User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից

    Թե ինչպես արյուն հանձնեցի


    Կարո՞ղ եք ասել` յոթ հազար դրամը երբևէ իրենից մի բան ներկայացրե՞լ է: Ո՛չ, հավանաբար կպատասխանեք, երբե՛ք: Նույնիսկ հեռավոր ոչ երանելի ժամանակներում, երբ լույս աշխարհ եկավ ու բացառիկ բարձր փոխարժեք ուներ մի քանի տասնյակ փոխանակման կետերում, յոթ հազար դրամն իրենից շատ մեծ բան չէր ներկայացնում: Ձեզ հաջողվե՞ց ունեցած դրամով արտարժույթ ձեռք բերել այն ժամանակ: Հիշում եք երևի սարսափելի հերթերը: Ավելորդ հարց. ինձ էլ չհաջողվեց: Սակայն չշեղվենք պատմությունից, որն անկեղծորեն ցանկանում եմ պատմել: Փոխանակման կետերի հետ այն որևէ առնչություն չունի, ասենք` գրպանիս փողն էլ ոչ թե յոթ հազար էր, այլ ընդամենը երեք: Արժեզրկման բազմաթիվ փորձությունների միջով անցած երեք հազար դրամ, մի քանի տարափայլի մետաղադրամ և արժանապատվությունը լիովին կորցրած, անասելի թեթև դյուրալյումինե լումաներ, որ հայտնի չէ` ինչու էի պահում: Իսկ թե ինչու յոթ հազարի անուն տվի ամենասկզբում, երբ լավագույն դեպքում դրա կեսն ունեի, հիմա կիմանաք: Ստուգապես` դա այն գումարն էր, որ անհրաժեշտ է վճարել, եթե չես ուզում արյուն տալ: Իսկ արյուն տալ պարտավոր ես, եթե ցանկանում ես տուն տանել նոր ծնված մանկիկին ու նրա մորը` քո կնոջը: Իսկ եթե չես ուզում ո՛չ արյուն տալ, ո՛չ էլ վճարել, պարտավոր ես խելքիդ զոռ տալ...

    Պահանջվող գումարը վճարել չէի կարող, արյուն տալ չէի ցանկանում, այնպես որ, մնում էր միայն երրորդը` խելքին զոռ տալը: Ամեն մի հայ հաճույքով է խելքին զոռ տալիս և` ամեն պատեհ առիթով, ավելի հաճախ` անառիթ, այնպես որ, անսովոր իրավիճակում չէի, ինչ վիճակում կլիներ, ասենք, օտար մոլորակ ընկած մեկը: Բայց ինչպես գիտեք` գրպանի պարունակությունն ուղիղ համեմատական է տղամարդու ինքնավստահությանը, իսկ երբ նա բնականից անճարակ է, նախաձեռնությունից զուրկ ու մի քիչ էլ ամաչկոտ, պարզ է դառնում, որ տվյալ դեպքում գործ ունես հետաքրքիր, բայց դժվար գլուխ եկող խնդրի հետ:

    Երկրորդ երեխաս էր, և ակամա հիշեցի, թե ինչպես եղավ առաջինի դեպքում: Այն ժամանակ օգնության հասավ ընկերս` հաստամարմին, բարի, ուժեղ, միամիտ, համարյա միշտ երջանիկ ժպիտը դեմքին, գլուխը զանազան հնարամիտ լուծումներով լիքը մի անձնավորություն, որն իր մասին այն հաստատուն կարծիքին էր, թե միշտ ավել արյուն ունի: Մի քանի տարի առաջ ավարտված պատերազմում թուրքերին չէր հաջողվել թափել նրա արյունը, ու հիմա բաժանում էր աջուձախ, դժվար նկարագրելի շռայլությամբ: Ինքնակամ էլ էր տալիս, երբ լավություն անելու առիթ չէր լինում: Մինչ բուժքույրը պրկում էր երակն ու սարսափելի մեծ ասեղը պատրաստում, ընկերս ուրախ կատակում էր և մտերմացավ բուժանձնակազմի գեղեցիկ կեսի հետ, երկուսին էլ, կարծեմ, ոչ այն է ժամադրեց, ոչ այն է` սիրային տեսակցություն նշանակեց: Բայց հիմա միանգամից բացառեցի նրան: Մի քանի ամիս առաջ սրտի անբավարարության պատճառով հիվանդանոց էր ընկել, ու ես էլ տեսակցության էի գնացել` ծիրանի հյութով երեքլիտրանոց բանկան թևիս տակ, որը պիտի բարերար ազդեցություն ունենար նրա ամենաբարի, բայց չբավարարված սրտի վրա: Անդադար մտածում էի: Խորամանկ ծրագրերը փոխարինում էին իրար, բայց ոչ մեկին կառչել չէր հաջողվում: Ու հապաղել էլ այլևս չէր կարելի, ուստի ուղևորվեցի հիվանդանոց, որտեղ պետք է քամեին իմ արյունը: Չգիտեմ ինչն էր պատճառը, բայց ինձ մի տեսակ վստահ էի զգում: Բայց նախ մոտենացա հիվանդանոցի հարևան կրպակին և ձեռքս գրպանս տանելով ու զգուշորեն շրջանցելով խնամքով ծալված երեք հազար դրամը` դուրս քաշեցի փայլփլուն մետաղադրամները: Գնածս ռուսական ծագումով շոկոլադե սալիկ էր, որն իրադարձությունների վատթար զրգացման դեպքում պիտի ինչ-որ կերպ նպաստեր արյանս վերականգմանը: Հետո համարձակ բախեցի բժշկասենյակի դուռն ու ներս մտա: Դիմավորեց շեկ մազերով, բարալիկ բեղերով ու կապույտ աչքերով մի բժիշկ: Արժանապատվորեն բարևեցի, իսկ նա ինձ հրավիրեց նստել: Իսկույն գլխի ընկա, որ հարևան սենյակում ինչ-որ մեկի արյունը «ծծում» են, և պետք է սպասել: Սկսեցինք զրուցել: Բժիշկն առանձնապես զբաղված չէր և մարդամոտ ու լավ մարդ էր երևում…

    Բնավ չեմ ցանկանում վիճաբանել նրանց հետ, ովքեր բժիշկներին վատն են համարում ու ոչ մեկի համար բացառություն չեն անում: Հաճույքով համերաշխություն եմ հայտնում: Փորձեք որևէ բժշկի գանգատվել, որ ձեր կողը ցավում է: Իսկույն վիրահատություն կառաջարկի, այն էլ` անհապաղ: Փորձեք գանգատվել գլխապտույտից, և ձեզ ամենաքիչը կես տասնյակ հաբ կնշանակեն. օրական մեկից երեքը` քսան օրով, կամ էլ, ասենք, օրը հինգ հատ` երկու անգամ տասը օրով: Իսկ այն բժի՞շկը, որ հիվանդի հարազատներից սովորականից ավելի դրամ ստանալով` լյարդի փոխարեն սիրտն էր վիրահատել: Բա մյո՞ւսը, որ կեսարյան հատումից հետո մի քանի մկրատ էր մոռացել կնոջ որովայնում: Իսկ ի՞նչ ասեմ այն վերջինի մասին, ում վճարում էին սոսկ նրա համար, որ… հանկարծ վիրահատություն չանի: Համաձայն եմ. ինչպես տեսնում եք` ձեզնից լավ գիտեմ, բայց այս մեկն իսկապես լավն էր: Ի՛նձ թողեք նրան: Խնդրո՜ւմ եմ:

    Ստուգապես չեմ կարող ասել, թե ինչի մասին էինք խոսում բժիշկի հետ, որը ցածրահասակ էր, շեկ մազեր ուներ, բարալիկ բեղեր ու կապույտ աչքեր: Միտքս ամբողջովին կենտրոնացել էր մի ծրագրի վրա, որն ինչ-որ հրաշքով հավանության էր արժանացել հարյուրավոր իր եղբայրացուների մեջ ու հստակ ուրվագծվել իմ մշուշված ուղեղում:

    Շուտով հարևան սենյակից իր զոհի հետ դուրս եկավ բուժքույրը: Զոհը երեսունն անց թխահեր երիտասարդ էր և ամբողջ տեսքով ցույց էր տալիս, թե ի՜նչ անարդար բան է իրենից արյուն առնելը: Մեկ այլ դեպքում կարող էր ոչ պակաս արտահայտիչ ցույց տալ, թե ի՜նչ անարդար բան է արյուն տալուց փողով փրկագնվելը: Թխահեր երիտասարդը քիչ-քիչ գունատվում էր: Արնածոր թևը նա ծալած էր պահում, իսկ մյուս ձեռքի մատներով բամբակ էր սեղմել վերքին:

    Բուժքույրը բնության իսկական գլուխգործոց էր: Մոտ քառասուն տարեկան, աներևակայելի մկանոտ, մգավուն խոշոր աչքերով ու սև մազերով, որ գլխից բացի առատորեն տեղակայված էին նաև թևերին ու դեմքին: Նա Ցերբերից ոչ պակաս հաջողությամբ կպաշտպաներ դժոխքը, իսկ եթե անձնական կյանքում բախտ ունենար ու կյանքի ընկեր գտներ, ապա առանց դժվարության ութից տասներկու իր պես եռանդաշատ բալիկներ կծներ, որոնց տեղը տեղին կկերակրեր ու կխնամեր ըստ իր պատկերի ու նմանության:

    Փոխատեղություն եղավ: Ցածրահասակ, շեկ մազերով բժիշկը կողքին նստեցրեց թխահերին ու սկսեց լրջորեն հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ, իսկ ես վեր կացա ու պատրաստակամ քայլեցի դեպի հարևան սենյակը: Բնության Գլուխգործոցն իր նոր զոհին նայեց: Զոհն արժանապատվորեն դիմացավ հայացքին ու մտավ ներս: Պառկելով արհեստական կաշվով պատած գորշ մահճակին` ես սկսեցի շաղակրատել ինչից պատահի, որ խաբեմ Գլուխգործոցի զգոնությունը, իսկ նա, որպես իր գործը կատարելապես իմացող և իր տիրապետության սահմաններում անսահմանափակ իշխող մի տիրակալ, սենյակի անկյունում ինչ-որ բան էր շխկշխկացնում ու լվանում: Քիչ անց մոտեցավ ու արմունկից վեր կապեց թևս: Սարսռացի: Մի՞թե հիմա կծակեն երակս ու կքաշեն իմ ալ կարմիր արյունը, որը, մեր մեջ ասած, ազնվական էի համարում: Որպեսզի սառնասրտությունս չկորցնեմ, համակերպվեցի նաև այդ մտքի հետ և, դեմքիս տալով մի հանդուգն արտահայտություն, ինչին միշտ էլ մեծ ճիգերի գնով եմ կարողանում հասնել, նայեցի բուժքրոջ կողմը: Ահա և մոտեցավ արյունռուշտ անձնավորությունը: Ձախ ձեռքը մարտականորեն վեր պարզած, աջի մեջ հաղթական բռնած մի սարսափելի ասեղ: Մոտեցավ ինձ իբրև բարբարոսներից բարբարոսագույնը և այդ պահին ավելի շատ կնմաներ Ցերբեր շանը, որին, ինչպես հայտնի է, հույների դիցաբանության մեջ հանձնարարված է Դժոխքը հսկել, քան հավանական բազմազավակ մոր, որը կարող է ութից տասը երեխա ծնել և ինչպես հարկն է կերակրել ու խնամել ըստ իր պատկերի ու նմանության: Երկու-երեք չնչին վայրկյաններ, որ ինձ հավերժություն թվացին, և նա արդեն տիրական փռված էր վրաս, ինչպես առյուծը` եղջերուի, երբ սա վիրավոր ու անօգնական կծկված է արյունից խոնավացած հողի: Ահա և ասեղը սկսեց մոտենալ երակիս, որից քիչ անց ծորալու էր իմ ազնիվ արյունը: Խոստովանում եմ` վախենում էի: Նույնիսկ ավելի, քան այն ժամանակ, երբ ավտոմատներով զինված ավազակները փորձում էին թալանել բանկը, որտեղ պատահմամբ հայտնվել էի: Բայց եթե ավազակային հարձակման դեպքում միանշանակ պասիվ էի ու այդպես էլ ոչ մի նախաձեռնող քայլ չկատարեցի, ապա այս վայրկյանին ամենահմուտ ռեժիսորի պես վերահսկում էի ներկայացումը, և եթե ինչ-որ հրաշքով սենյակում ոմն պոետ հայտնվեր, սառնասրտություն պետք է կոչեր իմ ամենաբնորոշիչ հատկությունը: Շարունակ հանդգնորեն նայելով բուժքրոջն ու թողնելով, որ ասեղը համարյա դիպցնի երակիս` անսպասելի ասացի.

    - Մեկ վայրկյան, խնդրում եմ: Կարելի՞ է հարց տալ:

    Զարմանք բառը շատ թույլ է բնորոշելու այն, ինչ այդ պահին գրվեց Բնության Գլուխգործոցի դեմքին: Ի՞նչ հարց կարող է տալ կրկնակի հայրացած տղամարդը, որ գամվել է այս կոշտ մահճակալին` հիվանդանոցին չորս հարյուր գրամ արյուն մատակարարելու եզակի նպատակով:

    - Հարցրե՛ք,- բարյացակամ համաձայնեց զարմացած դեմքը:
    Կարծում եմ այստեղ գերազանցեցի ինձ: Աշխատելով հանդուգն հայացքս փոխարինել լկտի մեկով` անսպասելի գրոհեցի.

    - Հնարավո՞ր է արյուն տալու փոխարեն վճարել: Այսպես ասած` փրկագնվել:

    Վստահ կարող եմ ասել, որ «փրկագնվել» բառը ում ժպիտն ասես կառաջացներ, բայց Գլուխգործոցը չափազանց գործնական էր, հոնքն էլ չշարժեց:

    - Յոթ հազար դրամ,- արագ պատասխանեց նա` շարունակելով ձեռքին պահել սպառնալի ասեղը:
    Աշխատեցի արհամարհալից ու անտարբեր դարձնել դիմակս:

    - Փաստորեն, անհնար է երեք հազարով,- եզրակացրի ես և ուշադիր հետևեցի բուժքրոջ դեմքի փոփոխություններին: Դեմքն իսկապես փոխվեց, ու ձայնով, որ տեղով մեկ դրության մեջ մտնելու պատրաստակամություն էր, բայց և` չափի զգացումն ու խիղճը չկորցնելու պահանջ, նվնվաց.

    - Գոնե չորս …

    - Երե՛ք,- ամենասոսկալի վաշխառուի անգթությամբ գոչեցի ես և տեսնելով դեմքի տատանումները` պարզեցի ձեռքս ու խստաշունչ փիլիսոփայի իմաստուն անտարբերությամբ ազդարարեցի.

    - Ծակե՛ք:

    Արդեն անհնար էր դիմանալ, իսկ նա, չնայած ռազմաշունչ տեսքին, մի թույլ արարած էր, որին Աստված մեզ տալիս է ընդամենը օգնելու համար: Մի կողմ նետելով իմաստազրկված ասեղն ու ձեռքի անփույթ թափահարումով հայտարարելով համաձայնագրի կայացման մասին` երկու տասնյակ վայրկյան էլ աղմուկով այսուայն կողմ գնաց, ինչի ընթացքում արյան համար նախապատրաստված կոլբաներն իրենց նախկին տեղը գրավեցին, իսկ ես ազատություն ստացա:

    Երբ դուրս եկանք, ցածրահասակ շիկահեր բժիշկը դեռ գունատ թխահերով էր զբաղված. արյունը ոչ մի կերպ չէր մակարդվում: Մեզ տեսնելով` անկեղծորեն զարմացավ.

    - Այսքան շո՞ւտ:

    Բնության Գլուխգործոցը ոչինչ չպատասխանեց, իսկ ես խորամանկ աչքով արի և ի սրտե գունատ թխահերին նվիրեցի ռուսական ծագումով շոկոլադե սալիկը...

    Ի դեպ, տարիներ անց, երբ յոթ կամ երեք հազար դրամն ավելի էին արժեզրկվել տնտեսական վայրիվերումների խորխորատներում, ու բանը երրորդ անգամ արյուն տալուն հասավ, սակավադրամությունն այլևս չէր պատվազրկում իմ ամեն ինչ տեսած գրպանը: Հիշում եմ, թե ինչպես վճարեցի գումարն ազնվականի շարժուձևերով և եթե ոչ լուկուլլոսյան շռայլությամբ, ապա գոնե ամբողջովին ու առանց ավելորդ խորամանկությունների:



    Արմեն ՄԱԼԽԱՍՅԱՆ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.11.2010, 10:45:

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.11.2010), Chilly (31.10.2010), Chuk (04.11.2010), davidus (05.11.2010), einnA (04.10.2010), Gayl (03.11.2010), Kita (05.11.2010), Mark Pauler (03.11.2010), matlev (04.10.2010), Moonwalker (05.11.2010), My World My Space (04.11.2010), Nadine (04.10.2010), Sona_Yar (04.11.2010), Արևածագ (04.10.2010), Գանգրահեր (31.01.2011), Դեկադա (04.10.2010), Եկվոր (06.11.2010), Երվանդ (04.10.2010), Նաիրուհի (05.11.2010), ՆանՍ (03.11.2010), Ջուզեպե Բալզամո (03.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ա շարադրված, հետաքրքիր կարդացվում ա, ու պատմվածքն էլ լավն ա:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (04.10.2010), Malxas (04.10.2010)

  5. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարպետորեն է շարադրված, չես հասցնում անգամ շունչ քաշել, որ մտածես՝ ուզու՞մ ես կարդալ ,թե՝ ոչ: Լավն է:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (04.10.2010), Malxas (04.10.2010), Երվանդ (04.10.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեման տեղափոխվել է «Ժամանակակից հայ գրականություն» բաժնից:

  8. #5
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարևորը տրամդրված լինես կարդալու, թե չէ առաջին նախադասությունից արդեն կլանվում ես. տեսնես էտ յոթ հազարը հասնում է, թե երեք հազարն էլ է գնում
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (04.11.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ուր եք տեղափոխելու:

  11. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ուր եք տեղափոխելու:
    Հարգելի Malxas, ակումբում ընդունված է, որ ստեղծագործողները, գրողները սեփական ստեղծագործություները տեղադրում են «Ստեղծագործողի անկյուն» բաժնում, իսկ «Ժամանակակից հայ գրականություն» բաժնում ակումբցիները քննարկում են այլ ստեղծագործողների, ովքեր հիմնականում ակումբում գրանցված չեն:

  12. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Malxas, դեռ չեմ կարդացել, ուղղակի թույլ տուր մի խորհուրդ տալ. «Ակումբում» (և ընդհանրապես ինտերնետային շատ տեղերում) նոր պարբերությունը խորքից սկսելու հնարավորություն,ցավոք, չկա, սակայն դրան շատ հաճախ փոխարինում է նոր պարբերությունը կրկնակի enter-ից հետո սկսելը: Առանց դրա երկար տեքստ կարդալը բակականին անհարմար է, ճիշտն ասած:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (05.10.2010), Malxas (04.10.2010), matlev (04.10.2010), VisTolog (06.11.2010), Երվանդ (04.10.2010), Ռուֆուս (05.11.2010)

  14. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուղղակի տեղեկացնեմ, որ առաջին գրառման մեջ տեղադրվել է պատմվածքի խմբագրված և սրբագրված տարբերակը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկավ ոճը` թեթև-պատմողական ու հումորային-նկարագրողական: Անկեղծ ասած, պատմվածքի "ինտրիգ"-ն այնքան էլ այն չէր, բայց, ոճի հաշվին, հաճույքով էր կարդացվում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (03.11.2010)

  17. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անվարժ ու անհամասեռ է շարադրված, հեղինակը հաճախ է խախտում «հետաքրքիր արտահայտությունները ոչ միշտ են շատ հետաքրքիր» կանոնը: Ծանրաբեռնված էր պարազիտային համեմատություններով: Բազմաթիվ տեղեր տհաճորեն դուրս են ցցվում: Կլիշեների աննորմալ մեծ քանակ կա: Պարունակությունն ու սյուժեն էլ էլ, շարադրման ձևի շնորհիվ, շատ ավելի են արժեզրկվել, քան յոթ հազար դրամը:
    Մնացած առումներով՝ վատ պատմվածք չէր: Եթե, իհարկե, էլի առում մնաց:

    P. S. Իրականում պատրաստվում էի ավարտել «Մնացած առումներով՝ վատ պատմվածք չէր» նախադասությամբ, հետո մտածեցի՝ եթե սա է ոչ վատ պատմվածքը, ապա ո՞րն է վատը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (04.11.2010)

  19. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած այնպիսի տպավորություն ստացա, թե ավելի շատ ցանկանում եք փայլել ձեր յուրօրինակ քննադատական տաղանդով, քան հայտնել անկեղծ կարծիքը:
    Նեղություն չէի կրի պատասխանել, եթե պարզապես գրեիք, որ պատմվածքը դուր չի եկել:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (04.11.2010), My World My Space (04.11.2010), Norton (04.11.2010), Երվանդ (04.11.2010)

  21. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած այնպիսի տպավորություն ստացա, թե ավելի շատ ցանկանում եք փայլել ձեր յուրօրինակ քննադատական տաղանդով, քան հայտնել անկեղծ կարծիքը:
    Նեղություն չէի կրի պատասխանել, եթե պարզապես գրեիք, որ պատմվածքը դուր չի եկել:
    Մալխաս, եթե ես ժամանակ վատնեի բոլոր ինձ դուր չեկող բոլոր պատմվածքների մասին «դուր չի գալիս» գրելու վրա, ոչ մի բան չէի հասցնի անել: Պատմվածքները շատ են, ես՝ մի հատ:
    Ես քննադատում եմ երկու տեսակի աշխատանքներ: Մի տեսակը՝ որոնք, իմ կարծիքով, գրականության մեջ տեղ չունեն: Մյուս տեսակը՝ որոնք, նույնպես իմ կարծիքով, կարելի է փրկել:
    Քոնը երկրորդ տեսակի պատմվածք է: Այնպես որ, իմ քննադատությունը ավելի շատ բարի կամքի արտահայտում է, ու պետք չի այն փշերով ընդունել իհարկե, եթե համարում ես, որ ինչ-որ բան սխալ եմ քննադատել (ինչը չի բացառվում), կարող ես մատնանշել դա, ու նորմալ կբանավիճենք:

    P. S. Եթե ինչ-որ կերպ վիրավորական հնչեց գրածս, ապա ներողություն եմ խնդրում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ քո առաջին մեկնաբանություն քննադատությունը գրված է ակնհայտ վիրավորական և ծաղրական նրբերանգով: Պատմվածքը քննարկել մանրադիտակի տակ և այն էլ քեզ հետ, ներիր չեմ ցանկանում: Եթե դու լավ տրամադրված լինելով հանդերձ այդպիսի անվայել կարպով ես արտահայտվում, ապա ինչ կլինի, եթե դու, իսկ դա բնավ չի կարելի բացառել, հանկարծ վատ տրամադրվես իմ դեմ: Չեմ ցանկանում ոչ ոքի հետ վիրավորական արտահայտություններ փոխանակել, եղբայր: Այդ նպատակով չեմ այստեղ:
    Մեծապես շնորհակալ եմ, որ ցանկանում ես փրկել իմ պատմվածքը: Ստեղծագործական կատարելության ձգտում եմ աշխատելով ինքս ինձ վրա, նաև կարդալով այն գրողներին, որոնք ինձ դուր են գալիս և ես նրանց մեծություն եմ համարում:
    Ի դեպ, թույլ եմ տալիս նկատել, պատմվածքը խմբագրել է մի շատ հայտնի խմբագիր և տեղին չի գտել այն զտել, ինչպես թույլ ես տվել արտահայտվել, անվարժ ու անհամասեռ շարադրանքից, ծանրաբեռնված պարազիտային համեմատություններից, տհաճորեն դուրս ցցված տեղերից ու կլիշեների աննորմալ մեծ քանակից:

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (04.11.2010), einnA (04.11.2010), Gayl (04.11.2010), murmushka (04.11.2010), My World My Space (04.11.2010), Norton (04.11.2010), Երվանդ (04.11.2010), ՆանՍ (05.11.2010)

  24. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, թույլ եմ տալիս նկատել, պատմվածքը խմբագրել է մի շատ հայտնի խմբագիր և տեղին չի գտել այն զտել, ինչպես թույլ ես տվել արտահայտվել, անվարժ ու անհամասեռ շարադրանքից, ծանրաբեռնված պարազիտային համեմատություններից, տհաճորեն դուրս ցցված տեղերից ու կլիշեների աննորմալ մեծ քանակից:
    Հա՞յ խմբագիր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  2. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  3. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  4. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  5. Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.03.2011, 10:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •