User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակն է Ձեզ ամենից շատ դուր եկել

Քվեարկողներ
30. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Քաղց- ars83,

    14 46.67%
  • ՆԵ...ՆԱ- einnA

    1 3.33%
  • Հանդիպում- ivy

    3 10.00%
  • Պատերազմ- Մելակուս

    6 20.00%
  • Սուրճ երկուսով- StrangeLittleGirl

    6 20.00%
  • …- impression

    10 33.33%
  • Աղմուկ- ivy

    0 0%
  • Փիսոն- Էլիզե

    1 3.33%
  • Ընտրություն- ivy

    11 36.67%
  • ***- Ariadna

    9 30.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 30-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 441 հատից

Թեմա: «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ

    Վաղը կմեկնարկի «Պատմվածք փակ աչքերով» նախագծի հինգերորդ մասը: Հեղինակը, ում գաղտնիությունը ես պահելու եմ մինչև քվեարկության ավարտը, արդեն տրամադրել է պատմվածք, որ բաժանվել է երկու պայմանական կեսերի, և Ակումբում տեղադրվելու է միայն առաջին հատվածը:
    1. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ինձ ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Ես դրանք կտեղադրեմ առանց հեղինակներին բացահայտելու: Այդպիսիներից մեկը կլինի նաև պատմվածքի նախաբանի հեղինակի վերջաբանը, նույնպես ինկոգնիտո:
    2. Մեկ շաբաթ անց կքվեարկենք, թե որ վերջաբանն էր ավելի լավը և համահունչը: Եվ կբացահայտենք բոլոր հեղինակներին:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.10.2010, 11:43:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.10.2010), ivy (17.10.2010), Lianik (17.10.2010), Moonwalker (17.10.2010), Ամպ (25.10.2010), Արևածագ (17.10.2010), Դատարկություն (17.10.2010), Դարք (17.10.2010), Ինչուիկ (24.10.2010), Հարդ (17.10.2010), Նաիրուհի (17.10.2010), Ֆոտոն (19.10.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշադրություն:
    Ստորև ներկայացնում եմ ընդհանուր պատմվածքի առաջին մասը, որը սիրով մեզ տրամադրել է Հեղինակը: Շարունակությունները կարող եք ուղարկել մեկ շաբաթվա ընթացքում: Վերևի գրառման մեջ ծանոթացեք նախագծի բոլոր պայմաններին: Ձեր ուղարկած շարունակության մեջ պարտադիր նշեք ամբողջական պատմվածքի վերնագիրը:
    Հ. Գ. Չնայած այս զգուշացումս վերաբերում է արդեն քվեարկության փուլին, սակայն հարկ եմ համարում հենց սկզբից ընգծել. մասնակիցների կողմից ցանկացած ինքնաբացահայտող գրառում մինչև իմ կողմից հեղինակների բացահայտումը խստորեն պատժվելու է՝ ընդհուպ մինչև նախագծից հեռացում:

    ---------- Ավելացվել է՝ 00:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:03 ----------

    Նախաբան


    Առանց մեծ հույսերի բացեց սառնարանի դուռը: Այնտեղ գրեթե երբեք ուտելու բան չէր լինում: Այս անգամ էլ բացառություն չէր: Երկու շիշ գարեջուր կար, համարյա դատարկ կետչուպ ու մի հատ թոռոմած խնձոր: Դուռը փակեց ու որոշեց գնալ խանութ: Օրը կիրակի էր, արդեն կեսօրն անցել էր, իսկ նա դեռ նոր էր արթնացել: Շուտ արթնանալու կարիք չկար, ոչ մի տեղից չէր ուշանում, տանն էլ ուտելու բան չկար: Փորձեց պահարանից մաքուր շոր գտնել: Հարմար բան չճարեց, դրա համար էլ մաշված բրդե սվիտրը քաշեց վրան, հետո հագավ իր սիրելի կապույտ ջինսը, որի ծնկները պատռել էր, իսկ փողքերի հետևի մասն ինքնուրույն էր մաշվել, մեծ դժվարությամբ գտավ կեդերն ու 1000 դրամ գրպանը խցկելով` դուրս եկավ:
    Նա 29 տարեկան էր, բայց դրա մասին գիտեր միայն ինքն ու իր ծնողները, որոնց արդեն 4 տարի չէր տեսել: Բոլորին ասում էր, որ 22-ը նոր է լրացել, ու ոչ ոքի մտքով էլ չէր անցնում չհավատալ, քանի որ նա հենց 22-ի տեսք ուներ: Կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ մնում են միևնույն տարիքում: Նա արդեն մոտ տասը տարի էր` 22-ից անցնել չէր կարողանում կամ չէր ուզում: Հաճախ էր հիշում, թե ինչ ուրախ էր կյանքը 22-ում, ու ուզում էր հնարավորինս երկար պահպանել այդ նույն վիճակը, երբ դեռ ուսանող ես, կարող ես լիքը հիմարություններ անել, որոնք ներվում են տարիքի պատճառով, երբ երեկոներն ու գիշերներն անցնում են հարբած կամ պարելով կամ էլ հենց նոր ծանոթացած երիտասարդի հետ զբոսնելով, ում անունն անգամ հաջորդ օրը չես կարողանալու հիշել:
    Նրան հաջողվել էր պահպանել 22-ին բնորոշ շատ բաներ, ու մի երկուսն էլ ավելացնել իր կողմից` առավել հարմարավետ դարձնելով կյանքը: Նա ուներ աշխատանք, որը չէր պահանջում մեծ ջանքեր, բայց որի համար վճարում էին բավականաչափ, որ նա կարողանար ապրել, իհարկե առանց շքեղությունների, բայց և առանց քաղցած մնալու: Նա ապրում էր վարձով բնակարանի մի փոքրիկ սենյակում, իսկ բնակարանի մյուս սենյակները զբաղեցրել էին արտասահմանցի ուսանողներ: Մյուս բնակիչներն իրեն առանձնապես չէին անհանգստացնում, նա հիմնականում փակված էր իր սենյակում ու ականջակալները հագած` երաժշտություն էր լսում, գիրք կարդում կամ քնում:
    Նրա սենյակը արևկող էր, ինչն էլ պատճառ էր դարձել հենց այդ սենյակը վարձելու, թեև տանտիրուհին նրան համոզում էր վերցնել դրա կողքինը, որն առավել հարմարավետ էր, բայց գրեթե արևի երես չէր տեսնում: Ինքը վերցրել էր փոքրիկ ու արևկող սենյակը, սենյակի միակ սեղանին բազմեցրել համակարգիչը, եղած կահավորանքին, այսինքն` սեղանին, երկու աթոռին ու մահճակալին ավելացրել էր մինի սառնարան, մի փոքրիկ պահարան` շորերի համար և 4 գրադարակ, ուր բացի գրքերից տեղավորում էր նաև կոմպակտ դիսկերը, իր ունեցած մի քիչ զարդեղենը, որը թանկարժեք չէր, բայց թանկ էր իր համար, հիգիենայի պարագաները, իր սիրելի բաժակն ու էլի մանր-մունր շատ բաներ, որոնք երբ չէր իմանում ուր խցկել, դնում էր գրադարակի մի անկյունում:
    Նա իրեն անհրաժեշտ ամեն ինչ գնում էր տան կողքին գտնվող խանութից, ու այնպիսի տպավորություն էր, որ նա չի էլ կասկածում քաղաքում այլ խանութների գոյության մասին:
    Գնեց լավաշ, յոգուրտ, հյութ ու դուրս եկավ խանութից:
    Մտավ այգի: Եղանակը ցուրտ էր, ու այգում գրեթե ոչ ոք չկար: Նստեց նստարանին ու կծկվելով` նայեց հեռուն: Ուշքի եկավ նրանից, որ ինչ-որ փափուկ ու մռռացող բան էր քսմսվում ոտքին: Նայեց: Փիսիկ էր, որը մեջքն ուռեցրած ու պոչը տնկած քսմսվում էր իրեն, սակայն բացարձակ ուշադրություն չէր դարձնում իր վրա: «Փս-փս-փս»,-կանչեց փիսոյին, փիսոն մռռաց, բայց էդպես էլ չնայեց իր կողմը: Կռացավ ու շոյեց մեջքը: Կատվին դա շատ դուր եկավ, ու նա երախտապարտ հայացքով նայեց աղջկա աչքերին:
    Ինչ հետաքրքիր են կատվի աչքերը: Նա առաջ երբեք չէր նկատել, որ կատուների աչքերն այդքան յուրօրինակ են: Կապտա-կանաչավուն թափանցիկ ոսպնյակի կենտրոնում զիգզագաձև բիբն էր` բարակ լարի պես: Ու էնպիսի տպավորություն էր, որ կատուն անգամ ուշադիր նայելիս` ոչինչ չի տեսնում: Հիշեց «Վիսկաս»-ի գովազդը, միջի կուշտ փիսոներին, հետո նայեց էս սոված ու անտուն խղճուկ կատվիկին ու տխուր ժպտաց:
    Հեռախոսը, որ վաղուց դարն ապրել էր, հոգնած դզզաց: Հանեց գրպանից, նայեց, էլի դրեց գրպանը` դզզա ինչքան կուզես:
    Փիսոն բարձրացավ նստարանին ու սկսեց տեղավորվել իր գրկում: «Էհ, արդեն շատ էղավ քեզ»,- մտածեց նա ու վեր կացավ: Կատուն շրմփաց գետնին ու նեղացած փախավ:
    Վերցրեց տոպրակներն ու գնաց տուն:
    Կողքի սենյակում աղմուկ էր: Ինչպես միշտ: Նա երբեք չէր կարողացել հասկանալ աղմուկի պաշտամունքը: Իսկ մարդկանց մեծամասնությունը չի էլ զգում, որ իրենց մոտ դա կա: Մենակ թե մի ձայն լինի: Դա դեռ ոչինչ: Կան շատերը, ում համար կարևոր է` մենակ թե հնարավորինս բարձր ձայն լինի:
    Գրեթե երբեք հնար չէր լինում վայելել լռությունը: Կողքի սենյակի բնակիչների մոտ միշտ միացած էր հեռուստացույցը կամ երաժշտություն:
    Հեռախոսը նորից դզզաց: Հանեց գրպանից ու շպրտեց անկողնուն: Դզզա ինչքան սիրտդ կուզի:
    Մի կտոր լավաշ հանեց ու սկսեց դանդաղ ծամել: Նստեց համակարգչի մոտ ու բացեց էլեկտրոնային փոստը: Վերևի մուգ սև տողն ասում էր` նոր նամակ ունես: Նամակը մորից էր, ում հետ վերջին անգամ մի ամիս առաջ էր խոսել:
    «Հայրդ հիվանդանոցում է, ծանր է»: Մայրը երբեք խոսքեր չէր շռայլել: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ իրենք էդպես էլ նորմալ շփվել չկարողացան, ու ինքն էլ ի վերջո գնաց տնից:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.10.2010), Ariadna (17.10.2010), ivy (17.10.2010), Lianik (20.10.2010), My World My Space (17.10.2010), Արևածագ (20.10.2010), Դեկադա (19.10.2010), Եկվոր (18.10.2010), Երվանդ (26.10.2010), Ինչուիկ (24.10.2010), Հայկօ (18.10.2010), Ուլուանա (17.10.2010), Ռուֆուս (18.10.2010), Ֆոտոն (19.10.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստորև տեղադրված են քվեարկության ներկայացված տարբերակները:
    1. Քվեարկությունը բազմակի ընտրությամբ է, կարող եք քվեարկել մեկից ավելի տարբերակների օգտին:
    2. Քվեարկության ընթացքում քննարկումները թույլատրվում են:
    3. Քվեարկությանը տրվում է 7 օր: 7 օրից կամփոփվեն արդյունքները, և կբացահայտվեն մասնակիցները:
    4. Սեփական տարբերակին քվեարկած ձայները չեն հաշվվելու:
    5. Մասնակիցներին հորդորում եմ զերծ մնալ ինքնաբացահայտող գրառումներից. մասնակիցների կողմից ցանկացած ինքնաբացահայտող գրառում մինչև իմ կողմից հեղինակների բացահայտումը խստորեն պատժվելու է՝ ընդհուպ մինչև նախագծից հեռացում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.10.2010, 08:31:

  6. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղց

    Մի փոքր կտոր էլ կծեց լավաշից և դանդաղորեն ծամելով սևեռեց հայացքն էկրանին: Սեղմ, կրճատ նախադասությունը կարդալիս պարզորեն լսեց մոր ցածր, բարակ ձայնը, որի մեջ զգացմունք կարողանում էին նկատել միայն ինքն ու հայրը: Հայրը, հակառակը, զգացմունքային, դյուրաբորոբոք մարդ էր, հապշտապ որոշումներ ընդունող և շուտ ափսոսացող իր ընդունած որոշումների համար: Ինքը ժառանգել էր երկու բնավորությունն էլ, և մորից ժառանգածը նրան օգնում էր միշտ երևալ սթափ և հավասարակշռված՝ ինչպիսին էին մտքերն ու զգացմունքները:
    Տեղից վեր կենալով, սկսեց քայլել սենյակում, մեքենաբար բացեց սառնարանի դուռը, հանեց գարեջրի մի շիշ և ձեռքերում պտտելով շարունակեց քայլել: Հեռախոսը նորից բզզաց: Առանց համարին նայելու սեղմեց կանաչ կոճակը:
    - Ո՞ւր ես: Տաս անգամ զանգեցի, չես վերցնում,- լսվեց ընկերուհու կայտառ ձայնը: - Գալու ես, չէ՞, Նարեկի ծնունդին:
    Նարեկի ծնունդի՞ն: Զարմացավ, նկատելով ձեռքում պահած գարեջրի շիշը:
    - Հա, գալու եմ,- պատասխանեց և սեղմեց կարմիր կոճակը: Հիշեց, որ այսօր պետք է հավաքվեն աշխատակիցներից մեկի ծննդյան տոնը նշելու: Բացեց գարեջրի շիշը, կանգնեց պատուհանի մոտ և սկսեց կում-կում խմել սառը հեղուկը:

    **
    - Կանգառում կանգնեք: Սա մի հատ կփոխանցե՞ք,- դիմեց առաջին շարքում նստած կնոջը՝ մեկնելով հարյուր դրամանոցը: Դեռ տաս րոպե կար, որոշեց շուտ իջնել և քայլել մի քիչ: Հիվանդ է, ծանր է: Զարմանալի է, ինչքան փորձեց այդպես էլ չկարողացավ հիշել որևէ դեպք, որ հայրը հիվանդ լինի: Եղել էր, որ մրսած լինի, կամ գլխացավ ունենա, բայց դա արագորեն բուժվում էր թեյերով ու մուրաբաներով:
    - Լավաս եմ ուզում,- լսեց մանկական մի ձայն և գլուխը թեքեց նրա կողմը: Վարդագույն այտերով, փքուն շուրթիկներով, սև աչուկներով, երկար թարթիչներով և ուսերին հասնող խոպոպիկներով աղջնակը ձեռքը փորձում էր մտցնել տոպրակի մեջ, որը բռնել էր կողքից քայլող կինը: Կինը դեպի իրեն քաշեց տոպրակը և հանգիստ ասաց.
    - Լավաշը հիմա չենք բացելու, տանը: Հիմա կարկանդակը կեր:
    - Կալկանդակը տամ քեզ, ինձ լավաս տուր,- առաջարկեց աղջնակը ու կարկանդակը պարզեց մորը:
    - Չէ, լավաշը՝ տանը:
    - Կալկանդակը ցե՛մ ուզում,- դեմքը ծռեց աղջիկը և շպրտեց կարկանդակը:
    Մայրը հասցրեց այն բռնել, տոպրակից անձեռոցիկ հանեց, փաթաթեց կարկանդակը, դրեց տոպրակի մեջ, ապա ամուր բռնեց աղջնակի ձեռքը, և առանց որևէ բառ ասելու քայլեց առաջ՝ քարշ տալով աղջկան:
    Իսկ և իսկ իր մայրը: Իրենց տանը միջադեպը կշարունակվեր այսպես. մայրը կհրաժարվեր լավաշ տալուց՝ մինչև նա վերջացներ կարկանդակը, իսկ նա չէր ուտի այն, կսպասեր, մինչև մայրը դուրս գա խոհանոցից, ապա շշուկով հորը կասեր՝ լավաս տուր, պապ: Հայրը հանդիմանական հայացք կձգեր, ապա կվերցներ իր բաժին լավաշը և կտար իրեն, նա էլ արագ-արագ կուտեր: Հայրը միշտ իր բաժին լավաշն էր տալիս, երբեք չէր վերցնում ընդհանուրից:
    Լսելով սեփական անունը արագ շրջվեց և տեսավ ընկերուհուն, ով ձեռքերն էր թափահարում մյուս մայթից: Ժպտաց և անցավ փողոցը:

    ***
    - Էս շենքի մոտ պահե՞մ,- հարցրեց տաքսու վարորդը սևազգեստ մոտ 22 տարեկան աղջկան:
    - Հա, այստեղ մի տեղ,- պատասխանեց աղջիկը:
    Երբ տաքսին կանգնեց, մեկնեց 1000 դրամանոցը, առանց հաշվելու վերցրեց վարորդի մեկնած գումարը և լցրեց պայուսակի մեջ: Ապա դուրս գալով մեքենայից, վստահ քայլերով քայլեց դեպի շենքի մուտքը, որի պատին մի դագաղի կափարիչ էր հենած: Աստիճանների վրա ոչ ոք չկար: Չնկատելով վերելակի մոտ սպասող ծաղկեփնջերով անծանոթ մարդկանց, որոնք իրեն նկատեցին, բայց ուշադրություն չդարձրին, սկսեց բարձրանալ աստիճաններով:
    Առաջին նամակից երկու օր հետո մայրը գրել էր երկրորդը, նույնքան հակիրճ՝ «Հայրդ մահացավ, վաղը հոգեհանգիստն է»:
    - Մի րոպե, մի հատ էս սեղանը ներս տանենք,- դիմեց մի երիտասարդ և, մի կողմ հրելով նրան, ներս հրեց սեղանը: Թեթևակի զարմանքով նայեց իրենց դռանը՝ փորձելով հիշել, թե արդյո՞ք այս գույնի էր:
    Միջանցքում շատ մարդ կար, որոնք իրեն տեղ չտվեցին: Խցկվելով անցավ դեպի հյուրասենյակի մուտքը և նայեց ներս: Սևազգեստ քահանան, որն իրեն մեջքով էր կանգնած ինչ-որ բան էր արտասանում, մնացածները գլուխները կախած լսում էին:
    - Շատ արդար մարդ էր, լսեց մի ձայն և, շուռ գալով, տեսավ երկու պառավների, որոնք կուչ էին եկել միջանցքում նստարանի եզրին:
    - Հա, Աստված հոգին լուսավորի, շատ տանջվեց,- ասաց մյուսը:
    Նորից շուռ գալով դեպի հյուրասենյակը՝ փորձեց որսալ քահանայի բառերը:
    - Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։ ... Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին,- կարդում էր քահանան:
    Հիշեց, թե մայրն ու հայրը ինչպես էին մանկուց սովորեցնում իրեն ստից խորշել: Հիշեց իր պատրաստած բացատրությունը այս երկու օրը չգալու համար, որ պետք է ասեր մորը՝ հիվանդ է եղել:
    - Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն։Երբ նրանք իրենց աղեղները լարեն, թող հալուեն մոմի նման ու սպառուեն,-լսեց քահանայի բառերը:
    Եթե մեկը սենյակից նայեր դեպի միջանցքը, կտեսներ, թե ինչքան են մեծացել նրա բիբերը, լարվել, ուռել էր մեջքը: Թվում էր, թե նայում է սենյակի մեջտեղը և ոչինչ չի տեսնում: Եթե մեկը միջանցքից նայեր հյուրասենյակ այդ լայնացած և չտեսնող բիբերով, կտեսներ գլխահակ մարդկանց՝ ճերմակ, փայլուն շորերով: Չնայած նրանք գլխահակ էին, բայց յուրաքանչյուրի դիրքի մեջ զգացվում էր արժանապատվությունն ու իմաստությունը, հանդարտությունն ու խոհեմությունը, վճռականությունն ու ինչ-որ սպասելիք: Մի քայլ առաջ անելով, նա տեսավ հորը՝ պառկած սեղանին: Հոր հագուստն ու դեմքը նույնպես լուսավոր էին և ամեն ինչով նման էր իր շուրջը կանգնածներին, բացի մի բանից. հայացքն ուղղված էր վեր:
    - Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան։
    Նա հայացքը չէր հեռացնում հոր դեմքից, նույնիսկ չնկատեց, թե ինչպես մայրը բարձրացրեց գլուխը և, տեսնելով իրեն, փորձեց որսալ հայացքը: Ձեռքը տանելով պայուսակի մեջ, մի քանի քայլ ևս առաջ եկավ՝ հայտնվելով քահանայի կողքին:
    - Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ։
    Կանգնածների մեծ մասը բարձրացրեցին գլուխները նկատելով իրեն, որ տարօրինակ ժպիտը դեմքին կանգնել էր սենյակի կենտրոնում: Մի քանիսը թափահարեցին գլուղները, ոմանք հոգոց քաշեցին: Մայրը կախեց գլուխը:
    Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ,- բարձր ձայնով ասաց քահանան:
    Նա արագ բռնեց հոր ձեռքը և խորամանկ ժպտալով ինչ-որ բան դրեց նրա ձեռքի մեջ: Ապա սեղմելով փակեց հանգուցյալի ափը: Ինչ-որ բան ճրթճրթաց: Աղջիկը բաց թողեց հոր ձեռքը և շուրթերը մոտեցնելով հոր ականջին ցածրաձայն, ժպիտով ասաց.
    - Պապ, լավաս եմ բերել:
    Քահանան զարմացած նայում էր՝ ինչպես հանգուցյալի ձեռքից թափվում էին երեք օրվա հնություն ունեցող չոր լավաշի փշրանքները:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), einnA (27.10.2010), Moonwalker (25.10.2010), Արևածագ (27.10.2010), Երվանդ (26.10.2010), Էլիզե (02.11.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆԵ...ՆԱ

    Հիմա ստիպված ես պետք է զանգեմ:Չէ, չեմ զանգի, ավելի լավ է հորս զանգեմ: Հիվանդ է… հիմա մենակ է, թե՞ հետն է... Ես ինչպե՞ս վարվեմ… իսկ նեն ինչու չի գրում, ինչ է եղել… մտքերս խառնվել ու իրար հերթ չեն տալիս…
    Նոր նամակ. ինքն է՝ գալիս եմ Հայաստան: Շուտով կտեսնվենք:
    Ոնց, ինչու այսքանը, երբ է գալու, գուցե արդեն այստեղ է... ես, ես ախր չգիտեմ, ես ոնց նրան տեսնեմ, պատրաստ չեմ, բայց շատ եմ ուզում, ուրեմ գալիս է, մենակ, իմ համար, Հայաստան… հայրս, իսկ հայրս, զանգել է պետք, պետք է գնամ, ոնց մենակ թողնեմ… տաք լոգանք է պետք:
    Հայրս հիվանդանոցում է, վիճակը ծանր է, տոմս պետք է առնել, ինչքան հնարավոր է շուտ, իսկ նեն… նրան պետք է սպասեմ, տեսնել է պետք, խոսել, վերջապես երկու տարի է, ինչ էս ամենը շարունակվում է ու հիմա պետք է հավերժ կամ շարունակվի կամ կտրվի… ինչպիսինն է, ես ինչպիսինը կլինեմ նրա աչքերով (կարևոր մի բան, որ երկու տարի ամեն օր հարցի պատասխանը միայն լռությունն է), ինչպիսին կուզի ինձ տեսնել, ախր ոչինիչ չի ասել, հա մենակ, որ ես լոկ ես լինեմ:Բայց Լին ասում էր, որ տղամարդիկ սիրում են նրբագեղ կանանց, իսկ ես հեռու եմ դրանից, կյանքումս փեշ չեմ հագել, հիմա պետք է ջինսը հագնել, թե՞ առաջին անգամ փեշ: Պետք է բարձրակրունկ, թե իմ …
    Մտքերի ծանրությունը կոպերին անցավ ու քնեց:
    Լիի հետ ամբողջ ընդմիջումը խանութներում անցկացրեցինք, գնեցինք էն, ինչ Լիի ասելով հաստատ նրան գետնին էր տապալելու… մնում էր վարսահարդարի, մատնահարդարի ու մեկ էլ չեմ հիշում ում մոտ գնալ վաղը:Էտ վաղը… հիմա, հիմա տեսնես եկել է, ուր է… ինչու չի զանգում, երբ …
    Նամակ չկար, զանգ չկա, միայն լռություն ու սպասումի երկար ժամեր ու զանգ.
    -Ինչու՞ չես գալիս, ես չեմ կարող երկար խնամել նրան, ես գործեր ունեմ: Վիճակը ծանր է, պետք է գաս, քո կարիքն ունի…
    Դե հա, իհարկե,երբ ես ժամանակ ունեցել,քո գործերը միշտ էլ կարևոր են եղել…ես պետք է գնամ:Տոմս է պետք:Ինչու չես հայտնվում…
    Մեկ օր, երկու օր… զանգ չկա, ոչ մի լուր, իսկ սպասել չեմ կարող, արդեն արձակուրդի հարցը լուծված է, գումարը վճարել են:Տոմսը պետք է գնել… տոմսն արդեն գնված է:Ես գնում եմ, իսկ նեն
    Զանգ.
    -Ե՞րբ: Ես էլ, ես պետք է … կգամ:

    Լին տարերքի մեջ էր. հիացմունքը չափից շատ էր:
    Վերջապես դուրս պրծա Լիի ճանկերից, մնում է հագնվել ու շտապել…
    Ահա, անճոռնի ճուտիկը կարապի է վերածվում… հայելու պատկերը հաստատ ես չեմ. կեղծ է, բայց հեքիաթային գեղեցիկ է. աչքերն առաջին անգամ այդքան արտահայտիչ են, շրթունքներն ընդգծված ու գծված այնքան դյութիչ, որ… շիկնել եմ, իսկ ոտքերը… ոտքերին նայելու ժամանակ չկա. շտապել է պետք, արդեն երևի սպասում է:
    Քայլերը վանդակված էին:Սովորաբար այգի հասնելու համար 25 րոպեն շատ էր, իսկ հիմա ժամի էր վերծվել: Թարսի պես բակի տաքսիները չքացել էին, մնում էր քայլել:
    Միայն չսկսի, միայն հիմա չէ, ոնց չէի մտածել, հիմա չէ…
    Սկսվեց անձրևը, մաղեց, հետո մաղի ցանցը պատռվեց, կաթիլներն արդեն կարկուտի վերածվեցին…
    Ինչ անեմ, ոնց անեմ, վերադառնալ է պետք, չորանալ, ամբողջ երեսս ծորում է… Ոտքերս առաջ չեն գնում, արդեն հասել եմ, բայց սպասում է, ուշ է, բայց այս տեսքով ոնց… միայն սա էր պակասում…
    Կրունկը ձեռքին շնչակտուր բացեց դուռն ու փռվեց հատակին:
    Ուր է աղմուկը, ինչու չկա, հիմա որ պետք է ինչու՞ չկա: Ինչու՞ է լռում: Լռություն չեմ ուզում, գոռալ եմ ուզում, գոռալ եմ ուզում… գոռացեք, բղավեք, ինչու եք չքացել…
    Մի՞թե ամեն ինչ կորած է, գուցե զանգեմ, ի՞նչ ասեմ: Ինքն ասաց, որ եթե չգնամ, ուրեմն արդեն պատասխանը պարզ է… հիմա արդեն մեկ ժամ անցել է, չի սպասի, չի զանգել… գնացել է… վե՞րջ...

    Գորշ ամպեր, թեթև մաղող անձրև, ծառ, մի փոքր կոճղ, ու դողացող ուրվագիծ…
    Նեն նայեց նրան, ցրտից սառած մատները նրան գրկեցին, ու ոչինչ էլ պետք չէր.
    նեն սպասել էր, իսկ նան՝ եկել:

    -Ես երկու օրից պետք է գնամ:Հայրս իմ կարիքն ունի:
    - Ուրեմ երկու օրից կգնանք:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Magic-Mushroom (30.10.2010), Moonwalker (25.10.2010), Արևածագ (27.10.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանդիպում

    Գնաց, իսկ շփումն ավելի վատացավ: Նորից նայեց նամակին: Միայն խոսքերի ժլատությունը չէր, որ տխրեցնում էր իրեն, այլև դրանք հայտնելու միջոցը:
    Ինտերնետ: Կարող էր զանգել, բայց, չէ՝ ի-մեյլ: Նորից ստուգեց հեռախոսը. վերջին բոլոր զանգերն ուրիշներից էին:
    Բացեց այսիքյուն, սկայպը, էմէսէնը, յահու մեսինջերը, ջիթոքը, ֆեյսբուքը, ադնակլասնիկը, բոլոր տեղերից հայտնվեցին մոր հաղորդագրությունները. «Հայրդ հիվանդանոցում է, ծանր է»: Եվ ամենուր էլ մայրը նստած էր լարին:
    - Օնլայն եմ,- գրեց մայրը ջիթոքում:
    - Նկատեցի: Ո՞նց ա պապան:
    - Մի րոպե, արի այսիքյուով խոսենք, ստեղի սմայլերը ազդում են վրաս:
    - Սենց լա՞վ ա,- գրեց աղջիկն այսիքյուում:
    - Հա, - պատասխանեց մայրը՝ երջանիկ մռութ դնելով:
    - Պապային ի՞նչ ա էղել, էլի ինսո՞ւլտ:
    - Հա: Մի կողմը լրիվ թուլացել ա, դեմքը՝ ծռվել, չի կարողանում ոչ քայլել, ոչ էլ նորմալ խոսել:
    - Դու հիմա որտե՞ղ ես:
    - Հիվանդանոցում:
    Աղջիկը տրորեց ճակատը, հետո վեր կացավ տեղից, հյութը բացեց, բերեց դրեց համակարգչի կողքին:
    - Պապային նայելու տեղը էլի նստել ես ինտերնետո՞ւմ:
    - Իբր թե դու ուրիշ տեղ ես նստած: Ես գոնե հորդ կողքին եմ:
    - Բժիշկներն ի՞նչ են ասում:
    - Հույս են տալիս:
    Խմեց հյութը ու մի կտոր էլ լավաշ պոկեց:
    - Չե՞ս ուզում պապայիդ տեսնել:
    Սպասում էր այդ հարցին: Ե՞րբ էր վերջին անգամ հանդիպել հոր հետ: Չէր էլ հիշում... Իրար հետ վատ չէին, ուղղակի չկային իրար համար: Հայրը երբեք իրենով չէր հետաքրքրվել, ինքը՝ հորով: Երկուսին էլ հարմար էր այդպես:
    Մայրը սկսեց իրար հետևից հարցականներ դնել: Ստիպված էր արագ պատասխան տալ.
    - Ուզում եմ...
    Բազմակետեր եթե չդներ, ազնիվ չէր լինի: Բազմակետերը շատ բան են նշանակում: Կարող էր ուղղակի անվերջակետ թողնել, բայց այդ դեպքում կստացվեր շատ անտարբեր: Վերջակետով էլ՝ չոր ու կոպիտ: Իսկ սմայլիկը հեչ տեղին չէր լինի: Հետագա բառեր ենթադրող բազմակետեր էին պետք: Ուզում եմ, բայց: Ուզում եմ, միայն թե: Ուզում եմ, չնայած: Եվ վերջապես՝ ուզում եմ երևի:
    - Ապրես,- գրեց մայրը,- դե գնացինք սկայպ:
    Էկրանին հայտնվեց հիվանդանոցի սենյակը:
    - Էրևում ա՞:
    - Հա:
    Վիդեոն կար, ձայնը՝ չէ:
    - Մամ, կարող ենք խոսել, ինչի՞ ես տպում:
    - Գիտեմ, սենց հարմար ա:
    Ինքը սկսեց խոսել, մայրը՝ տառերով արձագանքել: Լսում էր ստեղնաշարի չխչխկոցը ու նայում մոր կենտրոնացած հայացքին:
    - Կոմպը տանում եմ հորդ մոտ:
    Սենյակն սկսեց շարժվել էկրանին: Եվ հայտնվեց հայրը՝ իր հիվանդանոցային մահճակալով:
    - Պապ, բարև, ո՞նց ես:
    Հայրը բարձրացրեց ձեռքը ու փորձեց ինչ-որ բան ասել, բայց միայն անհասկանալի ձայներ դուրս եկան:
    - Ասում ա՝ լավ եմ,- թարգմանեց մայրը,- քեզնից ա հարցնում:
    - Պապ, դու քեզ լավ նայի, իմ համար մի անհանգստացի, վաղուց էրեխա չեմ...
    Հայրը շրջվեց մոր կողմը ու մեծ դժվարությամբ ծածմածռեց շուրթերը:
    Կինը ծիծաղեց:
    - Հարցնում ա՝ քանի՞ տարեկան ես:
    Աղջիկը կամաց արտասանեց.
    - Չգիտեմ...
    - Դե լավ, գնա քո գործերով, մենք էլ տեսնենք՝ ինչ ենք անում,- արագ գրեց մայրը:
    - Լավ...
    - Վաղն էլ կերևա՞ս:
    - Երևի...
    Անջատեց համակարգիչը: Մի քիչ մնաց նստած՝ նայելով պատին: Հետո վեր կացավ, յոգուրտն ու լավաշի մնացորդները գցեց սառնարանը: Կողքի սենյակում աղմուկը գնալով ուժեղանում էր:
    Դուրս եկավ տնից՝ քայլելով դեպի այգին:
    Երանի նորից հանդիպեր փիսիկին:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Moonwalker (25.10.2010), Արևածագ (27.10.2010), Երվանդ (26.10.2010)

  12. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատերազմ

    Հոր հիվանդությունը նորություն չէր, մի տեսակ կարծես սովորական էր դարձել, որ հայրը ծանր է: Չէր սիրում հիվանդանոցի մութ ու դատարկ միջանցքները, դեղերի սուր հոտը, բժիշկների սառն ու անտարբեր դեմքերը: Հիմա էլ, երբ կարդաց մոր գրածը, ավելի շատ սրտնեղեց, որ նորից մտնելու է այդ սառը շենքը, քան, որ հոր վիճակը ծանր է:
    Ե՞րբ էր, տասնութ տարի առաջ, թե՞ անցած կյանքում, երբ առաջին անգամ հիվանդանոց մտավ, ուրախությունից թռչկոտում էր` նորից տեսնելու էր հորը, երկար բաժանումից հետո հայրը նորից գրկելու էր իրեն, սեղմելու էր կրծքին, համբուրելու էր մազերը, իսկ երեկոյան, քնելուց առաջ, հեքիաթ էր պատմելու, իր բարի ու դուրեկան, մի քիչ խզված ձայնով: Հայրը գեղեցիկ տղամարդ էր, գոնե իր համար նա աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաուժեղ տաղամարդն էր: Երբ հոր ձեռքը բռնած դպրոց էր գնում, բարձր դասարաններում սովորող աղջիկները աչքերը չէին կտրում հորից, ու նա դրանից անասելի լավ էր զգում, Որովհետև համոզված էր, որ բոլոր աղջիկները նախանձում են իրեն: Իսկ երեկոները… ինչ անհամբեր էր սպասում երեկոներին, հոր գալուց ժամեր առաջ սկսում էր հաշվել րոպեները: Մայրը քիչ էր խոսում, ու տանը համարյա միշտ լռություն էր տիրում, իսկ երբ գալիս էր հայրը, ամեն ինչ փոխվում էր, ինչ խաղ ասես որ չգիտեր հայրը, խաղում էին մինչև ուշ գիշեր, ու մանկական զրնգուն ծիծաղը մինչև ուշ գիշեր չէր դադարում:
    Բայց մի օր հայրը եկավ սովորականից ավելի ուշ, անսովոր փայլ կար աչքերի մեջ, երկար ինչ-որ բան էին խոսում մոր հետ, մայրը լալիս էր: Չէր հասկանում` ինչու է լալիս մայրը, ինչու է հայրը տխուր, ոչինչ չէր հասկանում: Հետո հայրը գրկեց իրեն ու երկար ժամանակ համբուրում էր մազերը, հոր գրկում միանգամից մոռացավ ամեն ինչ, հետո, երբ պառկել էր քնելու, հայրը նստեց կողքն ու հեքիաթ էր պատմում: Չէր լսում բառերը, չէր հասկանում իմաստը, կարևորը, որ հայրը մոտն է, կարևորը, որ նրա ձայնը հանգիստ ու բարի է, ուրեմն ամեն ինչ լավ է, ուրեմն հայրը սիրում է իրեն, ուրեմն բոլոր աղջիկները նախանձում են իրեն, ուրեմն ընկեր Մարգարյանը չի ասել, որ ինքը այսօր ցրտից կուչ եկած մի փիսիկ էր տարել դպրոց, ուրեմն հայրը չի բարկանում:
    Իսկ առավոտյան հայրը չկար, չեկավ ամբողջ օրը, մայրը լալիս էր, չէր պատասխանում հարցերին: Այդ օրը քնեցին շատ ուշ: Հաջորդ օրը նույնպես հայրը չեկավ, տխուր էր, ժամերը չէին անցնում: Չգիտես ումից լսել էր, որ հայրը կամավոր է մեկնել, չէր հասկացել բառի իմաստը, կամավորը նրա համար ինչ-որ մի շատ հեռու տեղ էր, ուր մեկնել էր հայրը: Գլուխ էր կոտրում հասկանալու համար թե ինչու, միթե լավ չէր այստեղ, գուցե էլ չի սիրում իրեն, գուցե բարկացրել է հորը, տխուր էր, անասելի տխուր:
    Մի քանի ամիս անց լուր ստացան, որ հայրը վիրավորվել է ու պառկած է Երևանի զինվորական հոսպիտալում: Ուրախությանը չափ ու սահման չկար, չէ որ նորից տեսնելու էր հորը: Երբ մտան հիվանդանոց, սիրտը խփում էր ուրախությունից, վերջապես հասան այն դռանը, որտեղ պառկած էր հայրը: Մայրը դանդաղ բացեց դուռը, մի պահ կանգնեց, ճչաց կամաց ու նետվեց անկողնուն պառկած մարդու կողմը: Ինքը կանգնել էր ապշած ու հայացքով հորն էր որոնում փոքրիկ սենյակում, ու ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու է մայրը հեկեկում ու համբուրում այդ մարդու դեմքը: Անկողնուն պառկած մորուքով, կարմիր աչքերով, կապտասև դեմքով մարդը, որի ճակատից աչքի վրայով մինչև այտի կեսը սև սպի էր իջնում, որի ամբողջ մարմինը բացի դեմքից փաթաթված էր սպիտակ բինտով, ոչ մի կապ չուներ իր հոր հետ, դա իր հայրը չէր, ու երբ մարդը հոր ձայնով կանչեց իրեն, ինքը չմոտեցավ նրան…
    …հետո ցուրտ էր, ու լռություն էր տիրում, անկողնուց մինչև կեսօր դուրս չէին գալիս, հայրը` անկարող էր, ինքը` ցրտից թաքնվելով, իսկ մայրը` գիշերային աշխատանքից ուժասպառ եղած: Ինչ-որ խորը անդունդ էր գոյացել իր ու հոր հարաբերությունների մեջ: Հոր ամբողջ մարմինը սպիերով էր պատված, գիշերները չէր կարողանում քնել, ատամները սեղմած տնքում էր ցավերից, առաջվա ուրախ տրամադրությունից հետք անգամ չէր մնացել, իսկ դեմքի խոր սպին անբացատրելի զզվանք էր առաջացնում աղջկա մեջ:
    Դժվար տարիներ ապրեցին, փող չունեին, մայրը հազիվ էր հասցնում, հայրը գիշերները թաքուն լալիս էր, ցերեկները ապարդյուն աշխատանք էր ման գալիս: Օր էր լինում հաց անգամ չէին կարողանում գնել, էդ ամեն ինչը սկսել էր հոգնեցնել իրեն, մի օր չդիմացավ, գոռգոռաց հոր վրա, ասաց, որ զզվել է ապրել աղքատության մեջ, երբ մայրը փորձեց հանգստացնել իրեն, հարձակվեց մոր վրա, կոպիտ ու անտաշ անվանեց մորը ու հեռացավ տանից: Եթե չլիներ Արամը, ինքը հաստատ կկործանվեր,այդ ժամանակ համոզված էր դրանում: Արամը հարուստ էր, Արամը փրկություն էր նրա համար: Իսկ հետո…
    …Չէ բավական է, պետք է այցելել հորը: Վեր կացավ, հեռախոսը խցկեց գրպանն ու դուրս եկավ տանից: Նոր էր հասել կանգառ, երբ հեռախոսը նորից դզզաց, նայեց համարը, նույն անծանոթ համարն էր, այսօր արդեն երրորդ անգամ էին զանգում: Հետաքրքրասիրությունը հաղթեց, սեղմեց միացման կոճակը.
    -Ալո…Սե՞դ…
    Շունչը կտրվեց, անհնար է, աչքերում ատելության հետ խառնված վախ կար:
    -Սեդ, լսում ե՞ս…
    Ուզում էր պատասխանել, բայց ձայնը դուրս չէր գալիս, քանի անգամ էր մտովի պատկերացրել այս պահը, մեկը մեկից ավելի կոպիտ ու վիրավորական արտահայտություններ էր հորինել այս պահի համար, իսկ հիմա…
    -Սեդ, ինչի չես խոսում…
    Հազիվ զսպեց իրեն, որ չգոռա.
    -Ինչի ես զանգել
    -Վայ Սեդ, ինչ լավ ա, որ պատասխանեցիր, մեռա քեզ զանգելով, գիտեմ որ նեղացել ես, բայց ես մեղավոր չեմ, չես պատկերացնի ինչ պրոբլեմների մեջ եմ ընկել, լավ ա ամեն ինչ վերջացավ, ես եկել եմ Սեդ, ես ուզում եմ տեսնել քեզ… կարոտել եմ քեզ…
    -Ինչի ես զանգել, ինչի ես ընդհանրապես վերադարձել, ուզում ես մինչև վերջ կործանես ինձ հա՞, ինչի ես զանգել, ինչի ես զանգել,- Սեդան արդեն գոռում էր, անկապ բառեր էր ասում, շունչը կտրվում էր զայրույթից:
    -Սեդա լսի ինձ, մենք պետք ա հանդիպենք, ես կարոտել եմ քեզ, ես էլ չեմ կարա ապրեմ առանց քեզ…
    Սեդան գոռում էր, Սեդան նույնիսկ չէր հասկանում, որ ինքը գոռում է.
    -Իսկ ուր էիր էս երեք ամիսների ընթացքում, դու գիտես որ ես… դու գիտես որ ես քիչ էր մնացել մարդասպան դառնայի, դու հասկանում ես, ես ուզում էի սպանել իմ երեխային, Արամ, իմ երեխային…,-Սեդան արդեն հազիվ էր խոսում, կուչ էր եկել նստարանին ու շշնջում էր հեռախոսի մեջ,- ես հղի եմ Արամ, ես երեխա եմ ունենալու…
    Լռություն տիրեց, Սեդան սրտի ամեն մի զարկը զգում էր քունքերի վրա, ժամեր տևեց այդ մի քանի վայրկյանը: Երբ Արամը խոսեց ձայնը հանգիստ էր.
    -Ես ուզում եմ տեսնել քեզ…
    …հյուրանոցի սենյակում կիսախավար էր, Սեդան չէր պատասխանում Արամի համբույրներին, բայց երբ Արամը ուզեց հանել Սեդայի սվիտերը, Սեդան բարձրացրեց ձեռքերը…
    …հետո Սեդան գլուխը դրել էր Արամի կրծքին, ու Արամը համբուրում էր Սեդայի մազերը, ու շշնջում էր,- Սիրում եմ քեզ, սիրում եմ մեր բալիկին…
    Այդ գիշերը ակնթարթ թվաց Սեդային:
    Առավոտյան, երբ արթնացավ, սենյակում մենակ էր, Արամի բարձի վրա թուղթ կար, Սեդան վերցրեց թուղթը, կարդաց, լուռ վեր կացավ, հագնվեց ու դուրս եկավ սենյակից: Հյուրանոցի աշխատակիցը հայտնեց, որ պարոնը պահանջել էր վերջնահաշվարկը, վճարել ու հեռացել էր առանց որևէ բան փոխանցելու: Սեդան լուռ դուրս եկավ հյուրանոցից, անձրև էր գալիս…
    ………………………………
    -Սեդան մեղավոր չի Աշխեն, նա սովորել էր որ իր հայրը ամենագեղեցիկն ու ամենաուժեղն է, երբ նրան դպրոց էի տանում բարձր դասարանում սովորող աղջիկները հայացքով հետևում էին մեզ, ես ամաչում էի, իսկ Սեդան ժպտում էր: Սեդաս… Աշխեն, չասես Սեդային, չեմ ուզում որ անհանգստանա: Էն օրը երբ ինձ առաջին անգամ տեսավ էս վիճակում, նեղացավ ինձանից, նեղացավ որ էլ գեղեցիկ ու ուժեղ չեմ… Սեդաս մեղավոր չի Աշխեն:
    Աշխենը չէր պատասխանում, արդեն երրորդ օրն էր Սամվելի վիճակը շատ ծանր էր, Աշխենը համարյա չէր հեռանում կողքից: Սամվելն անդադար խոսում էր, Աշխենը լուռ լսում ու տխուր ժպտում էր, ու արցունքները անդադար հոսում էին նրա աչքերից, ու նա այնքան նման էր այն աղջնակին, ում պատուհանի տակ գիշերներ էր լուսացրել Սամվելը, ոչինչ, որ արդեն հիսունն անց են, Սամվելի համար Աշխենը դեռ այն տասնութամյա օրիորդն է, երանի չլիներ պատերազմը, ինչ լավ կլիներ ամեն ինչ…
    Սամվելը փակեց աչքերը: Սեդային դպրոց էր տանում, Սեդան ամբողջ ճանապարհին բլբլում էր, ինքը ամուր բռնել էր աղջկա ձեռքը, աշխարհում չկար ավելի երջանիկ մարդ, քան ինքը, ախր հրեշտակի պես աղջիկ ունի, կին ունի, որին սիրել է աշխարհում ամեն ինչից շատ, ու աղջիկն ու կինը սիրում են իրեն, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար: Հանկարծ Սեդան անսպասելի բաց թողեց ձեռքն ու սկսեց վազել, ուզում էր վազել աղջկա հետևից ու չէր կարողանում, Սեդան վազեց բավական տարածություն, ինքը մեխվել էր տեղում ու սարսափը կուտակվում էր աչքերի մեջ, հանկարծ Սեդան կանգնեց, ետ շրջվեց ու սկսեց գոռալ,- հոգնել եմ քեզնից, հոգնել եմ էս աղքատությունից, հոգնել եմ, հանգիստ թող ինձ,- ու դպրոցական շրջազգեստի փոխարեն Սեդայի հագին պատռված ծնկներով ջինս էր…
    Բացեց աչքերը,- Աշխեն, Սեդաս մեղավոր չի,- ու անշարժացավ:
    Աշխենը լուռ լալիս էր, լալիս էր իր կորած երիտասարդության համար, լալիս էր գեղեցիկ ու ուժեղ Սամվելի համար, լալիս էր Սեդայի ու նրա երեխայի համար, լալիս էր, որովհետև ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ պատերազմ էր եղել…
    …Սեդան չէր նկատում որ քայլում է անձրևի տակով, հանկարծ կրծքի տակ շարժում զգաց, կանգ առավ, չգիտես ինչու երեկվա փիսիկին հիշեց ու քայլերն ուղղեց դեպի այգի, երկար ման եկավ փիսիկին, վերջապես գտավ մի թփի տակ կուչ եկած, գրկեց ու վազեց տուն…
    …պատերազմները սկսվում են, բայց երբեք չեն ավարտվում…
    Շ. Թաթիկյան

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), einnA (25.10.2010), Moonwalker (26.10.2010), Արևածագ (27.10.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուրճ երկուսով

    Փորձեց հիշել հոր դեմքը: Մի քիչ կնճռոտված, նեղ ակնակապիճներով, հազիվ նշմարվող բերանով, փոքր քթով, ինչի պատճառով պապը տատին օր ու արև չէր տալիս՝ համոզված լինելով, որ իր որդին չէ, որովհետև նրա հսկայական արծվաքթի նշույլն անգամ չկար: Մազերի գույնը չկարողացավ մտաբերել. այնքան վաղուց չէր տեսել հորը, որ արդեն մոռացել էր, թե ինչքան է հասցրել սպիտակել:

    Նույնպիսի կարճ պատասխան գրեց մորը. «Լավ»: Գնաց խոհանոց, սուրճ սարքեց, փռվեց բազմոցին ու պայուսակից հանեց վերջերս գնած գիրքը, որը բացելու առիթ առաջին անգամ էր ունենում:

    Հեռախոսը նորից դզզաց: Այս անգամ որոշեց պատասխանել: Մայրն էր: Իրեն ոչ բնորոշ զայրացած, հուզված, գուցե նույնիսկ ափերից դուրս եկած ձայնով բղավեց.
    - Վա՞տ ես հասկանում, որ հայրդ լավ չէ: Հենց հիմա վեր կաց, արի: Գիշերը դու պիտի հետը մնաս:
    - Ո՞ր հիվանդանոց,- առանց անհանգստության որևէ նշանի արտաբերեց:
    Նրա անհանգստությունն է´լ ավելի հունից հանեց: Մայրը կատաղած ինչ-որ բաներ շպրտեց, որոնցից միայն հիշում է. «Արժանի չես… անամոթ… երախտամոռ… փոքր ժամանակ… դասերդ»:
    - Ո՞ր հիվանդանոց գամ,- նույն անտարբերությամբ պատասխանում է:
    Գոռգոռոցների հերթական տեղատարափի մեջ հասցնում է որսալ բուժհիմնարկի անունը և անջատում հեռախոսը:

    Վերցնում է պայուսակը, մեջը տեղավորում դեռևս չկերած լավաշի մնացորդները, գիրքը, որը դեռ չէր սկսել կարդալ, մի քանի սիդի ու սուրճի բանկան: «Պապայի հետ կխմեմ»,- մտածում է:

    Դուրս եկավ: Դռան մոտ տեսավ նույն կատվին, որն անթարթ իրեն էր նայում: Միջանցքի կիսամթի մեջ բբերը մեծացել, կլորացել էին՝ ինչ-որ տեղ սարսափազդու տեսք հաղորդելով: Դա նրան հիշեցրեց հորը, որն աչքերը կլորացնելով նայում էր իրեն ծեծի հերթական սեանսից առաջ:

    - Փըշտ,- ասաց, բայց կարծես կատուն շարժվելու մտադրություն չուներ: Փոխարենը խռպոտած մլավեց՝ հիշեցնելով հոր՝ տարիներ շարունակ ծխելու արդյունքում խռպոտած ձայնը:

    Նստեց երթուղային, որովհետև չէր շտապում, հասավ հիվանդանոց, առանց դժվարության մտավ պալատ ու հայտարարեց.
    - Հայր, ես էկա:

    60-ն անց տղամարդը մի կերպ գլուխը բարձրարցեց բարձից ու հրամայեց.

    - Մոխրամանս բեր:

    Չլսեց: Նրա ուշադրությունը գրավել էին հոր մազերը, որոնք այդպես էլ չէր կարողացել մտաբերել: Սպիտակ, մոխրագույն, սև՝ ինչպես երիտասարդ ժամանակ կամ լրիվ ճաղատ… Ոչ մեկն էլ չէր: Հոր մազերը նույնքան շեկ էին, որքան միջանցքի կատվի բուրդը:

    - Վա՞տ ես լսում:

    - Կարծեմ ստեղ ծխել չի կարելի,- սթափվելով պատասխանեց, ու սա առաջին անգամն էր, որ հորն ընդդիմանում էր:

    - Ո՞նց ես համարձակվում,- վերմակի տակից ձեռքերը հանեց, գծավոր պիժամայի թևքերը քշտեց ու փորձեց հարձակվել:

    Տեսնելով, որ բավական դաժան գիշեր է լինելու ու չցանկանալով ծանր հիվանդ մարդու առաջարկած ծեծին արժանանալ՝ բուժքրոջը կանչեց:

    - Նրա մոտ ագրեսիվության և անքնության նշաններ են նկատվում: Գուցե հանգստացնո՞ղ տաք,- մտահոգված ձևանալով ասաց:

    Բուժքույրը ներարկեց: Հինգ րոպե անց հայրը քնած էր: Ուշադիր զննեց արտաքինը: Դեմքը մի տեսակ կատվային էր: Ականջները սրվել էին, բերանը հավաքվել էր, քիթն է´լ ավելի էր փոքրացել, իսկ բեղերը երկարել ու առաջ էին եկել: Պատահական չէր, որ միջանցքի կատուն հորն էր հիշեցրել:

    Առավոտյան պալատը լքեց, երբ հայրը դեռ քնած էր: Մորը կարճ հաղորդագրություն ուղարկեց, որ գնում է աշխատանքի, շարժվեց դեպի տուն, որովհետև շաբաթ օրերը երբեք չի աշխատել, բայց մորը հավատացրել է, որ իր զբաղվածությունը վեցօրյա է:

    Մտավ տուն: Սենյակը քանդած էր: Համակարգիչը միացած էր: Դիմացը նստած էր… միջանցքի կատուն՝ հոր գծավոր պիժամայով ու օդնոկլասնիկի կայքում ընկերների հետ էր զրուցում: Մինչ ուշքի կգար, հոր դիմագծերով կատուն շրջվեց դեպի նա ու աչքով արեց: Հեռախոսը դզզաց: Մայրն էր:

    - Շուտ արա˜, արի˜, հերդ չկա: Մտել են պալատ, անկողնում կատու գտել: Իսկ հորդ մասին տեղեկություն չկա:

    Անջատեց հեռախոսը: Մտավ խոհանոց, որ երկուսի համար սուրճ պատրաստի:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Moonwalker (26.10.2010), Արևածագ (27.10.2010), Հայկօ (31.10.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Նամակն առանձնապես ազդեցություն չգործեց: Անգամ մեղքի զգացում չունեցավ, որ ամբողջ օրն էդպես էլ չէր վերցնում հեռախոսը` մոր համարը տեսնելով: Մտքով անցավ` զանգել, իմանալ հոր վիճակը, բայց մոր հետ խոսելու հեռանկարը միտքը վանեց:
    Մտածեց հոր մասին: Երևի մազերն ավելի ճերմակած կլինեն: Գուցե նիհարել է: Տեսնես ինչ է պատահել, ինչ հիվանդություն ունի: Գուցե հանկարծակի սիրտն է վատացել:
    Ինքը կապված չէր ընտանիքի հետ: Ոչ մեկի հետ կապված չէր: Անգամ ոչ մի նորմալ սիրային հարաբերություն չէր ունեցել ողջ կյանքում: Նա հասկացել էր, որ մարդկանց մեծ մասը նման է իր սառնարանին` դատարկ են, ու եթե բախտդ բերեց` շատ-շատ մի հատ թոռոմած խնձոր գտնես:
    Հեռու էր մնում մարդկանցից` դրանով ազատելով իրեն մարդկային շփման կապանքներից, քաղաքավարությունից դրդված հանդիպումներից, կեղծ ժպիտներից ու այլ հրաշքներից, որոնք առատաձեռնորեն շռայլում են մարդկային հարաբերությունների ճնշող մեծամասնությունը:
    Ծնողներին վերջին անգամ տեսել էր չորս տարի առաջ` Նոր տարվա գիշերը, երբ հարբած գնացել էր տուն ու սկանդալ սարքել, երբ իրեն սկսել էին մեղադրել «էդպես էլ խելքի չգալու» մեջ: Այդ օրը հավաքել էր իրերն ու տնից գնացել:
    Հեռախոսը նորից դզզաց: Այս անգամ խուլ` անկողնու փափկությունը խլացնում էր ձայնը: Վեր կացավ, նայեց. մայրն էր: Նորից գնաց նստեց համակարգչի մոտ ու բացեց Solitaire:
    Խաղը չէր ստացվում: Անընդհատ ուղեղում հայրն էր: Նույնիսկ չէր կարողանում որոշել` անհանգստանում է, թե հետաքրքրվում: Փակեց խաղը, վերցրեց բանալին ու նորից դուրս եկավ: Անկողնու վրա հեռախոսը շարունակում էր դզզալ:
    Եղանակը փոխվել էր, ամպամած էր: Զգաց, որ մրսում է: Չգիտեր` ցրտից, թե նյարդայնությունից: Կոկորդը սեղմվում էր: Ձեռքերը խցկեց գրպաններն ու սկսեց քայլել:
    Գրպանում մատները մետաղադրամներ շոշափեցին: Նստեց ավտոբուս: Իջավ իր իմացած միակ հիվանդանոցի մոտ: Գնաց ներս: Ներսում հարցրեցին, թե ուր է գնում: Ասաց` հորս մոտ:
    Հիվանդանոցի ներսում քթին խփեց դեղերի, ժավելի ու էլի եսիմ ինչի հոտը, որոնց խառնուրդին ինքը միշտ ասում էր` հիվանդանոցի հոտ: Աստիճաններով բարձրացավ: Միջանցքում կապույտ սպորտային հագուստով մի մարդ էր քստքստացնելով քայլում: Երևի հիվանդներից մեկն էր:
    Շրջեց հիվանդանոցում, հետո իջավ ցած: Չէր հասկանում, թե ինչ գործ ունի էդտեղ: Դուրս եկավ շենքից: Խորը շնչեց թարմ օդն ու արագ հեռացավ:
    Անձրև էր սկսվել: Նա արագ մտավ առաջին պատահած պանդոկն ու տեղավորվելով սթենդի դիմացի բարձր աթոռին` օղի պատվիրեց: Երբ բարմենը փոքրիկ բաժակը դրեց դիմացը, նա առանց մտածելու` կուլ տվեց պարունակությունը: Կյանքում առաջին անգամ էր արաղ խմում: Հեղուկը, կերակրափողն այրելով, լցվեց ստամոքսը:
    Էլի:
    Էլի:
    Էլի:
    ….
    Հասավ տուն գիշերվա չորսին: Բարմենի հետ միասին: Խմելուց մոռացել էր, որ փող չկա մոտը, հետո էլ էնքան էր վատացել, որ բարմենը, պանդոկը փակելով` նրան տուն էր հասցրել: Ինքն ամբողջ ճանապարհին ասում էր` ես քեզ կվճարեմ, տանը փող ունեմ: Ու փսխում էր`տաքսու պատուհանից գլուխը կախելով:
    Բարմենը բարի տղա դուրս եկավ: Նա ոչ միայն չվերցրեց օղու գումարը, այլև հոգատարությամբ աղջկան օգնեց լվացվել, հետո ստիպեց մի քանի կաթիլ լիմոնի հյութ կուլ տալ ու պառկեցրեց անկողնուն: Երբ ուզում էր նրան շալով ծածկել` հեռախոսն ընկավ գետնին: Տղան այն վերցրեց ու տվեց աղջկան:
    Աղջիկը նայեց հեռախոսի դիսփլեյին: 24 բաց ողած զանգ ու մի հաղորդագրություն: Կարդաց. “Հայրդ մահացավ”: Հեռախոսը երկու ձեռքով բռնած սեղմեց կրծքին ու արցունքները սկսեցին հոսել: Տղան ոչինչ չասաց: Պառկեց կողքն ու պինդ գրկեց նրան:
    Մայրը երբեք խոսքեր չէր շռայլում: Բացառություններ չկային:
    Կողքի սենյակում MTV-ի նոր տեսահոլովակը դղրդացնում էր շենքի պատերը:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Moonwalker (26.10.2010), Արէա (26.10.2010)

  18. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղմուկ

    Չէր ուզում նորից հիշել այդ պատմությունը: Ամեն անգամ ընտանիքի մասին մտքերն աղմուկ էին առաջացնում գլխում: Իսկ ինքն աղմուկ տանել չէր կարող:
    Հիմա նամակի բառերն էին զրնգում ուղեղում: Գիտեր, որ հայրը ծանր հիվանդ է: Քաղցկեղը վերջին ամիսներին լրիվ հյուծել էր նրան, ու հիմա հիվանդանոցում էր: Ծանր վիճակում: Ինքը հորը սիրում էր: Շատ: Բայց դա այն սերերից էր, որը չի փնտրում մտերմություն, այն կարող է ապրել միայն հեռվից: Ինքն ամբողջ էությամբ ուզում էր, որ հայրը լավ լինի, բայց նրա մոտ լինել չէր ուզում:
    «Մեռնում է»: Այդ միտքը ցավեցնելու չափ խփում էր քունքերին ու ավելացնում ներսի աղմուկը:
    Կգնար հիվանդանոց, եթե իմանար, որ չի տեսնելու մորը: Բայց այդ հանդիպումն անխուսափելի էր լինելու: Լավ գիտեր:
    Պատի հետևում լսվում էին արտասահմանցի ուսանողների հրճվանքի ձայներն ու բարձր երաժշտությունը: Ատում էր աղմուկը: Հիմա այն ամենուր էր: Սղոցում էր իրեն ներսից, ճզմում վերևից, խեղդում կողքերից: Անտանելի էր:
    Սկսեց բռունցքով խփել պատին:
    - Ձայներդ կտրե՜ք:
    Արձագանք չեղավ: Ով էր լսողը: Զարկերն ուժեղացան:
    - Բավակա՜ն է:
    Արագ քայլերով դուրս եկավ սենյակից ու առանց դուռը թակելու մտավ կողքի զվարճասրահը: Կիսահարբած դեմքերով երիտասարդներն առանձնապես ուշադրություն չդարձրեցին նրա վրա: Մի հոգի ավել, մի հոգի պակաս, ինչ տարբերություն, եթե արդեն քեֆդ լավ է:
    - Լռե՜ք, հերի՜ք է:
    Անգլերեն չգիտեր: Բացի դրանից, իսկական զայրույթը միայն հարազատ լեզվով կարտահայտես:
    Մի քանի հոգի նայեցին վրան:
    - Ասում եմ՝ սսկվե´ք, գժվում եմ ձեր աղմուկից: Գժվո՜ւմ եմ:
    Այս անգամ ձայնն այնքան բարձր էր, որ արդեն բոլորը նրան էին նայում:
    - Զզվում եմ ձեր ապուշ դեմքերից ու ոչխար ձայներից, պապանձվե´ք:
    Ինչ-որ մեկն անջատեց երաժշտությունը: Բոլորի աչքերը ներխուժած հյուրի վրա էին: Թեև մի տան մեջ էին ապրում ու դեմքով իրար քիչ թե շատ գիտեին, բայց երբևէ որևէ շփում նրանց միջև չէր եղել: Սա առաջին անգամն էր:
    - Ատում եմ ձեր աղմուկը, հասկացա՞ք:
    Սառած հայացքները հառվել էին անկոչ հյուրին, որը դեռ շարունակում էր գոռալ անհասկանալի լեզվով:
    Լսվեցին կամաց ձայներ.
    "What's the matter?"
    "What does she want?"
    Բայց դրանք ուղղված չէին հյուրին: Ոչ ոք նրան ոչինչ չէր ասում:
    Աղջիկը լռեց: Նրա ուսերը սկսեցին ցնցվել խեղդված հեծկլտոցներից: Սենյակը պտտվեց գլխի վերևում, ու իրեն թվաց, թե ընկնում է՝ առանց տեղից շարժվելու: Արցունքները հոսեցին աչքերից՝ մթագնելով տեսողությունը:
    Բայց կարողացավ նկատել, թե ինչպես է իրեն մոտենում մի տաք հայացք: Հետո զգաց իրեն գրկող ձեռքերը: Անծանոթն ասաց զգուշորեն.
    "Everything's gonna be alright."
    Աղմուկը քիչ-քիչ հեռանում էր՝ տեղը թողնելով գլխապտույտ ու թուլություն: Արցունքները դեռ թափվում էին կիսափակ աչքերից: Թմրությունն ավելանում էր իրեն պահող բազուկների ամրությունից:
    "Everything's gonna be fine."
    Չգիտեր, թե ինչ է ասում իրեն պինդ բռնած մարդը: Բայց դա ամենևին կարևոր չէր հավատալու համար:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Moonwalker (26.10.2010), Արէա (30.10.2010), Արևածագ (27.10.2010)

  20. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փիսոն

    Նա շարունակեց ծամել լավաշի կտորը` անտարբեր նայելով մոր գրած խոսքերին` ասես դրանք վերաբերվում էին ոչ թե իրեն, այլ հարևան սենյակում աղմուկը պաշտող երիտասարդներին: Հոգոց հանեց: Նա սիրում էր իր հորը, սակայն խուսափում էր իրեն մշտապես քննադատաբար վերաբերվող մորը հանդիպելուց:
    Դուռը թակեցին, չնայած` թակելու կարիք չկար` իր դուռը միշտ բաց էր. ինչպես ինքն էր քմծիծաղով ասում` "Սենյակիս դուռը միշտ բաց է նրանց համար, ովքեր ուզում են ինձ լքել":
    Նորից լսվեց դռան թակոցը: Նա վեր կացավ համակարգչի մոտից, դանդաղ ու ալարկոտ քայլերով մոտեցավ դռանը,չէր ուզում բաց անել դուռը, բայց այնուամենայնիվ բաց արեց այն: Դռան առջև կանգնած էր մի երիտասարդ` իր հարևան արտասահմանցի ուսանողներից մեկը:
    -Հելլո՜,-ուրախ ժպիտով ասաց նա:
    -Հելլո, հելլո… ինչ որ բա՞ն ա պատահել…
    -Չէ՛, ես եկել, որ ասել, նո՛…. քեզ հրավիրել իմ ծնունդին… արի, հա՞,- ուրախ ձայնով ասաց ուսանողը:
    Նա քննող հայացքով նայեց երիտասարդին. բարյացակամ ժպիտ, բարի աչքեր, սպասողական հայացք… ինչ-որ ջերմ ու հարազատ բան կար նրա հայացքի մեջ:
    -Լավ, կգամ,-ասաց նա:
    -Լավ, սպասեմ … երեկոյան, գա՞՜ս,-ժպտաց երիտասարդը և անհետացավ հարևան սենյակում և ինչ-որ բան ասաց իր ընկերներին:
    Դուռը փակեց: “Լավ, կգամ” … ինքն էլ զարմացավ իր ասածի վրա. նա չէր սիրում օտարազգի մարդանց, չէր սիրում անծանոթներին, չէր սիրում աղմուկը, բայց այս անգամ որոշեց գնալ` միայն նրա համար, որ սենյակում մենակ չմնա: Վերջերս նա սկսել էր վախենալ մենակությունից, մթությունից, միայնությունից… ինքն իրեն միշտ համոզում էր` ինքն անկախ է, անկախ է ամենքից և ամենից, բայց ինչքան շատ էր անկախանում, այնքան ավելի էր իրեն միայնակ զգում…
    Մոտեցավ համակարգչին, անջատեց այն, չհիշելով անգամ մոր գրած նամակի մասին… Պառկեց, փորձեց քնել: Արթնացավ աղմուկի ձայնից: “Զզվացրեցին սրանք էլ…” հետո հիշեց` աղմկելու պատճառ կար` մարդկանց մոտ քեֆ-ուրախություն էր` ծնունդ էին նշում, ավելին` ինքն էլ էր հրավիրված:
    Կես ժամ անց նա արդեն կանգնած էր հարևան դռան առջև: Դուռը բացեց իրեն արդեն ծանոթ երիտասարդը:
    -Հելլո՜, արի.. սպասում եմ… լա՞վ ես,- հին ու բարի ծանոթի պես սկսեց նա,- իմ անուն Պատրիկ ա, քո՞ անունը:
    -Աննա,- անտարբեր ձայնով ասաց նա:
    -Աննա, շա՜տ լավ անուն,-ժպտաց արդեն ծանոթ անծանոթը,-արի՛ Աննա, իմ ըկերներ ստեղ, արի՛…
    Անհաստատ քայլերով Աննան առաջ քայլեց: Պարզվեց` հյուրերը արդեն եկել էին և միայն ինքն էր պակասում նրանց ցանկից: Պատրիկը դժվարությամբ էր արտահայտվում հայերեն, բայց փորձում էր հայերեն խոսել. Աննային նա ծանոթացրեց իր ընկերների հետ, ասաց, որ իրենք բոլորն էլ եկել են Հնդկաստանից: Աննային շատ լավ ու խիստ մտերմաբար ընդունեցին:
    Շատ էին աղմկում: Աննան իրեն միայնակ էր զգում: Ինչքան շատ էին աղմկում և փորձում մտերիմ երևալ, այնքան Աննան իրեն ավելի միայնակ էր զգում:
    Նա փախչում էր միայնությունից, մինչ դեռ միայնությունը իրեն ամենուր հետապնդում էր. նա գտնվում էր մի սենյակում, որը լի էր մարդկանցով, բայց միևնույն է` նա միայնակ էր: “Մարդն ի ծնե միայնակ է” հիշեց մոր խոսքերը և կյանքում առաջին անգամ համաձայնվեց մոր ասածի հետ:
    -Լավ, ես գնամ, գործեր ունեմ,- ասաց նա, ժպտալու խղճուկ փորձեր արեց,-ծնունդդ մի անգամ էլ շնորհավոր …ըըըը… ,- առանձնապես մեծ ճիգեր չգործադրեց երիտասարդի անունը հիշելու համար,- գնացի, ցտեսություն,- հյուրերի զարմացած հայացքի ներքո` նա դուրս եկավ սենյակից:
    “Ուֆ… մեծացել եմ… էլ 22 տարեկան չեմ”,-դառը քմծիծաղով մտածեց նա` հիշելով 22 տարեկանում անցկացրած աղմկոտ քեֆերը:
    Իսկ իր սենյակում Աննային արդեն սպասում էր ինքը` Մեծն Միայնությունն իր վաղեմի ընկերոջ` Լռության հետ միասին:
    Չէր ցանկանում լսել լռության ձայնը: Վերցրեց բջջային հեռախոսը և դուրս եկավ սենյակից: Քայլերն ուղղեց դեպի այգի: Նստեց նստարաններից մեկին: Ցուրտ էր: Մի փոքր մտածելուց հետո` գրպանից հանեց բջջային հեռախոսը, փորձեց հիշել արդեն վաղուց մոռացված կամ էլ դիտմամբ մոռացության մատնված նիշերը: Հիշեց: Սառած մատներով հավաքեց հեռախասահամարը…
    -Ալո՞....
    -Մա՞մ… Մա՜մ ե՛ս եմ… ե՛ս եմ` Աննան,-նա խոսում էր արագ-արագ, ասես` վախենում էր ուշացած լիներ,- Մա՜մ… պապան ո՞նց ա…
    -Ա՞ննա,-անթաքույց զարմանքով ասաց մայրը,- ես քեզ այսօր ամբողջ օրը զանգել եմ, բայց դու…
    -Հա, մա՛մ, գիտեմ, պապան ո՞նց ա…
    -Պապան, հիվանդանոցում ա: Բժիշկները արձանագրել են` սրտի կաթված…
    Տիրեց լռություն:
    -Մա՛մ… մա՛մ, որ՞ հիվանդանոցում եք... Ուզում եմ տեսնել ձեզ…
    Մայրը ասաց հիվանդանոցի հասցեն և ավելացրեց.
    -…Սպասում ենք քեզ…
    Եվս մի քանի րոպե լռություն տիրեց հեռախոսագծի երկու կողմում էլ: Գրեթե միաժամանակ մայրը և դուստրը անջատեցին հեռախոսները:
    Աննան զգաց` ինչ-որ փափուկ ու մռռացող բան էր քսմսվում ոտքին: Նայեց: Փիսիկն էր…

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Moonwalker (26.10.2010), Արէա (30.10.2010), Արևածագ (27.10.2010)

  22. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտրություն

    Բայց կային նաև ուրիշ պատճառներ, որոնք հեռացրեցին իրեն տնից: Նրանցից գլխավորն այն էր, որ մայրն ուշադրության կարիք ուներ՝ մի բան, որն ինքը նրան տալ չէր կարող կամ չէր ուզում:
    Գուցե և դժվար է լինել միայնակ մայր ու ամեն ինչ զոհաբերել միակ երեխայիդ համար, բայց դա քո ընտրությունն է: Եվ դրա դիմաց չպետք է ինչ-որ բան պահանջել արդեն հասուն տարիքի զավակիցդ: Համենայնդեպս, ինքն այդպես էր կարծում:
    Գիտեր նաև, որ մոր մոտ միայնակությունն ու ուշադրության պակասն արդեն խանգարման էին հասնում՝ դրդելով նրան օրվա մեջ հազար անգամ զարգել իրեն, իսկ հետո էլ պատասխան չստանալով՝ ֆանտաստիկ նամակներ ուղարկել:
    Հայրը, որը «ծանր հիվանդ էր», իրականում չկար: Վաղուց արդեն: Ինչպես և չկար հորինված քույրը, որին անցյալ շաբաթ «լքել էր փեսացուն»:
    Այդ նամակները միայն մի բան էին նշանակում: «Ես քո ընտանիքն եմ և ունեմ քո կարիքը: Խնդրում եմ պատասխանիր»:
    Բայց ինչքան մայրը նոր հնարներ էր փնտրում՝ իր ուշադրությունը գրավելու, այնքան ավելի էր պակասում նրան որևէ կերպ արձագանքելու ցանկությունը:
    - Հանգիստ թող ինձ,- ասաց կիսաձայն ու փակեց էլեկտրոնային փոստը:
    Բացեց իր վիրտուալ օրագիրը և նայեց վերջին գրառմանը. «Ինչ-որ բան է պետք փոխել»:
    Փոխե՞լ:
    Դե հա:
    Կարելի էր աղմուկի մասին տեսություններ կազմելու փոխարեն՝ ծեծել հարևան սենյակի դուռը ու խնդրել, որ մի քիչ լուռ լինեն: Դժվար թե մերժեին, ի վերջո մի տան մեջ էին ապրում:
    Եվ ընդհանրապես, կարելի էր ինտերնետում անկապ-անիմաստ թրև գալու տեղը՝ փնտրել, գտնել ավելի լավ աշխատանք և վերջապես դուրս գալ այդ բնից, որը ստիպված էր կիսել օտարների հետ: Ունենալ սեփական անկյունը, ինչպես նաև բավականաչափ գումար՝ լիքը սառնարանի, նորմալ հագուստի ու նոր հեռախոսի համար:
    Կարելի էր այգու սոված փիսիկի աչքերի մասին անպետք մտքեր երկնելու փոխարեն՝ նրան մի կտոր լավաշ տալ, իսկ մի հատ շոյելուց հետո ոչ թե շպրտել, այլ բերել տուն ու պահել:
    Կարելի էր հեռախոսն ու էլեկտրոնային փոստն անպատասխան թողնելու փոխարեն՝ վերջապես հանդիպել մոր հետ ու գրկել նրան գոնե մի անգամ:
    Կարելի էր դադարել 22 տարեկան ձևանալ՝ երջանկանալով այդ մտքից, և պահել իրեն տարիքին համապատասխան:
    Կարելի էր փոխել սեփական կյանքը: Բայց ինչո՞ւ, եթե արդյունքում կկորցներ շատ թանկ մի բան:
    Ինքն իրեն: Այդքան սիրելի, այդքան հարազատ:
    Փոխե՞լ կյանքը՝ կորցնելով իրեն: Դժվար ընտրություն էր:
    Թեև նախապատվությունն ակնհայտ էր:
    Վաղը նոր օր կլինի: Նույն տան մեջ, նույն ականջակալներով, իսկ իր երևակայական եղբայրն էլ հաստատ ավտովթարի կենթարկվի:
    Թեև կարելի է ուղղակի չստուգել փոստը՝ ամեն տեսակ աղետներից հեռու:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Moonwalker (26.10.2010), StrangeLittleGirl (26.10.2010), Արևածագ (27.10.2010)

  24. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    Նորից կարդաց նամակը։ Ապշած էր. այս լուրն ընդունեց այնպիսի սառնասրտությամբ, ինչպես ամենօրյա «Հայլուրով» լսած ցանկացած գույժ, այն էլ՝ միջազգային լրահոսից։
    Իսկը ժամանակն էր անցնել յոգուրտին։ Մեծ արագությամբ դատարկեց երկու տուփ յոգուրտը, կարող էր հյութն էլ միանգամից ըմպել, բայց չէ, չէր ուզում։ Սիրտը սկսեց անհանգիստ թպրտալ։ Փաստորեն այնքան էլ անտարբեր չէր, ինչքան էլ որ ուզում էր ինքն իրեն դրանում համոզել։ Հիշեց իրենց նախավերջին հանդիպումը։ 9 տարի առաջ էր։ Հոր հետ վիճեցին կրկին ինչ որ անիմաստ պատճառով, չէ էդ պահին դա նրան անիմաստ չէր թվում։ Հայրը արգելում էր նրան մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, իսկ ինքը վստահ էր, որ իր քաղաքացիական պարտքն է կատարում։ Չնայած, որ միշտ բարեկեցիկ կյանքով էր ապրել հենց հոր շնորհիվ, ով բավական բարձր պաշտոն էր զբաղեցնում սոցապ նախարարությունում, այդ օրերին հայրը իր աչքին մի սովորական դավաճան էր, ով, կառչած իր աթոռից, չէր ուզում ընդունել ճշմարտությունը։ Վերջապես մի օր, հերթական վեճից հետո, նյարդերը տեղի տվեցին, և որոշեց ընդմիշտ հեռանալ տնից։ Եթե մայրը գոնե իր կողքին լիներ, երևի թե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, սակայն նա անվերապահորեն ենթարկվում էր ամուսնուն, առանց որևէ վերլուծության ենթարկելու վերջինիս ցանկացած, թեկուզ ամենաաբսուրդային որոշումներն ու մտքերը։
    Իհարկե հանգամանքներն էլ դասավորվեցին ի օգուտ իրեն. հենց այդ օրերին արտասահմանից ստացավ դեռ մեկ տարի առաջ հենց այնպես հանձնած թեսթերի արդյունքները, որով կարող էր մագիստրատուրայի կրթությունը շարունակել Շվեյցարիայի համալսարաններից մեկում։ Հետաքրքիրն այն էր, որ այդ քննությունը հանձնել էր առանց որևէ լուրջ նպատակի, ընկերներից մեկն էր համոզել, որ իր հետ գնա և փորձի։ Արդյունքում Հայաստանից ընտրվել էր հենց ինքը։ Որքան էլ որ ծնողները դեմ էին 20 տարեկան «տհաս», ինչպես հայրն էր սիրում կրկնել, աղջկան ուղարկել Եվրոպա, այնուամենայնիվ նա հաղթեց և ի վերջո հայտնվեց ազատության մեջ։ Փառք աստծո, ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում մորը չէր քաշել։ Արդեն մոտ 6 տարի էր, ինչ ճարտարապետի դիպլոմով աշխատում էր մի շինարարական կազմակերպությունում որպես խորհրդատու։ Ֆիկտիվ ամուսնության արդյունքում ստացել էր ապրելու և աշխատելու իրավունք, ևս մեկ տարի և արդեն գրպանում կլիներ Եվրոպայի քաղաքացու բաղձալի անձնագիրը։ Այստեղ թերևս հոր գեներն էին աշխատել, բայց այս մի բացառիկ դեպքում դրանից դժգոհ չէր։
    Վերցրեց հեռախոսը, պետք էր մորը զանգել։ Համարն արդեն անգիր չէր հիշում, մտովի մեղադրեց իրեն. թերևս լավ զավակ կոչվելու իրավունք չունի, սակայն շատ արագ վանեց իրենից այդ միտքը։ Փակեց աչքերը և մատները մեխանիկորեն շարժեց հեռախոսի ստեղնաշարի վրայով, կարծես թե ստացվեց։
    —Ալլո, Արփի, ստացել ե՞ս նամակս, – լսափողի այն կողմում մայրը չսպասեց, որ աղջիկը գոնե մի բառ ասեր։ —Արփի ջան, երբ ես գալու, քեռիդ քեզ կդիմավորի, միայն ասա որ չվերթով ես... Մայրը հեծկլտում էր։
    Արցունքները խեղդում էին կոկորդը։ — Մամ կգամ, վաղը էդտեղ կլինեմ, պապային ասա, որ կգամ անպայման։ Դիմավորելու կարիք չկա, մենակ չեմ։
    **** **** ****

    —Հայնց, բարև, ես եմ, պետք է ինձ օգնես։ Պետք է Հայաստան մեկնենք։ Հայնցը իր կյանքի առաջին և վերջին սերն էր, ում սակայն երբեք չէր խոստովանում, որ սիրում է։ Հայնցն էլ խելագարի պես իրեն էր սիրում, բայց եվրոպացու նրբանկատությամբ միայն երբեմն ինչ որ ակնարկներ էր անում, սակայն տեսնելով աղջկա սառնասրտությունը չէր հանդգնում ավել որևէ քայլ անել։ Ինքն էլ չէր հասկանում իր հիմար սկզբունքների իմաստը, սակայն, վստահ լինելով Հայնցի հավատարմության վրա, չէր շտապում հարաբերությունները ընկերականից այլ մակարդակ տեղափոխել։
    —Կբացատրե՞ս ինչ է պատահել, չեմ հասկանում` ինչ ես ասում։ Մեկնենք, ուր ուզում ես, բայց ինչու՞ հենց վաղը։
    —Կբացատրեմ ամեն ինչ, խնդրում եմ, չմերժես ինձ։

    *** *** *** *** *** *** *** ***
    Բացեց հիվանդասենյակի դուռը։ Որքան էլ որ այս երկու օրվա ընթացքում փորձել էր մտովի պատկերացնել իր և ծնողների հանդիպումը, ու մտքում, որքան էլ որ իրեն սառն ու անտարբեր էր պահել, հիմա կարծես շեղվել էր նախօրոք գծած սցենարից։ Հայրը, հյուծված ու մի բուռ դառած, պառկած էր կարծես հսկայական մահճակալի մեջ։

    Մայրն առաջ վազեց ու փաթաթվեց աղջկան.
    —Քնած է, հիմա կարթնացնեմ, քեզ էր սպասում առավոտից։
    —Մամ, ծանոթացի, Հայնցն է...
    Մայրը առանց որևէ ավելորդ հարցի մեխանիկորեն մեկնեց ձեռքը, այդ պահին պարզապես համարելով, որ «ցնդած» աղջկա հերթական ընկերներից մեկն է։
    —Արփի, աղջիկս...
    Հոր ձայնը լսելուն պես կրկին սկսեց հեծկլտալ։ —Պաաապ... Արցունքները խեղդում էին, չէր կարողանում հանգստանալ։
    —Հանգստացիր, աղջիկս, միգուցե ծանոթացնես... Հայրը դեռևս ցավազրկողի ազդեցության տակ հազիվ էր արտաբերում բառերը։
    —Պապ, ջան, Հայնցն է, մի քանի ամսից պատրաստվում ենք ամուսնանալ, հատուկ եկել է, որ քեզնից իմ ձեռքը խնդրի, – արցունքների միջից խորամանկ ժպտում էր հորը։
    Հիմա արդեն հուզվելու հերթը հորինն էր։ —Դու հայի հետ յոլա գնացողը չէիր, քեզ մի օր չէին պահի....
    Այ հիմա իր առջև նորից հայրն էր, այնպիսին, ինչպես նրան թողել էր 9 տարի առաջ՝ խորամանկ ժպիտով, թեթև ցինիզմով ու ինքնավստահությամբ։ Փաթաթվեց հորը ու արցունքների միջից սկսեց ծիծաղել։ — Պապ ջան, քեզ շատ եմ սիրում, ու միշտ էլ շատ եմ սիրել...

    Հայնցը լուռ կանգնած, առանց մի բառ հասկանալու ժպտում էր։ Զգում էր միայն, որ չնայած հիվանդանոցի ճնշող միջավայրին, այս պահին, այս պալատում բոլորը երջանիկ էին ու, որ այդ երջանկությունը թվացյալ չէր, այլ միայն սկիզբն էր իրական ու հարատև երջանկության, որ սպասում էր իրեն իր գեղեցկուհի հայուհու հետ։

  25. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), einnA (25.10.2010), Moonwalker (26.10.2010), Արէա (30.10.2010), Արևածագ (27.10.2010), Գեա (29.10.2010), Լուսաբեր (25.10.2010)

  26. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճելի քննարկումներ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 24.10.2010, 23:41:

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.10.2010), Chuk (24.10.2010), Բարեկամ (25.10.2010)

  28. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճելի քննարկումներ
    նա դեռ ծիծաղում է…

    Հաճելի գզվռտոց, կծմծոց, ներվահարումներ, արդարացի/անհիմն մեղադրանքներ/պաշտպանություններ/ինքնապաշտպանություններ, գլխին մոխիր ցանել, փոխիրն այդ փչել դիմացինի աչքերին և այլն…
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.10.2010, 06:35:

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    SSS (26.10.2010), Արևածագ (27.10.2010), Հայկօ (25.10.2010), Շինարար (25.10.2010)

Էջ 1 30-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.06.2012, 14:22
  2. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». գլխիվայր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.12.2010, 00:14
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 147
    Վերջինը: 25.09.2010, 20:23
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 107
    Վերջինը: 07.11.2008, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •