Սուրճ երկուսով
Փորձեց հիշել հոր դեմքը: Մի քիչ կնճռոտված, նեղ ակնակապիճներով, հազիվ նշմարվող բերանով, փոքր քթով, ինչի պատճառով պապը տատին օր ու արև չէր տալիս՝ համոզված լինելով, որ իր որդին չէ, որովհետև նրա հսկայական արծվաքթի նշույլն անգամ չկար: Մազերի գույնը չկարողացավ մտաբերել. այնքան վաղուց չէր տեսել հորը, որ արդեն մոռացել էր, թե ինչքան է հասցրել սպիտակել:
Նույնպիսի կարճ պատասխան գրեց մորը. «Լավ»: Գնաց խոհանոց, սուրճ սարքեց, փռվեց բազմոցին ու պայուսակից հանեց վերջերս գնած գիրքը, որը բացելու առիթ առաջին անգամ էր ունենում:
Հեռախոսը նորից դզզաց: Այս անգամ որոշեց պատասխանել: Մայրն էր: Իրեն ոչ բնորոշ զայրացած, հուզված, գուցե նույնիսկ ափերից դուրս եկած ձայնով բղավեց.
- Վա՞տ ես հասկանում, որ հայրդ լավ չէ: Հենց հիմա վեր կաց, արի: Գիշերը դու պիտի հետը մնաս:
- Ո՞ր հիվանդանոց,- առանց անհանգստության որևէ նշանի արտաբերեց:
Նրա անհանգստությունն է´լ ավելի հունից հանեց: Մայրը կատաղած ինչ-որ բաներ շպրտեց, որոնցից միայն հիշում է. «Արժանի չես… անամոթ… երախտամոռ… փոքր ժամանակ… դասերդ»:
- Ո՞ր հիվանդանոց գամ,- նույն անտարբերությամբ պատասխանում է:
Գոռգոռոցների հերթական տեղատարափի մեջ հասցնում է որսալ բուժհիմնարկի անունը և անջատում հեռախոսը:
Վերցնում է պայուսակը, մեջը տեղավորում դեռևս չկերած լավաշի մնացորդները, գիրքը, որը դեռ չէր սկսել կարդալ, մի քանի սիդի ու սուրճի բանկան: «Պապայի հետ կխմեմ»,- մտածում է:
Դուրս եկավ: Դռան մոտ տեսավ նույն կատվին, որն անթարթ իրեն էր նայում: Միջանցքի կիսամթի մեջ բբերը մեծացել, կլորացել էին՝ ինչ-որ տեղ սարսափազդու տեսք հաղորդելով: Դա նրան հիշեցրեց հորը, որն աչքերը կլորացնելով նայում էր իրեն ծեծի հերթական սեանսից առաջ:
- Փըշտ,- ասաց, բայց կարծես կատուն շարժվելու մտադրություն չուներ: Փոխարենը խռպոտած մլավեց՝ հիշեցնելով հոր՝ տարիներ շարունակ ծխելու արդյունքում խռպոտած ձայնը:
Նստեց երթուղային, որովհետև չէր շտապում, հասավ հիվանդանոց, առանց դժվարության մտավ պալատ ու հայտարարեց.
- Հայր, ես էկա:
60-ն անց տղամարդը մի կերպ գլուխը բարձրարցեց բարձից ու հրամայեց.
- Մոխրամանս բեր:
Չլսեց: Նրա ուշադրությունը գրավել էին հոր մազերը, որոնք այդպես էլ չէր կարողացել մտաբերել: Սպիտակ, մոխրագույն, սև՝ ինչպես երիտասարդ ժամանակ կամ լրիվ ճաղատ… Ոչ մեկն էլ չէր: Հոր մազերը նույնքան շեկ էին, որքան միջանցքի կատվի բուրդը:
- Վա՞տ ես լսում:
- Կարծեմ ստեղ ծխել չի կարելի,- սթափվելով պատասխանեց, ու սա առաջին անգամն էր, որ հորն ընդդիմանում էր:
- Ո՞նց ես համարձակվում,- վերմակի տակից ձեռքերը հանեց, գծավոր պիժամայի թևքերը քշտեց ու փորձեց հարձակվել:
Տեսնելով, որ բավական դաժան գիշեր է լինելու ու չցանկանալով ծանր հիվանդ մարդու առաջարկած ծեծին արժանանալ՝ բուժքրոջը կանչեց:
- Նրա մոտ ագրեսիվության և անքնության նշաններ են նկատվում: Գուցե հանգստացնո՞ղ տաք,- մտահոգված ձևանալով ասաց:
Բուժքույրը ներարկեց: Հինգ րոպե անց հայրը քնած էր: Ուշադիր զննեց արտաքինը: Դեմքը մի տեսակ կատվային էր: Ականջները սրվել էին, բերանը հավաքվել էր, քիթն է´լ ավելի էր փոքրացել, իսկ բեղերը երկարել ու առաջ էին եկել: Պատահական չէր, որ միջանցքի կատուն հորն էր հիշեցրել:
Առավոտյան պալատը լքեց, երբ հայրը դեռ քնած էր: Մորը կարճ հաղորդագրություն ուղարկեց, որ գնում է աշխատանքի, շարժվեց դեպի տուն, որովհետև շաբաթ օրերը երբեք չի աշխատել, բայց մորը հավատացրել է, որ իր զբաղվածությունը վեցօրյա է:
Մտավ տուն: Սենյակը քանդած էր: Համակարգիչը միացած էր: Դիմացը նստած էր… միջանցքի կատուն՝ հոր գծավոր պիժամայով ու օդնոկլասնիկի կայքում ընկերների հետ էր զրուցում: Մինչ ուշքի կգար, հոր դիմագծերով կատուն շրջվեց դեպի նա ու աչքով արեց: Հեռախոսը դզզաց: Մայրն էր:
- Շուտ արա˜, արի˜, հերդ չկա: Մտել են պալատ, անկողնում կատու գտել: Իսկ հորդ մասին տեղեկություն չկա:
Անջատեց հեռախոսը: Մտավ խոհանոց, որ երկուսի համար սուրճ պատրաստի:
Էջանիշներ