PanARMENIAN.Net - «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի թիմի ստեղծած հայերեն 21 տառատեսակներից «Դրոիդ» տառատեսակը հնարավոր է տեղադրել Android խելախոսների (smartphone) մեջ միայն root (կոտրել) անելուց հետո։
Ինչպես նշեց PanARMENIAN.Net ի թղթակցին ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանը,նրանք դեկտեմբեր ամսին փորձել են դիմել Google ընկերությանը, որպեսզի հայկական տառատեսակները հեռախոսներում ի սկզբանե ինտեգրված լինեն։«Մենք փորձել ենք անգամ կապվել Google-ում աշխատող մեր ծանոթների միջոցով։ Մարտ ամսին պատասխան ստացանք, որտեղ Google-ն ասում էր դիմեք Android-ի համար տառատեսակներ ստեղծող կազմակերպությանը՝ Ascendia-ին։ Վերջինս էլ մեզ պատասխանեց, որ ըստ Google-ի հետ պայմանավորվածության՝ չեն կարող երրորդ կողմից ինչ-որ նորամուծություններ ընդունել»,- ասաց Ալեքսեյ Չալաբյանը և հավելեց, որ իհարկե բիզնես տեսանկյունից դա ձեռնտու չէ նրանց։
«Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Օրանժը 2 ամիս առաջ կապվել է HTC ընկերության հետ. «Երբ լսեցինք այս հայկական տառատեսակների մասին, դա մեզ շատ հետաքրքեց։ Սակայն, քանի որ պահանջվում է rooting, իհարկե մեզ համար անընդունելի է բաժանորդներին հեռախոսներ առաջարկել առանց երաշխիքի։ Մենք կապվեցինք HTC ընկերության հետ, առաջարկեցինք հայերեն տառատեսակներն ընդգրկել Android համակարգում։ Արդյունքում արդեն հայաֆիկացրել է HTC հեռախոսների հաջորդ մոդելը, որը մենք կներկրենք Հայաստան։ Այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում այդ մոդելն անպայման կներկայացվի։ Թե որ մոդելն է լինելու, չգիտենք»։
Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, HTC-ի կողմից այս լուծումը վերաբերում է միայն HTC-ի Android հեռախոսներին և ոչ ընդհանրապես Android-ին։
Android օպերացիոն համակարգը ստեղծվել է Google ընկերության կողմից 2008թ-ին։ HTC հեռախոսների մեծ մասն աշխատում են Android համակարգով։
Էջանիշներ