User Tag List

Էջ 5 13-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: «Տիգրան Մեծ», պատմավեպ

  1. #61
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.Տիգրանը, Արիստոբուլը և մյուսները

    Բաբելոնում Տիգրանի մերձավորագույն շրջապատը կազմում էին Բագարատ Բագրատունին, Արիստոբուլ բեն Հյուռկանը, Նիկոնիդես Թեսալացին և Ամֆիկրատես Աթենացին:
    Բագարատ Բագրատունին քաջ ռազմիկ էր և հմուտ զորավար: Քառասունը նոր էր բոլորել և ծոռն էր այն նշանավոր Սմբատ Բագրատունու, որն Արտաշես թագավորի դայակն ու սպարապետն էր եղել: Տարիներ առաջ, երբ Տիգրանը որպես պատանդ պարթևական երկիր եկավ, Բագարատը` նրա պատանեկության ընկերն ու մտերիմը, ցանկություն հայտնեց ուղեկից լինել իր ապագա արքային և այլևս երբեք չլքեց նրան: Բագարատը, ինչպես և այդ հանրահայտ նախարարական տոհմի բոլոր տղամարդիկ, բարձրահասակ էր ու ամրակազմ: Բնությունն առատորեն էր պարգևել նրան. Սմբատ Բագրատունու արժանավոր ծոռը երկար ու մկանուտ վերջույթներ ուներ, լայն ուսեր և նեղ կոնքեր: Դեմքին անմիջապես ուշադրություն էին գրավում խորունկ սև աչքերը, թավ հոնքերը, կեռ առնական քիթը և գեղեցիկ ազնվական բերանը: Լայն ճակատը վկայում էր, որ խելացի ու հաշվենկատ մարդ է, իսկ խիստ հայացքը` որ ձեր դիմաց մինչև ուղնուծուծը զինվորական է կանգնած:

    Դեռևս ծնված օրվանից որոշված էր, որ այդ ուղին է ընտրելու. բոլորն էին նրա տոհմում ռազմիկներ դառնում: Բագարատը չփորձեց սպիտակ ագռավ լինել և արդարացրեց սպասումները:
    Արիստոբուլ բեն Հյուռկանը, որը Տիգրանի մոտ հաճախ քարտուղարի պարտականություն էր կատարում, հիսունամյա հրեա հոգևորական էր, խելացի և զարգացած մարդ, որը սիրում էր մեջբերումներ անել իր նախնիների ավանդապատումներից և մեկնաբանություններ` այդ առթիվ: Արիստոբուլը բարձրահասակ էր և, հակառակ Բագարատ Բագրատունու, նիհար ու թույլ զարգացած մարմին ուներ: Հրեայի աչքերը բաց երկնագույն էին և ավելի շատ սպիտակին էին խփում, իսկ սպիտակավուն երկար մորուքը հասնում էր մինչև կուրծքը ու պատկառելի տեսք տալիս նրան: Հոգևորականի հայացքը խիստ էր, սակայն նրբազգաց մարդն անմիջապես կարող էր կռահել, որ այդ խստասիրտ դիմակի տակ հազվագյուտ բարի հոգի է թաքնված: Ասենք, բարությունը նրա միակ հատկանիշը չէր: Բեն Հյուռկանն անհրաժեշտության դեպքում խարդավանող, նենգ ու խորամանկ էր դառնում: Մեկ անգամ չէ, որ նրա այդ հատկությունները գործի էին դրվել պարթևական արքունիքում: Արիստոբուլը միաժամանակ հուզական և հանդիսավորություն ճառագող անձնավորություն էր: Նրա հետ շփվող մարդիկ միշտ այնպիսի տպավորություն ունեին, ասես ամեն վայրկյան պատրաստվում է զոհաբերել կյանքը հանուն ինչ-որ գաղափարի, կամ առնվազն` հոգևոր կապի մեջ մտնել Բարձրյալի հետ և մեզ` հասարակ մահկանացուներիս, հայտնել նրա զորավոր կամքը: Երկու խոսքով ասած` Արիստոբուլի տեսքը մոտավորապես այնպիսին էր, ինչպիսին հավանաբար ուներ Մովսեսը, երբ պատրաստվում էր աղոթքի ուժով երկու կես անել սարսափելիորեն մոլեգնող ծովը և նրա միջով ապահով անցկացնել իր ժողովրդին: Բագարատ Բագրատունին ուղղակի ատում էր նրա այս վերջին հատկությունը և անվայել դերասանություն համարում, որի օգնությամբ այդ ՙկեղծ հոգևորականը՚ տասնապատիկ բազմապատկում ու գովազդում էր իր չնչին ծառայությունները: Իր հերթին Արիստոբուլը բարյացակամ չէր քաջ զինվորականի նկատմամբ: Նրանց միջև վաղուց ի վեր մրցակցություն կար, որը երբեմն թշնամության հետ էր սահմանակցում, սակայն պետք է նաև նշել, որ երբեք չափից ավելի չէին տարվում դրանով:

    Նիկոնիդեսը և Ամֆիկրատեսը հույներ էին, երիտասարդ ու կրակոտ: Առաջինը ճարտարապետ էր և, ինչպես յուրաքանչյուր հույն, մի փոքր փիլիսոփա: Երկրորդը պարզապես փիլիսոփա էր և, ինչպես յուրաքանչյուր փիլիսոփա, մի փոքր հռետոր: Նիկոնիդեսը միջահասակ էր ու պնդակազմ և տիպիկ հունական արտաքին ուներ, ցորնագույն մաշկ, սև գանգուր մազեր և միջին չափի անձև քիթ: Սրանք էին ճարտարապետի հիմնական հայտկանիշերը: Ամֆիկրատեսն ավելի խոշորամարմին էր և գիրության հակված: Փիլիսոփան ալիքաձև խարտյաշ մազեր ուներ և կոկիկ սանրած մորուք: Ամֆիկրատեսի աչքերը բաց շագանակագույն էին, քիթը` երկար, հայացքը` փոքր-ինչ վերամբարձ: Ե°վ Նիկոնիդեսը, և° Ամֆիկրատեսը խաղաղ մարդիկ էին, բայց միայն այն ժամանակ, երբ իրար կողքի չէին լինում, հակառակ դեպքում միշտ վիճաբանում ու կռվում էին: Ու քանի որ առավել հաճախ միասին էին լինում, անտանելի մարդկանց համբավ էին ձեռք բերել, որոնք ոչինչ չէին անում վիճելուց և փիլիսոփայելուց (նույնն է թե` դատարկախոսելուց) բացի, և շատերը նույնիսկ զարմանում էին, թե Տիգրանն ինչպես է հանդուրժում այդ ձրիակերներին իր արքունիքում: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նրանց արժանիքներն ակնհայտ էին:

    Նիկոնիդեսը փայլուն ճարտարապետ էր և եզակի գիտելիքներ ուներ այդ բնագավառում, իսկ Ամֆիկրատեսը փիլիսոփա լինելուց զատ, նաև գրող էր և ընդհանրապես լայնախոհ անձնավորություն: Կյանքի մի ստվար մասը նա անցկացրել էր Հռոմում և կատարելապես տեղեկացված լինելով Հավերժական քաղաքի մասին` այն աստիճան էր ատում նրանց, որ Հռոմեատյաց մականունն էր ստացել: Երկուսի տարիքն էլ երեսունհինգից մի փոքր էր անց: Այո°, հաճախ էին այդ հույները վիճում, չափազանց հաճախ, և ոչ միայն այն բաներից, որոնցից գլուխ էին հանում: Վիճում էին ճարտարապետությունից և փիլիսոփայությունից, իմաստուն տեսքով պատերազմի և կրոնի մասին եզրահանգումներ էին անում և իրենց անմիջական պարտքն էին համարում հակառակվել մեկմեկու: Եթե ինչ-որ հարցում Նիկոնիդեսը պաշտպաներ Պլատոնին, ապա Ամֆիկրատեսն անմիջապես Արիստոտելի կողմն էր բռնում, իսկ եթե Ամֆիկրատեսը հանդգներ Սոկրատեսին ներկայացնել որպես ամենաիմաստնագույն այր, ապա Նիկոնիդեսը հազար ու մի պատճառ կգտներ ապացուցելու, որ դա այնքան էլ այդպես չէ, և կպախարակեր պատվարժան փլիսոփային ոչ պակաս, քան նրան մեղադրողներն ու մահվան դատապարտողներն արեցին ժամանակին: Ի դեպ, դա բոլորովին չէր խանգարում, որպեսզի հաջորդ անգամ Ամֆիկրատեսը Պլատոնի կողմնակիցը դառնար, իսկ Նիկոնիդեսը` երդվյալ սոկրատեսական:

    Հետաքրքիր էր տեսնել նրանց վիճաբանելիս` բեն Հյուռկանի հովանավորորող և Բագրատունու զայրացկոտ հայացքների ներքո (սա այն հազվադեպ դեպքերից էր, երբ այս երկուսը ջերմեռանդ կողմնակիցներ էին դառնում): Երբ Նիկոնիդեսն ու Ամֆիկրատեսը կրոնին վերաբերող հարցերում չափազանց շատ էին հեռանում իրենց հնարավորությունների սահմաններից, Արիստոբուլը սրտանց ցանկանում էր ճշգրտումներ կատարել նրանց ճառերում, իսկ Բագարատ Բագրատունին զայրույթից եղունգներն էր կրծոտում, երբ մեր ամենագետ հույները զորահրամանատարների տեսք ընդունած` քննադատում էին Հաննիբալ Բարկայի սխալներն Ալպերն անցնելիս և նշում Ալեքսանդր Մակեդոնացու ու Սցիպիոն Աֆրիկացու վրիպումները, առանց հաշվի առնելու, որ անպարտելի զորավարներ էին եղել: Սակայն շատ հաճախ, համարյա, թե միշտ, Արիստոբուլին և Բագարատին խոսք չէր հասնում: Երբ վիճաբանություններին ներկա էր լինում Տիգրանը, Նիկոնիդեսն ու Ամֆիկրատեսը ավելի հավաք տեսք էին ընդունում և արդեն աշխատում էին խոսել միայն այն ոլորտներից, որոնց կատարելապես տիրապետում էին:

    Մի բան կար այդ մարդու մեջ, որը շրջապատին ստիպում էր լուրջ ու զսպված լինել իր ներկայությամբ: Սակայն Մեծ Հայքի թագաժառանգն իր բնույթով ամենևին թթված մարդ չէր և միշտ բարձր տրամադրություն ու աշխուժություն էր տարածում շուրջբոլորը: Տիգրանը սիրում էր նաև կատակներ անել, ընդ որում` ամենալուրջ տեսքով, և ՙծաղրված՚ մարդը միայն ամենավերջում էր դա նկատում: Նրա լարած թակարդից չէին կարողանուն խուսափել ո°չ հույները, ո°չ լուրջ ու մռայլ Բագարատ Բագրատունին և ոչ էլ ամենաիմաստուն Արիստոբուլ բեն Հյուռկանը: Ահա մեկ օրինակ:

    - Մի բարի և իմաստուն մարդ,- հերթական ավանդապատումը սկսեց հրեա հոգևորականը,- սուրբ վայրեր ուղևորվելիս կանչեց իր երեք ծառաներին և նրանց վստահեց իր բարիքը: Յուրաքանչյուրին նա բաժին հանեց ըստ իր արժանիքների: Առաջին ծառային հանձնեց հինգ տաղանդ, երկրորդին` երկու տաղանդ, իսկ երրորդին` մեկ տաղանդ: Առաջին ծառան գործ դրեց և ինչքան որ ուներ, այնքան էլ շահեց: Երկրորդը դրամափոխությամբ զբաղվեց և ինչքան որ ուներ, այնքան էլ շահեց: Երրորդը ոչինչ չարեց և ունեցածը թաղեց հողի մեջ...
    Երկու խոսքով ավարտենք հարգարժան հրեայի պատմությունը, չնայած ընթերցողին, ամենայն հավանականությամբ, հայտնի է աստվածաշնչյան այդ հանրահայտ առակը:
    Տուն վերադառնալով` տերը հաշիվ է պահանջում ծառաներից: Առաջին ծառան ներկայացնում է տասը տաղանդը և պատմում, թե ինչպես է գործ դրել ու հաջողակ դուրս եկել: Երկրորդը ներկայացնում է չորս տաղանդ և նույնպես հաշվետու լինում: Երրորդ ծառան վերադարձնում է մեկ տաղանդը և խոստովանում, որ վախեցել է կորցնել ունեցածը ու տաղանդը թաղել է հողի մեջ: Տերն անչափ գովում ու երկինք է հանում առաջին երկու ծառաներին, սակայն սաստիկ բարկանում է երրորդի վրա, ծույլ ու չար անվանում նրան, հրամայում խլել տաղանդը և տասը տաղանդ ունեցողին տալ: Իր խոսքը նա ավարտում է ասելով` ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածին պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի:

    Իր պատմությունից գոհ և հերթական անգամ Մովսեսի տեսքն ընդունած Արիստոբուլ բեն Հյուռկանը սպասում էր Տիգրանի մեկնաբանությանը: Այո°, ըստ նրա սպասելիքի, Բաբելոնի սատրապը պիտի ասեր` բարիքը պետք է օգտագործել և բազմապատկել, լինի դրամ, ընդունակություն, թե այլ բան: Դա շատ ուսուցանելի պատմություն է, որն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ պատմել և մեկնաբանել: Հակառակ սպասվածի, սակայն, Տիգրանը լուռ նայեց ու զարմացած հարցրեց` իսկ ինչո±ւ իր հրեա բարեկամը ընդհանուրի սեփականությունը չի դարձնում պատմության երկրորդ մասը: Կրոնական հարցերում իրեն անխոցելի համարող Արիստոբուլը, լարված թակարդը չնկատելով, իրար անցավ` ի±նչ երկրորդ մասի մասին է խոսքը, ապա խայտառակված` կաս-կարմիր կտրեց: Տիգրանն ապշահար ընկերոջը նայեց իր երկար թարթիչներով զարդարված գեղեցիկ աչքերով, ապա կեղծ բարեպաշտությամբ փորձեց վերականգնել հրեայի սասանված հեղինակությունը. ՙՃիշտն ասած, դա այնքան էլ կարևոր չէ,- ասաց,- մի±թե հնարավոր է իմանալ կրոնական բոլոր առակներն ու ավանդապատումները՚: Ինքն, օրինակ, միայն այդ մեկը գիտե:
    Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Արիստոբուլը մոլեգին կատաղությամբ պահանջում էր երկրորդ մասի պատմությունն անել:

    - Տերը երկրորդ անգամ է ուղևորության գնում դեպի սուրբ վայրեր,- իր պատմությունն սկսելով` ասաց Բաբելոնի սատրապը,- Այս անգամ ևս կանչում է ծառաներին և կրկին նրանց տնօրինությանը հանձնում իր սեփականությունը: Առաջին ծառային տալիս է տասը տաղանդ: Ծառան արդեն փորձառու և գիտուն վաճառական էր, և տերն իր քայլը լիովին խելամիտ ու արդարացված էր համարում: Երկրորդ ծառային նա տալիս է չորս տաղանդ: Սա արդեն բանիմաց դրամափոխ էր, և նրան նույնպես, առանց վարանելու կարելի էր շրջանառու միջոցներ վստահել: Երրորդ ծառային տերը սկզբում ոչինչ չէր ուզում տալ, բայց չտեսնված բարության տեր մարդ էր և արդեն հասցրել էր ներել ծույլ ու չար ծառայի աններելի վարքը: Մյուս կողմից` մի տեսակ անբացատրելի ցանկություն ուներ բաժանվելու իր այդ վերջին տաղանդից և, շոյելով երրորդ ծառայի դատարկ ու նախաձեռնությունից միանգամայն զուրկ գլուխը, նրան հանձնեց այդ տաղանդը: Այս բոլորն անելով` տերը մեկնեց: Առաջին ծառան, որի գլուխը սկսել էր պտտվել սկզբնական հաջողություններից, մեծ գործ ձեռնարկեց: Սակայն դժբախտություն պատահեց: Ավազակները հարձակվեցին նրա քարավանի վրա ու մինչև վերջին թելը կողոպտեցին: Նա ինքը մեռած ձևանալով` հազիվ խուսափեց հաշվեհարդարից: Երկրորդ ծառան, որն իր գործունեության սկզբում դրամը հանձնում էր փոքր տոկոսներով, սակայն` վստահելի և ազնիվ մարդկանց, չդիմացավ գայթակղությանը և ունեցած չորս տաղանդը մեծ տոկոսով տվեց քաղցրալեզու մի մարդու, որին բնավ չէր ճանաչում, և ում մասին ասում էին, թե կասկածելի անցյալ ունի: Վերցրեց քաղցրալեզու անծանոթը երկրորդ ծառայի չորս տաղանդը և հաջորդ օրն իսկ ընդմիշտ չքացավ:

    Երրորդ ծառան սկզբում վճռականորեն էր տրամադրված ու հաստատապես որոշել էր խուսափել սիրելի տիրոջ ՙչար՚ և ՙծույլ՚ որակումներից: Գիշեր ու զօր մտածում էր, թե ինչպես տնօրինի ունեցած տաղանդը, հազար ու մի ծրագիր մշակում, բայց այդպես էլ ոչ մի հարմար բան չգտնելով` կրկին հողի մեջ թաղեց ունեցած ոսկին և ահը սրտում սպասեց տիրոջ վերադարձին: Վերադառնալով` տերը մեծ ոգևորությամբ իր մոտ կանչեց ծառաներին: Առաջին երկուսը մազերը փետելով` պատմեցին պատահած դժբախտության մասին և աղիողորմ լաց եղան: Ի լրումն ՙչար՚ և ՙծույլ՚ որակումների տերը նրանց ուրիշի ունեցվածքի անհագ հափշտակիչներ և անխիղճ մսխողներ անվանեց և անձամբ փետեց մազերը, որ դեռ մնացել էին դժբախտների գլուխներին: Աղիողորմ լացուկոծն ու անկեղծ խոստովանությունն օգուտ չտվեցին: Տրտմությունը սրտում և առանց որևէ հույսի` նա կանչեց երրորդ ծառային, որը դողդոջուն ձեռքերով բերեց այն, ինչ չունեին առաջին երկու ծառաները, և ում, փաստորեն, պետք էր գովել մի բանի համար, որի համար մի ժամանակ առաջ փնովել էին...

    Զարմանքից աչքերն անբնականորեն չռած Արիստոբուլ Բեն Հյուռկանը միայն այդ պահին նկատեց, որ Նիկոնիդես Թեսսալացին, Ամֆիկրատես Աթենացին ու Բագարատ Բագրատունին արդեն կես ժամ ծիծաղում են իր վրա, և ստիպված ինքն էլ միացավ նրանց:
    Տիգրանը Զարեհ անունով մի մտերիմ էլ ուներ: Վաթսուն տարեկան բարձրահասակ ու նիհար կազմվածքով ծերունի էր, շատ հայտնի մի աստղագետ, ով որդու հետ Բաբելոն էր եկել երկու տարի առաջ, որպեսզի լրացնի աստղագիտական գիտելիքները:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.01.2011)

  3. #62
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքի մի ստվար մասը նա անցկացրել էր Հռոմում և կատարելապես տեղեկացված լինելով Հավերժական քաղաքի մասին` այն աստիճան էր ատում նրանց, որ Հռոմեատյաց մականունն էր ստացել:
    Կարծես թե շարահյուսական խնդիր կա...

    ... Բագարատ Բագրատունին զայրույթից եղունգներն էր կրծոտում, երբ մեր ամենագետ հույները զորահրամանատարների տեսք ընդունած` քննադատում էին Հաննիբալ Բարկայի սխալներն Ալպերն անցնելիս և նշում Ալեքսանդր Մակեդոնացու ու Սցիպիոն Աֆրիկացու վրիպումները, առանց հաշվի առնելու, որ անպարտելի զորավարներ էին եղել:
    Հանիբալին "անպարտելի" անվանելը մի քիչ չափազանցություն է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (29.01.2011), Moonwalker (29.01.2011)

  5. #63
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծես թե շարահյուսական խնդիր կա...



    Հանիբալին "անպարտելի" անվանելը մի քիչ չափազանցություն է:
    Նախադասությունը մի փոքր անհաջող է ստացվել: Նկատի եմ ունեցել, որ Ալեքսանդր Մակեդոնացին ու Սցիպիոնն են անպարտելի եղել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (31.01.2011)

  7. #64
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Միհրդատ Արշակունու հրամանը

    Արիստոբուլի պարտականություններից էր ունկնդրություն խնդրողների ցանկն առավոտ կանուխ ներկայացնելը: Հրեա քարտուղարը սովորաբար կրճատումներ էր անում և ըստ կարևորության հերթականություն սահմանում, բայց դեռ նոր լույսը բացված` Իշտար աստվածուհու դարպասի ուղղությամբ ծխի քուլա երևաց պարսպի վրա, և պաշտոնապես լուր ստանալուց կես ժամ առաջ պալատում իմացան, որ Միհրդատ Արշակունին սուրհանդակ է ուղարկել: Դա սպասելի էր. շուտով նշելու էին Արշակունիների գահակալության հարյուրհիսուներորդ տարեդարձը: Սուրհանդակը հավանաբար պաշտոնական հրավեր էր բերում: Տիգրանը Բագարատ Բագրատունուն հանձնարարեց դիմավորել բանեբերին, իսկ ինքը աչքի անցկացրեց Արիստոբուլի ներկայացրած ցանկը: Ըստ քարտուղարի` նախ պետք էր ընդունել Սելևկյան Սիրիայի դեսպաններին, ապա Բաբելոնի գլխավոր քրմին և Հնդկաստանից ժամանած քարավանի առաջնորդ Արտաշիրին: Կային նաև մասնավոր հյուրեր: Մեծ Հայքից Արտաշես անունով մի քուրմ կար. սրան Արիստոբուլն ընդհանրապես ջնջել էր ցուցակից, արաբական անապատներից շեյխ Կարիբիիլն էր ժամանել, իսկ Մարգիանայի լեռներից` իշխան Վասուդեվան: Տիգրանը պատվիրեց սիրիացիներին իր ավագ որդի Զարեհի մոտ ուղարկել, իսկ Բաբելոնի քրմապետին մեծ հաջողությամբ կարող էր ունկնդրել նաև Արիստոբուլն ինքը:
    - Հարգարժան դեսպաններին սպասեցնել պետք չէ,- ասաց Տիգրանը:- Ստույգ հայտնի է նրանց պահանջը: Պատասխանն էլ վաղուց պատրաստ է: Իսկ Բաբելոնի քրմապետին որպես հոգևորական դու ավելի լավ կհասկանաս: Մյուսներին ինքս կընդունեմ:
    Սելևկյանները պահանջում էին վերադարձնել արքայազն Դեմետրիոսին, որին Միհրդատը պահում էր որպես պատվավոր գերի, և Անտիոքոս Գրյուպոսին ճանաչել Սիրիայի միակ տիրակալ, քանզի նրա կրտսեր եղբայրը ևս Սիրիրայի կայսր էր հորջորջվում: Իսկ ահա Բաբելոնի քրմապետին այլ կարգի բաներ էին հետաքրքրում: Սուրբ հայրը սովորաբար արտոնություններ ու նվիրատվություններ էր խնդրում իր տաճարի համար ու երբեմն ստանում էր: Քուրմ Արտաշեսի մասին Տիգրանն առաջին անգամն էր լսում, իսկ ահա վաճառական Արտաշիրը ամենահայտնի առևտրականն էր Մեծ Հայքի ու Չինաստանի միջև ընկած տարածքում: Տիգրանի ծանոթությունը Շեյխ Կարիբիիլի և իշխան Վասուդևայի հետ սկսվել էր խոր ու անողոք թշնամությունից, բայց հիմա նրանք Տիգրանի ամենաանկեղծ ու հավատարիմ բարեկամներն էին:
    Սուրհանդակին Տիգրանն ընդունեց Բագարատ Բագրատունու, զորավարներ Միհրանի ու Բագոասի և իր միջնեկ որդու` Արտաշեսի ներկայությամբ: Արքայից արքայի բանբերի անունը Կամբիզ էր: Ամրակազմ ու լրջատես մարդ էր, որը հստակ գիտակցում էր իր անձի կարևորությունը, բայց և երբեք չէր անցնում պատշաճության սահմանները: Հարգալից ու զինվորավարի կտրուկ խոնարհվելով` Կամբիզը Տիգրանին հանձնեց պապիրուսի փաթեթը: Բաբելոնի սատրապը ձեռքի վեհապանծ շարժումով կոտրեց թագավորական կնիքը, մի վայրկյան աչքի անցկացրեց ուղերձը, ապա, առանց բովանդակությանը ծանոթանալու, հանձնեց Արտաշեսին, որ կարդա: Ոմանց համար անսպասելի էր, բայց դա բնավ Արշակունիների տոնակատարությանը մասնակցելու հրավեր չէր: Ընդհակառակը, արքայից արքան իր սատրապին պատվիրում էր չհեռանալ Բաբելոնից, լինել աչալուրջ ու զգույշ: Իսկ տոնակատարությանը մասնակցելու էին հիմնականում Արշակունիները, որոնց ներկայությունը Բաբելոնում, ի դեպ, մինչև արքայի վերադարձը Տիզբոն, արգելվում էր:
    - Մեր գործն, ուրեմն դժվարին չէ,- ասաց Տիգրանը նամակի ընթերցումից հետո,- արքայազններից միայն Բաբելոնի քաղաքապետ Գոդերձ Արշակունին է այստեղ մշտական կենում: Ահա և նա...
    Բոլորը հայացքներն ուղղեցին դեպի դուռը, որտեղ և տեսան Գոդերձ Արշակունու թիկնեղ մարմինն ու պատկառելի դեմքը: Ինչպես բոլոր Արշակունիները` Գոդերձը թավ ու խնամված մորուք ուներ: Արքայազնի գլուխը զարդարում էր թագաձև գեղեցիկ մի գլխարկ, հագին տոնական շքեղ զգեստ էր: Արքայազնին այստեղ էր ուղեկցել տասնվեցամյա Տիգրանը` Բաբելոնի սատրապի կրտսեր որդին:
    Տիգրանը ոտքի վրա ողջունեց Գոդերձին և գրկախառնվեց ինչպես հարազատ եղբոր հետ: Բաբելոնի սատրապն ու քաղաքապետը մտերիմներ էին:
    - Եղբա°յր իմ Տիգրան,- ասաց պարթևական արքայազնը,- եկել եմ հրաժեշտ տալու: Մի քանի ժամից Էկբատան եմ մեկնում, այնտեղից էլ հավանաբար ավելի հեռուն գնանք: Ասում են` արքայից արքան որոշել է տոնակատարությունը հայրենի Նիսայում նշել, իսկ դա տասն օրվա ճանապարհ է առնվազն:
    - Մենք քո կարիքը կզգանք այստեղ, եղբա°յր Գոդերձ,- պատասխանեց Տիգրանը,- իսկ մինչ այդ ես հրաժեշտի արարողություն կկազմակերպեմ: Հյուրընկալության աստվածն այսօր հետաքրքիր հյուրեր է ուղարկել մեզ:
    Այնուհետ Տիգրանն առանձնացավ`պտրաստելու արքայից արքայի նամակի պատասխանը, որը քառորդ ժամից հանձնվեց Կամբիզին: Պատվո շքախումբը մինչև Իշտար աստվածուհու դարպասներն ուղեկցեցի սուրհանդակին ու վերադարձավ:
    Խնջույքը, որը Տիգրանը մտադիր էր տալ Գոդերձ Արշակունուն Էկբատան ճանապարհելու և իր հյուրերին ընդունելու պատվին, չուշացավ: Հրավիրեցին նաև սիրիական դեսպաններն ու Բաբելոնի քրմապետին: Սիրիացիների հետ Տիգրանը քաղաքավարի էր, բայց սառը. դա էր պահանջում իր ներկայացրած պետության քաղաքականությունը: Բաբելոնի քրմապետին դիմավորեցին ամենամեծամեծ պատիվներով, և ոչ ոքի մտքով չանցավ, որ սատրապը սկզբում չէր ցանկացել նույնիսկ ընդունել նրան, իսկ Վաճառական Արտաշիրին և Անահիտի տաճարի քուրմ Արտաշեսին անմիջապես ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատեցին: Բագարատ Բագրատունին, պալատական գիտնական Զարեհը, պալատական ճարտարապետ Նիկոնիդես Թեսալացին, պալատական փիլիսոփա Ամֆիկրատես Աթենացին և Տիգրանի Զարեհ, Արտաշես ու Տիգրան որդիները ամեն կերպ զբաղեցնում ու սիրաշահում էին հյուրերին: Այդպիսի ընդգծված հյուրասիրությունից Կարիբիիլը խանդավառվել էր: Երկու սրբություն ուներ արաբը` վրեժ և հյուրընկալություն: Գոդերձը, Վասուդևան և Կարիբիիլը համարյա միշտ Տիգրանի կողքին էին: Արիստոբուլ բեն Հյուռկանը մեծ դժվարությամբ մի վայրկյան գտավ, որ շշնջա.
    - Մարաստանի սատրապ Բագազն ու Միջագետքի սատրապ Գիմերն էլ հրավիրված չեն տոնակատարությանը:
    Գոդերձը, Կարբիիլը և Վասուդևան կենսուրախ մարդիկ էին և զվարճանում էին ինչպես հարկն է: Վասուդևան պատմություններ էր անում, թե ժամանակին ինչպես սուր բարձրացրին պարթևների դեմ, և ինչպես արքայից արքան Տիգրանին ուղարկեց, որ ճնշի ապստամբությունը: Սկզբում արյունալի ճակատամարտ էր եղել, որի ընթացքում մարգիանցիները քաջաբար կռվել էին: Կռվի ելքի մասին Վասուդևան ոչինչ չասաց, բայց դա ոնց որ թե այնքան էլ կարևոր չէր: Ճակատամարտից հետո բանակցություններ էին սկսվել, և Տիգրանն ընդառաջել էր մարգիանցիներին, ապա մահապատժի ենթարկել մի քանի պարթև պաշտոնյաների, որոնց պատճառով էլ, ըստ էության, այդ ապստամբությունը սկսվել էր: Միհրդատն այն ժամանակ բարկացել էր իր զորավարի կամայականությունների վրա, հրամայել բնաջնջել ապստամբներին, հաշիվ պահանջել գլխատված պաշտոնյաների համար, սակայն Տիգրանը փոքրոգի չէր գտնվել և պատասխանել էր, որ, ավաղ, միայն այս կերպ է հնարավոր լուծել ճգնաժամը, ու եթե արքայից արքան այլ կարծիքի է, կարող է իր փոխարեն ուրիշ զորավար ուղարկել: Ի վերջո, Միհրդատը համաձայնել էր:
    - Իսկ ի¯նչ կարող էր անել,- չարախնդում էր գինովցած Վասուդևան:- Դրանից առաջ արդեն երկու պարթևական բանակ էինք ջարդել:
    - Քո բախտն այն ժամանակ բերեց, որ զբաղված էի Սելևկյանների դեմ պատերազմով,- ընկերաբար մատը Վասուդևայի վրա թափ տվեց Գոդերձը,- այլապես գուցե լրիվ այլ կազմով այսօր խնջույք անեինք:
    - Լսի°ր, եղբա°յր Գոդերձ,- ասես մեկ վայրկյան լրջացավ Վասուդևան,- արի այսպես պայմանավորվենք: Դու արքայից արքայից ստացիր արևելյան բանակը, իսկ ես Մարգիանայում նորից ապստամբություն կբարձրացնեմ:
    Ներկաներն ինչքան ուժ ունեին հռհռացին: Նրանք, որ առաջին անգամն էին տեսնում իշխանավորներին կերուխում անելիս, զարմանքով նկատեցին, որ այդ ընթացքում նրանք բոլորովին այլ մարդ են դառնում: Հետո արդեն Կարբիիլը սկսեց իր պատմությունները: Ի տարբերություն Վասուդևայի` նա Տիգրանի հետ ծանոթացել էր տակավին վերջերս: Շուրջ մեկ տարի Կարբիիլը ամայացնում էր Բաբելոնի շրջակայքը, բայց ահա նոր սատրապ նշանակեցին աշխարհի ամենահին քաղաքում, և իրավիճակը փոքր-ինչ այլ տեսք առավ: Շատ քաջեր ընկան երկու կողմից էլ: Ճասենք, թե Տիգրանը ջախջախել էր իրենց` արաբը նժույգի վրա նույնն է, ինչ քամին է անապատում: Բայց ահա մի օր, երբ պատերազմն ամենաեռուն շրջանում էր, իսկ ելքը` խիստ անորոշ, վրանի մուտքը փակող բրդյա կտորները մի կողմ գնացին, և Կարբիիլը մի մարդ տեսավ այնտեղ: Եկվորը չներկայացավ, բայց արաբական ցեղերի առաջնորդը հոգու կանչով ճանաչեց, որ Տիգրանն է: Հյուրն ամենասուրբ բանն է արաբի համար: Եթե տանտիրոջ հետ նրան նույնիսկ արյան վրեժի թշնամություն է կապում, դա բնավ չի խանգարի, որպեսզի տանտերը մորթի իր վերջին անասունն ու սեղանին դնի ամենալավագույնը:
    Ցանկացած տարաձայնություն հետ է կողմ է մղվում, երբ հանդիպում են մեծ մարդիկ: Անծայրածիր տարածքներ, հեռավոր աստղեր, խորիմաստ պոեզիա և աստվածային իմաստասիրություն: Սա էր արաբ շեյխի կենսական գերակայությունը: Մինչ այդ օրը Կարբիիլն աշխարհում ապրել էր մենակ, իսկ հիմա նայեց Տիգրանի աչքերի մեջ ու տեսավ իր երկվորյակ եղբորը, տեսավ իր գաղափարակցին ու դաշնակցին, որը ստեղծված էր վեհ մտքեր ու մեծ գործեր կյանքի կոչելու: Կարբիիլը մտածում էր մի երևույթի մասին, որը զգում էր հոգով, բայց անկարող էր խոսքով արտահայտել: Տիգրանը թափանցում էր նրա հոգու ամենախորին ծալքերը և զարմանալիորեն պարզ ու հասկանալի բացատրում: Կարբիիլը սկսում էր միտքը, Տիգրանն ավարտում էր: Տիգրանը խոսեց արաբական պոեզիայից և դրանով խիստ զարմացրեց Կարբիիլին: Կարբիիլը պատմեց Բաբելոնի աստղագետների մասին և նույնպես խիստ զարմացրեց Տիգրանին: Ավելի ուշ Կարբիիլն իմացավ, որ Տիգրանը Արշակունի չէ և նույնիսկ պարթև չէ: Թանկագին հյուրի հայրենիքը Հայաստանն էր, որտեղ, ինչպես ասում էին արաբ Շեյխի նախնիները, աստվածներն էին բնակվում:
    Զարմանալի բան` երեք ժամ տևած զրույցի ընթացքում ոչ մի խոսք չասվեց կռվի մասին, բայց երբ Տիգրանը ոտքի կանգնեց, երկուսի համար էլ պարզ էր` իրենց միջև այլևս պատերազմ չի լինի:
    Հազիվ էր Կարբիիլը խոսքն ավարտել, երբ նախաձեռնությունը ստանձնեց Արտաշատից եկած քուրմը: Հետագայում ոչ ոք չէր կարողանում հիշել, թե ինչպես էր Տիգրանի, Գոդերձի, Վասուդևայի ու Կարբիիլի հետ հայտնվել նույն սեղանի շուրջը, բայց այնքան հաջող էր ձուլվել բարձրաստիճան հյուրերին, որ նրա ներկայությունը ամենևին աչք չէր ծակում: Հայր Արտաշեսը (այսպես էին կոչում քրմին) ի տարբերություն Վասուդևայի և Կարբիիլի` չէր կարող պարծենալ Տիգրանի հետ մտերմությամբ, բայց արի ու տես, որ նա երկար տարիներ Արտավազդ և Տիգրան թագավորների արքունիքում էր ծառայել: Ինչպես ինքն էր ասում` ամբողջ կյանքում զինվոր էր եղել և միայն հատուկ հանգամանքներն էին ստիպել երկարափեշ դառնալ: Քուրմն իր պատմությունը ներկայացնում էր բարեհոգի համեստությամբ, սակայն չէր մոռանում նաև խորհրդավոր քողով պատել իր նշանակալից անձը, որով և մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Հատկապես ուշադիր էր լսում արաբական ցեղերի շեյխը:
    Խնջույքը տևեց մինչև ուշ գիշեր: Հյուրերին ճանապարհելուց հետո Տիգրանն առանձնացավ Կարբիիլի ու Վասուդևայի հետ:
    - Եղբայրնե°ր,- ասաց նա,- արքայից արքան դեռ ճանապարհ չի ելել, բայց մթնոլորտն արդեն թունավորված է ու խորհրդավոր:
    - Ինձ հետ են իմ հինգ հազար արաբ նժույգավորները,- պատասխանեց Կարբիիլը,- քո մեկ խոսքը բավական է, որ խորհրդի անտեսանելի շղարշը տիեզերքով մեկ ցնդեցնեն ու սեփական թույնի մեջ խեղդեն օդը պղտորողներին:
    - Ինձ հետ են Մարգիանայի երկու հազար ամենաքաջ զինվորները,- պատասխանեց Վասուդևան,- թող միայն առիթ լինի, և խառնակչություն հրահրողները դառը կզղջան իրենց արարքների համար:
    - Ես այլ պատասխան չէի սպասում,- երախտապարտ նայելով` ասաց Տիգրանը,- սակայն մեր թշնամիներին հոդս ցնդեցնելու, սեփական թույնի մեջ խեղդելու և զղջման հասցնելու համար անհրաժեշտ կլինի մոտ մեկ ամիս հյուրընկալվել Բաբելոնում:
    - Թեկուզ մեկ տարի,- ձեռքը սրի երախակալին դնելով` գոչեց Կարբիիլը:
    - Ես նույնպես ոչ մի տեղ չեմ շտապում,- խորամանկ ժպտաց Վասուդևան:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (31.01.2011), Անի Ներկարար (05.07.2011)

  9. #65
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգրանի ծանոթությունը Շեյխ Կարիբիիլի և իշխան Վասուդևայի հետ սկսվել էր խոր ու անողոք թշնամությունից, բայց հիմա նրանք Տիգրանի ամենաանկեղծ ու հավատարիմ բարեկամներն էին:
    Այ քեզ փոփոխականություն! "Խոր ու անողոք"-ի պահով երևի չափազանցեցում էր...

    - Լսի°ր, եղբա°յր Գոդերձ,- ասես մեկ վայրկյան լրջացավ Վասուդևան,- արի այսպես պայմանավորվենք: Դու արքայից արքայից ստացիր արևելյան բանակը, իսկ ես Մարգիանայում նորից ապստամբություն կբարձրացնեմ:
    Ներկաներն ինչքան ուժ ունեին հռհռացին:
    Նման կատակը արևելյան տիպի բռնապետություններում կարող է շատ թանկ արժենալ - չեմ եղել պարթևական խնջույքներին, բայց երևի այնտեղ մթնոլորտը ամեն դեպքում այսքան անկեղծ չէր, հը?

    Թանկագին հյուրի հայրենիքը Հայաստանն էր, որտեղ, ինչպես ասում էին արաբ Շեյխի նախնիները, աստվածներն էին բնակվում:
    Լավ էր ասված - ակնարկ է շումերների հավատալիքների վրա հիմնված աքքադական հավատալիքների մասին: Աքքադացիները սեմիտներ էին, ինչպես և արաբները...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (31.01.2011)

  11. #66
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ քեզ փոփոխականություն! "Խոր ու անողոք"-ի պահով երևի չափազանցեցում էր...



    Նման կատակը արևելյան տիպի բռնապետություններում կարող է շատ թանկ արժենալ - չեմ եղել պարթևական խնջույքներին, բայց երևի այնտեղ մթնոլորտը ամեն դեպքում այսքան անկեղծ չէր, հը?
    Համաձայն եմ, բայց դե գեղարվեստական գիրք է, այս անգամ էլ այսպես:

  12. #67
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Առնակ

    Աստղագետի որդի Առնակն իր հոր պես փոքրամարմին ու տկար չէր: Տասնութ տարեկան գեղեցկադեմ ու ամրակազմ մի երիտասարդ էր և հակառակ իր հոր, որևէ գիտության հակում չուներ. մինչև ուղնուծուծը և հոգու ամենախորին ծալքերը զինվոր էր: Մարդկանց մեծապես զարմացնում էր հոր և որդու այդ հակադրությունը, սակայն նրանք, ովքեր ճանաչում էին Առնակի մորեղբայրներին, գիտեին, թե բանն ինչ է: Մորեղբայրները չորսն էին` Արամազդը, Վահագնը, Միհրը և Տիրը, չորս հսկաներ, չորս քայլող աստվածներ, որոնք լիովին արդարացնում էին իրենց անունները: Նրանք ամբողջ կյանքում զինվոր էին եղել: Դա, ասենք, արտառոց բան չէր այն ժամանակներում: Բոլորն էին զինվորական փառք երազում: Այլ հարց է, թե ով ինչպես էր անցնում փառքի ճանապարհը: Ոմանք, չնայած տարիների քրտնաջան զինավարժությանը, ընկնում էին առաջին իսկ ճակատամարտում ` խոցված թշնամու կույր նետից կամ թրի վարպետ հարվածից, ոմանք էլ, ինչպես օրինակ, աստվածանուն այս չորս եղբայրները, զինվորական վարժանքին վերաբերվում էին իբրև զվարճանքի, սակայն մարտի ժամանակ նույնիսկ մահն էր երկնչում նրանց ահարկու տեսքից:
    Քանի որ Առնակի մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ, մորեղբայրների մասնակցությունը նրա դաստիարակման գործում սովորականից մեծ եղավ: Երեխային շաբաթներով տանում էին հոր մոտից, անպատկառության աստիճանի երես տալիս և կատարում բոլոր քմահաճույքները: Առնակը վեց տարեկանից սկսեց որսի գնալ քեռիների հետ, ութ տարեկանում իր փոքրիկ ձին ուներ, որ խնամքով ընտրել ու բերել էին Արցախի ձիաբուծարաններից: Հենց այդ տարի էլ Առնակն առաջին անգամ արյուն արեց. քարով ջարդեց Բոգունի նախարարի թոռան` Գնելի գլուխը, որը պապի հետ ինչ-որ գործերով Առնակի հայրենի Վան քաղաքն էր եկել: Նախարարն իր կարգավիճակին համապատասխան կատաղեց և սպառնաց հաշվեհարդարով, սակայն Արամազդը, Վահագնը, Միհրը և Տիրը հարգալից ներկայացան պատկառելի պետական այրին, ափսոսանք հայտնեցին կատարվածի համար, բայց և ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ Առնակն ընդամենը ութ տարեկան է, այսինքն ճաճանչափայլ նախարարական թոռանից ամբողջ հինգ տարով փոքր, բացի այդ` առաջին քարը նախարարական թոռ Գնելն էր նետել, այլ բան, որ չէր հասել նպատակին: Հայտնի չէ ինչու` Բոգունի նախարարն անակնկալ խաղաղվեց: Արդյո±ք սարսռացել էր եղբայրների ահարկու տեսքից, կամ թե նրա մեջ արդարության զգացո±ւմն էր խոսել: Հետագայում ասում էին, թե ուղղակի խուսափել էր աղմուկ բարձրացնելուց` ամաչելով, որ իր համարյա տղամարդ թոռը պարտություն է կրել կաթնակեր երեխայից:
    Նույն տարում Զարեհը փորձեց գիտությունների հետ ծանոթացնել որդուն, բայց` ոչ մի հաջողություն: Այն, որ Առնակը զլանում էր սովորել հայկական քսաներկու դժվարամարս, դեռևս Մեսրոպ Մաշտոցի կողմից չկատարելագործված և կիրառությունից դուրս մնացած տառերը, Զարեհը դեռ կարողանում էր հասկանալ, բայց հունարենի ու լատիներենի հանդեպ անտարբերությունը պարզապես հունից հանեց նրան: Թվաբանության ասպարեզում Առնակը տարրական գործողություններ կատարելուց հեռուն չգնաց, մի քիչ սովորեց մակերես հաշվել, բավական տանելի կարողանում էր տաղանդը բաժանել մինաների, իսկ մինաները` դրահմների: Ի վերջո, Առնակը տիրապետեց լատիներենին, հունարենին և պահլավերենին, ծանոթացավ Արիստոտելի ու Պլատոնի փիլիսոփայությանը, Պյութագորասի ուսմունքին: Տասներեք-տասնչորս տարեկանում իր ժամանակի համար բավական ուսյալ կարող էր համարվել, սակայն Զարեհն ի ցավ իրեն հասկացավ, որ դա առավելագույնն է, ինչ կարող է ստանալ որդուց, որ Առնակը երբեք չի շարունակի իր գործը և աստղագետ չի դառնա: Փոխարենը Առնակն աներևակայելի հաջողությունների հասավ զենքին տիրապետելու գործում: Չնայած նրան, որ քեռիների նման հսկայամարմին չէր, ուժի զորությամբ քիչ էր զիջում նրանց, իսկ ճարպկությամբ տասնապատիկ գերազանցում էր: Տասներկու տարեկանից Առնակը սկսեց մասնակցել Նավասարդյան խաղերին: Տասնչորս տարեկանում արդեն ամենաարագավազն էր իր քաղաքում, տասնհինգում լավագույնը եղավ բարձրացատկի մեջ, իսկ տասնվեցում գոտեմարտեց եզրափակիչ մրցույթում և պարտվեց ավելի արժանավոր մեկին: Թվում էր` եղբայրներն ավելի շատ Առնակով են հպարտանում, քան սեփական փառքով: Սակայն պետք է նշել, որ պատանու անսահմանափակ եռանդը հիմնականում անտեղի էր կորչում: Առնակը սիրում էր լեզվակռվի բռնվել, որը շատ արագ և բացառիկ հնարամտությամբ ծեծկռտուքի էր վերածում: Իսկ հակառակորդները հաճախ պատվարժան քաղաքացիների և նախարարների որդիներ էին: Շատերը, իրենց բարձր ծագումը պատճառաբանելով, խելամտորեն հրաժարվում էին գործ ունենալ վտանգավոր ախոյանիի հետ, բայց և կային այնպիսիք, որ ցանկանում էին անմիջապես իր տեղը ցույց տալ ստոր դուրսպրծուկին: Դրանց հետ հաշվեհարդարը սովորաբար կարճ էր տևում: Առնակը հեշտությամբ գլուխ էր հանում նաև միանգամից երկու հակառակորդներից, դժվարությամբ, բայց դիմակայում էր երեք մարդու, սակայն չորսի դեպքում հաստատ ծեծ էր ուտում: Տասնվեց տարեկանում Առնակը բավականանում էր շաբաթը մեկ կռվով: Պատճառը բնավ ցանկության բացակայությունը չէր: Կարող էր կռվել թեկուզ առավոտից մինչև երեկո, իսկ երազանքը որևէ պատերազմի մասնակցելն էր, որը տղամարդու միակ լուրջ զբաղմունքն էր համարում: Սակայն աստղագետ Զարեհը, աշխարհում միակ մարդը, որից Առնակը պատկառում էր ու դողում աշնան դեղնած տերևի պես, զսպում էր նրան: Ամեն կռվի հաջորդած երկու օրը պատանին մտածում էր, որ էլ երբեք ծեծկռտուքի չի բռնվի: Մյուս երկու օրերին նրա հոգին միջանկյալ դիրք էր գրավում. չէր կողմնորոշվում` ենթարկվել բնական մղմանն ու ջարդե±լ առաջին իսկ հանդուգն քիթուբերանը, թե± կատարել հայրական կամքը: Երկար խորհելով` հիշում էր իր անօգնական ու ողբալի կեցվածքը հոր առաջ ու որոշում, որ պետք է ձեռնպահ մնալ: Սակայն հերթական կռվից արդեն երկու-երեք օր առաջ Առնակը սկսում էր արդարացնել իր հետագա գործողությունները: Ինքը երբեք առաջինը չի սկսի կռիվը, բայց հո ձեռքերը ծալած չե±ս կանգնի, երբ ջարդում են մռութդ: Կռվի օրն Առնակն արդեն անկառավարելի ու հաճախ նախահարձակ էր լինում: Երբեմն գործը շատ հեռուն էր գնում: Վանեցիները քաղաքաբնակի հոգեբանություն ունեին, ուստի հակառակորդների մեծ մասը փորձում էր ինքնուրույն վրեժ լուծել ստոր ոսոխից, բայց և կային այնպիսիք, որ գանգատվում էին վսեմաշուք հայրիկներին, ու նրանք միջոցներ էին ձեռք առնում: Այնպես որ, Առնակը շատ շուտով ծանոթացավ նաև Վանի քաղաքային բանտին, իսկ հայրը խոշոր տուգանքներ մուծեց պետական գանձարան: Դժվար է ասել, թե ինչպես կշարունակվեր երիտասարդի կյանքը Վանում. հավանաբար մի օր փախչեր տնից ու վարձու զինվոր դառնար Միհրդատ Եվպատորի բանակում: Բայց երբ հայրն անակընկալ որոշեց Բաբելոն մեկնել ու տեղի գիտնականների միջավայրում թարմացնել աստղագիտական գիտելիքները, Առնակն առանց երկմտանքի միացավ նրան: Ճանապարհորդություն, արկածներ վտանգ... Այդ ամենը մեկ վայրկյանում անցավ մտքով, ու սիրտը թրթռաց: Սակայն ի հիասթափություն նրա Վանից մինչև Բաբելոն ոչ մի արժանահիշատակ բան չկատարվեց: Առնակը Բաբելոնում էլ շարունակեց մոտավորապես նույնպիսի կյանք վարել, ինչպիսին Վանում էր, սակայն շուտով զինվորական ծառայության անցավ Տիգրանի թիկնազորում:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (31.01.2011), Անի Ներկարար (05.07.2011)

  14. #68
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր է գալիս հեղինակի ոճը - թեթև ու հումորային, որը շատ հեշտ ու հաճելի է կարդացվում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (31.01.2011), Moonwalker (31.01.2011), Անի Ներկարար (05.07.2011)

  16. #69
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.Դրամանենգություն

    Պալատի թագավորական սրահն այնքան ընդարձակ էր, որ նույնիսկ հսկայական կահույքի և բազմաթիվ արձանների առկայությամբ կիսադատարկ էր թվում: Սրահի կենտրոնում կայծկլտուն ու կամարաձև ծիածան կապած` մեղմածայն երգում էր շատրվանը: Շուրջը մի ընդարձակ լողավազան էր, ջուրն այնքան վճիտ, որ պարզորոշ երևում էին պատերի ու հատակի որմնանկարները: Մթնոլորտն այստեղ աննկարագրելիորեն տարաշխարհիկ էր: Թվում էր` ոչինչ չի փոխվել Նաբուգոդոնոսոր արքայի ժամանակներից ի վեր, մինչդեռ ուշադիր նայելով շուրջբոլորը` կարելի էր իսկույն գլխի ընկնել, որ բոլորովին էլ այդպես չէ: Պալատն այլևս իրենց թարմ բույրով չէին պարուրում Բաբելոնի հանրահայտ կախովի այգիները, որոնցից որպես հիշողություն միայն պատի որմնաքանդակն էր մնացել, և որոնց արարումը չգիտես ինչու Շամիրամին են վերագրում: Դրա փոխարեն Բաաղի հսկա արձանն այլևս միանձնյա չէր իշխում: Նույն վիճակում էր նաև Նաբուգոդոնոսոր թագավորը` կախովի այգիների իսկական հեղինակը: Մակեդոնական և պարթևական իշխանությունները Բաբելոնի պալատում ավելացրել էին շանթարձակ Զևսին և ահարկու Ահրումազդին, որոնք այնքան հարմարավետ էին տեղավորվել Բաաղի կողքին, ասես հարազատ եղբայրները լինեին: Նաբուգոդոնոսորի կողքին տեղ էին գտել նաև Կամբիզ և Արշակ թագավորները, որոնք ՙՄեծ՚ մականունն էին կրել: Ալեքսանդր Մակեդոնացին այստեղ ներկայացված էր իր սիրելի ձիուն` Բուցեֆալին հեծնած, հպարտ հայացքն ուղղած վերոհիշյալ արքաներին: ՙԱյդքան հաղթանակներ չէիք տանի, եթե թագավորած լինեիք իմ ժամանակներում՚. այս էր ասում Ալեքսանդրի ողջ կեցվածքը: Այնտեղ, ուր հարթաքանդակին պատկերված Գիլգամեշն իր զորեղ բազուկների մեջ առյուծ էր խեղդում, նաև Հերակլեսի տասներկու սխրանքները պատկերող զարդաքանդակն էր: Մեկ այլ տեղ Պերսևսը գլխատում էր Գորգոնա Մեդուզային, իսկ Յասոնն ընկերների հետ մուտք էր գործում Կոլխիդա: Տրոյական պատերազմից այստեղ ներկա էին անպարտելի Աքիլեսն ու անվեհեր Հեկտորը, նենգամիտ Ագամեմնոն և իմաստուն Պրիամոս արքաները և, իհարկե, գեղեցկուհի Հեղինեն, ում համար, իբրև, սկսվեց տրոյական պատերազմը:
    Սրահը կարող էր առնվազն հազար մարդ տեղավորել, բայց այնտեղ միայն երեքն էին: Մարմարյա սեղանի ետևում արժանապատիվ բազմած Բաբելոնի սատրապ Տիգրանն իր գահին թիկնած` մտազբաղ ունկնդրում էր աստղագետ Զարեհին և նրա տասնութամյա որդուն:
    - Ամենակարող տե°ր,- ասաց Զարեհը,- նախ ցանկանում էի Արիստոբուլին դիմել, հետո` Բագարատին, բայց մի աներևույթ ուժ ստիպեց անձամբ գալ: Բանն այն է, որ հարցն ինքնին մանր է և ամենաշատը կարող է ոստիկանապետի ուշադրությանն արժանանալ:
    - Ես սիրով կլսեմ քեզ,- ժպտալով պատասխանեց Տիգրանը, որի տրամադրությունն ակնհայտորեն բարձր էր այդ օրը: - Պարզաբանիր միայն, իմ գիտնական բարեկա°մ` այդ ամենը տեսել ես աստղազարդ երկնքո±ւմ, ուր սովորաբար բազմաթիվ զարմանահրաշ բաներ ես բացահայտում, թե± առօրյա կյանքում...
    Գիտնականն ինքն էլ ժպտաց թագաժառանգի խոսքի վրա: Զարեհը աստղերին նայելով` բազմաթիվ երևույթներ էր բացահայտել, զարմանալի իրավացիությամբ կանխատեսում էր առաջիկա շաբաթվա եղանակը, սահմռկեցուցիչ ճշգրտությամբ գուշակել էր Արշակունի արքայազններից մեկի մահը: Իսկ ահա սովորական առօրյայում ցրված էր և անուշադիր ու դրանով ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերել, քան աստղագիտությամբ: Հաճախ աստղագետը ծիծաղի առարկա էր դառնում պալատում, իսկ նրա ՙգլուխգործոցից՚ դեռ երկու ամիս էլ չէր անցել:
    ...Զարեհը մի գիրք էր կորցրել` Բաբելոնի հանրահայտ գրադարանից վերցրած հազվագյուտ աստղագիտական աշխատություն, իր տեսակի մեջ եզակի մի նմուշ: Ենթադրաբար` գողերն էին թռցրել, ու քանի որ Զարեհը ոչ մի կերպ չէր սփոփվում, ստիպված էր միջամտել Բաբելոնի սատրապն ինքը:
    Բանիմաց ու փորձառու խուզարկուները մի շաբաթ տակնուվրա արեցին մերձակա տները, հարցաքննեցին հարևաններին ու տանջաքննության ենթարկեցին բոլոր կասկածելի անցյալ ունեցած մարդկանց: Նրանք, ովքեր դժբախտություն էին ունեցել այդ օրը գիտնականի տան մոտ երևալ, առանձնակի տուժեցին: Ինչպես երևում էր` խուզարկուներն իրենց գործի իսկական վարպետներն էին: Յոթ օրվա մեջ տասնչորս մարդ խոստովանեց, որ այո°, հենց իրենք են գողացել գիրքը, սակայն հազվագյուտ բնօրինակը չկար ու չկար: Ձեռքի հետ բացահայտվեցին նաև մի քանի հանցագործություններ, որոնցով այդ պահին արդեն ոչ ոք չէր հետաքրքրվում: Չարաբաստիկ գիրքը փնտրելիս գարեջրավաճառի այգում հայտնաբերվեց նրա եղբոր դիակը, ում ինքն էր մի քանի ամիս առաջ սպանել, որ տիրանա նրա հարստությանը: Բռնվեցին երկու ամենաճարպիկ գողեր, որոնց հասարակությունը ճանաչում էր որպես ազնիվ, պարկեշտ և աստվածապաշտ մարդկանց: Ջրի երես ելավ խեցեղենի բավական խոշոր մի արհեստանոց, որի տերը չնայած ընդհանուր առմամբ անվնաս մարդ էր, բայց վերջ էր տվել պետությանը հարկեր վճարելու վնասաբեր սովորությանը: Դժվար է ասել, թե ինչպիսի շարունակություն կստանար գործը, և արդեն միայն աստվածներին էր հայտնի, թե էլի քանիսը կխոստովանեին, որ, այո°, իրենք են գողացել գիրքը և քանի մարդասպան ու գող կհայտնաբերվեր Բաբելոնում. էլի երեք-չորս գողացված գիրք` և հանցագործության արմատներն իսպառ կվերացվեին աշխարհի ամենահին քաղաքում: Սակայն գիրքը գտնվեց: Եթե չլիներ անսահման ուրախությունը, որ զգում էր գիտնական Զարեհը թանկագին իրը հայտնաբերելուց հետո, միգուցե նա խղճի խայթ զգար, որ իզուր տեղն այդքան մարդ է իրար խառնել: Ինչ չկարողացան հայտնաբերել սատրապության լավագույն խուզարկուները` համարյա ամբողջ Բաբելոնը տակնուվրա անելով, պատահականորեն գտավ աստղագետի որդին` Առնակ անունով տասնութ տարեկան գեղեցկադեմ ու լայնաթիկունք մի երիտասարդ, որն առանձնապես սեր էլ չուներ գրքերի կամ գիտության հանդեպ: Իսկ գիրքը նա վերցրել էր հոր աշխատասեղանից, որի առաջ աստղագետը օրը հազար անգամ նստում ու վեր էր կենում:
    - Աստղերն այստեղ գործ չունեն,- պատասխանեց աստղագետը ու ձեռքը գրպանը տանելով` մի ոսկեդրամ հանեց: - Բաբելոնի դրամահատարանը մրցակից ունի,- շարունակեց նա,- արտաքնապես համարյա չի տարբերվում, բայց, այնուամենայնիվ, կեղծ է:
    Տիգրանը վերցրեց ոսկեդրամը, ուշադիր զննեց և օդ նետելով ծանրութեթև արեց:
    - Թերևս աննշան թեթև է: Որտեղի±ց ես գտել, բարեկա°մս:
    - Որդիս` Առնակն է տվել:
    Տիգրանը վեր կացավ:
    - Առաջին անգամը չէ, որ ինձ կեղծ դրամներ են ներկայացնում,- ասաց նա,- բայց դրամահատարանի տիրոջը հայտնաբերել այդպես էլ չի հաջողվել:
    - Ինչպես ասում են` փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:
    Տիգրանն իր սևեռուն արծվային հայացքով նայեց գիտնականին:
    - Բարեկա°մս, - ասաց նա,- որտեղի±ց քեզ այդքան վստահություն, որ աղվեսն այս անգամ թակարդն է ընկել և այն էլ` երկու ոտքով:
    Զարեհը պատասխանեց կմկմալով, ասես չիմանալով` որտեղից սկսել և ինչպես բացատրել: Գիտնականը դժվարանում էր նույնիսկ բառեր գտնել:
    - Ես արդեն պատժել եմ այս անկարգ տղային,- վերջապես ասաց նա,- բայց ինչ արդեն արել է, այլևս հնարավոր չէ հետ բերել:
    Տիգրանն ուշադիր նայեց Առնակին, որն ակնհայտորեն շփոթվեց այդ հայացքից:
    - Այլ կերպ ասած` դու հայտնաբերել ես ընդհատակյա դրամահատարանը...
    - Եթե միայն հայտնաբերած լիներ,- ձեռքերը վեր պարզելով` բարկացած բացականչեց Զարեհն ու ոչնչացնող հայացք գցեց որդու վրա,- դրամահատարանի մասին Առնակն իմացել է դեռ մի ամիս առաջ, իսկ հիմա այս հիմար տղան դրամանենգների ձեռնարկության լիիրավ անդամ է և միայն երեկ է բարեհաճել ամեն ինչի մասին պատմել ինձ:
    - Հավանաբար այդքան ձգելու պատճառ է ունեցել,- պատասխանեց Տիգրանը ու սիրալիր նայեց Առնակին:- Պատմիր երիտասարդ:
    Առնակը հարգալից գլուխ տվեց և ասաց.
    - Մեկ ամիս առաջ ծանոթներիցս մեկը մի ոսկեդրամ տվեց: Ժամանակին պարտք էր վերցրել: Իսկ երբ երկու օր անց դրամափոխին տվի, ասաց, որ թեթև է, ու տասը տոկոսով պակաս է հաշվելու: Թեթև լինում են միայն հին դրամները, որոնց եզրերը մաշված են և այն էլ ոչ թե տասը, այլ ամենաշատը մեկ տոկոսով: Իսկ իմը նոր էր կտրած, ասես դրամահատարանից մեկ ժամ առաջ դուրս եկած լիներ: Սկզբում կարծեցի` ուզում են խաբել, բայց հետո հիշեցի կեղծ դրամների մասին խոսակցություններն ու որոշեցի ստուգել մի ծանոթ ոսկերչի մոտ: Տարիքն առած մարդ էր, արդեն հինգ տասնյակ տարիներ ոսկերչությամբ է զբաղվում ու մի քանի վայրկյան նայելով` ճշգրիտ որոշեց ոսկեդրամի քաշը...
    - Կարճ կապիր,- որդուն ընդհատեց գիտնականը:- Նորին մեծությունը ժամանակ չունի լսելու աննշան մանրամասները...
    - Թող պատմի ինչպես որ կա,- սիրալիր ասաց Տիգրանը ու քաջալերող նայեց Առնակին:
    Հոր դիտողությունից շփոթված երիտասարդը շարունակեց:
    - Կասկածներս փարատելու համար նա, այնուամենայնիվ, կշռեց դրամը: Ուղիղ տասը տոկոսով թեթև էր: Ցանկանում էի պատժել ինձ խաբած մարդուն, բայց մի փոքր ևս մտածելով, որոշեցի այլ կերպ գործել: Իբր պատահական հանդիպելով, մինչդեռ երեք ժամ փնտրել էի քաղաքի փողոցներում, նրան հրավիրեցի մոտակա գինետունն ու իր իսկ տված ոսկեդրամով մի լավ հարբեցրի: Գինետանը չնկատեցին դրամի կեղծ լինելը ու նույնիսկ անչափ ուրախ էին երևում, որ տեսքը թարմ է: Իսկ ահա ծանոթիս լեզուն բացվել էր: Արդեն այնքան խմած, երբ ծովը ծնկներից է թվում, սկսեց գլուխ գովել, որ սեփական դրամահատարան ունի և կարող է ավելի շատ դրամ հատել, քան Բաբելոնի սատրապը և նույնիսկ արքայից արքա Միհրդատ Արշակունին:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (14.02.2011), Անի Ներկարար (05.07.2011)

  18. #70
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտնականը որդուն նայում էր լարվածությունից չռված աչքերով, իսկ ահա Տիգրանին զվարճացրին Առնակի խոսքերը:
    - Մի տաղանդավոր պալատական ունեի,- ասաց նա,- կկարողանար մի ամբողջ գործակալություն ղեկավարել, սակայն հարբեցողության պատճառով կրտսեր ախոռապանի դիրքի էր իջել: Իսկ երբ առաջարկեցի գլխավոր ախոռապան լինել` պայմանով, որ թողնի խմելը, ինչ եք կարծում` ի±նչ պատասխանեց: Ինչի±ս է պետք գլխավոր ախոռապան լինել, ասաց, երբ մի սափոր գինի եմ խմում, նույնիսկ արքայից արքան է նսեմանում իմ առաջ... Սակայն շարունակիր, որդի°ս...
    Առնակը հավաքեց մտքերն ու շարունակեց.
    - Գինետանը բոլորը ծիծաղում էին նրա վրա, իսկ ես մտածեցի` գուցե ընկել եմ դրամահատարանը հայտնաբերելու հետքի վրա±, և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, չէի սխալվում: Աստիճանաբար վստահություն ձեռք բերեցի ծանոթիս մոտ, իսկ նա, չիմանալով, որ ծառայության մեջ եմ Բաբելոնի պալատում, ամեն ինչ պատմեց: Մոտ երեք շաբաթ նրանց ձեռնարկության անդամ եմ եղել ու զանազան մանր հանձնարարություններ կատարել: Միայն երեկ իմացա, որ կեղծ դրամները հատվում են ոմն Կիաքսարի ոսկերչական արհեստանոցում: Նաև տեղեկություններ եմ հավաքել. Կիաքսարը շատ մանր մարդ է այդպիսի գործ ձեռնարկելու համար, նրա ետևում ակնհայտորեն մեծ ուժ է կանգնած:
    - Ահա, տեսնո±ւմ ես,- ոտքի կանգնելով` գոչեց Բաբելոնի սատրապ Տիգրանը,- տղան ամեն ինչ արել է իր տարիքին անսովոր իմաստությամբ ու սառնասրտությամբ, իսկ դու նախատում ես նրան: Եթե այս ամենը հաստատվի փաստերով, իսկ ես դրան չեմ կասկածում, Առնակը թիկնազորի հարյուրապետ կդառնա: Իսկ հիմա, իմ գիտնական բարեկա°մ, գնա հաշվիր, թե քանիսն են տասնութ տարեկանում տասնապետ դառնում և դրանից համապատասխան եզրահանգումներ արա:
    Աստղագետը կեղծ դժգոհ հայացքով չափեց որդուն, կարծես ուզում էր ասել` մեկ է, սա մարդ չի դառնա, բայց մտքում շատ գոհ էր ու հպարտ:
    - Դե ինչ,- ծիծաղելով ասաց Տիգրանը,- քանզի Առնակն է հայտնաբերել ընդհատակյա դրամահատարանը, ուրեմն այն գողացված գրքի պատմության հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա:
    - Հավատացնում եմ... - ուզում էր արդարանալ գիտնականը, բայց Մեծ Հայքի թագաժառանգը ընդհատեց նրան:
    - Մենք հենց հիմա միասին այնտեղ կուղևորվենք,- ուրախ-ուրախ շարունակեց Տիգրանը: - Ո±ր փողոցում է Կիաքսարի խանութը:
    Առնակի աչքերը խանդավառությամբ պսպղացին:
    - Զիկուրատի հարևանությամբ իրար զուգահեռ կավագործների երկու փողոց կա: Կիաքսարը դեպի երկու փողոցներն էլ մուտք ունի իր հաստատությունից: Մեկը խանութի մուտքն է, իսկ մյուսը` արհեստանոցինը: Արհեստանոցն ու խանութն էլ միացված են նեղ միջանցքով: Զգուշության համար ինքս չգնացի այնտեղ, բայց հավատացնում եմ, տեղեկությունները ստույգ են:
    - Ինչ կա որ, այստեղից հեռու չէ: Պատգարակ կամ ձի չենք վերցնի հետներս ու կավագործների փողոց կմտնենք իբրև ամենահասարակ քաղաքացիներ: Առնա°կ, վերցրու սուրդ, կարող է պետք գալ:
    - Միայն երեքո±վ ենք գնալու,- զարմացած բացականչեց գիտնականը:- Մեծ Հայքի թագաժառանգը չի կարող իրեն այդպիսի վտանգների ենթարկել: Կիաքսարը զինված մարդիկ ունի: Ես հասկանում եմ, որ ձերդ մեծությունն անվեհեր ու քաջ է Արտաշես արքայի նման և կարող է Կիաքսարի ու նրա մարդկանց հետ հաշվեհարդար տեսնել, բայց... Գոնե Բագարատին վերցնեինք...
    Տիգրանն առանց պատասխանելու թիկնոցը գցեց վրան ու հնչեցրեց զանգը: Մի քանի վայրկյանից դռների մեջ երևաց Արիստոբուլի վտիտ կառուցվածքը: Զարեհը տարակուսած նայեց Տիգրանին: Մի±թե սրան էլ է ուզում տանել իր հետ: Ի¯նչ օգուտ այս չորացած ծերունուց, որն ամենավճռական պահին ընդունակ է հերոսի տեսքով մեռնել միայն: Իր մասին ևս աստղագետը մեծ կարծիք չուներ: Նույնիսկ երիտասարդ տարիներին, երբ բոլոր ընկերների ուշքն ու միտքը զենքն էր, նա առավոտից իրիկուն ուսանում էր քրմերի մոտ: Ճիշտ է, թագաժառանգը գերմարդկային ուժի տեր անձնավորություն է: Զարեհն անցյալ ձմեռ անձամբ ականատես էր եղել, թե ինչպես սովորական պարանի պես քարկապ գցեց երկաթյա կրակխառնիչը: Կար նաև Առնակը` Բաբելոն քաղաքի ամենամեծ կռվարարը, բայց գիտնականը նրան, սովորության համաձայն, անտեսեց:
    - Արիստոբո±ւլն է գալու մեզ հե±տ,- իր իսկ մտքերն ընդհատելով` հարցրեց աստղագետը:
    - Իհարկե ոչ, բարեկա°մս,- նայելով գիտնականի զարմանքից չռված աչքերին` պատասխանեց Տիգրանը, ապա շարունակեց:- Բեն Հյուռկան, Զարեհի և Առնակի հետ երկու ժամով բացակայելու եմ: Հետևիր, որ մեր բացակայությունն աննկատ մնա պալատում:
    Հրեա հոգևորականը գլուխ տվեց:
    Մի քանի վայրկյան անց, չգիտես ինչ կախարդությամբ, դիմացի պատին մի դուռ բացվեց: Դա իսկական հրաշքի էր նման: Երբեք չէր կարելի ենթադրել, որ այդ ողորկ պատը գաղտնադուռ է:
    - Մի անհանգստացիր, բարեկա°մս,- դիմելով գիտնականին` ասաց Տիգրանը,- մի±թե կարծում ես, թե պատրաստվում եմ ձեռնամարտի մտնել ինչ որ չնչին խարդախի հետ:
    Գաղտնադռից այն կողմ թեք ու անհարմարավետ աստիճաններ էին, ամեն չորս-հինգ քայլը մեկ` ջահեր պատերին, որոնցից մի քանիսը թանձր ծուխ էին արձակում, սակայն գետնուղիում հեղձուկ չէր: Հավանաբար անտեսանելի օդանցքները մաքրում էին օդը: Տիգրանը քայլում էր առջևից: Զարեհն ու Առնակը հետևում էր նրան: Քիչ անց աստիճանները վերջացան: Շուրջբոլորը թրծված աղյուսով շարված ամուր ու ողորկ պատեր էին: Շարքը եզրափակող Առնակը ծպտուն չէր հանում, իսկ ահա Զարեհը մի անգամ էլ տարակուսած նայեց Տիգրանին, որը խորամանկ աչքով արեց նրան: Մի քանի վայրկյան անց դիմացի պատը խուլ աղմուկով տեղի տվեց, ու հայտնվեց ևս մեկ գաղտնադուռ: Մի քանի միջանցք անցնելուց հետո նրանք դուրս եկան պալատից: Մուտքերի մոտ մինչև ատամները զինված պահակներ կային, բայց ի զարմանս գիտնականի` նրանք կատարյալ անտարբերություն ցուցաբերեցին անցնողների նկատմամբ:
    Աշնանային չոր եղանակ էր Բաբելոնում: Փողոցներն ինչպես միշտ աղմկոտ էին ու մարդաշատ: Մի տեղ աչք ծակող ճոխություն էր, մեկ այլ տեղ` ծայրաստիճան չքավորություն: Պատգարակով շրջող մեծահարուստի շուրջը վխտում էին ցնցոտիներով մի կերպ ծածկված մորացկաններ ու սիրտ չէին անում նույնիսկ մոտենալ: Ամենուր բազմահարկ առանձնատներ ու հանրային շինություններ էին, իսկ հեռվում արևի ճառագայթների տակ շողշողում էր Բաբելոնի հանրահայտ Զիկուրատը: Աղյուսաշեն տների մի քանի շարք անցնելով` Տիգրանն ու Զարեհը մտան մի փողոց, ուր միայն արհեստանոցներ ու խանութներ էին, առավելապես` խեցեղենի վաճառանոցներ: Կավը Բաբելոնում ամենուր էր, բավական էր միայն քանդել գետինը, ուստի շատերն էին խեցեղեն պատրաստում, որը լավագույնն էր աշխարհում: Ամենուր դարակների վրա ամաններ, բաժակներ ու զանազան անոթներ էին դրված, որոնք վերջնական տեսք ստանալուց հետո նաև նկարչի ձեռքի տակով էին անցել: Նրանք կավե անոթների արտաքին մասին էին հանձնել Բաբելոնի հազարամյա զարդանախշերը, իսկ առավել խոշորների վրա կարելի էր տեսնել Բել Մարդուկի, Գիլգամեշի և նրա անբաժան ընկեր Էնկիդուի զարմանահրաշ պատկերները: Հերիք է աչք գցեիր անոթներից մեկի վրա, անմիջապես հայտնվում էր վաճառողը և սիրալիր ու պնդերես առաջարկում գնել իր ապրանքը, որը, անկասկած, լավագույնն էր Բաբելոնում:
    Արդեն տեղ էին հասել, բայց ոսկերչական արհեստանոցը չկար ու չկար: Զարեհն ու Առնակը մի քանի հոգու հարցրին, թե ինչպես կարելի է գտնել, բայց խանութպաններն ասում էին, որ Կիաքսար անունով մարդու այստեղ չեն ճանաչում և այդ փողոցում ոսկերչական խանութ կամ արհեստանոց չկա, իսկ այ ահա եթե հաճեին իրենց խանութը մտնել, նրանց առջև կբացվեին Բաբելոնի բոլոր հրաշքները: Աստղագետը շատ բարկացավ և մի երկու անգամ կոպտեց առավել պնդերես խանութպաններին, իսկ ահա Տիգրանը սիրալիր էր բոլորի հետ և ասես բնավ չէր անհանգստանում, որ ոսկերչանոցը չեն կարողանում գտնել: Տեղի տալով հերթական խանութպանի թախանձագին խնդրանքներին` թագաժառանգը, բարեհոգի ժպիտը դեմքին, մտավ խանութ և մի քանի գեղեցկագույն անոթ գնեց: Դատելով նրանից, թե ինչպես էին փայլում խանութպանի աչքերը, կարելի էր եզրակացնել, որ Տիգրանն իրական գնից շատ ավելին էր վճարել: Տեսնելով ճարպիկ գործարարի լկտի շորթումը, որ այդպես թեթև ու մասնագիտական բանիմացությամբ օրը ցերեկով կատարեց պարզամիտ գնորդի նկատմամբ, Զարեհը հունից դուրս եկավ: Նա, իհարկե, չէր վարանի ասել այն ամենն, ինչ մտածում էր խեցեղենի խարդախ վաճառականի մասին, սակայն տեսնելով Տիգրանի դեմքի տարօրինակ արտահայտությունը` հապաղեց: Զարեհը երբեք չէր տեսել, որ Տիգրանը ձայնը բարձրացնի ստորադասի վրա, բայց փաստ էր նաև, որ ծառայող մարդիկ մի անբացատրելի ահ ու պատկառանք էին զգում նրա նկատմամբ: Մի անգամ խոհարարը փորձել էր ինքնասպան լինել լոկ այն պատճառով, որ ճաշատեսակներից մեկը փոքր-ինչ տաք էր մատուցել: Հազիվ փրկեցին խեղճին: Մեկ ուրիշ դեպքում Զարեհը տեսել էր, թե ինչպես է սփռոցի վրա անզգուշորեն գինի կաթեցրած ծառան վախից դողում: Չլիներ վախը, թերևս նա նույնպես ցանկանար վերջ տալ կյանքին: Մինչդեռ Տիգրանը բարեհոգի ու սիրալիր էր բոլորի հանդեպ և հակառակ իր կնոջ` Զարուհու, երբեք չէր բարկանում ծառաների թերացումների վրա, այլ ծիծաղում էր միայն: Իսկ ահա այստեղ ինչ-որ ամենասովորական խանութպան արդեն իսկ իշխանություն էր ձեռք բերել նրա վրա և վայրկյան առ վայրկյան ավելի էր լկտիանում: Վաճառականը, որ Պրեկսասպ հինավուրց անունն էր կրում, քառապատիկ գնով մի անոթ էլ ծախեց անփորձ հյուրին ու հավանաբար պատրաստվում էր նորանոր կասկածելի գործարքների մեջ քաշել նրան, երբ թագաժառանգն անսպասելիորեն ոսկյա զարդեղեն գնելու անմեղ ցանկություն հայտնեց: Խանութպանն ավելի պայծառացավ: Ոսկյա իրերի վաճառքով ցավոք ինքը չի զբաղվում, բայց, փառք Մարդուկին, ընդամենը մի քանի քայլի վրա ոսկերչանոց կա: Հենց արժանապատիվ հյուրը գնի թարեքին դրված ահա այն զարմանահրաշ անոթները, որոնք այնքան էժան էին, որ զուտ կավի ու ներկի գինն արժեն, ինքը կուղեկցի նրանց ոսկերչի մոտ ու նույնիսկ վարձ չի պահանջի դրա համար: Տիգրանը խանդավառ ոգևորությամբ գնեց անոթները, ապա` ևս երեքը, ու միայն դրանից հետո բարի խանութպանը պատրաստակամություն հայտնեց ուղեկցել հյուրերին, իհարկե, եթե այլևս չեն ցանկանում նոր անոթներ ձեռքբերել: Հյուրերը նոր անոթներ գնել չէին ցանկանում և բացի այդ, մի փոքրիկ ծառայության մասին էլ էին խնդրում. կարելի± է, արդյոք, որ գնված անոթներն առայժմ խանութում թողնեն, կվերցնեն վերադարձին, իսկ եթե մեկ կամ երկու ժամ անց չգան, թող խանութպանն իր ուզած ձևով տնօրինի դրանք: Մեկ վայրկյանից պակաս ժամանակում Պրեկսասպը հազար աղոթք հղեց աստվածների աստված Բել Մարդուկին ու մի չնչին բան խնդրեց` որ այս մարդիկ գոնե կես ժամ չվերադառնան: Նույնիսկ այդքանը բավարար կլիներ, որպեսզի վաճառականը գնորդների հայտնվելուն պես երկու տասնյակից ոչ պակաս ապացույցներ բերի, որ երկու ժամը վաղուց անցել է, ինքն էլ անոթներն արդեն ուրիշին է վաճառել, մի±թե այդպես չէին պայմանավորվել: Ինչպես երևում է` Բել Մարդուկը լսեց խանութպանի աղոթքները, ու նա ստիպված չեղավ բանացնել իր դիվային հնարամտությունները: Պարզամիտ հաճախորդները ոչ այդ օրը, ոչ էլ մեկ այլ օր ու երբևէ չերևացին խանութում: Իսկ առայժմ նա ուղեկցեց հյուրերին դեպի ոսկերչական իրերի խանութ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (14.02.2011), Անի Ներկարար (05.07.2011)

  20. #71
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    .....
    Վերջին խմբագրող՝ Malxas: 14.02.2011, 20:34:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (14.02.2011)

  22. #72
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ անհամբեր սպասում եմ վեպի նոր հատվածներին: Երբ վեպը նման կերպ մասերով են մատուցում, զարմանալի ձևով միշտ էլ ժամանակ եմ ունենում կարդալ...

    Դրա փոխարեն Բաաղի հսկա արձանն
    Երևի թե ավելի ճիշտ է ամեն դեպքում... Բելի հսկա արձանը Այո, մի զարմացեք, սա հենց այն Բելն է:

    Ինչու հենց... Կամբիզը? Բայց նկարագրությունը դուրս եկավ - կարծես ֆիլմ նայեյի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (14.02.2011)

  24. #73
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ անհամբեր սպասում եմ վեպի նոր հատվածներին: Երբ վեպը նման կերպ մասերով են մատուցում, զարմանալի ձևով միշտ էլ ժամանակ եմ ունենում կարդալ...



    Երևի թե ավելի ճիշտ է ամեն դեպքում... Բելի հսկա արձանը Այո, մի զարմացեք, սա հենց այն Բելն է:

    Ինչու հենց... Կամբիզը? Բայց նկարագրությունը դուրս եկավ - կարծես ֆիլմ նայեյի
    Համաձայն եմ, որ դա նույն Բելն է, սակայն քանի որ իրադարձությունները Բաբելոնում են կատարվում, Բաաղ ձևն եմ ընտրել:
    Չեմ կարողանում հիշել, թե ինչու եմ Կամբիզին Մեծերի մեջ նշել: Գուցե շփոթած լինեմ նրա հաջորդի հետ, որը ճնշել է Գաումատայի ապստամբությունը:

  25. #74
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, որ դա նույն Բելն է, սակայն քանի որ իրադարձությունները Բաբելոնում են կատարվում, Բաաղ ձևն եմ ընտրել:
    Չեմ կարողանում հիշել, թե ինչու եմ Կամբիզին Մեծերի մեջ նշել: Գուցե շփոթած լինեմ նրա հաջորդի հետ, որը ճնշել է Գաումատայի ապստամբությունը:
    Դարեհ I - իրոք մեծ է եղել, թեև մեր ազգի թշնամին էր: Մեծ էր նաև Կամբիզի նախորդը` Կյուրոս I-ը: Ես ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (14.02.2011)

  27. #75
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7.Տիխե աստվածուհու անակընկալը

    Խանութը, ուր հյուրերին ուղեկցեց խեցեղենի վաճառական Պրեկսասպը, մի ընդարձակ հաստատություն էր, որտեղ երիտասարդ ու եռանդուն գործակատարները զանազան շղթաներ, ապարանջաններ, վզնոցներ ու մատանիներ էին ցուցադրում, գովաբանում ու վաճառում: Հազիվ զգացվող կծծահոտը վկայում էր, որ արհեստանոցը հեռու չէ, և ամենևին կարիք չկա աշխարհի ծայրը հասնել, որպեսզի խանութը անհրաժեշտ քանակի զարդեղենով ապահովվի: Խելամիտ լինելու դեպքում կարելի էր մեկ րոպեից էլ պակաս ժամանակում գլխի ընկնել, որ այստեղ միմիայն տեղական ոսկեղեն է վաճառվում, բայց երբ ականջ էիր դնում գործակատարների ու գնորդների խոսակցություններին, ի հակադրություն խելամիտների` տեղեկանում էիր, որ ապրանքի մի ստվար մասը հունական, հայկական, չինական ու հնդկական ծագում ունի:

    Վաճառանոցի տերը հիսունն անց ծանրաքաշ մի մարդ էր, որը սրահի հեռավոր անկյունում նստած` ուշի ուշով ինչ-որ զարդ էր ուսումնասիրում և բոլորովին էլ խորամանկ կամ նենգ տեսք չուներ, ինչը պարտադիր էր յուրաքանչյուր քիչ թե շատ հաջողված դրամանենգի համար: Ընդհանրապես դժվար էր որոշել, թե նա ինչպիսի մարդ է: Մարդկանց մի տեսակ կա, որոնք ո°չ չար են, ո°չ բարի, ո°չ խելացի, ո°չ հիմար, ո°չ գեղեցիկ, ո°չ տգեղ: Ահա ճիշտ այդպիսի տեսք ուներ խանութպանը: Մի բան էր միայն ակնհայտ` ոսկյա իրերի առևտրականը խեցեղենի առևտրական Պրեկսասպին այնքան էլ չի սիրում: Իսկ եթե մեկնումեկը ուզում է հակառակը պնդել, թող բարի լինի բացատրել, թե ինչու հայացքն իսկույն իր զարդին վերադարձրեց, երբ դռների մեջ տեսավ Պրեկսասպի արևահարված ու պնդերես դեմքը: Իսկ ահա Պրեկսասպն այնքան էլ վհատված չէր երևում հարևանի պահվածքից: Խեցեղենի առևտրականն առանց պատասխան ակնկալելու ողջույն հղեց վաճառանոցի տիրոջը, մի քանի ցածրաճաշակ կատակներ փոխանակեց խանութը պահպանող զինվորների հետ, ապա հայտարարեց, որ ժամանակը սուղ է, և ինքը պահանջում է անմիջապես սպասարկել իր բարեկամներին: Ոսկերչական խանութի գործակատարները երիտասարդ էին, եռանդուն, աչալուրջ և աշխույժ, ուստի դժվար էր ասել` արդյո±ք որևէ ազդեցություն ունեցավ խեցեղենի առևտրականի միջնորդությունը, որ նրանցից մեկը հապճեպ մոտեցավ հյուրերին:

    Համենայդեպս, Պրեկսասպը դա բացառապես իրեն վերագրեց և սկսեց այնպիսի մեծալուրջ ու գործունյա տեսքով հետ ու առաջ անել սրահում, ասես խանութի տեր ինքը լիներ: Իսկ ահա խանութի իսկական տերը բացարձակ անտարբերություն ցուցաբերելով` շարունակում էր զննել ձեռքի զարդը և այսպես ասած` փակել էր աչքերը բոլորի առաջ: Սակայն ականջները փակելու միտք ամենևին չուներ, ուստի և լսեց հետևյալ խոսակցությունը:

    - Ի±նչ կկամենայիք, արժանապատիվ տիա°րք: Մեզ մոտ են արևելքի բոլոր հրաշքները: Մարգարտե ապարանջան, ոսկե վզնոցներ ու կրծքազարդեր, արծաթե եզակի մատանիներ...

    - Իսկ ահա այն ոսկե գավաթնե±րը,- լսվեց պատասխան հարցը, որից հետո մի քանի վայրկյան լռություն տիրեց: Գործակատարը հավանաբար չգիտեր, ինչ պատասխանի:

    - Դրանք... - կմկմաց նա, բայց չկարողացավ ավարտել միտքը: Այցելուն ընդհատեց.

    - Հավանաբար ուզում էիր ասել, որ դրանք շատ թանկ են:

    Խանութի տերն անգամ բարձրացրեց գլուխը: Պրեկսասպից բացի, նա տեսավ վաթսունամյա լրջախոհ մի ծերունու և տասնութամյա մի պատանու: Նրանց հետ էր նաև քառասունն անց բարձրահասակ ու լայնաթիկունք մի մարդ: Հենց նա էր զրույցի բռնվել գործակատարի հետ և չնայած արտաքուստ շատ սիրալիր էր, ոսկեղենի վաճառականը տեսավ, թե ինչպես է գործակատարը շփոթմունքի մեջ ընկել:

    Ոսկե գավաթները տասն էին, դրված հատուկ պատվանդանների վրա, կողային պատի բարձր ու դժվարամատչելի մասում: Ամեն մեկը մի ամբողջ կարողություն արժեր, իսկ հարցնել, թե որն է բարեհաճում գնել զարմանալի պարոնը, գործակատարը չհամարձակվեց: Պահապան զինվորները դադարեցին հորանջել, խանութում եղած յոթ-ութ հաճախորդները մի կողմ դրեցին զարդերը, որ ուզում էին գնել, գործակատարները ձևացրին, թե իրենց գործով են զբաղված, սակայն ականջները սրեցին և աչքի տակով գաղտագողի հետևում էին իրադարձությունների հետագա զարգացմանը: Ոսկեղենի առևտրականն այլևս անտարբեր մնալ չէր կարող. պետք էր անձամբ սպասարկել մեկին, ով ցանկանում է այդպիսի գավաթ գնել: Դրանցից, չափազանց թանկության պատճառով, տարվա մեջ հինգ-վեց հատից ավելին չէր վաճառվում: Խանութատերը կատվի պես անձայն մոտեցավ անծանոթին և տարերայնորեն ձուլվեց խոսակցությանը:

    - Իջեցրու բոլոր գավաթները, Պատիզի°ֆ,- սիրալիր ասաց նա,- արժանապատիվ պարոնը նրբաճաշակ և իմաստուն է Նաբու աստծո նման: Ահա, զմրուխտով ու մարգարիտներով շռայլորեն զարդարված այս մեկը բերված է Հնդկաստանից: Հապա սրա¯ն ինչ կասեք, Ֆիդիասի գործն է, չորս հարյուր տարվա հնություն ունեցող աշխատանք...

    Մինչ այդ բանակցությունները Տիգրանն էր վարում, իսկ գավաթների մեջտեղ գալուց հետո նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց Զարեհը:

    - Դուք պնդում եք, որ սա Ֆիդիասի աշխատանքն է±,- զարմանքը հազիվ զսպելով` հարցրեց նա:

    - Սա այն հանրահայտ գավաթն է, որն աթենացիներն էին ուղարկել Քսերքս թագավորին ընծա, երբ ցանկանում էր արշավել հունական քաղաքների վրա: Դրանից հետո շատ ձեռքերով է անցել մինչև իմ մոտ հայտնվելը ու շատ թանկ է ինձ համար: Հենց դա է պատճառը, որ երկու տաղանդից պակաս գումարով չեմ կարող բաժանվել սրանից... Չնայած բոլոր էլ արվեստի հրաշքներ են, ոսկերչական գլուխգործոցներ: Այսպիսի գավաթներ անհնար է գնել ինչպես Բաբելոնում, այնպես էլ ողջ արևելքում... Ամեն մեկն իր յուրօրինակ դեմքն ունի, չնայած բոլորն էլ նմանապես լավն են:

    Ոսկերիչն, իր տարերքի մեջ, անցավ մյուս գավաթներին, իսկ Զարեհը մռայլ շշնջաց Տիգրանի ականջին:

    - Գավաթը մեր Նիկոնիդեսն է պատրաստել, տասը մինայից ավելին չարժե...

    Տիգրանը պարզամտորեն գլխով արեց և բոլորի համար անսպասելի ասաց:

    - Ժամանակ չկորցնենք ընտրության վրա: Հիմա կվերցնենք բոլոր գավաթներն ու տանը հանգիստ կորոշենք նրանց նմանապես լավ լինելն ու յուրօրինակ դեմք ունենալը:

    - Եթե ցանկանում եք գնել...,- արդեն ուզում էր սկսել խանութպանը, բայց գնորդն ընդհատեց:

    - Այո, ցանկանում եմ: Ցանկանում եմ գնել բոլոր տասը գավաթները, ինչպես և ահա այն զարմանահրաշ մատանիներն ու կրծքազարդերը, շղթաներն ու աստվածների պատկերներով մեդալյոնները: Մի խոսքով, այն ամենը, ինչ ցուցադրվում ու վաճառվում է խանութում: Իհարկե, բացառությամբ զարդերի, որ կբարեհաճեն գնել այս հարգարժան պարոնները:

    Յոթ-ութ հարգարժան պարոնները, որոնք հավանաբար արդեն մոռացել էին, թե ինչի համար են եկել, այլևս հետաքրքրություն չցուցաբերեցին զարդերի նկատմամբ և, չնայած նրանց ոչ ոք ոչինչ չէր ասել, համախումբ դուրս եկան խանութից: Պրեկսասպը ևս ուզում էր անձայն ծլկել, բայց Տիգրանը կանգնեցրեց նրան:

    - Զինվորնե°ր, պարկերի մեջ լցրեք ոսկե զարդերը և Պրեկսասպի խանութ տարեք: Պրեկսա°սպ, եթե կես ժամվա ընթացքում չգամ, կարող ես դրանց հետ վարվել ինչպես ցանկանաս:

    Մինչ խեցեղենի վաճառականի աչքերն ընչաքաղցորեն վառվում էին, իսկ ոսկու վաճառականը բերանը ջուր առած նայում էր, թե ինչպես են իր անձը պաշտպանելու համար վարձված զինվորները կատարում բացարձակ օտար և անծանոթ մարդու հրամանները, Տիգրանն անցավ գործակատարին.

    - Ամեն օր ես աշխատո±ւմ, թե± հանգստի օրեր էլ ունես:

    - Ամեն օր, տե°ր իմ: Ամսական վճարում են քսան դրահմ` գումարած իմ վաճառած ապրանքի կես տոկոսը...

    - Տիխե աստվածուհին այսօր բարեհաճ է քո հանդեպ, բարեկա°մս,- ասաց Տիգրանն այնպես, ինչպես կասի բարեկամը բարեկամին` տեսնելով, որ նրա գործերն անսպասելիորեն դեպի լավն են գնում,- այսօր կստանաս մի քանի պարկ զարդեղենի կես տոկոսը ու նաև հանգստի օր կունենաս: Հուսով եմ` ընկերներիդ էլ բաժին կհանես:

    Ինչպես արդեն ասացինք` Տիգրանը գործակատարի հետ վերին աստիճանի մտերմաբար էր խոսում, բայց հենց խոսքն ավարտեց խեղճ մարդն այնպիսի զգացողություն ունեցավ, ինչպիսին ունենում է ստորադասն իր պարոնի մոտ տեսակցության ավարտից հետո: Չիմանալով այլևս` ինչ պատասխանել և ինչպես վարվել, գործակատարը խեղճացած նայեց տիրոջն ու աջակցություն չգտնելով` միացավ պարկերը ոսկի լցնող զինվորներին: Մյուս գործակատարները ևս հետևեցին իրենց ընկերոջը, իսկ ահա Պրեկսասպը եռանդուն ղեկավարում էր ոսկու բեռնման աշխատանքը, դիտողություններ անում ու նախատում դանդալոշ ու բիրտ զինվորներին, որոնք կյանքում առաջին անգամն էին այդպիսի զարդեր տեսնում իրենց ձեռքին:

    - Ոսկեղենը կպահես քեզ մոտ ու կվերադառնաս,- խեցեղենի առևտրականին պատվիրեց Տիգրանը:

    Պրեկսասպը վստահեցնող հայացքով գլխով արեց և այնպես դուրս քշեց ոսկով բեռնված գործակատարներին ու զինվորներին, ինչպես հովիվն է ոչխարներին համախմբում ճիպոտի օգնությամբ:

    Ոսկու ամայացած խանութում չորս մարդ էր մնացել: Ոսկեղենի առևտրականը զարմանալիորեն հանդարտ էր և միայն թեթև գունատությունն էր մատնում նրա փոքր-ինչ անհանգիստ վիճակը: Զարեհի սիրտը նույնիսկ կասկած ընկավ. գուցե ոչ մի ընդհատակյա դրամահատարան էլ չկա±: Իսկ ահա Տիգրանի դեմքը բացարձակապես ոչինչ չէր արտահայտում:

    - Այստեղ այլևս ոչինչ չկա գնելու,- վերջապես ասաց Բաբելոնի սատրապը,- Եթե խանութի տերը դեմ չէ, անցնենք արհեստանոց:

    Խանութի տերը դեմ չէր, բայց չգիտես ինչու այլայլվեց ու բռնվեց թեթև դողով:

    - Արհեստանոցը միջանցքից այն կողմ է ու բացվում է մյուս փողոցի վրա, այնպես չէ±,- նորից ասաց Տիգրանը, և բոլորը տեսան, թե ինչպես խանութպանի սովորական գունատությունը փոխվեց երկու օրվա վաղեմության մեռելային գունատության: Մեխվել էր տեղում և իր մեջ շարժվելու ուժ չէր գտնում:

    - Արհեստանոցում պատրաստի զարդեղեն չկա... ,- հազիվ բարբառեց նա և զգաց, որ իր ձայնը օտարոտի հնչեց նույնիսկ սեփական ականջին: Հետո փակեց աչքերն ու հայացքը մի վայրկյան դեպի երկինք հառելով` քայլեց արհեստանոցի ուղղությամբ:

    - Ասես մահապատժի է գնում,- Տիգրանի ականջին շշնջաց Զարեհը:

Էջ 5 13-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Գրառումներ: 16
    Վերջինը: 05.04.2017, 14:53
  3. Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.09.2015, 20:48
  4. Տիգրան Մանսուրյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.07.2014, 12:31
  5. Տիգրան Մեծ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 25.08.2010, 12:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •