Ի՞նչ ենք հասկանում այս արտահայտության տակ։ Արդյո՞ք կինն ու տղամարդը նույն իմաստն են դնում այս բառերի մեջ։ Շատ տարածված է այն երևույթը, որ շատ ամուսնացած տղամարդիկ ուրիշ կնոջ հետ ունեցած ֆիզիկական կամ սեռական հարաբերությունները չեն համարում դավաճանություն, կարծում են, որ դա շատ էլ բնական է, որ տղամարդը դրա իրավունքն ունի, և կինը պետք է դրան «ըմբռնումով» մոտենա ու այսպես ասած՝ «թեթև տանի»։ Շատ տղամարդկանցից եմ լսել այն կարծիքը, որ ֆիզիկական կապը որևէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես քո սեփական կնոջը, այսինքն՝ կարևորը հոգեպես չդավաճանելն է, և եթե, սիրելով սեփական կնոջդ, «պառկում ես» ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ։

Այս տեսակետը, կարծում եմ, առավել տարածված է մեր հայ տղամարդկանց շրջանում, որից էլ գալիս է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է՝ բնական համարել, հաշտվել ու «թեթև տանել» սեփական ամուսնու «մանր զանցանքները», որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետև ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում։ Դե, տվյալ պահին չենք խոսում այն դեպքերի մասին, երբ ոչ միայն մարմինն է ուրիշ կնոջ պատկանում, այլև սիրտը, կամ էլ երբ սիրտը ո՛չ սեփական կնոջն է պատկանում, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկին...

Ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս են այս երևույթին նայում իգական սեռի ներկայացուցիչները՝ ներկա կամ ապագա կանայք։ Արդյո՞ք ընդունելի կամ գոնե տանելի են համարում սեփական ամուսինների ֆիզիկական դավաճանությունը (եկեք, այնուամենայնիվ, այդ երևույթը դավաճանություն անվանենք, գոնե պայմանականորեն), թե՞ բավարարվում են նրանով, որ ամուսինը սիրում է իրենց, իսկ մնացածը անցողիկ ու անկարևոր բաներ են։

Բայցևայնպես, ինձ ավելի շատ հետաքրքրում է հենց իրենց՝ տղամարդկանց վերաբերմունքը այս հարցին. կխնդրեի, որ ֆորումի բոլոր արական սեռի ներկայացուցիչները գոնե մի քանի բառով իրենց վերաբերմունքն արտահայտեին՝ այս թեմայում գրառում(ներ) անելով։
Եվ այսպես. որևէ այլ կնոջ հետ ունեցած ֆիզիկական հարաբերություն(ներ)ը ամուսնական դավաճանություն համարու՞մ եք թե՞ ոչ։