Եթե կարծում էիք, թե չոր ու ցամաք տեղադրված նյութերով պրծնելու եք, ապա սխալվում էիքես նաև պատրաստվում եմ հատուկ այս օրագրի համար մեկնաբանություններ գրել: Որոնք դուք, հուսով եմ, պատրաստվում եք կարդալ
Մեկնաբանություն
Ընթերցողների մի մասի համար Գեյմանի վերևում բերված պատմվածքը կարող է չինական այբուբեն թվալ (անհասկանալի լինել): Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միջին ստատիստիկ հայ (իգական սեռի ներկայացուցիչ) ընթերցողը նման դեպքերում որոշում է չփորձել այն հասկանալ, փորձել «ըմբռնել ինտուիտիվ, զգայական ձևերով», կամ էլ ենթադրել, որ հեղինակն աբսուրդիստ է: Վատագույն դեպքում ասում է՝ «այս ի՞նչ ապուշություն է, բան չհասկացա»:
Առաջին հերթին, ամեն հեղինակ գրում է իր ընթերցողի համար: Այո, հեղինակները լրիվ իրավունք ունեն պահանջներ դնել իրենց ընթերցողների նկատմամբ: Ինչքան ավելի մեծ են պահանջները, այնքան ավելի նեղ՝ լսարանը: Բայց, դրան զուգընթաց, հեղինակի մոտ աճում է ընթերցողի հետ անմիջական կապի զգացողությունը:
Եթե պատմվածքը կարդալիս զգում եք, որ պահանջները չափազանց խիստ էին ձեր համար, պետք չի սկսել փնովել հեղինակին, կամ էլ սկսել ասել «դեմքություն էր, չեմ կարող բառերով բացատրել, այնքան զգայական էր գրած»:
Մեղքս ինչ թաքցնեմ՝ ես ինքս, որպես հեղինակ, նմանատիպ գովեստների հաճախ եմ արժանանում: Ու դառնություն եմ զգում:
Չեմ ժխտում, կան բաներ, որոնք ինտելլեկտուալ ընկալման այնքան էլ ենթական չեն. եթե ճիշտ եմ հիշում, Ժան Պոլ Սարտրի պիեսն էր՝ «Ամոթ» վերնագրով: Ամուսինը, կնոջ հավատարմությանը կասկածելով, խաբում է նրան՝ ասում է, թե գործուղման է մեկնում: Մի քանի ժամից նա վերադառնում է, մոտենում է դռանն ու բանալու ճեղքից ներս է նայում: Հանկարծ զգում է, որ ետևում մարդ կա, շրջվում է ու տեսնում... կնոջը: Այս իրավիճակը բառերով բացատրելը կամ ինտելլեկտուալ հասկանալու փորձ անելը բավականին անիմաստ բան է ու կարժեզրկի պահը:
Բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք Գեյմանի պատմվածքի, ոչ թե աբսուրդիստական պիեսի հետ: Իսկ գեյմանի պատմվածքները սովորաբար ասելիք ունեն, որը ենթակա է հասկանալու:
Ի՞նչ անել
Ի՞նչ անել, եթե կարդում եք գիրքը, ու ոչինչ չեք հասկանում: Առաջին հերթին՝ հանգստություն պահպանեք, պետք չի ագրեսսիա զգալ ինքներդ ձեր ու առավել ևս՝ հեղինակի նկատմամբ: Եթե ցանկանում եք, բացեք Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի Թաղումն» ու համոզվեք, որ աշխարհում կա գոնե մի գիրք, որը ոչ ոք առանց կողմնակի օգնության չի կարող հասկանալ:
Իմ խորհուրդն է՝ կողք դրեք գիրքը: Խոսքը չի վերաբերվում առանձին բաներ չհասկանալուն: Եթե խճճվում եք սյուժեի մեջ, չեք հասկանում, թե ինչ է ձեզ փորձում ասել հեղինակը, ինչ ռեակցիա է սպասում, ու այդքանով հանդերձ իր լսարանն ունի, ուրեմն դուք դեռ նրա ընթերցողը չեք:
Պատրա՞ստ եք դառնալ նրա ընթերցողը: Ուրեմն պատրաստ եղեք դառնալ պրոֆեսսիոնալ ընթերցող: Չէ, սա կապ չունի գիրք կարդալու միջոցով փող վաստակելու հետ: Պարզապես պետք է սկսեք այլ մոտեցում ցուցաբերել ընթերցանությանը:
Աշխատանքից դուրս գրեք հիմնական թեմաները, որոնք կարողանում եք ըմբռնել: Պարտադիր չի, որ հասկանաք՝ կարևորը շոշափվող թեման նկատելն է: Դուրս գրեք անհասկանալի բառերը, որոնք առանցքային դեր են գրավում:
Կոնկրետ օրինակի վրա. «Վամպիրի տարոն. ավագ արկանի տասնհինգ խաղաթղթեր» պատմվածքից ի՞նչ դուրս կգրենք.
- վամպիր
- տարո
- միջնադարյան միստիցիզմ
Փաստորեն, հեղինակը որոշակի գիտելիքներ է ունեցել վերոհիշյալ թեմաներից: Ու նույնն էլ պահանջում է իր ընթերցողից:
Թեկուզ հանրագիտարանային գիտելիքներ ունենալով վերոհիշյալ թեմաների շուրջ, դուք արդեն բավականաչափ զինված կլինեք, որ կարդաք պատմվածքը: Ավելի խորը գիտելիքներ՝ ու կկարողանաք ավելի խորն այն ընկալել: Էլ ավելի խորը՝ կկարողանաք վիճել կամ համաձայնել հեղինակի հետ իր տեսակետների շուրջ:
Ինչի՞ս է պետք այդքան չարչարվել մի պատմվածքի համար
Նախ՝ արդյունքում կտեսնեք, որ պատմվածքը ձեզ ավելին տվեց, քան միայն իր պարունակությունն էր: Ինչ-որ տեղ հարստացրեց ձեզ: Հետո՝ սրանք գործիքներ են, որոնք կապված չեն կոնկրետ հեղինակի կամ կոնկրետ աշխատանքի հետ, ու կարող են ուրիշ տեղեր էլ պետք գալ՝ ոչ միայն ընթերցանության ժամանակ:
Արդյո՞ք գլուխս ավելորդ աղբով չեմ լցնում
Դուք եք որոշում: Ցանկացած դեպքում, այս մոտեցումը օգնում է լուծել նաև այդ խնդիրը. դուրս եք հանում թեմաները, թեթևակի բզբզում Վիկիպեդիայում: Եթե այս ամենը ձեզ հետաքրքիր չի, ապա ձեզ պարզապես պետք չի կարդալ այդ պատմվածքը: Փաստորեն, խնայեցիք ձեր ուղեղը, նյարդերն ու ժամանակը:
Բարի ընթերցանություն:
Էջանիշներ