ՈՉ ԱՅՆՔԱՆ ՓՈՔՐԻԿ ԱՐՁԱԿ ՊՈԷԶ
4. ԿՈՐՑՐԱԾ ԵՐԱԶ
Ե՞րբ սկսվեց: Ինչո՞ւ:
Եվ կարկաչուն ծիծաղն այդ վարակիչ... Հանգիստ չտվող... Հետևող անվերջ...
Եվ համբույրն այն միակ... Որ խենթացրեց անբուժելիորեն...
Հիշողություններ: Ինչո՞ւ:
Որ կորցնեմ գլուխս ու չգիտենամ անելի՞քս: Անշուշտ: Անշուշտ, մարդ պատասխանատու է իր ամեն քայլի համար: Եվ հետո, գիտեմ, գալիս է հատուցման ժամանակը:
Հունձի...
Բայց չէ՞ որ ես երազել եմ քեզ միայն... Իսկ ինչպե՞ս կարելի է պատասխանատու լինել երազների համար:
Երազին կուլ գնա՞լ: Ծիծաղելի է:
Զգացմունքներ երազի հանդե՞պ:
- Երազախաբ լինելուց երբեք երեխա չի ծնվում, - ասել է մի Մեծ Մարդ:
Ես դա գիտեմ:
Սակայն երբ կողքիս ես, ես ոչինչ չգիտեմ, բացի այն, որ պետք է փախչեմ խելակորույս:
Բայց ո՞ւր և ինչպե՞ս: Չէ՞ որ երազից փախչել չես կարող:
Չեմ կարող:
Դու իմ խաչն ես ու ես տանում եմ քեզ իմ ուսերի վրա: Հավանաբար, մինչև վերջ:
Կարծես կատակում ես միայն` հանգամանքներին վերագրելով ասածներդ: Բայց ավելի լուրջ և ճշմարիտ խոսել չէիր կարող, որովհետև կատակների աղբյուրը իմ և քո սրտերից է բխում:
Իսկ աչքերդ ասում են. թող գոնե այսպե՜ս, գոնե կատակո՜վ...
Ես համաձայն եմ, բայց ցավն անտանելի է արդեն: Եվ այդ է պատճառը, որ ներվերս արմատահան են եղել:
Փոթորիկի մեջ:
Փոթորիկից առաջ
մի թիթեռ:
Մի թիթեռ
Փոթորիկի մեջ:
Փոթորիկից հետո
լալիս է մի թիթեռ.
ցավում է, որ չմեռավ
Փոթորիկից առաջ:
Իսկ աչքերդ ասում են. կարո՜տ...
Իսկ շուրթերս երգում են. ափսո՜ս...
Մեր հանդիպումները շա՞տ են, թե՞ քիչ:
Շատ են` երազին կուլ չգնալու հանար:
Քիչ են` չկարոտելո՜ւ համար:
Վտանգն ավելի է շատ, բայց ես հալվում եմ քո կողքին ու ոչինչ անել չեմ կարող: Վտանգն այս հրաբուխի է նման, որի ժայթքելու դեպքում կկորցնենք մեր ունեցած ամեն ինչը:
Զգո՜ւյշ...
Մեզ խանգարո՞ւմ են, թե՞ օգնում մեր հանդիպումների ներկաները:
Ես էլ չգիտեմ:
Երբ փորձում եմ գունավորել քո հոգսերը, նմանեցնում եմ ինձ մատնիչի, որը վտանգից խուսափելու համար պատրաստ է վաճառել նույնիսկ իր ամենաթանկարժեք...
Որ դու երջանիկ չես, տանջվում եմ, կարծես ես եմ դրա մեղավորը:
Գուցե իրո՞ք:
Իսկ ե՞ս...
Գուցե իրո՞ք:
Ինչո՞ւ ուշացար...
Ինչո՞ւ շտապեցի...
Իսկ հիմա դու ունես, ես էլ ունեմ: Եվ պետք է բավարարվել եղածով:
Ինչպե՞ս...
Երևի ուղտի երջանկությունն էլ` իր սապատներն են:
Եվ ես ուրիշ ոչինչ ասել քեզ չեմ կարող, բացի այն, որ
ՍԵՐ-ը`
բառ է,
բաղկացած երեք տառից:
Մի՞թե դա իրոք այն է, ինչ պետք էր...
Էջանիշներ