Արդյունաբերական առաջին ռեկորդը` շոկոլադե հսկա
«Գրանդ Քենդի» ընկերությունը սահմանել է համաշխարհային ռեկորդ «ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որի իրավական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթն այսօր ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանին հանձնեց ռեկորդի սահմանումը հաստատող հավաստագիրը:
Շոկոլադե սալիկը կշռում է 4410 կգ և 2007 թ-ին Իտալիայում սահմանված նախկին ռեկորդից ավել է 830 կգ-ով: Սալիկի երկարությունը 560 սմ է, լայնությունը` 275 սմ, իսկ հաստությունը` 25 սմ: Շոկոլադե հսկան պատրաստվել է 4 օրում` նույն տեխնոլոգիայուվ, որով պատրաստվում է դառը շոկոլադե սալիկը` Գանայի հանրապետությունից ներմուծված կակաո հատիկավորի հումքից:
«Հայաստանում առաջին անգամ է, որ սահմանվում է Գինեսի ռեկորդ արդյունաբերության ոլորտում: Պատրաստել ենք աշխարհի ամենամեծ շոկոլադը, որովհետև «Գրանդ Քենդի» նշանակում է «մեծ կոնֆետ»: Այս ռեկորդը նվիրված է «Գրանդ Քենդիի» 10-ամյակին, որը նշվելու է հոկտեմբերի 16-ին Հանրապետության հրապարակում»,- ռեկորդի հավաստման հանդիսավոր արաողությունից հետո լրագրողներին հայտնեց Կ. Վարդանյանը` բոլորին հրավիրելով այդ օրը համտեսել ռեկորդային շոկոլադը:
Նրա խոսքով, այս սալիկը Հայաստանի միջին սպառողին կբավարարեր 450 տարի, սակայն պահպանման ժամկետը 6 ամիս է:
«Շատ ցավալի էր, որ 20 տարվա ընթացքում երբեք արտադրական, արդյունաբերական ռեկորդ չէր սահմանվել: Սառույցը մենք կոտրեցինք: Բայց ժողովուրդը կարող է պահանջել տարին մեկ ռեկորդ անենք` ամենամեծ պաղպաղակը, ամենամեծ թխվածքաբլիթը: Դա կմտածենք»,- նշեց Կ. Վարդանյանը:
Է. Սմիթը տեղեկացրեց, որ 3 օր «Գրանդ Քենդի»-ում է անցկացրել և տպավորված է գործարանով: Ըստ նրա, 3 տարի առաջ իտալական դիմումից ի վեր սա առաջին դիմումն էր, որ ստացել է Գինեսի ռեկորդների գրասենյակը:
Aysor.am
Էջանիշներ