7.Տիխե աստվածուհու անակընկալը
Խանութը, ուր հյուրերին ուղեկցեց խեցեղենի վաճառական Պրեկսասպը, մի ընդարձակ հաստատություն էր, որտեղ երիտասարդ ու եռանդուն գործակատարները զանազան շղթաներ, ապարանջաններ, վզնոցներ ու մատանիներ էին ցուցադրում, գովաբանում ու վաճառում: Հազիվ զգացվող կծծահոտը վկայում էր, որ արհեստանոցը հեռու չէ, և ամենևին կարիք չկա աշխարհի ծայրը հասնել, որպեսզի խանութը անհրաժեշտ քանակի զարդեղենով ապահովվի: Խելամիտ լինելու դեպքում կարելի էր մեկ րոպեից էլ պակաս ժամանակում գլխի ընկնել, որ այստեղ միմիայն տեղական ոսկեղեն է վաճառվում, բայց երբ ականջ էիր դնում գործակատարների ու գնորդների խոսակցություններին, ի հակադրություն խելամիտների` տեղեկանում էիր, որ ապրանքի մի ստվար մասը հունական, հայկական, չինական ու հնդկական ծագում ունի:
Վաճառանոցի տերը հիսունն անց ծանրաքաշ մի մարդ էր, որը սրահի հեռավոր անկյունում նստած` ուշի ուշով ինչ-որ զարդ էր ուսումնասիրում և բոլորովին էլ խորամանկ կամ նենգ տեսք չուներ, ինչը պարտադիր էր յուրաքանչյուր քիչ թե շատ հաջողված դրամանենգի համար: Ընդհանրապես դժվար էր որոշել, թե նա ինչպիսի մարդ է: Մարդկանց մի տեսակ կա, որոնք ո°չ չար են, ո°չ բարի, ո°չ խելացի, ո°չ հիմար, ո°չ գեղեցիկ, ո°չ տգեղ: Ահա ճիշտ այդպիսի տեսք ուներ խանութպանը: Մի բան էր միայն ակնհայտ` ոսկյա իրերի առևտրականը խեցեղենի առևտրական Պրեկսասպին այնքան էլ չի սիրում: Իսկ եթե մեկնումեկը ուզում է հակառակը պնդել, թող բարի լինի բացատրել, թե ինչու հայացքն իսկույն իր զարդին վերադարձրեց, երբ դռների մեջ տեսավ Պրեկսասպի արևահարված ու պնդերես դեմքը: Իսկ ահա Պրեկսասպն այնքան էլ վհատված չէր երևում հարևանի պահվածքից: Խեցեղենի առևտրականն առանց պատասխան ակնկալելու ողջույն հղեց վաճառանոցի տիրոջը, մի քանի ցածրաճաշակ կատակներ փոխանակեց խանութը պահպանող զինվորների հետ, ապա հայտարարեց, որ ժամանակը սուղ է, և ինքը պահանջում է անմիջապես սպասարկել իր բարեկամներին: Ոսկերչական խանութի գործակատարները երիտասարդ էին, եռանդուն, աչալուրջ և աշխույժ, ուստի դժվար էր ասել` արդյո±ք որևէ ազդեցություն ունեցավ խեցեղենի առևտրականի միջնորդությունը, որ նրանցից մեկը հապճեպ մոտեցավ հյուրերին:
Համենայդեպս, Պրեկսասպը դա բացառապես իրեն վերագրեց և սկսեց այնպիսի մեծալուրջ ու գործունյա տեսքով հետ ու առաջ անել սրահում, ասես խանութի տեր ինքը լիներ: Իսկ ահա խանութի իսկական տերը բացարձակ անտարբերություն ցուցաբերելով` շարունակում էր զննել ձեռքի զարդը և այսպես ասած` փակել էր աչքերը բոլորի առաջ: Սակայն ականջները փակելու միտք ամենևին չուներ, ուստի և լսեց հետևյալ խոսակցությունը:
- Ի±նչ կկամենայիք, արժանապատիվ տիա°րք: Մեզ մոտ են արևելքի բոլոր հրաշքները: Մարգարտե ապարանջան, ոսկե վզնոցներ ու կրծքազարդեր, արծաթե եզակի մատանիներ...
- Իսկ ահա այն ոսկե գավաթնե±րը,- լսվեց պատասխան հարցը, որից հետո մի քանի վայրկյան լռություն տիրեց: Գործակատարը հավանաբար չգիտեր, ինչ պատասխանի:
- Դրանք... - կմկմաց նա, բայց չկարողացավ ավարտել միտքը: Այցելուն ընդհատեց.
- Հավանաբար ուզում էիր ասել, որ դրանք շատ թանկ են:
Խանութի տերն անգամ բարձրացրեց գլուխը: Պրեկսասպից բացի, նա տեսավ վաթսունամյա լրջախոհ մի ծերունու և տասնութամյա մի պատանու: Նրանց հետ էր նաև քառասունն անց բարձրահասակ ու լայնաթիկունք մի մարդ: Հենց նա էր զրույցի բռնվել գործակատարի հետ և չնայած արտաքուստ շատ սիրալիր էր, ոսկեղենի վաճառականը տեսավ, թե ինչպես է գործակատարը շփոթմունքի մեջ ընկել:
Ոսկե գավաթները տասն էին, դրված հատուկ պատվանդանների վրա, կողային պատի բարձր ու դժվարամատչելի մասում: Ամեն մեկը մի ամբողջ կարողություն արժեր, իսկ հարցնել, թե որն է բարեհաճում գնել զարմանալի պարոնը, գործակատարը չհամարձակվեց: Պահապան զինվորները դադարեցին հորանջել, խանութում եղած յոթ-ութ հաճախորդները մի կողմ դրեցին զարդերը, որ ուզում էին գնել, գործակատարները ձևացրին, թե իրենց գործով են զբաղված, սակայն ականջները սրեցին և աչքի տակով գաղտագողի հետևում էին իրադարձությունների հետագա զարգացմանը: Ոսկեղենի առևտրականն այլևս անտարբեր մնալ չէր կարող. պետք էր անձամբ սպասարկել մեկին, ով ցանկանում է այդպիսի գավաթ գնել: Դրանցից, չափազանց թանկության պատճառով, տարվա մեջ հինգ-վեց հատից ավելին չէր վաճառվում: Խանութատերը կատվի պես անձայն մոտեցավ անծանոթին և տարերայնորեն ձուլվեց խոսակցությանը:
- Իջեցրու բոլոր գավաթները, Պատիզի°ֆ,- սիրալիր ասաց նա,- արժանապատիվ պարոնը նրբաճաշակ և իմաստուն է Նաբու աստծո նման: Ահա, զմրուխտով ու մարգարիտներով շռայլորեն զարդարված այս մեկը բերված է Հնդկաստանից: Հապա սրա¯ն ինչ կասեք, Ֆիդիասի գործն է, չորս հարյուր տարվա հնություն ունեցող աշխատանք...
Մինչ այդ բանակցությունները Տիգրանն էր վարում, իսկ գավաթների մեջտեղ գալուց հետո նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց Զարեհը:
- Դուք պնդում եք, որ սա Ֆիդիասի աշխատանքն է±,- զարմանքը հազիվ զսպելով` հարցրեց նա:
- Սա այն հանրահայտ գավաթն է, որն աթենացիներն էին ուղարկել Քսերքս թագավորին ընծա, երբ ցանկանում էր արշավել հունական քաղաքների վրա: Դրանից հետո շատ ձեռքերով է անցել մինչև իմ մոտ հայտնվելը ու շատ թանկ է ինձ համար: Հենց դա է պատճառը, որ երկու տաղանդից պակաս գումարով չեմ կարող բաժանվել սրանից... Չնայած բոլոր էլ արվեստի հրաշքներ են, ոսկերչական գլուխգործոցներ: Այսպիսի գավաթներ անհնար է գնել ինչպես Բաբելոնում, այնպես էլ ողջ արևելքում... Ամեն մեկն իր յուրօրինակ դեմքն ունի, չնայած բոլորն էլ նմանապես լավն են:
Ոսկերիչն, իր տարերքի մեջ, անցավ մյուս գավաթներին, իսկ Զարեհը մռայլ շշնջաց Տիգրանի ականջին:
- Գավաթը մեր Նիկոնիդեսն է պատրաստել, տասը մինայից ավելին չարժե...
Տիգրանը պարզամտորեն գլխով արեց և բոլորի համար անսպասելի ասաց:
- Ժամանակ չկորցնենք ընտրության վրա: Հիմա կվերցնենք բոլոր գավաթներն ու տանը հանգիստ կորոշենք նրանց նմանապես լավ լինելն ու յուրօրինակ դեմք ունենալը:
- Եթե ցանկանում եք գնել...,- արդեն ուզում էր սկսել խանութպանը, բայց գնորդն ընդհատեց:
- Այո, ցանկանում եմ: Ցանկանում եմ գնել բոլոր տասը գավաթները, ինչպես և ահա այն զարմանահրաշ մատանիներն ու կրծքազարդերը, շղթաներն ու աստվածների պատկերներով մեդալյոնները: Մի խոսքով, այն ամենը, ինչ ցուցադրվում ու վաճառվում է խանութում: Իհարկե, բացառությամբ զարդերի, որ կբարեհաճեն գնել այս հարգարժան պարոնները:
Յոթ-ութ հարգարժան պարոնները, որոնք հավանաբար արդեն մոռացել էին, թե ինչի համար են եկել, այլևս հետաքրքրություն չցուցաբերեցին զարդերի նկատմամբ և, չնայած նրանց ոչ ոք ոչինչ չէր ասել, համախումբ դուրս եկան խանութից: Պրեկսասպը ևս ուզում էր անձայն ծլկել, բայց Տիգրանը կանգնեցրեց նրան:
- Զինվորնե°ր, պարկերի մեջ լցրեք ոսկե զարդերը և Պրեկսասպի խանութ տարեք: Պրեկսա°սպ, եթե կես ժամվա ընթացքում չգամ, կարող ես դրանց հետ վարվել ինչպես ցանկանաս:
Մինչ խեցեղենի վաճառականի աչքերն ընչաքաղցորեն վառվում էին, իսկ ոսկու վաճառականը բերանը ջուր առած նայում էր, թե ինչպես են իր անձը պաշտպանելու համար վարձված զինվորները կատարում բացարձակ օտար և անծանոթ մարդու հրամանները, Տիգրանն անցավ գործակատարին.
- Ամեն օր ես աշխատո±ւմ, թե± հանգստի օրեր էլ ունես:
- Ամեն օր, տե°ր իմ: Ամսական վճարում են քսան դրահմ` գումարած իմ վաճառած ապրանքի կես տոկոսը...
- Տիխե աստվածուհին այսօր բարեհաճ է քո հանդեպ, բարեկա°մս,- ասաց Տիգրանն այնպես, ինչպես կասի բարեկամը բարեկամին` տեսնելով, որ նրա գործերն անսպասելիորեն դեպի լավն են գնում,- այսօր կստանաս մի քանի պարկ զարդեղենի կես տոկոսը ու նաև հանգստի օր կունենաս: Հուսով եմ` ընկերներիդ էլ բաժին կհանես:
Ինչպես արդեն ասացինք` Տիգրանը գործակատարի հետ վերին աստիճանի մտերմաբար էր խոսում, բայց հենց խոսքն ավարտեց խեղճ մարդն այնպիսի զգացողություն ունեցավ, ինչպիսին ունենում է ստորադասն իր պարոնի մոտ տեսակցության ավարտից հետո: Չիմանալով այլևս` ինչ պատասխանել և ինչպես վարվել, գործակատարը խեղճացած նայեց տիրոջն ու աջակցություն չգտնելով` միացավ պարկերը ոսկի լցնող զինվորներին: Մյուս գործակատարները ևս հետևեցին իրենց ընկերոջը, իսկ ահա Պրեկսասպը եռանդուն ղեկավարում էր ոսկու բեռնման աշխատանքը, դիտողություններ անում ու նախատում դանդալոշ ու բիրտ զինվորներին, որոնք կյանքում առաջին անգամն էին այդպիսի զարդեր տեսնում իրենց ձեռքին:
- Ոսկեղենը կպահես քեզ մոտ ու կվերադառնաս,- խեցեղենի առևտրականին պատվիրեց Տիգրանը:
Պրեկսասպը վստահեցնող հայացքով գլխով արեց և այնպես դուրս քշեց ոսկով բեռնված գործակատարներին ու զինվորներին, ինչպես հովիվն է ոչխարներին համախմբում ճիպոտի օգնությամբ:
Ոսկու ամայացած խանութում չորս մարդ էր մնացել: Ոսկեղենի առևտրականը զարմանալիորեն հանդարտ էր և միայն թեթև գունատությունն էր մատնում նրա փոքր-ինչ անհանգիստ վիճակը: Զարեհի սիրտը նույնիսկ կասկած ընկավ. գուցե ոչ մի ընդհատակյա դրամահատարան էլ չկա±: Իսկ ահա Տիգրանի դեմքը բացարձակապես ոչինչ չէր արտահայտում:
- Այստեղ այլևս ոչինչ չկա գնելու,- վերջապես ասաց Բաբելոնի սատրապը,- Եթե խանութի տերը դեմ չէ, անցնենք արհեստանոց:
Խանութի տերը դեմ չէր, բայց չգիտես ինչու այլայլվեց ու բռնվեց թեթև դողով:
- Արհեստանոցը միջանցքից այն կողմ է ու բացվում է մյուս փողոցի վրա, այնպես չէ±,- նորից ասաց Տիգրանը, և բոլորը տեսան, թե ինչպես խանութպանի սովորական գունատությունը փոխվեց երկու օրվա վաղեմության մեռելային գունատության: Մեխվել էր տեղում և իր մեջ շարժվելու ուժ չէր գտնում:
- Արհեստանոցում պատրաստի զարդեղեն չկա... ,- հազիվ բարբառեց նա և զգաց, որ իր ձայնը օտարոտի հնչեց նույնիսկ սեփական ականջին: Հետո փակեց աչքերն ու հայացքը մի վայրկյան դեպի երկինք հառելով` քայլեց արհեստանոցի ուղղությամբ:
- Ասես մահապատժի է գնում,- Տիգրանի ականջին շշնջաց Զարեհը:
Էջանիշներ