Հիշողությունը...
Հյուրերը վաղուց գնացել էին: Սոնան խոհանոցում առանց շտապելու ամաններն էր լվանում`ծորակի տակ մի քանի անգամ շուռումուռ էր տալիս միևնույն ափսեն, մանրակրկիտ զննում, նորից պարզաջրում ու կախում էր ցամքոցի վրա: Գառնիկին դուր էր գալիս Սոնայի անշտապ գործ անելը. Մի տեսակ արարողության էր նմանեցնում:
Աննան էլ էր մաքրասեր: Նրա ժամանակ էլ տանն ամեն ինչ մաքուր ու հաճելի էր: Ի տարբերություն Սոնայի Աննան տնային գործերը շատ արագ էր վերջացնում, այնպես որ Գառնիկը չէր էլ նկատում, թե դրանք երբ են արվում: Երևի դա էր պատճառը, որ Գառնիկն այն ժամանակ իրեն ավելի ազատ էր զգում և վերցրած իրերը չէր դնում իրենց տեղը, սրբիչը չէր կախում, ծխախոտի տուփն ու մոխրամանը դնում էր ուր պատահի: Հիմա կարծես ինքնիրեն էր ստացվում, ու այդ մանրամասներին Գառնիկն այնքան էլ ուշադրություն չէր դարձնում, բայց և անում էր առանց ծուլանալու: Նրա համար նույնիսկ հաճելի էր, որ տանն ամեն ինչ մաքուր է, ունի իր որոշակի տեղը: Նա գիտեր, որ այդ նախաձեռնությունը կնոջից էր գալիս, բայց Սոնան երբեք չի ստիպել նրան ու ոչինչ չի ասել: Պարզապես Գառնիկը հետում էր Սոնային ու ընդօրինակում նրան: Գառնիկը մտածեց, որ որ եթե Աննայի հետ էլ բնակարան ունենային, դարձյալ այդպես կլիներ: Իսկ այն ժամանակ ուրիշ էր. նրանք ապրում էին ընդամենը մեկ սենյակոանոց բնակարանում, այն էլ` վարձով:
Գառնիկը վերցրեց մոխրամանն ու ծխախոտը և դուրս եկավ պատշգամբ: Ճանապարհին աչքին ընկավ արծաթյա փոքրիկ շրջանակի մեջ դրված հին նկարը: Երջանկությունից փայլող աչքերով իրեն էին նայում մեծ Գառնիկն ու Ազնիվը: Կանգնեց մի պահ, ժպտաց ու դուրս եկավ: Վառեց սիգարտեը ու մտքերը նորից նույն հունով գնացին:
Չէ, Գառնիկը պատճառներ չէր փնտրում Սոնայից դժգոհելու: Պարզապես ինչ-որ տխրություն էին բերում այդ խոհերը: Սոնան այստեղ մեղք չունի: Գառնիկը սրտի խորքում, ինչ-որ տեղ գոհ էր որ Աննայից հետո գոնե այնպիսի կնոջ է հանդիպել ` ավելի լավին: Մտքում ասված էդ “ավելի լավ”-ը նրան անարդարացի թվաց, ու նա իսկույն հանեց էդ “ավելի”-ն: Իսկապես, Սոնան լավն է` կրթված, զգայուն, քնքուշ սրտի տեր…իսկական հոգու ընկեր, որի հետ պիտի ապրի ինքը մինչև խոր ծերություն: Դա Գառնիկին մտահոգվելու առիթ չէր տալիս, միայն թե Աննայի մասին հուշերը….
Աննան վաղուց է ինչ չկա, արդեն երկու տարի է Սոնայի հետ է ապրում,բայց գրեթե ամեն օր, ամեն ինչում Սոնային համեմատում է Աննայի հետ: Համոզված էր, որ այդ համեմատությունից որևէ եզրակացության չի հանգի, բայց համոզված էր նաև որ եթե հարյուր տարի էլ ապրի, դարձյալ այդ երկու կանանց կհամեմատի իրար հետ: Դրա համար հաճախ նախատում էր ինքն իրեն, բայց ի՞նչ կարող էր անել, էդպես ստացվում էր անկախ իր կամքից:
Հաճախ նման մտքերից ազատվելու համար որևէ գործ էր ձեռնարկում, նստում էր գրելու կամ զրույցի էր բռնվում Սոնայի հետ, գրկում էր նրան, փաղաքշանքի խոսքեր էր ասում, փորձում կատակել….
Սոնան սրտի ցավով նկատում էր որ Գառնիկը իր մեջ Աննային է փնտրում, սակայն կանացի հպարտությունը թույլ չէր տալիս այդ ամենի մասին ակնարկել անգամ, ընդհակառակը` վարպետորեն ընդառաջ էր գնում ամուսնու զգացմունքներին, ձգտելով ոչ թե միանգամից, այլ կամաց-կամաց դուրս մղել Աննային, հաստատվել Գառնիկի սրտում: Դա կարծես նրան հաջողվում էր: Նրանք օր օրի ավելի մոտիկ ու հարազատ էին դառնում:
Իսկ այսօր Գառնիկը որևէ փորձ չէր անում ազատվել այդ տանջալից մտքերից, ավելին, համառորեն ուզում էր հիշել Աննային` գոնե մի անգամ, այդպես` գոգնոցը կապած գործ անելիս: Չհիշեց: Գուցե ինքն անտարբե՞ր է եղել Աննայի նկատմամբ և դրա համար էլ չի հիշում: Իսկ միգուցե ժամանակի սղությո՞ւնն էր պատճառը, Ախր Աննան միշտ շտապում էր…. Առավոտյան քնաթաթախ շտապում էր աշխատանքի, այնտեղից վազում էր համալսարան, իսկ երեկոյան տուն էր գալիս հոգնած ու անտրամադիր: Հոգնածությունից երբեք չէր բողոքում, բայց Գառնիկն իսկույն հասկանում էր.
- Էսօր հոգնած ես Աննա ջան,-ասում էր գառնիկը, ոչ թե հարցնում:
- Որտեղի՞ց իմացար,-հարցնում էր Աննան:
- Դեմքիցդ : Ախր քո գեղեցկությունը հակադարձ համեմատական է հոգնածությանդ,- մաթեմատիկական լեզվով իր ապագա մաթեմատիկոս կնոջը բացատրում էր Գառնիկը:
- Ոչի՜նչ, իմ գեղեցկությունը դեռ քառակուսի արմատի տակ է: Այ կավարտեմ, էն ժամանակ….,- կատակում էր Աննան, իսկ գառնիկը շտապում էր հավաստիացնել, որ նրա գեղեցկությունը քառակուսի արմատի տակից էլ է երևում, միայն թե ամեն մարդ չի կարող տեսնել….
Գառնիկը ներս եկավ պաշգամբից, նստեց գրասեղանի առջև: Սոնան դեռ խոհանոցում աշխատում էր, ու տեսնում էր Գառնիկին կողքից`կիսադեմով:
“Աստված իմ, ինչքան ջահել է երևում, կարծես ոչ թե քսանութ տարեկան լինի, այլ քսան: Դե հո ամուրի չէր մնա, կամուսնանար ինչ-որ մեկի հետ, բայց այդ մեկը դժվար թե հասկանար նրան… ինչքան ծանր կլիներ այս նուրբ հոգու տեր մարդու համաևր: Երևի նա էլ էր ճիշտ հասկանում Գառնիկին”,- մտածեց Սոնան ու խղճաց Աննային, թեև նրան երբեք չէր տեսել: Սակայն գիտեր, որ Գառնիկն ու Աննան իրար հետ ապրել են ընդամենը մեկ տարի: Գիտեր նաև, որ նրանք երեխայի էին սպասում ու բնակարան պետք է գնեին:
- Ամեն ինչ պետք է լուծվեր մի քանի ամսից,- ծանոթության առաջին օրերին պատմել էր Գառնիկը,- երեխա էինք ունենալու, Աննան ավարտելու էր համալսարանը, նոր բնակարան էինք գնելու… Աննան մեր ապագա կյանքը դրախտային էր պատկերացնում: Այդ դրախտը մեր տունն էր լինելու, որտեղ տեղավորելու էինք մեր հրաշք մանկան օրորոցը: Աննան մի ամբողջ տարի աշխատանքի չէր գնալու, միայն ու միայն մեր փոքրիկի դրախտային օրորոցը օրորելու համար… Ես ամեն երեկո գործից հետո վազելու էի դրախտ….իսկ մինչ այդ որոշել էինք համբերել, դժվարությունները տանել առանց տրտնջալու… նույնիսկ ամեն մանր-մունր բաների համար զայրացող մեր տանտիրոջը համբերությամբ ներում էինք, ասելով. “Ոչինչ, ընդամենը մի վեց-յոթ ամիս հետո կտեսնես թե մենք ինչ դրախտում ենք ապրելու…”:
Սոնան վերհիշեց այս ամենը և ավելի խղճաց անծանոթ Աննային: Խղճաց նաև ամուսնուն : Ինչպե՞ս հասկացնի Գառնիկին, որ ինքն էլ է նույն բանի մասին մտածում, գիտի ամուսնու տխրության պատճառը, կռահում է նույնիսկ նրա մտքերն ու կարեկցում: Ճիշտ է, կարող էր դա հետո էլ ասել, կամ կարող էր այդ մասին բոլորովին չխոսել` ոչ հիմա, ոչ էլ հետագայում: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ չասեր հենց հիմա, ինչո՞ւ ամուսնուն մենակ թողներ ծանր մտքերի հետ:
- Գործերս վերջացնեմ, քեզ բան ունեմ ասելու Գառնի՛կ,- ասաց Սոնան:
- Հիմա՛ ասա:
- Գուցե իջնես մի քիչ ման գաս, մինչև ես հատակը մաքեմ: Մենակ շատ չուշանաս, որ բան ունեմ ասելու….
Գառնիկը նայեց Սոնային, ժպտաց, ապա հագավ վերարկուն ու տանից դուրս ելավ:
- Գառնիկ, Գառնիկ….մեկ մթնում է անձևոտ ամպի նման, մերթ գարնան առավոտի նման բացվում….,- ինքնիրեն խոսեց Սոնան ու սկսեց հավաքել ամուսնու աշխատանքային սեղանը, թղթերի տակից աչքով ընկավ մի վերնագիր` “Հիշողություն”: Նրան տարօրինակ թվաց այդ վերնագիրը,- հի-շո-ղու-թյուն,- վանկ առ վանկ արտասանեց Սոնան, - մի՞թե դարձյալ Աննայի մասին է գրել… այո, նրա մասին է,- ու աչքերն արագորեն սահեցրեց տողերի վրայով:
“Հիմա դու ինձ համար այնպես եթերային ես դարձել, այնպես երազային, որ ինձ չի հաջողվում անգամ վերհիշել քո դիմագծերը… գոնե մտովի տեսնեի քո դեմքը, քաղցր նայվածքդ…ինչո՞ւ էինք ամեն ինչ թողել վաղվա երջանիկ օրվան, որն այդպես էլ չեկավ մեր համար, հիմա ինձ թվում է, որ ես նույնիսկ չէի հասցրել ընտելանալ քո դիմագծերին…. Սակայն ոչ, ես քեզ չեմ մոռացել… Դու իմ սրտի մեջ ես….Պարզապես դու այնքան խորն ես թաքնվել, որ չեմ կարողանում տեսնել քեզ: Ամեն րոպե զգում եմ քո ներկայությունը, զգում եմ հոգով, ամբողջ մարմնով… իսկ ձեռե՞րս…. Նրանք քեզ հիշում են, հիմա էլ խարխափելով փնտրում, կարոտում են քեզ… ”
Թուղթը կարծես այրում էր Սոնայի ձեռքերը: Սակայն նա չէր շտապում այն ցած դնել: Ակնթարթ, նա արցունքակալած աչքերով նայում էր ձեռագրին, նրա լուսամցքներում նկատվող կանացի նույնանման սանրվածքով սիլուետային գծանկարներին:
“Երևի փորձել է նրան նկարել”,- մտածեց Սոնան: Չգիտեր` ի՞նչ անի, ինչպե՞ս վարվի: Վիրավորված և մինույն ժամանակ անզոր էր զգում իրեն: Շվարած, երկար նայեց հայելուն… Ծիծաղելի չէ՞ արդյոք, որ ինքը խանդում է մի կնոջ, որը վաղուց մահացել է, չկա այս աշխարհում: Սոնան հասկանում էր, որ Գառնիկը սիրել է Աննային, բայց չէր պատկերացնում, թե այսքան խորն է եղել նրա սերը ու նորից նախանձեց Աննային:
“Ես չեմ հավատում, - սկսեց մտածել սոնան,- որ Աննան կարող էր Գառնիկին իմ չափ սիրել, Պարզապես Գառնիկը խղճում է նրան և չի կարողանում մոռանալ: Հաստատ այդպես է: Աստված իմ, ես առանց ամաչելու մեղադրում եմ մեռած կնոջը: Ես էլ եմ խղճում Աննային: Չէ որ նա էդքան ջահել մահացավ: նա պիտի շարունակեր ապրել: Այո, պիտի ապրեր ու սիրեր Գառնիկին` իր ընտրյալին: Աննան իրոք մեղք էր, բայց չէ՞ որ Գառնիկը հիմա իր ամուսինն է, նա չի կարող Աննայինը լինել”
Այս մտքերը փոքր-ինչ հանգստացրին Սոնային: Հիմա նա էլ չէր մեղադրում Գառնիկին, բայց գլխավոր հարցը դեռ մնում էր հարց. Ի՞նչու ինքը Գառնիկի սրտի մի մասում միայն տեղ ունի: Մի՞թե այդքանն է իրեն պատկանում, մի՞թե այդքանն է իր բաժինը: Չէ՞ որ Գառնիկի հետ ամուսնանալով ինքը ոչ մի հանցանք չի գործել, ավելորդ ու անհիմն պահանջներ չի դրել Գառնիկի առաջ, միայն իրենն է պահանջել, իր հասանելիքը… նա արդեն Աննային չէր մեղադրում, թեև ամեն ինչ կտար, ամեն ինչ կաներ, որ Աննան եղած չլիներ Գառնիկի կյանքում, մոռացվեր, դառնար երազ…. Բայց դա անհնարին էր: Չէ՞ որ Աննան գոյություն է ունեցել, եղել է գառնիկի կինը, նրա հետ ապրել, տխրել և ուրախացել: Թող դա լինի մեկ տարի, մեկ ամիս, թեկուզ մեկ շաբաթ: Միևնույն է, նա եղել է Գառնիկի կյանքում, իսկ յուրաքանչյուր մարդու մի կյանք է տրված, որը կազմաված է այդ ամիսներից ու շաբաթներից: Ընդամենը մի կյանք: Հիմա ոչ Սոնան, ոչ Գառնիկը չեն կարող կտրատել, մասերի բաժանել գառնիկի կյանքը ու նրա մի մասը գցել կողքի` այն ամիսները, որ նա ապրել է Աննայի հետ:
Անաղմուկ բացվեց դուռը ու ներս մտավ Գառնիկը: Դեռ միջանցքում վերարկուն հանելով կնոջն ասաց.
- Սոնա՛, դու խոստացել էիր ինձ բան ասել: Տե՛ս, չեմ մոռացել,- հետո մոտեցավ կնոջն ու անհանգստացած հարցրեց,- ի՞նչ է եղել, դու լա՞ց ես եղել…
- Հիմա ասեմ, - հայելու մոտից հեռանալով ասաց Սոնան,- ես ուզում էի քեզ հետ մի կենաց խմել: Չէ՞ որ այսօր մենք իրավունք ունենք միասին մի-մի բաժակ խմել:
- Կեցցես, ինչո՞ւ չէ, հիանալի միտք է,- ոգևորված վրա բերեց Գառնիկն ու շտապեց պահարանից հանել կոնյակի շիշն ու բաժակները:
- Կիսատ շշից չէ՛: Խնդրում եմ մի նոր շիշ բաց, - ասաց Սոնան:
Գառնիկը զարմացած նայեց կնոջը, որոշելու համար թե նա լո՞ւրջ է ասում: Ախր այս շշի միջինը իրենց լրիվ բավական է: Սակայն Սոնան սպասում էր: Գառնիկը պահարանից հանեց կոնյակի վերջին շիշը:
- Երևի շատ կարևոր կենաց ես ուզում ասես, հա՞:
Սոնան լուռ վերցրեց բաժակն ու հանգիստ, առանց որևէ հանդիսավորության ասաց .
- Ես ուզում եմ խմել Աննայի կենացը….
Գառնիկը հանկարծակիի եկավ: նա բոլորովին չէր սպասում: Փորձեց ինչ որ բան ասել, բայց լեզուն կարծես չէր ուզում ենթարկվել: Ազատ ձեռքով գրկեց սոնայի ուսերն ու քնքշանքով փարվեց նրան: Հետո հուզմունքը թաքցնելու համար երկար ու անթարթ նայեց ձեռքում պահած բաժակին, մինչև աչքերի խոնավություն անցավ:
- Խեղճ Աննա, երազում էր քո տունը դրախտ դարձնել….,- հոգոց հանեց Սոնան:
- Մի՞թե դու էլ չես դա երազում:
- Միայն թե կարողանամ….
- Սոնա՜, դու կարող ես, և արդեն սկսել ես մեր տունը դրախտ դարձնել: Դու լավն ես Սոնա, ես սիրում եմ քեզ…., ասաց Գառնիկն ու ավելի ամուր գրկեց կնոջը:
- Արի այսօր լույսերը չհանգցնենք, թող վառվեն մինչև առավոտ: Այս գիշեր պիտի լուսավոր լինի մեր տունը, Գառնի՜կ….
“Մեռնողի հետ ոչ ոք չի մեռնում, նորից ապրում են, սիրում, ծիծաղում:Կյանքը շարունակվում է…,- ինքն իրեն ասաց Գառնիկը,- սա իրո՛ք ճշմարտություն է, բայց միևնույն ժամանակ ինչքա՜ն պայմանական է այս ծամծմված ճշմարտությունը….”
Էջանիշներ