Ամեն անգամ գերեզմաններ այցելելիս մտածում եմ. մի՞թե մահացած հարազատին, ծնողին, նախնիներին նման մռայլ ու անկենդան միջավայրում է պետք հիշել։ Ու պատկերացնում եմ, որ համընդհանուր սովորույթ ձևավորվի գերեզմանի մի քանի քառակուսի մետր տարածքը քարաբետոնապատելու փոխարեն հողաթմբի վրա ծառ տնկել։ Էդ դեպքում գերեզմաններ այցելելիս կնստես ծառի հովին, ավելի կենդանի, տրամադրող միջավայր կլինի հարազատին մասին կենդանի հիշողություններ արթնացնելու համար, ի տարբերություն մեռյալ բետոնապատ անապատի, որ միայն մահվան չարագույժ ներշնչանք է տալիս։
Ժողովրդական խրատ կա. «ամեն մարդ իր կյանքում ծառ պիտի տնկի, երեխա ունենա ու տուն կառուցի»։ Էդ առումով էլ հանգուցյալին հողին հանձնելիս ծառ տնկելը խորհրդանշական կլինի. զավակներն իրենց ծնողի, հարազատի ծառ տնկելու ախարհին պարտքը կկատարեն։ Մյուս կողմից, ծառ տնկելով կյանքի շարունակականությունը կխորհրդանշվի։ Մարդն իր մարմնով ապրողների, իր սերունդների համար մի փոքր ավելի լավ էկոլոգիական պայաններ, մաքուր օդ ու կանաչ բնություն կպարգևի։
Ու քաղաքի շուրջ բոլորը կանաչ տարածքներ կձևավորվեն բետոնապատ անապատների փոխարեն, որոնց կուտակման, բուսականության բացակայության պատճառով հաճախ մարմինները չեն հասցնում հող դառնալ ու նեխելով թունավոր գազեր են արտանետում ու հիվանդությունների ու վարակների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծում։ Երբեմն էլ հողի էրոզիայի, սողանքների հետևանքով, որի պատճառը նույնպես բուսականության բացակայությունն է, դագաղները դուրս են գալիս մակերևույթ բազաթիվ տհաճություններ պատճառելով մարդկանց։ Ինքս մի քանի անգամ լսել եմ լուրերով Հայաստանի տարբեր գերեզմաններում նշված պրոբլեմների առկայության մասին։
Կարծում եմ գեղեցիկ ու նաև հիմնավորված, օգտակար սովորույթ կլինի։ Ի՞նչ կարծիքի եք։
Հնարավո՞ր է նման սովորույթ ձևավորել։
Էջանիշներ