User Tag List

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213
Ցույց են տրվում 181 համարից մինչև 186 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: «Տիգրան Մեծ», պատմավեպ

  1. #181
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ տեղ ճիշտ ես, ԱրԷա ջան - սկսած միջնադարից էլ այդ բառերը որպես հոմանիշ են օգտագործվել: Բայց ես առաջարկում եմ հստակ տարանջատում դնել, ոնց վերևում ասացի: Այդ տեսակետից որ նայենք, ասածդ նախադասության մեջ րամաբանական հակասություն չկա, ոնց որ ասես գցեց ձեռքից ատրճանակը և վերցրեց կարաբինը...
    Բայց Լիոն ախպեր էդ հստա տարանջատումը մենք առաջարկում ենք, բայց լեզվաբաններն ինչ են ասում? Մենակ հոմանիշով ոնց յոլա գնանք? Ուրիշ լեզուներում սառը զենքի հրաշալի տարբերակումներ և "տեսականի" կա: Մեր մոտ թուր հա սուր, լինի դա меч, палаш, сабля, шашка ...
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (09.12.2011)

  3. #182
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է պետք է այդ ոլորտի մասնագետներն ու լեզվաբանները համագործակցեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (09.12.2011)

  5. #183
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    27 Գուշակների մոտ

    Արտաշեսը շատ էր ափսոսում, որ խնջույքն այդքան վաղ ավարտվեց, բայց ինչ արած, ամեն լավ բան ունենում է իր ավարտը: Կերուխումը կարելի է շարունակել մոտակա պանդոկում, և ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե ճամփորդությանը հատկացված գումարից մի փոքր ծախսվի ջղերը թուլացնեու համար: Ոմանք, իհարկե, դրան հասնում են բնության գրկում կամ պարզապես քուն մտնելով, բայց ամեն մարդ ջղերը թուլացնելու իր միջոցներն ունի: Բացի այդ, այս անձրևին ու ցրտին ի՜նչ բնության գիրկ: Իսկ քուն մտնելը մի գործողություն է, որն ուղղակի կատարվում է կյանքի հաշվին: Արտաշեսը գիշերային հանգստի մասին հաճախ էր խորհել և ուներ սեփական փիլիսոփայական մոտեցումն այդ նուրբ խնդրին: Այսպիսով, մնում էր գինին` միակ աստվածը, որին Արտաշեսը կծառայեր անսպառ եռանդով և անմնացորդ նվիրումով, սակայն Հայաստանում գինու տաճարները, ցավոք, գինետների տեսքով էին միայն ներկայացված:
    - Իմ ժամանակ կերուխումն այսքան շուտ չէին ավարտում,- բազմանշանակ հայտարարեց պալատականը,- ստիպված ենք շարունակությունն ուրիշ տեղ փնտրել:
    Առնակը ձեռնպահ մնաց պատասխանելուց: Մտքերի մեջ ընկած` նա հնարավոր է նույնիսկ չլսեց ուսուցչի ասածը: Իսկ ահա Վարդան Բագրատունին, որը շատ համեստ էր եղել խնջույքի ժամանակ և արդեն սկսել էր ճանաչել իր նորանշանակ պետին, հանձն առավ քննարկման դնել այդ կարևորագույն խնդիրը:
    - Լիովին համաձայն եմ քեզ հետ, մեծապատի՛վ Արտաշես: Իհարկե, ամենաճիշտ որոշումը կլինի` մտնել ահա այն պանդոկը, որն ասես այս դեպքի համար է հատուկ կառուցված, բայց...
    - Էլ ի՞նչ բայց, մտնենք ու վերջ:
    Հազարապետը խորամանկորեն ոլորեց բեղերն ու պատասխանը փոքր-ինչ ուշացնելով` ասաց:
    - Մենք նրա համար չենք հրաժարվել մրցույթի երկրորդ կեսից, որ գինետուն գնանք: Ճանապարհից առաջ պարտավոր ենք Վահագնի տաճար մտնել, որ սրբազան քրմերը գուշակություն անեն:
    - Հայրս աստղերով է գուշակում և քրմերից շատ ավելի լավ,- բացականչեց Առնակը, որն ուշքի էր եկել □գուշակություն□ բառի վրա:
    - Ընդհանրապես նախընտրելի է սոսիի ու գիհիի տերևներով և սրբազան օձերով մեր ավանդական գուշակությունը, սակայն դեմ չեմ, որ Վահագնի տաճար մտնելուց հետո աստղագուշակի էլ այցելենք: Հուսով եմ` հեռու չէ:
    □Քեզ համար դա ի՜նչ ավանդական միջոց, հրեայի մեկը□ - քիչ մնաց բացականչեր Արտաշեսը, որն սկսել էր նախազգալ, թե ինչպես է խորտակվում գինետուն մտնելու սրբազան գաղափարը: Սակայն բարձրաձայն չարախնդաց հետևյալը.
    - Ո՛չ, բոլորովին էլ հեռու չէ, հերիք է միայն Արշամաշատ հասնենք...
    - Իսկ Վահագնի տաճարից կուզեի կրկես առաջնորդել ձեզ,- շարունակեց հազարապետը:
    - Իսկ կրկեսից հետո երևի ցանկանաս թատրոն առաջնորդել,- նեղսրտեց պալատականը:
    - Աստղիկի օրվա առթիվ մարտակառքերով մրցություն է լինելու,- առանց Արտաշեսին ուշադրություն դարձնելու ասաց Վարդան Բագրատունին:- Ութ զույգ կառավարներ կվիճարկեն հաղթողի դափնին: Մրցույթի մասնակիցներից չորսը մեր նախարարական տներից են, մնացյալ չորսը` հյուրեր...
    - Ի՜նչ մրցույթներ էին լինում մեր ժամանակ,- քթի տակ բարբառեց Արտաշեսը, որը հավանաբար կսկսեր նաև պատմել, թե քանի՜-քանի՜ անգամ է հաղթել նման մրցույթներում և պատվաբեր պարգևներ ստացել անձամբ թագավորի ձեռքից, սակայն հազարապետը, բարեհոգի ժպիտը դեմքին, ընդհատեց նրան:
    - Այսպիսի մրցույթները տարվա մեջ մեկ կամ երկու անգամից ավելի չեն լինում, և ես չէի ցանկա, որ այս երիտասարդը, որն ամենաբարենպաստ տպավորությունն է թողել ինձ վրա, բաց թողի այդ տեսարանը: Մարտակառք վարելն ամենաբարդն է ռազմական արվեստի մեջ:
    - Իմ հայրենի քաղաքում մի քանի անգամ մարտակառք վարել եմ,- ոգևորված բացականչեց Առնակը,- սակայն մրցույթի մասնակցելու կամ դիտելու առիթ չի եղել: Իսկական երջանկություն կլիներ տեսնել այն մայրաքաղաքի մրցասպարեզում...
    Արտաշեսը ծանր հոգոց հանեց...
    Հասան Վահագնի տաճար, որը մի փոքրիկ շինություն էր, տաճարի տեսք բոլորովին չուներ և իր խղճուկ չափերին համապատասխան էլ անձնակազմ ուներ: Բակում սոսիների փոքրիկ պուրակ կար, որը քամու տակ մեղմ սոսափյուն էր արձակում: Արդեն քանի՜ հազար տարի հենց դրանց օգնությամբ էին քրմերը կատարում իրենց գուշակությունները: Վահագնի գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, իսկ Արտաշատում այդ տաճարի առկայությունը բացատրվում էր Արտաշատի մայրաքաղաք լինելով միայն, որի բնակիչները ժամանակ առ ժամանակ գուշակության կարիք էին ունենում: Վահագնի տաճարի քրմերն արդեն հասուն տարիքի երեք տղամարդիկ էին, բոլորն էլ` Վահունի տոհմից, Մեծ Հայքի միակ նախարարական տնից, որն իրեն ծագեցնում էր Վահագն աստծուց: Առնակին, Արտաշեսին և Վարդան Բագրատունուն հանձն առավ սպասարկել Գյուտ Վահունին` հիսունհինգ տարեկան քչախոս մի մարդ, որը հակառակ սպասումների` բոլորովին էլ սնոտի և խորհրդավոր տեսք չտվեց իր գործողություններին, անդրշիրիմյան ձայնով չվախեցրեց հյուրերին և գործը կատարեց պատշարի կամ բրուտի անտարբերությամբ, ասես իրեն ոչ թե պատվիրել էին գուշակել մշուշապատ և անկռահելի ապագան, այլ հանձնարարել էին մի աննշան պատ կանգնեցնել կամ գինու ամենասովորական կուժ պատրաստել: Գերապատիվ Վահան Վահունու հեռավոր ազգականը, կավե մի հասարակ սափոր ձեռքին, բակ առաջնորդեց հյուրերին և գործի անցավ:
    - Սոսանվեր Անուշավանից հետո սա երևի ամենահայտնի գուշակն է,- կիսաձայն քմծիծաղեց Արտաշեսը. վաղուց էր ճանաչում Գյուտ Վահունուն, որի հասարակ արտաքինը միշտ էլ քստմնելի զգացումներ էր առաջացրել նրա մեջ: Քուրմն ուշադրություն չդարձրեց պալատականի վրա, չնայած ինքն էլ նրան էր շատ լավ ճանաչում, և ջերմեռանդորեն գործի անցավ: Գյուտ Վահունին չոքեց սոսի ծառերի առաջ և աղոթք ուղղեց Վահագն աստծուն: Այնուհետև առաջ հրավիրեցին Առնակին, որին որոշել էին առաջինը փորձության ենթարկել: Սկզբում երիտասարդին կանգնեցրին պուրակի մեջտեղում, և քուրմը ականջ դրեց, թե ինչպես են շարժվում սաղարթները: Քիչ անց պատվարժան Գյուտն սաղարթներին ունկնդրեց արդեն առանց Առնակի և վերջապես պատվիրեց նրան մի քանի ճյուղ պոկել մոտակա ծառից: Հերթը հասավ տանիք բարձրանալուն. հենց այնտեղ էին շարունակվելու դիտարկումները: Քուրմ գուշակի հրամանով Առնակը տաճարի հողե տանիքին տնկեց սոսիի ճյուղերը, և Գյուտ Վահունին սկսեց ուշադիր նայել դրանց տերևներին: Քամու տակ մի քանի դեղին տերևներ պոկվեցին և անկանոն ճախրելով` ներքև ընկան, իսկ մյուսները սկսեցին մեղմ դողալ: Քուրմն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր տերևներին և այդ պահին շատ նման էր միջատի վրա հարձակվել ցանկացող դարանամուտ մողեսի: Քառորդ ժամ տերևներն ուսումնասիրելուց հետո նա ճյուղերի առաջ դրեց սափորը և աչքերը փակելով` մի քանի րոպե կիսաձայն աղոթք մրմնջաց: Այնուհետև Գյուտը բացեց կավե անոթը, և քիչ անց շերտավոր մի օձ դուրս եկավ միջից: Մոտ մեկ քայլաչափ երկարություն ունեցող իժ էր, որն անմիջապես սոսիի ճյուղերի մեջ մտավ և նոր իմաստ հաղորդեց գուշակությանը: Գյուտ Վահունին քառորդ ժամ ուսումնասիրեց օձի շարժումները, նորից նրան փակեց սափորի մեջ, անշտապ տաճար վերադարձավ և մեկ այլ սափոր բերեց, որի մեջ, ինչպես քիչ հետո պարզվեց, լորտու կար: Բոլորը սպասում էին գուշակության արդյունքներին, սակայն քուրմը հիասթափեցրեց: Գյուտ Վահունին առանց շտապելու գետնից հավաքեց սոսու տերևներն ու Առնակին պատվիրեց նոր ճյուղեր բերել: Պալատական Արտաշեսը կորցրեց համբերությունը:
    - Սա ի՜նչ բան է,- գոչեց նա,- մի ժամանակ գուշակությունը քառորդ ժամից ավելի չէր քաշում: Թե՞ այդպես եք անում, որ ավելի շատ դրամ շորթեք:
    Վահագնի տաճարի քուրմը ձեռքի մեղմ շարժումով խնդրեց հանգստանալ մոլեգնացող պալատականին ու նորից գործի կպավ: Նույն ծիսակարգը մոտավորապես կրկնվեց, սակայն քուրմն ավելի ջանասիրաբար ուսումնասիրեց տերևների ու ճյուղերի տատանումներն ու լորտուի շարժումները և ավելի մոլեռանդորեն կարդաց աղոթքը: Վերջապես հետևեց դատավճիռը:
    - Վկա է Վիշապաքաղ Վահագնը,- ասաց Գյուտ Վահունին,- քո գլխին, երիտասա՛րդ, մութ ամպի պես կախված է մահվան վտանգը: Եթե մոտակա երեք օրվա ընթացքում կենդանի մնաս, մեծ փառքի կհասնես:
    Քար լռություն տիրեց: Սոսիի տերևների մեղմ խշշոցն էր միայն խախտում ցերեկային անդորրը: Ասվածի տպավորության տակ բոլորի մարմինները փշաքաղվեցին, և ասես զգացվեց մահվան շունչը, որը մոտակա երեք օրվա ընթացքում այդպիսի սպառնալից դիրք էր բռնել երիտասարդ նկատմամբ: Սակայն այդ վիճակը շատ կարճ տևեց: Մեկ վայրկյան միայն, թերևս` մեկ վայրկյանից էլ քիչ: Խանդավառ մի ժպիտ գծագրվեց Առնակի շուրթերին, և նա ոգևորված գրկելով Գյուտ Վահունու ուսերը` բացականչեց.
    - Վկա են անմահ աստվածները, ավելի երջանիկ բախտավիճակ անհնար էր նույնիսկ երազել: Եթե մահն ինձ սպառնալու է մոտակա երեք օրերին, ապա դա միմիայն նշանակում է, որ երեք օր շարունակ վտանգելու եմ կյանքս հանուն թագավորի...
    Պալատական Արտաշեսն ու Վարդան Բագրատունին նույնպես ուրախ ծիծաղեցին և քաջալերանքի բազմաթիվ խոսքեր ասացին Առնակին, մինչդեռ Գյուտ Վահունին մնաց մռայլ:
    - Խորհուրդ եմ տալիս ասածներիս լուրջ վերաբերվել, երիտասա՛րդ,- ասաց նա ու տանիքից իջնելով` իր խուցը քաշվեց:
    Եթե ասենք ամբողջ ճշմարտությունը, ապա Արտաշեսը և Վարդան Բագրատունին հոգու խորքում ճնշված էին այդ գուշակությունից: Իսկ ահա Առնակը ծիծաղում էր ամենայն անկեղծությամբ և այդ պահին երևի ամենաանհոգ մարդն էր աշխարհում:
    - Մեզ համար գուշակելու ժամանակ չմնաց,- ասաց Վարդան Բագրատունին,- ստիպված ենք հետաձգել մինչև Բաբելոնից վերադառնալը:
    - Երևի նեղացրինք մարդուն,- որոշակի մեկին չդիմելով` ասաց Արտաշեսը:- Առնա՛կ, իր ուզածից մի փոքր ավելի կտաս: Ասենք, կարող ես դրանով ավելի նեղացնել: Այստեղ բացառիկ նրբանկատություն է պետք, այնպես որ, ստիպված եմ ինքս գնալ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (26.11.2013)

  7. #184
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Տիգրան Մեծ» պատմավեպի առաջին հրատարակությունն այս տարի կսպառվի: Պատրաստվում է նոր հրատարակություն նոր խմբագրված տեսքով:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.05.2015), Tiger29 (03.05.2015)

  9. #185
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ խմբագրության աշխատանքները դեռ ընթացքում են: Այուամենայնիվ կասկածից դուրս է, որ խմբագրությունների մակարդակների միջև գոյություն ունի զգալի տարբերություն: Համեմատության համար տեղադրում եմ երկրորդ խմբագրության առաջին գլուխը: Դե իսկ առաջին խմբագրության առաջին գլուխը թեմայի ամենասկզբում է:


    1.Տիգրան թագավոր

    Թագավորական պալատը երբեք այդքան անմարդաբնակ չէր թվացել: Լռություն էր այնտեղ, չարագուշակ, սահմռկելի լռություն: Աղոտ լուսավորված անհամար դահլիճներն ու միջանցքները, որոնք այնքան շքեղ ու կենսախինդ էին ցերեկային լույսի տակ, այժմ, երեկոյան, ասես լցված լինեին չար ոգիներով ու դևերով: Թվում էր` մոտակա անկյունից ուր որ է մի ալ դուրս կգա և իր դիվական հմայություններով բազում փորձանքներ կբերի: Դա մի մարտադաշտ էր կռվից հետո, ուր գիշակեր թռչուններն արդեն հոշոտել էին դիակները և միայն ոսկորները թողել` իբրև հիշատակ մի հերոսական ու վեհ ճակատամարտի: Մահն էր ասես սողոսկել Տիգրան թագավորի նստավայր ու սև թևերը տարածել վրան:

    Մեծ Հայքի թագավորի առողջությունը կտրուկ վատացել էր: Ութսունամյա Տիգրանը` Արտաշես Մեծի վերջին, վեցերորդ որդին թուլանում էր օրեցօր, և արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ երկար չի ապրի: Օրվա մեծ մասը թագավորն անցկացնում էր իր ննջարանում, բժիշկ Արբակի խնամակալության ներքո, իսկ երեկոյան ժամերին նրան այցելում էր արքայազն Գուրը: Այսօր նա սովորականից շուտ էր եկել, բժշկի հրավերով: Կամակորության հերթական տենդով բռնված արքան գրողի ծոցն էր ուղարկել բժշկի խորհուրդները և անկարելիության աստիճան հարբել, իսկ բժիշկն արքայազնին շտապ կանչելուց լավ բան չէր կարողացել մտածել:

    Բժիշկ Արբակը և արքայազն Գուրը, ահա միակ մարդիկ, որոնք ինչ-որ չափով կարող էին ազդեցություն ունենալ թագավորի վրա: Քրմապետ Վահունին վաղուց չէր այցելում նրան, նախարարները` նույնպես, իսկ պալատականներին Տիգրանը վռնդում էր նրանց հայտնվելուն պես: Ուտելիքը բերում էին, երբ քնած էր, հակառակ դեպքում բժիշկն ու արքայազնն էին հանձն առնում կատարել սպասավորի դերը:

    Երբ Գուրը մոտեցավ, թագավորը ոտքերը կախած` նստած էր մահճակալին ու լուռ մտորում էր: Մի քանի քայլի վրա գեղեցիկ փորագրություններով զարդարված սեղանն էր, վրան կիսով չափ դատարկված արծաթե սափոր, ամբողջովին թանկարժեք քարերով պատված ոսկյա գավաթ և մրգերով լի մի սկուտեղ:

    Արքայազնը զգուշորեն գրկեց հոր ուսերն ու մեղմաձայն ասաց:

    - Պառկիր ու ծածկվիր վերմակով, հա՛յր:

    Նույնիսկ մահամերձ` թագավորը վեհ տեսք ուներ: Սառը, դաժան հայացքը հառել էր անորոշ կետի և ասես բոլորովին չէր լսում որդուն:

    - Այդ ապուշ Արբակը փորձում էր արգելել ինձ գինի խմել,- վերջապես ասաց նա,- ուզում էի գավաթով ջարդել գլուխը, բայց չգիտես ինչու` չարեցի: Երևում է ճիշտ են ասում` իսկապես ծերացել եմ, դարձել անկամք ու թույլ:

    - Չե՛ս արել, որովհետև գիտե՛ս` Արբակը քո ամենահավատարիմ հպատակն է և թագավորության լավագույն բժիշկը: Հայր և տեր արքա՛, նրան պետք է լսել:

    - Մի ժամանակ ասում էիր, ՙՏեր արքա և հայր՚,- նկատեց Տիգրանը:

    - Օտարների ներկայությամբ քեզ միշտ դիմել եմ ՙՏեր արքա և հայր՚, իսկ երբ մենակ ենք եղել` ՙՀայր և տեր արքա՚,- ժպտաց Գուրը:

    - Իսկ տերության մեջ ինչպես միշտ ամեն ինչ կարգի՞ն է,- հեգնեց թագավորը:

    Ցանկանալով խնայել հոր առողջությունը` արքայազնը հեռու էր պահում նրան գործերից: Տիգրանը դրանից ավելի էր գրգռվում, ուստի Գուրը երբեմն նրան լուրեր էր հաղորդում, բայց ամեն ինչ ներկայացնում էր ակնհայտ ՙթեթևացրած տարբերակով՚:

    - Հռոմից աննշան մարդիկ են այցելել քրմապետին: Արևմտյան նախարարություններն ուշացնում են տերունական հարկը: Ժամանակի խնդիր է, ամենաշատը երկու երեք օրից...

    - Իսկ գուցե քրմապետը Մաննիոս Աքվիլիոսի մարդկա՞նց է ընդունում: Գուցե արևմտյան նախարարությունները բոլորովին հրաժարվո՞ւմ են հարկ վճարել,- բարկացած գոռաց թագավորը:

    Նայելով Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու վերջին` վեցերորդ որդուն, ակնհայտ կարելի էր տեսնել, որ սկյութական վայրագ արյունը հաղթել է առավել հավասարակշռված հայկականին: Տիգրանի աչքերը ցասկոտ չռվել էին, բերանը` տգեղ ծամածռվել: Ծեր էր թագավորը, շուտով մեռյալների աշխարհ էր փոխադրվելու, բայց նրա ձայնը հնչեց վճռական և ավյունով լի: Գուրը փորձեց հանգստացնել նրան: Թագավորը շարժում արեց, որ լռի:

    - Թքա՛ծ արևմտյան սահմանի վրա: Եղբորդ վերադարձը վտանգի տակ է: Քրմապետը հսկողության տակ է առել հարավը:

    Թագավորը գինի պահանջեց:

    - Քեզ այլևս չի կարելի, հա՛յր...

    - Դու հիմար ես, Գո՛ւր, ավելի հիմար, քան Արբակը:

    Արքայազնն աղերսական հայացք գցեց հոր վրա, ապա լուռ կատարեց հրամանը: Տիգրանը մի շնչով դատարկեց գավաթը:

    - Առաջ ամբողջ տակառ էի դատարկում, իսկ հիմա մի գավաթն էլ են արգելում...

    - Հա՛յր, մեկ գավաթից շատ ավելի ես խմել...

    - …սակայն մեկ տակառից շատ ավելի պակաս:

    Տիգրանը վեր կացավ անկողնուց: Էլի գինի էլ պահանջեց, կուլ տվեց մի շնչով, ապա սեղանից մի խնձոր վերցրեց ու սկսեց մաքրել:

    - Ծերությունը դառը բան է, առաջ ճաշին մի ամբողջ ոչխար էի ուտում, իսկ հիմա մաքրում եմ խնձորի կճեպը, որ ստամոքսիս աշխատանքը թեթևացնեմ:

    - Անհրաժեշտ է զորք ուղարկել արևմուտք,- խոսակցության նյութը փոխեց Գուրը, - դու պետք է կնքես այս թղթերը...

    Թագավորը բանի տեղ չդրեց որդու ասածները: Դեն նետեց կիսատ խնձորն ու սկսեց հիացմունքով զննել իր ոսկեզօծ դաշույնը` որով հենց մաքրում էր խնձորը:

    - Սա հորս` Արտաշես թագավորի նվերն է: Երբեք չեմ բաժանվել սրանից: Շեղբը մաքուր պողպատից է, հազար անգամ կոփվել է թագավորության դարբնոցներում: Կոթն արծաթից է, պատյանը` ոսկեզօծ, ու հետն էլ ոսկերիչների մի քանի ամսվա աշխատանք:

    Թագավորը տեղը դրեց իր համար այնքա¯ն թանկ իրը ու նորից սկսեց խմել:

    - Դու ինձ ճիշտը չես ասում, Գուր: Հյուսիսից` իբերները, արևելքից` աղվանները ասպատակում են մեր սահմանները: Արտան Երվանդունին բանսարկությունների մեջ է Տուրուբերանի նախարարների հետ և ցանկանում է նրանց իր կողմը գրավել: Վասպուրականի նախարարները որոշել են առանձնանալ Մեծ Հայքից և ինքնուրույն պետություն ստեղծել: Միհրդատ Եվպատորն ու Միհրդատ Արշակունին դեմ չեն լինի թագադրվել, որպես Մեծ Հայքի թագավոր, կամ իրենց մարդուն նստեցնել Արտաշես թագավորի գահին: Թշնամին չորս կողմից բկներիս է չոքել, բաց հիշիր` հիմա ամենակարևորը եղբորդ վերադարձն է…

    - Այդ գինին...

    - Ես ութսուն տարեկան եմ, Գո՛ւր,- բարկացած` գավաթը սեղանին զարկեց թագավորը,- և իմ կյանքի վերջին օրն եմ ապրում: Մի խանգարիր, ուրեմն, ծերուկիս վայելել այս գինին և բոլորովին դադարիր մտածել դրա մասին: Ես առաջվա նման մի ամբողջ ոչխար չեմ կարող ուտել, բայց մեկ տակառ գինին խմում եմ ուզածդ երիտասարդից լավ ու միևնույն ժամանակ սթափ եմ մնում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  10. #186
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանր լռություն տիրեց: Թագավորը հայացքը հառել էր մի անորոշ կետի: Քիչ անց սկսեց կիսաձայն խոսել ինքն իր հետ: Աստիճանաբար բարձրացնում էր ձայնը:

    - ... արևելքում` աղվանները, հյուսիսում` իբերները... քնձռո¯տ թշվառներ, շուտով մարդ կուղարկեք հավաստելու, որ պատրաստ եք լիզել Հայաստանի թագավորին ոտքերը... Վասպուրականի և Տուրուբերանի նախարարնե՛ր, թերևս հարկ լինի մի քանիսիդ գլուխը կտրել... Միհրդատ Եվպատո¯ր, եղեռնագո¯րծ մայրասպան... դու նույնպես բարեկամություն կխնդրես մեզնից... Միհրդատ Արշակունի¯, սրիկա և գող, ինչպե¯ս եմ տենչում այս գինու փոխարեն քո արյունը խմել... Արտա՛ն, խորամանկ դավաճան, ինչո՞ւ քեզ չճզմեցի ոտքերիս տակ, երբ առիթը եկել էր... Ողորմելի¯ մարդիկ, մոռացե՞լ եք ով է նստած Մեծ Հայքի գահին: Հենց միայն հորս անունը պետք է ստիպեր հավերժ մոռանալու մեր երկրի տեղը, բայց երևում է կարոտել եք հայոց այրուձիի տակ տրորվելուն: Կարծում եք Տիգրանը ծեր է և անօգնական, հա¯-հա¯-հա¯... Ես վերջ կտամ ձեր բանսարկություններին, բոլորդ ոտքի տակ կգնաք: Որքան կուզենայի ապրել ու տեսնել ձեր հիմարացած դեմքերն ու ցից հանած գլուխները… Մի՛ խռովվիր, հա՛յր, ես երկիրն իմ հաջորդին կհանձնեմ առանց կորուստների... Քիչ համբերիր մորս հետ, կգամ շուտով և ամեն ինչ կպատմեմ: Ինչպե¯ս եմ կարոտել ձեզ, եղբայրնե¯ր... Արտավազդ, Զարեհ, Տիրան, Մաժան, Վրույր... Իսկ ամենաշատը որդուս եմ կարոտել, սակայն աստվածները կամեցան, որ այլևս չտեսնեմ նրան...

    Քառորդ ժամ թագավորը խոսեց ինքն իր հետ: Սպառնում էր թշնամիներին, երդում աստվածներին, որ կպահպանի պետությունը: Շատ ծանր էր տանում թագաժառանգի բացակայությունը, որը պատանդ էր պարթևական արքունիքում:

    - Գո՛ւր,- անսպասելի խաղաղվելով ասաց Տիգրանը,- ես իմ կյանքի վերջին օրն եմ ապրում և կուզեի ավարտել կիսատ գործերս:

    Երկրորդ անգամ իր մահվան մասին խոսելը անհանգստացրեց արքայազնին:

    - Դու դեռ երկար կապրես, հա՛յր: Մեր ցեղում բոլորն էլ երկար են ապրում: Ինչպես ասում է պալատական բանաստեղծ Համազասպը` յուրաքանչյուր Արտաշիսյան երկարակյաց է արծվի նման:

    - Երազումս Դեմետրե աստվածն այցելեց: Այս գիշեր ես կմեռնեմ:

    - Գրազ կգամ, որ ամենաքիչը տասնհինգ տարի էլ կապրես:

    - Չեմ ցանկանում ապրել: Հոգնել եմ ապրելուց:

    - Վաղ է խոսել մահվան մասին, հա՛յր: Մենք միասին ուժեղ երկիր կդարձնենք Մեծ Հայքը: Այն իր անվան պես մեծ կլինի: Դու դեռ կտեսնես թշնամիներիդ ծնկի եկած:

    Թագավորը հոգոց հանեց:

    - Պարթևները մեր դաշնակիցներն են,- շարունակեց Գուրը:- Ամեն անգամ, երբ Միհրդատ Արշակունին պատերազմում է, մեր քառասուն հազարանոց այրուձին...

    - Հավատա, զավա՛կս, երբ օգնելու իր հերթը գա, չորս հազարից ավելի չի տա:

    - Ըստ պետական համաձայնագրի...

    - Ճիշտ է, մենք փոխադարձ օգնության պայմանագիր ունենք, բայց նա պատանդ է պահում եղբորդ` թագաժառանգին: Դու, որպես սիրասուն զավակ, ուզում ես հանգստացնել հորդ, բայց երբ հայրը Մեծ Հայքի տիրակալն է, նրան պետք է ասել միմիայն ճշմարտությունը: Վերջ տանք դատարկաբանությանը: Այս գիշեր կպառկեմ քնելու և այլևս չեմ արթնանա: Եկ ավարտենք կիսատ գործերը:

    Լռություն տիրեց: Վերջապես թագավորը խախտեց այն.

    - Պատկերացրու թագավոր ես: Ինչպե՞ս կպահես երկիրը:

    - Քանի դեռ Մեծ Հայքն ունի թագաժառանգ,- վիրավորված արձագանքեց Գուրը,- ես երբեք չեմ մտածի թագավոր լինելու մասին:

    - Նեղացար, հա՞- ծիծաղեց Տիգրանը և մոտենալով որդուն` շոյեց գլուխը: - Դու լավ տղա ես, Գո՛ւր: Քեզ պես հավատարիմ եղբայր աշխարհում չի գտնվի: Հիշու՞մ ես ինչպես էիր ուզում պատանդ գնալ եղբորդ փոխարեն: Բայց հիմա մենք ոչ թե հայր ու որդի ենք, այլ` սառը դատող պետական այրեր: Երբ մեռնեմ, երկրի իշխանությունը միառժամանակ կմնա քո ձեռքերում: Ի՞նչ գործողությունների կդիմես մինչև եղբորդ գալը...

    Թագավորը էլի մի քանի հարց տվեց: Բնավ խմած մարդու շատախոսություն չէր, Տիգրանը հստակ նպատակ ուներ:

    - Իսկ հիմա, որդի՛ս, այստեղ կանչիր Աստղիկին:

    - Բանաստեղծ Համազասպի դստե՞րը: Ինչի՞դ է պետք այս ուշ ժամին:
    - Մեզ համար գիրք կկարդա:

    Քիչ անց ներս մտավ մի սևաչյա գեղեցկուհի: Թագավորը մոտեցավ նրան, հիացմունքով զննեց բարետես դեմքը ու համբուրեց ճակատը:

    - Սեղանից վերցրու այն գիրքը և կարդա մեզ համար, աղջի՛կս:

    Աստղիկը հաղթահարեց հուզմունքը ու սկսեց կարդալ: Գիրքը Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու սիրո պատմությունն էր և ուներ հետևյալ բովանդակությունը:

    Ալանների անհամար զորքը ոտքի տակ էր տվել Կովկասը և սպառնում էր Մեծ Հայք ներխուժել: Քուռ գետի մոտ նրանք բախվեցին Արտաշես թագավորի հեծյալներին ու ետ շպրտվեցին: Հյուսիսցիները քաջարի ռազմիկներ էին և անշուշտ նոր գրոհ կձեռնարկեին, բայց այդ ճակատամարտում հայերը գերել էին նրանց թագաժառանգին ու այդպիսով կապել նրանց ձեռն ու ոտը: Որպեսզի որդուն ազատի` ալանների թագավորը որոշեց խորամանկության դիմել: Իր դուստր Սաթենիկին, որ մի հազվագյուտ գեղեցկուհի էր, նա Արտաշեսի մոտ բանակցությունների ուղարկեց, քանզի հույս ուներ, որ ալան գեղեցկուհու հմայքները կմեղմեն խստասիրտ Արտաշեսի սիրտը: Ալանների թագավորը չէր սխալվում, բայց արքան շատ ցանկանալով փրկել որդուն, հավանաբար մոռացել էր, թե տղամարդու վրա ինչ ձևով կարող է ազդել այդպիսի գեղեցկությունը: Սաթենիկին տեսնելով` Արտաշեսը խելացնորության աստիճան սիրահարվեց և ալան դեսպաններին ստիպեց ընդունել, որ նրանց թագաժառանգի ազատ արձակելն այնքան էլ շտապ խնդիր չէ: Մի քանի ժամ հետո արդեն հայկական պատվիրակությունն էր ալանների ճամբարում: Այստեղ ամեն ինչ պարզ էր` հայերը խնդրում էին արքայադստեր ձեռքը: Լսելով այս անսպասելի առաջարկը` ալանների թագավորը առուծախի խայտառակ բանակցություններ սկսեց և այնքան տարվեց դրանով, որ նույնիսկ որդու մասին մոռացավ: Ոչ ոք չգիտե, թե ագահ ալանը որքան է պահանջել, բայց ստույգ հայտնի է, որ ալանների և հայերի միջև միջպետական սակարկություններ չեն եղել: Լսելով ապագա աներոջ պատասխանը` Արտաշեսն առանց երկար-բարակ մտածելու թռչում է իր հրեղեն ձիու վրա, կայծակի պես անցնում Քուռ գետը և առևանգում Սաթենիկին: Թե քանի մարդ է Արտաշեսը կոտորել, վախեցրել և փախուստի մատնել մեն-մենակ այդ քաջագործությունը կատարելիս, պատմական աղբյուրները լռում են: Ասվում է միայն, որ Սաթենիկին առևանգեց օղապարանով, որը փոքր-ինչ ցավեցրել էր գեղեցկուհու մեջքը և, ինչը, սակայն, չխանգարեց, որ նա սիրի Արտաշեսին եզակի և կրքոտ սիրով, իսկ այդ սիրուց ծնվեցին վեց որդիները...

    Երբ Աստղիկն ավարտեց` Տիգրանը նորից համբուրեց նրա ճակատը: Գոհունակ հայացքը դեռ երկար շողշողում էր նրա կնճռապատ, սակավարյուն դեմքին: Թագավորը որոշեց, որ հիմա ժամանակն է վերադառնալ երկրի խնդիրներին: Աստղիկի գնալուց հետո նա Գուրին ասաց հետևյալը:

    - Արևմտյան նախարարների դեմ առայժմ ոչինչ մի ձեռնարկիր: Մի քանիսին արտոնություններ կտաս. դա կխարխլի նրանց միասնությունը և որոշ ժամանակ թույլ չի տա միաբան լինել: Աշխույժ բանակցիր պարթևների հետ, խնդրիր նրանց որպես կրտսեր եղբայր և, ի միջի այլոց, հիշատակիր հռոմեացիներին: Մեզ հավատարիմ բոլոր զորքերը հավաքիր Արտաշատում ու մատույցներում. փոքր խմբերով, բայց այնպիսի տարածության վրա, որ կարողանան անմիջապես ի մի գումարվել: Պատրաստվիր դիմավորելու եղբորդ: Շատերին ձեռնտու չէ նրա վերադարձը, առաջին հերթին` քրմապետին, և նա բազում դարաններ ու ծուղակներ կսարքի: Ի տես ամենքի շքեղ հագնված զորքեր կդնես այն ճանապարհին, որը կհայտարարես եղբորդ գալստյան ուղի, իսկ նրա վերադարձը կապահովես մեկ այլ ճանապարհով: Արտաշատի հրապարակում մունետիկը թող գուժի իմ մահվան բոթը: Դա հեռու չէ ճշմարտությունից և կխառնի մեր թշնամիների հաշիվները: Մեծ Հայքի գահն ազատ է, օրինական թագաժառանգը` հեռվում... Շատերը կուզենան հարմարավետ տեղավորվել Արտաշես թագավորի գահին, ուրիշներն` իրենց մարդկանց նստեցնել: Հանգամանքներն ամեն օր փոփոխական կլինեն: Երբ ուժեղ կլինես, զգույշ շուրջբոլորդ նայիր և դարան մտնելով` կործանիր ամենալկտի թշնամուդ: Առյուծ ձևացիր, երբ թույլ ես, և նույնիսկ հարազատիդ մոտ ի ցույց մի դիր անկարողությունդ: Լուր տարածիր, թե թագաժառանգը գալիս է` հսկայական զորքի գլուխն անցած, և իմիջի այլոց նշիր, որ Մեծ Հայք է գալու` սկզբնապես այցելելով երկրի արևմտյան նախարարությունները: Դրանից հետո կրկին արտոնություններ խոստացիր նախարարներից ոմանց և սպասիր: Արդեն հասկացար, որ այդ խոստումներից ոչ մեկը չես կատարի: Եթե Միհրդատ Արշակունին օգնության դիմաց հող պահանջի, վաճառականի պես չտարվեք սակարկելով: Կենտրոնանալով արևմտյան սահմանին, տասնապատիկը կհատուցենք հարավում կորցրած հողերի դիմաց... Միհրդատ Արշակունին իմ անձնական թշնամին է, երբեք չեմ ների նրան: Սակայն իմ մահից հետո նա պետք է Մեծ Հայքի բարեկամը դառնա: Ավելի լավ է որոշ ժամանակ կախված ձևանալ պարթևներից, քան մաս-մաս անել տերությունը: Հավատա՛, մեր երկրի թուլությունը թվացյալ է: Մեծ Հայքը վաղուց մեծ պատերազմի մեջ չի եղել: Մեր լեռներն այլևս նեղ են իմ ժողովրդի համար, ինչպես մանկան համար` օրօրոցը: Ուժեղ ու եռանդուն ձեռք է անհրաժեշտ: Եթե տարիքս և հիվանդությունը չխանգարեին, շատ երկրներ կնվաճեի: Հիշի՛ր, ամենակարևորը եղբորդ բարեհաջող վերադարձն է...

    Տիգրան թագավորը հաջորդ օրը չմեռավ, ինչպես համառորեն պնդում էր: Ոչինչ չպատահեց նաև հաջորդ օրը: Բայց երևում է ծերունին իսկապես ինչ-որ բան զգացել էր: Երեք օր անց Մեծ Հայքի տիրակալը ծանր հիվանդացավ և անկողին ընկավ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Գրառումներ: 16
    Վերջինը: 05.04.2017, 14:53
  3. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  4. Տիգրան Մանսուրյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.07.2014, 12:31
  5. Տիգրան Մեծ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 25.08.2010, 12:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •