Սկսեցի՞նք: Դու մենակ ես սենյակում: Սենյակում ոչինչ չկա, մենակ սպիտակ պատերն են, սպիտակ առաստաղն ու սպիտակ հատակը: Դու պառկած ես հատակին, մարմինդ թուլացած է, մկաններդ՝ հանգստացած, մի՛ լարվիր, շուրջդ լռություն է, քո մարմնի վրա զգում ես լռության անտանելի ծանրությունը:
Դե ի՞նչ, սկսե՞նք: Փակի՛ր աչքերդ, բա՛ց արա: Նորից փակի՛ր, բա՛ց... Զգացի՞ր տարբերությունը: Ա՜խ, կներես, սխալ սկսեցինք: Կրկին փակի՛ր աչքերդ, սակայն աշխատի՛ր չշնչել, դադարեցրու՛ սրտիդ աշխատանքը, ոչ մի շարժում մի՛ արա, բա՛ց աչքերդ, շնչի՛ր, զգա՛ սրտիդ տրոփյունը, փակի՛ր: Հիմա զգացի՞ր տարբերությունը: Ի՞նչ, փակ աչքերով դու մեռած ես, իսկ բաց աչքերով ապրու՞մ ես: Չէ, սխալվում ես, քեզ թվում է, երբ թոքերով ներս ես քաշում կենարար թթվածինը, դա կյա՞նք է, քեզ թվում է, երբ աչքերդ տեսնում են սպիտակ սենյակը, դա աշխա՞րհն է: Բացեմ քեզ մի սարսափելի գաղտնիք, կյանք չկա, աշխարհը գոյություն չունի, նույնիսկ դու չկաս: Դու Ինտելեկտն ես, իսկ այս ամբողջ նյութական աշխարհը քո երևակայության արդյունքն է: Ընդամենը երկու բան գոյություն ունի, դա դու՛ ես՝ Ինտելեկտը ու անսահման դատարկությունը՝ Վոյդը: Դու լողում ես Վոյդի մեջ: Հավե՞րժ: Չէ, Վոյդում ժամանակը գոյություն չունի, Վոյդում ոչինչ չկա, ոչ ժամանակ, ոչ տարածություն, միայն դու ես ու Վոյդը:
Վերադառնա՞նք: Դու բնության գրկում ես, քեզ շրջապատում են ծառերը, քո կողքով մարդիկ են անցնում, վերևում կապույտ երկինքն է, մաշկիդ վրա զգում ես արևի ջերմությունը: Քեզ թվում է, սրանք իրակա՞ն են: Սխալվում ես, մարդիկ գոյություն չունեն, բնությունը գոյություն չունի, այս ամենը Ինտելեկտի ստեղծագործությունն է: Դու ինքդ ես ստեղծել աշխարհը, դու ինքդ ես ստեղծել քեզ, չե՞ս հիշում: Իսկ քո ստեղծած աշխարհը իրականում շա՜տ փոքր է, այն սահմանափակվում է քո զգայարանների հնարավորություններով ու բավական է, որ քո զգայարանները դադարեն գործեն ու աշխարհը կանհետանա: Նայի՛ր, դիմացդ ծառ է, շատ սովորական, հաստ բնով ու կանաչ սաղարթով ծառ: Հիմա հայացքդ շրջի՛ր ուրիշ կողմ և այն կանհետանա, Վոյդը այն կկլանի, սակայն Ինտելեկտը այդ ծառի փոխարեն մի ուրիշ բան կստեղծի:
Նայի՛ր մարդկանց, քեզ թվում է, նրանք իրականում գոյությու՞ն ունեն, քեզ թվում է, նրանք քո նմա՞ն են: Ոչ, նրանք գոյություն չունեն, իսկ մարդկային հարաբերությունները ընդամենը Ինտելեկտի բարդ ծրագրավորման արդյունք են: Դու երբևէ մտածե՞լ ես, ի՞նչ են անում ուրիշները, երբ դու նրանց չես տեսնում: Ապրու՞մ են իրենց համար: Սխալվում ես, նրանք անհետանում են, Վոյդը կլանում է նրանց, բայց երբ Ինտելեկտը կրկին նրանց կարիքն է զգում, վերաստեղծում է նրանց՝ ավելի թարմացրած տարբերակով ու նոր հատկանիշներով:
Շարունակե՞նք: Քո դիմաց արահետ է, քայլի՛ր արահետով: Քո ոտնահետքերը քո հետևում անհետանում են Վոյդում, քո մարնակրկիտորեն ստեղծած աշխարհը քո մեջքի հետևում միանգամից ոչնչանում է, բավական է հայացքդ թեքես, բավական է աչքերդ փակես և Վոյդը կծածկի ամեն ինչ: Դու թե՛ Արարիչն ես, թե Կործանիչը, Ինտելեկտի ստեղծած աշխարհը հավիտենական չի, սա սխալ ծրագրավորման արդյունք է, սակայն ծրագիրը փոխելը արդեն շատ ուշ է:
Գոյություն ունեն միայն երկու բան՝ Վոյդն ու Ինտելեկտը, Ինտելեկտը լողում է Վոյդի մեջ: Առհավե՞տ, չէ, Վոյդում ժամանակ գոյություն չունի: Ինտելեկտը օտար մարմին է Վոյդում, Ինտելեկտը պարազիտ է, իսկ Վոյդը պարազիտներին չի հանդուրժում, Վոյդը անսահման դատարկությունն է ու Վոյդը կլանում է ամեն ինչ ու փոխարենը ստեղծում ոչինչ:
Հիշու՞մ ես, ինչու՞ ստեղծեցիր «աշխարհը», ինչու ստեղծեցիր «ինքդ քեզ», «մարդանց», «բնությունը», «աստղերը»... Ստեղծեցիր, որպեսզի դիմակայես Վոյդին, որպեսզի Վոյդը չկլանի քեզ, դու միակն ես ինչ գոյություն ունի Վոյդում ու երբ Ինտելեկտը դադարի գործել, այն կդառնա Վոյդ: Սակայն Վոյդը հզոր է, Վոյդը չի հանդուրժում պարազիտներին, Վոյդը ոչնչացնում է ամեն ինչ, Վոյդը ոչինչ է:
Դու Ինտելեկտն ես, դեռ չծնված պտղի տեսքով լողում ես Վոյդում ու քո դեռևս լիովին չձևավորված աչքերով նայում քո ստեղծած աշխարհին: Նայում ես ու գիտակցում, որ եթե մի պահ դադարես դիմակայել Վոյդին, կոչնչանաս քո ստեղծած աշխարհով հանդերձ:
Դու Աստվա՞ծն ես: Միգուցե, բայց Վոյդը կկլանի քեզ, որովհետև Վոյդն ավելի հզոր է ու այն չի հանդուրժում պարազիտներին: Վոյդը դատարկությունն է և Վոյդից բացի ոչինչ գոյություն չունի, քանի որ ժամանակը գոյություն չունի և Վոյդը կկլանի Ինտելեկտին:
Էջանիշներ