Հեղինակներ (մաս 2). Հիլարի Մենթլ, Մայքլ Մուրկոկ, Մայքլ Մոմփարգո, Էնդրյու Մոուշն, Ջոյս Քերոլ Օութս, Էննի Պրուլքս, Ֆիլիպ Փուլլման, Յան Ռենքին, Ուիլլ Սելֆ, Հելեն Սիմփսոն, Զեյդի Սմիթ, Քոլմ Թոյբին, Ռոուզ Տրեմլին, Սարա Ուոթերս, Ջենիթ Ուինթերսոն:
Հիլարի Մենթլ
- Լու՞րջ ես տրամադրված: Ուրեմն հաշվապահ վարձիր:
- Կարդա Դորոթի Բրեյնդի «Ինչպես Դառնալ Գրող» գիրքը: Հետո արա այն ամենն, ինչ ասվում է այնտեղ՝ ներառյալ հանձնարարությունները, որոնք քեզ անհնարին կթվան: Առանձնապես զզվելի կլինի առավոտյան արթնանալուն պես գրելու խորհուրդը, բայց եթե ստացվի, միգուցե դա լավագույն բանը լինի, որ կարող էիր ինքդ քո համար անել: Այս գիրքը ներսով-դրսով գրող դառնալու մասին է: Խորհուրդների շատ հետագա ձեռնարկներ նրանից են փոխառում: Ուրիշ գրքերի կարիք չունես, թեև եթե ուզում ես ինքնավստահությունդ ամրապնդել, «ինչպես անել» գրքերը հազվադեպ են վնասում: Կարող ես մի ամբողջ գիրք գազ տալ, ունենալով շատ փոքր գրական փորձ:
- Գրիր գիրք, որն ինքդ հաճույքով կկարդայիր: Եթե չէիր կարդա, ուրիշն ինչու՞ պետք է կարդա: Մի գրիր ընկալված ընթերցարանի կամ շուկայի համար. այն կարող է արդեն անհետացած լինել, երբ ավարտես գիրքդ:
- Եթե լավ պատմության միտք ունես, մի համարիր, թե այն պարտավոր է արձակ շարադրանքի տեսք ունենա: Այն կարող է ավելի լավ արտահայտվել որպես պիես, սցենար կամ բանաստեղծություն: Ճկուն եղիր:
- Հաշվի առ, որ այն ամենն, ինչ «Գլուխ Առաջին»-ից առաջ է, ընթերցողը կարող է բաց թողնել: Կենսական նշանակության տեղեկություն մի պահիր այնտեղ:
- Առաջին պարագրաֆները հաճախ կարելի է ջնջել: Հա՞կա ես պարում, թե՞ պարզապես ոտքերդ ես շարժում:
- Շարադրանքդ կենտրոնացրու փոփոխության կետի շուրջ: Սա հատկապես կարևոր է պատմական գրականության համար: Երբ տեղը նոր է հերոսիդ համար, կամ շրջապատը փոխվում է, այդտեղ է, որ պետք է հետ քաշվել ու լրացնել աշխարհի տարրերը: Մարդիկ չեն նկատում իրենց ամենօրյա շրջապատն ու օրակարգը, ու երբ գրողն այն նկարագրում է, դա կարող է ընթերցողին խրատելու ճիգերի նման հնչել:
- Նկարագրությունն իր տեղն ունի, որտեղ պետք է գործի: Այն չի կարող պարզապես դեկորատիվ նշանակություն ունենալ: Նկարագրությունը սովորաբար առավել էֆեկտիվ է, եթե մարդկային տարր է պարունակում իր մեջ. այն ավելի էֆեկտիվ է, եթե որոշակի տեսանկյունից է, ոչ թե աստծո աչքերով: Եթե նկարագրությունը գունազարդված է հերոսի տեսանկյունով, որը նկատել է, այն արդյունքում դառնում է վերջինիս որոշող գործոններից մեկն ու գործողության մասը:
- Եթե լռվել ես, վեր կաց գրասեղանիդ մոտից: Զբոսնիր, վաննա ընդունիր, քնիր, թխվածք թխիր, նկարիր, երաժշտություն լսիր, մեդիտացիա կամ մարզանք արա. ինչ էլ անես, պետք չի ֆիքսվել նույն տեղում՝ ունքերը պրոբլեմի վրա կիտելով: Բայց մի զանգիր ոչ մեկին, երեկույթի գնալ էլ պետք չի, այլապես ուրիշ մարդկանց խոսքերը կլցվեն այնտեղ, որտեղ քո խոսքերը պետք է լինեին: Ճեղք բացիր նրանց համար, տեղ տուր: Համբերատար եղիր:
- Պատրաստ եղիր ամեն ինչի: Ամեն նոր պատմություն տարբեր պահանջներ ունի ու կարող է այս կամ բոլոր մնացած կանոնները խախտելու պատճառներ առաջացնել: Բացի համար մեկից. չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին:
Էջանիշներ