User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: «Տիգրան Մեծ», պատմավեպ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն ուղարկված է, առայժմ սոսկ առաջին գլուխը: Հուսով եմ ձեզ դուր կգա:
    Սիրով կկարդամ ու կգրեմ կարծիքս, իսկ այժմ այն՝ Unicode-ի փոխարկելուց հետո Ձեր թույլտվությամբ տեղադրում եմ թեմայում, որպեսզի ակումբի գրականասեր հասարակությունն էլ կարողանա ծանոթանալ.




    1.Տիգրան թագավոր


    Թագավորական պալատը երբեք այդքան անմարդաբնակ չէր թվացել: Լռություն էր այնտեղ, չարագուշակ, սահմռկելի լռություն: Աղոտ լուսավորված անհամար դահլիճներն ու միջանցքները, որոնք այնքան շքեղ ու կենսախինդ էին ցերեկային լույսի տակ, այժմ, երեկոյան, ասես լցված լինեին չար ոգիներով ու դևերով: Թվում էր` մոտակա անկյունից ուր որ է մի ալ դուրս կգա և իր դիվական հմայություններով բազում փորձանքներ կբերի: Դա մի մարտադաշտ էր կռվից հետո, ուր գիշակեր թռչուններն արդեն հոշոտել էին դիակները և միայն ոսկորները թողել` իբրև հիշատակ մի հերոսական ու վեհ ճակատամարտի: Մահն էր ասես սողոսկել Տիգրան թագավորի հինավուրց նստավայր ու սև թևերը տարածել վրան:

    Մեծ Հայքի թագավորի առողջությունը կտրուկ վատացել էր: Ութսունամյա Տիգրանը` Արտաշես Մեծի վերջին, վեցերորդ որդին թուլանում էր օրեցօր, և արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ երկար չի ապրի: Օրվա մեծ մասը թագավորն անցկացնում էր իր ննջարանում, միակ բժշկի` Արբակի խնամակալության ներքո, իսկ երեկոյան ժամերին նրան այցելում էր արքայազն Գուրը: Այսօր նա սովորականից շուտ էր եկել, բժշկի հրավերով: Կամակորության հերթական տենդով բռնված արքան գրողի ծոցն էր ուղարկել բժշկի խորհուրդները և անկարելիության աստիճան հարբել, իսկ բժիշկն արքայազնին շտապ կանչելուց լավ բան չէր կարողացել մտածել:

    Բժիշկ Արբակը և արքայազն Գուրը, ահա միակ մարդիկ, որոնք ինչ-որ չափով կարող էին ազդեցություն ունենալ Մեծ Հայքի թագավորի վրա, և որոնց նա ցանկանում էր տեսնել: Նախարարներն արդեն վաղուց չէին այցելում արքային: Քրմապետ Վահունին դժվար հիշեր, թե երբ է նրա հետ որևէ տոնախմբության մասնակցել, իսկ պալատականներին արքան վռնդում էր նրանց հայտնվելուն պես: Ուտելիք նրան աշխատում էին բերել, երբ քնած էր, հակառակ դեպքում բժիշկն ու արքայազնն էին հանձն առնում կատարել սպասավորի դերը:

    Երբ Գուրը մոտեցավ, Տիգրանը ոտքերը կախած` նստած էր մահճակալին ու լուռ մտորում էր: Մի քանի քայլի վրա գեղեցիկ փորագրություններով զարդարված սեղանն էր, վրան կիսով չափ դատարկված արծաթե սափոր, ամբողջովին թանկարժեք քարերով պատված ոսկյա գավաթ և մրգերով լի մի սկուտեղ:

    Արքայազնը զգուշորեն գրկեց հոր ուսերն ու մեղմաձայն ասաց:

    - Պառկիր ու ծածկվիր վերմակով, հա՛յր:

    Նույնիսկ մահամերձ` թագավորը վեհ տեսք ուներ: Սև խոշոր աչքերի սառը, դաժան հայացքը հառել էր անորոշ մի կետի և ասես բոլորովին չէր լսում որդուն:

    - Այդ ապուշ Արբակը փորձում էր արգելել ինձ գինի խմել,- վերջապես ասաց նա,- ուզում էի ոսկյա գավաթով ջարդել գլուխը, բայց չգիտես ինչու` չարեցի: Երևում է ճիշտ են ասում` իսկապես ծերացել եմ, դարձել անկամք ու թույլ:

    - Չես արել, որովհետև քաջ գիտակցում ես, որ Արբակը քո թագավորության ամենահավատարիմ հպատակն է և լավագույն բժիշկը: Հայր և տեր արքա՛, նրան պետք է լսել:

    - Մի ժամանակ ասում էիր, «Տեր արքա և հայր»,- նկատեց Տիգրանը:

    - Օտարների ներկայությամբ քեզ միշտ դիմել եմ «Տեր արքա և հայր», իսկ երբ մենակ ենք եղել` «Հայր և տեր արքա»,- ժպտաց Գուրը:

    - Իսկ տերության մեջ ինչպես միշտ ամեն ինչ կարգի՞ն է,- հեգնական հարցրեց թագավորը:

    Արքայազնը միանգամից չպատասխանեց: Ցանկանալով խնայել հոր առողջությունը` Գուրը վերջին ժամանակներս փորձում էր նրան հեռու պահել գործերից: Թագավորը դրանից ավելի էր գրգռվում ու նյարդայնանում: Իմաստ չուներ ամեն ինչ թաքցնել, ուստի արքայազնը երբեմն նրան կարևոր լուրեր էր հաղորդում, բայց ամեն ինչ ներկայացնում էր լավատեսորեն և ակնհայտորեն «թեթևացրած տարբերակով»:

    - Գլխավոր քուրմ Վահան Վահունին կրկին Հռոմից եկած մարդկանց է ընդունել, սակայն բոլորն էլ աննշան մարդիկ են: Արևմտյան նախարարություններն ուշացնում են տերունական հարկը, բայց դա ժամանակի խնդիր է: Ամենաշատը երկու երեք օրից...

    - Իսկ գուցե Վահան Վահունին Մաննիոս Աքվիլիոսի մարդկա՞նց է ընդունում իր մոտ: Գուցե արևմտյան նախարարությունները բոլորովին հրաժարվո՞ւմ են հարկ վճարել,- բարկացած գոռաց թագավորը:

    Նայելով Արտաշես թագավորի և Սաթենիկ թագուհու վերջին` վեցերորդ որդուն, ակնհայտ կարելի էր տեսնել, որ սկյութական վայրագ արյունն այդ պահին հաղթել էր առավել հավասարակշռված հայկականին: Տիգրանի աչքերը ցասկոտ չռվել էին, բերանը` տգեղ ծամածռվել: Արքան հաստատապես ցանկանում էր պատժել հանդուգն քրմապետին և անհնազանդ նախարարներին, ինչպես իր կյանքի լավագույն տարիներին կաներ: Գուրը փորձեց հանգստացնել հորը. ասաց, որ, իրոք, երկու-երեք նախարարներ իրենց այնպես չեն պահում, ինչպես հարկն է, բայց նրանց դեմ միջոցներ են ձեռնարկված, իսկ գլխավոր քրմի գործողությունների նկատմամբ հսկողություն է սահմանվել:

    Թագավորը ուժասպառ ու հոգնած շարժում արեց ձեռքով: Գուրը լռեց:

    - Մենք այլևս չենք հսկում տերության արևմտյան նախարարությունները, իսկ գլխավոր քուրմն ինքն է հսկողություն սահմանել մեր գործողությունների վրա: Հիմա շրջափակած կլինի հարավային բոլոր մայրուղիները, որպեսզի խանգարի եղբորդ վերադարձին:

    Փոքր լռությունից հետո թագավորը գինի պահանջեց:

    - Քեզ այլևս չի կարելի, հա՛յր...

    - Դու հիմար ես, Գո՛ւր, ավելի հիմար, քան բժիշկ Արբակը: Ասում եմ` այստե՛ղ տուր գավաթը:
    Արքայազնն աղերսական հայացք գցեց հոր վրա, բայց լուռ կատարեց հրամանը: Տիգրանը մի շնչով դատարկեց գավաթը:

    - Առաջ ամբողջ տակառ գինի էի խմում, իսկ հիմա մի գավաթն էլ են արգելում...

    - Հա՛յր, մեկ գավաթից շատ ավելի ես խմել...

    - Այո, բայց մեկ տակառից շատ ավելի պակաս:

    Այս ասելով թագավորը վեր կացավ անկողնուց ու սկսեց քայլել սենյակում: Արքայազնն անմիջապես միացավ նրան: Տիգրանը մի գավաթ գինի էլ պահանջեց, խմեց նախկին հաստատակամությամբ, ապա սեղանից մի կարմրաթուշ խնձոր վերցնելով ու գոտկատեղից հանելով դաշույնը` սկսեց մաքրել:

    - Ծերությունը դառը բան է,- վերջապես ասաց նա,- առաջ ճաշին մի ամբողջ ոչխար էի ուտում, իսկ հիմա մաքրում եմ խնձորի կճեպը, որ ստամոքսիս աշխատանքը թեթևացնեմ:

    - Անհրաժեշտ է զորք ուղարկել արևմուտք,- խոսակցության նյութը փոխեց արքայազնը, - դու պետք է կնքես այս թղթերը...

    Թագավորը դեն նետեց կիսատ խնձորն ու հիացմունքով նայեց իր ոսկեզօծ դաշույնին:

    - Սա իմ հոր` Արտաշես թագավորի նվերն է,- ասաց նա` անտեսելով որդուն,- ստացել եմ տասնհինգ տարիս լրանալու առթիվ և այդ օրվանից երբեք չեմ բաժանվել սրանից: Շեղբը մաքուր պողպատից է ու մինչև դաշույն դառնալը հազար անգամ կոփվել է թագավորական դարբնոցներում, իսկ արծաթյա կոթն ու ոսկեզօծ պատյանը լավագույն ոսկերիչների մի քանի ամսվա աշխատանք են:

    Այս ասելով` Տիգրան թագավորը տեղը դրեց իր համար այնքա՜ն թանկ իրը ու կրկին ձեռքն առավ գինով լի գավաթը: Վստահ, որ արքան իր մյուս հարցին կպատասխանի վերհիշելով, թե ումից է նվեր ստացել ոսկյա, նույնպես լավագույն վարպետների մի քանի ամսվա աշխատանք գավաթը կամ ոչ պակաս հետաքրքիր կպատմի, թե ինչպես էր երիտասարդ տարիներին մի ամբողջ ոչխարի վրայից մեկ տակառ գինի խմում, Գուրը համբերությունը կորցրեց:

    - Հա՛յր,- ասաց արդեն խստաձայն,- Մի կողմ դիր գինու գավաթը և լսիր: Հյուսիսից` իբերները, արևելքից` աղվանները անհանգստացնում են մեր սահմանները: Արտան Երվանդունին բանակցությունների մեջ է մտել Տուրուբերանի նախարարների հետ և ցանկանում է նրանց իր կողմը գրավել: Վասպուրականի նախարարությունները որոշել են առանձնանալ Մեծ Հայքից և ինքնուրույն պետություն ստեղծել: Թշնամին տերության չորս կողմից խեղդում է մեզ, պետությունը ձեռքներիցս գնացել է, մի կողմ դիր գինու գավաթը...

    Տիգրանը պատասխանեց անմիջապես, համարյա առանց մտածելու.

    - Մոռացար երկու ամենախոշոր սրիկաներին` Միհրդատ Եվպատորին ու Միհրդատ Արշակունուն: Իսկ եթե որոշել ես հանդես գալ իբրև գալիք սերունդների փոխարեն գնահատական տվող,- վիրավորված հավելեց թագավորը,- ապա հիշեցնում եմ, որ ես դեռ կենդանի եմ և իմ թագավորած տարիներին ոչ մի ափ հող չեմ պակասեցրել այն երկրից, որն իմ հայր Արտաշեսը փոխանցեց Արտավազդ եղբորս, նա էլ` ինձ:

    - Այդ գինին...

    - Ես ութսուն տարեկան եմ, Գո՛ւր,- բարկացած` գավաթը սեղանին զարկեց թագավորը,- և իմ կյանքի վերջին օրն եմ ապրում: Մի խանգարիր, ուրեմն, ծերուկիս վայելել այս գինին և բոլորովին դադարիր մտածել դրա մասին: Ես առաջվա նման մի ամբողջ ոչխար չեմ կարող ուտել, բայց մեկ տակառ գինին խմում եմ ուզածդ երիտասարդից լավ ու միևնույն ժամանակ սթափ եմ մնում:



    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.10.2010), davidus (30.09.2010), E-la Via (30.09.2010), Lion (30.09.2010), Moonwalker (30.09.2010), Անի Ներկարար (05.07.2011), Գանգրահեր (31.01.2011), Թամարա (19.07.2013), Ժունդիայի (30.09.2010), Հարդ (30.09.2010), ՆանՍ (05.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Գրառումներ: 16
    Վերջինը: 05.04.2017, 14:53
  3. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  4. Տիգրան Մանսուրյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.07.2014, 12:31
  5. Տիգրան Մեծ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 25.08.2010, 12:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •