Մի գիշեր էր մութ... Անձրև էր գալիս...
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում: -
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար...
Երկա՛ր քայլեցի:
Եվ իմ դեմ ահա - մի երկա՛ր փողոց:
Հեռվում - դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՛ն լուր բերին...
Մի հին լուր` հոգուս մեջ պահված ծածուկ -
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի, -
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՜, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի -
Էլ ո՜չ մի զղջում իմ երազը հին
Ետ չի դարձնի...
Գնա՜, սիրելիս.
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ, -
Ուզում եմ քնեմ - ախ, ինչպե՞ս քնեմ...
...
...
![]()
Էջանիշներ