11. Որտեղ հայրն ուղղություն է` վերցնում դեպի արևմուտք, իսկ որդուն հրամայում արևելք գնալ
Աղձնիքի բդեշխ Գագիկի համար անակնկալ էր քարավանի ուղևորների թվում թագաժառանգ Տիգրանի կնոջը տեսնելը: Դա փչացրեց նրա տրամադրությունը. հարգարժան բդեշխը չափազանց խելացի էր չհասկանալու համար, որ դա սովորական զուգադիպություն լինել չի կարող: Ստանալով այդ լուրը` Վասպուրականի գալիք թագավորության գահի գլխավոր թեկնածուն տհաճ սարսուռ զգաց մարմնում, իսկ երբ իր առջև տեսավ Զարուհուն, հազիվ զսպեց իրեն, որպեսզի չխոնարհի աչքերը: Մի բան է, երբ տանը նստած ծրագրեր ես կազմում, կենտրոնական իշխանության դեմ խորամանկ ու նենգամիտ քայլեր նյութում, հաշվում զորքերի քանակը և գալիս եզրակացության, որ հակառակորդն արժեցող ոչինչ չունի քո դեմ հանելու, և այլ բան, երբ գալիս է իսկապես ինչ որ բան անելու ժամանակը: Մինչ այժմ ամեն ինչ սահմանափակվել էր հեռակա պայքարով, հիմա հակառակորդը կանգնած էր դեմ-հանդիման: Քառասունը չբոլորած այս գեղեցիկ կնոջ մեկ նախադասությունը բավական եղավ Վասպուրականի գահի գլխավոր թեկնածուին երազների գրկից իրական աշխարհ իջեցնելու համար:
- Իմ ամուսին և տեր, Մեծ Հայքի թագաժառանգ Տիգրանը վստահ է, որ իր հոր հավատարիմ հպատակ Գագիկը հուսալիորեն պաշտպանում է Հայաստանի հարավային սահմանը: Այդ են պարտավորեցնում նրան բդեշխի բարձր կոչումը և տիրակալի հանդեպ ունեցած սրբազան պարտքը,- ասաց Զարուհին:
Ի¯նչ թագաժառանդ Տիգրան, ի¯նչ սրբազան պարտք` քիչ մնաց թռչեր հարգարժան բդեշխի բերանից: Իսկ հռոմեացիներն ասում էին, որ նա չափազանց լավ է զգում իրեն Պարթիայում, որպեսզի մտածի Հայաստան վերադառնալու մասին: Սա Գագիկին հիշեցրեց, որ կյանքը համարյա ավարտած ծերունուց բացի գոյություն ունի նրա հաջորդը` ուժերի ծաղկման շրջանում գտնվող թագաժառանգը:
Թագավոր ծնվում են: Ոմանք, շատ քչերը, նաև դառնում են թագավոր: Աղձնիքի տիրակալ Գագիկն իր հորից բդեշխի կոչում էր ժառանգել և չէր պատկանում այն մարդկանց թվին, որոնք կարող են թագավոր դառնալ: Հենց այդ պահին զգաց դա և կամազուրկ եղավ: Ճիշտ է, արագ տիրապետեց իրեն և վանեց վախկոտ ու անվայել մտքերը, բայց` ամեն դեպքում... Եթե այս կինը, գալով խաղաղ քարավանի հետ, առանց գեթ մեկ զինվորի, կարողացավ այդպիսի տպավորություն գործել, հապա ի¯նչ կլինի, երբ գա նրա ամուսինը, որը բավականաչափ գիտակցում է իր անձի կարևորությունը, որպեսզի Աղձնիք չմտնի առանց տասը կամ քսան հազար հեծյալների: Իր չորս հազարանոց զորքն այստեղ, իհարկե, չի օգնի, արևմուտքից խոստացված օգնությունը, ինչպես միշտ կուշանա, իսկ հարևան նախարարները հուսալի չեն, քանի որ նրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք նույնպես ցանկանում են Վասպուրականի թագավոր դառնալ:
Գագիկը տեսավ առավել իրական պատկերը. Տիգրանը Վասպուրական է մտնում քսան հազար պարթև հեծյալներով, դրան հետևում է այն, որ մի քանի նախարարներ իսկույն նրա կողմն են անցնում, մի քանիսն էլ չեզոքություն պահպանում: Իսկ ում գլխին կթափվի արքայական ցասումը, եթե ոչ իր` Աղձնիքի բդեշխի, ում անմիջական պարտականությունը ոչ թե հարևան երկրների հետ բանսարկությունների մեջ մտնելն ու թագի մասին երազելը, այլ պետության սահմանի պաշտպանությունը: Գագիկը որոշեց առայժմ հավատարիմ հպատակ մնալ կամ համենայդեպս ձևանալ: Աղձնիքի բդեշխը գեղեցիկ խոսքերով հավաստեց, որ Մեծ Հայքի հարավային սահմանն ամրացված է, ինչպես երբեք: Զարուհին, հմայիչ ժպիտը դեմքին, պատասխանեց, որ երջանիկ է այդ լսելու և ամուսնու կողմից ճոխ նվերներ հանձնեց նրան:
Զարեհը Արտաշեսի և Առնակի օգնությամբ երկար փնտրեց ընկերոջը, բայց չգտավ: Արշամի մասին ասում էին, որ վաճառել է տունը և աղջկա հետ գնացել անհայտ ուղղությամբ: Տան նոր տերը ոչինչ չկարողացավ ասել նրա հետագա ծրագրերի մասին: Հայր Արտաշեսը շուկայում պատահական մարդուց իմացավ, որ նա մի քանի ամիս առաջ անցել է Ծոփքի սահմանը և գնացել դեպի Արշամաշատ: Սակայն գտնվեց ևս մեկը, որը հաստատ վստահ էր, որ նա Արկաթիակերտ է գնացել: Արտաշեսը սրտանց առաջարկեց իր օգնությունը.
- Ծոփքը փոքր երկիր է, ես երկու օրում կգտնեմ ընկերոջդ:
Սակայն Զարեհն անսպասելի որոշում ընդունեց: Նա որդուն պատվիրեց քրմի հետ Արտաշատ վերադառնալ ու սպասել: Առնակը հարկավ լսել չէր ուզում դրա մասին, բայց աստղագետի խոսքերը շուտով համոզեցին նրան:
- Թող անհամեստություն չթվա, բայց ես Հայաստանի ամենահայտնի գիտնականն եմ: Ծոփքի թագավորն ուրախ կլինի իր պալատում տեսնել ինձ և ի կատարումն անձնական խնդրանքիս` կգտնի Արշամին: Թագավորի համար դա իր երկրում ավելի հեշտ կլինի, քան հազար օտարերկրացիների: Թագաժառանգ Տիգրանի խոսքերում ես ակնարկ տեսա, որ փոթորկալից իրադարձությունների ենք սպասում: Գնացեք Արտաշատ ու համբերեք:
Զարեհը խոստացավ Արշամաշատ հասնելուն պես լուր ուղարկել իր մասին, թագավորի մոտ ընդունելություն ստանալ և մեկ ամսից վերադառնալ Արտաշատ: Առնակն իր հերթին սպառնաց, որ եթե հայրը մեկ ամիս անց Արտաշատում չլինի, ինքը երեսունմեկերորդ օրը ճանապարհ կընկնի: Աստղագետը խիստ զայրացավ վրան:
- Հայրենիքի հանդեպ պարտքը,- ասաց նա,- առավել է ծնողի նկատմամբ ունեցած պարտքից: Ես, որ նույնիսկ ջահել ժամանակ կարգին սուր բռնել չեմ իմացել, դժվար թե կարողանամ օգուտ տալ: Իսկ Արտաշատում ամեն զինվորը հաշվի մեջ է: Վերցրու Տիգրանի նամակները և Արտաշատ հասնելուն պես գնա ուղիղ արքայազն Գուրի մոտ:
Չգտնելով ընկերոջը` աստղագետը մի քանի տասնյակ մարդկանց հետ առանձնացավ քարավանից և շուտով հատեց Ծոփքի թագավորության սահմանը: Քարավանը ևս մեկ օր մնաց Արզանում, որպեսզի հաջորդ օրը շարունակի ճանապարհը դեպի Արտաշատ:
Էջանիշներ