User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Պոէզներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #33
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՔԱՆԻ՞, ՔԱՆԻ՞, ՔԱՆԻ՞…

    1.

    Քանի՞ հազար տարի, քանի՞ երկիր, քանի՞ կյանք,
    Քանի՞ ազգ ու քանի՞ հավատ ես փոխեցի, անցա:
    Քանի՞ կոշիկ ես մաշեցի իմ ճամփեքին…
    Քանի՞ աղոթք նվիրեցի ես երկնքին…

    Քանի՜ անգամ քարկոծվեցի,
    երբ Քեզ էի փնտրում, Աստված,
    ամբոխի մեջ…
    Քանի՜ անգամ համառ ճակատս կոտրեցի՝
    հոծ պատերին դեմ առնելով
    գիշերվա մեջ…

    Քանի՜-քանի՜ գործ փոխեցի,
    ընտանիքիս համար սնունդ հայթհայթելու
    հոգսով տարված,
    Կյանքիս կեսը զուր պարպեցի,
    բայց այդպես էլ Իղձս մնաց
    չկատարված…

    Քեզ՝ չգտա…

    Եվ, ապարդյուն ջանքերիցս արդեն հոգնած,
    ճամփաների խաչմերուկին գցած արկղին
    ես նստեցի,
    Որոշեցի իմ տունդարձի երկար ճամփան
    ոտքերիս տակ տալուց առաջ
    առնել դադար:

    Երեկո էր:

    Անցորդների բազմությունը
    նոսրանում էր կամաց-կամաց:
    Անցորդների ոտքերի տակ
    լավ ծեծկռտված ճանապարհը
    Շուտով պիտի մինչ առավոտ
    հանգստանար:

    Կամաց-կամաց
    մաքրվում էր օդը՝ փոշուց.
    փոշին՝ հոգնած,
    Լռության մեջ ցած էր իջնում
    ճամփեզերքի կանաչներին՝
    արդեն քնած:

    Ցրտոտ էր քիչ:

    Երեկոյի լռության մեջ,
    արկղին նստած,
    Փորձում էի ի մի բերել օրս անցած…
    Հենց այդ պահին՝ լուռ մոտեցար
    ու նստեցիր
    կողքիս, Աստված…

    Ես, կարկամած,
    լուռ հայացքս Քեզ մեկնեցի
    հուսատարած…
    - Հա՜յր…, - չասացի,
    այլ զգացի հոգուս խորքում,
    սրտիցս ցած…

    - Լռիր, որդիս, -
    ջերմ շողացին աչքերը Քո
    լուսնի ներքո:
    Սերը հորդաց Քո աշխարհից,
    ինձ բարուրեց
    համատարած…

    Ես համրացա:

    Ինձ համակած
    երջանկության ջերմության մեջ
    ես լսեցի հանկարծ սրտում.
    - Ի՞նչ ես փնտրում
    դու անիմաստ
    այն, ինչ ունես վաղուց, տղաս:

    Ի՞նչ ես փնտրում
    դու ապարդյուն
    այն, ինչ միշտ քեզ հետ է եղել:
    Զուր ես կարծում,
    թե կարող ես
    Աստծոն ինչ-որ տեղ կորցնել:

    Միշտ քեզ հետ եմ
    Ես, սիրելիս,
    ժամանակների հենց սկզբից:
    Անհնար է
    Ինձ կորցնել,
    անհնար է փախչել Ինձնից:

    Բացիր աչքերը քո սրտի,
    մաքրիր միտքդ
    տաղտկությունից ամենօրյա:
    Այդպես կզգաս շունչս հավերժ,
    սերս անսահման,
    սրտիս կանչը՝ սրտիդ վրա:

    Քեզ տվել եմ Ես ամեն ինչ,
    որ երջանիկ
    կյանք վայելես:
    Ուր էլ ձեռքդ մեկնես, որդիս,
    ինչ ցանկանաս՝
    այն կգտնես:

    Իսկ դու՝ տրտում
    Ի՜նչ ես փնտրում
    ճամփաներին կարճ ու երկար:
    Ի՜նչ ես օրերդ
    զուր վատնում:
    Զուր վատնում ես ինչի՞ համար…

    Աստղերը լուռ կայծկլտացին:

    Հոգիս հևիհև թրթռաց,
    միտքս՝ դողաց
    երջանկության զգացումից համատարած:
    Աչքերիցս դուրս հորդացին
    արցունքներս
    ու փախան ցած:

    Ինձ Իր գիրկը առավ Աստված,
    սեղմեց կրծքին
    ու լուռ ժպտաց:
    Ու, զարմացած, ես զգացի
    իմ այտի տակ…
    կուրծք… կանացի…

    - Մա՞յր… - դողացին շրթունքներս
    անլսելի,
    անչափ հուզված:
    Գիշերային լռության մեջ
    արձագանքեց
    կամաց Աստված.

    - Ո՞վ կարող է մխիթարել
    քեզ ավելի,
    քան քո մայրը:
    Իսկ քո Աստված միշտ քեզ համար,
    հիշիր, թե մայր
    և թե հայր է:

    - Խոսիր, տղաս, մի կաշկանդվիր,
    ասա, ինչ որ
    սիրտդ է ուզում:
    Թեթևացրու բեռդ, որդիս,
    Տիեզերքն է
    ողջ քեզ լսում:

    Աստված ժպտաց մոր ժպիտի ջերմ թավիշով:

    Ոգևորված
    Աստծո կոչով՝
    ես ուսերս թափ տվեցի,
    Արկղից՝ հողին
    ցած սահեցի
    ու, ծնկաչոք, “Մա՜յր” – ասացի:

    Ասացի “Մայր”,
    որոշելով
    սիրտս բացել Աստծո առջև,
    Պատմել կյանքս
    հոգեխռով,
    ու հոգսերիս պարկը պարպել:

    Բայց… լռեցի:
    Պապանձվեցի:
    Մտքիս թելը կորչեց-գնաց:
    Ես հասկացա.
    չկա մի բան,
    ինչին տեղյակ չի իմ Աստված:

    Արցունքախեղդ աչքերովս
    ես վախվորած
    վեր նայեցի…
    Հոր ժպիտն ինձ լուսավորեց,
    ու ես նորից
    համբառնեցի.

    Ի՞նչ կարող եմ ես Քեզ ասել,
    Հայր սիրելի, -
    ասացի ես: -
    Արդյո՞ք կա մի բան իմ կյանքում,
    ինչի մասին
    Դու չգիտես…

    Աստծո սերը ինձ պարուրեց:

    - Այո, Ես ամեն ինչ գիտեմ,
    ճիշտ ես, որդիս, -
    ասաց Աստված: -
    Բայց Ինձ համար կարևոր էր,
    որ դու ինքդ
    այդ հասկանաս:

    Համաձա՞յն ես արդյոք հիմա,
    որ Ես միշտ
    քեզ հետ եմ եղել:
    Համաձա՞յն ես հիմա, որդիս:
    - Այո, Աստված, -
    ասացի ես:

    - Իսկ կարո՞ղ ես Ինձ հավատալ,
    որ քո կյանքը
    Ես չեմ կերտում:
    Արարիչը կյանքիդ՝ դու ես:
    - Կերտում եմ… ե՞ս…
    Ասա, ինչպե՞ս…

    2.

    - Կփորձեմ, սիրելիս,
    Ես քեզ բացատրել:
    Բայց… լսիր, թուլացիր քիչ,
    ի՞նչ ես այդպես լարվել:
    Դեհ, վեր կաց գետնից,
    եկ, նստիր կողքիս:

    Վեր կաց, վեր կաց, տղաս: -

    Ես գետնից վեր կացա
    և արկղին
    նստեցի նորից:
    Եվ Աստծո սերն ու բերկրանքը
    կրկին համակեց
    ամբողջ ինձ:

    Եվ Աստված սկսեց այսպես.

    - Երբ աչքերդ փակում ես,
    ասա, ի՞նչ ես տեսնում:
    - Ոչինչ…
    - Այո: Եվ դա այն է,
    ինչ Ես տվել եմ քեզ
    ամենասկզբից:

    Ոչինչ,
    դատարկություն,
    փորձադաշտն ամենահարմար
    Քո յուրաքանչյուր,
    նույնիսկ՝ ամենախելագար
    մտահղացումների համար:

    Դու կարող ես
    լցնել այն,
    ինչով որ ցանկանաս:
    Ինչ խելքիդ կփչի,
    ինչ միտքդ
    կհղանա:

    Հուսով եմ,
    հիշո՞ւմ ես
    նվերն Իմ մեծագույն,
    այն, որ տվել եմ Ես քեզ
    կամքի
    ազատություն:

    Հիշո՞ւմ ես,
    թե ինչ եմ
    ամենասկզբից քեզ պատգամել.
    Ամենն,
    ինչ անում եմ Ես,
    դու էլ կարող ես անել:

    …Ոչ, չես հիշում:
    Դու մոռացել ես:
    Քեզ ստիպել են մոռանալ:
    Բայց հիմա,
    սիրելի զավակս,
    քեզ հարկավոր է հասկանալ,

    Որ եկել եմ Ես,
    որ բացեմ
    քո առջև մի մեծ գաղտնիք.
    Մարդն ինքն
    արդեն Աստված է,
    թող որ լինի Աստված փոքրիկ:

    - Բայց…

    - Լռիր ու մի ասա Ինձ
    դու ոչինչ
    հենց այս պահին:
    Բայց լսիր հոգուդ
    և արթնացրու
    քո էությունն աստվածային:

    Վստահիր զգացմունքներին քո
    և ապրիր
    սրտիդ կանչով:
    Եվ կգա մի օր,
    երբ կհամոզվես,
    որ Աստված Ես Ամենակարող:

    Այդ դու ես
    հեղինակը
    քո կյանքի սցենարի,
    Հենց դու ես
    դերակատարը
    քո գլխավոր դերերի:

    Եվ, որ ամենակարևորն է,
    թատրոնում
    քո կյանքի՝
    Դու բեմադրող ռեժիսորն ես
    քո բոլոր
    պիեսների:

    - Լավ, եթե ես եմ
    արարիչն
    իմ կյանքի,
    Ուրեմն, էլ ինչո՞ւ եմ
    ինձ մատնել
    տանջանքի:

    Ինչո՞ւ չեմ գրել ես
    այնպիսի
    մի սցենար,
    Որտեղ կյանքս երջանիկ
    ու հանգիստ
    կընթանար:

    Ես, ի՞նչ է, խելագա՞ր եմ,
    կամ հիվա՞նդ,
    մազոխի՞ստ:
    Ինչո՞ւ եմ ես պատժել
    ինքս ինձ
    այսքան խիստ…

    - Դու քեզ, սիրելիս,
    բոլորովին էլ
    չես պատժել:
    Դու ուղղակի
    մոռացել ես,
    թե ինչո՛ւ ես աշխարհ եկել:

    Մտածիր դու մի պահ միայն,
    խորհիր
    լրջորեն.
    Արդյո՞ք քո վիճակն իրոք
    այդքան
    ահավոր է:

    Եթե դու ձգտում էիր
    երջանիկ,
    ապահով կյանքի,
    Ուրեմն
    էլ դրախտը
    ինչո՞ւ լքեցիր:

    Ոչ ոք և երբեք քեզ
    դրախտից
    չի վռնդել:
    Դու ինքդ ես
    որոշել և
    լույս աշխարհ ես եկել:

    Եկել ես, որ փորձով
    իրականացնես
    հիմա այն,
    Ինչ մինչև այժմ գիտեիր
    որպես
    գաղափար միայն:

    Այն, որ դու անբաժան
    մասնիկն ես
    Աստծո,
    Եվ որ ինքդ էլ Աստված ես,
    պատճենը
    քո Մոր-Հոր:

    Բայց, հասկանալու համար,
    որ դու
    ամենակարող ես, -
    Քեզ փորձ էր հարկավոր
    ֆիզիկական,
    հասկանո՞ւմ ես:

    Իսկ նրա համար, որպեսզի դու
    երանության մեջ
    լինեիր,
    Քեզ պետք չէր Լույս աշխարհ գալ՝
    դու արդեն
    այնտեղ էիր: -

    Աստված վեր կացավ, նայեց ինձ, ժպտաց.

    - Լավ, բավական է քեզ
    քարոզ կարդամ, -
    ասաց: -
    Ինձ թվում է, որ այսօր
    դու ինչ-որ բան
    հասկացար:

    Իսկ հիմա, վեր կաց, գնա
    և ասածներս
    մարսիր:
    Եվ հետո,
    ընտանիքիդ էլ,
    գնա, տեր կանգնիր:

    …Հա, մի բան էլ.
    տեսնում ես,
    քիչ մնաց մոռանայի:
    Դու վաղուց արկղին նստած ես,
    իսկ արկղի մեջ
    նայեցի՞ր:

    - Ոչ,.. - պատասխանեցի ես
    կիսազարմացած,
    կիսատարակուսած:
    - Հետո ասում են,
    թե Իր զավակներին
    ոչինչ չի նվիրում Աստված:

    Հաճախ,
    ձեր ճանապարհին
    ընկած մի բան եք գտնում:
    Բայց…
    բանի տեղ չեք դնում,
    անցնում եք, գնում:

    Այդ դեպքում, դուք, իհարկե,
    ոչինչ
    չեք կորցրել,
    Բայց շատ հաճախ էլ
    կարող է
    այնպես պատահել,

    Որ այդպես էլ չգտաք դուք ձեր ցանկացածը:

    Դե լավ, սիրելիս: Հիմա
    Դու արկղը
    բացիր:
    Ինչ որ այնտեղ կա՝
    քոնն է,
    վայելիր: -

    Անսահման
    տարակուսած
    ես ոտքի կանգնեցի,
    Եվ զարմացած
    ու վարանելով
    արկղը բացեցի:

    Այն բերնեբերան լիքն էր գանձերով…

    Մնացի ես կանգնած՝
    շշմած,
    գլխիկոր…
    Նաև՝ կախարդված
    գանձերի
    շքեղ փայլքով:

    . . . . .

    Թե որքան տևեց իմ այս վիճակը, -
    չգիտեմ ես
    պարզ:
    Բայց երբ հետ՝ խելքի եկա…
    էլ չկար կողքիս
    Աստված…

    Ես,
    խելագարված,
    շուրջս նայեցի,
    - Հա՜յր իմ… Մա՜յր… Աստվա՜ծ…
    ու՞ր Ես, -
    գոչեցի: -

    Ես չե՜մ ուզում
    ոսկի ու գանձ:
    Ինձ մի՜ լքիր:
    Մնա՜… Աստվա՜ծ…

    …Ու, լսեցի
    այնժամ
    իմ մեջ.
    - Ես քեզ հե՜տ եմ,
    քո մե՜ջ:
    Հավե՜րժ:


    04.04.2012
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •