Հեղինակ՝ Ռոբերտ Քոք:
Խաղային կերպար՝ Microbiological Ergonomic Multichildren Originator, կրճատ՝ Մեմո:
Բոբը սեղմեց Enter կոճակը և Microsoft Visual Studio-ի պանծալի կոմպիլյատորը սկսեց ծրագրային կոդի թարգմանությունը երկուական, մեքենայական ֆորմատի: Երբ կոմպիլյատորն ավարտի աշխտանքը, կփոխանցի միջանկյալ կոդը լինկերին, որը կբեռնի բացակայող գրադարանները և կստեղքի exe ֆայլը. այդպես կծնվի Մեմոն: Բոբը շփեց ձեռքերը և սկսեց մի երգ մռմռալ: Համակարգչի պրոցեսորը, օպերատիվ հիշողությունն ու C++ լեզվի կոմպիլյատորը միասին աշխատում էին, ստեղծելով MEMO դասի օբյեկտ: Մեմոն ծնվում էր այնտեղ, ուր ձեռքեր էին ու ձայներ: Երկու տարի է նրան պատրաստում էին, շտկում նախագծման թերությունները: Linking... հայտնվեց էկրանին և Բոբը հայացքը սևեռեց էկրանին: Եվս մի քանի վայրկյան և Մեմոն ծնվե՛ց:
Բոբը կրկնակի շրխկացրեց էկրանին հայտնված պիտակի վրա: Մեմոն բացեց աչքերը, սկսեց շարժվել:
- Հե՛յ, Մե՛մո, ողջույն,- գոռաց Բոբը: - Մենք միասին ենք աշխատելու: Հագնելու ենք էլեկտրոնային «զգեստներ» և միանալու ենք համակարգին: Դու պետք է պարզապես գրանցես մարդկային սխալները: Այ, նայի՛ր,- աթոռից վեր կացավ Բոբը և մոտեցավ գրքերի պահարանին, որի վրա գրքերի մի կույտ էր շարված: Պատկերացրու, որ մի հիմար գրքերն այնպես է շարել, որ դրանք կարող են ընկնել մեկի գլխին, եթե նա սենյակ մտնի (պահարանը դռան մոտ էր),- և Բոբը մի քիչ առաջ քաշեց վերևի գիրքը և կանգնեց պահարանի տակ: - Ու եթե գիրքը ընկնի մեկի գլխին կարող է նրան լուրջ վնասներ պատճառել և ցավացնել նրա... Բոբը չնկատեց՝ ինչպես դիպավ պահարանին և գիրքն ընկավ ուղիղ նրա քթին՝ պոկել-տանելով ակնոցը:
- Ցավացնել նրա քիթը, գրողը տանի,- գոռաց Բոբը և տրորեց քիթը:
- Քիթը լավ է,- մոնիտորի մյուս կողմից լսվեց Մեմոյի ձայնը: - Դուռն էլ է լավ: Գիրքը վատ է:
- Ոչ, ոչ,- շտապեց ուղղել Բոբը: - Գիրքը վատ չէ: Դու լավն ու վատը վերլուծելու համար չես ստեղծված: Դու պետք է պարզապես գրանցես սխալը՝ գիրքը վտանգավոր տեղում դնելը:
«Իզուր եմ սրա հետ առնչվելու ժամանակը գրանցել 26 ժամ,- մտածեց Բոբը: Այն խելառ Ալեքսը հաստատ ավելորդ լավ-վատ վերլուծելու բլոկներ է ավելացրել ծրագրին»:
Ծնողներ չունեմ,- մտածեց Մեմոն: Իսկ երեխաներ կունենա՞մ, տեսնես: Շուրջն ամեն ինչ փոխվեց և նա հայտնվեց ձնապատ անտառում: Շուրջը եղևնիներ էին՝ ոտքից գլուխ ծածկված ձնով:
Ձյունը լավ է: Ոչ, ձյունը ճիշտ է՝ ինքն իրեն ուղղեց: Եղևնիների կատարներին փոքր ձվաձև օբյեկտեր էին շարված՝ Memo դասից ժառանգված օբյեկտներ: Հանկարծ Մեմոն նկատեց, որ դրանք սկսում են սահել ծառի կատարից: Զարմանքով նկատեց, որ իր ձեռքերում մի զամբյուղ է հայտնվել: Ոտքերը թաղված էին ձյան մեջ: Քիթը ցավում էր: Քիթը ճիշտ է: Ցավը սխալ է: Մոտակա եղևնուց պոկվեց ձվաձև օբյեկտը և սուրաց ներքև: Հասնելով գետնին՝ շրխկաց սառցապատ գետնին, ճաքեց: Մի փոքրիկ մեմո դուրս ընկավ միջից և անկենդան անշարժացավ գետնին: Ապա սկսեց ընկղմվել ձյան մեջ, մինչև ձյունը ծածկեց, կուլ տվեց անկենդան օբյեկտը: Մեմոն սարսափահար նայում էր ջրափոսին, որ մնացել էր օբյեկտի փոխարեն:
Object not found. Բոբի աչքերն արյունով լցվեցին, երբ տեսավ այդ տողն էկրանին:
- Զամբյուղը դիր տա՛կը,- գոռաց նա: - Բռնի՛ր նրանց, մի՛ թող որ ընկնեն գետնին:
Մոտակա ծառից սկսեց սահել երկրորդ օբյեկտը: Մինչ նա գետնին կընկներ, Մեմոն պահեց զամբյուղը նրա տակ և չթողեց ընկնի գետնին: Եվ այդպես շարունակ: Զամբյուղը լցվում էր Memo դասից ժառանգված օբյեկտներով, բայց չէր վերջանում: 24 ԳԲ տեղ կա մեջը, ինչպե՞ս կարող է այդքան շուտ լցվել:
Գնալով, օբյեկտները սկսում էին ավելի ու ավելի շատանալ ծառերի գաագթներին և ավելի ու ավելի արագ ընկնել: Մինչ Մեմոն փորձում էր դրանցից մի քանիսին փրկել, մյուսներն ընկնում էին սառցի վրա և անհետանում ձյան տակ:- Ինձ տո՛ւր զամբյուղը,- բարկացած Մեմոյին դիմեց Բոբը:
Մեմոն լուռ նրան մեկնեց զամբյուղը:
- Այսպե՛ս, ավելի արագ, հասկանո՞ւմ ես,- գոռաց Բոբը և հասցրեց ևս երեք սահող օբյեկտ բռնել:
Մեմոն զարմացած նայում էր Բոբին, որի կերպարանքն այլևս նույնը չէր. ձեռքերն ու ոտքերը պատված էին մազերի հաստ շերտով: Երբ Բոբը շուռ եկավ դեպի մոտակա եղևնին՝ ընկնող օբյեկտը բռնելու, Մեմոն զարմանքով նկատեց, որ Բոբը պոչ ունի:
- Տեսա՞ր,- ժպտալով ասաց Բոբը՝ շուռ գալով դեպի Մեմոն:
Բոբի ատամները տհաճորեն փայլեցին նոր դուրս եկած լուսնի լույսի տակ: Կտրիչներն անհամաչափորեն մեծ էին: Քիչ առաջ կարմիր աչքերն այժմ դեղնավուն էին...
Արևը մայր մտավ. այլևս օբյեկները վերջացան: Մեմոն և Բոբը տասնհինգ րոպե է, ինչ փորում էին ապակու պես կտրող ձյունը: Եթե ունես հավատ ձյունակույտից անդիի նկատմամբ, դա էլ հենց կծառայի մղիչ ուժ: Ես հավատ չունեմ, ասում է Բոբը: Հավատը ծնվում է հետո, Բոբ, արա՛ առանց հավատալու: Այստեղ մի փոքր “խարդախություն” կա. նա հավատում է ինձ, որովհետև ես օբյեկտ եմ:
Մենք նստած ենք քարանձավում, կրակ վառեցինք, դատարկեցինք զամբյուղի ողջ սառած պարունակությունը ու թեյ խմեցինք պաքսիմատով: Բոբն ուտում էր ախորժակով, ես նայում էի նրա դեմքի վրայով սահող թեյի գոլորշուն, ու նա բացել էր իր սիրտը: Մեմոն սարսափահար դիտում էր, թե ինչպես են Բոբի ատամների տակ մանրվում, փշրվում Memo դասի փոքր Մեմո օբյեկտները:
Բոբն ու քարանձավն անհետացան, այլայլված ձեռքը հանեց մազերից, որտեղ ծվարել էր սարսափը:
Էջանիշներ