Վերջապես դիտողություններս հանձնեմ հանրությանը:
Նախ առաջարկած սկզբի մասին: Մեծ աստիճանի ճկունություն էր պարունակում իր մեջ, և դրա վկայությունն է տարբերակների բազմազանությունը: Հմտորեն կիսված էր՝ հենց ահազանգի վրա, ավելորդ բան չէր թողնված, որպեսզի որևէ կերպ չճնշեր շարունակողի երևակայությունը: Լիլ և Շ ջաններ, ապրե՛ք:
Ահազանգը մուգ երանգ մտցրեց սկզբի բավական անհոգ-անշարժ նկարագրության մեջ ու շարունակողները պետք է ինչ-որ բան անեին դրա հետ՝ կամ ֆատալության վերածեին («Քաղց», «Պատերազմ»), կամ չհանգուցալուծված թողնեին՝ կենտրոնանալով այլ հուզումների վրա, առանց աղջկան հոր հետ հանդիպեցնելու («ՆԵ...ՆԱ», «...», «Աղմուկ», «Փիսոն») կամ հոր հետ «հանդիպեցնելով» («Հանդիպում»), իրականությունից կտրվելով և դրանով զրոյացնելով ստեղծված մուգ երանգը («Սուրճ երկուսով», «Ընտրություն»), կամ լավատեսորեն փոխելով երանգը լուսավորի («***»):
Խոսեմ իմ «Ապասսիոնատի» մասին: Ես նախընտրեցի մութ երանգը վերջնականապես սևացնել՝ ներկայացնել հորը մահացած, քանի որ այդպես հնարավորություն էի ստանում ներկայացնել վերջին տեսարանը (որին, զարմանալիորեն, ոչ ոք չանդրադարձավ), որից էլ պատմվածքը ստացել է իր անունը՝ Քաղց: Քահանայի խոսքերը, որոնք մեջբերել եմ, պատահական չեն վերցված: Իրականում, կարծում եմ, դրանք չեն էլ կարդացվում հոգեհանգստի արարողության ժամանակ: Դրանք վերցված են Հին Ուխտից և կոչված են ցույց տալու հասարակության քաղցը արդարության նկատմամբ: Եթե նկատել եք, վերջին տեսարանում, երբ աղջիկը մոտենում է հորը, բոլորն իրեն են նայում, և գրեթե բոլորը (միգուցե, բացի մորից) քննադատում են նրան ուշացման համար: Միայն հայրն է, որ չի քննադատում և պատահական չէ, որ հոր հայացքն ուղղված է երկինք, որտեղից նա ակնկալում է ամենայն բարիք իր աղջկա համար (թերևս համր աղոթքի մի տեսակ): Մինչդեռ բոլոր նրանց հայացքները, ովքեր ժամանակին էին եկել, օգնել էին հորը, արդար էին, ունեին, ցավոք, քահանայի հետևյալ խոսքերում արտահայտված ակնկալիքը՝ «Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն... թող հալուեն մոմի նման ու սպառուեն... Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ։» (ընդգծված մասը ցույց է տալիս նման ակնկալիք ունեցողների կուրության աստիճանը) Սա էր քաղցը: Իսկ այն, որ աղջիկը չէր կորցրել հոր հետ կապը երբեք և միշտ մտածել էր նրա մասին՝ ցույց են տալիս լավաշի փշրանքները, որոնք նա պահել էր հոր համար հենց առաջին օրվանից, երբ ստացել էր ահազանգը (երեք օրվա հնության հաց էր): Կարելի է ավելի շատ վերլուծություն էլ անել հացի և հոգեհանգստի, մանկական լեզվի և ծեր կանանց վերաբերյալ, բայց այսքանով կսահմանափակվեմ:
Նորից՝ շնորհակալություն բոլորիդ:
Էջանիշներ