Երկրորդ խմբագրության աշխատանքները դեռ ընթացքում են: Այուամենայնիվ կասկածից դուրս է, որ խմբագրությունների մակարդակների միջև գոյություն ունի զգալի տարբերություն: Համեմատության համար տեղադրում եմ երկրորդ խմբագրության առաջին գլուխը: Դե իսկ առաջին խմբագրության առաջին գլուխը թեմայի ամենասկզբում է:
1.Տիգրան թագավոր
Թագավորական պալատը երբեք այդքան անմարդաբնակ չէր թվացել: Լռություն էր այնտեղ, չարագուշակ, սահմռկելի լռություն: Աղոտ լուսավորված անհամար դահլիճներն ու միջանցքները, որոնք այնքան շքեղ ու կենսախինդ էին ցերեկային լույսի տակ, այժմ, երեկոյան, ասես լցված լինեին չար ոգիներով ու դևերով: Թվում էր` մոտակա անկյունից ուր որ է մի ալ դուրս կգա և իր դիվական հմայություններով բազում փորձանքներ կբերի: Դա մի մարտադաշտ էր կռվից հետո, ուր գիշակեր թռչուններն արդեն հոշոտել էին դիակները և միայն ոսկորները թողել` իբրև հիշատակ մի հերոսական ու վեհ ճակատամարտի: Մահն էր ասես սողոսկել Տիգրան թագավորի նստավայր ու սև թևերը տարածել վրան:
Մեծ Հայքի թագավորի առողջությունը կտրուկ վատացել էր: Ութսունամյա Տիգրանը` Արտաշես Մեծի վերջին, վեցերորդ որդին թուլանում էր օրեցօր, և արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ երկար չի ապրի: Օրվա մեծ մասը թագավորն անցկացնում էր իր ննջարանում, բժիշկ Արբակի խնամակալության ներքո, իսկ երեկոյան ժամերին նրան այցելում էր արքայազն Գուրը: Այսօր նա սովորականից շուտ էր եկել, բժշկի հրավերով: Կամակորության հերթական տենդով բռնված արքան գրողի ծոցն էր ուղարկել բժշկի խորհուրդները և անկարելիության աստիճան հարբել, իսկ բժիշկն արքայազնին շտապ կանչելուց լավ բան չէր կարողացել մտածել:
Բժիշկ Արբակը և արքայազն Գուրը, ահա միակ մարդիկ, որոնք ինչ-որ չափով կարող էին ազդեցություն ունենալ թագավորի վրա: Քրմապետ Վահունին վաղուց չէր այցելում նրան, նախարարները` նույնպես, իսկ պալատականներին Տիգրանը վռնդում էր նրանց հայտնվելուն պես: Ուտելիքը բերում էին, երբ քնած էր, հակառակ դեպքում բժիշկն ու արքայազնն էին հանձն առնում կատարել սպասավորի դերը:
Երբ Գուրը մոտեցավ, թագավորը ոտքերը կախած` նստած էր մահճակալին ու լուռ մտորում էր: Մի քանի քայլի վրա գեղեցիկ փորագրություններով զարդարված սեղանն էր, վրան կիսով չափ դատարկված արծաթե սափոր, ամբողջովին թանկարժեք քարերով պատված ոսկյա գավաթ և մրգերով լի մի սկուտեղ:
Արքայազնը զգուշորեն գրկեց հոր ուսերն ու մեղմաձայն ասաց:
- Պառկիր ու ծածկվիր վերմակով, հա՛յր:
Նույնիսկ մահամերձ` թագավորը վեհ տեսք ուներ: Սառը, դաժան հայացքը հառել էր անորոշ կետի և ասես բոլորովին չէր լսում որդուն:
- Այդ ապուշ Արբակը փորձում էր արգելել ինձ գինի խմել,- վերջապես ասաց նա,- ուզում էի գավաթով ջարդել գլուխը, բայց չգիտես ինչու` չարեցի: Երևում է ճիշտ են ասում` իսկապես ծերացել եմ, դարձել անկամք ու թույլ:
- Չե՛ս արել, որովհետև գիտե՛ս` Արբակը քո ամենահավատարիմ հպատակն է և թագավորության լավագույն բժիշկը: Հայր և տեր արքա՛, նրան պետք է լսել:
- Մի ժամանակ ասում էիր, ՙՏեր արքա և հայր՚,- նկատեց Տիգրանը:
- Օտարների ներկայությամբ քեզ միշտ դիմել եմ ՙՏեր արքա և հայր՚, իսկ երբ մենակ ենք եղել` ՙՀայր և տեր արքա՚,- ժպտաց Գուրը:
- Իսկ տերության մեջ ինչպես միշտ ամեն ինչ կարգի՞ն է,- հեգնեց թագավորը:
Ցանկանալով խնայել հոր առողջությունը` արքայազնը հեռու էր պահում նրան գործերից: Տիգրանը դրանից ավելի էր գրգռվում, ուստի Գուրը երբեմն նրան լուրեր էր հաղորդում, բայց ամեն ինչ ներկայացնում էր ակնհայտ ՙթեթևացրած տարբերակով՚:
- Հռոմից աննշան մարդիկ են այցելել քրմապետին: Արևմտյան նախարարություններն ուշացնում են տերունական հարկը: Ժամանակի խնդիր է, ամենաշատը երկու երեք օրից...
- Իսկ գուցե քրմապետը Մաննիոս Աքվիլիոսի մարդկա՞նց է ընդունում: Գուցե արևմտյան նախարարությունները բոլորովին հրաժարվո՞ւմ են հարկ վճարել,- բարկացած գոռաց թագավորը:
Նայելով Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու վերջին` վեցերորդ որդուն, ակնհայտ կարելի էր տեսնել, որ սկյութական վայրագ արյունը հաղթել է առավել հավասարակշռված հայկականին: Տիգրանի աչքերը ցասկոտ չռվել էին, բերանը` տգեղ ծամածռվել: Ծեր էր թագավորը, շուտով մեռյալների աշխարհ էր փոխադրվելու, բայց նրա ձայնը հնչեց վճռական և ավյունով լի: Գուրը փորձեց հանգստացնել նրան: Թագավորը շարժում արեց, որ լռի:
- Թքա՛ծ արևմտյան սահմանի վրա: Եղբորդ վերադարձը վտանգի տակ է: Քրմապետը հսկողության տակ է առել հարավը:
Թագավորը գինի պահանջեց:
- Քեզ այլևս չի կարելի, հա՛յր...
- Դու հիմար ես, Գո՛ւր, ավելի հիմար, քան Արբակը:
Արքայազնն աղերսական հայացք գցեց հոր վրա, ապա լուռ կատարեց հրամանը: Տիգրանը մի շնչով դատարկեց գավաթը:
- Առաջ ամբողջ տակառ էի դատարկում, իսկ հիմա մի գավաթն էլ են արգելում...
- Հա՛յր, մեկ գավաթից շատ ավելի ես խմել...
- …սակայն մեկ տակառից շատ ավելի պակաս:
Տիգրանը վեր կացավ անկողնուց: Էլի գինի էլ պահանջեց, կուլ տվեց մի շնչով, ապա սեղանից մի խնձոր վերցրեց ու սկսեց մաքրել:
- Ծերությունը դառը բան է, առաջ ճաշին մի ամբողջ ոչխար էի ուտում, իսկ հիմա մաքրում եմ խնձորի կճեպը, որ ստամոքսիս աշխատանքը թեթևացնեմ:
- Անհրաժեշտ է զորք ուղարկել արևմուտք,- խոսակցության նյութը փոխեց Գուրը, - դու պետք է կնքես այս թղթերը...
Թագավորը բանի տեղ չդրեց որդու ասածները: Դեն նետեց կիսատ խնձորն ու սկսեց հիացմունքով զննել իր ոսկեզօծ դաշույնը` որով հենց մաքրում էր խնձորը:
- Սա հորս` Արտաշես թագավորի նվերն է: Երբեք չեմ բաժանվել սրանից: Շեղբը մաքուր պողպատից է, հազար անգամ կոփվել է թագավորության դարբնոցներում: Կոթն արծաթից է, պատյանը` ոսկեզօծ, ու հետն էլ ոսկերիչների մի քանի ամսվա աշխատանք:
Թագավորը տեղը դրեց իր համար այնքա¯ն թանկ իրը ու նորից սկսեց խմել:
- Դու ինձ ճիշտը չես ասում, Գուր: Հյուսիսից` իբերները, արևելքից` աղվանները ասպատակում են մեր սահմանները: Արտան Երվանդունին բանսարկությունների մեջ է Տուրուբերանի նախարարների հետ և ցանկանում է նրանց իր կողմը գրավել: Վասպուրականի նախարարները որոշել են առանձնանալ Մեծ Հայքից և ինքնուրույն պետություն ստեղծել: Միհրդատ Եվպատորն ու Միհրդատ Արշակունին դեմ չեն լինի թագադրվել, որպես Մեծ Հայքի թագավոր, կամ իրենց մարդուն նստեցնել Արտաշես թագավորի գահին: Թշնամին չորս կողմից բկներիս է չոքել, բաց հիշիր` հիմա ամենակարևորը եղբորդ վերադարձն է…
- Այդ գինին...
- Ես ութսուն տարեկան եմ, Գո՛ւր,- բարկացած` գավաթը սեղանին զարկեց թագավորը,- և իմ կյանքի վերջին օրն եմ ապրում: Մի խանգարիր, ուրեմն, ծերուկիս վայելել այս գինին և բոլորովին դադարիր մտածել դրա մասին: Ես առաջվա նման մի ամբողջ ոչխար չեմ կարող ուտել, բայց մեկ տակառ գինին խմում եմ ուզածդ երիտասարդից լավ ու միևնույն ժամանակ սթափ եմ մնում:
Էջանիշներ