեն մենակ եմ…
    - Հըպը ինչո՞ւ հացի վրա կուլաս…
    - Չգիտեմ… Որ ճաշ կուտան՝ մեր տունը կհիշեմ…. լացս կուգա, չեմ կրնա զսպել: Ուշացանք, վազենք,- և վազեց, որ հասնի անասուններին:
    - Հայերեն խոսելը չմոռնաս, դու քեզ հետ հայերեն զրուցե,- կանչեցի ետևից…
    Ոտը քստացնելով այդ գնալն էր, որ գնաց…

    Առ քեզ մեկ աս ալ երկու
    Թուրքի թուրը լինի հատու
    Օրենքն Է ալ բայրաղ օսման
    Չունեք ալ դուք հող հայաստան
    Վերջին խմբագրող՝ rstak58: 18.11.2010, 20:39:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (18.11.2010)

  3. #17
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սայլերի ճռնչի տակ ամեն մեկն իր մտածմունքով տարված գնում էինք: Մերթ ընդ մերթ հայացքս թեքում էի դեպի աջակողմյա անտառային ծածկույթները: Ղազարն այնտեղ է։ Ո՞ր մեկում՝ հաստատ չգիտեմ: Կողքներիս Ալիս գետն է, բայց չի երևում, ձայնը չի հասնում: Ալիսը մնում է աջում, մենք շարժվում ենք դեպի ձախ։ Ապրելու տնակներ չէին նկատվում, ավեվածություն էր: Առավոտյան կանուխ դուրս էինք գալիս ու ով էր իմանում, ո՞ւր պիտի հասնեիք: Ձորակը սկսում էր հոնիներով, վերջանում՝ հոնիներով: Հոնի լավ ժամանակն էր՝ մեծ, թթվաշ… Զարմանում էի թե, ինչո՞ւ չեն ուտում:
    Ալիսի աջ ափին, հյուղակի մոտ հանդիպեցի մի ծեր մարդու։ Նայեց ինձ ու թե.
    - Տղա, դու ո՞վ ես… Սրանք «մուհաճիտներ» են, գիտեմ: Ռուսի կողմի հայ երկրից եք եկել, այդպես չէ՞ …
    - Աթա,- ասացի,- դու բարի մարդ ես երևում, ինչ ասես՝ կլսեմ, կանեմ:
    - Ես էլ այն կողմերից եմ եկել այստեղ: Այս բոստանը համարիր քոնն է, ինչքան լավ վարունգներ, սեխեր կան կարող ես քաղել։ Ես հիմա ինքս քեզ համար կբերեմ։ Հանգիստ կեր յավրում, եզները կարածեն, չեն հեռանա՝ խոտը շատ է: Շոգ է ու փոշի, կպառկեն ու կորոճան: Ահա, որն ուզում ես կեր, մնացածը հետդ տար։ Անունդ ի՞նչ է։
    - Խալիլ, Խալո…
    - Չէ՛, քո իսկական անունն ասա…
    - Անո՞ւնս,- վախից համարյա թե լաց էի լինում…
    - Չեղավ,- ասաց,- լաց մի լինի… Ես ասորի եմ, մեն մենակ այստեղ ընկած…. երկար պատմություն է… Ասկյար էի։ Եղել եմ Վանի, Էրզրումի կողմերում, ամեն ինչ իմ աչքերով եմ տեսել։ Լաց մի լինի, ես գիտեմ դու որբուկ ես։ Լավ է, որ կենդանի ես մնացել: Ես «Բոչղունի» հետ փախա: Ազատել էի մի հայ կնոջ, երեխայի հետ: Կինը չդիմացավ, մահացավ: Երեխուն թողեց իմ ողորմածությանը: Ասի տանեմ մեր տուն: Մեր երկիրն արդեն վերցրել էին «խոֆիլիզները»՝ չկարողացա գնալ: Նորեն հանդիպեցի քշված հայերի: Մեկին ինձ կնության վերցրի և մնացի այն կողմերում: Ապրում էինք սուսուփուս, բայց ավազակները գիշերով մտան, կնոջս ու աղջկանս տարան: Հիմա, այս հասակիս մնացել եմ մեն մենակ: Ուզո՞ւմ ես քեզ պահեմ ինձ մոտ… Վախենում եմ, գիտեն, որ թուրք չեմ: Ես էլ արդեն ծեր եմ, էսօր կամ, վաղը՝ չկամ…
    Ինձ կանչեցին։ Մենք հրաժեշտ տվինք իրար ու բաժանվեցինք:
    Չոր ու ցամաք Չայանում էինք: Մերոնք չէին հավանում, միտք չունեին հիմնական բնակիչ դառնալու: Չայանից մի քիչ հյուսիս, լայն հողառատ հարթություն էր, սակայն անջրդի: Ոչ աղբյուր կար, ոչ ուժեղ առվակ: Մի պստիկ աղբյուր էր։ Վերևում մի ձագարաձև գյուղակ: Այդ ջրի շնորհիվ առջևի լայն տարածությունն ամբողջությամբ խաղողի առատ այգեստանի էր վերածված, բայց ավելին այդ պստիկ ջրից սպասելն անիմաստ կլիներ:
    Հիմնական դաշտի ընկերս մեր գյուղացի խուլ քուրդ ծերուկն էր։ Թե ինչո՞ւ էր գյուղը թողել ու ընկել այս թափառումների մեջ, անհասկանալի էր: Ես այդպես էլ նրանից ոչ մի բառ չլսեցի: Հիմա էլ տատամսում եմ. գուցե դա այն «առաքյալ» քո՞ւրդն էր, այն, որ մեզ յաթաղանից փրկեց։ Բայց մի՞թե մարդ իր փրկիչին չի հիշի…
    Հենց արեգակը դուրս էր գալիս սարի գագաթը, այդ խուլ, քուրդ ծերուկը թևերը պարզած, ափերը բացած, ջերմեռանդությամբ աղոթում էր ամենազոր Արեգակին: Նայում էի ու չէի շշմում, հուզվում էի: Մարդը աղոթում էր…
    Ինչպես էր պատահել, մի քանի լաճերով այդ օրը միասին ընկանք անասուների հետևն ու մտանք այդ կողմերում անտեր մնացած խաղողի այգիներից մեկը։ Ողկույզները լիարժեք չէին, բայց այնքան քաղցր էին, որ ասես պատրաստի չամիչ էր: Հեղեղատի ամբողջ երկարությամբ բնական արգելքով ցանկապատված մծակված այգի էլ կար: Տարածքին մերձ տեղում պահակի դիտանոցն էր, որը չէինք նկատել: Հսկայական այգի էր, վազերի կանաչ ծով։ Խաղողի ողկուզներն ասես դեղին ժպիտներ լինեին: Անասուներին ջրեցինք, մենք էլ խմեցինք և իջանք ներքև, դեպի հանդը: Բայց այդ օրն ուզեցինք ավելին վայելել. էլ համբերելու բան չէր: Վիճակ գցեցինք, որ տեսնենք ո՞վ պիտի գնա։ Երեք հոգուս վիճակվեց գնալ: Կեսoր էր, անտանելի տոթ։ Մտածեցինք, որ պահակը քնած կլինի կամ թմրած: Ձորակով սողացինք դեպի վեր։ Հեշտությամբ մտանք։ Ամեն մեկն իրեն դուր եկած ողկույզերը պոկեց ու լցրեց «չանթաները»: Լուռ դուրս սողացինք ու հանգիստ իջանք դեպի մեզ սպասող տղաները: Ժայռից վեր բարցրացանք ու փռեցինք խոտերի վրա։ Սկսեցինք ուտել։ Մեկ էլ տեսանք պահակն իր մահակով կանգնած է մեր գլխավերևում… Վախից քարացած, արձանացած, կանգած էինք։ Սպասում էինք մեր պատժին։
    - Բոլորը լցրեք «չանթաների» մեջ,- մատնացուց արեց մեր «չանթաները»։
    - Ո՞ր,- վախվորած հարցրինք պահակին…
    - Ձեր ա՜յ այդ «չանթաների» մեջ և ընկեք առաջ… Հա՜, հալա մի շարքով չոքեք։ Ամեն մեկդ, շատ չէ, բայց մեկական մահակ վաստակել եք…
    Մենք փոքր ինչ հանգստացանք. մի-մի ուռուցքով պրծնում էինք… Սակայն իմ «չանթան» մնալու էր… «
    -Քո աղան կամ ծնողը կգա՝ կվերցնի:
    Ուշ երեկո էր, բայց գյուղ չէի իջնում։ Սպասում էի, որ լրիվ մթնի ու տնեցիք չնկատեն «չանթայի» բացակայությունը, սակայն մտածածս չստացվեց, նկատեցին: Փորձեցի խուսափողական պատասխաններ տալ. «
    - Մոռացել եմ, կբերեմ, այնինչ տեղն է…»… Օգուտ չեղավ, ինձ լավ էին ճանաչում։
    - Այ տղա, ասա ո՞վ է վերցրել, ո՞ւմ մոտ է, կգնամ կբերեմ,- վստահացրեց Իսմայիլ պապը: Ես սիրտ առա և ամեն ինչ պարզ հստակ պատմեցի։
    -Պահակն ասել է թող աղատ գա վերցնի։
    - Լավ, լավ, ես կգնամ կխնդրեմ՝ կտա, էլ մի ամաչի:
    Գնաց բերեց, մեջն էլ լիքը լցված խաղող… Հարսների աչքը լույս…
    Այդ օրերին մեր երկու քույր հարսների ծնողական ընտանիքից լուր եկավ, թե՝ թողեք Չայանն ու քոչեք, եկեք Չիֆթլիկ, Անկարայի նահանգ։ Որքան հիշում եմ Մեմեդն ու Զիան ավելի վաղ գնացել էին այդ վայրերը: Շաբանենց Իսմայիլի ընտանիքը պատրաստվեց շարունակել ճամապարհը դեպի արևմուտք՝ Անկարայի կողմը: Ճանապարհ ընկանք։ Ափսոս, ամեն ինչ հնարավոր չէ պատկերել, վերարտադրել: Չեմ մոռացել «Դե իջեն»: Հայերեն «Գայլագետ» է կոչվում: Գարնանային հեղեղի ժամանակ էր: Առավոտյան կանուխ սայլերը լծած գնում էինք։ Ամենուրեք իրենց ճամփին ամենինչ քար ու քանդ անող մեծ հեղեղների հետքեր էին: Բոլորն էլ ուղղված դեպի իր իսկ գժությունից հոգնած, դադարած գետը: Գետ հո չէր, իսկը շիկացած հեղուկ… Հոսում էր դեպի հյուսիս՝ խառնվելու Ալիսին: Մենք շատ զգույշ էինք քայլում. ճամփաները քանդված էին, ոտներիս տակ սլկուն ցեխ էր: Վերջապես հասանք Չիֆթլիկ…
    Բեռնաթափվեցինք առավոտ կանուխ։ Ազատ տներ շատ կային, ընտրիր որն ուզում ես: Ընտրեցին ձորաբերանի տունն իր բոլոր անհրաժեշտ շինություններով՝ մարագով, ցախանոցով, թոնրատնով: Հաջորդ օրը միայն նկատեցի տեղի բնության անկրկնելի գեղեկությունը։ Ասես երազային երկիր լիներ. անդորր, մաքրություն և սքանչելի բնություն։
    Իմ գործն ավելացավ։ Անասուները պահելուն զուգընթաց, շալակով ամեն օր փայտ պիտի կրեի: Իմ վզին էր նաև մյուս՝ հարսների ծնող ընտանիքի բեռը: Ինչ, որ մեզ համար էի անում, անելու էի նաև նրանց համար: Նրանք ունեին ինձնից մեծ երկու տղա։ Նրանք մեկը մյուսից ծույլ էին և բացի այդ, եթե ես կայի, ապա ինչու նրանց նեղացնեին: Սրանք ծնողներից ավելի անխիղճ էին: «Խալիլը թող անի՝ դրա համար ենք պահում, պաշտպանում»… Դրա համար էլ ես տանը գրեթե չէի լինում, մշտապես անասուների հետ էի՝ ախոռում, մարագում, հանդերում: Իմ տունը Չիֆթլիկն էր։ Գիշերում էի ուր պատահի, միայն թե դրանց աշխատանքները չկատարեմ: Իմը անասուներն էին և իմ շունը… Ընկեր չունեի, ընտանիք չկար: Ընդհամենը 4-5 տուն կար, որոնցից երկուսը մենք էինք։

  4. #18
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտի ասեմ, որ Չիֆթլիկն ուներ երեք Զիա: Մեկն Իսմաիլի արդեն ձեզ ծանոթ Զիան էր, մյուսը՝ աղա Զիան, իսկ երրորդը՝ Զիա բեկը։
    Արևմտյան ձորի վրա իշխում էր մի ոչ մեծ ժայռ: Այդ ժայռի վրա էր գրեթե ողջ Չիֆթլիկը զավթած Զիա աղայի ամառանոցը։ Եվ բնակելի տուն ուներ, և գոմ, և ախոռներ, և մարագ, պահեստներ… Ինքը չեր երևում, ապրում էր Անկարայում: Հարուստ առևտրական էր, խանութների տեր: Նրան ասում էին աղա Զիա: Այդ աղա Զիան, որպես օմանցի թուրք իրավունք ուներ տիրանալու այն ամենին, ինչ կցանկանար: Ահա թե ինչու էր այդ Զիան հարստության տեր։ Իհարկե չէր վաստակել՝ թալանել ու բռնագրավել էր և…. հիմնականում հայերից:
    Չիֆթլիկում կար նաև երրորդ Զիան։ Դա Զիա բեկն էր՝ ասպետ-ավազակը։ Ոչ ոք նրան չէր ատում, թեև այդ «ոչ ոք»-ները չէին էլ երևում, որովհետև առհասարակ բնակչության հազվադեպ էիր հանդիպում: Ես անբողջ ժամանակ միայն երկու հոգու եմ հանդիպել: Երբեմն Զիա բեկի բնակավայրը մտնում էր մի կողմնակի մարդ, որի հետ էլ նա գիշերով անհետանում էր։ Շաբաթներ անց նա նորից իջևանում էր իր տանը։ Հաճելի ժամանցի սիրահար էր. զավակ, ունեցվածք…. այդպիսի բաներ նրա տանը չկար: Այս Զիա բեկը ասպետ էր թե իր արտաքինով, թե բարությամբ…
    Իրեն տեսել եմ մոտիկից։ Նա շոյեց ինձ ու տվեց իր ձեռքի մեծ խնձորն ասելով. ---Էյ, օյ օղլում, դելիզոնչի յաշա» (լավ կաց, որդիս, քաջ երիտասարդ դարձիր)
    Ես ավելի շուտ վախից փշաքաղվեցի քան գովասանք զգացի։
    Գուցե այն պատճառով, որ լսել էի ավազակ բառը… Նրա ծագումն ու ազգությունն անհայտ էր: Գործում էր թուրքի անվամբ ու իրավունքով: Նրա զբաղմունքն ավազակությունն էր: Ոչ մի իշխանության չէր ենթարկվում: Անկարայի Զիա աղան նրան սիրաշահել էր, գրավել իր կողմը և կնքել բանավոր համաձայնություն, ըստ որի Զիա բեկը լիիրավ տերն ու հովանավորն էր Չիֆթլիկի իր հողին գույքին ու կայքին: Զիա աղան Չիֆթլիկի տերն էր, իսկ ավազակ Զիա բեկը տիրոջ տերն էր: Ուներ ֆայտոն, որից գրեթե չէր օգտվում։ Ինձ թվում է, որ նրան պատահողներն ավելի շատ օգտվում էին, քան փորձանքի մեջ ընկնում: Սա ասվում էր հասարակ ժողովրդի մեջ: Թե ինչպե՞ս էր կարողանում ավազակ լինելով հանդերձ հանգիստ, անգամ շքեղ կյանք վարել՝ դժվար է բացատրել, բայց, որ առանց կողոպուտի և արյունի էր ապրում՝ երաշխավորում եմ:
    Մի օր մեր հարսների երկու եղբայրները մեր հասակակից տղաներից մեկին սովորեցրին, որ նա ինձ թակի: Ասացին, թե պիտի մահակի կռիվ անենք: Այդ մի լակոտը վախենում էր ինձնից: Որպիսզի նա չվախենա, սկզբում մահակս ձեռքիցս վերցրին, նոր միայն ստիպեցին հարձակվել վրաս:
    -Մահակս տվեք, որ կռվեմ,- թաքցրին, չտվին։
    Տղան հասցրեց ինձ խփել իր հաստ մահակով: Ես կատաղեցի, հարձակվեցի վրան, բայց նա փախավ: Մահակը խլեցի ու ընկա ետևից, որ կարողանամ ոխս հանել, բայց նա փախավ: Նեղացել էի, մինչև երեկո տուն չգնացի: Նախքան տուն գնալը երկու եղբայրներն սկսեցին ինձ համոզել, որ տանը չբողոքեմ: Համոզվեցի, սակայն ոխը սրտումս մնաց: Էլ այդ լակոտին չեմ հիշում:
    Աշնանային կարճ օրեր էին: Աղաներս որոշել են ձմեռվա վառելափայտը բերել: Առավոտ շուտ սայլերով գնացինք: Շատ չանցած անտառում էինք: Որոշեցին, որ ձորի խորքից ենք բերելու: Ճանապարհ չկար՝ ծառերի արանքներով էինք իջնում: Բարձրանալու մասին ոչ ոք չէր մտածում: Ջոկեցինք մի հսկա հաստաբուն ծառ ու գործի անցանք: Կացնով էլ կտրում էինք։ Վերջը ծառը տապալվեց։ Մեկ էլ էն տեսանք, որ օրը մթնում է: Թաց, հաստ ճյուղերից կտրեցինք, որ գալներս իզուր չանցնի, բայց մի քիչ գնալուց հետո պարզ դարձավ, որ եզների ուժը չի պատում։ Հա ուժ տվինք, հրեցինք, փայտի մի մասը թափեցինք, բայց գործն առաջ չէր գնում… Մութը կոխեց, իսկ մենք դեռ անտառի մեջ էինք: Ոչ ոք բացակայել չի կարող, որ գնա լուր տա մեր ուշանալու մասին: Ձյունախառ անձրև սկսեց: Այդ ժամանակ միայն, գլխի ընկան, որ նախ հարկավոր էր անտառի եզրի ծառերից կտրել կուտակված, և հետո էլ թեթև փայտը բարձել: Արդեն վաղուց մթնել էր։ Մեկ էլ խավարի մեջ ձիու դոփյուն լսվեց:
    - Վայ մեզ,- ձայնեց մերոնցից մեկը,-ավազակներ են:
    Սսկվել են, համրացել, ասես ձուլվել են սայլերի հետ: Առաջին ձայնը խավարից լսվեց: Մեմեդը ձայնը ճանաչեց.
    - Վայ, Զիա բեկն է: Զիա բեկ ապրես, Զիա բեկ աստված քեզ ուժ ու ղվաթ տա:
    - Մի վախեցեք ես եմ,- լսվեց մթան մեջից,- ձերոնք լաց են լինում, ասում են իբր գողերը հարձակվել են ձեզ վրա։ Ինչու եք այսքան ուշացել: Լավ դուք եկեք, իսկ ես գնամ ասեմ, որ չանհանգստանան:
    Այս ասելուց հետո նա սուրաց դեպի ետ: Ձմեռվա փայտ նախապատրաստելը սրանով ավարտվեց։
    Իսմաիլի որդի Զիան մի խելոք բան էր մտածել. գետի անտեր մնացած ջրաղացներից գոնե մեկն աշխատացնել: Դա կարող էր լինել հարստանալու լավ աղբյուր: Միակ դժվարությունն այն էր, որ նա այդ գործը չգիտեր: Իմացող մարդ էլ չկար: Մնում էր գործն սկսել ընթացքում սովորելու հույսով:
    -Ինչքան չլինի հայերի մեջ եմ մնացել, մի կերպ գլուխ կհանեմ չէ Խալո,- ասում էր նա: Զիան սկսեց գիշեր-ցերեկ ապրել ջրաղացում: Դա ինձ համար փորձանք դարձավ. ամեն երեկո տան գործերն ավարտելուց հետո, պիտի ուտելիք հասցնել ջրաղաց։ Դուրս էի գալիս մթնաշաղին: Մի ժամ գնալս էր, մի ժամ գալս։ Մի կես ժամ էլ մնում էի ջրաղացում։ Վերադառնում էի գիշերվա մթին: Ճանապարհը ձյունածածկ էր, գրեթե անանցանելի: Վախկոտ չէի, սակայն գայլերն ազատ շրջում էին և ահը միշտ սրտումս էր:
    Մի օր Յորղոն՝ իմ հույն բախտակիցը, որ ծառայում էր երկու Զիաներին՝ աղային և բեկին, ասաց.
    -Խալո, դու խանումներին ասա, թող թույլ տան ինձ մոտ՝ ախոռում քնես։ Համ տեղը տաք է, համ էլ ընկերով կլինենք:
    Թույլատրություն ստացա և մենք զույգ ստրուկ եղբայրներ՝ հույն ու հայ, իրարից գրեթե անբաժան էինք: Նա ինձնից տարիքով էր: Շատ հեքիաթներ ու լեգենդներ գիտեր: Յորղոն լավ խորհրդատու էր: Նա վայելում էր երկու Զիաների վստահությունը: Մի օր էլ, եկավ, թե՝
    -Խալո, ձորի բերնի կողմի մառանում փեթակներ կան, այս տարվա մեղր մնացել է մեջը։ Մեղուներն արդեն քնած են, արի մի քիչ գողանանք,
    Հայտնեց իր մշակած պլանը.
    -Մառանի մի պատուհանը ճաղերով է, քո գլուխը կմտնի, իսկ որտեղով մարդու գլուխը մտնում է՝ մարմին էլ կմտնի: Ես քեզ կօգնեմ կմտնես, փեթակի բերանը կբացես, թևդ կկոխես մեջն ու մի երկու անգամ շուռ կտաս։ Թևիդ վրա ինչքան էլ հավաքվի՝ բավական է ։
    Գնացինք, փորձեցինք՝ գլուխս մտնում էր:
    -Բայց տես հա՜,- զգուշացրեց Յորղոն,- այնքան մաքուր պիտի անես, որ հետք չմնա, թե չե գարնանը Զիա աղան որ գլխի ընկավ՝ ձեռքից չէնք պրծնի:
    Հաջորդ օրը մեր մտածածն իրագործեցինք։ Հետագայում էլ հետևանքներ չեղան՝ հանգիստ վայելեցինք:
    Մի օր փայտը շալակած բերելիս որոշեցի հանգստանալ, սառը զուլալ ջուր ունեցող զույգ ծորակների առաջ: Լվացվում էի, մեկ էլ հայացքս բարցրացրի, տեսնեմ երկու փերիներ գլխիս վերև կանգնած ինձ են նայում: Աչքերիս չէի հավատում, ուզում էի ինչ-որ բան ասել, բայց լեզուս չէր պտտվում… Նրանցից մեկը թաշկինակը տվեց, ՝ --Սրբվի», իսկ մյուսը, ՝
    -Վրաս արցունք կա, հայ տղա կրնա՞ս մաքրել… Ես պոռթկացի.
    -Գնացեք, թողեք մեծանամ…կմկմացի ես
    Նրանք չքացան մի քանի քայլ ներքևում գտնվող Զիա բեկի տան պատերի մեջ: Թաշկինակը մնաց մոտս… Ո՞վ էիր դու, Զիա բեկ, որտեղից էիր այդ հայ եղնիկներին ջոկոտել…
    Այդ ամռանը մենք արդեն հարստություն էինք դիզում. եզները կային, ձին կար, արտերը կաին, գութան էլ եղավ: Ջրաղացն աշխատում էր…
    Շաբանենց Իսմաիլի հետ սայլով գնացինք Անկարա, այս ու այն բերելու: Մեզ հետ ուրիշներ էլ կային: Պետք էր անցնել նաև Զիա աղայի մոտ՝ ըստ պատշաճի նրան պատվելու… Ճանապարհին ավազակների հանդիպելու վտանգ կար (հատկապես Անկարայի ճանապարհին), մեզնից առաջ նման դեպքեր կատարվել էին, սակայն մենք նման բանի չհանդիպեցինք: Առավոտյան ինչ որ տներ տեսանք։ Քիչ հետո տեսանք բացատից քաղաք մտնող մի նեղ արահետ: Դրա միջով ձգվող երկաթե գծերի վրայով, շխկշխկացող, փնչացող մի մեքենա էր շարժվում, ետևից մի քանի վագոն քաշելով։ Դա տեսածս առաջին գնացքն էր:
    Սայլերը կանգնեցրինք, եզներին խոտ տվինք ու գնացինք դեպի կենտրոն: Խանութները, շուկաները…. կենտրոնական փողոցներում էին: Ականջիս մեջ դեռ հնչում է առաջին անգամ Անկարայի փողոցում լսած՝
    Ադի-բուդի՜, ադի-բուդի՜» կանչը… «Տեսնես էդ ի՞նչ համով բան է, երանի առնողին» անցավ մտքովս։ Երեկոյան կողմ բռնեցինք տունդարձի ճամփան։ Իմ տեսած Անկարան չոր ու կիսակործան քաղաք էր: Երկու օրից ողջ-առաղջ տեղ հասանք:
    Որոշ ժամանակ անց, ստացա իմ առաջին լուրջ հանձնարարությունը. ձին պետք է տանեի Անկարա։ Մեմեդը գնացել և այնտեղից ապսպրել էր, որ ձին իմ միջոցով ուղարկեն: Առավոտը նստեցի ձին ու հայդա՜: Ճանապարհին այնքան ոգևորվեցի, սկսեցի ձին բաց թողնել: Ձին սկսեց սլանալ դեպի ձորը։ Փորձեցի սանձը ձգել, բայց ձին չենթարկվեց, սլանում էր դեպի կործանում: Ձորի բերանին տրտինգ տվեց, գցեց ինձ ու փախավ։ Ես սկսեցի տնտղել ինքզինքս. ոչինչ չեմ կոտրել։ Կամաց-կամաց խելքի եմ գալիս։ Առաջին բանը, որ մտածեցի, ձիուն գտնելն էր։ Ի՞նչ պատասխան պիտի տամ: Սկզբում որոշեցի ոտով գնալ ու մի սուտ հորինել, թե ինչպե՞ս գողերը ձին խլեցին, բայց հետո փոշմանցի. «նման ստորություն չեմ անի»: Բայց ո՞ւր գնամ, ի՞նչ երեսով տուն… Ետճաշին հասա գյուղ ու մտածում էի. տո՞ւն գնամ, թե՞ նախրի մոտ: Մտածեցի, որ ձին նախրին սովոր է, կարող է պատահի եկած լինի, բայց չգիտեմ նախիրն այդ օրն ո՞ւր են տարել։ Ընկա հանդերը։ Բարձրունքի վրա մեր անասուներն երևացին: Հեռվից նայեցի՝ ձին չկա, նախրի հետ չի։ Լաց եղա: Հարկադրված մոտեցա, ։
    -Ձին հետ չի՞ եկել—հարցնում եմ։
    -Չէ չի եկել։ Պատմեցի սկսեցին ծիծաղել։ Վերջապես խղճացին,
    -Քո բախտից, եկել, խառնվել է անասուներին։
    Երեկոյան տուն դարձա թեթև սրտով. գոնե չեմ պատժվի։
    Մի առավոտ էլ արտակարգ նորություն իմացանք. Յորղոն մի ընտրովի երիվար է նստել ու փախել է: Լուր բերողը Զիա բեկն է, ինքն է ստուգել: Ժամանակ չէր կարցրել, նստել էր ձին ու հետքերով գնացել: Սպասում էինք հետևանքներին: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց. մի շաբաթ հետո ավազակ Զիա բեկը վերադարձավ գողացված ձին իր նժույգի գավակից կապած: Բոլորը համոզված էին, որ Յորղոն սպանված է, սակայն, ի զարմանս մեզ, պարզվեց, որ Յորղոն կենդանի է: Զիան նրան բաց էր թողել… Իրոք, որ ասպետ ավազակ էր:
    …………………………………………………………………………………………………………………………� �…………………
    Շուտով լուր տարածվեց, որը կայծակի նման շանթեց գրեթե բոլորին. «ռուսը չքացել է, հայն էլ հետը: Գնացեք ձեր վայրերը»: Սկզբում չհավատացինք. «չի կարող պատահել», սակայն լուրը լուրի ետևից համառորեն պնդում էր. «ռուսը գնացել է, հայն էլ հետը»։
    Աստիճանաբար ընտանիքում խոսակցությունները սկսվեցին, որոնց իմաստը հետևյալն էր. պիտի ետ գնանք մեր երկիրը, մեր ծննդավայրը: Վեճերի մեջ շատ եմ լսել, թե ոնց էր Զիան ասում. «անոթի ալ մեռնեմ, թող իմ շեմին քով մեռնեմ»: Եվ մենք բռնեցինք վերադարձի ճամփան: Հրաժեշտ տվինք Զիա բեկին, ու շարժվեցինք։ Նա մեզ ճանապարհեց ողջագուրանքով: Այսպես նորից բռնեցինք գաղթի ճամփան։
    Ճանապարհին իմացանք, որ Ալի օսմանը վաղուց է գյուղ գնացել: Որոշեցին, որ Կեսարիայով պետի գնանք։ Ետդարձի ճանապարհին՝ Սվազի կողմերում, տեսանք սովի գործած ավերը. մարդիկ անասուններից գրեթե ոչնչով չէին տարբերվում, իսկ ավազակները վխտում էին գիշեր-ցերեկ, կողոպուտները դարձել էին սովորական առօրյա: Մի քանի անգամ մոտեցան մեր շարքերին տնտղելու եղած ուժերի մարտունակությունը: Նման պարագաներում քարխանայի մարդիկ իրենց ունեցած զենքն ու զինյալ ուժերը երկու կողմից ցուցադրաբար դասավորում էին քարխանայի երկարությամբ, հասկացնելով, որ ավազակներից պաշտպանելու ուժ ունեն: Երբեմն էլ ավազակներին ի ցույց՝ մեր գլխի վրա պտտվող ուրուրի վրա էին կրակում: Գիշերներն անպայման պահակություն էր սահմանվում:

  5. #19
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք սովի չէինք ենթարկվել, որոշակի պաշար ունեինք և խնայողաբար ծախսելով Մի քանի ամիս անց մոտենում էինք մեր գյուղին: Իրոք. ոչ՝ հայ, ոչ՝ ռուս, նորից ամեն ինչ թուրքին է վերադարձվել, թուրքին է պատկանում:
    Մեր գյուղ հասանք ուշ աշնանը: Ապրուստի հոգս հոգալը ծայրաստիճան դժվարացել էր: Պիտի տաժանակրորեն աշխատեինք։ Մեմեդը անխոխոնջ աշխատող էր և որպիսզի ժամանակ չկորցնենք, մեր օրապահիկը հետը բերում էր: Հիշում եմ, դա մի փոքր խորունկ աման էր, հաճախ փլավի բաժինով: Միասին էինք ուտում: Դա ինձ համար ավելի շուտ սովածանալ էր, քան թե ուտել, որովհետև ամեն մի պատառը հաշվի մեջ էր: Անխնա աշխատցնում էր՝ իրեն հավասար, հաճախ թվում է ուժերիցս վեր էր արածներս: Մեր մեջ, խոսք ու զրույց չէր լինում: Ինքն էլ գիտեր, որ անտանելի քաղցն ինձ անընդհատ տանջում է, իսկ աշխատանքը ճզմում: Բացի ինձնից, բոլորը զղջում էին վերադառնալու համար: Զիայի ձեռքերը մնացել էին ծոցում, Իսմաիլը մռայլ էր: Ճիշտ է երբեմն Մեմեդին հիշեցնում էր. «բավական է չարչարվես…. այս տղան ալ մեղք է, շատ ես հոգնեցնում, հալից ընկնում է, մի օրվա համար չէ»: Ես նրանց գտած, պահած տղան էի և միակ չարաշահվող գործիքը։ Մեհմեդը ոչ մեկի հետ չէր խոսում: Այդպես էլ ժառանգ չունեցավ: Իսմաիլը այլ հույս չուներ, միայն ես էի, ես էի նշմարվում այդ տան գալիք փեսացուն։
    Ես քնում էի բուխարիկի մոխիրների մոտ, տաք էր: Որոշ ժամանակ տեղափոխեցին տան մի կողքի վրա։ Այնտեղ գտնվում էր այն չարաբաստիկ լավաշի սնդուկը: Այդ սնդուկն ինձ գլխահան արեց։ Սկսեցի կամաց-կամաց բարոյապես սայթաքել, և մի գիշեր ձեռքս մտավ սնդուկի մեջ: Մի լավաշ դուրս քաշեցի և գլուխս շորի տակ խոթած, գրեթե առանց ծամելու սկսեցի կուլ տալ: Ես դարձա տան գիշերվա գողը: Անտարակույս դա նկատվեց ու ես տեղափախվեցի։
    Այդ ձմեռ Կարապետն ինձ մի երկու անգամ գաղտնի կանչեց իր մոտ ու մեծ-մեծ խնձորներ տվեց: Նա դրանք գողացել էր դարմանի միջից, ուր Ալի Օսմանը պահել էր թարմ մնալու համար: Դժվար ժամանակներ էին:
    Հենց այդ դժվար ժամանակ էլ, մերոնք բռնվեցին քոսով: Մնացել էի ես: Անզգույշ էի, չէի հասկանում. հետները մի ամանից հաց էի ուտում, շփվում էի… Մի օր էլ մի բարի պառավ քուրդ ասաց.
    -Օղուլ, ձերոնք քոս են բռնել, դա վատ, վարակիչ հիվանդություն է, նրանցից հեռու մնա. մեղք ես, անտեր ես… Ես քեզ բան ասեմ, դու արա: Քո մեզն ամեն օր խմիր, մեզդ չի թողնի, որ վարակվես… մեղք ես, գնա արա ասածս»:
    Ամբողջ ցերեկը փակվում էի մարագում անասունների հետ։ Այնուհետև տան համար, ինչպես նաև երկու քույր հարսների տան համար, ջուր էի կրում։ Հարսների ընտանիքը բնակվում էր Մաղաքենց լքված տանը՝ մեզնից բավական վերև՝ գյուղամիջին: Այնտեղ ես խոտ էի մանրացնում և հետևելով պառավ քրդի խորհրդին, մեզս խմում: Ես չբռնվեցի քոսով:
    Մի օր ես և գյուղից մի ուրիշ տղա, մոտիկ լանջերում արածացնում էինք եզներին ու մի քանի կով: Ցերեկը ես պետք է իջնեի գյուղ, իմ բաժին սովակոտրուկն։ Ճանապարհին տեսա ինչ-որ բան են հողով ծածկել։ Բերանը կապված էր: Ստամոքսս թելադրեց անելիքս՝ քաշեցի հանեցի: Մի փոքր պարկ էր, մեջը երկու գունդ կարագ, մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր։ Սկսեցի փոքր գնդից ագահաբար ուտել: Հաց չկար, միայն մի տոպրակ ալյուր էր։ «Դե ալյուրն էլ հաց է» ասում եմ ինքս ինձ, ալյուրը լցնում բերանս ու կարագը վրայից ուտում: Քիչ հետո սկսեցի ավելի հանգիստ մտածել. «բավական է, մնացածը թող մնա», սակայն ի՞նչ անեմ, ո՞ւր պահեմ: Իսկույն հիշեցի մեր Զարիկին: Զարիկը մեր մյուս պապի թոռներից էր: Քուրդ Սադըչը, որ ջարդից հետո մեր օդայում էր վերաբնակվել, ողջ մնացասծների միջից ջոկել և իր համար կնության էր առել մեր Զարիկին: Ինքը մի պառավ քուրդ կին էլ ուներ, բայց նրանից ժառանգներ չուներ։ Զարուհին արդեն երկու երեխա ուներ:
    Որոշեցի անսուների մոտ լինել սովորականի նման, չուշանալ, որ հարցեր չառաջանան: Վազելով գնացի ու ետ եկա։ Երեկոյան այնքան պտտվեցի մինչև հաջողվեց Զարիկին հանդիպել։ Կանչեցի ու ամեն ինչ պատմեցի։
    - Որտե՞ղ ես թաքցրել,- հարցրեց Զարիկը։ Տեղն ասացի։
    - Լավ,- ասաց,- հասկացա, դու գնա գործիդ, ես կգտնեմ, կբերեմ: Կանցնես այս կողմերով՝ կկանչեմ, քիչ-քիչ կտամ:
    Այդպես էլ եղավ: Հետո իմացա, որ գիշերով երկու գող մտել էին մի թշվառ այրի կնոջ տուն և եղած չեղածը հավաքել տարել էին:
    Գյուղում հատ ու կենտ հայ կանայք էին մնացել, նրանք ովքեր ընկել էին քրդի տուն։ Զարիկից բացի, մերոնցից Մարիամն էլ էր գյուղում։ Այդ շուն քյաչալ չերքեզն էր նրան խլել։ Նա խելագարվեց, հանդերն ընկավ ու «Արշա՜կ, Արշա՜կ, Արշա՜կ…» կանչելով կորավ: Ես հեռվից հետևում էի Մարիամին։ Մի անգամ վազեցի ետևից։ Նա փախավ գոռալով. «Հեռո՜ւ, հեռո՛ւ ինձանից»… Դա նրանից լսած վերջին բառերն էին:
    Գյուղ գալուց հետո ներսումս ցավն ու կարոտը սաստկանում էր։ Մեր հանդերն էի գնում, մեր արտերն էի գնում, մեր ջրերից էի խմում, Մեծ լեռնն էի բարձրանում։ Աղբյուրներից մեկը ցամաքել էր: Գուցե ներսումս եռացող վրեժի աղբյուրն էլ այդպես ցամաքի, բայց ոչ…

  6. #20
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարուն էր։ Դարձյալ սայլերը լծած ճամփա ընկանք։ Այս անգամ դեպի արևելք՝ Էրզրում: Լսել էին, որ այդ կողմերում տեղի հայերի կոտորածների ու փախուստի հետևանքով լքված շատ բան է մնացել: Իսմաիլի և ուրիշ մի քանի գյուղացիների մասնակցությամբ սայլերով շարժվեցինք: Մեզնից անբաժան էր երկու քույր հարսների անասնատիպ հայրը: Նրա ներկայությունը ինձ միշտ տանջել է։ Նրա ներկայությունը տհաճությունն էր պատճառում նաև իմ աղային՝ Իսմայիլին:
    Սկզբնական շրջանում, տեղերը ինձ ծանոթ էին թվում, թեև երբեք այդ կողմերում չէի եղել։ Դա պապիս պատմածների շնորհիվ էր… Ոչինչ չէի խոսում, նայում էի ու նայում… Սա Մանձի հարթությունն է, ահա ճանապարհը դեպի Կոթեր՝ Սև ջրի կամուրջը, Կոթերի կամուրջն ո՞ւր է… Ո՞ւր են մանկտիքդ, հայ ժաղովուրդ, ո՞ւր են շեներդ: Հայ կյանքի գոյության ոչ մի հույս ու նշույլ չկար…
    Մամախաթունում տեսել եմ լքված պահեստներ։ Էլ շաքար, էլ ալյուր, «սապոգներ», հանդերձանք, զինամթերք, բարձրունքներում թաղված հրանոթներ… Փաշաները շշմել էին, ասկյարներին թվում էր, որ բաց աչքերով երազ են տեսնում: Բնակիչ կոչեցյալները գժվե՞լ են ինչ է… Այս ամենը ո՞նց են թողել գնացել։ Այ քեզ երազ… Անգամ հեքիաթներում այսպես չի լինում… Նորից սկսվեց ջարդը… Չորս կողմից միայն լսում էինք. «Չալըշ-չափըշ օղրաշ գյավուր էրմենի»…
    «Ինսաֆ էյլի, բեյ էֆենդի էսկյար». թրա՜խկ, «Մա՜ֆ, մա՜ֆ, մա՜ֆ…»…
    - Իսմայիլ պապիկ,- հարցրի,- ովքեր են՞ սրանք, ինձ են նայում ու… Գնամ ջուր բերեմ տամ խմեն, ոնց որ թե ջուր են ուզում…
    - Չէ, օղուլ, մի գնա, ջրի վրա էսկերներ են, սրանց չեն թողում ջուր խմեն՝ թրատում են, Հայաստանի խոտերն են հնձում… Հայեր են, օղուլ, հայեր են…
    Մամախաթունից մինչև Էրզրումի սարահարթը համատարած այսպիսի տեսարաններ էին։ Մի տեղ միայն Իսմայիլը հաց շպրտեց գետնին ընկած որբուկներին: Նրանք հազիվ հասցրին ասել. «Պապա ո՞վ է այդ լացող տղան», մոտեցած ասկյարը ջնջխեց նրանց գլուխները… Աշխալայի Էրզրումին նայող արևելյան կողմում, հենց ճամփի կողքին մի ամբողջ օր իջևանեցինք: Եզները հանգիստ արածում էին: Շոգ չէր: Գնացինք քաղաք։ Քաղաքում իրարանցում էր. գրավում էին հայկական եկեղեցու մոտակայքում գտնվող հայերի խանութները։ Ամեն մեկն իր ունեցվացքն էր շատացնում, տարածքն ընդարձակում, կարգի բերում… Երգում էին քեֆ անում: «Ապրի կյավուրը՝ էշ հայը, ինչքա՜ն հարստություն է թողել… Թող իրենք էլ կորչեն խոզ ռուսն էլ»:
    Էրզրումն մնաց ետևում։ Էրզրումն անցնելուց հետո, մեր սայլորդների մեջ անհամաձայնություն ծագեց. ո՞ր ուղղությամբ շարժվել: Որտե՞ղ մի բան պետք է վաստակեն ու ձեռք բերածով ետ դառնան տուն: Լսել էին, որ ինչ-որ փոխադրումների դիմաց աղով են վճարում։ Ուզում էին զբաղվել դրանով։ Թեկուզ աղով, բայց վարձատրում են, կբերեն կծախեն: Շատ անորոշ հույս էր սա:
    Համենայն դեպս մենք չգնացինք, թեքվեցինք դեպի Օլթի: Այդ կողմերի հայերը ամեն ինչ թողել փախել են, հարկավ մի բան էլ մեր ձեռքը կանցնի… Հասանք Ղալայի հարթավայրը: Ջինջ գետը մեզ սկսեց ուղեկցել աջ կողմից: Ջրի հոսքում թեքություն կար: Դա Արաքսի ակունքն էր: Իրոք, ինչ-որ շշուկ ուներ իր առատության մեջ: Մենք նրա ջրից չօգտվեցինք: Քաղաքում մի երկար փողոց էր, ոչ աղմուկ կար, ոչ էլ եռ ու զեռ, մեռյալ լռություն էր: Եզները կուշտ կերան, մնջեցին, լծվեցին սայլերին ու շարժվեցինք դեպի Ալաշկերտ: Ոչ մի հայ չէի տեսնում:
    Մտանք խոր ձորերի մեջ գտնվող Օլթի: Քչից-շատից մրգատու ծառեր կային, հատ ու կենտ, այս ու այնտեղ արածող ոչխարներ, այծեր, ու կռունկներ, կռունկներ… Անհամար էին։ դրանց թռիչքները ու բները ջրափայլ կանաչային զմրուխտ տարածությունների վրա… Մարդիկ կային, սակայն մեզնից խուսափում էին, սառն էին մոտենում։ Չէին բարևի, եթե մենք չբարևեինք: Չէին հյուրասիրում, ընդառաջում։ Պատասխանները սառն ու կարճ էին, կանայք ու աղջիկները մեզնից հեռու էին մնում:
    Մենք սկսեցինք սովի ենթարկվել։ Այդ ժամանակ որոշեցին, որ քյաչալ Տորսունը, որ մեր գյուղի վատահամբավ Թամոյի եղբայրն էր, ինձ հետը վերցնի և ուտելիք մուրալու դուրս գա։ Տեղացիներից հաց, կաթ, պանիր, սեր և այլն մուրալու համար ես պիտի նրա հետ լինեի որպես որբ, որին կարող էին խղճալ, այլապես հույս չկար։ Իսմայիլն ի՞նչ կարող էր անել՝ տվել էր համաձայնությունը։ Ինձ զարմացնում էր նրա սառնասրտությունը. ինչքան կատաղած շուն էլ վրա տար, գամփռ լիներ, թե ուրիշ տեսակի միևնույնն էր, իր մահակը սառնասրտորեն շարժելուց բացի, ուրիշ ոչինչ չէր անում: Շները իմ վրա էին հարձակվում, ոչ թե մահակավոր մարդու… Ես փախչում էի ու սկսում պտտվել իր շուրջը:
    - Հանգի՜ստ,- ասում էր,- մի վազի,- ու շարունակում տնից տուն մտնելը: Մի օր մի խումբ աշխատավոր մարդկանց մոտ էինք: Բոլորը դադարեցրին աշխատանքը, նայում են մեզ։ Մեջները կանայք հատուկենտ էին։
    - Բաժին տվեք աղաներ,- սկսեց Տորսունը,- գաղթական ենք, սա էլ որբ է:
    - Որտեղի՞ց եք, ինչո՞ւ եք եկել, ինչ կա այս կողմերում…
    Տորսունը սկսեց սովորական դարձած ստերը մոգոնել։ Մի հարս, թե.
    - Գնացեք ձեր տները…
    Կողքին կանգնած աղջիկը ծիծաղեց ու ձեռքի մի կտոր գաթան շպրտեց ինձ: Այդ մարդիկ, այնուամենայնիվ, ուտելիքի իրենց մնացորդները լցրին մեր խուրջինը: Հասանք սայլերին: Քաչալը հերոսացավ, իսկ ես դարձա ոչ միայն ծերուկ Իսմայիլի տղան, այլ բոլորին պիտանի էակ:
    Թե ինչ ազգի բնակիչներ էին, չեմ կարող ասել: Սևամազ էին: Խոսում էին թրքական բառբառով: Մեր հանդեպ համակրանք չունեին, ատում էին հատկապես «օսմանցի» անվանումը: Տները մեծ սողնակներով հաստ փայտյա դռներ ունեին, բակերը ծառազուրկ էին: Ամեն տեղ գամփռ շներ կային: Շարունակում էինք գնալ։ Մի արևագոգ գյուղում էինք: Մուրալով տնից տուն էինք անցնում: Ես թռչկոտում էի քյչալի, ավելի ճիշտ նրա մահակի շուրջը: Գնում էինք դեպի նշանառված տան դուռը: Տանը կանայք էին. տղամարդիք չկային:
    - Ի՞նչ եք ուզում, մի՞թե ուտելու հաց չունեք… Սայլերով ու առանց պաշարի՞…
    - Ընկել ենք այս վիճակի մեջ, քույրիկ, ի՞նչ անենք, ողորմացեք…
    - Ձեր երկիրը, հողերը թողած, վազել եք թալանի, ետևի՞ց… Այս տղան ո՞վ է, քո ի՞նչն է… Սիրուն տղա է, չե՞ս տա մեզ։ Ափսոս է՝ դուք ինքներդ աղքատ եք, չեք կարող պահել, տվեք մեզ: Երևում է քո բարեկամը չէ, ձերոնցից չէ, տուր մեզ, ես քեզ շատ բան կտամ,- ապա դառնալով ինձ հարցրեց,- չե՞ս ուզում մնալ, տղա ջան, մենք քեզ լավ կպահենք:
    - Չէ, քույրիկ ջան,- պատասխանեց Տորսունը,- իմ եղբոր տղան է, ինչպե՞ս տամ հայրը սայլի վրա սպասում է:
    - Թաղեմ գլուխդ, սուտ ես խոսում: Ինքը որ գա, կտա՞ս…
    Հոգիս պղտորվել էր, հուզախռով էի, մտածում էի. «Ինչ անեմ, որ ինձ այստեղ թողնեն ու գնան, ինչպե՞ս ազատվեմ, ինչքա՜ն լավ կլինի, որ մնամ:
    - Դե որ չես տալիս, այդպես սոված էլ կգնանք,- ապա դարձավ դեպի ինձ,- արի բալիկ ջան, քո փոքրությունն էլ չի խղճում։
    Արդեն ուզում էր մեզ վռնդել, բայց մի պահ նայեց ինձ ու միտքը փոխեց.
    - Երեխայի համար եմ տալիս… Իսկի էլ ձեր երեխան չէ, դա երևում է, հետդ քարշ ես տալիս, որովհետև վախենում ես, որ քեզ խղճացող չի լինի…. թալանչի Օսմանցիներ:
    Այսպես մենք մուրացկանություն անելով հասանք Չալդր լճին և պիտի ուղղություն վերցնեինք դեպի Ախալքալաք: Բադեր շատ կային: Ջուրն այնքան էլ ջինջ չէր, ափերը տղմոտ ու պղտոր: Մենք զենք չունեինք, այլապես կխփեինք, քանի որ վաղուց մսի երես չէինք տեսել: Հազվագյուտ դեպքերում ջրի եկած անասուններ էին երևում, արտերն անտեր էին, գյուղերն անմարդաբնակ: Ախալքալաքի մոտ մի գյուղ մտանք: Ոչ շուն կար, ոչ կատու, ոչ շունչ, լքյալ տներ էին միայն: Մեր ընտրած տունը հենց գյուղի եզրին էր: Ցորենը՝ հասած, ծովի պես ալեկոծվում էր…. միայն հնձիր: Ման եկանք ու անհրաժեշտ ամեն ինչ գտանք, և գերանդի, և ուրագ, և պարան, և անիվ, և պարկեր… Մի խոսքով ամեն ինչ, ինչ որ պետք էր: Աշխատիր, որ շուտ վերադառնաս: Մեկ էլ տեսնես տերը վերադարձավ՝ սարի այն կողմում դեռ կռիվ է՝ հայերը դեռ կռվում են։ Մեր «խնամին» սկսեց ուտելիքի մեր պաշարը գողանալ: Գալիս նստում էր իմ սայլի վրա, ինձ ստիպում ետ նստել ու խուրջինից դուրս էր քաշում մեր ուտելիքները: Ամաչում էի բան ասել, կամ Իմայիլին մի կերպ հասկացնել:
    -Իսմայիլ պապիկ, ինչո՞ւ իր սայլին չի նստում» դիմում էի նրան խեղճացած։ ------- --Կհասկնամ, օղուլ, բայց ի՞նչ ընեմ, ես ալ չգիտեմ»…
    Նա միշտ ինձ պաշտպանում էր, իր հովանու տակ էր առնում, որպես իր տան անդամի: Դա ավելի էր կատաղացնում մեր «խնամուն», լարում էր իմ դեմ: Վերջին օրերն էին, քաղն ավարտում էինք: Ինձ ուղարկեցին ջրի՝ արտերից ներքև, իսկ աղաս ուզում էր, որ ես, խուրձ անեմ։ «Խնամին» տեսնելով, որ իր պահանջը չեմ կատարում հարձակվեց վրաս ու սկսեց սայլի փայտով խփել: Իսմայիլը հրեց գցեց նրան, իսկ ես մի կերպ փախա։ Միտքս եկավ հենց «խնամու» ասածը, թե՝ «Հայերն այն կողմում են, սարի այն կողմում կռիվ են անում»: Վճռականորեն քայլեցի դեպի սարը։ Իսմայիլը լացակումած «Խալիլ, Խալիլ…» կանչելով վազեց ետևիցս։ Կանգ առա, նստեցի։ Շրջվեցի դեպի նա.
    - Իսմայիլ պապիկ, ես կերթամ այն կողմը, այնտեղ հայեր են, ես կերթամ…
    - Չէ, որդիս, որտեղ հայ՝ այնտեղ թուրքի կոտորած է…. ալ անոր հետ չենք խոսի: Արի գնանք, ինձ մենակ մի թողնիր, ալ անոր հետ գործ չենք ունենա:

  7. #21
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ այդպես էլ նրա հետ այլևս գործ չունեցավ: Ոչ էլ ես: Մեր բեռները բարձեցնք նորոգ սայլերի վրա ու ճամփա ընկանք դեպի Ղարս: Գյումրին ու Անին ձախում թողեցինք, մտանք Ղարս… Բնիկ մարդ չկար՝ պատահական, թափառ եկվորներ էին, մտել, տիրել ու ապրում էին։ Չիմացանք թե ինչ ցեղից են: Տներ, խանութներ, սրճարաներ…. բոլորը լքված, ազատ…. ապրիր, եթե կամենում ես, միայն պիտի հայ չլինես: Սա Ղարսն էր, երբեմնի՝ Հայոց մայրաքաղաքը:
    Ղարսից գնացինք դեպի արևմուտք, դեպի Ղարաքիլիսա՝ «Սև ժամը»: Ղարաքիլիսան ինքն էլ էր սև, մութ անտառուտների մեջ հազիվ խցկված էր: Մի լայն ձորակ նրան տեղ էր տվել թեքության վրա: Եկեղեցու հնությունը նկատեցինք անմիջապես։ Իհարկե լցված էր զինամթերքով: Կյանք չկար, միայն ասկյարներն էին շարժվում: Քաղաքի կենտրոնում՝ գետակի մոտ հանգստացանք: Այնտեղից պիտի սկսեինք վերելքը ոլորուն ճամփով: Ինձ հազվադեպ է այդպիսի մութ անտառ հանդիպել: Հիշում եմ ձորակի մեջ, բացատում ինչ-որ գերիների էին մտրակում: Ստրո՜ւկ հայություն:
    Մեր հարազատ Խնզրի գյուղը հասանք արդեն խոր աշնանը: Շատ պաշար ենք բերել՝ տանեցիք ուրախացել են: Գյուղում խոսում էին մեր նախանձելի հաջողության մասին: Իսմայիլը հայրական պարտքի կատարման գիտակցմամբ ժպտում էր: Համով ճաշ կերանք, որից հետո լավ քնեցինք։
    Թե ես ի՞նչ էի զգում՝ չեմ հիշում, միայն գիտեմ, որ ես այդ ամբողջ ժամանակ ապրել եմ իմ հայությամբ ու հոգով անընդհատ վերհուշի մեջ էի. «սա մեր տունն է, սա մեր արտն է, սա իմ հոր գերեզմանն է, սա մեր գյուղացիների տներն են»: Բոլորին, մեկ առ մեկ անուներով պիտի հիշեի։ Հետո հիշում էի հետս կատարված դեպքերը. «այստեղ պիտի փախչէի, բայց Թորգոմը չտարավ, Ծատուրը փախավ, բայց ինձ մոռացավ տանել, Մանուկին կորցրի, Ղազարը մնաց այնտեղ՝ Անկարայում, Գալուստի և եղբոր տեղը չգիտեմ: Ո՞ւր փախչես, երբ քո գյուղումն ես, բայց ազգիդ բեկորներն աչքիդ առաջ անհետանում են:
    Մեմեդն անհանգիստ էր՝ ձմեռը էր գալիս. կերի պաշարը պիտի լրացվեր, տան չորս կողմը կարգավորվեր, երդիկը պիտի կարգի բերվեր, ճամփաները նորոգվեր, զուգարան սարքվեր… Մինչ այդ տան ետևն էր որպես զուգարան ծառայում: Զուգարան սարքեցինք, բայց այդպես էլ չօգտագործվեց: Ես գործունյա օգնական էի, անգամ՝ խորհրդատու։ Մեմեդը ուզում էր ստեղծել, սակայն ստեղծագործ միտք չուներ: Ձմեռն իմ գործը ծանրացավ. ճանապարհ բացել, աղբը թափել, կտուրը մաքրել, ջուր բերել, խոտ ջարդել… Մի խոսքով. թվարկելն անիմաստ է՝ երկար կտևի:
    Մեզնից ոչ ոք առանձնապես չհետաքրքրվեց այն լուրով, որ մեր անասուն «խնամին» որոշել է նորից ետ գնալ Անկարա՝ Զիա բեկի մոտ: Գնում են՝ թող գնան, մտածում էին մերոնք: Միակ մտածողը նրա կինն ու փոքրիկ աղջիկներն էին: Հայրն իր հետ տանում էր երկու մեծ տղաներին:
    -Ձմեռ է, որդիներիս մի տանիր, մի դժբախտացրու մեզ, անխիղճ-, լալիս էր խեղճ կինը։
    -Չէ, պիտի գնամ։ Այն լավ տեղերը թողած, այս տկլոր վայրերո՞ւմ պիտի ապրեմ: Կգնանք, հիմք կդնենք ու կգամ ձեզ կտանեմ: Միայն համբերություն ու ողջություն: Խուրջինները լցրին, գուլպաները, կապաները, տրեխները հագան, բեռները շալակեցին ու հայդա՜: Այդ գնալն էր, որ գնացին: Հաջորդ գարնանն իմացանք, որ ուժեղ բքի մեջ են ընկել ու երեքն էլ միատեղ խեղդվել են:
    Գարնանը Զիան հիվանդացավ, անկողին ընկավ: Ես նրան անկողնում տեսել եմ մի երկու անգամ: Գիտեի, որ հիվանդ պառկած է։ Մեկ էլ իմացա, որ մահացել է։ Վշտացա։ Վշտացավ նաև ամբողջ գյուղը՝ նա երբեք, ոչ մեկին վատություն չէր արել: Շաբանենց տնից ուրախ ժպիտներն ու ծիծաղի ձայները վերացան։ Փոքրամարմն Իսմայիլը լրիվ մի բուռ դառավ։ Սակայն տարօրինակն այն էր, որ երկրորդ դժբախտությունն էլ չուշացավ: Մի երկու ամիս հետո անկողին ընկավ մարմնեղ Մեմեդը: Իսմայիլը ահիուդողի մեջ էր, քանի որ Մեմեդի հիվանդությունը շատ նման էր Զիայի հիվանդությանը: Մինչև այդ Զիայի կինը թռավ Հայդարի գիրկը: Մեմեդի անկողնային տանջանքը մինչև հիմա աչքիս առաջ է։ Ցավոտ հիվանդություն էր: Ձյուն ուզեց, Մեծ լեռան ձյունից: Ձիով գնացի բերի, բայց հասա հոգեվարքին: Մեռավ նաև մտասույզ Մեմեդը: Շաբանենց Իսմայիլի կյանքը խորտակվեց: Ճակատագիրն էր այդպիսին։ Մնաց առանց կին, առանց որդի ու շուտով նաև առանց հարսների, որովհետև մյուս հարսն էլ շտապեց չզրկվել կյանքի վայելքից, միացավ մի նոր արուի հետ: Կարծեմ գնաց Իսմայիլի եղբորորդու մոտ, քանզի իր երբեմնի սիրեկան Հայդարին, արդեն զբաղեցրել էր քույրը:
    Ես մնացի Շաբանենց տոհմի միակ ժառանգորդը։ Իսմայիլն ուզում էր միացնել ինձ ու իր միակ թոռնուհուն՝ Լեյլուն։ Գարունն անցնում է, իսկ մեր գործերը մնում են՝ մենակ ուժս չի պատում։ Շաբանենց Իսմայիլն այլևս հույս չունի տնտեսապես ամրանսլու: Այդ ժամանակ լուր տարածվեց, թե Տրապիզոնում «քիրայով»՝ վարձով, ալյուր են կրում և այլուրով էլ վարձատրում են։ Ընդ որում՝ շատ առատ: Մի քանի քրդեր, առանց հապաղելու պատրաստվեցին, սայլերը լծել ու գնալ: Իսմայիլը երկար մտածեց, ուղարկի՞ ինձ, թե՞ չուղարկի… Դիմեց գուշակի, բարեկամ քրդերից խորհուրդ հարցրեց: Ի վերջո համաձայնվեց
    -Տղսյին ինչպես հանձնում եմ ձեզ, այնպես էլ նույնությամբ վերադարձնեք գյուղ հանձնեք ինձ։ Դուք լավ գիտեք ուրիշ ոչ ոք չունեմ։ Մնացել է այդ մեկը, լույսի պես պահեք , չսխալվի։Վերև աստված կա , վատություն չանեք։Ալլահը ձեզ հետ, միշտ ձեր գլխին հով անի ամին ։ գնացեք և վերադարձեք բարով խերով
    ։Ոտով ահագին տեղ եկավ ինձ հետ,հազար խրատներ տալով
    -Ինչ եղել է եղել է , անողի մուրազը փորը մնա .. Մեկ է ձերոնք չկան , ալ հայություն չկա , ամեն կողմ թուրք է , կմնաս իմ մոտ կմեծանաս ընտանիք կկազմես, կհիշես նրանց , դու խելոք տղա ես մավինի թոռն ես ։ Բոլոր հարազատներտ այստեղ են ։ Գնա ու վերադորձիր։ Ոչ դու մեկը ունես ոչ ես ալլահն է այդպես կամեցել։ Արի մեկ էլ համբուրեմ աչքերդ , աս աչքերդ մեր գյուղից չկտրվի։ Սրանց լսիր ,ինչ որ կասեն կանես։ Աս մի քանի փարան էլ , որ հարկավոր ըլլա կծախսես քեզ համար։ Կսպասեմ ճամփիդ Խալիլ ,որդիս։
    Ու ինձ էլ նրանց վստահությանը հանձնելով ուղակրկեց «քիրայով» ալյուր կրելու: Սակայն ես ինչ էի մտածում , ով՞ իմանա , եթե ինքս չեմ իմանում։ Միայն այն եմ հիշում եմ ,որ սիրտս ուրիշ էր ականջս ուրիշ։Սակայն ճշմարտոըթյունը ինձ համար այն էր,որ ես որոշակի սրտիս մեջ էի ,ոչ թե ականջիս ։Ես միշտ այդպես եմ ապրել շնչել , դրանով ես ինքզինք եմ եղել ,ոչ մի ուրւշը, մի այլ ոմնի հաշիվը։ Այսոր էլ կասեմ , որ միայն այդպես եմ ապրել շնչել ու գործել։Մաքրությունն իմ ճանապարհս է եղել բարդությունը ՝ կյանքս։Առաջինի մեջ աճել եմ ,երկրորդի մեջ տոկացել։



    Մարդն ինքն իրեն ոչ միայն պետք է մաքուր պահի , դա իր էությունն է ու գոյության դեմքը , այլև պարտավոր է մաքրել նաև իր շրջապատը, սա արդեն պարտավորություն է ՝ որպես հասարակական էակի , եթե դրան չես հասել դու դեռ մարդ չես հասարակության համար ։ Եթե չես կարող այդ անել , գոնե ինքդ պարտադիր կարգով պետք է մաքուր մնաս, այդքանը ,թե չկաս , դու ոչնչություն ես , հետևաբար քեզ մաքրելն է բարիք՝ մարդու դերն անաղարտ պահելու համար։

    Շարժվեցինք Գյումուշխանու ուղղությամբ։ Դա Բաբերտից Տրապիզոն տանող ճանապարհի վրա էր։ Այստեղ արծաթի հանքեր կային և ես հիշեցի, որ Տացուիս ցորենն այս կողմերից էին գալիս տանում։ Այստեղ հրաշալի խնձորի այգիներներ կային։
    Ես նսել էի սայլիս վրա։ Եզներս իրենք էին գնում առջևի սայլերի ետևից։ Թե առջևիններն արագանային՝ իմոնք էլ էին արագացնում քայքը, դանդաղանային՝ դանդաղում էին։ Առավոտյան արդեն բարձրացել էինք Սև ծովից Բայազետն անջատող Բոզ Դաղի սարահարթը։ Ծովի թարմ օդն այստեղ արդեն հասնում էր, թեև ծովը դեռ հեռու էր։ Ես իմ սայլին նստած նայում էի ներքևում մնացած մեր շեներին ու քաղաքներին։ Նայում էի ու ինքս ինձ ասում. «ես Ջիվանիկն եմ, Տացուիս թոռնիկը, ես հայ եմ, թուրք չեմ…»… Մեկ էլ տեսնեմ մեր կողքի հետ մի տղա է քայլում։ Ինձնից բավականին մեծ կլիներ։ «Տեսնես ո՞ւր է գնում» հանկարծակի անցավ մտքովս։ Թուրքի նման չէր։ Ուսին մի մեծ քթոց ուներ։
    Նա հավասարվեց իմ սայլին ու երկար նայեց ինձ։ Հայացքն այնքան խորն էր թափանցում, որ ակամայից սկսեցի մտքիս մեջ հայերեն մտածելուցս էլ վախենալ։ Ինքը կարծես ամեն ինչ հասկացավ։ Մոտեցավ, բայց բան չասաց։ Մի քիչ հեռացավ, հետո նորից մոտեցավ։ Ասես ինչ որ բան էր ստուգում՝ մեկ հեռվից էր նայում, մեկ՝ մոտենում։ Հետո որոշեց խոսքի բռնվել հետս.
    - Կթողնե՞ս նստեմ սայլիդ, հոգնել եմ։ Ես գիտեմ դուք էլ եք Տրապիզոն գնում։ Ես էլ եմ այնտեղ գնում։
    Ես ուզում էի, որ նստի, բայց վախենում էի, չէի ուզում ինքնագլուխ բաներ անել։ Ինքն ասես գլխի էր ընկել։ Նորից հարցրեց.
    - Կուզես նստեմ սայլիդ, զրույց կանենք։ Ես շատ հետաքրքիր բաներ գիտեմ։
    - Հա,- ասում եմ,- բայց գնա այն տարիքով քրդին հարցրու։ Եթե թողեց՝ արի նստի։
    Վազելով գնաց։ Քուրդը թույլ տվեց։ Նորից ետ եկավ, տեղավորվեց իմ սայլին։ Որոշժամանակ լռում էր, հետո տխուր նայեց ինձ.
    - Դու թուրք չէս, դու հայ ես, հայ որբ։ Մի վախեցիր, ինձ ճիշտն ասա։ Տեսնում եմ, հիմա արցունքներդ կթափվեն։ Մի վախենա, ես ոչ ոքի չեմ ասի, ես թուրք չեմ, հույն եմ։ Կաղաչեմ՝ խոսիր, ես հայերեն շատ լավ գիտեմ, գիտեմ որ սա հայի երկիր է, ես շատ բան գիտեմ։ Խոսի´ր մի վախենա։
    Սիրտս լցվել էր, չէի կարողանում գեթ մի բառ ասել։ Եթե խոսեի՝ անպայման կհեկեկայի։ Ինքը ամեն ինչ տեսնում հասկանում էր։ Ասաց.
    - Դու սրանցից մի վախենա, հիմա ոչ թուրքերը, ոչ սրանք քեզ ոչինչ չեն կարող անել, հիմա ամերիկացիները հայ որբերին հավաքում են որբանոցներում Տրապիզոնում էլ որբանոց կա։ Շատ լավ տեղ է՝ դպրոց կա, բաղնիք կա, տանում են ծովում լողացնում, հայերեն են սովորեցում։ Սենյակները մաքուր են, որբերի շորերը մաքուր։ Բոլորն էլ կուշտ են։ Եթե հայերեն խոսես՝ ես քեզ անպայման կտանեմ կհանձնեմ որբանոց, կազատվես, ես տեղը գիտեմ։
    - Դպրոց, ազատվել… Քեզ Տացուս է ուղարկե՞լ,- կամացուկ կմկմացի ես հայերեն ու աչքերիցս արցունքներն սկսեցին թափվել։ Եզները թարսի պես շեղվել էին ու իմ սայլը ճամփից դուրս էր ընկել, իսկ մենք չէինք նկատել։
    - Մի վախենա, ես քեզ անպայման պիտի օգնեմ։
    - Անունդ ի՞նչ է,- հարցրի նրան։
    - Կոզմա է։ Ես հույն եմ։ Մի վախենա հայերեն խոսելուդ մասին ես բան չեմ ասի, բայց դու էլ պատմածներիս մասին ձերոնց բան չասես։ Արդեն մթնում է։ Այստեղ մոտիկ գյուղ կա, երևի գիշերը կմնաք այնտեղ, իսկ առավոտ ծեգին թե շարժվեք՝ մինչև կեսօր արդեն Տրապիզոնում կլինեք։ Այնտեղ ես քո մասին հոգ կտանեմ, բայց համենայն դեպս հիշիր. որբանոցը քաղաքի ամենամեծ եկեղեցու մոտ է, իսկ եկեղեցին լավ երևում է քաղաքի գրեթե բոլոր կողմերից։

  8. #22
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գիշերեցինք մոտիկ գյուղում, բայց Կոզմային այլևս չթողեցին, որ սայլին նստի։ Նա ինձ նայեց բազմանշանակ հայացքով ու գնաց։ Հաջորդ առավոտ մենք արդեն Տրապիզոնում էինք։
    Արդեն մի քանի օր էր, որ ալյուր էինք կրում։ Նավահանգստից հասցնում էինք կենտրոն։ Երկար ճանապարհ չէր, բայց վերելք էր։ Օրը յոթ-ութ անգամ գնում գալիս էինք։ Իմ գործը եզները պահելը, բարձած պարկերին հետևելը, ջուրն ու խոտն էր։ Բարձում վերջացնում էին ու ես «հո՜, հո՜, Մրո» ասելով բարձրանում էի մինչև այգի։ Այնտեղ, եթե եզներն իրենց լավ էին զգում, նստում էի սայլին։ Արդեն քանի օր էր միևնույն ճանապարհի վրա էինք, դարձել էինք քաղաքի սայլապան։ Այգին անմշակ էր, մեր մազերի նման, ոչ ոք չէր հրապուրվում նրանով, անջրդի վայր էր։ Կարելի էր ծառերը հաշվել։ Ես հաշվում էի մինչև 10-15-ը և էլ չէի շարունակում։ «Ինչո՞ւ չեն կտրում վառում», ասում էի մտքումս։
    Մի օր ճաշին եզները բաց էինք թողել այգում, խոտ էինք տվել ու նստել հանգստանալու։ Եկավ վերջին, թե՞ նախավերջին օրը, որոշակիորեն չեմ հիշում, մերոնք արդյունքից շատ գոհ էին՝ հեշտ ու շահավետ գործ էր։ Լավ էինք վարձատրվում, շատ լավ։ Սայլապանների բարձր տրամադրությունը ինձ ամեն ինչ մոռացնել էր տվել։ Այդ օրը վերջին ուղերթն էինք կատարում։ Երեկո էր։ Մոտենում էինք բեռնաթափման կայանին։ Այդքան ժամանակ ուշադրություն չէի դարձրել, թե որտեղ են պարկերը հանձնում, քանի որ նրանք էին կրում, տանում, հանձնում, հաշվարկում։ Ես հետևում էի իմ համեստ պարտականությանը՝ պահել-հաշվել սայլերը։ Վերջին ուղերթի ժամանակ, երբ բեռնաթափման վայրին հասնելու վրա էինք, ինձանից քիչ մեծ մի երեք- չորս լակոտներ, նկատեցին մենակ լինելս ու սկսեցին վրա տալ՝ ինձ էլ, իմ սայլն էլ քարկոծել։ Փողոցը լիքն էր մանր քար ու խճով։ Մնացել էի անպաշտպան։ Ապահովության համար, բարձրացա սայլիս վրա, սակայն նրանք չէին դադարում ճիպոտներով ու քարերով ինձ էլ, եզներին էլ անհանգստացնել։ Մեծ քուրդը, որ առջևում էր նկատեց իմ նեղությունը ու իր մահակով վազեց դեպի այդ լակոտները, բայց ո՛չ թե խփելու, այլ վախեցնել-փախցնելու մտադրությամբ, ու դեռ նրանց չհասած գոռաց.-
    - Ծո, ձեր հերն անիծած, անպատկառ լակոտնե՛ր, ի՞նչ եք ուզում խեղճ տղայից, ինչո՞ւ եք նեղացնում, նա էլ ձեզ նման հայ որբ է, փախե՛ք, կորե՛ք։
    Չհասկացանք թե ինչքան կարևոր բառեր ասաց այս քուրդ մարդը, դեռ չէինք հասկացել, որ այդ բառերն իմ համար ճակատագրական էին լինելու։ Քրդի սիրտն անկասկած բարի էր, երևի խղճաց նաև այդ զրկված անմեղ, անտեր հայ որբերին, փորձելով այդ կերպ «Աս տղան ձեզ նման որբ է» ասելով քշել նրանց և ոչ թե պատժել։ Այն էլ հայերեն։ Քուրդն ասես ավետիս հայտնեց տղաներին… «Հայ որբ է» բառերը փոստատար աղավնու նման, թռան դեպի ուր որ հարկն էր։ Երեխաները թռա՜ն «հայ
    ո՜րբ, հոս մի հայ որբ, հա՜յ որբ» գոռալով։
    - Ծո, Տուրսուն, դու էս ի՞նչ արիր, տնաքա՜նդ,- մինչև Տուրսունի ուշքի գալը ձայնեց քրդերից մեկը։ Տուրսունը շշմել փայտացել էր.
    - Ծո՛, աս ես ի՞նչ ղալաթ ըրի,- ասաց ու թռավ տղաների հետևից գոռալով.
    - Ծո՛, լակոտնե՛ր, սուտ ասի, եկեք իրեն հարցրեք, այստեղ ո՛չ մի հայ որբ էլ չկա, կորե՛ք, բերաններդ փակե՛ք, ես ձեզ խաբելու համար ըսի…
    - Հայ ո՜րբ, հոս է աս սայլերի մեջ է,- շարունակում էին ճչալ որբերը։ Այսպես ճչալով էլ հասան ու կանգնեցին մի մարդու առաջ, որի ձեռքին մատիտ ու հաշվառման մատյան կար։ Տուրսունը մոտեցավ նրան.
    - Բեյ աղա, սրանք սուտ են խոսում, չհավատաս նրանց, ես հայերեն լավ չգիտեմ… Մենք ոչ մի որբ չունենք, մեզ հետ մեր որդին է։
    - Լավ, լավ, լավ… Ժամանակ չունեմ։ Ո՞ւր է այդ տղան։
    - Ահա, ան է, ան է, հոն է պարոն Ահարոն,- տագնած իրար անցան որբերն ու ինձ քարշ տալով բերին դեպի այդ պարոնը,- ըսե՛, ըսե՛, ըսե՛, որ հա՛յ ես, ծո՛, դու հայ ես, ծո՛, աչքերիդ նայիր, ծո՛, քեզի նայիր, ծո՛, դուն թուրք չե՛ս, հա՛յ ես, ծո՛, հոգիդ բերանիդ մեջ բանտված է, ըսե՛, մի՛ վախենար, մենք բոլորս ալ հայ որբ ենք…
    - Կեցեք, կեցեք,- ձայնեց պարոն Ահարոնը հանդարտեցնելով տղաներին էլ սայլվորներին էլ, որոնք փոխադարձորեն գոռում էին.
    - Ի՞նչ կզրպարտեն աս թափառական որբերը, բեյ էֆենդի, մեր տղային սա լաճե՞րն են ճանաչում, թե՞ մենք։ Հարցրեք իրեն, թող ըսե՛, ըսե՝ ո՞վ ես դու…
    Սկզբում ես լռում էի, հետո նայելով մեր սայլվորներին գլխով հաստատեցի նրանց ասածը։ Պարոն Ահարոնի հայացքից չվրիպեց աղերսախառն հայացքս, արցունքներս թափվում էին, բռնեց ձեռքիցս, մի լավ զննեց ու ցույց տվեց հեռվում երևացող եկեղեցին.
    - Նայի՛ր, սա եկեղեցի է, հայոց մե՜ծ եկեղեցին է սա… Հոս սուտ խոսել չի կարելի… ալ մի հուզվիր, ես կգամ, քեզ որբանոց կտանեմ, մի վախեցիր։
    Թեթև ժպտացի ու փախա դեպի իմ սայլը։ Արդեն հասցրել էի դիտել շրջակայքը, ալյուրը հանձնելու վայրի ոչ միայն դուրսը, այլև ներսը։ Ահագին մի բարձունք էր մեջը լիքը սպիտակ ալյուր։
    Պարոն Ահարոնը դարձավ դեպի քրդերը.
    - Որտե՞ղ եք գիշերում։
    - Քաղաքից դուրս, , գետի այն կողմը, Չայլախի խորանքում…
    - Լավ, գնացեք, վաղը կգամ, ամեն ինչ կպարզեմ և եթե իրոք հայ է ապա երեխային կվերցնեմ։
    - Լավ, թող վաղը բացվի, ամեն ինչ կպարզվի բեյ-էֆենդի,-ասացին քրդերն ու բաժանվեցինք։ Իսկ հայ որբերըերն իմ հետևից էին նայում շարունակում կանչել սայլերի հետևից.
    - Հե՜յ, մենք վաղը կգանք, ինչո՞ւ բաց թողեցիր, պարոն Ահարոն…
    Սայլերը թեթևացած շտապում էին դեպի գիշերօթոց։ Միայն ես էի ծանրացել հոգիս պատած խռովքից, անընդմեջ մտածում էի՝ «Ինչո՞ւ ինձ բաց թողեցիր, պարոն Ահարոն»։ Երեկո էր, հասնում էինք մեր իջևանատեղը։ Գիշերելու կամ հանգստանալու համար սայլվորները լավ հնարավորություն ունեն. որտեղ էլ հանդիպես նրանց նույնն բանն են անում. սայլի լծակները թեքում են դեպի վեր, վրան փռում են խսիր, զանազան չուլեր, այլ կարգի փալասներ ու նստում տակը։ Ստացվում է հոլիկ. ուզում ես գիշերիր, ուզում ես՝ ցերեկիր։ Ես պառկեցի սայլիս կողքին, եզներիս արանքում ու քնեցի։ Հանկարծ լսեցի, որ գիշերվա կեսին անունս տալիս են, «Ջիվան, Ջիվան»… Հայկական անունս են տալիս... Շուրջս նայեցի, լսողությունս լարեցի՝ լռություն էր։ Շուռ եկա, որ նորից քնեմ։ Հենց աչքս կպավ՝ նորից լսեցի՝ «Ջիվան»։ Վեր կացա ու ավելի ուշադրությամբ սկսեցի լսել, զննեցի շրջակայքը՝ ոչ ոք չկար։ Այսպես մի քանի անգամ արթնացա ու քնեցի։ Քրդերն ինձ վեր կացրին, երբ արշալույսը դեռ տակավին չէր ճառագել։
    - Շո՛ւտ արա, եզները տարեք, արածացրեք, բերեք՝ փախչենք, քանի դեռ չեն եկել քեզ տարել։
    Մեր միջի մեծ քուրդը մտահոգ էր, գիշերը նրանք խորհրդակցում էին, թե ինչ անեն, որ ինձ չտան։ Ես ձևացրի թե անտարբեր եմ, սակայն արցունքները հոգուս մեջ հոսում էին վարար գետի պես։ «Չէ՜,- մտածեցի ես,- հարկավոր է մեկնելը ձգձգել միչև գան, քանի դեռ չեն եկել՝ պետք է մի բան մտածել… Բա որ չգան… Չեն էլ գա, բայց ես ինչո՞ւ եմ վերադառնում, ո՜ւր… Չէ՜, Ջիվանիկ, որոշիր, ժամն է,- ասացի մտքումս ու բռնեցի կողքիս տղայի թևը.
    - Գիտե՞ս ինչ մտածեցի. դու եզներին քշե ճամփի ան կողմը, հոն՝ քերծի պռնկին կաց, ես գնամ կրպակներուն քով, հաց առնեմ, գամ։ Մոտս փարա կա… միասին կուտենք, հա՞…
    - Հա, գնա բեր, եզներին ես կտանեմ։
    Գնացի դեպի հացի կրպակները… Քայլում էի ու գիտեի, որ այլևս ետ չեմ գալու։ Հիմնական ձգտումս արագ հեռանալն էր, բայց դեպի ո՞ւր գնայի՝ քաղաքը չգիտեի, եկեղեցու տեղը չգիտեի, սակայն վախ չկար՝ պարզապես քայլում էի արագ-արագ հեռանում էի։ «Ի՞նչ ուզում է ստացվի,- մտածում էի ես,- հիմա կարևորը հեռանալն է»… Գնում էի, բայց նաև մտածում, որ գուցե ճիշտ չեմ անում, մտածում էի Իսմայիլ պապիկի մասին, հասկանում էի որ ցավ է ապրելու, բայց չգնալ չէի կարող, ուստի ինձ համար պատճառներ էի հորինում. «հացի եմ գնում…»… Ու քայլում էի դեպի հայությունս… «Կրպակները դեռ բաց չեն,- մտածում էի ես,- բայց ինչ կա որ, մեկ է բացվելու են, գլխավորը ժամանակ շահելն է մինչև գան»… «Առա՜ջ, այ, այս ճանապարհով քաղաք գնալիս ես տեսել եմ մի փուռ-խանութ՝ կիտված սպիտակ, խոշոր սոմիներով… Գնա՜մ, գնա՜մ… հասնեմ այդ սոմիներին… շատ են, եթե շատ են, ուրեմն շատ էլ կտան… Գնամ, առա՜ջ»… Հանկարծ նկատեցի, որ վազում եմ, փախչում… Փախչում եմ… Նորից մտածեցի Իսմայիլի մասին՝ մեղքս եկավ. «ուշ է, ետ գնալ է պետք, այսպես չի կարելի… Կասեմ խանութ չկար, հաց չկար… Կասեմ՝ փակ էին, ետ եկա»… Ոտքս կախ գցեցի, բայց հայ լինելս արդեն արթացել էր հոգումս ու հայ մնալս կախված էր առաջ գնալուց… «Առա՜ջ,- նորից քաջալերեցի ինքզինքս,- ետդարձն անդունդ է և արդեն ուշ է… Արևը ծագել է… Ողջո՜ւյն արև, ինձ ուժ տուր»… Արդեն մտել էի քաղաք…
    Ա՜խ, պարոն Ահարոն, պարոն Ահարոն, ուր է քո ցույց տված եկեղեցին… Ընկել էի քաղաքի մեջ ու չէի կողմնորոշվում։ Ինչքան շտապում էի՝ այնքան շփոթվում ու կորցնում եմ ամեն հետք։ Որոշեցի իջնել ծովի կողմը, բայց վախենում էի, որ մերոնք այնտեղ լինեին։ Ուրիշ ճար չկար՝ գնացի։ Մինչև ծով չիջա՝ այգու տակի հարթությունից բռնեցի երեկվանից մնացած սայլերի հետքն ու քայլեցի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կողմնորոշվել։ Հոգնել եմ, սոված եմ, ծարավ ու հուսահատ… «Չէ՜, կգան, կհասնեն, ինձ կբռնեն այս քաղաքի մեջ։ Ի՞նչ անեմ»… Օրն անցնում էր։ Քարշ էի գալիս քաղաքի մի նեղ փողոցի երկարությամբ ու ստեպ-ստեպ դեպի վեր եմ նայում՝ եկեղեցու գմբեթը տեսնելու ակնկալությամբ։ Միաժամանակ մտածում եմ հաց ճարել, քղցս մեղմել։ Գնում եմ, կանգնում, դես-դեն եմ նայում, խանութներն եմ հոտոտում, փոքրիկ, կողք-կողքի խցեր են, չարչիներ, մրգեր, մրգեր… Բարակ մայթ ու մի սայլի լայնություն ունեցող սալահատակ փողոց էր։ Քայլում էի արդեն հոգնությունից անտարբեր դարձած, բայց աչքս դեռ շրջում էր դես դեն։ Գնում էի աջ կողմով, քանի որ ձախ կողմում ավելի շատ մրգեր կային շարված։ Հանկարծ ներքին մի ձայն ասես հուշեց. «ձախ նայիր…»… Նայեցի ու… այն տղա՜ն, այն հույն տղան… Քթոցը դրել է խանութի առաջ, ինչ-որ բան է երկարացնում, բան է վերցնում, բան դարսում քթոցի մեջ։ Նա՛ էր։ Ձեռքին մի ուրիշ կողով էլ կար։ Ուզում էր կողովը ցած դնել, շուռ եկավ ու նայեց ինձ։ Իսկույն ճանաչեց ու ամեն ինչ թողած թռավ դեպի ինձ.
    - Այդ դո՞ւ ես… Ես չասացի՞, որ դու հայ ես… Ես գիտեմ, դու ուզում ես փախչել… Եկո՛ւր, եկո՛ւր, եկո՛ւր, ես հիմա քեզ հասցնեմ որբանոց, ես տեղը գիտեմ…
    Էլ մեկը երկուս չարեց՝ ինձ գրկեց ու հա՜յդա… Ես իջա գրկից ու թևից պինդ բռնած վազեցի… Հասանք որբանոցի դռանը։ Արագ-արագ թակեց մեծ, սիրուն ներկված երկաթյա ճաղերով դարպասը։ Տագնապ կար այդ թակի մեջ։ Բաց արին…
    - Հայ տղա՛, հայ որբ եմ բերել ձեզ հանձնելու։ Ես գիտեի, որ նա հայ էր… Դե՛, բախտավոր եղիր,- համբուրում է ինձ ու շրջվում որ հեռանա։
    - Կեցի՛ր, կեցի՛ր,- ձայնեցին նրան,- պարգև պիտի տանք քեզի, անունդ ըսե…
    - Շատ շնորհակալ եմ, ես խոստացել էի, չափազանց ուրախ եմ, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ, բայց խոստումս կատարվեց։ Ուրիշ ոչինչ, չեմ ուզում, շնորհակալ եմ, անունս հույն Կոզմա է…
    Ասաց ու ետ թռավ դեպի իր քթոցները…Ճակատագիր, բախտ, պատահականություն զուգադիպություն ,այդպիսի բաներով, այդպիսի բաներով ես այլևս չեմ զբաղվի ,թող ընթերցողն ինքը գլուխ հանի և գիտությունը լույս սփռի այս ենթածալքերի մեջ։ Իմն այն է ,որ այդ բոլորով հանդերձ ես ազատվեցի ։Ես պաշտմունք չեմ ունենա , չունեմ նաև այն էական առարկություններ,
    այնու հանդերձ հանձնվում եմ։

    Որբանոց
    Որբանոցի դռնապահ հաղթանդամ մարդը, հափշտակեց ինձ Կոզմայի եղբայրական ձեռքերից ,գրկեց տարավ ներս
    -Մի նոր փրկված եմ բերել ձեզ ընկեր լաճեր վեր կացեք։Մեկը արդեն ոտի վրա էր ։ Բոլորի վերմակները քաշ քշեց, բոլորն էլ վեր թռան նստեցին
    -Նոր որբ տղա են բերել
    Անունդ ինչ է՞
    Հայերեն գիտես՞…որտեղից՞ ես …ազատված ոչ ոք չունես՞. ով՞ բերեց… ինչու՞ չես խոսեր.. ալ մի վախենար
    Ես ինչպես խոսեի՞… երազ է՞ սա, աս ինչ՞ բան է … իսկապես՞ հեքիաթային էակներ չեն։
    Բա որ չէ , օրը ցերեկ է ,ասոնք տակավին պառկած, իրենց համար…
    Ես… բեն էրմենջէ հէ-հէ բիլիրեմ(ես հայերեն գիտեմ)
    Էս մեկին ինչ ենք՞ ասում, էս մեկին ինչ՞ եք ասում
    Հաց ջուր Բենըմ ադըմ Ջիվան(անունս Ջիվան է )
    Լավ է, լավ է կսովորես ,մենք ալ չգիտեինք…
    Ներս մտավ պարոն Ահարոնը
    Ինքդ ես եկել ..ապրես.. գալիս էի քեզ բերելու…
    Աղաներդ եկել են ուզում են քեզ տեսնել… եկուր մի քաշվիր, թող իրենց աչքով տեսնեն
    Չէ, չեմ գնա… աղաչում եմ …մի տանիր
    Լաց մի ըլլար ես չեմ տար , կուզեն իրենց աչքով տեսնեն, հետո գնան...
    Չէ-- պնդում եմ ես հեռու նետվում, լաց լինում , ավելի շատ ամաչում եմ քան վախ ըզգում
    Մանչ ջան նրանք ասում են աչքով տեսնանք ,գնանք իրեն աղային հավատացնեք, որ որբանոցում է ,ուրիշ բան չի պատահել , մեղք է , ասում են ծեր է ։
    Ես մեղմացա , դռնապանը գրկեց ինձ պարոն Ահարոնի հետ տարավ դարբասի մոտ. նրանց ի ցույց։ Չեմ կարող նայել նրանց երեսին դեմ առ դեմ, ոչ թե վախից ,այլ ամաչելուց ։ Այդքան հոգատարությունից հետո լքել՞, դավել՞ փախչել դեպի քո հայությունը։
    -Լավ շնորհակալ ենք, որ տեսանք, կերթանք Իսմայիլին կպատմենք, ինչպես է եղել։Սայլն ու ալյուրը կհանձնենք իրեն… երևի ալլահի կամքն էր։ Դե արի մնաս բարով անենք Իսմայիլի ու մեր կողմից։ … իմ ձեռքը մի կերպ բռնում են … ու գնում ։ Ինձ հետ են բերում։Պարոն Ահարոնը կարգադրում է ,որ իմ չուլ ու մուլ շորերս հանեն տանեն իրենց , որովհետև սայլավորները ցանկանում են տանել հասցնել Շաբանենց Իսմայիլ ծերուկին , որպես ապացույց,բայց երևի ավելի շատ ի մխիթարանք, հանգստություն։

  9. #23
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այս դժոխքում Էլ տեղ չկար (Թուրքերի մոտ շարունակությունը)

    Գարուն էր։ Արդեն երկրորդ անգամ հիվանդության ճիրաններում էի: Զառանցելիս հայերեն եմ խոսել: Չուլերի մեջ կծկված պառկած էի քուրսու մոտ, հողի վրա… Որպես վերմակ ծառայող քուրջը վերև էի քաշում՝ ոտերս էին բացվում, ներքև էի քաշում՝ ուսերս էին բացվում։ Կուչ էի եկել առանց կենդանության նշաններ ցույց տալու։ Լսեցի կանանցից մեկի ձայնը. «քա մեղք է, գոնե մի խավիծ անենք տանք, որ աչքը կուշտ գնա, մեր ճամփին անեծք չմնա»։ Ինչպե՞ս եմ կազդուրվել՝ չեմ հիշում: Դարձյալ եզների հետ էի
    Այստեղ աշուն, ձմեռ անվանումները պայմանական էին, որովհետև երկու դեպքում էլ ես անասուները դրսում էի արածացնում: Հանդերում ջուր չէր ճարվում, ձնհալի հավաքներն էինք օգտագործում: Բարձրանում էի մինչև գագաթների ձյունը, որոնցից հոսում էր ջինջ ու սառը հեղուկը։ Զեյնաբը՝ Իսմայիլ աղայի փոքր հարսը, կրքից այրվում էր՝ արու էր ուզում։ Մի օր ձեռքիցս բռնեց, սեղմեց… Վախենում էի… Մի օր էլ ինձ կանչեց ու թաքուն պատվիրեց.
    -Հայդարը պետք է սարում լինի, քեզ պիտի տեսնի։ Կասես, որ իրեն կարոտով սպասում եմ, թող լուր ուղարկի, թե որտեղ հանդիպենք: Մարդու բան չսես հա՜»… Ու պինդ համբուրեց:
    -Չեմ ասի -Ճիշտն ասած ես էլ էի ուզում Հայդարին տեսնել: Այդ պատվերն ինչպես եմ կատարել չեմ հիշում, ոչ էլ Հայդարին տեսնելն եմ հիշում, բայց այդպես էլ եղավ. որտեղից որտեղ հոտառությամբ իրար գտան…
    Այդ կրտսեր թմբլիկը գիշեր ցերեկ վառվում էր Հայդարի համար: Բոլորն էլ զգում էին, որ մի բան կա…. իմ եզներն անգամ զգում էին… Մի օր հարևանների մեջ լուր տարածվեց, որ Մեմեդը գալիս է։ Կենդանի է, գտել է մեր հետքն ու գալիս է…
    Մեմեդը Իսմայիլի փոքր տղան էր… Զինվոր էր գնացել ու անհետ կորել, երեք-չորս տարի էր լուր չկար: Ու հանկարծ Մեմեդը հայտնվել, ընտանիքի հետքը գտել, գալիս էր… Չէինք շարժվում, մինչև հարց ու փորձով գա հասնի: Երեկոյան եզները բերելիս տեսա, որ Մեմեդը եկել էր։ Հավաքվել էին շուրջը: Հաջորդ առավոտ Մեմեդը դուրս չեկավ։ Թմբլիկն էլ չկար: Նախքան իմ շարժվելը երևացին։ Թմբլիկի աչքերն արցունքոտ էին, Մեմեդը մռայլ էր։ Զիան ու Իսմայիլը լուռ էին։ Մեծ քույրը խոնջիկ մունջիկ էր գալիս, որ մի քիչ մռայլությունը ցրի։ Հարևանները ծիկրկում են… Պարզ է. Մեմեդն ամեն ինչ իմացել է… Թմբլիկը վախենում էր, որ Մեմեդը հաշվեհարդար կտեսնի:
    Մեմեդը համաձայնվել էր գնալ «Կյուրինի սկիզիպի» կողմերը: Իսմայիլի դեմքին ժպիտ երևաց։ Մենք շարժվեցինք. երկար ճանապարհ պիտի կտրեինք։ Մեմեդն ինձ հետ շատ արագ կապվեց: Նա իմ մեջ տեսավ իր գալիք ժառանգին: Հավանաբար Չորումի մոտերքում մեզ միացան նաև մի քանի այլ «որոնողներ»։ Նրանք ովքեր վերջնականապես բնակվելու տեղ էին փնտրում: Շարժվեցինք։
    Մթնշաղ էր: Մանրերը քնել են: Հանկարծ ձիերի դոփյուն լսվեց։ Սրարշավ վարգող ձիերի դոփյուն էր։ Երեք հեծյալներ եկան կանգնեցին քոչից քիչ հեռու, ճամփի եզրին։ Իսկույն իրարով անցան. «ովքե՞ր են…», «հարց ու փորձ արեք…», «զգույշ եղեք…», «զենք ունեցողը՝ վերցնի…»… Քոչից ձայն տվեցին.
    - Հե՜յ, ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում…
    - Հանգի՛ստ,- լսվեց պատասխանը,- մենք «մութասարիֆի» զինյալներն ենք, Չորումում լուր է տարածվել, որ ձեզ մոտ դասալիքներ՝ հայրենիքի դավաճան ավազակներ կան։ Մենք հայրենիքի համար տուն տեղ թողել ենք, իսկ դուք դասալիքնե՞ր եք թաքցնում։ Սրիկա ղաչաղներ։ Հիմա ձեզ բոլորիդ կքշենք Չորում։
    - Մենք նման մարդիկ չունենք մեր մեջ,- պատասխանեցին մերոնք։
    - Հիմա կստուգենք, կիմանանք,- ասին ու երկուսը ձիերը քշին քոչերի մեջ, իսկ մեկը մնաց ճամփեզրին: Սկսեցին խուզարկել և արագությամբ հայտնվեցին ամենաբարեկեցիկ «քուղեկի» առաջ, որտեղ հրաշալի գորգեր կային փռված։ Բացի փռվածները գտան նաև մի այլ՝ գլանաձև փաթաթված գորգ: Կարգադրեցին պառկածները վեր կենան, որ իրենք ստուգեն։ Հանկարծ հրացանների կրակոցներ լսվեցին, խառնաշփոթ առաջացավ, տագնապ, ու մինչ մարդիկ կհասկանաին, թե ինչն ինչոց է, նրանք գորգերը վերցրած թռան ձիերի վրա ու սլացան դեպի երրորդ ձիավորը։ Այդ ամբողջ ներկայացումը ես իմ աչքով եմ տեսել։
    - Խաբեցին, տղերք կրակե՛ք, նստեք ձիերը, հասե՛ք…
    Բայց արդեն ուշ էր. նրանք արդեն կորչում էին ձորաբերնի անտառի մթության մեջ: Էլ ո՞վ կհանդգներ ընկնել այդպիսի վտանգի մեջ: Բոլորին զգուշացրին, որ ետ կանգնեն հետապնդելու մտքից։ Ոչինչ անել հնարավոր չէր, իզուր զոհեր կտաին: Քիչ հետո քոչը հանգիստ խռմփում էր:
    Մեմեդն ամենից հոգատարն էր իմ հանդեպ: Նա սկսեց լվանալ իմ քրջերը, կարկատել։ Առավոտներն ինձնից շուտ էր վեր կենում ու կարագ, կաթի սեր, ինչ էլ որ լիներ, առաջին հերթին իմ բաժինն էր պատրաստում, կապում դնում էր «տավարջուրչիս» մեջ։ Ցույց էր տալիս, թե ո՞ւր տանեմ անասուններին, բացատրոմ էր ինչ անեմ: Այդ չխոսկան մարդը, որ ոչ մեկի հետ գրեթե խոսք չէր փոխանակում, ինձ հետ քաղցր զրույց էր անում: Խտրականությունը հասավ այն աստիճանի, որ կանայք սկսեցին բացահայտ մրթմրթալ. «մեզ թողած՝ գյավուրի լակոտին է կերցնում: Մեկ է նա մեզ տղա չի լինելու: Իզուր է հույսեր փայփայում»: Այդ փնթփնթոցներին նա ուշադրություն չէր դարձնում:
    Մի օր էլ ինձ հայտնեցին, թե՝ ձեր Ղազարը (թուրքերի դրած անունը չեմ հիշում) ամեն հաց ուտելիս լաց է լինում, արի հանդիպի, գուցե քե՞զ ասի, թե ինչո՞ւ է լացում: Հանդիպեցի: Նայեց, մոտեցավ ձեռքս բռնեց, փաթաթվեց… Աչքերն արցունքի աղբյուր էին… Իմ հասակակիցն էր՝ Աշոտ հորեղբորս տղան Աբոլո պապիկենց ճյուղով: Ես իր գլխի վրա էի արցունք թափում, նա՝ իմ թևերին… Սկզբում լուռ էինք, չէինք կարողանում խոսել։ Հետո ես հարցրի.
    - Երբ հաց կուտան ուտելու՝ ինչո՞ւ կուլաս… Միշտ կերակուրի վրա կուլաս, ինչո՞ւ… Գալուստը որտե՞ղ է, գիտե՞ս…
    - Չգիտեմ Ջիվան, հոգիս, ես մեն մենակ եմ…
    - Հըպը ինչո՞ւ հացի վրա կուլաս…
    - Չգիտեմ… Որ ճաշ կուտան՝ մեր տունը կհիշեմ…. լացս կուգա, չեմ կրնա զսպել: Ուշացանք, վազենք,- և վազեց, որ հասնի անասուններին:
    - Հայերեն խոսելը չմոռնաս, դու քեզ հետ հայերեն զրուցե,- կանչեցի ետևից…
    Ոտը քստացնելով այդ գնալն էր, որ գնաց…
    Առ քեզ մեկ աս ալ երկու
    Թուրքի թուրը լինի հատու
    Օրենքն Է ալ բայրաղ օսման
    Չունեք ալ դուք հող հայաստան
    Վերջին խմբագրող՝ rstak58: 20.11.2010, 15:37:

  10. #24
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սայլերի ճռնչի տակ ամեն մեկն իր մտածմունքով տարված գնում էինք: Մերթ ընդ մերթ հայացքս թեքում էի դեպի աջակողմյա անտառային ծածկույթները: Ղազարն այնտեղ է։ Ո՞ր մեկում՝ հաստատ չգիտեմ: Կողքներիս Ալիս գետն է, բայց չի երևում, ձայնը չի հասնում: Ալիսը մնում է աջում, մենք շարժվում ենք դեպի ձախ։ Ապրելու տնակներ չէին նկատվում, ավեվածություն էր: Առավոտյան կանուխ դուրս էինք գալիս ու ով էր իմանում, ո՞ւր պիտի հասնեիք: Ձորակը սկսում էր հոնիներով, վերջանում՝ հոնիներով: Հոնի լավ ժամանակն էր՝ մեծ, թթվաշ… Զարմանում էի թե, ինչո՞ւ չեն ուտում:
    Ալիսի աջ ափին, հյուղակի մոտ հանդիպեցի մի ծեր մարդու։ Նայեց ինձ ու թե.
    - Տղա, դու ո՞վ ես… Սրանք «մուհաճիտներ» են, գիտեմ: Ռուսի կողմի հայ երկրից եք եկել, այդպես չէ՞ …
    - Աթա,- ասացի,- դու բարի մարդ ես երևում, ինչ ասես՝ կլսեմ, կանեմ:
    - Ես էլ այն կողմերից եմ եկել այստեղ: Այս բոստանը համարիր քոնն է, ինչքան լավ վարունգներ, սեխեր կան կարող ես քաղել։ Ես հիմա ինքս քեզ համար կբերեմ։ Հանգիստ կեր յավրում, եզները կարածեն, չեն հեռանա՝ խոտը շատ է: Շոգ է ու փոշի, կպառկեն ու կորոճան: Ահա, որն ուզում ես կեր, մնացածը հետդ տար։ Անունդ ի՞նչ է։
    - Խալիլ, Խալո…
    - Չէ՛, քո իսկական անունն ասա…
    - Անո՞ւնս,- վախից համարյա թե լաց էի լինում…
    - Չեղավ,- ասաց,- լաց մի լինի… Ես ասորի եմ, մեն մենակ այստեղ ընկած…. երկար պատմություն է… Ասկյար էի։ Եղել եմ Վանի, Էրզրումի կողմերում, ամեն ինչ իմ աչքերով եմ տեսել։ Լաց մի լինի, ես գիտեմ դու որբուկ ես։ Լավ է, որ կենդանի ես մնացել: Ես «Բոչղունի» հետ փախա: Ազատել էի մի հայ կնոջ, երեխայի հետ: Կինը չդիմացավ, մահացավ: Երեխուն թողեց իմ ողորմածությանը: Ասի տանեմ մեր տուն: Մեր երկիրն արդեն վերցրել էին «խոֆիլիզները»՝ չկարողացա գնալ: Նորեն հանդիպեցի քշված հայերի: Մեկին ինձ կնության վերցրի և մնացի այն կողմերում: Ապրում էինք սուսուփուս, բայց ավազակները գիշերով մտան, կնոջս ու աղջկանս տարան: Հիմա, այս հասակիս մնացել եմ մեն մենակ: Ուզո՞ւմ ես քեզ պահեմ ինձ մոտ… Վախենում եմ, գիտեն, որ թուրք չեմ: Ես էլ արդեն ծեր եմ, էսօր կամ, վաղը՝ չկամ…
    Ինձ կանչեցին։ Մենք հրաժեշտ տվինք իրար ու բաժանվեցինք:
    Չոր ու ցամաք Չայանում էինք: Մերոնք չէին հավանում, միտք չունեին հիմնական բնակիչ դառնալու: Չայանից մի քիչ հյուսիս, լայն հողառատ հարթություն էր, սակայն անջրդի: Ոչ աղբյուր կար, ոչ ուժեղ առվակ: Մի պստիկ աղբյուր էր։ Վերևում մի ձագարաձև գյուղակ: Այդ ջրի շնորհիվ առջևի լայն տարածությունն ամբողջությամբ խաղողի առատ այգեստանի էր վերածված, բայց ավելին այդ պստիկ ջրից սպասելն անիմաստ կլիներ:
    Հիմնական դաշտի ընկերս մեր գյուղացի խուլ քուրդ ծերուկն էր։ Թե ինչո՞ւ էր գյուղը թողել ու ընկել այս թափառումների մեջ, անհասկանալի էր: Ես այդպես էլ նրանից ոչ մի բառ չլսեցի: Հիմա էլ տատամսում եմ. գուցե դա այն «առաքյալ» քո՞ւրդն էր, այն, որ մեզ յաթաղանից փրկեց։ Բայց մի՞թե մարդ իր փրկիչին չի հիշի…
    Հենց արեգակը դուրս էր գալիս սարի գագաթը, այդ խուլ, քուրդ ծերուկը թևերը պարզած, ափերը բացած, ջերմեռանդությամբ աղոթում էր ամենազոր Արեգակին: Նայում էի ու չէի շշմում, հուզվում էի: Մարդը աղոթում էր…
    Ինչպես էր պատահել, մի քանի լաճերով այդ օրը միասին ընկանք անասուների հետևն ու մտանք այդ կողմերում անտեր մնացած խաղողի այգիներից մեկը։ Ողկույզները լիարժեք չէին, բայց այնքան քաղցր էին, որ ասես պատրաստի չամիչ էր: Հեղեղատի ամբողջ երկարությամբ բնական արգելքով ցանկապատված մծակված այգի էլ կար: Տարածքին մերձ տեղում պահակի դիտանոցն էր, որը չէինք նկատել: Հսկայական այգի էր, վազերի կանաչ ծով։ Խաղողի ողկուզներն ասես դեղին ժպիտներ լինեին: Անասուներին ջրեցինք, մենք էլ խմեցինք և իջանք ներքև, դեպի հանդը: Բայց այդ օրն ուզեցինք ավելին վայելել. էլ համբերելու բան չէր: Վիճակ գցեցինք, որ տեսնենք ո՞վ պիտի գնա։ Երեք հոգուս վիճակվեց գնալ: Կեսoր էր, անտանելի տոթ։ Մտածեցինք, որ պահակը քնած կլինի կամ թմրած: Ձորակով սողացինք դեպի վեր։ Հեշտությամբ մտանք։ Ամեն մեկն իրեն դուր եկած ողկույզերը պոկեց ու լցրեց «չանթաները»: Լուռ դուրս սողացինք ու հանգիստ իջանք դեպի մեզ սպասող տղաները: Ժայռից վեր բարցրացանք ու փռեցինք խոտերի վրա։ Սկսեցինք ուտել։ Մեկ էլ տեսանք պահակն իր մահակով կանգնած է մեր գլխավերևում… Վախից քարացած, արձանացած, կանգած էինք։ Սպասում էինք մեր պատժին։
    - Բոլորը լցրեք «չանթաների» մեջ,- մատնացուց արեց մեր «չանթաները»։
    - Ո՞ր,- վախվորած հարցրինք պահակին…
    - Ձեր ա՜յ այդ «չանթաների» մեջ և ընկեք առաջ… Հա՜, հալա մի շարքով չոքեք։ Ամեն մեկդ, շատ չէ, բայց մեկական մահակ վաստակել եք…
    Մենք փոքր ինչ հանգստացանք. մի-մի ուռուցքով պրծնում էինք… Սակայն իմ «չանթան» մնալու էր… «
    -Քո աղան կամ ծնողը կգա՝ կվերցնի:
    Ուշ երեկո էր, բայց գյուղ չէի իջնում։ Սպասում էի, որ լրիվ մթնի ու տնեցիք չնկատեն «չանթայի» բացակայությունը, սակայն մտածածս չստացվեց, նկատեցին: Փորձեցի խուսափողական պատասխաններ տալ. «
    - Մոռացել եմ, կբերեմ, այնինչ տեղն է…»… Օգուտ չեղավ, ինձ լավ էին ճանաչում։
    - Այ տղա, ասա ո՞վ է վերցրել, ո՞ւմ մոտ է, կգնամ կբերեմ,- վստահացրեց Իսմայիլ պապը: Ես սիրտ առա և ամեն ինչ պարզ հստակ պատմեցի։
    -Պահակն ասել է թող աղատ գա վերցնի։
    - Լավ, լավ, ես կգնամ կխնդրեմ՝ կտա, էլ մի ամաչի:
    Գնաց բերեց, մեջն էլ լիքը լցված խաղող… Հարսների աչքը լույս…
    Այդ օրերին մեր երկու քույր հարսների ծնողական ընտանիքից լուր եկավ, թե՝ թողեք Չայանն ու քոչեք, եկեք Չիֆթլիկ, Անկարայի նահանգ։ Որքան հիշում եմ Մեմեդն ու Զիան ավելի վաղ գնացել էին այդ վայրերը: Շաբանենց Իսմայիլի ընտանիքը պատրաստվեց շարունակել ճամապարհը դեպի արևմուտք՝ Անկարայի կողմը: Ճանապարհ ընկանք։ Ափսոս, ամեն ինչ հնարավոր չէ պատկերել, վերարտադրել: Չեմ մոռացել «Դե իջեն»: Հայերեն «Գայլագետ» է կոչվում: Գարնանային հեղեղի ժամանակ էր: Առավոտյան կանուխ սայլերը լծած գնում էինք։ Ամենուրեք իրենց ճամփին ամենինչ քար ու քանդ անող մեծ հեղեղների հետքեր էին: Բոլորն էլ ուղղված դեպի իր իսկ գժությունից հոգնած, դադարած գետը: Գետ հո չէր, իսկը շիկացած հեղուկ… Հոսում էր դեպի հյուսիս՝ խառնվելու Ալիսին: Մենք շատ զգույշ էինք քայլում. ճամփաները քանդված էին, ոտներիս տակ սլկուն ցեխ էր: Վերջապես հասանք Չիֆթլիկ…
    Բեռնաթափվեցինք առավոտ կանուխ։ Ազատ տներ շատ կային, ընտրիր որն ուզում ես: Ընտրեցին ձորաբերանի տունն իր բոլոր անհրաժեշտ շինություններով՝ մարագով, ցախանոցով, թոնրատնով: Հաջորդ օրը միայն նկատեցի տեղի բնության անկրկնելի գեղեկությունը։ Ասես երազային երկիր լիներ. անդորր, մաքրություն և սքանչելի բնություն։
    Իմ գործն ավելացավ։ Անասուները պահելուն զուգընթաց, շալակով ամեն օր փայտ պիտի կրեի: Իմ վզին էր նաև մյուս՝ հարսների ծնող ընտանիքի բեռը: Ինչ, որ մեզ համար էի անում, անելու էի նաև նրանց համար: Նրանք ունեին ինձնից մեծ երկու տղա։ Նրանք մեկը մյուսից ծույլ էին և բացի այդ, եթե ես կայի, ապա ինչու նրանց նեղացնեին: Սրանք ծնողներից ավելի անխիղճ էին: «Խալիլը թող անի՝ դրա համար ենք պահում, պաշտպանում»… Դրա համար էլ ես տանը գրեթե չէի լինում, մշտապես անասուների հետ էի՝ ախոռում, մարագում, հանդերում: Իմ տունը Չիֆթլիկն էր։ Գիշերում էի ուր պատահի, միայն թե դրանց աշխատանքները չկատարեմ: Իմը անասուներն էին և իմ շունը… Ընկեր չունեի, ընտանիք չկար: Ընդհամենը 4-5 տուն կար, որոնցից երկուսը մենք էինք։

  11. #25
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտի ասեմ, որ Չիֆթլիկն ուներ երեք Զիա: Մեկն Իսմաիլի արդեն ձեզ ծանոթ Զիան էր, մյուսը՝ աղա Զիան, իսկ երրորդը՝ Զիա բեկը։
    Արևմտյան ձորի վրա իշխում էր մի ոչ մեծ ժայռ: Այդ ժայռի վրա էր գրեթե ողջ Չիֆթլիկը զավթած Զիա աղայի ամառանոցը։ Եվ բնակելի տուն ուներ, և գոմ, և ախոռներ, և մարագ, պահեստներ… Ինքը չեր երևում, ապրում էր Անկարայում: Հարուստ առևտրական էր, խանութների տեր: Նրան ասում էին աղա Զիա: Այդ աղա Զիան, որպես օմանցի թուրք իրավունք ուներ տիրանալու այն ամենին, ինչ կցանկանար: Ահա թե ինչու էր այդ Զիան հարստության տեր։ Իհարկե չէր վաստակել՝ թալանել ու բռնագրավել էր և…. հիմնականում հայերից:
    Չիֆթլիկում կար նաև երրորդ Զիան։ Դա Զիա բեկն էր՝ ասպետ-ավազակը։ Ոչ ոք նրան չէր ատում, թեև այդ «ոչ ոք»-ները չէին էլ երևում, որովհետև առհասարակ բնակչության հազվադեպ էիր հանդիպում: Ես անբողջ ժամանակ միայն երկու հոգու եմ հանդիպել: Երբեմն Զիա բեկի բնակավայրը մտնում էր մի կողմնակի մարդ, որի հետ էլ նա գիշերով անհետանում էր։ Շաբաթներ անց նա նորից իջևանում էր իր տանը։ Հաճելի ժամանցի սիրահար էր. զավակ, ունեցվածք…. այդպիսի բաներ նրա տանը չկար: Այս Զիա բեկը ասպետ էր թե իր արտաքինով, թե բարությամբ…
    Իրեն տեսել եմ մոտիկից։ Նա շոյեց ինձ ու տվեց իր ձեռքի մեծ խնձորն ասելով. ---Էյ, օյ օղլում, դելիզոնչի յաշա» (լավ կաց, որդիս, քաջ երիտասարդ դարձիր)
    Ես ավելի շուտ վախից փշաքաղվեցի քան գովասանք զգացի։
    Գուցե այն պատճառով, որ լսել էի ավազակ բառը… Նրա ծագումն ու ազգությունն անհայտ էր: Գործում էր թուրքի անվամբ ու իրավունքով: Նրա զբաղմունքն ավազակությունն էր: Ոչ մի իշխանության չէր ենթարկվում: Անկարայի Զիա աղան նրան սիրաշահել էր, գրավել իր կողմը և կնքել բանավոր համաձայնություն, ըստ որի Զիա բեկը լիիրավ տերն ու հովանավորն էր Չիֆթլիկի իր հողին գույքին ու կայքին: Զիա աղան Չիֆթլիկի տերն էր, իսկ ավազակ Զիա բեկը տիրոջ տերն էր: Ուներ ֆայտոն, որից գրեթե չէր օգտվում։ Ինձ թվում է, որ նրան պատահողներն ավելի շատ օգտվում էին, քան փորձանքի մեջ ընկնում: Սա ասվում էր հասարակ ժողովրդի մեջ: Թե ինչպե՞ս էր կարողանում ավազակ լինելով հանդերձ հանգիստ, անգամ շքեղ կյանք վարել՝ դժվար է բացատրել, բայց, որ առանց կողոպուտի և արյունի էր ապրում՝ երաշխավորում եմ:
    Մի օր մեր հարսների երկու եղբայրները մեր հասակակից տղաներից մեկին սովորեցրին, որ նա ինձ թակի: Ասացին, թե պիտի մահակի կռիվ անենք: Այդ մի լակոտը վախենում էր ինձնից: Որպիսզի նա չվախենա, սկզբում մահակս ձեռքիցս վերցրին, նոր միայն ստիպեցին հարձակվել վրաս:
    -Մահակս տվեք, որ կռվեմ,- թաքցրին, չտվին։
    Տղան հասցրեց ինձ խփել իր հաստ մահակով: Ես կատաղեցի, հարձակվեցի վրան, բայց նա փախավ: Մահակը խլեցի ու ընկա ետևից, որ կարողանամ ոխս հանել, բայց նա փախավ: Նեղացել էի, մինչև երեկո տուն չգնացի: Նախքան տուն գնալը երկու եղբայրներն սկսեցին ինձ համոզել, որ տանը չբողոքեմ: Համոզվեցի, սակայն ոխը սրտումս մնաց: Էլ այդ լակոտին չեմ հիշում:
    Աշնանային կարճ օրեր էին: Աղաներս որոշել են ձմեռվա վառելափայտը բերել: Առավոտ շուտ սայլերով գնացինք: Շատ չանցած անտառում էինք: Որոշեցին, որ ձորի խորքից ենք բերելու: Ճանապարհ չկար՝ ծառերի արանքներով էինք իջնում: Բարձրանալու մասին ոչ ոք չէր մտածում: Ջոկեցինք մի հսկա հաստաբուն ծառ ու գործի անցանք: Կացնով էլ կտրում էինք։ Վերջը ծառը տապալվեց։ Մեկ էլ էն տեսանք, որ օրը մթնում է: Թաց, հաստ ճյուղերից կտրեցինք, որ գալներս իզուր չանցնի, բայց մի քիչ գնալուց հետո պարզ դարձավ, որ եզների ուժը չի պատում։ Հա ուժ տվինք, հրեցինք, փայտի մի մասը թափեցինք, բայց գործն առաջ չէր գնում… Մութը կոխեց, իսկ մենք դեռ անտառի մեջ էինք: Ոչ ոք բացակայել չի կարող, որ գնա լուր տա մեր ուշանալու մասին: Ձյունախառ անձրև սկսեց: Այդ ժամանակ միայն, գլխի ընկան, որ նախ հարկավոր էր անտառի եզրի ծառերից կտրել կուտակված, և հետո էլ թեթև փայտը բարձել: Արդեն վաղուց մթնել էր։ Մեկ էլ խավարի մեջ ձիու դոփյուն լսվեց:
    - Վայ մեզ,- ձայնեց մերոնցից մեկը,-ավազակներ են:
    Սսկվել են, համրացել, ասես ձուլվել են սայլերի հետ: Առաջին ձայնը խավարից լսվեց: Մեմեդը ձայնը ճանաչեց.
    - Վայ, Զիա բեկն է: Զիա բեկ ապրես, Զիա բեկ աստված քեզ ուժ ու ղվաթ տա:
    - Մի վախեցեք ես եմ,- լսվեց մթան մեջից,- ձերոնք լաց են լինում, ասում են իբր գողերը հարձակվել են ձեզ վրա։ Ինչու եք այսքան ուշացել: Լավ դուք եկեք, իսկ ես գնամ ասեմ, որ չանհանգստանան:
    Այս ասելուց հետո նա սուրաց դեպի ետ: Ձմեռվա փայտ նախապատրաստելը սրանով ավարտվեց։
    Իսմաիլի որդի Զիան մի խելոք բան էր մտածել. գետի անտեր մնացած ջրաղացներից գոնե մեկն աշխատացնել: Դա կարող էր լինել հարստանալու լավ աղբյուր: Միակ դժվարությունն այն էր, որ նա այդ գործը չգիտեր: Իմացող մարդ էլ չկար: Մնում էր գործն սկսել ընթացքում սովորելու հույսով:
    -Ինչքան չլինի հայերի մեջ եմ մնացել, մի կերպ գլուխ կհանեմ չէ Խալո,- ասում էր նա: Զիան սկսեց գիշեր-ցերեկ ապրել ջրաղացում: Դա ինձ համար փորձանք դարձավ. ամեն երեկո տան գործերն ավարտելուց հետո, պիտի ուտելիք հասցնել ջրաղաց։ Դուրս էի գալիս մթնաշաղին: Մի ժամ գնալս էր, մի ժամ գալս։ Մի կես ժամ էլ մնում էի ջրաղացում։ Վերադառնում էի գիշերվա մթին: Ճանապարհը ձյունածածկ էր, գրեթե անանցանելի: Վախկոտ չէի, սակայն գայլերն ազատ շրջում էին և ահը միշտ սրտումս էր:
    Մի օր Յորղոն՝ իմ հույն բախտակիցը, որ ծառայում էր երկու Զիաներին՝ աղային և բեկին, ասաց.
    -Խալո, դու խանումներին ասա, թող թույլ տան ինձ մոտ՝ ախոռում քնես։ Համ տեղը տաք է, համ էլ ընկերով կլինենք:
    Թույլատրություն ստացա և մենք զույգ ստրուկ եղբայրներ՝ հույն ու հայ, իրարից գրեթե անբաժան էինք: Նա ինձնից տարիքով էր: Շատ հեքիաթներ ու լեգենդներ գիտեր: Յորղոն լավ խորհրդատու էր: Նա վայելում էր երկու Զիաների վստահությունը: Մի օր էլ, եկավ, թե՝
    -Խալո, ձորի բերնի կողմի մառանում փեթակներ կան, այս տարվա մեղր մնացել է մեջը։ Մեղուներն արդեն քնած են, արի մի քիչ գողանանք,
    Հայտնեց իր մշակած պլանը.
    -Մառանի մի պատուհանը ճաղերով է, քո գլուխը կմտնի, իսկ որտեղով մարդու գլուխը մտնում է՝ մարմին էլ կմտնի: Ես քեզ կօգնեմ կմտնես, փեթակի բերանը կբացես, թևդ կկոխես մեջն ու մի երկու անգամ շուռ կտաս։ Թևիդ վրա ինչքան էլ հավաքվի՝ բավական է ։
    Գնացինք, փորձեցինք՝ գլուխս մտնում էր:
    -Բայց տես հա՜,- զգուշացրեց Յորղոն,- այնքան մաքուր պիտի անես, որ հետք չմնա, թե չե գարնանը Զիա աղան որ գլխի ընկավ՝ ձեռքից չէնք պրծնի:
    Հաջորդ օրը մեր մտածածն իրագործեցինք։ Հետագայում էլ հետևանքներ չեղան՝ հանգիստ վայելեցինք:
    Մի օր փայտը շալակած բերելիս որոշեցի հանգստանալ, սառը զուլալ ջուր ունեցող զույգ ծորակների առաջ: Լվացվում էի, մեկ էլ հայացքս բարցրացրի, տեսնեմ երկու փերիներ գլխիս վերև կանգնած ինձ են նայում: Աչքերիս չէի հավատում, ուզում էի ինչ-որ բան ասել, բայց լեզուս չէր պտտվում… Նրանցից մեկը թաշկինակը տվեց, ՝ --Սրբվի», իսկ մյուսը, ՝
    -Վրաս արցունք կա, հայ տղա կրնա՞ս մաքրել… Ես պոռթկացի.
    -Գնացեք, թողեք մեծանամ…կմկմացի ես
    Նրանք չքացան մի քանի քայլ ներքևում գտնվող Զիա բեկի տան պատերի մեջ: Թաշկինակը մնաց մոտս… Ո՞վ էիր դու, Զիա բեկ, որտեղից էիր այդ հայ եղնիկներին ջոկոտել…
    Այդ ամռանը մենք արդեն հարստություն էինք դիզում. եզները կային, ձին կար, արտերը կաին, գութան էլ եղավ: Ջրաղացն աշխատում էր…
    Շաբանենց Իսմաիլի հետ սայլով գնացինք Անկարա, այս ու այն բերելու: Մեզ հետ ուրիշներ էլ կային: Պետք էր անցնել նաև Զիա աղայի մոտ՝ ըստ պատշաճի նրան պատվելու… Ճանապարհին ավազակների հանդիպելու վտանգ կար (հատկապես Անկարայի ճանապարհին), մեզնից առաջ նման դեպքեր կատարվել էին, սակայն մենք նման բանի չհանդիպեցինք: Առավոտյան ինչ որ տներ տեսանք։ Քիչ հետո տեսանք բացատից քաղաք մտնող մի նեղ արահետ: Դրա միջով ձգվող երկաթե գծերի վրայով, շխկշխկացող, փնչացող մի մեքենա էր շարժվում, ետևից մի քանի վագոն քաշելով։ Դա տեսածս առաջին գնացքն էր:
    Սայլերը կանգնեցրինք, եզներին խոտ տվինք ու գնացինք դեպի կենտրոն: Խանութները, շուկաները…. կենտրոնական փողոցներում էին: Ականջիս մեջ դեռ հնչում է առաջին անգամ Անկարայի փողոցում լսած՝
    Ադի-բուդի՜, ադի-բուդի՜» կանչը… «Տեսնես էդ ի՞նչ համով բան է, երանի առնողին» անցավ մտքովս։ Երեկոյան կողմ բռնեցինք տունդարձի ճամփան։ Իմ տեսած Անկարան չոր ու կիսակործան քաղաք էր: Երկու օրից ողջ-առաղջ տեղ հասանք:
    Որոշ ժամանակ անց, ստացա իմ առաջին լուրջ հանձնարարությունը. ձին պետք է տանեի Անկարա։ Մեմեդը գնացել և այնտեղից ապսպրել էր, որ ձին իմ միջոցով ուղարկեն: Առավոտը նստեցի ձին ու հայդա՜: Ճանապարհին այնքան ոգևորվեցի, սկսեցի ձին բաց թողնել: Ձին սկսեց սլանալ դեպի ձորը։ Փորձեցի սանձը ձգել, բայց ձին չենթարկվեց, սլանում էր դեպի կործանում: Ձորի բերանին տրտինգ տվեց, գցեց ինձ ու փախավ։ Ես սկսեցի տնտղել ինքզինքս. ոչինչ չեմ կոտրել։ Կամաց-կամաց խելքի եմ գալիս։ Առաջին բանը, որ մտածեցի, ձիուն գտնելն էր։ Ի՞նչ պատասխան պիտի տամ: Սկզբում որոշեցի ոտով գնալ ու մի սուտ հորինել, թե ինչպե՞ս գողերը ձին խլեցին, բայց հետո փոշմանցի. «նման ստորություն չեմ անի»: Բայց ո՞ւր գնամ, ի՞նչ երեսով տուն… Ետճաշին հասա գյուղ ու մտածում էի. տո՞ւն գնամ, թե՞ նախրի մոտ: Մտածեցի, որ ձին նախրին սովոր է, կարող է պատահի եկած լինի, բայց չգիտեմ նախիրն այդ օրն ո՞ւր են տարել։ Ընկա հանդերը։ Բարձրունքի վրա մեր անասուներն երևացին: Հեռվից նայեցի՝ ձին չկա, նախրի հետ չի։ Լաց եղա: Հարկադրված մոտեցա, ։
    -Ձին հետ չի՞ եկել—հարցնում եմ։
    -Չէ չի եկել։ Պատմեցի սկսեցին ծիծաղել։ Վերջապես խղճացին,
    -Քո բախտից, եկել, խառնվել է անասուներին։
    Երեկոյան տուն դարձա թեթև սրտով. գոնե չեմ պատժվի։
    Մի առավոտ էլ արտակարգ նորություն իմացանք. Յորղոն մի ընտրովի երիվար է նստել ու փախել է: Լուր բերողը Զիա բեկն է, ինքն է ստուգել: Ժամանակ չէր կարցրել, նստել էր ձին ու հետքերով գնացել: Սպասում էինք հետևանքներին: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց. մի շաբաթ հետո ավազակ Զիա բեկը վերադարձավ գողացված ձին իր նժույգի գավակից կապած: Բոլորը համոզված էին, որ Յորղոն սպանված է, սակայն, ի զարմանս մեզ, պարզվեց, որ Յորղոն կենդանի է: Զիան նրան բաց էր թողել… Իրոք, որ ասպետ ավազակ էր:
    …………………………………………………………………………………………………………………………

  12. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք սովի չէինք ենթարկվել, որոշակի պաշար ունեինք և խնայողաբար ծախսելով Մի քանի ամիս անց մոտենում էինք մեր գյուղին: Իրոք. ոչ՝ հայ, ոչ՝ ռուս, նորից ամեն ինչ թուրքին է վերադարձվել, թուրքին է պատկանում:
    Մեր գյուղ հասանք ուշ աշնանը: Ապրուստի հոգս հոգալը ծայրաստիճան դժվարացել էր: Պիտի տաժանակրորեն աշխատեինք։ Մեմեդը անխոխոնջ աշխատող էր և որպիսզի ժամանակ չկորցնենք, մեր օրապահիկը հետը բերում էր: Հիշում եմ, դա մի փոքր խորունկ աման էր, հաճախ փլավի բաժինով: Միասին էինք ուտում: Դա ինձ համար ավելի շուտ սովածանալ էր, քան թե ուտել, որովհետև ամեն մի պատառը հաշվի մեջ էր: Անխնա աշխատցնում էր՝ իրեն հավասար, հաճախ թվում է ուժերիցս վեր էր արածներս: Մեր մեջ, խոսք ու զրույց չէր լինում: Ինքն էլ գիտեր, որ անտանելի քաղցն ինձ անընդհատ տանջում է, իսկ աշխատանքը ճզմում: Բացի ինձնից, բոլորը զղջում էին վերադառնալու համար: Զիայի ձեռքերը մնացել էին ծոցում, Իսմաիլը մռայլ էր: Ճիշտ է երբեմն Մեմեդին հիշեցնում էր. «բավական է չարչարվես…. այս տղան ալ մեղք է, շատ ես հոգնեցնում, հալից ընկնում է, մի օրվա համար չէ»: Ես նրանց գտած, պահած տղան էի և միակ չարաշահվող գործիքը։ Մեհմեդը ոչ մեկի հետ չէր խոսում: Այդպես էլ ժառանգ չունեցավ: Իսմաիլը այլ հույս չուներ, միայն ես էի, ես էի նշմարվում այդ տան գալիք փեսացուն։
    Ես քնում էի բուխարիկի մոխիրների մոտ, տաք էր: Որոշ ժամանակ տեղափոխեցին տան մի կողքի վրա։ Այնտեղ գտնվում էր այն չարաբաստիկ լավաշի սնդուկը: Այդ սնդուկն ինձ գլխահան արեց։ Սկսեցի կամաց-կամաց բարոյապես սայթաքել, և մի գիշեր ձեռքս մտավ սնդուկի մեջ: Մի լավաշ դուրս քաշեցի և գլուխս շորի տակ խոթած, գրեթե առանց ծամելու սկսեցի կուլ տալ: Ես դարձա տան գիշերվա գողը: Անտարակույս դա նկատվեց ու ես տեղափախվեցի։
    Այդ ձմեռ Կարապետն ինձ մի երկու անգամ գաղտնի կանչեց իր մոտ ու մեծ-մեծ խնձորներ տվեց: Նա դրանք գողացել էր դարմանի միջից, ուր Ալի Օսմանը պահել էր թարմ մնալու համար: Դժվար ժամանակներ էին:
    Հենց այդ դժվար ժամանակ էլ, մերոնք բռնվեցին քոսով: Մնացել էի ես: Անզգույշ էի, չէի հասկանում. հետները մի ամանից հաց էի ուտում, շփվում էի… Մի օր էլ մի բարի պառավ քուրդ ասաց.
    -Օղուլ, ձերոնք քոս են բռնել, դա վատ, վարակիչ հիվանդություն է, նրանցից հեռու մնա. մեղք ես, անտեր ես… Ես քեզ բան ասեմ, դու արա: Քո մեզն ամեն օր խմիր, մեզդ չի թողնի, որ վարակվես… մեղք ես, գնա արա ասածս»:
    Ամբողջ ցերեկը փակվում էի մարագում անասունների հետ։ Այնուհետև տան համար, ինչպես նաև երկու քույր հարսների տան համար, ջուր էի կրում։ Հարսների ընտանիքը բնակվում էր Մաղաքենց լքված տանը՝ մեզնից բավական վերև՝ գյուղամիջին: Այնտեղ ես խոտ էի մանրացնում և հետևելով պառավ քրդի խորհրդին, մեզս խմում: Ես չբռնվեցի քոսով:
    Մի օր ես և գյուղից մի ուրիշ տղա, մոտիկ լանջերում արածացնում էինք եզներին ու մի քանի կով: Ցերեկը ես պետք է իջնեի գյուղ, իմ բաժին սովակոտրուկն։ Ճանապարհին տեսա ինչ-որ բան են հողով ծածկել։ Բերանը կապված էր: Ստամոքսս թելադրեց անելիքս՝ քաշեցի հանեցի: Մի փոքր պարկ էր, մեջը երկու գունդ կարագ, մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր։ Սկսեցի փոքր գնդից ագահաբար ուտել: Հաց չկար, միայն մի տոպրակ ալյուր էր։ «Դե ալյուրն էլ հաց է» ասում եմ ինքս ինձ, ալյուրը լցնում բերանս ու կարագը վրայից ուտում: Քիչ հետո սկսեցի ավելի հանգիստ մտածել. «բավական է, մնացածը թող մնա», սակայն ի՞նչ անեմ, ո՞ւր պահեմ: Իսկույն հիշեցի մեր Զարիկին: Զարիկը մեր մյուս պապի թոռներից էր: Քուրդ Սադըչը, որ ջարդից հետո մեր օդայում էր վերաբնակվել, ողջ մնացասծների միջից ջոկել և իր համար կնության էր առել մեր Զարիկին: Ինքը մի պառավ քուրդ կին էլ ուներ, բայց նրանից ժառանգներ չուներ։ Զարուհին արդեն երկու երեխա ուներ:
    Որոշեցի անսուների մոտ լինել սովորականի նման, չուշանալ, որ հարցեր չառաջանան: Վազելով գնացի ու ետ եկա։ Երեկոյան այնքան պտտվեցի մինչև հաջողվեց Զարիկին հանդիպել։ Կանչեցի ու ամեն ինչ պատմեցի։
    - Որտե՞ղ ես թաքցրել,- հարցրեց Զարիկը։ Տեղն ասացի։
    - Լավ,- ասաց,- հասկացա, դու գնա գործիդ, ես կգտնեմ, կբերեմ: Կանցնես այս կողմերով՝ կկանչեմ, քիչ-քիչ կտամ:
    Այդպես էլ եղավ: Հետո իմացա, որ գիշերով երկու գող մտել էին մի թշվառ այրի կնոջ տուն և եղած չեղածը հավաքել տարել էին:
    Գյուղում հատ ու կենտ հայ կանայք էին մնացել, նրանք ովքեր ընկել էին քրդի տուն։ Զարիկից բացի, մերոնցից Մարիամն էլ էր գյուղում։ Այդ շուն քյաչալ չերքեզն էր նրան խլել։ Նա խելագարվեց, հանդերն ընկավ ու «Արշա՜կ, Արշա՜կ, Արշա՜կ…» կանչելով կորավ: Ես հեռվից հետևում էի Մարիամին։ Մի անգամ վազեցի ետևից։ Նա փախավ գոռալով. «Հեռո՜ւ, հեռո՛ւ ինձանից»… Դա նրանից լսած վերջին բառերն էին:
    Գյուղ գալուց հետո ներսումս ցավն ու կարոտը սաստկանում էր։ Մեր հանդերն էի գնում, մեր արտերն էի գնում, մեր ջրերից էի խմում, Մեծ լեռնն էի բարձրանում։ Աղբյուրներից մեկը ցամաքել էր: Գուցե ներսումս եռացող վրեժի աղբյուրն էլ այդպես ցամաքի, բայց ոչ…

  13. #27
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարուն էր։ Դարձյալ սայլերը լծած ճամփա ընկանք։ Այս անգամ դեպի արևելք՝ Էրզրում: Լսել էին, որ այդ կողմերում տեղի հայերի կոտորածների ու փախուստի հետևանքով լքված շատ բան է մնացել: Իսմաիլի և ուրիշ մի քանի գյուղացիների մասնակցությամբ սայլերով շարժվեցինք: Մեզնից անբաժան էր երկու քույր հարսների անասնատիպ հայրը: Նրա ներկայությունը ինձ միշտ տանջել է։ Նրա ներկայությունը տհաճությունն էր պատճառում նաև իմ աղային՝ Իսմայիլին:
    Սկզբնական շրջանում, տեղերը ինձ ծանոթ էին թվում, թեև երբեք այդ կողմերում չէի եղել։ Դա պապիս պատմածների շնորհիվ էր… Ոչինչ չէի խոսում, նայում էի ու նայում… Սա Մանձի հարթությունն է, ահա ճանապարհը դեպի Կոթեր՝ Սև ջրի կամուրջը, Կոթերի կամուրջն ո՞ւր է… Ո՞ւր են մանկտիքդ, հայ ժաղովուրդ, ո՞ւր են շեներդ: Հայ կյանքի գոյության ոչ մի հույս ու նշույլ չկար…
    Մամախաթունում տեսել եմ լքված պահեստներ։ Էլ շաքար, էլ ալյուր, «սապոգներ», հանդերձանք, զինամթերք, բարձրունքներում թաղված հրանոթներ… Փաշաները շշմել էին, ասկյարներին թվում էր, որ բաց աչքերով երազ են տեսնում: Բնակիչ կոչեցյալները գժվե՞լ են ինչ է… Այս ամենը ո՞նց են թողել գնացել։ Այ քեզ երազ… Անգամ հեքիաթներում այսպես չի լինում… Նորից սկսվեց ջարդը… Չորս կողմից միայն լսում էինք. «Չալըշ-չափըշ օղրաշ գյավուր էրմենի»…
    «Ինսաֆ էյլի, բեյ էֆենդի էսկյար». թրա՜խկ, «Մա՜ֆ, մա՜ֆ, մա՜ֆ…»…
    - Իսմայիլ պապիկ,- հարցրի,- ովքեր են՞ սրանք, ինձ են նայում ու… Գնամ ջուր բերեմ տամ խմեն, ոնց որ թե ջուր են ուզում…
    - Չէ, օղուլ, մի գնա, ջրի վրա էսկերներ են, սրանց չեն թողում ջուր խմեն՝ թրատում են, Հայաստանի խոտերն են հնձում… Հայեր են, օղուլ, հայեր են…
    Մամախաթունից մինչև Էրզրումի սարահարթը համատարած այսպիսի տեսարաններ էին։ Մի տեղ միայն Իսմայիլը հաց շպրտեց գետնին ընկած որբուկներին: Նրանք հազիվ հասցրին ասել. «Պապա ո՞վ է այդ լացող տղան», մոտեցած ասկյարը ջնջխեց նրանց գլուխները… Աշխալայի Էրզրումին նայող արևելյան կողմում, հենց ճամփի կողքին մի ամբողջ օր իջևանեցինք: Եզները հանգիստ արածում էին: Շոգ չէր: Գնացինք քաղաք։ Քաղաքում իրարանցում էր. գրավում էին հայկական եկեղեցու մոտակայքում գտնվող հայերի խանութները։ Ամեն մեկն իր ունեցվացքն էր շատացնում, տարածքն ընդարձակում, կարգի բերում… Երգում էին քեֆ անում: «Ապրի կյավուրը՝ էշ հայը, ինչքա՜ն հարստություն է թողել… Թող իրենք էլ կորչեն խոզ ռուսն էլ»:
    Էրզրումն մնաց ետևում։ Էրզրումն անցնելուց հետո, մեր սայլորդների մեջ անհամաձայնություն ծագեց. ո՞ր ուղղությամբ շարժվել: Որտե՞ղ մի բան պետք է վաստակեն ու ձեռք բերածով ետ դառնան տուն: Լսել էին, որ ինչ-որ փոխադրումների դիմաց աղով են վճարում։ Ուզում էին զբաղվել դրանով։ Թեկուզ աղով, բայց վարձատրում են, կբերեն կծախեն: Շատ անորոշ հույս էր սա:
    Համենայն դեպս մենք չգնացինք, թեքվեցինք դեպի Օլթի: Այդ կողմերի հայերը ամեն ինչ թողել փախել են, հարկավ մի բան էլ մեր ձեռքը կանցնի… Հասանք Ղալայի հարթավայրը: Ջինջ գետը մեզ սկսեց ուղեկցել աջ կողմից: Ջրի հոսքում թեքություն կար: Դա Արաքսի ակունքն էր: Իրոք, ինչ-որ շշուկ ուներ իր առատության մեջ: Մենք նրա ջրից չօգտվեցինք: Քաղաքում մի երկար փողոց էր, ոչ աղմուկ կար, ոչ էլ եռ ու զեռ, մեռյալ լռություն էր: Եզները կուշտ կերան, մնջեցին, լծվեցին սայլերին ու շարժվեցինք դեպի Ալաշկերտ: Ոչ մի հայ չէի տեսնում:
    Մտանք խոր ձորերի մեջ գտնվող Օլթի: Քչից-շատից մրգատու ծառեր կային, հատ ու կենտ, այս ու այնտեղ արածող ոչխարներ, այծեր, ու կռունկներ, կռունկներ… Անհամար էին։ դրանց թռիչքները ու բները ջրափայլ կանաչային զմրուխտ տարածությունների վրա… Մարդիկ կային, սակայն մեզնից խուսափում էին, սառն էին մոտենում։ Չէին բարևի, եթե մենք չբարևեինք: Չէին հյուրասիրում, ընդառաջում։ Պատասխանները սառն ու կարճ էին, կանայք ու աղջիկները մեզնից հեռու էին մնում:
    Մենք սկսեցինք սովի ենթարկվել։ Այդ ժամանակ որոշեցին, որ քյաչալ Տորսունը, որ մեր գյուղի վատահամբավ Թամոյի եղբայրն էր, ինձ հետը վերցնի և ուտելիք մուրալու դուրս գա։ Տեղացիներից հաց, կաթ, պանիր, սեր և այլն մուրալու համար ես պիտի նրա հետ լինեի որպես որբ, որին կարող էին խղճալ, այլապես հույս չկար։ Իսմայիլն ի՞նչ կարող էր անել՝ տվել էր համաձայնությունը։ Ինձ զարմացնում էր նրա սառնասրտությունը. ինչքան կատաղած շուն էլ վրա տար, գամփռ լիներ, թե ուրիշ տեսակի միևնույնն էր, իր մահակը սառնասրտորեն շարժելուց բացի, ուրիշ ոչինչ չէր անում: Շները իմ վրա էին հարձակվում, ոչ թե մահակավոր մարդու… Ես փախչում էի ու սկսում պտտվել իր շուրջը:
    - Հանգի՜ստ,- ասում էր,- մի վազի,- ու շարունակում տնից տուն մտնելը: Մի օր մի խումբ աշխատավոր մարդկանց մոտ էինք: Բոլորը դադարեցրին աշխատանքը, նայում են մեզ։ Մեջները կանայք հատուկենտ էին։
    - Բաժին տվեք աղաներ,- սկսեց Տորսունը,- գաղթական ենք, սա էլ որբ է:
    - Որտեղի՞ց եք, ինչո՞ւ եք եկել, ինչ կա այս կողմերում…
    Տորսունը սկսեց սովորական դարձած ստերը մոգոնել։ Մի հարս, թե.
    - Գնացեք ձեր տները…
    Կողքին կանգնած աղջիկը ծիծաղեց ու ձեռքի մի կտոր գաթան շպրտեց ինձ: Այդ մարդիկ, այնուամենայնիվ, ուտելիքի իրենց մնացորդները լցրին մեր խուրջինը: Հասանք սայլերին: Քաչալը հերոսացավ, իսկ ես դարձա ոչ միայն ծերուկ Իսմայիլի տղան, այլ բոլորին պիտանի էակ:
    Թե ինչ ազգի բնակիչներ էին, չեմ կարող ասել: Սևամազ էին: Խոսում էին թրքական բառբառով: Մեր հանդեպ համակրանք չունեին, ատում էին հատկապես «օսմանցի» անվանումը: Տները մեծ սողնակներով հաստ փայտյա դռներ ունեին, բակերը ծառազուրկ էին: Ամեն տեղ գամփռ շներ կային: Շարունակում էինք գնալ։ Մի արևագոգ գյուղում էինք: Մուրալով տնից տուն էինք անցնում: Ես թռչկոտում էի քյչալի, ավելի ճիշտ նրա մահակի շուրջը: Գնում էինք դեպի նշանառված տան դուռը: Տանը կանայք էին. տղամարդիք չկային:
    - Ի՞նչ եք ուզում, մի՞թե ուտելու հաց չունեք… Սայլերով ու առանց պաշարի՞…
    - Ընկել ենք այս վիճակի մեջ, քույրիկ, ի՞նչ անենք, ողորմացեք…
    - Ձեր երկիրը, հողերը թողած, վազել եք թալանի, ետևի՞ց… Այս տղան ո՞վ է, քո ի՞նչն է… Սիրուն տղա է, չե՞ս տա մեզ։ Ափսոս է՝ դուք ինքներդ աղքատ եք, չեք կարող պահել, տվեք մեզ: Երևում է քո բարեկամը չէ, ձերոնցից չէ, տուր մեզ, ես քեզ շատ բան կտամ,- ապա դառնալով ինձ հարցրեց,- չե՞ս ուզում մնալ, տղա ջան, մենք քեզ լավ կպահենք:
    - Չէ, քույրիկ ջան,- պատասխանեց Տորսունը,- իմ եղբոր տղան է, ինչպե՞ս տամ հայրը սայլի վրա սպասում է:
    - Թաղեմ գլուխդ, սուտ ես խոսում: Ինքը որ գա, կտա՞ս…
    Հոգիս պղտորվել էր, հուզախռով էի, մտածում էի. «Ինչ անեմ, որ ինձ այստեղ թողնեն ու գնան, ինչպե՞ս ազատվեմ, ինչքա՜ն լավ կլինի, որ մնամ:
    - Դե որ չես տալիս, այդպես սոված էլ կգնանք,- ապա դարձավ դեպի ինձ,- արի բալիկ ջան, քո փոքրությունն էլ չի խղճում։
    Արդեն ուզում էր մեզ վռնդել, բայց մի պահ նայեց ինձ ու միտքը փոխեց.
    - Երեխայի համար եմ տալիս… Իսկի էլ ձեր երեխան չէ, դա երևում է, հետդ քարշ ես տալիս, որովհետև վախենում ես, որ քեզ խղճացող չի լինի…. թալանչի Օսմանցիներ:
    Այսպես մենք մուրացկանություն անելով հասանք Չալդր լճին և պիտի ուղղություն վերցնեինք դեպի Ախալքալաք: Բադեր շատ կային: Ջուրն այնքան էլ ջինջ չէր, ափերը տղմոտ ու պղտոր: Մենք զենք չունեինք, այլապես կխփեինք, քանի որ վաղուց մսի երես չէինք տեսել: Հազվագյուտ դեպքերում ջրի եկած անասուններ էին երևում, արտերն անտեր էին, գյուղերն անմարդաբնակ: Ախալքալաքի մոտ մի գյուղ մտանք: Ոչ շուն կար, ոչ կատու, ոչ շունչ, լքյալ տներ էին միայն: Մեր ընտրած տունը հենց գյուղի եզրին էր: Ցորենը՝ հասած, ծովի պես ալեկոծվում էր…. միայն հնձիր: Ման եկանք ու անհրաժեշտ ամեն ինչ գտանք, և գերանդի, և ուրագ, և պարան, և անիվ, և պարկեր… Մի խոսքով ամեն ինչ, ինչ որ պետք էր: Աշխատիր, որ շուտ վերադառնաս: Մեկ էլ տեսնես տերը վերադարձավ՝ սարի այն կողմում դեռ կռիվ է՝ հայերը դեռ կռվում են։ Մեր «խնամին» սկսեց ուտելիքի մեր պաշարը գողանալ: Գալիս նստում էր իմ սայլի վրա, ինձ ստիպում ետ նստել ու խուրջինից դուրս էր քաշում մեր ուտելիքները: Ամաչում էի բան ասել, կամ Իմայիլին մի կերպ հասկացնել:
    -Իսմայիլ պապիկ, ինչո՞ւ իր սայլին չի նստում» դիմում էի նրան խեղճացած։ ------- --Կհասկնամ, օղուլ, բայց ի՞նչ ընեմ, ես ալ չգիտեմ»…
    Նա միշտ ինձ պաշտպանում էր, իր հովանու տակ էր առնում, որպես իր տան անդամի: Դա ավելի էր կատաղացնում մեր «խնամուն», լարում էր իմ դեմ: Վերջին օրերն էին, քաղն ավարտում էինք: Ինձ ուղարկեցին ջրի՝ արտերից ներքև, իսկ աղաս ուզում էր, որ ես, խուրձ անեմ։ «Խնամին» տեսնելով, որ իր պահանջը չեմ կատարում հարձակվեց վրաս ու սկսեց սայլի փայտով խփել: Իսմայիլը հրեց գցեց նրան, իսկ ես մի կերպ փախա։ Միտքս եկավ հենց «խնամու» ասածը, թե՝ «Հայերն այն կողմում են, սարի այն կողմում կռիվ են անում»: Վճռականորեն քայլեցի դեպի սարը։ Իսմայիլը լացակումած «Խալիլ, Խալիլ…» կանչելով վազեց ետևիցս։ Կանգ առա, նստեցի։ Շրջվեցի դեպի նա.
    - Իսմայիլ պապիկ, ես կերթամ այն կողմը, այնտեղ հայեր են, ես կերթամ…
    - Չէ, որդիս, որտեղ հայ՝ այնտեղ թուրքի կոտորած է…. ալ անոր հետ չենք խոսի: Արի գնանք, ինձ մենակ մի թողնիր, ալ անոր հետ գործ չենք ունենա:

  14. #28
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ այդպես էլ նրա հետ այլևս գործ չունեցավ: Ոչ էլ ես: Մեր բեռները բարձեցնք նորոգ սայլերի վրա ու ճամփա ընկանք դեպի Ղարս: Գյումրին ու Անին ձախում թողեցինք, մտանք Ղարս… Բնիկ մարդ չկար՝ պատահական, թափառ եկվորներ էին, մտել, տիրել ու ապրում էին։ Չիմացանք թե ինչ ցեղից են: Տներ, խանութներ, սրճարաներ…. բոլորը լքված, ազատ…. ապրիր, եթե կամենում ես, միայն պիտի հայ չլինես: Սա Ղարսն էր, երբեմնի՝ Հայոց մայրաքաղաքը:
    Ղարսից գնացինք դեպի արևմուտք, դեպի Ղարաքիլիսա՝ «Սև ժամը»: Ղարաքիլիսան ինքն էլ էր սև, մութ անտառուտների մեջ հազիվ խցկված էր: Մի լայն ձորակ նրան տեղ էր տվել թեքության վրա: Եկեղեցու հնությունը նկատեցինք անմիջապես։ Իհարկե լցված էր զինամթերքով: Կյանք չկար, միայն ասկյարներն էին շարժվում: Քաղաքի կենտրոնում՝ գետակի մոտ հանգստացանք: Այնտեղից պիտի սկսեինք վերելքը ոլորուն ճամփով: Ինձ հազվադեպ է այդպիսի մութ անտառ հանդիպել: Հիշում եմ ձորակի մեջ, բացատում ինչ-որ գերիների էին մտրակում: Ստրո՜ւկ հայություն:
    Մեր հարազատ Խնզրի գյուղը հասանք արդեն խոր աշնանը: Շատ պաշար ենք բերել՝ տանեցիք ուրախացել են: Գյուղում խոսում էին մեր նախանձելի հաջողության մասին: Իսմայիլը հայրական պարտքի կատարման գիտակցմամբ ժպտում էր: Համով ճաշ կերանք, որից հետո լավ քնեցինք։
    Թե ես ի՞նչ էի զգում՝ չեմ հիշում, միայն գիտեմ, որ ես այդ ամբողջ ժամանակ ապրել եմ իմ հայությամբ ու հոգով անընդհատ վերհուշի մեջ էի. «սա մեր տունն է, սա մեր արտն է, սա իմ հոր գերեզմանն է, սա մեր գյուղացիների տներն են»: Բոլորին, մեկ առ մեկ անուներով պիտի հիշեի։ Հետո հիշում էի հետս կատարված դեպքերը. «այստեղ պիտի փախչէի, բայց Թորգոմը չտարավ, Ծատուրը փախավ, բայց ինձ մոռացավ տանել, Մանուկին կորցրի, Ղազարը մնաց այնտեղ՝ Անկարայում, Գալուստի և եղբոր տեղը չգիտեմ: Ո՞ւր փախչես, երբ քո գյուղումն ես, բայց ազգիդ բեկորներն աչքիդ առաջ անհետանում են:
    Մեմեդն անհանգիստ էր՝ ձմեռը էր գալիս. կերի պաշարը պիտի լրացվեր, տան չորս կողմը կարգավորվեր, երդիկը պիտի կարգի բերվեր, ճամփաները նորոգվեր, զուգարան սարքվեր… Մինչ այդ տան ետևն էր որպես զուգարան ծառայում: Զուգարան սարքեցինք, բայց այդպես էլ չօգտագործվեց: Ես գործունյա օգնական էի, անգամ՝ խորհրդատու։ Մեմեդը ուզում էր ստեղծել, սակայն ստեղծագործ միտք չուներ: Ձմեռն իմ գործը ծանրացավ. ճանապարհ բացել, աղբը թափել, կտուրը մաքրել, ջուր բերել, խոտ ջարդել… Մի խոսքով. թվարկելն անիմաստ է՝ երկար կտևի:
    Մեզնից ոչ ոք առանձնապես չհետաքրքրվեց այն լուրով, որ մեր անասուն «խնամին» որոշել է նորից ետ գնալ Անկարա՝ Զիա բեկի մոտ: Գնում են՝ թող գնան, մտածում էին մերոնք: Միակ մտածողը նրա կինն ու փոքրիկ աղջիկներն էին: Հայրն իր հետ տանում էր երկու մեծ տղաներին:
    -Ձմեռ է, որդիներիս մի տանիր, մի դժբախտացրու մեզ, անխիղճ-, լալիս էր խեղճ կինը։
    -Չէ, պիտի գնամ։ Այն լավ տեղերը թողած, այս տկլոր վայրերո՞ւմ պիտի ապրեմ: Կգնանք, հիմք կդնենք ու կգամ ձեզ կտանեմ: Միայն համբերություն ու ողջություն: Խուրջինները լցրին, գուլպաները, կապաները, տրեխները հագան, բեռները շալակեցին ու հայդա՜: Այդ գնալն էր, որ գնացին: Հաջորդ գարնանն իմացանք, որ ուժեղ բքի մեջ են ընկել ու երեքն էլ միատեղ խեղդվել են:
    Գարնանը Զիան հիվանդացավ, անկողին ընկավ: Ես նրան անկողնում տեսել եմ մի երկու անգամ: Գիտեի, որ հիվանդ պառկած է։ Մեկ էլ իմացա, որ մահացել է։ Վշտացա։ Վշտացավ նաև ամբողջ գյուղը՝ նա երբեք, ոչ մեկին վատություն չէր արել: Շաբանենց տնից ուրախ ժպիտներն ու ծիծաղի ձայները վերացան։ Փոքրամարմն Իսմայիլը լրիվ մի բուռ դառավ։ Սակայն տարօրինակն այն էր, որ երկրորդ դժբախտությունն էլ չուշացավ: Մի երկու ամիս հետո անկողին ընկավ մարմնեղ Մեմեդը: Իսմայիլը ահիուդողի մեջ էր, քանի որ Մեմեդի հիվանդությունը շատ նման էր Զիայի հիվանդությանը: Մինչև այդ Զիայի կինը թռավ Հայդարի գիրկը: Մեմեդի անկողնային տանջանքը մինչև հիմա աչքիս առաջ է։ Ցավոտ հիվանդություն էր: Ձյուն ուզեց, Մեծ լեռան ձյունից: Ձիով գնացի բերի, բայց հասա հոգեվարքին: Մեռավ նաև մտասույզ Մեմեդը: Շաբանենց Իսմայիլի կյանքը խորտակվեց: Ճակատագիրն էր այդպիսին։ Մնաց առանց կին, առանց որդի ու շուտով նաև առանց հարսների, որովհետև մյուս հարսն էլ շտապեց չզրկվել կյանքի վայելքից, միացավ մի նոր արուի հետ: Կարծեմ գնաց Իսմայիլի եղբորորդու մոտ, քանզի իր երբեմնի սիրեկան Հայդարին, արդեն զբաղեցրել էր քույրը:
    Ես մնացի Շաբանենց տոհմի միակ ժառանգորդը։ Իսմայիլն ուզում էր միացնել ինձ ու իր միակ թոռնուհուն՝ Լեյլուն։ Գարունն անցնում է, իսկ մեր գործերը մնում են՝ մենակ ուժս չի պատում։ Շաբանենց Իսմայիլն այլևս հույս չունի տնտեսապես ամրանսլու: Այդ ժամանակ լուր տարածվեց, թե Տրապիզոնում «քիրայով»՝ վարձով, ալյուր են կրում և այլուրով էլ վարձատրում են։ Ընդ որում՝ շատ առատ: Մի քանի քրդեր, առանց հապաղելու պատրաստվեցին, սայլերը լծել ու գնալ: Իսմայիլը երկար մտածեց, ուղարկի՞ ինձ, թե՞ չուղարկի… Դիմեց գուշակի, բարեկամ քրդերից խորհուրդ հարցրեց: Ի վերջո համաձայնվեց
    -Տղսյին ինչպես հանձնում եմ ձեզ, այնպես էլ նույնությամբ վերադարձնեք գյուղ հանձնեք ինձ։ Դուք լավ գիտեք ուրիշ ոչ ոք չունեմ։ Մնացել է այդ մեկը, լույսի պես պահեք , չսխալվի։Վերև աստված կա , վատություն չանեք։Ալլահը ձեզ հետ, միշտ ձեր գլխին հով անի ամին ։ գնացեք և վերադարձեք բարով խերով
    ։Ոտով ահագին տեղ եկավ ինձ հետ,հազար խրատներ տալով
    -Ինչ եղել է եղել է , անողի մուրազը փորը մնա .. Մեկ է ձերոնք չկան , ալ հայություն չկա , ամեն կողմ թուրք է , կմնաս իմ մոտ կմեծանաս ընտանիք կկազմես, կհիշես նրանց , դու խելոք տղա ես մավինի թոռն ես ։ Բոլոր հարազատներտ այստեղ են ։ Գնա ու վերադորձիր։ Ոչ դու մեկը ունես ոչ ես ալլահն է այդպես կամեցել։ Արի մեկ էլ համբուրեմ աչքերդ , աս աչքերդ մեր գյուղից չկտրվի։ Սրանց լսիր ,ինչ որ կասեն կանես։ Աս մի քանի փարան էլ , որ հարկավոր ըլլա կծախսես քեզ համար։ Կսպասեմ ճամփիդ Խալիլ ,որդիս։
    Ու ինձ էլ նրանց վստահությանը հանձնելով ուղակրկեց «քիրայով» ալյուր կրելու: Սակայն ես ինչ էի մտածում , ով՞ իմանա , եթե ինքս չեմ իմանում։ Միայն այն եմ հիշում եմ ,որ սիրտս ուրիշ էր ականջս ուրիշ։Սակայն ճշմարտոըթյունը ինձ համար այն էր,որ ես որոշակի սրտիս մեջ էի ,ոչ թե ականջիս ։Ես միշտ այդպես եմ ապրել շնչել , դրանով ես ինքզինք եմ եղել ,ոչ մի ուրւշը, մի այլ ոմնի հաշիվը։ Այսոր էլ կասեմ , որ միայն այդպես եմ ապրել շնչել ու գործել։Մաքրությունն իմ ճանապարհս է եղել բարդությունը ՝ կյանքս։Առաջինի մեջ աճել եմ ,երկրորդի մեջ տոկացել։
    Մարդն ինքն իրեն ոչ միայն պետք է մաքուր պահի , դա իր էությունն է ու գոյության դեմքը , այլև պարտավոր է մաքրել նաև իր շրջապատը, սա արդեն պարտավորություն է ՝ որպես հասարակական էակի , եթե դրան չես հասել դու դեռ մարդ չես հասարակության համար ։ Եթե չես կարող այդ անել , գոնե ինքդ պարտադիր կարգով պետք է մաքուր մնաս, այդքանը ,թե չկաս , դու ոչնչություն ես , հետևաբար քեզ մաքրելն է բարիք՝ մարդու դերն անաղարտ պահելու համար։
    Շարժվեցինք Գյումուշխանու ուղղությամբ։ Դա Բաբերտից Տրապիզոն տանող ճանապարհի վրա էր։ Այստեղ արծաթի հանքեր կային և ես հիշեցի, որ Տացուիս ցորենն այս կողմերից էին գալիս տանում։ Այստեղ հրաշալի խնձորի այգիներներ կային։
    Ես նսել էի սայլիս վրա։ Եզներս իրենք էին գնում առջևի սայլերի ետևից։ Թե առջևիններն արագանային՝ իմոնք էլ էին արագացնում քայքը, դանդաղանային՝ դանդաղում էին։ Առավոտյան արդեն բարձրացել էինք Սև ծովից Բայազետն անջատող Բոզ Դաղի սարահարթը։ Ծովի թարմ օդն այստեղ արդեն հասնում էր, թեև ծովը դեռ հեռու էր։ Ես իմ սայլին նստած նայում էի ներքևում մնացած մեր շեներին ու քաղաքներին։ Նայում էի ու ինքս ինձ ասում. «ես Ջիվանիկն եմ, Տացուիս թոռնիկը, ես հայ եմ, թուրք չեմ…»… Մեկ էլ տեսնեմ մեր կողքի հետ մի տղա է քայլում։ Ինձնից բավականին մեծ կլիներ։ «Տեսնես ո՞ւր է գնում» հանկարծակի անցավ մտքովս։ Թուրքի նման չէր։ Ուսին մի մեծ քթոց ուներ։
    Նա հավասարվեց իմ սայլին ու երկար նայեց ինձ։ Հայացքն այնքան խորն էր թափանցում, որ ակամայից սկսեցի մտքիս մեջ հայերեն մտածելուցս էլ վախենալ։ Ինքը կարծես ամեն ինչ հասկացավ։ Մոտեցավ, բայց բան չասաց։ Մի քիչ հեռացավ, հետո նորից մոտեցավ։ Ասես ինչ որ բան էր ստուգում՝ մեկ հեռվից էր նայում, մեկ՝ մոտենում։ Հետո որոշեց խոսքի բռնվել հետս.
    - Կթողնե՞ս նստեմ սայլիդ, հոգնել եմ։ Ես գիտեմ դուք էլ եք Տրապիզոն գնում։ Ես էլ եմ այնտեղ գնում։
    Ես ուզում էի, որ նստի, բայց վախենում էի, չէի ուզում ինքնագլուխ բաներ անել։ Ինքն ասես գլխի էր ընկել։ Նորից հարցրեց.
    - Կուզես նստեմ սայլիդ, զրույց կանենք։ Ես շատ հետաքրքիր բաներ գիտեմ։
    - Հա,- ասում եմ,- բայց գնա այն տարիքով քրդին հարցրու։ Եթե թողեց՝ արի նստի։
    Վազելով գնաց։ Քուրդը թույլ տվեց։ Նորից ետ եկավ, տեղավորվեց իմ սայլին։ Որոշժամանակ լռում էր, հետո տխուր նայեց ինձ.
    - Դու թուրք չէս, դու հայ ես, հայ որբ։ Մի վախեցիր, ինձ ճիշտն ասա։ Տեսնում եմ, հիմա արցունքներդ կթափվեն։ Մի վախենա, ես ոչ ոքի չեմ ասի, ես թուրք չեմ, հույն եմ։ Կաղաչեմ՝ խոսիր, ես հայերեն շատ լավ գիտեմ, գիտեմ որ սա հայի երկիր է, ես շատ բան գիտեմ։ Խոսի´ր մի վախենա։
    Սիրտս լցվել էր, չէի կարողանում գեթ մի բառ ասել։ Եթե խոսեի՝ անպայման կհեկեկայի։ Ինքը ամեն ինչ տեսնում հասկանում էր։ Ասաց.
    - Դու սրանցից մի վախենա, հիմա ոչ թուրքերը, ոչ սրանք քեզ ոչինչ չեն կարող անել, հիմա ամերիկացիները հայ որբերին հավաքում են որբանոցներում Տրապիզոնում էլ որբանոց կա։ Շատ լավ տեղ է՝ դպրոց կա, բաղնիք կա, տանում են ծովում լողացնում, հայերեն են սովորեցում։ Սենյակները մաքուր են, որբերի շորերը մաքուր։ Բոլորն էլ կուշտ են։ Եթե հայերեն խոսես՝ ես քեզ անպայման կտանեմ կհանձնեմ որբանոց, կազատվես, ես տեղը գիտեմ։
    - Դպրոց, ազատվել… Քեզ Տացուս է ուղարկե՞լ,- կամացուկ կմկմացի ես հայերեն ու աչքերիցս արցունքներն սկսեցին թափվել։ Եզները թարսի պես շեղվել էին ու իմ սայլը ճամփից դուրս էր ընկել, իսկ մենք չէինք նկատել։
    - Մի վախենա, ես քեզ անպայման պիտի օգնեմ։
    - Անունդ ի՞նչ է,- հարցրի նրան։
    - Կոզմա է։ Ես հույն եմ։ Մի վախենա հայերեն խոսելուդ մասին ես բան չեմ ասի, բայց դու էլ պատմածներիս մասին ձերոնց բան չասես։ Արդեն մթնում է։ Այստեղ մոտիկ գյուղ կա, երևի գիշերը կմնաք այնտեղ, իսկ առավոտ ծեգին թե շարժվեք՝ մինչև կեսօր արդեն Տրապիզոնում կլինեք։ Այնտեղ ես քո մասին հոգ կտանեմ, բայց համենայն դեպս հիշիր. որբանոցը քաղաքի ամենամեծ եկեղեցու մոտ է, իսկ եկեղեցին լավ երևում է քաղաքի գրեթե բոլոր կողմերից։

  15. #29
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գիշերեցինք մոտիկ գյուղում, բայց Կոզմային այլևս չթողեցին, որ սայլին նստի։ Նա ինձ նայեց բազմանշանակ հայացքով ու գնաց։ Հաջորդ առավոտ մենք արդեն Տրապիզոնում էինք։
    Արդեն մի քանի օր էր, որ ալյուր էինք կրում։ Նավահանգստից հասցնում էինք կենտրոն։ Երկար ճանապարհ չէր, բայց վերելք էր։ Օրը յոթ-ութ անգամ գնում գալիս էինք։ Իմ գործը եզները պահելը, բարձած պարկերին հետևելը, ջուրն ու խոտն էր։ Բարձում վերջացնում էին ու ես «հո՜, հո՜, Մրո» ասելով բարձրանում էի մինչև այգի։ Այնտեղ, եթե եզներն իրենց լավ էին զգում, նստում էի սայլին։ Արդեն քանի օր էր միևնույն ճանապարհի վրա էինք, դարձել էինք քաղաքի սայլապան։ Այգին անմշակ էր, մեր մազերի նման, ոչ ոք չէր հրապուրվում նրանով, անջրդի վայր էր։ Կարելի էր ծառերը հաշվել։ Ես հաշվում էի մինչև 10-15-ը և էլ չէի շարունակում։ «Ինչո՞ւ չեն կտրում վառում», ասում էի մտքումս։
    Մի օր ճաշին եզները բաց էինք թողել այգում, խոտ էինք տվել ու նստել հանգստանալու։ Եկավ վերջին, թե՞ նախավերջին օրը, որոշակիորեն չեմ հիշում, մերոնք արդյունքից շատ գոհ էին՝ հեշտ ու շահավետ գործ էր։ Լավ էինք վարձատրվում, շատ լավ։ Սայլապանների բարձր տրամադրությունը ինձ ամեն ինչ մոռացնել էր տվել։ Այդ օրը վերջին ուղերթն էինք կատարում։ Երեկո էր։ Մոտենում էինք բեռնաթափման կայանին։ Այդքան ժամանակ ուշադրություն չէի դարձրել, թե որտեղ են պարկերը հանձնում, քանի որ նրանք էին կրում, տանում, հանձնում, հաշվարկում։ Ես հետևում էի իմ համեստ պարտականությանը՝ պահել-հաշվել սայլերը։ Վերջին ուղերթի ժամանակ, երբ բեռնաթափման վայրին հասնելու վրա էինք, ինձանից քիչ մեծ մի երեք- չորս լակոտներ, նկատեցին մենակ լինելս ու սկսեցին վրա տալ՝ ինձ էլ, իմ սայլն էլ քարկոծել։ Փողոցը լիքն էր մանր քար ու խճով։ Մնացել էի անպաշտպան։ Ապահովության համար, բարձրացա սայլիս վրա, սակայն նրանք չէին դադարում ճիպոտներով ու քարերով ինձ էլ, եզներին էլ անհանգստացնել։ Մեծ քուրդը, որ առջևում էր նկատեց իմ նեղությունը ու իր մահակով վազեց դեպի այդ լակոտները, բայց ո՛չ թե խփելու, այլ վախեցնել-փախցնելու մտադրությամբ, ու դեռ նրանց չհասած գոռաց.-
    - Ծո, ձեր հերն անիծած, անպատկառ լակոտնե՛ր, ի՞նչ եք ուզում խեղճ տղայից, ինչո՞ւ եք նեղացնում, նա էլ ձեզ նման հայ որբ է, փախե՛ք, կորե՛ք։
    Չհասկացանք թե ինչքան կարևոր բառեր ասաց այս քուրդ մարդը, դեռ չէինք հասկացել, որ այդ բառերն իմ համար ճակատագրական էին լինելու։ Քրդի սիրտն անկասկած բարի էր, երևի խղճաց նաև այդ զրկված անմեղ, անտեր հայ որբերին, փորձելով այդ կերպ «Աս տղան ձեզ նման որբ է» ասելով քշել նրանց և ոչ թե պատժել։ Այն էլ հայերեն։ Քուրդն ասես ավետիս հայտնեց տղաներին… «Հայ որբ է» բառերը փոստատար աղավնու նման, թռան դեպի ուր որ հարկն էր։ Երեխաները թռա՜ն «հայ
    ո՜րբ, հոս մի հայ որբ, հա՜յ որբ» գոռալով։
    - Ծո, Տուրսուն, դու էս ի՞նչ արիր, տնաքա՜նդ,- մինչև Տուրսունի ուշքի գալը ձայնեց քրդերից մեկը։ Տուրսունը շշմել փայտացել էր.
    - Ծո՛, աս ես ի՞նչ ղալաթ ըրի,- ասաց ու թռավ տղաների հետևից գոռալով.
    - Ծո՛, լակոտնե՛ր, սուտ ասի, եկեք իրեն հարցրեք, այստեղ ո՛չ մի հայ որբ էլ չկա, կորե՛ք, բերաններդ փակե՛ք, ես ձեզ խաբելու համար ըսի…
    - Հայ ո՜րբ, հոս է աս սայլերի մեջ է,- շարունակում էին ճչալ որբերը։ Այսպես ճչալով էլ հասան ու կանգնեցին մի մարդու առաջ, որի ձեռքին մատիտ ու հաշվառման մատյան կար։ Տուրսունը մոտեցավ նրան.
    - Բեյ աղա, սրանք սուտ են խոսում, չհավատաս նրանց, ես հայերեն լավ չգիտեմ… Մենք ոչ մի որբ չունենք, մեզ հետ մեր որդին է։
    - Լավ, լավ, լավ… Ժամանակ չունեմ։ Ո՞ւր է այդ տղան։
    - Ահա, ան է, ան է, հոն է պարոն Ահարոն,- տագնած իրար անցան որբերն ու ինձ քարշ տալով բերին դեպի այդ պարոնը,- ըսե՛, ըսե՛, ըսե՛, որ հա՛յ ես, ծո՛, դու հայ ես, ծո՛, աչքերիդ նայիր, ծո՛, քեզի նայիր, ծո՛, դուն թուրք չե՛ս, հա՛յ ես, ծո՛, հոգիդ բերանիդ մեջ բանտված է, ըսե՛, մի՛ վախենար, մենք բոլորս ալ հայ որբ ենք…
    - Կեցեք, կեցեք,- ձայնեց պարոն Ահարոնը հանդարտեցնելով տղաներին էլ սայլվորներին էլ, որոնք փոխադարձորեն գոռում էին.
    - Ի՞նչ կզրպարտեն աս թափառական որբերը, բեյ էֆենդի, մեր տղային սա լաճե՞րն են ճանաչում, թե՞ մենք։ Հարցրեք իրեն, թող ըսե՛, ըսե՝ ո՞վ ես դու…
    Սկզբում ես լռում էի, հետո նայելով մեր սայլվորներին գլխով հաստատեցի նրանց ասածը։ Պարոն Ահարոնի հայացքից չվրիպեց աղերսախառն հայացքս, արցունքներս թափվում էին, բռնեց ձեռքիցս, մի լավ զննեց ու ցույց տվեց հեռվում երևացող եկեղեցին.
    - Նայի՛ր, սա եկեղեցի է, հայոց մե՜ծ եկեղեցին է սա… Հոս սուտ խոսել չի կարելի… ալ մի հուզվիր, ես կգամ, քեզ որբանոց կտանեմ, մի վախեցիր։
    Թեթև ժպտացի ու փախա դեպի իմ սայլը։ Արդեն հասցրել էի դիտել շրջակայքը, ալյուրը հանձնելու վայրի ոչ միայն դուրսը, այլև ներսը։ Ահագին մի բարձունք էր մեջը լիքը սպիտակ ալյուր։
    Պարոն Ահարոնը դարձավ դեպի քրդերը.
    - Որտե՞ղ եք գիշերում։
    - Քաղաքից դուրս, , գետի այն կողմը, Չայլախի խորանքում…
    - Լավ, գնացեք, վաղը կգամ, ամեն ինչ կպարզեմ և եթե իրոք հայ է ապա երեխային կվերցնեմ։
    - Լավ, թող վաղը բացվի, ամեն ինչ կպարզվի բեյ-էֆենդի,-ասացին քրդերն ու բաժանվեցինք։ Իսկ հայ որբերըերն իմ հետևից էին նայում շարունակում կանչել սայլերի հետևից.
    - Հե՜յ, մենք վաղը կգանք, ինչո՞ւ բաց թողեցիր, պարոն Ահարոն…
    Սայլերը թեթևացած շտապում էին դեպի գիշերօթոց։ Միայն ես էի ծանրացել հոգիս պատած խռովքից, անընդմեջ մտածում էի՝ «Ինչո՞ւ ինձ բաց թողեցիր, պարոն Ահարոն»։ Երեկո էր, հասնում էինք մեր իջևանատեղը։ Գիշերելու կամ հանգստանալու համար սայլվորները լավ հնարավորություն ունեն. որտեղ էլ հանդիպես նրանց նույնն բանն են անում. սայլի լծակները թեքում են դեպի վեր, վրան փռում են խսիր, զանազան չուլեր, այլ կարգի փալասներ ու նստում տակը։ Ստացվում է հոլիկ. ուզում ես գիշերիր, ուզում ես՝ ցերեկիր։ Ես պառկեցի սայլիս կողքին, եզներիս արանքում ու քնեցի։ Հանկարծ լսեցի, որ գիշերվա կեսին անունս տալիս են, «Ջիվան, Ջիվան»… Հայկական անունս են տալիս... Շուրջս նայեցի, լսողությունս լարեցի՝ լռություն էր։ Շուռ եկա, որ նորից քնեմ։ Հենց աչքս կպավ՝ նորից լսեցի՝ «Ջիվան»։ Վեր կացա ու ավելի ուշադրությամբ սկսեցի լսել, զննեցի շրջակայքը՝ ոչ ոք չկար։ Այսպես մի քանի անգամ արթնացա ու քնեցի։ Քրդերն ինձ վեր կացրին, երբ արշալույսը դեռ տակավին չէր ճառագել։
    - Շո՛ւտ արա, եզները տարեք, արածացրեք, բերեք՝ փախչենք, քանի դեռ չեն եկել քեզ տարել։
    Մեր միջի մեծ քուրդը մտահոգ էր, գիշերը նրանք խորհրդակցում էին, թե ինչ անեն, որ ինձ չտան։ Ես ձևացրի թե անտարբեր եմ, սակայն արցունքները հոգուս մեջ հոսում էին վարար գետի պես։ «Չէ՜,- մտածեցի ես,- հարկավոր է մեկնելը ձգձգել միչև գան, քանի դեռ չեն եկել՝ պետք է մի բան մտածել… Բա որ չգան… Չեն էլ գա, բայց ես ինչո՞ւ եմ վերադառնում, ո՜ւր… Չէ՜, Ջիվանիկ, որոշիր, ժամն է,- ասացի մտքումս ու բռնեցի կողքիս տղայի թևը.
    - Գիտե՞ս ինչ մտածեցի. դու եզներին քշե ճամփի ան կողմը, հոն՝ քերծի պռնկին կաց, ես գնամ կրպակներուն քով, հաց առնեմ, գամ։ Մոտս փարա կա… միասին կուտենք, հա՞…
    - Հա, գնա բեր, եզներին ես կտանեմ։
    Գնացի դեպի հացի կրպակները… Քայլում էի ու գիտեի, որ այլևս ետ չեմ գալու։ Հիմնական ձգտումս արագ հեռանալն էր, բայց դեպի ո՞ւր գնայի՝ քաղաքը չգիտեի, եկեղեցու տեղը չգիտեի, սակայն վախ չկար՝ պարզապես քայլում էի արագ-արագ հեռանում էի։ «Ի՞նչ ուզում է ստացվի,- մտածում էի ես,- հիմա կարևորը հեռանալն է»… Գնում էի, բայց նաև մտածում, որ գուցե ճիշտ չեմ անում, մտածում էի Իսմայիլ պապիկի մասին, հասկանում էի որ ցավ է ապրելու, բայց չգնալ չէի կարող, ուստի ինձ համար պատճառներ էի հորինում. «հացի եմ գնում…»… Ու քայլում էի դեպի հայությունս… «Կրպակները դեռ բաց չեն,- մտածում էի ես,- բայց ինչ կա որ, մեկ է բացվելու են, գլխավորը ժամանակ շահելն է մինչև գան»… «Առա՜ջ, այ, այս ճանապարհով քաղաք գնալիս ես տեսել եմ մի փուռ-խանութ՝ կիտված սպիտակ, խոշոր սոմիներով… Գնա՜մ, գնա՜մ… հասնեմ այդ սոմիներին… շատ են, եթե շատ են, ուրեմն շատ էլ կտան… Գնամ, առա՜ջ»… Հանկարծ նկատեցի, որ վազում եմ, փախչում… Փախչում եմ… Նորից մտածեցի Իսմայիլի մասին՝ մեղքս եկավ. «ուշ է, ետ գնալ է պետք, այսպես չի կարելի… Կասեմ խանութ չկար, հաց չկար… Կասեմ՝ փակ էին, ետ եկա»… Ոտքս կախ գցեցի, բայց հայ լինելս արդեն արթացել էր հոգումս ու հայ մնալս կախված էր առաջ գնալուց… «Առա՜ջ,- նորից քաջալերեցի ինքզինքս,- ետդարձն անդունդ է և արդեն ուշ է… Արևը ծագել է… Ողջո՜ւյն արև, ինձ ուժ տուր»… Արդեն մտել էի քաղաք…
    Ա՜խ, պարոն Ահարոն, պարոն Ահարոն, ուր է քո ցույց տված եկեղեցին… Ընկել էի քաղաքի մեջ ու չէի կողմնորոշվում։ Ինչքան շտապում էի՝ այնքան շփոթվում ու կորցնում եմ ամեն հետք։ Որոշեցի իջնել ծովի կողմը, բայց վախենում էի, որ մերոնք այնտեղ լինեին։ Ուրիշ ճար չկար՝ գնացի։ Մինչև ծով չիջա՝ այգու տակի հարթությունից բռնեցի երեկվանից մնացած սայլերի հետքն ու քայլեցի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կողմնորոշվել։ Հոգնել եմ, սոված եմ, ծարավ ու հուսահատ… «Չէ՜, կգան, կհասնեն, ինձ կբռնեն այս քաղաքի մեջ։ Ի՞նչ անեմ»… Օրն անցնում էր։ Քարշ էի գալիս քաղաքի մի նեղ փողոցի երկարությամբ ու ստեպ-ստեպ դեպի վեր եմ նայում՝ եկեղեցու գմբեթը տեսնելու ակնկալությամբ։ Միաժամանակ մտածում եմ հաց ճարել, քղցս մեղմել։ Գնում եմ, կանգնում, դես-դեն եմ նայում, խանութներն եմ հոտոտում, փոքրիկ, կողք-կողքի խցեր են, չարչիներ, մրգեր, մրգեր… Բարակ մայթ ու մի սայլի լայնություն ունեցող սալահատակ փողոց էր։ Քայլում էի արդեն հոգնությունից անտարբեր դարձած, բայց աչքս դեռ շրջում էր դես դեն։ Գնում էի աջ կողմով, քանի որ ձախ կողմում ավելի շատ մրգեր կային շարված։ Հանկարծ ներքին մի ձայն ասես հուշեց. «ձախ նայիր…»… Նայեցի ու… այն տղա՜ն, այն հույն տղան… Քթոցը դրել է խանութի առաջ, ինչ-որ բան է երկարացնում, բան է վերցնում, բան դարսում քթոցի մեջ։ Նա՛ էր։ Ձեռքին մի ուրիշ կողով էլ կար։ Ուզում էր կողովը ցած դնել, շուռ եկավ ու նայեց ինձ։ Իսկույն ճանաչեց ու ամեն ինչ թողած թռավ դեպի ինձ.
    - Այդ դո՞ւ ես… Ես չասացի՞, որ դու հայ ես… Ես գիտեմ, դու ուզում ես փախչել… Եկո՛ւր, եկո՛ւր, եկո՛ւր, ես հիմա քեզ հասցնեմ որբանոց, ես տեղը գիտեմ…
    Էլ մեկը երկուս չարեց՝ ինձ գրկեց ու հա՜յդա… Ես իջա գրկից ու թևից պինդ բռնած վազեցի… Հասանք որբանոցի դռանը։ Արագ-արագ թակեց մեծ, սիրուն ներկված երկաթյա ճաղերով դարպասը։ Տագնապ կար այդ թակի մեջ։ Բաց արին…
    - Հայ տղա՛, հայ որբ եմ բերել ձեզ հանձնելու։ Ես գիտեի, որ նա հայ էր… Դե՛, բախտավոր եղիր,- համբուրում է ինձ ու շրջվում որ հեռանա։
    - Կեցի՛ր, կեցի՛ր,- ձայնեցին նրան,- պարգև պիտի տանք քեզի, անունդ ըսե…
    - Շատ շնորհակալ եմ, ես խոստացել էի, չափազանց ուրախ եմ, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ, բայց խոստումս կատարվեց։ Ուրիշ ոչինչ, չեմ ուզում, շնորհակալ եմ, անունս հույն Կոզմա է…
    Ասաց ու ետ թռավ դեպի իր քթոցները…Ճակատագիր, բախտ, պատահականություն զուգադիպություն ,այդպիսի բաներով, այդպիսի բաներով ես այլևս չեմ զբաղվի ,թող ընթերցողն ինքը գլուխ հանի և գիտությունը լույս սփռի այս ենթածալքերի մեջ։ Իմն այն է ,որ այդ բոլորով հանդերձ ես ազատվեցի ։Ես պաշտմունք չեմ ունենա , չունեմ նաև այն էական առարկություններ,
    այնու հանդերձ հանձնվում եմ։
    Որբանոցի դռնապահ հաղթանդամ մարդը, հափշտակեց ինձ Կոզմայի եղբայրական ձեռքերից ,գրկեց տարավ ներս
    -Մի նոր փրկված եմ բերել ձեզ ընկեր լաճեր վեր կացեք։Մեկը արդեն ոտի վրա էր ։ Բոլորի վերմակները քաշ քշեց, բոլորն էլ վեր թռան նստեցին
    -Նոր որբ տղա են բերել
    Անունդ ինչ է՞
    -Հայերեն գիտես՞…որտեղից՞ ես …ազատված ոչ ոք չունես՞. ով՞ բերեց… ինչու՞ չես խոսեր.. ալ մի վախենար
    -Ես ինչպես խոսեի՞… երազ է՞ սա, աս ինչ՞ բան է … իսկապես՞ հեքիաթային էակներ չեն։
    -Բա որ չէ , օրը ցերեկ է ,ասոնք տակավին պառկած, իրենց համար…
    -Ես… բեն էրմենջէ հէ-հէ բիլիրեմ(ես հայերեն գիտեմ)
    -Էս մեկին ինչ ենք՞ ասում, էս մեկին ինչ՞ եք ասում
    Հաց ջուր Բենըմ ադըմ Ջիվան(անունս Ջիվան է )
    -Լավ է, լավ է կսովորես ,մենք ալ չգիտեինք…
    Ներս մտավ պարոն Ահարոնը
    -Ինքդ ես եկել ..ապրես.. գալիս էի քեզ բերելու…
    -Աղաներդ եկել են ուզում են քեզ տեսնել… եկուր մի քաշվիր, թող իրենց աչքով տեսնեն
    -Չէ, չեմ գնա… աղաչում եմ …մի տանիր
    -Լաց մի ըլլար ես չեմ տար , կուզեն իրենց աչքով տեսնեն, հետո գնան...
    -Չէ-- պնդում եմ ես հեռու նետվում, լաց լինում , ավելի շատ ամաչում եմ քան վախ ըզգում
    -Մանչ ջան նրանք ասում են աչքով տեսնանք ,գնանք իրեն աղային հավատացնեք, որ որբանոցում է ,ուրիշ բան չի պատահել , մեղք է , ասում են ծեր է ։
    Ես մեղմացա , դռնապանը գրկեց ինձ պարոն Ահարոնի հետ տարավ դարբասի մոտ. նրանց ի ցույց։ Չեմ կարող նայել նրանց երեսին դեմ առ դեմ, ոչ թե վախից ,այլ ամաչելուց ։ Այդքան հոգատարությունից հետո լքել՞, դավել՞ փախչել դեպի քո հայությունը։
    -Լավ շնորհակալ ենք, որ տեսանք, կերթանք Իսմայիլին կպատմենք, ինչպես է եղել։Սայլն ու ալյուրը կհանձնենք իրեն… երևի ալլահի կամքն էր։ Դե արի մնաս բարով անենք Իսմայիլի ու մեր կողմից։ … իմ ձեռքը մի կերպ բռնում են … ու գնում ։ Ինձ հետ են բերում։Պարոն Ահարոնը կարգադրում է ,որ իմ չուլ ու մուլ շորերս հանեն տանեն իրենց , որովհետև սայլավորները ցանկանում են տանել հասցնել Շաբանենց Իսմայիլ ծերուկին , որպես ապացույց,բայց երևի ավելի շատ ի մխիթարանք, հանգստություն։
    Վերջին խմբագրող՝ rstak58: 20.11.2010, 15:39:

  16. #30
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2010
    Գրառումներ
    64
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ և առաջ ասեմ որ սա ստեղծագործություն չԷ,այլ ինքնակենսագրություն,որը գրել Է իմ հայրը ՋԻՎԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ և ինձ թողել Է ձեռագիր վիճակում ու այստեղ մեն ինչ իրականություն Է ոչինչ հորիված չԷ։ Ես այս պատմությունը ես լսում Էի՝ ինչքան ինձ հիշում եմ, ամեն գիշեր քնելուց առաջ։ Իսկ հիմա ես հավաքել եմ համակարգիչի վրա։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.11.2010, 00:41: Պատճառ: Ժամանակավրեպ մասի հեռացում

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •