Քթով հարվածեց դռանը և ցավից ետ ցատկեց: Ոտքերը հազիվ էին պահում. արդեն քանի ամիս էր, ինչ թափառում էր հեռուներում, հարազատ տանից հեռու, վտանգներով լի ճանապարհներին, անիծելով այն օրը, երբ լքեց հարազատ օջախը: Եվ ահա, երջանիկ պատհմամբ վերագտել էր հարազատ տունը: Երջանկությունից խելքը կորցրեց առաջին պահին և աճապարեց ներս մտնելու, և.... Քիթը ցավում էր: Թևով սրբեց այն. արյուն չկար: Բայց արդյո՞ք սա իր տունն է: Եթե նա է, ինչո՞ւ այդքան անհյուրընկալ ընդունեց իրեն: Կասկածը շանտի նման անցավ նրա մտքով: Արդյո՞ք: Նայեց շուրջը: Մերկ ծառերը կնճռոտ, երկար ձեռքերը պարզել էին իրան և, կարծես, ուզում էին բարակ, չոր ու ոսկրոտ մատներով բռնել նրան, խեղդել: «Ինչպիսի՞ հիմարություն»,- թափ տվեց գլուխը և խրոխտ բարձրացնելով գլուխը առաջ շարժվեց: Հասավ դռանը, կանգ առավ: «Տեսնես՝ կինն ու երեխաներն այնտե՞ղ են, ներսում»: Երբ նա հեռացավ, երեխաները դեռ փոքր էին, «անփետուր, ձվից նոր դուրս եկած ճուտիկներ»՝ ժպտաց նա: Այս անգամ ավելի զգուշորեն հրեց դուռը: «Ճը՜ռռռ»,- լսվեց դռան ճիչը, ապա ամեն ինչ հանդարտվեց և նա ոտքը, ապա և ամբողջ մարմինը ներս դրեց: Տան փոշե շունչը միանգամից պարուրեց նրան:
---------- Ավելացվել է՝ 01:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:14 ----------
Սկզբում ոչինչ չէր տեսնում, միայն զգում էր նամշած պատերի, կիսափտած փեղկերի հոտը: Կամաց-կամաց սկսեց նշմարել շրջապատի առարկաները: Անպետք, հնամաշ կահույքի կույտերը դարսած էին շուրջբոլորը, բոլորն էլ պատված փոշու և կեղտի հաստ շերտով: «Շրը՛խկ»՝ քամին փակեց դուռը: «Այդպես էլ պետք է լիներ»,- անցավ նրա մտքով, բայց հետո բնազդաբար շուռ եկավ դեպի դուռը և մի քանի քայլ ետ գնաց: Գայթեց. ոտքը դիպավ հատակին գցած փաթաթված սփռոցի գլանակին: Հավասարակշռությունը չկորցնելու համար բռնեց զարդանախշ աթոռի եզրից: Ինչ-որ բան սկսեց ծորալ ձեռքի վրայով, ոտքերն էլ ավելի ու ավելի էին մխրճվում ինչ-որ մածուցիկ նյութի մեջ: Սարսափած առաջ թռավ և ընկավ գետնին: Գըմփ: Քամին կրկին անգամ շրխկացրեց դուռը՝ փոշու և հողի մի մեծ կույտ ներս լցնելով:
Վեր կացավ: Երակներում վերականգնվող արյան հոսքը ջերմացրեց ոտքերը: Ամեն քայլափոխի հետ կահույքի պարագաներից մեկից մյուսը ձգվող սարդոստայնների լպրծուն թելերը պատռվում էին, փաթաթվում գլխին, մարմնին: Ինչ-որ աննկարագրելի ուժ ձգում էր նրան դեպի տան խորքը:
Սարսափը սկսվեց այնտեղ, երբ հասկացավ որ մինչև լույս գերի է այս դատարկ տանը` չորս պատերի մեջ:
Էջանիշներ